====Գլուխ տասը․ Սև Դարպասը բացվում է====
Երկու օր անց Արևմուտքի ողջ բանակը հավաքվել էր Պելլենորի Պելլենորյան դաշտավայրում։Օրքերի ու արևելացիների զորքը, Անորիենում հակառակորդ չգտնելով, փորձել էր մոտենալ Քաղաքին, բայց հանդիպել էր Ռոհիրիմների դիմադրությանը, թեթև կռիվ տվել և ջախջախվելով փախել դեպի Քաիր Անդրոս, և այդ վտանգը նույնպես չեզոքացվել էր։ Հարավից նոր ուժեր էին գալիս, և Քաղաքը հնարավորինս վերազինվել ու ամրացվել էր։ Հետախույզները հայտնում էին, որ արևելք տանող ճանապարհներին, մինչև Ընկած Արքայի խաչմերուկը, ոչ մի թշնամի չի մնացել։ Վերջին գրոհի համար ամեն ինչ պատրաստ էր։ Լեգոլասն ու Գիմլին կրկին պետք է ընթանային Արագորնի և Գենդալֆի ընկերակցությամբ, ովքեր գլխավորում էին առաջապահ ջոկատը, որում ընդգրկված էին նաև Դունադաններն ու Էլրոնդի որդիները։ Մերին մնաց Քաղաքում, և նրան կրծում էր ամոթը։ Որքան էլ խնդրեց, իրեն չվերցրին։ — Այս ճամփորդությունը քո ուժերից վեր է, ասաց Արագորնը,— բայց դու մի ամաչիր։ Եթե նույնիսկ այլևս ոչինչ չանես այս պատերազմում, դու արդեն մեծ սխրանք ես գործել։ Այժմ Հոբիթստանը կներկայացնի Փերեգրինը։ Եվ պետք չէ նախանձել նրան, քանի որ՝ թեև նա իրեն շատ լավ է դրսևորել՝ որքան որ թույլ է տվել հաջողությունը, բայց քեզ հավասարվելուն դեռ շատ ունի։ Եվ իրականում հիմա բոլորս էլ հավասարապես վտանգված ենք։ Թեև, կարող է պատահել, որ Մորդորի Դարպասի մոտ մեզ սպասում է դառը վերջաբան, բայց եթե բանը դրան հասնի, դուք ևս վաղ թե ուժ կհասնեք ձեր վերջնագծին, կա՛մ այստեղ, կա՛մ այնտեղ, որտեղ ձեզ կհասնի ու կծածկի սև ալիքը։ Հաջողությու՛ն։ Եվ Մերին, տխուր կանգնել ու նայում էր, թե ինչպես են շարվում զորքերը։ Նրա հետ էր նաև Բերգիլը, և նա նույնպես վհատված էր, որովհետև նրա հայրը գլխավորում էր հասարակ կամավորների ջոկատը՝ նա չէր կարող վերադառնալ պահակախումբ, քանի դեռ նրա գործը չէր քննվել։ Հենց այդ ջոկատի մեջ, որպես Գոնդորի զինվոր, ներառել էին Փիփինին։ Մերին տեսնում էր նրա փոքրիկ, բայց սլացիկ կերպարանքը Մինաս Թիրիթի բարձրահասակ ռազմիկների միջև։ Վերջապես հնչեցին փողերը, և զորքը շարժվեց։ Ջոկատը ջոկատի հետևից, շարքը շարքի հետևից շրջվում էին նրանք ու գնում արևելք։ Եվ նույնիսկ բավական ժամանակ անց, երբ նրանք անհետացան տեսադաշտից հողապատնեշ տանող ճանապարհին, Մերին դեռ կանգնած նայում էր։ Առավոտյան արևի ցոլքը վերջին անգամ փայլատակեց նիզակների ծայրերին ու սաղավարտների վրա և անհետացավ, բայց նա դեռ կանգնած էր խոնարհված գլխով ու ծանր սրտով՝ իրեն մենակ ու լքված զգալով։ Բոլորը, ում նա սիրում էր, հեռացան դեպի խավար, որը ծանրացել էր հեռավոր արևելքի երկնքում, և նրա սրտում գրեթե հույս չէր մնացել, որ էլ երբևէ կտեսնի նրանցից որևէ մեկին։ Ասես հուսահատ մտքերին ի պատասխան՝ ձեռքի ցավը վերադարձավ, և նա իրեն ծեր ու թույլ զգաց, և արևն էլ ասես դալուկ ու թույլ լիներ։ Նրան սթափեցրեց Բերգիլի ձեռքի հպումը։ — Գնանք, պարոն փերիան,— ասաց տղան։ — Տեսնում եմ, ձեռքդ դեռ ցավում է։ Հիմա կօգնեմ քեզ վերադառնալ Բժշկման Տներ։ Մի վախեցիր, նրանք կվերադառնան։ Մինաս Թիրիթի մարդկանց ոչ ոք չի կարող հաղթել, և այժմ նրանց հետ է տիրակալ Էլֆական Քարը, ու նաև Բերեգոնդը՝ Աշտարակի պահակախմբից։ Կեսօրին զորաբանակը մոտեցավ Օսգիլիաթին։ Այնտեղ արդեն աշխատում էին Մինաս Թիրիթի պաշտպանության մեջ չընգրկված բոլոր վարպետներն ու արհեստավորները․ ամրացնում էին լաստերն ու լողացող նավակամուրջները, որոնք թշնամին էր պատրաստել ու մասամբ ոչնչացրել փախուստի ժամանակ, վերականգնում էին պահեստներն ու պաշարներով լցնում, և շտապ ամրություններ էին ստեղծում Գետի արևելյան ափին։ Առաջապահ ջոկատը հետևում թողեց հինավուրց գահաքաղաքի ավերակները, կտրեց անցավ Գետն ու դուրս եկավ երկար, ուղիղ ճանապարհի վրա, որը ծաղկուն օրերին միմյանց էր կապում հրաշագեղ Արևի Աշտարակն ու բարձր Լուսնային ամրոցը, որն այժմ կոչվում էր Մինաս Մորգուլ ու վերածվել էր անիծված աշտարակի՝ անիծված հովտում։ Օսգիլիաթից հինգ մղոն հեռանալով նրանք կանգ առան։ Առաջին ցերեկային անցումն