Changes

Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը

Ավելացվել է 43 135 բայտ, 21:10, 9 Հունիսի 2013
:Արդեն անկողնում Հարրիի մտքով անցավ, որ Դամբլդորը, ամենայն հավանականությամբ, լուրջ չէր խոսում գուլպաների մասին։ Սակայն հետո՝ Բոքոնին իր բարձի վրայից մի կողմ քշելով, նա մտածեց, որ իր հարցը բավականին անձնական էր և այնքան էլ քաղաքավարի չէր։
 
 
==Գլուխ տասներեքերորդ․ Նիքողայոս Ֆլամեր==
 
:Դամբլդորին հաջողվեց համոզել Հարրիին այլևս չփնտրել «Իրենքնազարե» հայելին, և ձմեռային արձակուրդների հաջորդ օրերին Անտեսանելիության թիկնոցը ծալված դրված էր Հարրիի պահարանում։ Հարրին շատ կուզենար նույնպիսի հեշտությամբ մոռանալ նաև հայեւու մեջ իր տեսածները, սակայն դա բնավ հեշտ չէր։ Նա կրկին ամեն գիշեր մղձավանջներ էր տեսնում։ Նույն սարսափազդու երազն էր։ Կրկին ու կրկին ծնողներն անհետանում էին կանաչ լույսի բռնկումի մեջ, և մի զարհուրելի սատանայական ձայն կաղկանձում էր լկտի հռհռոցով։
 
:― Տեսնու՞մ ես, Դամբլդորը ճիշտ էր, որ այդ հայելին կարող է մարդ խելագարացնել, — ասաց Ռոնը, երբ Հարրին պատմեց նրան իր երազների մասին։
 
:Հերմիոնան, որն արձակուրդներից վերադարձել էր երկրորդ կիսամյակի սկզբից մեկ օր առաջ, այլ կարծիք ուներ իրավիճակի մասին։ Մի կողմից նրան անչափ սարսափեցրեց այն լուրը, որ Հարրին երեք գիշեր շարունակ թափառել էր դպրոցում (իսկ եթե Ֆիլչը նրան բռնե՞ր), բայց մյուս կողմից նա բավականին հիասթափված էր, որ Հարրիին չէր հաջողվել իմանալ, թե Ո՞Վ է Նիքողայոս Ֆլամերը։
 
:Նրանք արդեն հույսները կտրել էին Նիքողայոս Ֆլամերի անունը գրադարանային որևէ գրքում գտնելուց, թեև Հարրին շարունակում էր պնդել, որ ինքն այդ անունը ինչ-որ տեղ կարդացել էր։ Դասերն սկսվելուց հետո, դասամիջոցներին և հատուկենտ ագատ ժամերին, նրանք, այնուամենայնիվ, շարունակում էին վազել գրադարան։ Հարրին նույնիսկ ավելի քիչ ժամանակ ուներ՝ համեմատած մյուս երկուսի հետ, որովհետև դասերի հետ միասին վերսկսվել էին նաև քվիդիչի մարզումները։
 
:Վուդը թիմին չէր խնայում։ Ձյանը փոխարինած անդադար մաղող անձրևը, կարծես ավելի էր բորբոքում նրա եռանդը։ Նույնիսկ Ուիզլիներն էին սկսել բողոքել, որ Վուդը ֆանատիկոս է դարձել, բայց Հարրին Վուդի կողմից էր։ Եթե իրենք կարողանային հաղթել Գրիֆինդորն ընդդեմ Հաֆըլփաֆի կիսաեզրափակիչ խաղում, ապա վերջին վեց տարիների անընդմեջ պարտություններից հետո Գրիֆինդորը, վերջապես, առաջ կանցներ Սլիզերինից՝ Միաբանաթյանների գավաթի մրցույթում։ Հաղթելու անսահման ցանկությունից բացի, Հարրին հայտնաբերեց նաև, որ անխնա մարզումներից հոգնելով, ինքն ավելի քիչ մղձավանջներ է տեսնում։
 
:Սակայն թաց ու ցեխոտ մարզումներից մեկի ժամանակ, Վուդն իսկապես մի տհաճ նորության հայտնեց թիմին։ Ըստ երևույթին, նա չէր ուզում նախապես հայտնել այդ լուրը, որ պատասխանատու խաղից առաջ բոլորի տրամադրությունը չփչացնի, բայց Ուիզլիները նրան անչափ բարկացրին, երբ ոչ մի հրահանգի չենթարկվելով, ցախավելներին նստած, թոկից փախած խելառների պես չարաճճիություն էին անում՝ վեր ու վար հետապնդելով իրար երկնքում, և ձևացնում, որ հրես-հրես վայր կընկնեն ցախավելից։
 
:— Դեհ, վերջապես, բավակա՛ն է խեղկատակություն անեք, — բղավեց Վուդը, — եթե ուզում եք, որ մրցույթում պարտվենք, ուրեմն ճիշտ այդպես պետք է ձեզ պահեք խաղի ժամանակ։ Այս անգամ խաղի դատավորը Սառկեկն է լինելու, իսկ նրան միայն պատրվակ է պետք Գրիֆինդորից միավորներ հանելու և տուգանայիններ նշանակելու համար։
 
