― Այո,― ասաց Մարվինը։― Այո, աստծո ծղունգները վկա, հավատում եմ։ Եվ կօգնեմ ձեզ փրկելու դ՝ Ագուստինին և տարածելու այս տարօրինակ ու հեղափոխական, նոր վարդապետությունը։
― Շնորհակալություն,― պարզապես ասաց Ժյուլը։ Եվ ձեռքով շարժում արեց։
Ինչ֊որ մեկը դուրս սահեց Մարվինի աթոռի ետևից։ Դա կուզիկն էր։ Մարվինը որսաց պողպատի մահացու փայլը, մինչ կուզիկը դանակը կդներ պատյանի մեջ։
― Մենք չէինք կամենում հարձակում գործել։ Իհարկե, վստահ էինք ձեզ վրա։ Սակայն եթե հավանություն չտայիք մեր ծրագրին, կհարկադրեինք, որ թաքցնեինք մեր սխալ ընտրությունն անանուն գերեզմանում։
― Զգուշությունն ավելի արժանավստահ է դարձնում ձեր պատմությունը,― չոր ասաց Մարվինը,― սակայն նման հապճեպ գնահատականն իմ սրտով չէ։
― Նման բարեկամական զրույցները բոլորիս ճակատին են գրված,― բարբառեց կուզիկը,― մի՞թե հույները չէին գերադասում մեռնել ընկերների ձեռքերի վրա, քան մահն ընդունել թշնամիների ճիրաններում։ Մեր դերերն այս աշխարհում ընտրված են անողորմ ճակատագրի խստաշունչ թելադրանքով և շատուշատ անձինք, որոնք մտադրվել են կյանքի բեմում արքայի դեր խաղալ, փոխարենը մի օր անշունչ դիակի են վերածվել։
― Սըր,― ասաց Մարվինը,― ձեր խոսքերից զգում եմ, որ կյանքում շատ առիթներ եք ունեցել բեմի հետ գործ ունենալու։
― Այո, ավաղ,― չոր պատասխանեց կուզիկը։― Ես իմ կամոք այդ անարժան դերերը չէին ընտրի, եթե անկանխագուշակելի անհրաժաշտությունը չհարկադրեր ինձ այդպես վարվել։
Այդ ասելով, կուզիկը կռացավ և քնադեց ոտքերը, որ կապված էին եղել ազդրերին, ապա ուղղվեց վեց ոտնաչաթ մեկ մատնաչափ հաղթ հասակով։ Հետո թուլացրեց֊հանեց մեջքի կուզը, մաքրեց դեմքի գրիմը և փսլինքը, սանրեց մազերը, պոկեց մորուքը, այլանդակված թաթը և ծուռ ժպիտով շրջվեց դեպի Մարվինը։
Մարվինը սևեռուն նայեց այդ կերպարանափոխված մարդուն, հետո խոր գլուխ տվեց և բացականչեց․
― Միլորդ Ինգլենուկ բար նա Իդրիսի֊սան, ծովակալության առաջին լորդ, պրեմիեր֊մինիստրին մերձավոր անձ, թագավորի Արտակարդ խորհրդական, եկեղեցական Ահեղի Մահակ և Գխլավոր հյուպատոսի Ոգեհարց։
― Այո, այդ ես եմ,― պատասխան տվեց Ինգլենուկը։― Եվ կուզիկի դեր եմ կատարում քաղաքական շարժառիթներով, քանզի բավական է, որ իմ այստեղ գտնվելու մասին կասկածի հակառակորդս՝ լորդ Բլաքըմուր դե Մորդևունդը, և ամենքս մեռած կլինենք ավելի շուտ, քան Թագավորական լճակի գորտերը կհասցնեն կռկռալ ֆոեբուսի<ref>Արև (լատ․), նաև Ապոլոն։</ref> առաջին ճառագայթների ներքո։