ավարտվեց։ Հեծյալները, սակայն, շարունակեցին ճանապարհը և երեկոյան հասան ծառերի լայն օղակով շրջապատված Խաչմերուկին։ Ամենուր լռություն էր։ Թշնամական ոչ մի շունչ չկար․ ո՛չ ձայն էր լսվում, ո՛չ ճիչ, և ոչ մի նետ չսուլեց քարակույտերի կամ ճամփեզրի թավուտների հետևից։ Այնուամենայնիվ, որքան շատ էին առաջ գնում, այնքան ավելի էր զգացվում, որ տարածքի զգոնությունն ուժեղանում է․ ծառերն ու ժայռերը, խոտերն ու ցողունները ուշադիր ունկնդրում էին։ Խավարը ցրվել էր, և հեռու արևմուտքում այրվում էր մայրամուտը, և լեռների գագաթները կարմրին էին տալիս կապույտ օդում, բայց Էֆել Դուաթի գլխին դեռևս կախված էր մռայլ խավարի ստվերը։ Արագորնը ծառերի օղակի մեջ մխրճվող չորս ճանապարհներից յուրաքանչյուրի վրա մեկական շեփորահար նշանակեց, և նրանք շեփորահարեցին, և ավետողները բարձր ճչացին․ «Գոնդորի տիրակալները վերադարձել և հե՛տ են վերցնում այս ամբողջ տարածքը, որ օրենքով պատկանում է իրենց»։ Քարակերտ արձանի վրա դրված օրքի գարշելի գլուխը ցած նետվեց ու մանր բեկորների բաժանվեց, իսկ հին թագավորի գլուխը, դեռևս պսակված ճերմակ ու ոսկե ծաղիկներով, բարձրացվեց և վերադարձվեց իր տեղը։ Ստոր և զզվելի գրվածքները, որոնցով օրքերը ծածկել էին պատվանդանը, խնամքով մաքրվեցին ու լվացվեցին։ Հրամանատարների խորհրդակցության ժամանակ ոմանք առաջարկում էին սկզբում հարձակվել Մինաս Մորգուլի վրա, և եթե հաջողվի այն գրավել՝ մեկընդմիշտ ոչնչացնել։ — Շատ հնարավոր է,— ասաց Իմրահիլը,— որ այնտեղից դեպի վերին լեռնացք տանող ճանապարհն ավելի հարմար է Սև Տիրակալի վրա հարձակվելու համար, քան նրա հյուսիսային Դարպասը։ Բայց Գենդալֆը վճռականորեն դեմ էր դրան՝ չարի պատճառով, որ բնակվում էր այդ հովտում, որտեղ ապրող մարդկանց միտքը կարող էր մատնվել սարսափի ու խելագարության, ինչպես նաև լուրերի պաճառով, որ բերել էր Ֆարամիրը։ Քանզի եթե Մատանու Պահապանը փորձում է այդ ճանապարհը, ապա ամենից առաջ նրանք չպետք է այնտեղ ուղղեին Մորդորի Աչքը։ Ուստի հաջորդ որը, երբ գլխավոր զորքը ժամանեց, նրանք ուժեղ հսկողություն սահմանեցին Խաչմերուկում՝ այն պաշտպանելու համար, եթե հանկարծ թշնամական զորք իջնի Մորգուլի լեռնանցքից կամ հարձակվեն հարավցիները։ Այդ պահակախմբում ընդգրկվեցին ընտրյալ նետաձիգներ, որոնք շատ լավ գիտեին Իթիլիենը․ նրանք թաքնվեցին Խաչմերուկը շրջապատող լանջերի թավուտներում՝ մշտապես նշանառության տակ պահելով այն։ Սակայն Գենդալֆն ու Արագորնը առաջապահ ջոկատի հետ շարժվեցին դեպի Մորգուլի հովտի մուտքը՝ չարի ամրոցը տեսնելու համար։ Այն մութ էր ու անկենդան, քանզի այնտեղ բնակվող օրքերն ու ավելի մանր արարածները ոչնչացվել էին մարտերում, իսկ Նազգուլները դեռ չէին վերադարձել։ Բայց և այնպես հովտի օդը հագեցած էր վախով ու ատելությամբ։ Նրանք քանդեցին չարագուշակ կամուրջը, կրակի տվեցին նեխաբույր մարգագետիններն ու հեռացան։ Հաջորդ օրը՝ Մինաս Թիրիթից դուրս գալուց հետո երրորդ օրը, զորաբանակը շարժվեց ճանապարհով դեպի հյուսիս։ Խաչմերուկից մինչև Մորանոն մոտավորապես հարյուր մղոն ճանապարհ էր, և թե ինչ էր նրանց սպասում այնտեղ, ոչ ոք չգիտեր։ Նրանք գնում էին անթաքույց, բայց զգուշություն պահպանելով՝ հեծյալ հետախույզներ էին գնում առջևով և ոտքով ընթացողներ՝ երկու կողմերով․ հատկապես ուշադրություն էր դարձվում ճանապարհի արևելյան կողմին, որտեղ մթին թավուտներ էին, և հողը պատված էր բազմաթիվ ճեղքերով, փլվածքներով ու ժայռերով, որոնց հետևում բարձրանում էին Էֆել Դուաթի երկար, մռայլ լանջերը։ Պարզ եղանակ էր, և քամին արևմտյան էր, բայց ոչինչ չէր կարող ցրել Մթամած Լեռները պարուրած խավարն ու թախծոտ մշուշը։ Գագաթների հետևից մերթ ընդ մերթ ծխի մեծ քուլաներ էին բարձրանում և քշվում երկնային քամիներից։ Ժամանակ առ ժամանակ Գենդալֆը հրամայում էր շեփորներ փչել, և ավետողները բացականչում էին․ «Գալի՛ս են Գոնդորի տիրակալները։ Թո՛ղ բոլորը հեռանան այս հողերից և հանձնեն դրանք օրինական տերերին»։ Բայց Իմրահիլն ասաց․ — Պետք չէ ասել՝ գալիս են «Գոնդորի տիրակալները», ասացեք՝ «Էլեսար արքան»։ Քանզի դա այդպես