:Այս խոսքերի վրա Ջորջ Ուիզլին իսկապես ցախավելից վայր ընկավ։
:— Դատավորը Սառկե՞կն է լինելու, — թոթովեց Ջորջը ցեխոտված բերանը մաքրելով։ — Այղ երբվանի՞ց է նա սկսել խաղ դատել։ Մինչև օրս կյանքում գոնե մեկ անգամ քվիդիչի խաղի դատավոր եղե՞լ է։ Պահո՜... Վերջներս եկավ... Նա երբեք թույլ չի տա, որ մենք իր սիրելի Սլիզերինից առաջ անցնենք ու խաղի ժամանակ ինչ կուզի՝ կանի։
 
:Մյուսները նույնպես վայրէջք կատարեցին Ջորջի կողքին և միացան նրա բողոքին։
:― ժողովու՛րդ, դա իմ մեղքը չէ։ Ես ի՞նչ կարող եմ անել։ Մենք պարզապես պետք է շատ զգույշ լինենք ու ոչ մի խախտում թույլ չտանք, որպեսզի Սառկեկին տեղիք չտանք մեզնից միավորներ հանելու կամ մեր դեմ տուգանային նշանակելու համար։
 
:«Դա, իսկապես, տհաճ նորություն է», — մտածեց Հարրին։ Սակայն նա անհանգստանալու մեկ ուրիշ հիմնավոր պատճառ էլ ուներ. Սառկեկը ոչ միայն դատելու է քվիդիչի խաղը, այլ ամբողջ խաղի ժամանակ իր կողքին է լինելու խաղադաշտում...
 
:Թիմի մյուս անդամները, ինչպես միշտ, մարզումից հետո մնացին մի քիչ շատախոսելու համար, սակայն Հարրին գնաց ուղիղ Գրիֆինդորի ընդհանուր սենյակը, որտեղ և գտավ Ռոնին ու Հերմիոնային՝ շախմատ խաղալիս։
 
:Շախմատը միակ բանն էր, որտեղ Հերմիոնան տանուլ էր տալիս, և Հարրիի ու Ռոնի կարծիքով դա նրա վրա շատ բարերար ու դաստիարակիչ ազդեցության էր ունենում։
 
:― Չխոսես ինձ հետ, ― ասաց Ռոնը, երբ Հարրին նստեց նրա կողքին, ― ինձ պետք է կենտրոն... ― այդ պահին նա աչքի ծայրով նկատեց Հարրիի դեմքի արտահայտությունը։ ― Քեզ ի՞նչ է եղել... էս ի՞նչ տեսք ունես։
 
:Ձայնը իջեցնելով, որ Ռոնից ու Հերմիոնայից բացի ուրիշ ոչ ոք չլսի, Հարրին պատմեց քվիդիչի հաջորդ խաղը դատելու Սառկեկի հանկարծակի, անհաղթահարելի ցանկության մասին։
 
:― Դու այդ օրը չե՛ս խաղա, ― ասաց Հերմիոնան։ ―Կձևացնե՛ս, որ հիվանդ ես, ― վրա տվեց Ռոնը։
:— Կասես, որ ոտբք կոտրել ես, — առաջարկեց Հերմիոնան։
:— Իսկականից կկոտրես ոտքդ, — ավելացրեց Ռոնը։
:— Չեմ կարոդ, — ասաց Հարրին։ — Մենք պահեստային Որսորդ չունենք։ Եթե ես չմասնակցեմ, ուրեմն Գրիֆինդորն ընդհանրապես չպիտի խաղա։
 
:Այդ րոպեին Չաղ Կոմսուհու դիմանկարը բացվեց, և Նեվիլը ներս գլորվեց Գրիֆինդորի ընդհանուր սենյակ։ Թե ինչպես էր նրան հաջողվել ընդհանրապես Գրիֆինդորի աշտարակ հասնել ու ներս ցատկել Չաղ Կոմսուհու դիմանկարից, կարելի էր միայն կռահել, որովհետև նրա երկու ոտքերը քարացած կպած էին իրար՝ բոլորի համար անմիջապես ճանաչելի՝ Ոտնակապության անեծքով։ Նա երևի ամբողջ ճանապարհը՝ մինչև Գրիֆինդորի աշտարակ, մորեխի պես ցատկոտելով էր եկել։
 
:Բոլորը սկսեցին հռհռալ՝ չկարողանալով զսպել ծիծաղը, բացի Հերմիոնայից, որն անմիջապես վեր ցատկեց տեղից ու կատարեց չար անեծքը ոչնչացնող հակաաղոթքը։ Նեվիլի ոտքերն անջատվեցին իրարից՝ ծիծաղելիորեն աջ ու ձախ ցցվելով, և նա դողալով ու ցնցվելով ոտքի կանգնեց։
:— Այդ ինչպե՞ս եղավ, — հարցրեց Հերմիոնան՝ հոգատարությամբ ուղեկցելով նրան իրենց զբաղեցրած բազկաթոռների մոտ։
:— Մալֆոյը... — ասաց Նեվիլը դեռ դողացող ձայնով, — ես նրան հանդիպեցի գրադարանի մոտ։ Նա ասաց, ինչ լավ է, որ հենց ես իրեն պատահեցի, որովհետև ինքը ճիշտ մեկն ու մեկին էր փնտրում վարժվելու և գործնական փորձ ձեռք բերելու համար։
 
:— Պետք է անմիջապես գնալ պրոֆեսոր Մըք Գոնագալի մոտ, — վրա տվեց Հերմիոնան, — պետք է անհապաղ պատմել նրան այս խայտառակության մասին։
:Նեվիլը գլուխն օրորեց։
:— Ես չեմ ուզում նոր անախորժություններ ունենալ, ― թոթովեց նա։
:— Չի կարելի այդպես ընկրկել նրա առաջ, պետք է անպայման պատասխան տալ, — ասաց Ռոնը։ ― Նա կարծում է, որ այդպես հեշտ ու հանգիստ կարող է մարդկանց տրորելով անցնել, բայց դա չի նշանակում, որ պետք է հլու-հնազանդ պառկես նրա առաջ ու նրա ճանապարհը հեշտացնես։
 
