Թեպետև ըստ եղած կարծիքի՝ վիշապաքաղը հզորագույնն է երևում, բայց առավել հաճախ կամ ընդհանուրին ծանոթ է թվում եղջերվաքաղը, որ համարվում էր «կենդանի որ յեղջերուէ և ի քաղէ է, կամ կէսն եղջերուի և կէս քաղի» կամ քոշի, ինչպես գրում է «Սահմանաց գրքի» մեկնիչը և ավելացնում․ «Բայց ոչ է»։ Խոսքում այս բառը սովորաբար նշանակում է չեղած և չլինելու, անհեթեթ երևակայական մի բան, որի փոխարեն արևմտյանները ասում են <i>քիմեռ, քիմեռական</i> (Chimere, Chimerique), բայց իրենց լեզվով նույն մեր բառն էլ ունեն՝ հունարեն ФсбгЭлбцпт, Tragelaphus, միայն թե կենդանիների անունները հակաշար են։ Այս անունը նրանք Ս․ գրքի մեջ (Երկրորդ Օրինաց, ԺԴ, 5) գրում են այնտեղ, որտեղ մեր թարգմանության մեջ մեկ֊երկու ավելի անուն կա, և հավանաբար այս <i>եղջերվաքաղ</i>֊ի փոխարեն մերոնց դրածն է <i>խարբուզ</i>֊ը, որը, ըստ պարսկերեն բառի, թարգմանվում է «իշայծյամ»։ Չգիտեմ ինչ ավանդությամբ մեր մի նոր բանասեր եղջերվաքաղերին համարում է հայկական դիցուհիներին հետևող ու սպասավոր, ինչպես նաժիշտները։
Հրեշացած քաղի վերաբերյալ կարծիքը այնքան էր արմատացել մեզանում, որ գուցե դեռ խլված չէ մեր մտքից։ Գոնե անցյալ դարի մի վարդապետ մեր տատերի համար գրում էր․ «Համբաւ հանեն, եթէ տանն Դիւաց Քօչ է վայր եկել․ մեծամեծ ղօնղայ(՞) (ուտելիք―Ղ․Ա․) զատ շինեն, տներումն դնեն, որ դեւքն ուտեն․ տանտէրն երթեալ ասէ․ Բարեաւ եկայք, զինչ կամիք արարէք, մեզ մի՛ տաք վնաս»։
Քաղից հետո հիշվում են ցլախառնուրդ հրեշները, ինչպես Ոսկեբբերանի թարգմանության մեջ տեսածներս՝ <i>ձիացուլ</i>֊ը և <i>ծովացուլը</i>֊ը։ Կան նաև <i>իշացուլ</i> և <i>եզնախոյ</i>, սակայն թարգմանության մեջ գտնվելով՝ այս անունները օտարածին են թվում։ Հայ թարգմանիչը միայն <i>ծովացուլ</i>֊ն է հայոց մտքի ծնունդ համարում։ Իսկ Եզնիկը ասում է․ «Ծովացուլն՝ զոր ի Կովէ ելեալ ասեն»։ Ավելի հարմար է թվում կարդալ «ի ծովէ», այլ ոչ «ի կովէ», բայց դարձյալ ասում է․ «Մին ասէ, թէ ի մերում գեօղ Ծովացուլ զԿով գործեաց, և զգոչիւնն հանապազ մեք ամենեքեան լսեմք»։ Առաջինի համեմատ՝ պետք էր ասել, թե կովը ձիացուլ ծնեց, թեպետ որքան մեկն է սուտ, նույնքան էլ մյուսը, եթե դրանք չլինեն հայոց երկրի լճերի միջի մեծամեծ ձկները։
Վերոհիշյալ թարգմանիչի, Եզնիկի, Խորենացու և շատ ուրիշների հիշատակած հայոց ամենից ավելի նշանավոր հրեշ կենդանին առլեզն է կամ հարալեզը՝ արալեզը, որի անունը գրված է քիչ֊շատ տարբերությամբ, բայց յուրաքանչյուրի գրածի համեմատ մեկնաբանված է։ Առլեզը իբր առնող է և լիզր, հարալեզը՝ իբր հար (միշտ) լիզող, արալեզը՝ Արային լիզող<ref>Խորթ են թվում ուրիշ մեկի մի կարծիքն էլ, թե <i>առնալեզ</i> պիտի ասվեր՝ որպես «այրերին՝ քաջ պատերազմողներին լիզող», նմանապես Ջրպետի շփոթությունը, որը Շամիրամի չաստվածներին (դիք) ֆրանսերեն