է, թեև նա դեռ չի նստել իր գահին, և դա Թշնամուն մտածելու ավելի շատ առիթ կտա։ Եվ դրանից հետո օրը երեք անգամ ավետողներն ազդարարում էին Էլեսար արքայի գալուստը։ Բայց ոչ ոք չէր պատասխանում մարտահրավերին։ Այնուհանդերձ, չնայած թվացյալ խաղաղությանը, բոլորի սրտերը՝ հրամանատարից մինչև հասարակ ռազմիկ, ծանրացած էին, և դեպի հյուսիս յուրաքանչյուր մղոնից հետո չարի կանխազգացումն ավելի էր ուժեղանում։ Խաչմերուկը լքելուց հետո երկրորդ օրվա երեկոյան նրանք առաջին անգամ դիմադրության հանդիպեցին։ Օրքերն ու արևելացիները փորձ կատարեցին զորքի առաջապահ ջոկատները դարանի մեջ առնել, և դա այն նույն վայրում էր, որտեղ Ֆարամիրը դարանակալել էր Հարադցիներին։ Ճանապարհը գնում էր արևելյան լանջերից մեկը հատող խորը կտրվածքի միջով։ Բայց Արևմուտքի հրամանատարները զգուշացված էին իրենց հետախույզների կողմից, որոնք հմուտ մարդիկ էին Հեննեթ Աննունից՝ Մաբլունգի գլխավորությամբ, այնպես որ դարանակալածներն իրենք ընկան ծուղակի մեջ։ Հեծյալները լայն աղեղով ծավալվեցին արևմուտք և մոտեցան թշնամիներին կողքից ու հետևից, և նրանք ոչնչացվեցին կամ քշվեցին դեպի արևելյան լանջերը։ Բայց հաղթանակը քիչ ուրախություն պատճառեց հրամանատարներին։ — Սա ընդամենը խորամանկ հնարք էր,— ասաց Արագորնը։ — Թշնամին միտք չուներ մեզ ծանր կորուստներ պատճառել, նրա գլխավոր նպատակը կեղծ թուլություն ցույց տալն էր։ Եվ հենց այդ երեկոյից երկնքում հայտնվեցին Նազգուլներն ու սկսեցին հետևել զորքի տեղաշարժին։ Նրանք առաջվա պես բարձր էին թռչում ու թաքնված էին բոլորի աչքերից, սակայն Լեգոլասի աչքից չվրիպեցին։ Բայց և այնպես նրանց ներկայությունը զգում էին բոլորը․ թվում էր, ստվերներն ավելի են խտացել և արևը թեթև մշուշվել է։ Ու թեև Մատանեկիր Ուրվականները չէին իջնում ու ճիչեր արձակելով իրենց չէին մատնում, բայց նրանց հանդեպ վախն արդեն կրծում էր բոլորի սրտերը և այն վանել հնարավոր չէր։ Այդպես անցնում էր ժամանակը, և անհույս արշավը շարունակվում էր։ Ուղիների Խաչմերուկից հետո չորորդ օրը և Մինաս Թիրիթից հետո վեցերորդ օրը նրանք վերջապես հասան կենդանի հողերի եզրագծին և մուտք գործեցին ամայի տարածք, որը փռված էր Քիրիթ Գորգորի կիրճի մուտքի դիմաց։ Շուրջը տարածվում էին ճահճուտներն ու ամայի հողերը, որոնք ձգվում էին դեպի հյուսիս ու արևմուտք՝ հասնելով մինչև Էմին Մուիլ։ Այնպես անկենդան էին այդ տարածքները և այնպիսի սարսափ էին ներշնչում, որ քաջությունը լքեց ռազմիկներից ոմանց, և նրանք տեղում քարացել ու չէին կարողանում շարժվել։ Արագորնը նայեց նրանց, բայց նրա աչքերում ավելի շատ խղճահարություն կար, քան բարկություն, որովհետև նրանք երիտասարդ ռազմիկներ էին Ռոհանից, հեռավոր Վեսթֆոլդից, և կամ Լոսարնախցի հողագործներ, և նրանց համար Մորդորը դեռ մանկությունից չարի անուն էր, բայց, այնուամենայնիվ անիրական առասպել՝ նրանց հասարակ կյանքին ոչ մի կերպ չառնչվող։ Եվ այժմ նրանք գնում էին, ասես սարսափելի երազում և չէին հասկանում ոչ այդ պատերազմի իմաստը, ոչ էլ այն, թե ինչու ճակատագիրը բերեց իրենց այդտեղ։ — Գնացեք,— ասաց Արագորնը։ — Բայց պատվով նահանջեք, մի փախեք։ Եվ որպեսզի ձեր անուններն ամոթով չծածկեք, ես ձեզ համար հանձնարարություն ունեմ։ Գնացեք Հարավ-արևմուտք, մինչև կհասնեք Քաիր Անդրոս, և եթե այն դեռ թշնամու ձեռքին է, ինչպես ես եմ կարծում, վերադարձրեք, եթե կարող եք, և պահեք ամեն գնով՝ հանուն Գոնդորի և Ռոհանի։ Այս խոսքերից ու նրա ողորմածությունից ամաչելով, ոմանք հաղթահարեցին իրենց վախը և շարունակեցին ճանապարհը, իսկ մյուսները հոգով արիացան՝ հասկանալով, որ կարող են իրենց հնարավորության սահմաններում հանձնարարություն կատարել ու ամոթով չմնալ, և հեռացան։ Խաչմերուկում նույնպես շատ ռազմիկներ էին մնացել, և այժմ, նրանց գնալուց հետո, Արևմուտքի հրամանատարները պետք է մարտահրավեր նետեին Մորդորին վեց հազարանոց զորքով։ Զորքը դանդաղ էր շարժվում՝ ամեն րոպե մարտահրավերի պատասխանի սպասելով։ Գնում էին սեղմված շարքերով, բոլորը միասին, քանզի հետախույզներ կամ մանր խմբեր առաջ ուղարկելը նշանակում էր