:— Ես դա շատ լավ գիտեմ, ու բոլորովին էլ կարիք չկա ինձ ասելու, որ ես բավականաչափ խիզախ ու համարձակ չեմ Գրիֆինդորում լինելու համար։ Մալֆոյն ինձ շատ լավ դաս տվեց քիչ առաջ, — վիրավորանքից խեղդվելով ու մի կերպ արցունքները զսպելով, բեկբեկուն ձայնով արտաբերեց Նեվիլը։
 
:Հարրին գրպանում շոշափեց Սուրբ Ծննդյան տոնին Հերմիոնայից նվեր ստացած շոկոլադե գորտերից վերջինը եւ՝ գրպանից հանելով, հոգատարությամբ տվեց Նեվիլին, որը կարծես ուր որ է պետք է սկսեր հեկեկալ։
:— Նեվի՚լ, դու տասներկու Մալֆոյ արժես, — ասաց Հարրին, — Չէ՞ որ Տեսակավորող գլխարկն ինքը քեզ Գրիֆինդոր ընտրեց։ Իսկ Մալֆոյը որտե՞ղ է՝ հոտած Սլիզերինում։
 
:Նեվիլի շուրթերին մի թույլ ժպիտ երևաց, մինչ նա բացում էր շոկոլադե գորտի փաթեթը։
:— Շնորհակալություն, Հարրի... Ես գնամ քնեմ... Քարտը վերցրու, կարծեմ հավաքում ես, չէ՞․..
 
:Երբ Նեվիլը հեռացավ, Հարրին շուռ տվեց ձեռքում բռնած հանրահայտ կախարդի նկարով քարտը։
:— Կրկին Դամբլդորն է, — ասաց նա մտազբաղ, — դա իմ երբևէ ունեցած առաջին քար...
 
:Նրա շունչը կտրվեց։ Նա շեշտակի նայեց քարտի հակառակ երեսին, հետո կրկին, ասես ցնորված, աչքերը չռեց Հերմիոնայի ու Ռոնի վրա։
:— Գտա՛, — շշնջաց նա, — Գտա Ֆլամերի՛ն... Ասում էի, չէ, որ մի տեղ կարդացել եմ։ Այստեղ գալու ժամանակ եմ կարդացել՝ գնացքի մեջ... ահա, լսեք.
«Պրոֆեսոր Դամբլդորը հատկապես հայտնի է 1945թ. սև մոգ Գրինդելվալդի հետ մենամարտում տարած հաղթանակով, վիշապի արյան օգտագործման տասներկու եղանակների հայտնագործությամբ և իր հանրահայտ գործընկեր Նիքողայոս Ֆլամերի հետ համատեղ ալքիմիայի բնագավառում կատարած մեծ նվաճումներով»։
 
:Հերմիոնան ոստի ցատկեց։ Նա այդքան հուզված տեսք չէր ունեցել այն օրվանից ի վեր, ինչ նրանք ստացել էին իրենց ամենաառաջին տնային հանձնարարության գնահատականները։
 
:— Ոչ մի տեղ չգնա՛ք, — ասաց նա ու այծիկի պես վեր սլացավ աղջիկների ննջասենյակ տանող պտուտակաձև աստիճաններով։ Հարրին ու Ռոնը հազիվ հասցրին զարմացած հայացբներ փոխանակել, երբ նա մրրիկի պես ետ ներխուժեց և երկու վայրկյանում իջավ աստիճաններով՝ այս անգամ մի ահռելի չափերի հին գիրք գրկած։
 
:— Մտքովս էլ չէր անցել այստեղ փնտրել, — հուզախառն շշնջաց նա, — ես այս գիրքը գրադարանից մի քանի շաբաթ առաջ եմ վերցրել թեթև ընթերցանության համար։
:— Թեթև՞... — ասաց Ռոնը, բայց Հերմիոնան ֆշշացրեց, որ նա ձայնը կտրի, քանի ղեռ ինքը մի բան է փնտրում գրքի մեջ ու սկսեց արագ-արագ գրքի էջերը թերթել, քթի տակ մրթմրթալով։
 
:Վերջապես, նա գտավ այն, ինչը փնտրում էր։
:— Ա՛խ, ես գիտե՜ի... Գիտեի, չէ՞...
:— Մեզ արդեն թույլատրվո՞ւմ է խոսել, — մռայլ գռմռաց Ռոնը։ Հերմիոնան բանի տեղ չդրեց նրան։
:— Նիքողայո՛ս Ֆլա՛մեր, — շշնջաց նա դրամատիկական դերասանուհու արտահայտչականությամբ, — հայտնի է որպես Փիլիսոփայական քարի վերջին ստեղծողը...
 