― Գաղտնեգործության այս բաղեղն<ref>Բառախաղ՝ ivy բառը նաև նշանակում է ինտելեկտուալ վերնախավ։</ref> աճում է բարձր աշտարակների վրա,― մեկնաբանեց Մարվինը։― Ես անկասկած, կծառայեմ ձեզ և թող ամենաբարձյալն ուժ տա բազուկներիս, որպեսզի որևէ պանդոկային ջարդարար մեկ յարդանոց պողպատով որովայնումս խոռոչ չբացի։
― Եթե խոսքը վերաբերում է Սև Դենիսի միջադեպին,― ասաց սըր Ժյուլը,― կարող եմ վստահեցնել ձեզ, որ ամենը կազմակերպված էր սըր Բլաքրմուրի հնարավոր լրտեսների ուշադրությունը շեղելու համար։ Իրականում, Սև Դենիսը մեր մարդկանցից էր։
― Հրա՜շք հրաշքի ետևից,― բացականչեց Մարվինը։― այս ութոտնիկն, ինչպես երևում է, շատ շոշափուկներ ունի։ Սակայն պարոնայք, տարակուսում եմ, թե ինչո՞ւ մեր թագավորության բոլոր զորավոր ջենտլմեններից դուք դիմեցիք մեկին, որը ոչ հատուկ մենաշնորհներ ունի, ոչ բարձր դիրք, ոչ դրամական հարստություն, ոչի՛նչ, բացի աստծո առջևի ջենտլմենի տիտղոսից, յուր պատվի նախանձախնդիր պահապանի համարումից և հազարամյա հնության ազնվական անունից։
― Ձեր համեստությունն անսահման է,― ծիծաղեց լորդ Ինգլենուկը։― Քանզի ամենին քաջ հայտնի է, որ սրամարտելու վարպետության մեջ չունեք ձեզ հավասարը, բացի երևի զազիր ու նենգավոր Բլաքըմուրից։
― Ես այդ արվեստի մեջ ուսանող եմ միայն,― անհոգ ասաց Մարվինը։― Ինչևէ, եթե իմ համեստ ունակությունը ձեզ օգտակար կլինի, ապա ուրախ եմ։ Իսկ այժմ, պարոնայք, ի՞նչ է ինձնից պահանջվում։
― Մեր ծրագիրը,― դանդաղ ասաց Ինգլենուկը,― ունի այն առավելությունը, որ խիստ հանդուգն է, և այն թերությունը, որ արտակարգ վտանգավոր է։ Զառերի մի նետում հաղթանակ է բերում կամ իր հետ տանում գրավը՝ մեր կյանքը։ Խաղ, որտեղ պարտվողին գերեզման է սպասում։ Եվ այդուհանդրեձ, ինձ թվում է այդ հանդուգն ձեռնարկը տհաճ չէ ձեր սրտին։
Մարվինը ժպտաց, նախադասությունը վերլուծելով, հետո ասաց․
― Արագ խաղը զվարթ է լինում։
― Գերազանց է,― խոր արտաշնչեց Ժյուլը, ոտքի ելնելով։― Այժմ պետք է մեկնենք Ռոմենի հովիտ՝ Քաստելգաթ ամրոցը։ Եվ ճանապարհին ձեզ կծանոթացնենք մեր նախագծի մանրամասներին։
Եվ այդպես երեք համախորհները, փաթաթված թիկնոնցների մեջ, ետնասանդուղքով դուրս եկան բարձր, նեղ առանձնատնից և մոտեցան հին արևմտյան պատի ետնադարպասին։ Այնտեղ նրանց մի կազմուպատրաստ քառաձի կառք էր սպասում, որի ոտնակներին երկու զինված պահապաններ էին կանգնած։
Մարվինը պատրաստվեց ներս մտնել և տեսավ, որ կառքի մեջ ինչ֊որ մեկն արդեն նստած է։ Դա մի աղջիկ էր և, ավելի մոտից դիտելով, Մարվինը տեսավ․․․
― Կետի՛,― գոռաց նա։
Աղջիկը ոչինչ չհասկանալով նայեց Մարվինին և սառը, տիրական ձայնով պատասխանեց․