կոչում է Thik (Թիք) և ստուգաբանում է «քրտնող» (ceux qui suent) և համարում է նույնը, ինչ որ առլեզները։</ref>, քանի որ նախ հիշատակվում է մեր Արա Գեղեցիկ նահապետին վերաբերող ավանդության մեջ, թե երբ նա զոհվեց իր չսիրված սիրող Շամիրամի դեմ պատերազմում, սա, հայերի վրեժխնդրությունից վախենալով, համբավեց՝ իբր իր շունբերան չաստվածները, Արայի վերքերը լիզելով, նրան ողջացրին, և ի հիշատակ դրա՝ «կանգնէ և նոր իմն պատկեր դիւաց, և և մեծապէս զոհիւք պատուէ, ցուցանելով ամենեցուն, իբր թէ այս զօրութիւն աստուածոց կենդանացուցին զԱրայ»։
Հետո ի՞նչճ եղավ նա, ո՜վ աղճատյալ։ «Սահմանք»֊ի մեկնության հեղինակը, ավելի պարզելով, գրում է․ «Ստաբանեաց այսպէս ասելով, թէ աստուածքն շնորհեցին մեզ Կենդանիս ոմանս, որք լիզեալ զԱրա կենդանացուցին, լցուցանելով զփափագ մեր․ անդուստ սկսեալ ասեն գոլ կենդանի Յարալէզ»։
Ավելի հարմար էայսպես լիզողից ծագած համարել հրեշի անունը, քանի լիզվողից։ Ստույգ, թե անստույգ՝ Արայի անունը կարծիք ներս իրեն է ձգում։ Շամիրամին շնորհված կենդանիները իրեն ոչ անպատշաճ շներ են, որոնց լիզող լինելը հայտնի է բոլորին։ Հներն էլ ասում էին, թե առլեզները ձևանում էին շնորից կամ շնակերպ էին ու շնախառն։ Վանական վարդապետը <i>հարալեզ</i> է կոչում և համարում մեր մեկ այլ նորագույն առասպելավանդ թագավորի՝ Արտավազդի երկու շները․ «Սեաւ և Սպիտակ, որ յար լեզուն զկապանս նորա»։ Ինչ կերպարանք էլ ունենար, առլեզի գործը այն էր, որ «յորժամ վիրաւոր ոք անկեալ ի պատերազմի դնիցի, լիզիցէ և ողջացուցանիցէ»։ Եթե Բուզանդի պատմածը ստույգ է (Ե, ԼԶ), նաև 4֊րդ դարում՝ քրիստոնեության օրոք, երբ քաջն Մուշեղ Մամիկոնյանը սպանվեց, «ոչ հաւատային ընտանիք նորա մահու նորա․․․ կէսք յառնելոյ նմա ակն ունէին․ մինչեւ զգլուխն անդէն ի կոճեղն կարեալ՝ կցեցին, և հանին եդին տանիսն աշտարակի միոյ․ ասէին, զի վասն զի այր քաջ էր՝ Առլէզք իջանեն և յարուցանեն զնա»։
Մեկ դար անց հայոց պարզամիտ ռամիկը հավատում էր, թե իր նախնիների օրոք առլեզներն իսկապես եղել են, բայց նրանց հավատքի հետ էլ անհետացել են։ Բայց այս հայկական ավանդությունը մասնակի այլափոխությամբ պատվավոր կերպով պահել ու պատվի է արժանացել աշխարհի ամենախոհական ու վայելչագիր հեղինակի՝ Պլատոնի մոտ, ինչը կտեսնենք ստորև։
Վահրամ վարդապետը իր հարց ու պատասխանի մեջ հուշկապարիկին նույնացնում է համբարուի հետ՝ ասելով, թե երկուսն էլ միայն անուն են․ «է կենդանի մի, որ յար լեզու զմեռնեալսն և կենդանանան, և կոչի Յարալէզ»։