:Նրա խոսքերը, ավաղ, այն տպավորությունը չթողեցին, ինչ նա սպասում եր։
:― Ինչի ստեղծո՞ղը... ― ասացին Հարրին ու Ռոնը միասին։
:― Օ՜ֆ... ի միջի այլոց, երկուսդ էլ կարդալ գիտեք... Ահա, խնդրեմ, ինքներդ էլ կարդացեք։
 
:Փիլիսոփայական քարի ստեղծումը եղել է ալթիմիայի հնագույն հետազոտությունների նպատակակետերից մեկը։ Այդ քարը մի առասպելական նյութ է, որն ապշեցուցիչ հզորությունի ունի եւ կարող է ցանկացած մետաղ ոսկու վերածել։ Քարի օգնությամբ կարելի է ստանալ նաեւ Կյանքի Էլիքսիրը, որը խմողին անմահություն է շնորհում։
 
:Հարյուրամյակների ընթացքում եղել են Փիլիսոփայական քարի ստեղծման բազմաթիվ դեպքեր, սակայն ներկայումս հայտնի միակ Փիլիսոփայական քարը, պատկանում է հանրահայտ ալքիմիկոս եւ օպերային երաժշտության մեծ սիրահար պրն․ Նիքողայոս Ֆլամերին։
 
:Պրն․ Ֆլամերը, որն անցյալ տարի տոնեց իր վեց հարյուր վաթսունհինգամյակը, խաղաղ կյանք է վարում Դեվոնում իր վեց հարյուր հիսունյոթամյա կնոջ՝ տիկին Փերենելի հետ։
 
:― Տեսա՞ք, -- ասաց Հերմիոնան, երբ Հարրին ու Ռոնը վերջացրին կարդալ։ ― Այդ շունը հաստատ Ֆլամերի Փիլիսոփայական քարն է պահպանում։ Գրազ կգամ, հենց Ֆլամերն է խնդրել Դամբլդորին, որ նա իր Փիլիսոփայական քարը մի ապահով տեղ պահի Հոգվորթսում, որովհետև նախ, նրանք ընկերներ են, և հետո հաստատ գլխի են ընկել, որ ինչ-որ մեկն ուզում է քարը գողանալ։ Ահա թե ինչու է քարը Գրինգոթսից դուրս բերվել։
 
:― Քար, որն ամեն ինչ ոսկու է վերածում և անմահություն պարգևում տիրոջը... Զարմանալի չէ, որ Սառկեկն աչք է դրել դրա վրա, ― ասաց Հարրին։ ― Ո՞վ չի ուզենա նման բան ձեռքը գցել։
 
:― Եվ զարմանալի չէ, որ մենք չէինբ գտնում Ֆլամերի անունը «Հրաշագիտության նորագույն նվաճումների ուսումնասիրությունը» գրքում, ― ասաց Ռոնը, ― ...դժվար թե կարելի է նրան նորագույն համարել, եթե հաշվի առնենք, որ վեց հարյուր վաթսունհինգ տարեկան է։
 
:Հաջորդ առավոտյան, սև արվեստներից պաշտպանության դասի ժամանակ, մարդագայլ դարձվորի կծած վերքի տարբեր բուժումների դեղատոմսեր արտագրելու ընթացքում, Հարրին ու Ռոնը դեռ շարունակում էին քննարկել, թե ինչ կանեին իրենք, եթե փիլիսոփայական քար ունենային։ Եվ միայն այն ժամանակ, երբ Ռոնը ասաց, որ ինքը քվիդիչի իր սեփական բարձր լիգայի թիմը կառներ, Հարրին հիշեց Սառկեկի և սպասվելիք խաղի մասին։
 
:― Ես խաղալու եմ, ― ... ասաց նա Ռոնին ու Հերմիոնային։ ― Եթե ես չխաղամ, ամբողջ Սլիզերինը կսկսի մտածել, որ ես վախեցա Սառկեկից։ Ես նրանց ցույց կտամ... Եվ երբ մենք հաղթենք, ա՛յ, այդ ժամանակ կտեսնենք, թե ով կծիծաղի վերջինը, ա՛յ, այդ ժամանակ ծիծաղը կջնջվի նրանց դեմքերից։
 
:― Եթե միայն մինչև խաղի վերջը դու չջնջվես այս աշխարհից, ― ասաց Հերմիոնան։
 
:Խաղի մոտենալուն զուգընթաց Հարրին հետզհետե ավելի նյարդային էր դառնում, թեև ամեն գնով փորձում էր թաքցնել հազմունքը Հերմիոնայից ու Ռոնից։ Թիմի մյուս անդամները նույնպես պակաս նյարդային չէին։ Միաբանությունների մրցույթում Սլիզերինին հաղթելու հեռանկարը իսկապես շատ հրապուրիչ էր, առավել ևս, որ վերջին վեց տարիներին դա ոչ մի թիմի չէր հաջողվել։ Սակայն մի՞թե գրիֆինդորցիք կարող էին հաջողության հասնել, եթե խաղը մի այդպիսի կողմնակալ դատավոր դատեր։
 
:Հարրին չգիտեր, արդյո՞ք, դա իր երևակայության արդյունքն էր, թե ոչ, սակայն ուր էլ գնար, շարունակ ճանապարհին պատահաբար հանդիպում էր Սառկեկին։ Երբեմն նա նույնիսկ մտածում էր, թե գուցե Սառկեկը հետապնդում է իրեն՝ փորձելով ինչ-որ տեղ դեմ առ դեմ մենակ հանդիպել իր հետ։ Հմայադեղերի դասերը դարձել էին ամեն շաբաթ պարբերաբար կրկնվող կտտանքի ժամեր. Սառկեկը պարզապես անտանելի էր վարվում Հարրիի հետ։ Գուցե Սառկեկը կռահե՞լ էր, որ նրանք էլ գիտեն փիլիսոփայական քարի մասին։ Դժվար էր պատկերացնել թե ինչպես, բայց երբեմն Հարրիին մի զարհուրելի կասկած էր տանջում, որ Սառկեկը կարող էր մտքեր կարդալ։
 