մարդկանց անիմաստ կորուստ։ Մորգուլի հովտից հետո հինգերորդ օրվա գիշերը նրանք խփեցին իրենց վերջին ճամբարը և խարույկներ վառեցին ամայի տարածքում դժվարությամբ հավաքված չոր փայտից ու ցախերից։ Գիշերային ժամերն անցկացրին արթուն՝ նայելով խավարի մեջ։ Մոտակայքում գիշատիչ ինչ-որ արարածներ էին թափառում, որոնք թեև անտեսանելի էին, բայց նրանց ներկայությունը զգում էին բոլորը։ Եվ գայլերի ոռնոց էր հասնում նրանց ականջներին։ Քամին դադարել էր, օդը կարծես քարացել էր։ Գրեթե ոչինչ տեսնել հնարավոր չէր, որովհետև, թեև անամպ էր, բայց չորս գիշեր էր, ինչ նորալուսինը սկսել էր իր աճը, և Մորդորի հողից ծուխ ու գոլորշի էր բարձրանում՝ մշուշելով առանց այդ էլ դալուկ ու փոքրիկ լուսինը։ Ցրտեց։ Լույսը բացվելու հետ քամին նորից սկսեց աղմկել, բայց հիմա հյուսիսից էր փչում ու գնալով ուժեղանում էր։ Գիշերային թափառողները հեռացել էին, և տարածքն ամայի էր թվում։ Առջևում, հյուսիսային կողմում, գարշահոտ փոսերի միջև երևացին այրված հողի, մոխրի, կեղտոտ թափոնների ու հրկիզված ժայռերի առաջին կույտերը՝ ասես վիթխարի որդերի փսխունք, որ արտանետում էր Մորդորը։ Իսկ հարավում, արդեն բավական մոտ, ուրվագծվում էր Քիրիթ Գորգորի հսկայական պարիսպը, Սև Դարպասը և բարձր, մռայլ աշտարակ ժանիքները երկու կողմերում։ Երթի վերջում հրամանատարները որոշեցին դուրս գալ հին ճանապարհից և թեքվել արևելք, որպեսզի խուսափեն բլուրներում թաքնված վտանգից, և այժմ Մորանոնին էին մոտենում հյուսիս-արևմուտքից՝ ինչպես Ֆրոդոն էր վարվել։ Խոժոռ կամարի տակ գտնվող Սև Դարպասի երկու վիթխարի երկաթյա դռներն ամուր փակված էին։ Ատամնավոր պարսպի վրա ոչ ոք չէր երևում։ Ծանր, բայց զգոն լռություն էր։ Զորքը մոտեցել էր իր խելագարության վերջնագծին և կանգնած էր այնտեղ, վաղորդյան ցրտում, վաղ առավոտվա մոխրագույն լույսի տակ, պարսպի ու աշտարակների դիմաց, որոնք ի վիճակի չէր խորտակել, եթե նույնիսկ զինված լիներ հզոր պաշարման աշտարակներով, իսկ Թշնամու ուժը հազիվ այնքան լիներ, որ կարողանար պաշտպանել պարիսպն ու Դարպասը։ Բայց բոլորն էլ հասկանում էին, որ Մորանոնը շրջապատող ողջ բլուրներն ու ժայռերը լցված են թաքնված թշնամիներով, իսկ հետևում բացվող մութ կիրճում փորված թունելներում վխտում են պիղծ ու չար արարածների անհաշիվ բազմություններ։ Եվ Նազգուլները նույնպես իրար հետևից իջան ու գիշատիչ ճիվաղների պես պտտվում էին աշտարակ ժանիքների գլխին։ Պարզ էր, որ իրենց են հետևում, բայց Թշնամին դեռևս ոչինչ չէր ձեռնարկում։ Այլընտրանք չկար, հարկավոր էր խաղալ դերը մինչև վերջ։ Ուստի Արագորնը զորքը մարտական վիճակի բերեց, որքան որ տարածքը թույլ էր տալիս, և իր մարդկանց տեղակայեց փլուզված քարերից ու այրված հողից բաղկացած երկու մեծ բլուրների վրա, որ օրքերն էին կուտակել տարիների աշխատանքի ընթացքում։ Նրանց առջև, Մորդորի Դարպասի դիմաց, ինչպես խրամուղի, գարշահոտ կեղտով ու ճղփացող ջրափոսերով լցված մի հսկայական ճեղք էր ձգվում։ Հրամանները տրված էին, ամեն ինչ պատրաստ էր։ Եվ ահա հրամանատարները հեծյալների մեծ խմբով, զինադրոշով, ազդարարներով ու շեփորահարներով շարժվեցին դեպի Սև Դարպասը։ Գլխավոր խոսնակը Գենդալֆն էր․ նրա հետևից գնում էին Արագորնն ու Էլրոնդի որդիները, Էոմեր Ռոհանցին և իշխան Իմրահիլը, ինչպես նաև Լեգոլասը, Գիմլին և Փիփինը՝ որպես իրենց ժողովուրդների ներկայացուցիչներ։ Մորանոնից ձայնի հեռավորության վրա նրանք կանգ առան, բացեցին զինադրոշն ու փչեցին շեփորները, այնուհետև ազդարարներն առաջ եկան և ձայնեցին Մորդորի պարսպից այն կողմ գտնվողներին․ — Դո՛ւրս եկեք։ Թո՛ղ Սև Երկրի տիրակալը դուրս գա բանակցությունների։ Նրա նկատմամբ արդարադատություն դատ պետք է իրականացվի։ Նա անարդարցիորեն հարձակվել է Գոնդորի վրա և գրավել նրա հողերը։ Ուստի Գոնդորի արքան պահանջում է, որ նա քավություն տա իր կատարած չարիքներին և հեռանա այստեղից հավիտյան։ Դու՛րս եկեք։ Տիրեց երկարատև լռություն։ Պարիսպներից ու Դարպասի մոտից ոչ մի ճիչ չլսվեց ի պատասխան, ոչ մի ձայն։ Բայց Սաուրոնն արդեն ծրագրել էր ամեն ինչ․ նա որոշել էր սկզբում