Այժմ հիշենք հայերի այդ երկրորդ նշանավոր հրեշին՝ համբարուին, որի կերպարանքը անծանոթ է։ Ս․ գրքի հիշտակումից իմացվում է, որ անապատ, ամայի տեղերում գտնվող կամ կարծված կենդանու նման էր։ Բայց առավել երևակայված էր, քան բնական, և ոչ էլ բոլորի կարծիքով, ինչը տեսնում ենք Ս․ գրքի այլևայլ թարգմանությունների մեջ այլևայլ նմանողություններով։ Մեր մեկնիչները՝ Մխիթար Գոշը Մեր մեկնիչները՝ Մխիթար Գոշը (Մեկնություն Երեմիայի, ԺԳ, 21) և Գևորգ Սկևառցին (Մեկնություն Եսայու, ԼԴ, 13), ս․ Ոսկեբերանի հետ ասում են, թե համբարուները սոսկ անուն են և իրոք չկան, և անցնում են։ Հոբի հին մեկնիչ Յուսիքիոսը, ըստ հայերեն թարգմանության, ասում է․ «ԶՀամբարու՝ այք Յուշկապարիկ թարգմանեցին․ և համբաւ է վասն սորա՝ թէ ծովային կենդանի է, ի միջոյն ի վայր ձուկն, և ի վեր՝ կնոջ կերպարան․ և այնքան քաղցրաձայն՝ զի պակնուն լսողքն» և այլն։ Այս հարմար է Sirene կոչված հրեշներին։ Բայց իրեն հոբի եղբայր համարող համբարուն, Եսայու հիշատակածը (ԼԴ, 13) «գազանք անապատի, Համբարուք և Դստեր Ջայլամանց», ցույց են տալիս ոչ թե ծովային այլ ցամաքային էակ՝ կերպարանքով և սեռով իգական, որովհետև ինչպես այստեղ Եսային է հիշում ջայլամների դուստրերին, այնպես էլ այլ մարգարեներ (Մեքիա, Ա, 18, Երեմիա, Ծ, 39)․ սրանցից առաջինը վիշապիկն էլ համբարուների հետ մեկտեղ է հիշատակում․ «Արասցէ կոծ իբրեւ զՎիշապաց, և սուգ իբրեւ զդստերաց Համբարեաց»։ Անապատում ողբաձայն ճչացող թռչունների ու լալկան կանանց ձայնը միանգամայն խառնում են այսպիսի խոսքերը, որով և խառնում են լալկանների կերպարանքը։ Հույնը մեր <i>համբարու</i>֊ն գրում է <i>սիրենես</i> (Уейсзнет): Լատիներեն թարգմանության մեջ <i>համբարու</i>֊ի փոխարեն միշտ գրվում է <i>ջայլամ</i> (Struthion), նրանից ծագած նոր լեզուներում՝ նույնպես, երբեմն էլ գրում են <i>բու, կարապ</i> կամ, առանց որոշակիության, <i>ճչաձայն և դաժան թռչուն</i> (Oiseaux lugubres կամ sinistres)։ Անգլիացի թարգմանիչները համարում են, թե <i>լիլիթ</i> և <i>քիպպոզ</i> եբրայերեն բառերը նշանակում են բուի տեսակներ։ Մարգարեների մեր հնագույն մեկնիչ Դավիթ քահանան (12֊րդ դար), ըստ կարծիքների, նրանց համարում «դեւս հերաւորս, խոզանեալք և աշտանակամազք․ և թէ գազանք ինչ և թռչունք են յանապատի, սակաւուց տեսեալ և անծանօթ յոլովից»։ Սա էլ է այդ դիվակերպ հրեշներին խռից և ցցված մազերով կնոջ կերպարանք տալիս։ Իսկ մեր հանգույն հիշատակող հեղինակը՝ Եզնիկը, համարում է իրական կենդանի, քանզի ասում է․ «Համբարուաց ծնունդք գոն և մեռանին»։ Մեկ ուրիշ անանուն գրող ու հին բառագիրք այն նմանեցնում են մողեսաձև կենդանու՝ ասելով․ «Համբարու Քարաթոծն է․ ի նմանէ ծնեալն եթէ ի ցամաքի ծնանի Քարթոշ կոչի, և եթէ ի ջուրս ծնանի՝ Կոկորդիլոս կոչի»։
Հայտնի է, որ այս անճոռնի երկկենցաղ կենդանին էլ, ըստ բնագետների, մողեսների ցեղից է (հրաշալի՜ զույգ կամ քույր ու եղբայր՝ ջայլամներ ու մողեսներ՝ կոկորդիլոսներ), որոնց փոխարեն՝ մեր վերոհիշյալ գրողը (Դավիթը) մի տեղում էլ սոսկ ասում է․ «Համբարուս և Դստերս Վայրենեաց»։
=Ծանոթագրություններ=
<references/>