:Հաջորդ առավոտյան, երբ Հերմիոնան ու Ռոնը հանդերձարանի մոտ իրեն հաջողություն մաղթեցին, Հարրին գիտեր, որ այդ պահին նրանց միայն մի բան էր մտահոգում, արդյոք կենդանի կտեսնե՞ն իրեն խաղից հետո, թե ոչ։ Անշուշտ, այնքան էլ լավատեսական կանխազգացում չէր։ Հարրին այնպես էր տարված մռայլ մտքերով, որ գրեթե ոչինչ չլսեց Վուդի քաջալերիչ ճառից, երբ հագնում էր իր համազգեստն ու վերցնում «Նիմբուս երկու հազարը»։
 
:Ռոնն ու Հերմիոնան մինչ այդ ազատ տեղեր էին գտել հանդիսատեսների շարքերում ու տեղավորվել էին Նեվիլի կողքին, որը չէր կարողանում հասկանալ, թե ինչու էին նրանք այդպես մռայլ ու մտահոգ, և ինչու էին երկուսն էլ իրենց կախարդական փայտիկները հետները բերել։ Նույնիսկ Հարրին չգիտեր, որ Ռոնն ու Հերմիոնան, իրենից էլ գաղտնի, վարժվում էին ոտնակապաթյան անեծք ուղարկելու մեջ։ Նեվիլի գլխին Մալֆոյի խաղացած չար կատակից նրանք մի միտք էին հղացել, և պատրաստվում էին նույն անեծքը կիրառել Սառկեկի նկատմամբ, եթե նկատեին, որ նա ուզում է վնասել Հարրիին։
 
:— Դեհ, չմոռանա՛ս, պետք է ասել, լոբոձո՛տոր մո՛րտիս, — շշնջաց Հերմիոնան, մինչ Ռոնը իր կախարդական փայտիկը թաքցնում էր պարեգոտի թևքի մեջ։
:— Գիտեմ, — մռնչաց Ռոնը, — էլ մի՛ սկսիր։
 
:Այդ պահին հանդերձարանում Վուդը Հարրիին մի կողմ էր տարել ու խաղից առաջ վերջին հրահանգներն էր շշնջում։
:—Չեմ ուզում քեզ շատ ճնշել, Փոթթեր, բայց այսօր պետք է Բանբերը հնարավորին չափ արագ բռնել։ Պիտի խաղը վերջացնենք մինչև Սառկեկը կհասցնի Հաֆըլփաֆին չափազանց շատ միավորներ տալ կամ մեզնից՝ տուգանայիններ հանել։
 
:— Ամբողջ դպրոցն է հավաքվել, — ասաց Ֆրեդ Ուիզլին գլուխը դռնից դուրս հանելով, — ...Հոպ-պա– պլա՜... նույնիսկ Դամբլդորն է եկել խաղը դիտելու։
Հարրիի սիրտը քիչ մնաց դուրս թռչի կրծքից։
 
:— Դամբլդո՞րը, — կրկնեց նա նետվելով դեպի դուռը։ Ֆրեդն իսկապես ճիշտ էր։ Ուրիշ էլ ո՞վ պիտի լիներ նման արծաթափայլ շքեղ մորուքով։
 
:Հարրին հազիվ իրեն զսպեց, որ թոքերի ամբողջ ուժով թեթևացած չհռհռա։ Նա փրկված էր։ Պարզապես անհնար էր, որ Սառկեկը նույնիսկ համարձակվեր ինչ-որ կերպ վնասել իրեն Դամբլդորի ներկայությամբ։
 
:Գուցե դա էր պատճառը, որ Սառկեկն այդքան կատաղած տեսք ուներ, երբ երկու թիմերը հանդիսաքայլ
դուրս եկան մարզադաշտ։ Նույնիսկ Ռոնը՝ հանդիսատեսների մեջ նստած, նկատեց Սառկեկի մռայլ տրամադրությունը։
 
:— Սառկեկին այդպես չարացած դեռ երբեք չեմ տեսել, — ասաց նա Հերմիոնային։ — Տե՛ս, արդեն դաշտ դարս եկան։ Վվա՜խ...
 
:Ինչ-որ մեկը հենց այդ պահին ուժեղ հարվածեց Ռոնի ծոծրակին։ Մալֆոյն էր։
:— Օ՛յ, կներես Ուիզլի։ Չէի տեսել, որ այդտեղ մարդ կա, — Մալֆոյը ատամնաշարը լայն բացելով ժպտաց Քրեբին ու Գոյլին։
:— Հետաքրքիր է, թե այս անգամ Փոթթերն ինչքան կդիմանա ցախավելի վրա։ Գրազ եկող չկա՞։ Հը՛, ի՞նչ կասես, Ուիզլի։
 
:Ռոնը չպատասխանեց։ Սառկեկը հենց այդ պահին հաֆըլփաֆցիներին տուգանային հարվածի իրավունք էր տվել, որովհետև Ջորջ Ուիզլին Բրետն ուղարկել էր ուղիղ նրա վրա։ Հերմիոնան, որը, գրեթե բոլոր մատները խաչաձևած, ասես ասեղների վրա նստած լիներ, աչք չէր կտրում Հարրիից, որը շահենի նման պտտվում էր բարձր երկնքում՝ աչալուրջ փնտրելով Բանբերին։
 
