Արդեն երկու տարի էր՝ այդ երկրում էի։ Երրորդ տարվա սկզբին Գլյումդալկլիչն ու ես մի անգամ ուղեկցում էինք թագավորին ու թագուհուն, երբ նրանք դեպի հարավային ափերը ճանապարհորդություն էին կատարում։ Սովորականի պես ինձ տանում էին ճանապարհորդական արկղի մեջ, որ, ինչպես առաջ նկարագրեցի, մի շատ հարմար ու տասներկու ոտնաչափ լայնության սենյակ էր։ Ես պատրաստել էի տվել մի ճոճք, որը մետաքսի թելերով կախված էր առաստաղի չորս անկյուններից՝ մեղմացնելու համար ցնցումներն այն ժամանակ, երբ ծառան, ըստ իմ ցանկության, ինձ առջևը դրած տանում էր ձիու վրա, կամ քնելիս, երբ մենք ճանապարհորդում էինք։ Սենյակիս առաստաղին, ուղիղ ճոճքի մեջտեղը, ես պատվիրել էի հյուսնին, որ մի երդիկ շինի՝ մեկ քառակուսի ոտնաչափ մեծությամբ, որպեսզի տոթ եղանակին, երբ ես քնում եմ, մաքուր օդ մտնի․ սիրտս ուզած ժամանակ այդ երդիկը փակում էի մի տախտակով, որ ակոսների մեջ ետ ու առաջ էր շարժվում։
Երբ մենք տեղ հասանք, թագավորը որոշեց մնալ իր մի պալատում, Ֆլենֆլասնիկի մոտ՝ մի քաղաքի, որ գտնվում էր ծովափից տասնութ անգլիական մղոն հեռավորության վրա։ Գլյումդալկլիչն ու ես սաստիկ հոգնել էինք։ Ես մի փոքր մրսել էի, իսկ խեղճ աղջիկն այնպես հիվանդ էր, որ չէր կարողանում դուրս գալ սենյակից։ Ես շտապում էի տեսնել օվկիանոսը, որ կարող էր ինձ համար փախուստի ճանապարհ բաց անել, եթե երբևիցե հաջողվեր։ Ես ինձ ձևացրի ավելի հիվանդ, քան էի և խնդրեցի, որ ինձ թույլ տան մաքուր օդ ծծելու համար ծովի ափը գնամ մի մանկլավիկի հետ, որին ես շատ էի սիրում և որին ինձ հաճախ վստահում էին։ Երբեք չեմ մոռանա, թե ի՜նչ դժկամությամբ Գլյումդալկլիչը համաձայնեց ինձ բաց թողնել և քանի՜ անգամ հանձնարարեց մանկլավիկին, որ լավ խնամի ինձ․ նա միևնույն ժամանակ աղի արտասուքներ էր թափում՝ կարծես նախազգալով այն, ինչ պատահեց։ Տղան ինձ արկղով մանգալու տարավ դեպի ծովափի ապառաժները, պալատից մոտ կես ժամ հեռավորությամբ։ Ես նրան հրամայեցի, որ ինձ վայր դնի, ապա պատուհաններից մեկը բանալով, իմ մելամաղձոտ հայացքը հառեցի դեպի ծովը։ Ես ինձ վատ էի զգում, ուստի մանկլավիկին ասացի, որ ուզում եմ ճոճքի մեջ մի քիչ քնել, հուսալով, որ քնից հետո մի փոքր կհանգստանամ։ Ես պառկեցի քնելու, իսկ մանկլավիկը փակեց իմ պատուհանները, որ չմրսեմ։ Քնելուց հետո, ինչպես ես կարողացա ենթադրել, կարծելով, որ ոչ մի վտանգ չի սպառնում ինձ, գնաց ժայռերի արանքներում թռչունի բներ փնտրելու, ինչպես առաջները նկատել էի իմ պատուհանից։ Թող լինի այնպես, ինչպես ուզում է, իսկ ես մեկ էլ այն տեսնեմ, որ արթնացա մի սոսկալի չանգռտոցից․ կարծես մեկը բռնում է իմ արկղի տանիքի վրա ամրացրած օղակից, որպեսզի ավելի հարմար կերպով վերցնի արկղը։ Ես զգացի, որ իմ արկղը բարձրացավ օդի մեջ և ապա սարսափելի արագությամբ սկսեց թռչել։ Առաջին ցնցումից քիչ մնաց, որ վայր ընկնեմ ճոճքից, բայց հետո շարժումն ավելի աննկատելի