դաժան խաղ խաղալ այդ մկների հետ և հետո նոր խորտակիչ հարված հասցնել։ Հրամանատարներն արդեն շրջվել և պատրաստվում էին հեռանալ Դարպասից, բայց հանկարծ, ինչպես ամպրոպ սարերում, լռությունը խախտեց հսկայական թմբուկների երկարատև թնդյունը, հետո հնչեց եղջերափողերի ձայն՝ ցնցելով ժայռերն ու խլացնելով մարդկանց։ Շաչյունով բացվեցին Սև Դարպասի դռները, կենտրոնում փոքրիկ ճեղք առաջացավ, և այնտեղից դուրս եկան Սև Ամրոցի դեսպանները։ Առջևից գալիս էր բարձրահասակ, չարադեմ մի հեծյալ, սև ձիու վրա, եթե իհարկե դա ձի էր, որովհետև հսկայական էր, սարսափազու, դիմակով, որն ավելի շատ կմախք էր հիշեցնում, քան գլուխ, իսկ ռունգերից ու ակնախոռոչներից կրակ էր ժայթքում։ Հեծյալն ամբողջովին սև էր հագած, սև էր նաև նրա սաղավարտը, բայց նա Մատանու Ուրվական չէր, այլ կենդանի մարդ։ Բարադ-Դուր ամրոցի այդ սուրհանդակի անունը չի հիշվում ոչ մի ավանդությունում, և հավանաբար նա նույնպես մոռացել էր իր անունը, քանզի ներկայացաավ որպես Սաուրոնի Ձայն։ Բայց, ասում են, որ նա դավաճան ուրացող էր և սերում էր այսպես կոչված Սև նումենորցիների ցեղից, որոնք բնակություն էին հաստատել Միջերկրում Սաուրոնի գերիշխանության տարիներին և երկրպագում էին նրան՝ հմայված նրա սև մոգությամբ։ Եվ նա ծառայության էր անցել Սև Ամրոցում, երբ այն կրկին բնակեցվեց, և, լինելով իմաստուն ու խորամանկ, անընդատ բարձրանում էր իր պաշտոնում, մինչև արժանացավ նրա հատուկ վերաբերմունքին։ Նա մոգություն սովորեց և դրանում իրեն հավասարը չուներ, և նրան շատ բաներ էին հայտնի Սաուրոնի մտքերից։ Եվ իր դաժանությամբ նա գերազանցում էր ցանկացած օրքի։ Հենց նա էր, որ դուրս եկավ Մորդորի Դարպասից՝ շրջապատված ամբողջովին սև սպառազինված փոքրիկ ջոկատով, վրան կարմիր աչք պատկերված սև զինադրոշի ներքո։ Կանգ առնելով Արևմուտքի հրամանատարներից մի քանի քայլ այն կողմ, նա ոտքից գլուխ զննեց նրանց ու ծիծաղեց։ — Ձեր այս հրոսակախմբի մեջ կա՞ մեկը, ով իրավասու է բանակցել ինձ հետ,— հարցրեց նա։ — Կամ գոնե մեկը, ով ի վիճակի է հասկանալ ինձ։ Միայն ոչ դու,— ծաղրանքով նետեց նա՝ արհամարանքով նայելով Արագորնին։ — Էլֆական ապակին գցել ես վիզդ ու ինչ-որ ամբոխ հավաքել եկել, կարծում ես արքա՞ ես։ Լեռնային ցանկացած ավազակապետ նույնքան հպատակներ ունի։ Արագորնը ոչինչ չպատասխանեց, բայց ուշադիր նայեց սև սուրհանդակի ուղիղ աչքերի մեջ և երկար ժամանակ հայացքը չէր դարձնում։ Որոշ ժամանակ նրանց միջև լուռ պայքար էր ընթանում, և շուտով, թեև Արագորնը անշարժ կանգնած էր ու չէր դիպչում իր թրի բռնակին, վերջինս ցնցվեց ու նահանջեց, ասես խույս տալով հարվածից։ — Ես սուրհանդակ եմ և դեսպա՛ն, իմ անձն անձեռնամխելի՛ է,— ճչաց նա։ — Այնտեղ, որտեղ հարգում են այդ օրենքը,— ասաց Գենդալֆը,— ընդունված չէ, որ դեսպաններն իրենց այդպես լկտի պահեն։ Սակայն ոչ ոք քեզ չի սպառնում։ Կարող ես չվախենալ մեզանից, քանի դեռ գործդ չես ավարտել։ Ամեն դեպքում, եթե տերդ չլսի իմաստության ձայնն ու դարձի չգա, ապա նրա բոլոր սպասավորների կյանքը շուտով լուջ վտանգի տակ կլինի, և քոնն էլ բացառություն չի լինի։ — Ահա թե ինչ,— ասաց սուրհանդակը,— ուրեմն դու՞ ես խոսնակը, ծեր ճերմակամորուս։ Մենք քո մասին հաճախ ենք լսում․ թափառում ես աշխարհով մեկ, դավադրություններ հյուսում, բայց մշտապես պահում ես քեզ անվտանգ հեռավորության վրա։ Սակայն այս անգամ քիթդ շատ հեռու ես խոթել, տեր իմ Գենդալֆ։ Ոչինչ, շուտով կտեսնես, թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր համարձակվում են իրենց հիմար ցանցը հյուսել Սաուրոն Մեծի ոտքերի առջև։ Ինձ մոտ որոշ իրեր կան, որոնք հրամայված է ցույց տալ ձեզ, և հատկապես քեզ, եթե կհանդգնես մոտենալ նրա Դարպասին։ Նա նշան արեց իր ուղեկիցներից մեկին, և նա առաջ եկավ՝ ձեռքին կրելով սև գործվածքով փաթաթված մի կապոց։ Սուրհանդակը քանդեց կապոցը, և զարմացած ու սարսափած մարդկանց աչքերի առջև բարձրացրեց սկզբում կարճ թուրը, որ Սեմն էր կրում, հետո էլֆական ամրակալով մոխրագույն թիկնոցը, և վերջապես Ֆրոդոյի միթրիլե օղազրահը և պատառոտված շորերը։ Բոլորի