:— Գիտե՞ք, թե իմ կարծիքով ինչպես են Գրիֆինդորի թիմում խաղացողներ ընտրում, ― բարձրաձայն ասաց Մալֆոյը հենց այն պահին, երբ Սառկեկը մեկ այլ տուգանային հարված շնորհեց Հաֆըլփաֆին, այս անգամ հայտնի չէր, թե ինչի համար։
:— Նրանց մոտ խաղացողներին ընտրում են խղճահարության սկզբունքով։ Խնդրեմ, ահա Փոթթերը, որ ծնողներ չունի, և ահա Ուիզլիները, որ փող չունեն... Լոնգբո՚թոմ, այդ ինչպե՞ս է, որ քեզ մինչև հիմա թիմի մեջ չեն ընտրել, չէ՛ որ դու էլ ուղեղ չունես։
 
:Նեվիլը կաս-կարմիր կտրեց և շրջվեց դեպի Մալֆոյը։
:— Ես տասներկու քեզ նմանին արժեմ, Մալֆոյ, — կակազելով ասաց նա։ Մալֆոյը, Քրեբն ու Գոյլը փորները բռնած ոռնաձայն քրքջացին։ Իսկ Ռոնը, որը չէր համարջակվում աչքը կտրել խաղից, միայն ասաց.
:— Ապրե՛ս, Նեվիլ... Ա՛յ, այդպես է պետք դրան.,.
:— Լոնգբո՛թոմ, եթե ուղեղը ոսկի լիներ, ապա դու Ուիզլիներից էլ աղքատ կլինեիր, իսկ դա արդեն չափանիշ է։
 
:Ռոնի նյարդերը գերլարված էին Հարրիի համար անհանգստությունից։
:— Զգուշացնում եմ բեզ Մալֆոյ, ևս մեկ բառ...
:— Ռո՚ն, — հանկարծ ասաց Հերմիոնան, — Հարրին...
:— Ի՞նչ եղավ... Ուր է...
 
:Հարրին հանկարծ մտավ մի շեշտակի գլխապտույտ վայրէջքի մեջ և հանդիսատեսների շարքերից հիացական սուլոցների ու ճիչերի ալիք բարձրացավ։ Հերմիոնան տեղից վեր ցատկեց բոլոր խաչաձևած մատները միանգամից կծոտելով, իսկ Հարրին հրթիռի պես վար սլացավ դեպի դաշտը։
 
:— Ուիզլի, տե՛ս, թե բախտդ ո՜նց բերեց, Փոթթերը, կարծես, գետնին ընկած մի մետաղադրամ է տեսել, — ասաց Մալֆոյը։
 
:Ռոնը մռնչաց։ Մինչև Մալֆոյը կհասցներ հասկանալ, թե ինչ կատարվեց, Ռոնը արդեն հասել էր նրան ու կրծքից բռնած գետնին գամել։ Նեվիլը մի պահ տատանվելուց հետո, նստարանի թիկնատեղի վրայով մագլցեց ու Ռոնին օգնության հասավ։
 
:— Հա՛րրի, հուպ տու՛ր, — ճչաց Հերմիոնան, տեղում վեր-վեր թռչկոտելով, որն արդեն հասկացել էր, որ Հարրին ինքն էր ցախավելը դեպի դաշտ ուղղել։ Իսկ Հարրին արագություն հավաքելով սլանում էր դեպի Սառկեկը։ Հերմիոնան նույնիսկ չնկատեց էլ իր նստարանի տակ կատաղի գալարվող Ռոնին ու Մալֆոյին և նույնիսկ չէր էլ լսում քացիների ու բռունցքների թըմփ-թրըմփոցն ու շնչակտուր հևհևոցը, որ գալիս էր Նեվիլի, Քրեբի ու Գոյլի ոտք ու գլուխ իրար խառնված մարմնակույտից։
 
:Բարձր երկնքի մեջ Սառկեկը շրջվեց իր ցախավելի վրա և հազիվ հասցրեց նկատել իրենից գրեթե կես մետր հեռու հրթիռի պես ցած սլացող ինչ-որ ալ կարմիր բան. իսկ հաջորդ վայրկյանին Հարրին իր ցախավելը հանեց գլխիվայր սրընթաց պիկեից, մտավ հորիզոնական դանդաղող սլացքի մեջ և ձեռքերը հաղթական վեր բարձրացրած ցույց տվեց մի ձեռքի մեջ բռնած Ոսկե Բանբերը։
 
:Հանդիսականների շարքերը մի մակընթաց ալիքով, գոռում-գոչյունով ոտքի ցատկեցին։ Հարրի Փոթթերը ռեկորդ էր սահմանել։ Ոչ ոք չէր կարող մտաբերել, թե պատմության մեջ եղե՞լ էր արդյոք նման դեպք, որ Ոսկե Բանբերը խաղը սկսվելուց հետո այդքան արագ բռնվեր։
 
:― Ռո՛ն, Ռո՛ն, որտե՞ղ ես։ Խաղը վերջացա՜վ։ Հարրին հաղթե՜ց։ Մենք հաղթեցի՜ն։ Գրիֆինդորն առաջ անցա՜վ, — ճչում էր Հերմիոնան, տեղում պարելով և գրկախառնվելով դիմացի շարքում կանգնած Փարվաթի Փաթիլի հետ։
 
:Հարրին՝ հասնելով գետնին, ցած թռավ իր ցախավելից։ Անհավատալի էր։ Նրան հաջողվել էր դա անել։ Խաղը վերջացել էր՝ հազիվ հինգ րոպե տևելով։ Մինչ գրիֆինդորցիները լցվում էին մարզադաշտ, Հարրին տեսավ Սառկեկին, որը սպիտակ դեմքով և ամուր սեղմված շրթունքներով վայրէջք կատարեց իր կողքին։ Հետո Հարրին մի ջերմ ափ զգաց ուսին ու վեր նայելով, տեսավ՝ իր վրա խոնարհված, Դամբլդորի ժպտացող դեմքը։
 
:— Ապրե՛ս, — ասաց Դամբլդորը ցածրաձայն, որպեսզի Հարրիից բացի ուրիշ ոչ ոք չլսի իրեն, ― ուրախ եմ, որ չես ընկճվել հայելու պատճառով և շարունակում ես ապրել ու վայելել կյանքը... Տեսնում եմ, որ իզուր ժամանակ չես կորցրել... Գերազանց էր, ապրես...
 