դարձավ։ Ես մի քանի անգամ բարձր ձայնով գոռացի, բայց իզուր։ Ես փորձեցի պատուհանից դուրս նայել, սակայն ամպերից ու երկնքից բացի ուրիշ ոչ մի բան չէր երևում։ Իմ գլխավերևը ես լսեցի մի աղմուկ, որ նման էր թռչունի թևերի բախումների, ու կամաց֊կամաց սկսեցի հասկանալ, թե ես ինչ աղետալի վիճակի մեջ էի ընկել։ Երևի մի որևէ արծիվ <ref>Արծիվ․ ― Գրիֆի կամ մարդիկ և կենդանիներ որսացող ու տանող հսկայական թռչունի առասպելն արաբական ծագում ունի։ Նույն ձևով է Սիրանոն հեռանում լուսնից։ Վիթխարի արծվի գաղափարը երևի Սվիֆտին ներշնչել է կամ Սիրանոն և կամ մեկն այն բազմաթիվ ճանապարհորդներից, որոնց գրվածքները ժրաջան կերպով նա կարդում էր։</ref> իր կտուցով բռնել էր իմ արկղի օղակից և ուզում էր ինձ, ինչպես մի խեցապատ կրիայի, զարկել ապառաժներին, որպեսզի հետո կտցահարի իմ մարմինն ու լափի։ Այդ թռչուններին հատուկ իմաստուցյունն ու հոտառությունը հնարավորություն են տալիս նրանց նկատելու իրենց որսը շատ մեծ տարածության վրա, թեկուզ այդ որսն ավելի լավ թաքնված լինի, քան ես՝ իմ երկու մատնաչափ տախտակի տակ։
Մի փոքր հետո ես նկատեցի, որ աղմուկն ու թևերի բախումն ուժեղացան, և իմ արկղը սկսեց վեր ու վար օրորվել, ինչպես քամու ժամանակ ցուցանակը։ Ես լսեցի, որ մեկը մի քանի անգամ հարվածեց, իմ կարծիքով, արծվին (որովհետև ես համոզված էի, որ իմ արկղն արծիվ է բռնել իր կտուցով), ապա զգացի, որ ուղղահայաց կերպով մի րոպեի չափ թռչում եմ դեպի ցած, բայց մի այնպիսի անհավատալի արագությամբ, որից շունչս կտրվեց։ Իմ անկումը կանգ առավ մի այնպիսի ահավոր ճողփյունով, որի ձայն ավելի բարձր էր, քան Նիագարայի ջրվեժի աղմուկը․ ապա մի քանի րոպե ես ընկղմվեցի մթության մեջ, հետո իմ արկղը նորից սկսեց բարձրանալ այնքան, որ ես կարողացա իմ պատուհանների վերին մասից տեսնել լույսը։ Հիմա ես հասկացա, որ ընկել եմ ծովի մեջ։ Շնորհիվ իմ մարմնի ծանրության ու մեջը եղած իրերի և երկաթե շերտերի, որոնք ամրության համար խփված էին առաստաղի ու հատակի չորս անկյուններին, իմ արկղն ընկղմվեց ջրի մեջ հինգ ոտնաչափ խորը։ Այն ժամանակ ես ենթադրեցի, ինչպես և այժմ եմ ենթադրում, որ իմ արկղը տանող արծիվը հարձակման ենթարկվելով երկու֊երեք այլ արծիվներից, որոնք հույս են ունեցել մաս առնելու նրա ավարից, կռվի ժամանակ ինքնապաշտպանությունից դրդված իր կտուցից բաց է թողել արկղը։ Հատակին խփած երկաթե շերտերը (որովհետև դրանք շատ ծանր էին) անկաման ժամանակ պահպանեցին արկղի հավասարակշռությունը և թույլ չտվին, որ ջրի երեսին զարկվելուց փշրվի։ Երկաթե կապերը լավ էին ամրացված․ դռները ճարմանդների վրա չէին կախված, այլ վեր ու վար էին շարժվում ակոսների մեջ, ուստի և արգելք հանդիսացան, որ քիչ ջուր թափվի սենյակի մեջ։ Մեծ դժվարությամբ ես դուրս եկա ճոճքից և խիզախեցի բաց անել տանիքի հիշածս տախտակը, որպեսզի ներս թողնեմ մաքուր օդ, առանց որի քիչ էր մնում խեղդվեի։