աչքերի առջև մթություն տիրեց։ Մի ակնթարթ լռություն իջավ, և թվաց, թե աշխարհը կանգ առավ։ Սրտերը դադարեցին բաբախել, վերջին հույսը մեռավ։ Իշխան Իմրահիլի հետևում կանգնած Փիփինը ողբալի ճիչով առաջ նետվեց։ — Հանգի՛ստ,— խստորեն հրամայեց Գենդալֆը՝ հետ մղելով նրան։ Մորդորի սուրհանդակը բարձրաձայն ծիծաղեց։ — Ուրեմն, ձեզ հետ էլի մեկին եք բերել այդ առնետներից,— բացականչեց նա։ — Թե ի՞նչ օգուտ եք դուք գտնում դրանց մեջ, ինձ համար հանելուկ է, բայց որպես լրտես նրանց Մորդոր ուղարկելը՝ դա արդեն նույնիսկ ձեր սովորական հիմարությունից վեր է։ Ամեն դեպքում ես շնորհակալ եմ նրան, այդ գաճաճին, քանի որ պարզ դարձավ, որ նա առաջին անգամ չի տեսնում այս իրերը, և դուք այլևս չեք կարող հերքել այդ։ — Ես չեմ էլ պատրաստվում հերքել,— ասաց Գենդալֆը։ — Ես գիտեմ, թե որտեղից են դրանք և ինչ ճանապարհ են անցել։ Իսկ դու, Սաուրոնի ստոր լեզու, չնայած անբարտավան պահվածքիդ, ոչինչ չգիտես այդ մասին։ Ինչու՞ ես սրանք այստեղ բերել։ — Թզուկի օղազրահ, էլֆական թիկնոց, թուր՝ ընկած Արևմուտքի գերեզմանոցից և լրտես՝ Հոբիթստան անունով առնետաբնից․․․ Էլ մի սկսիր, մենք ամեն ինչ շատ լավ գիտենք՝ և ահա դավադրության հետքերը։ Ուրեմն, այսպես․ հնարավոր է, այս իրերը կրողը ձեզ համար արժեք չուներ և դուք անտարբեր եք նրա ճակատագրի նկատմամբ, բայց հնարավոր է և, որ նա շատ թանկ էր ձեզ համար։ Եթե այո, ապա ի մի բերեք ձեր գլխում մնացած գիտակցության վերջին մնացորդները։ Սաուրոնը լրտեսներ չի սիրում, և այժմ ձեր ընտրությունից է կախված նրա ճակատագիրը։ Ոչ ոք չպատասխանեց, բայց սուրհանդակի աչքերից չվրիպեց նրանց դեմքերի գունատվելը և սարսափը նրանց աչքերում։ Եվ նա կրկին ծիծաղեց՝ տեսնելով որ իր խաղը հասնում է իր նպատակին։ — Լավ, լավ,— ասաց նա։ — Տեսնում եմ, նա ձեզ համար թանկ էր։ Կամ գուցե հանձնարարությունը որով ուղարկել էինք նրան, ավելի՞ կարևոր էր ձեզ համար։ Այո, նա այն ձախողել է, և այժմ դատապարտված է երկար տարիների դանդաղ տանջանքների՝ Մեծ Աշտարակն այդ գործում իրեն հավասարը չունի, կարող եք չկասկածել։ Նա այլևս լույսի երես չի տեսնի։ Կամ գուցե մենք կարձակենք նրան, երբ նա կփոխվի, և նրա կամքը վերջնականապես կկոտրվի։ Այդ ժամանակ նա կվերադառնա ձեզ մոտ, և դուք կտեսնեք ձեր արածի արդյունքը։ Այդպես էլ կլինի, եթե չընդունեք Տիրակալի պահանջները։ — Ասացեք ձեր պահանջները, որո՞նք են դրանք,— գոչեց Գենդալֆը։ — Նրա ձայնը վստահ հնչեց, բայց կողքին կանգնածները տեսան նրա դեմքին գծագրված ցավը, և հանկարծ նա բոլորին թվաց ծերացած, խորշոմած, վերջնականապես ճնշված ու պարտված։ Ոչ ոք այլևս չէր կասկածում, որ նա կընդունի պահանջները։ — Պահանջներն այսպիսին են,— չարախինդ ժպտալով ասաց սուրհանդակը՝ հերթով նայելով բոլորին։ — Գոնդորի հրոսակները և նրանց մոլորված դաշնակիցները պետք է անմիջապես նահանջեն Անդուինից այն կողմ՝ երդում տալով այլևս երբեք զինված չհարձակվել Սաուրոն մեծի վրա ո՛չ գաղտնի, ո՛չ բացեիբաց։ Անդուինից արևելք գտնվող բոլոր հողերը այսուհետ հավիտյան կպատկանեն Սաուրոնին։ Անդուինից արևմուտք մինչև Մշուշապատ Լեռներ և Ռոհանի Լեռնանցք ընկած բոլոր հողերը պետք է հարկատու դառնան Մորդորին, և այնտեղ ապրող մարդիկ չպետք է զենք կրեն, բայց իրավունք կունենան վարելու իրենց գործերը՝ ինչպես կուզեն։ Սակայն նրանք կօգնեն վերականգնել Իզենգարդը, որը բարբարոսաբար ավերել են, և այն կպատկանի Սաուրոնին, և այնտեղ կնստի նրա կառավարը, բայց ոչ Սարումանը, այլ վստահության արժանի մեկ ուրիշը։ Սուրհանդակի աչքերին նայելով, բոլորը հասկացան, որ հենց ինքն է այդ մեկ ուրիշը․ նա մտադրություն ուներ դառնալ Իզենգարդի կառավարը և իր իշխանության տակ առնել այն ամենը, ինչ կմնար Արևմուտքից։ Նա կդառնար բռնակալ, իսկ նրանք՝ իր ստրուկները։ Սակայն Գենդալֆն ասաց․ — Արդյոք շա՞տ բան չէ պահանջում քո տերը մեկ ծառայի ազատման դիմաց՝ ստանալ այն ամենը, ինչը հակառակ դեպքում ստիպված կլինի նվաճել բազում մարտերի գնով։ Իսկ գուցե Գոնդորի դաշտերում ջախջախվել է նաև պատերազմում հաղթելու նրա հավա՞տը։ գուցե ա՞յդ է պատճառը, որ նա սկսել է սակարկել։ Բայց ենթադրենք, որ մենք համաձայն ենք նման գին վճարել մեկ գերու դիմաց՝ ի՞նչ հավաստիացումներ կտա մեզ Սաուրոնը, խաբեբաների և դավաճանների գերագույն տիրակալը, որ կկատարի համաձայնության իր մասը։ Որտե՞ղ է այդ գերին։ Թող բերեն նրան և հանձնեն մեզ, և այդ ժամանակ մենք կքննարկենք այս պահանջները։ Գենդալֆը սևեռուն նայեց սուրհանդակին, ինչպես հակառակորդին մահացու թրամարտում, և նրա աչքից չվրիպեց, որ վերջինս մի պահ կորցրեց իրեն։ Բայց հետո արագորեն իրեն տիրապետեց ու կրկին ծիծաղեց։ — Բավական է շաղակրատես,— չարացած գոչեց նա։ — Քեզ հետ խոսում է Սաաուրոնի Ձայնը։ Հավաստիացումնե՞ր։ Սաուրոնը ոչ ոքի հավաստիացումներ չի տալիս։ Եթե հայցում եք նրա ողորմածությունը, ապա նախ պետք է կատարեք իր պահանջները։ Պահանջներին արդեն տեղյակ եք։ Ընդունեք դրանք կամ մերժե՛ք։ — Սրանք՝ մենք կընդունենք,— հանկարծ ասաց գենդալֆը։ Նա թիկնոցը մի կողմ նետեց, և ճերմակ լույսը թրի շեղբի պես բոցավառվեց այդ սև վայրում։ Գարշելի սուրհանդակն ակամա ընկրկեց նրա բարձրացված ձեռքից, բայց Գենդալֆն առաջ գնաց ու նրա ձեռքից խլեց իրերը՝ օղազրահը, թիկնոցը և թուրը։ — Սրանք մենք կվերցնենք ի հիշատակ մեր ընկերոջ,— գոչեց նա։ — Ինչ վերաբերում է պահանջներին, մենք դրանք կտրականապես մերժում ենք։ Կարող ես հեռանալ, քո բանակցությունն ավարտված է, և մահ է քեզ սպառնում։ Մենք այստեղ չենք եկել բառեր վատնելու և բանակցելու երմնազանց ու անիծված Սաուրոնի հետ․ առավել ևս՝ նրա ստրուկներից մեկի հետ։ Չքվի՛ր։ Մորդորի սուրհանդակն այլևս չէր ծիծաղում։ Նրա դեմքը զայրույթից ու զարմանքից աղավաղվեց, և նա նմանվեց վայրի գազանի, որը, ատամները խրելով որսի մեջ, հանկարծ մռութին հարված է ստանում պողպատե ձողով։ Նրա բերանը կատաղությունից սեղմվեց, և կոկորդից զայրույթի անհասկանալի ձայներ դուրս թռան։ Բայց նայեց հրամանատարների չարացած դեմքերին, մահացու շողացող աչքերին, և վախը հաղթահարեց բարկությանը։ Նա բարձր ճչաց, շրջվեց, թռավ իր ձիու մեջքին և իր ուղեկիցներով շրջապատված խելագարի պես սլացավ հետ՝ Քիրիթ Գորգոր։ Եվ ընթացքի ժամանակ նրա ուղեկիցները եղջերափողեր փչեցին, որը պայմանավորված ազդանշան էր, և մինչ դեսպանները կմոտենային Դարպասին, Սաուրոնը փակեց ծուղակը։ Թնդացին թմբուկները, և կրակների լեզուները վեր խոյացան։ Սև Դարպասի հսկայական դռները լայնորեն բացվեցին։ Այնտեղից մեծաթիվ զորք դուրս հորդեց այնպիսի արագությամբ, ինչպես հորդում է քլթքլթացող ջուրը, երբ բարձրացվում է պատնեշը։Արևմուտքի հրամանատարները ցատկեցին ձիերին և Մորդորի զորքի ծաղրական ճիչերի ներքո վերադարձան զորքի մոտ։ Օդում փոշու ամպ գոյացնելով՝ առաջ շարժվեցին արևելացիների հրոսակները, որոնք ազդանշանի էին սպասում Էրեդ Լիթուիի ստվերում, հեռավոր աշտարակի այն կողմում։ Մորանոնի երկու կողմերի բլուրների լանջերից ներքև հորդեցին անհամար օրքերի հորդաներ։ Արևմուտքի զորքը հայտնվեց ծուղակում։ Եվ շուտով գորշ բլուրների շուրջը, որտեղ նրանք կանգնած էին, անհամար թշնամական զորք էր ծփում ծովի պես, որը քանակով տասնապատիկ անգամ գերազանցում էր Գոնդորի զորքին։ Սաուրոնն իր պողպատե ծնոտներով հափշտակեց առաջարկվող խայծը։ Արագոնին քիչ ժամանակ էր մնացել ճակատամարտի պատրաստություն տեսնելու համար։ Նա Գենդալֆի հետ կանգնեց բլուրներից մեկի վրա, և նրա հետևում հուսահատ ծածանվեց Ծառի և Աստղերի պատկերով հրաշագեղ զինադրոշը։ Մյուս բլուրի վրա, ոչ հեռու, ծածանվում էին Ռոհանի և Դոլ Ամրոթի զինադրոշները՝ Ճերմակ ձին և արծաթե կարապը։ Իսկ բլուրների շուրջը օղակվեցին Արևմուտքի ռազմիկները՝ դեմքով ուղղված աշխարհի բոլոր կողմեր, նիզակների և թրերի մացառուտներ ստեղծելով։ Մորդորի դիմաց, որտեղից սպասվում էր առաջին կատաղի հարձակումը, ձախ կողմում կանգնել էին Էլրոնդի որդիները, և նրանց շուրջը՝ Դունադանները, իսկ աջ կողմում՝ իշխան Իմրահիլն ու Դոլ Ամրոթի ասպետները՝ բարձրահասակ, գեղեցիկ, և Մինաս Թիրիթի Աշտարակի պահապան ռազմիկներից լավագույնները։ Փչեց քամին, երգեցին շեփորները, սուլեցին նետերը։ Բայց արևը, որ բարձրանալով, շողում էր