:Սառկեկը կատաղած թքեց գետնին։
 
:Մայրամուտին մոտ, Հարրին դուրս եկավ հանդերձարանից իր «Նիմբուս երկու հազարը» ցախավելների հանգարը տանելու համար, որը ցախավելները պահելու նպատակով կառուցված մի փայտաշեն կոկիկ շինություն էր։ Նա չէր կարող հիշել, թե երբ էր իր կյանքում դրանից ավելի երջանիկ զգացել իրեն։ Վերջապես, ինքն արեց մի բան, որի համար կարող էր հպարտանալ։ Ոչ ոք այլևս չէր կարող ասել, որ ինքն ընդամենը անունով է հանրահայտ։ Երեկոյան թեթև քամին երբեք այդքան զով ու քնքուշ չէր շոյել նրան։ Նա քայլեց թաց խոտի միջով, կրկին վերապրելով անցած ժամերի իրադարձությանները, և մի երջանիկ մշուշ պարուրեց նրան։ Ահա գրիֆինդորցիները վազում են, որ իրեն բարձրացնեն ուսերի վրա, Հերմիոնան մյուս աղջիկների հետ հեռվում վեր-վեր է ցատկոտում, իսկ Ռոնը, չգիտես ինչու արյունոտ բթով, հեռվից ձեռքերն է թափահարում ու ծիծաղելով ինչ-որ բան գոռում։
 
:Հարրին հասավ ցախավելների հանգարին ու հենվելով փայտյա դռանը, նայեց ամրոցի պատուհաններին, որոնք նարնջագույն և մորեգույն փայլ էին անդրադարձնում՝ մայր մտնող արևի շողերից։ Գրիֆինդորն առաջ անցավ։ Վերջապես հաջողվեց... Ի՜նչ լավ շշպռեց Սառկեկին...
 
:Ի միջի այլոց, Սառկեկի մասին...
 
:Կնգուղը գլխին քաշած մի թիկնոցավոր մարդ դուրս եկավ ամրոցի դռներից և քարե աստիճաններով իջնելով, գնաց դեպի Արգելված անտառ տանող արահետը։ Կասկած անգամ չէր կարող լինել, որ նա բոլորովին չէր ուզում որևէ մեկի կողմից նկատված լինել, այլապես ինչու պետք է հենց ընթրիքի ժամին դուրս գար։ Իսկապես, այդ թիկնոցավորը գլուխը կախ, արագ քայլեց դեպի Արգելված անտառը։ Հարրիի հաղթական երանությունը վայրկենապես հօդս ցնդեց։
 
:Նա անմիջապես ճանաչեց թիկնոցավորի կատվային քայլվածքը։ Սառկեկը գաղտագողի գնում էր Արգելված անտառ հենց այն ժամանակ, երբ բոլորը Մեծ դահլիճում ընթրում էին։ Էլ ի՞նչ կարող էր դա նշանակել...
 
:Հարրին ետ ցատկեց իր «Նիմբուս երկու հազարի» վրա ու պոկվեց գետնից։
:Երեկոյան զով քամու թևին աշտարակների տանիքներից էլ վեր բարձրանալով ու ամրոցը շրջանցելով նա ուղղվեց դեպի Արգելված անտառ։
 
:Հարրին աչքը չէր կտրում կանաչ մարգագետնի վրա բզեզի պես հազիվ նշմարվող մուգ կետից, որը արագընթաց գլորվելով, մտավ անտառ։ Հարրին շտապեց նրա ետևից։
 
:Ծառերն այնքան խիտ էին, որ նա չէր կարող տեսնել, թե Սառկեկն ուր գնաց։ Հարրին սկսեց սավառնել շրջաններով և հետզհետե ավելի ու ավելի ցած իջնել դեպի անտառի մատղաշ սաղարթները, գրեթե քսվելով ծառերի կատարների ճյուղերին, մինչև, վերջապես, խոսակցության ձայներ լսեց։ Նա լուռ սահեց ձայների ուղղությամբ և անձայն հենվեց բարձր հաճարենու հաստ բնին՝ թաբնվելով ճյուղերի մեջ։
 
:Հարրին զգուշությաճբ մագլցեց ծառի հզոր ճյուղերից մեկի վրա ու ձեռքից բաց չթողնելով ցախավեփ կոթը, փորձեց մի բան տեսնել ծառի մատղաշ տերևների միջից։
 