― Սըր, ես Կատարինա դ՝ Ագուստինն եմ և ձեր դեմքն անծանոթ է ինձ։ Իսկ ձեր հանդուգն ընտանեվարությունը սրտովս չէ։
Աղջկա գեղեցկիկ մոխրագույն աչքերն անտարբեր էին՝ նա Մարվինին չէր ճանաչել, իսկ հարցեր տալու ժամանակ չկար։ քանզի դեռ չէր հասցրել սըր Ժյուլը շտապ ծանոթացնել նրանց, երբ ետևից բղավոց լսվեց։
― Հեյ, դո՛ւք, կառքի մե՛ջ։ Արքայի անունից հրամայում եմ կա՛նգ առնել։
Ետ նայելով, Մարվինը տեսավ դրագունների մի կապիտանի, որին ուղեկցում էին տասը ձիավոր։
― Դավաճանութո՛ւն,― գոռաց Ինգլենուկը։― Շտապե՛ք, կառապաննե՛ր, մտրակե՛ք ձիերին։
Սանձերի զրնգոցի ուղեկցությամբ չորս ընտիր նժույգները սլացան ու կառքը նեղ փողոցով տարան դեպի Իննաքարի և Օվկիանակողմի գլխավոր ճանապարհ։
― Կարո՞ղ են հասնել մեզ,― հարցրեց Մարվինը։
― Հնարավոր է,― պատասխանեց Ինգլենուկը։― Նրանց ձիերը շատ լավն են երևում, անիծյա՛լ լինեն նրանց կապույտ բշտիկավոր հետույքները։ Ներողություն, մադամ․․․
Մի քանի վայրկյան Ինգլենուկը դիտում էր ընդամենը քսան յարդ այն կողմ գտնվող ձիավորներին, որոնց սրերը փայլում էին լամպերի աղոտ լույսի տակ, հետո ուսերը թոթվեց ու շրջվեց։
― Թույլ տվեք տեղեկանալ,― ասաց նա,― թե արդյոք ծանո՞թ եք վերջին քաղաքական անցքերին այստեղ և ըդնանրապես Հին կայսրությունում, քանզի այդ իմացությունն անհրաժեշտ է մեր ծրագրերի էությունը ձեզ պարզ դարձնելու համար։
― Վախենում եմ, որ քաղաքականության մասին իմ գիտելինքերը ծայրահեղ աղքատիկ են,― ասաց Մարվինը։
― Ուրեմն թույլ տվեք շարադրել մի քանի հիմնական մանրամասներ, որոնք իրավիճակն ընկալման համար ավելի հասու կդարձնեն։
Մարվինը թիկնեց ետ, ականջներում դրագունների ձիերի սմբակների թմբկահարությունը։ Կետին, նստած առջևում (մի քիչ աջ), սառնորեն նայում էր սըր Ժյուլի գլխարի օրորվող ծոպիկներին։ Եվ լորդ Ինգլենուկը սկսեց խոսել․
==Գլուխ 27==
Ծերունի արքան մեռավ մոտ տասը տարի առաջ, հենց այն ժամանակ, երբ սուեսյան հերետիկոսները գլուխ էին բարձրացրել։ Նա Մուլվավիայի թագի համար լիիրավ ժառանգ չթողեց։ Եվ ամբողջ մայրցամաքը սկսեց եռ գալ չարագույժ կրքերից։
Երեք հավակնորդներ ընդհարվեցին Թիթեռնագահի համար։ Թեմայի արքայազն Մորովեյի մոտ էր գտնվում Ակնհայտ<ref>Բառախաղ՝ patent բառը նաև նշանակում է ակնհայտ․ ստացվում է՝ ակնհայտ ակնհայտը։</ref> հրովարտակը, որը նրան շնորհել էր կաշառված, սակայն դեռևս պաշտոնին մնացած Ընտրյալ հյուպատոսը։ Ավելին, այդ հրովարտակը Մորովեյին պատկանում էր ըստ Թագավորական էմպլիտուդի դոգմայի, քանի որ նա բարոն Նորվեգի՝ ծերունի արքայի քրոջ կիսազարմիկի (Դանատի հզոր մորտջոյի<ref>Կարելի է թարգմանել մահուրախ։</ref> գծով) հանրաճանաչ, ապօրինի երկրորդ (և միակ կենդանի) որդին էր։