հարավում, պարուրվեց Մորդորի գարշահոտ ծխով՝ դժգունելով մշուշում, դարձավ հեռավոր ու բոսորագույն՝ կարծես թեքվել էր դեպի մայրամուտ և ազդարարում էր օրվա վերջը կամ, հնարավոր է, աշխարհի վերջը։ Եվ այդ երկնային մշուշից մահացու ճիչեր արձակելով հայտնվեցին Նազգուլները, և եղած հույսը մարեց սրտերում։ Փիփինը սարսափից կուչ էր եկել, երբ լսեց, որ Գենդալֆը մերժում է պահանջները և Ֆրոդոյին դատապարտում տանջանքների անիծված աշտարակում, բայց հիմա տիրապետեց իրեն և կանգնեց Բերեգոնդի կողքին, Գոնդորի առաջին շարքերում, Իմրահիլի և նրա ասպետների մոտ։ Նա որոշեց, որ ավելի լավ է արագ մեռնել ու փակել իր դառը կյանքի վերջին էջը․ միևնույնն է, ամեն ինչ ավերված է։ — Էհ, գոնե Մերին էստեղ լիներ,— լսեց նա իր սեփական ձայնը։ Նրա գլխով սրընթաց մտքեր էին անցնում, իսկ աչքերը հետևում էին մոտեցող թշնամիներին։ «Դե ինչ, գոնե հիմա ես հասկանում եմ խեղճ Դենեթորին։ Եթե մեռնելու ենք, կարող էինք գոնե միասին մեռնել՝ ես ու Մերին, իսկ ինչու՞ ոչ։ Լավ, ինչ արած, քանի որ նա էստեղ չէ, հուսով եմ, ավելի թեթև վերջ կունենա։ Բայց հիմա ես պետք է ամեն ինչ անեմ, որ կյանքս թանկ վաճառեմ։» Նա հանեց իր թուրը և նայեց շեղբի վրա միահյուսվող կարմիր ու ոսկեգույն գծերին։ Նումենորյան գեղեցիկ ռուները հրե շողեր էին արձակում։ «Սա երևի հենց էսպիսի ժամի համար էլ կռել են,— մտածեց նա։ — Ա՛յ թե կարողանայի սրանով ծակել էդ նողկալի սուրհանակին, էդ ժամանակ, երևի, համարյա կհավասարվեի ծերուկ Մերիին։ Ոչինչ, հիմա ոնց որ պետք է կծակծկեմ էս գազանային վիժվածքներից մի քանիսին, մինչև ամեն ինչ կվերջանա։ Կուզենայի մեկ անգամ էլ արևի զով լույս ու կանաչ խոտ տեսնել․․․» Հենց այդ պահին թշնամիների առաջին ալիքը փլվեց նրանց վրա։ Օրքերը, խրվելով բլուրների դիմաց տարածված ճահճուտում, կանգ առան ու նետերի տարափ տեղացին պաշտպանվողների վրա։ Հետո նրանց միջով գազանային մռնչյունով առաջ շարժվեցին Գորգորոթի լեռնային թրոլները։ Նրանք մարդկանցից ավելի բարձր էին և լայնաթիկունք, հագուստի փոխարեն պատված թեփուկավոր թաղանթով, որը և՛ նրանց մաշկն էր, և՛ զրահը, կրում էին հսկայական սև վահաններ ու ծանր մուրճեր՝ հանգուցավոր ձեռքերում։ Նրանք առանց տատանվելու մտան ճահճուտն ու մռնչալով առաջ շարժվեցին։ Եվ անցնելով այն, փոթորկի պես մխրճվեցին գոնդորցիների շարքերի մեջ՝ աջ ու ձախ հարվածներ հասցնելով, ջարդելով սաղավարտներ, վահաններ գլուխներ և ուսեր, ինչպես դարբիները, որոնք հարվածում են շիկացած երկաթին։ Փիփինի կողքին կանգնած Բերեգոնդն օրորվեց ու ընկավ, և նրան հարվածող թրոլ առաջնորդը կռացավ նրա վրա՝ առաջ մեկնելով ճիրանավոր թաթը․ քանզի այդ կատաղի արարածները սովորություն ունեին կրծել իրենց պարտված ախոյանի կոկորդը։ Փիփինն ամբողջ ուժով հարվածեց թրոլին ներքևից վերև։ Արևմուտքի ռուներով պատված շեղբը ծակեց թեփուկավոր թաղանթն ու մինչև կոթը խրվեց հրեշի որովայնը։ Սև արյունը դուրս հորդեց։ Թրոլն օրորվեց ու փլվեց ժայռի պես՝ թաղելով իր տակը գտնվողներին։ Փիփինին պարուրեց գարշահոտ խավարը և ջախջախիչ ցավը, և նրա գիտակցությունը կլանեց անհատակ խավարը։ «Ուրեմն, ամեն ինչ վերջացավ իմ մտածածի պես»,— գիտակցությունը կորցնելուց առաջ փայլատակեց նրա գլխում, և նա հասցրեց նույնիսկ այդ մտքի վրա ծիծաղել, որովհետև այն տարօրինակ կերպով ուրախ էր․ վերջ, ուրեմն, կասկածներին, վախերին ու տանջանքներին։ Եվ մոռացումի խավարի շեմին նա ձայներ լսեց, որոնք ասես գալիս էին ինչ-որ մոռացված ու հեռավոր աշխարհից․ — Արծիվնե՜րը, արծիվներն են գալիս․․․ Փիփինը մի ակնթարթ հապաղեց խավարի եզրին։ «Բի՛լբոն,— մտածեց նա։ — Բայց ոչ, դա եղել է շատ վաղուց և այլ հեքիաթում։ Իսկ սա իմ հեքիաթն է, և այն ավարտված է։ Հաջողություն։» Եվ խավարը կլանեց նրան։ ===ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ=======Գլուխ առաջին․ Քիրիթ Ունգոլի աշտարակը==== Սեմը դժվարությամբ վեր կացավ գետնից։ Մի ակնթարթ նա չհասկացավ, թե որտեղ է, բայց հետո հիշեց, և ողջ վիշտն ու հուսահատությունը վերադարձան։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]