:Ներքևում, անտառային ստվերոտ բացատի եզրին կանգնած էր Սառկեկը, սակայն նա մենակ չէր։ Նրա դիմաց կանգնած էր պրոֆեսոր Քուիրելը։ Հարրին ճյուղերի ետևից չէր կարողանում տեսնել նրա դեմքը, սակայն Քուիրելը կակազում էր նույնիսկ ավելի անմխիթար բեկբեկուն ձայնով, քան երբևէ։ Հարրին լսողությանը լարեց, որ հասկանա, թե ինչի մասին էին նրանք խոսում։
:— Չեմ հա-ա-ա՛ս-կանում, Սիվե֊ե֊ե՛ր֊րուս, թե ինչու ես հենց ա-ա-ա՛յս֊ստեղ կանչել ինձ հանդր֊ի– ի՛պ-ման...
:— Կարծում եմ, բնավ կարիք չկա, որ ուրիշ որևէ մեկն իմանա մեր փոքրիկ զրույցի մասին, ― ասաց Սառկեկը սառցային ձայնով, ― Այս խոսակցությունը ուսանողների ականջների համար չէ։ Ոչ մի ուսանող չպետք է իմանա Փիլիսոփայական քարի մասին։
 
:Հարրին առաջ թեքվեց։ Քուիրելն ինչ-որ բան էր մկմկում, բայց Սառկեկն ընդհատեց նրան։
:― Արդեն իմացե՞լ ես, թե ինչպես կարելի է անցնել Հագրիդի եռագլուխ գազանի կողքով։
:― Բա-ա-ա-ա՛յց Սիվե-ե-եր-րուս, ես...
:― Քուիրել, դու չես ուզում ինձ նման թշնամի ունենալ, չէ՞, ― ասաց Սառկեկը՝ մի քայլ անելով դեպի Քուիրելը։
:― Չգի-ի-ի՛տ-տեմ, թե ինչի մասին ես խո-ո-ո՛ս– սում...
:― Շատ լավ էլ գիտես, թե ինչ եմ ուզում ասել։ Այդ պահին մի բու բարձրաձայն ու անակնկալ ուհուբեց գրեթե Հարրիի ականջի տակ, և նա քիչ մնաց վայր ընկներ ճյուղից։ Հարրին մի կերպ հավասարակշռությունը վերականգնեց և լսեց, թե ինչպես էր Սառկեկն ասում. ― ...քո բաժին ֆոկուս-մոկուսը... Դեհ, շատ պիտի սպասե՞մ։
:― Բա-ա-ա՛յց ես... չը֊ըչը-ըչ-չե՛մ կա-ա-ա՛ր-րող...
:― Բարի, ― նրա խոսքը կտրեց Սառկեկը, ― շուտով մենք մեկ ուրիշ փոքրիկ զրույց էլ կունենանք։ Քեզ երևի ժամանակ է պետք լավ մտածելու և որոշելու համար, թե ո՞ր կողմին ես հավատարմություն պահպանելու։
 
:Նա կնգուղը գցեց գլխին, խորացավ ծառերի մեջ ու անհետացավ։ Գրեթե մթնել էր, բայց Հարրին շատ լավ էր տեսնում Քուիրելի գունատ դեմքը, որը քարացած արձանի պես մնացել էր բացատի մեջ մեն-մենակ կանգնած։
 
:― Հարրի, որտե՞ղ էիր, ― ճչաց Հերմիոնան։
:― Հաղթեցի՜նք, մենք հաղթեցի՜նք, ― ոգևորված բղավում էր Ռոնը, քաշմշելով Հարրիի թևերից, ― իսկ ես Մալֆոյի աչքը կապտացրի... Բա, Նեվի՛լը, պատկերացնո՞ւմ ես, Նեվիլը մեն-մենակ ծեծկռտվեց Քրեբի ու Գոյլի հետ։ Նա դեռ ուշքի չի եկել, բայց մադամ Պոմֆրրին ասում է, որ վախենալու բան չկա։ Ա՛յ, թե դաս տվինք էսօր Սլիզերինին։ Բոլորը քեզ են սպասում ընդհանուր սենյակում, երեկույթ ենք անելու։ Ֆրեդն ա Ջորջը մի քիչ ուտելիք են թռցրել խոհանոցից։
 
:— Դա հիմա կարևոր չէ, ― ասաց Հարրին շնչակտուր, ― եկեք մի դատարկ սենյակ գտնենք ու տեսեք, թե ես ինչե՜ր եմ ձեզ պատմելու։
 
:Մինչև դուռը փակելը Հարրին նախ համոզվեց, որ Փիվզը սենյակում չէր, հետո մյուս երկուսին պատմեց, թե ինքն ինչ էր տեսել ու լսել։
 
:― Ուրեմն մենք ճիշտ էինք, և իրոք Փիլիսոփայական քարն է թաքցված այնտեղ, իսկ Սառկեկը, հերիք չէ, մտքին դրել է թռցնել այն, դեո Քուիրելին էլ համոզում է, որ նա օգնի իրեն։ Սառկեկը Քուիրելին հարցրեց, արդյոք նա գիտի՞, թե ինչպես անցնել Խավիկի կողքով ու ինչ-որ բան էլ ասաց նրա բաժին «ֆոկուս– մոկուսի» մասին։ Հաստատ Խավիկից բացի Փիլիսոփայական քարը պահպանող ուրիշ բաներ էլ կան։ Գուցե Քուիրելը ինչ-որ հակա-սև-ուժային մագիա է արել, իսկ Սառկեկն ուզում է կոտրել նրա դրած հմայապատնեշը...
 
:— Այսինքն, ուզում ես ասել, որ քարն ապահով է միայն բանի դեռ Քուիրելը դիմադրում է Սառկեկի ճնշմա՞նը, — ասաց Հերմիոնան տագնապահար։
:― Գրազ կգամ, մինչև հաջորդ երեքշաբթի էլ չի դիմանա։