Ուրիշ՝ պակաս խառը ժամանակներում, դա բավական կլիներ։ Սակայն մայրցամաքը քաղաքացիական ու եկեղեցական պատերազմների նախաշեմին էր, ուստի հավակնության և, առավել ևս, հավակնորդի թերի կողմերն աչքի զարնեցին։
Արքայազն Մորովեյը հազիվ ութ տարեկան էր և դեռ մի բառ չէր արտասանել։ Ըստ Մուվեյի դիմանկարի, նա հրեշավոր ուռուցիկ գլուխ ուներ, կախ ընկած ծնոտ և ուղեղի ջրգողությամբ տառապող ապուշի չկենտրոնացող աչքեր։ Նրա միակ սիրած զբաղմունքի առարկան որդերի հավաքածուն էր (լավագույնը մայրցամաքում)։
Ժառանգության հարցում նրա հրմնական հակառակորդը Գոթլիբ Հոսթրատերն էր՝ Մելայի դուքսը և կայսրական Մարգինլանդի<ref>Կարելի է թարգմանել սահմանային երկիր։</ref> իրպահպանը, որի կասկածելի ազնիվ ծագումը պաշտպանում էր սուեսական հերթվածող հոգևորականությունը և մասնավորապես Դոդեսայի զառամած եպիսկոպոսը։
Երրորդ հավակնորդը՝ Ռոմրուգո Վարսեցին, հաշվի մեջ չէր լինի, եթե յուր պահանջը չհիմնավորեր Վասքի հարավային դքսություններից բերված հիսուն հազար փորձառու զորականներով։ Լինելով երիտասարդ և ուժեղ, Ռոմրուգոն հայտնի էր որպես արտառոց վարքուբարքի տեր․ նրա ամուսնությունը յուր սիրեցյալ զմաբիկ Օրսիլլայի հետ դատապարտվեց ուղղափառ օվենսյան եկեղեցու կողմից, որի անհաստատունկողմնակիցն էր Ռոմրուգոն։ Բացի այդ, նա համակրանք չէր վայելուն նաև Գինթ֊Լուզենի բնակիչների մոտ այն բանից հետո, երբ կարգադրեց նրանց հպարտ քաղաքը թաղել քսան ոտնաչափ խորության հողի տակ «որպես նվեր ապագա հնէաբաններին»։ Այդուհանդերձ, Մուլվավիայի գահի հանդեպ նրա հավակնություններն արագորեծն կօրինականացվեին, եթե Ռոմրուգոն միջոցներ ունենար զինվորներին վճարելու։
Ի դժբախտություն իրեն, նա կարողություն չուներ (ամբողջովին վատնել էր լեդերթական ձեռագրեր գնելու վրա)։ Ուստի, բանակի դրամական միջոցներն ավելացնելու համար, Ռոմրուգոն դաշինք առաջարկեց հարուստ, բայց անազդեցիկ Թիհուրրու ազատ քաղաքի բնակիչների հետ, որոնց ղեկավարության տակ էր գտնվում Սիդյուի նեղուցը<ref>Բառախաղ՝ straits բառը միաժամանակ նշանակում է և՛ նեղուց, և՛ ծանր ֆինանսական դրություն։</ref>։
Այդ անխոհեմ քայլը նրա դեմ գրգռեց Պուլսի դքսությունը, որի արևմտյան սահմանները երկար տարիներ պատնեշ էին եղել Հին կայսրության համար կռապաշտ մոնոգոթերի ասպատակություններից։ Պուլսի մռայլ և ուղղամիտ երիտասարդ դուքսն անմիջապես հարեց հերձվածող Հոսթրատերին (նման արտառոց միությունը դեռ մայրցամաքը չէր տեսել) և, այդպիսսով, ուղղակի սպառնալիք դարձավ արքայազն Մորովեյի և վերջինիս հովանավորող Դանատի մորտջոյի համար։ Եվ այսպես, անսպասելիորեն տեսնելով, որ երեք կողմերից շրջապատված է սուեսացիներով, իսկ չորրորդ կողմից՝ անհանգիստ ու համառ մոնոգոթերով, Ռոմրուգոն սկսեց հուսահատ այսւոայնկողմ նետվել՝ նոր դաշինք փնտրելով։
Եվ գտավ՝ ի դեմս հանելուկային բարոն լորդ Դարքմութի՝ Թուրփլանդ կղզու Կանխատիրոջ։ Բարձրահասակ, լռախոս<ref>Բառախաղ՝ brooding բառը նաև նշանակում է թուխս նստած։</ref> բարոնը միանգամից ծով իջեցրեց քսանինգ գալեոններից կազմված յուր տորմիղը և ողջ Մուլվավիան շունչը պահեց, տեսնելով Դորթերի ուղղությամբ Էսչերյան ծով գնացող նավերի սպառնալի շղթան։
Հնարավո՞ր էր պահպանել հավասարակշռությունը, նույնիսկ այդքան ուշ։ Միգուցե, եթե Դոռեսայի ծեր եպիսկոպոսը, որը վերջապես վճռել էր համագործակցել Հոսթրաերի հետ, մեռնելու համար այդքան անհամապատասխան պահ չընտրեր և այդպիսով իշխանությունը չտար հանֆուտմութցի ընկնավոր Մուրվեյին։ Կամ եթե Կարմրաձեռ Էրիկմութը՝ արևմտյան մոնոգոթերի առաջնորդը, չընտրեր հենց այդ պահը արտաքսելու համար։ Պրոփեային՝ Պուլսի մռայլ դուքսի քրոջը, այն դուքսի որը հայտնի էր որպես «Մուրճ ընդդեմ հերետիկոսների» (դրանց թվում նա դասում էր բոլոր նրանց, ովքեր չէին ընդունում իր ջատագոված խիստ ուղղափառ դելոնգիանիզմը)։
Սակայն ճակատագրի ձեռքը խառնվեց, որպեսզի կանգնեցնի անխուսափելին, բարոն Դարքմութի գալեոններն ընկան․․․ 05 թվականի Մեծ փոթորկի մեջ և ստիպված էին պատսպարվել Թիհրրուում, որը թալանեցին, այդկերպ խափանելով Ռոմրուգոյի դեռ լրիվ չկայացած միությունը և խռովություն առաջացնելով անռոճիկ մնացած նրա վասքցիների մեջ․ նրանք լքեցին գնդերը և միացան Հոսթրատերին, որի տիրույթներով անցնում էին։
Այդպիսով Հոսթրատերը՝ թագի հավակնորդներից երրորդը և ամենադժկամը՝ մարդ, որը հաշտվել էր կորցրածի հետ, կրկին հայտնվեց պայքարի կենտրոնում և Մորովեյը, որի աստղը վառ շողում էր, հայտնաբերեց, որ երբ արևելյան կիրճերը վճռական թշնամու ձեռքերում են, Էչիլիդես լեռները հուսալի պաշտպանություն չեն։
Այդ ամենն անմիջականորեն ազդեց, առաջին հերթին, իհարկե, Ռոմրուգոյի վրա։ Նրա դրությունն աննախանձելի էր․ լքված էր սեփական զորքերի և մոռացված յուր դաշնակից բարոն Դարքմութի կողմից (որը մինչև կոկորդը խրված էր Թիհուրրուն ռուլլացի ծովահենների հարձակումից պաշտպանեով), և անապահով էր նույնիսկ սեփական Վարս կալվածքում, որտեղ ամեն րորպե հարձակում էր սպասում մորտջոյի գաղտնի համախոհներից, մինչդեռ Մարչի քաղաքները կողքից քաղցած գայլերի նման ցատկի էին պատրաստվում։ Ի լրումն բոլոր դժբախտությունների, զամբիկ Օրսիլլան ընտրեց հենց այդ պահը նրան լքելու համար։
Եվ այդուհանդերձ, այդ բոլոր ծանր փորձությունները չսասանեցին Ռոմրուգոին։ Օվենսյան հոգևորականությունը ցնծությամբ ընդունեց զմաբիկի դավաճանությունը, անհաստատ հավատացյալին Բացարձակ ապահարզան շնորհվեց։ Ի սարսափ իրենց, հոգևորականները շուտով իմացան, որ ցինիկ Ռոմրուգոն մտադիր է օգտագործել յուր ազատությունը, որպեսզի կնության առնի Պրոփեյաին և այդպիսով միություն կազմի Պուլսի երախտապարտ դուքսի հետ։
Ահա այն գործոնները, որ կառավարում էին մարդկանց կրքերն այդ ճակատագրական տարում։ Մայրցամաքը հավասարակշռություն էր պահպանում աղետի եզրին։ Գյուղացիները թաղում էին հացահատիկը և սրում գերանդիները։ Բանակները կազմուպատրաստ էին, սպասելով հրամանի, թե որ ուղղությամբ շարժվեն։ Արևմտյան մոնոգոթերի վայրագ զանգվածները, որոնց ետևից սեղմում էին էլ ավելի վայրագ, մարդակեր քոչվոր ալլահուտների հորդաները, սպառնալիորեն կիտվում էին Հին կայսրության սահմանների մոտ։
Դարքմութը շտապեց վերահանդերձավորել յուր նավերը, իսկ Հոսթրատերը վճարեց վասքցի զորականներին և վարժեցրեց նրանց նոր՝ ավելի ժամանակակից պատերազմի համար։ Ռոմրուգոն ամրապնդեց դաշինքը Պուլսի հետ, զինադադար կնքեց Էրիկմութի հետ և օգտվեց մորտջոյի և ընկեցիկ, սակայն անդրդվելի ու ամուր Մուրվեյի միջև ծագած նոր թշնամանքից։ Իսկ Թեմայի Մորովեյը՝ ռուլլացի ծովահեննրի ակամա դաշնակիցը, սուեսական հերետիկոսության ալարկոտ կողմնակիցը և Կարմրաձեռ Էրիքմութի չկանխամտածված մեղսակիցը, նայում էր Էչիլիդեսի արևելյան մռայլ լանջերին և սրտատրոփ սպասում։
Ահա այս գերագույն, համընդհանուր լարվածության պահին էր, որ միլորդ դ՝ Ագուստինը, առանց որևէ հետին դիտավորթյան, հայտարարեց յուր փիլիսոփայական երկն ավարտելու մասին։
Ինգլենուկի ձայնը դանդաղ մարեց և, միառժամանակ, բացի ձիերի սմբակների ծանր դոփյունից, ոչ մի ուրիշ ձայն չէր լսվում։ Հետո Մարվինը կամաց ասա․
― Այժմ հասկանում եմ։
― Գիտեի, որ կհասկանաք,― ջերմորեն պատասխանեց Ինգլենուկը։― Եվ դրա լույսի տակ կարող ենք նաև հասկանալ մեր ծրագիրը՝ ժողովվել Քաստելգաթ ամրոցում, իսկ հետո անմիջապես հարվածել։
Մարվինը գլխով արեց․
― Տվյալ հանգամանքներում ուրիշ ելք չի կարող լինել։
― Սակայն նախ,― ասաց Ինգլենուկը,― հարկավոր է ազատվել այս հետապնդող դրագուններից։
― Ինչ վերաբերվում է դրան,― ասաց Մարվինը,― ես մի ծրագիր ունեմ․․․
==Գլուխ 28==
Խորամանկ մի հնարքի շնորհիվ, Մարվինն ու նրա հայրենակիցները կարողացան խույս տալ հետապնդող դրագուններից և անվնաս հասնել Քաստելգաթի հսկա խրամատավոր մրցահրապարակը։ Այնտեղ, ժամացույցի տասներկուերորդ զարկի հետ, դավադիրները պետք է հավաքվեին, վերջնական զորադասավորումներ անեին ու հենց նույն օրը ճամփա ընկնեին՝ որպեսզի Բլաքըմուրի ահեղ ճանկերից դ՝ Ագուստինին փրկելու հանդուգն փորձ կատարեին։
Մարվինը գնաց արևելյան թևում գտնվող յուր սենյակները։ Նա ապշեցրեց մանկլավիկների՝ ձեռքերը լվանալու համար մի աման ջուր պահանջելով։ Մարվինի հիշյալ հակումը տարօրինակ էր համարվում այդ դարում, երբ նույնիսկ մեծամեծ պալատական տիկնայք սովոր էին օծանելիք քսած մետաքսե ներքնահագուստների տակ ծվեն֊ծվեն կեղտ թաքցնել։ Սակայն Մարվինն այդ սովորությունը ձեռք էր բերել հարավային Ռեմուվի զվարթ հեթանոս տեսքոների մեջ ապրելի, որոնց օճառային շատրվանները և սպունգե արձանները հրաշքների հրաշքն էին թվում ինքնահավան, փնթի հյուսիսային ազնվականներին։ Եվ չնայած յուր սյուզերենների հեգնանքին ու կրոնավորների դժգոհությանը, Մարվինը համառորեն պնդում էր, որ մեկ֊մեկ ձեռքեր լվանալը վնաս չի, եթե իհարկե ջուրն ուրիշ տեղերի չկպչի։
Ձեռալվան ավարտվեց, և Մարվինը, որի հագին միայն սև սատինե կիսատաբաթ էր, սպիտակ ժանյակավոր վերնաշապիկ, երկարճիտ կոշիկներ, ուսերին հասնող էրեցիական թավշակաշվե ձեռնոցներ, իսկ վրայի միակ զենքը՝ Քուեր դե Ստաբաթ սուրը, որը նրա գերդաստանում սերնդեսերունդ էր փոխանցվել հինգ հարյուր տարի, հանկարծ ինչ֊որ աղմուկ լսեց և կայծակի արագությամբ պտտվեց, ձեռքը սրի երախակալին։
― Օ՜, սըր, մի՞թե ինձ մեջտեղից երկու կես կանեք,― ծաղրեց լեյդի Կատարինան՝ քանզի դա նա էր, կանգնած տախտակադրվագավոր դռների մեջ։
― Պատիվս վկա, ձերդ ողորմածությունն ինձ հանկարծակիի բերեց,― ասաց Մարվինը։― Սակայն ինչ վերաբերում է երկու կես անելուն, այդ մեկն իրոք ուրախությամբ կանեի, բայց ոչ սրով, այլ ավելի հուսալի զենքով։
― Ամո՜թ, սըր,― ծաղրական ասաց լեյդի Կատարինան։― Բռնություն կնոջ հանդե՞պ։
― Միայն հաճելի բռնություն,― նրբակիրթ պատասխան տվեց Մարվինը։
― Խիստ ճարտար եք երևում,― ասաց լեյդի Կատարինան։― Հայտնի է, որ երկար ու ճկուն լեզուները սովորաբար զենքերի կարճությունն ու անզորությունը թաքցնելու միջոց են։
― Ձերդ ողորմածությունն անարադար է իմ հանդեպ,― ասաց Մարվինը,― քանզի համարձակվում եմ ասել, որ իմ զենքը վերին աստիճանի գործունակ է՝ բավական սուր, որպեսզի խոցի֊անցնի ուզած պաշտպանություն ու, եթե հարկ լինի, կրկնի հարվածները։ Եվ, բացի նման տարրական գործածությունից, այն տիրապետում է մի քանի հուսալի հնարքների, որոնք հաճույքով կցուցադրեի ձերդ ողորմածությանը։
<references/>