Իհարկե, հպարտանում եմ, բայց նաև միշտ հարցնում եմ՝ արդյոք ե՞ս եմ այդ նկարվողը։ Նկարներից էլ կարելի է հասկանալ, որ դեմքս միշտ տարբեր է երևում։ Բայց միևնույն է՝ նկարների միջև ընդհանրություն, միություն է զգացվում։
Վերջերս մանրանկարիչները պատմություն էին անում, ու ես մի բան իմացա։ Ֆրանսիացի անհավատների թագավորր Վենետիկի դոժի դստեր հետ էր ցանկանում ամուսնանալ։ Կամուսնանա, բայց եթե հանկարծ վենետիկցին աղքատ է, դուստրն էլ՝ տգե՞ղ։ Ամենավարպետ նկարչին ասում է՝ գնա՛, Վենետիկի դոժի դստերը, ունեցվածքը, իրերը նկարիր։ Վենետիկցիները չգիտեն, թե ինչ է նշանակում անձնական կյանք. նկարչին ոչ միայն դստերը, այլև իրենց ձիերը, իրենց պալատներն են ցույց տալիս։ Տաղանդավոր նկարիչն էլ այնքան լավ է նկարում, որ եթե աղջկան, ձիուն տեսնես, անմիջապես կճանաչես։ Մինչ ֆրանսիացի թագավորն իր պալատի բակում վենետիկյան նկարներին նայելով՝ մտածում էր՝ ամուսնանալ այդ աղջկա հետ, թե չէ, իր ձին սիրահարվում է նկարի գեղեցիկ զամբիկին ու փորձում է բարձրանալ նկարի վրա։ Ձիապանները դժվարությամբ են կարողանում բռնել ձիուն, որն իր հսկայական գործիքով նկարը մաս-մաս էր արել։ Ասում են, որ ֆրանսիական ձիուն այդքան ոգևորողը ոչ թե վենետիկյան զամբիկի գեղեցկությունն էր, այլորպես իսկական էգ ձի պատկերելը։ Ուրեմն մե՞ղք է համարվում այդ զամբիկին իսկական ձիու պես նկարելը։ Հիմա, ինչպես տեսնում եք, մյուս ձիու նկարների հետ համեմատած՝ շատ քիչ տարբերություն կա։ Իրականում իմ մեջքի գեղեցկությանը, ոտքերիս երկարությանը, իմ կեցվածքի հպարտությանն ուշադրություն դարձնողները կհասկանան, որ բոլորից տարբերվում եմ։ Բայց այս գեղեցկություններն այն պատճառով չեն, որ ես տարբերվում եմ. դրանք ցույց են տալիս, թե որքան տաղանդավոր է ինձ նկարողը։ Բոլորդ էլ գիտեք, որ ճիշտ ինձ նման երկրորդ ձի չկա։ Ես միայն նկարչի ներսի ձիու երազանքի նկարն եմ։ — Վա՜յ, ինչ գեղեցիկ ձի է,— ասում են մարդիկ ինձ տեսնելիս։ Ոչ թե ինձ, այլ իմ նկարչին են իրականում գովաբանում։ Մինչդեռ բոլոր ձիերը տարբերվում են իրարից, ու նկարիչը նախևառաջ դա պետք է նկատի։ Եկե՛ք, տեսե՛ք, որ ոչ մի ձիու գործիքն անգամ մյուսին նման չէ։ Մի՛ վախեցեք, կարող եք հնարավորինս մոտիկից նայել, անգամ կարող եք ձեռք տալ։ Իմ հիանալի գործիքն էլ յուրահատուկ ձև, ելևէջներ ունի։ Չնայած որ բոլոր ձիերը, ամեն մեկս ամենամեծ կերտողի՝ Աստծու ձեռքի տակով անցնելով՝ մեկս մյուսից տարբեր ենք ստացվել, ուրեմն ինչո՞ւ են նկարիչները մեզ անգիր անում ու հետո նկարում։ Ինչո՞ւ առանց մեզ նայելու, հազարավոր, տասնյակ հազարավոր ձի նկարելով են իրենց գովաբանում։ Որովհետև ոչ թե սեփական աչքերով տեսած աշխարհը, այլ Աստծու տեսած աշխարհն են փորձում նկարել։ Միթե՞ սա չի նշանակում Աստծուն հավասարվել (Աստված հեռու տանի), ասել, որ Աստծու արածը ես էլ կարող եմ անել։ Սեփական աչքով տեսածով չբավարարվելով՝ երազանքների նույն ձին (Աստծու տեսած ձին) հազար անգամ նկարողներն ամենալավ ձիուն անգիր արած, կույր նկարիչների պես նկարել կարողանալը պնդողները իրականում Աստծու հետ մրցելով՝ անհավատություն չե՞ն անում։ Ֆրանսիացի վարպետների նոր նկարչական ոճերն անհավատություն չեն, ընղհակառակը՝ մեր կրոնին ամենահամապատասխանողն են։ Վա՜յ, իմ էրզրումցի եղբայրներ, սխալ չհասկանաք, ինձ դուր չի գալիս, որ ֆրանսիացի անհավատի կանայք բացեիբաց, կիսամերկ են զբոսնում, գեղեցիկ տղաների հետ սուրճ են խմում, տղամարդիկ անբեղ, անմորուք են շրջում, մազերը կանանց պես երկարացնում են, ասում են՝ «Հփսուս մարգարեն նաև Աստված է»։ Անգամ նրանց վրա շատ եմ զայրանում, եթե մեկին հանդիպեմ, մի լավ քացի կհասցնեմ։ Բայց առանց պատերազմ գնալու, տանը կանանց պես նստող նկարիչներին սխալ երևալուց էլ եմ հոգնել։ Վագելիս երկու ոտքս միաժամանակ պարզած են նկարում։ Ոչ մի ձի այդպես ճագարի նման չի վազում։ Եթե դիմացի ոտքերիցս մեկն առջևում է, մյուսը ետևում է։ Ոչ մի ձի արշավանքների նկարներում պատկերվածի պես դիմացի ոտքի՝ առջևում լինելիս չի կարող հետաքրքրասեր շան պես մյուսն էլ առաջ պարզել։ Մեկը մյուսի ստվերի, օրինակի, միևնույն կաղապարի վրա մեկը մյուսի ետևից քսան անգամ արտատպված ոչ մի հեծյալ իր զորքի ձիերին միաժամանակ չի կարող հեծնել։ Եթե ոչ ոք մեզ չի նայում, մեր առաջ եղած խոտն ենք արածում, այլ ոչ թե, ինչպես դուք եք նկարում, ուղիղ կանգնած հաղթանակած նայում ենք։ Ինչո՞ւ են այդքան ամաչում, որ մենք ուտում ենք, խմում, կեղտոտում ու քնում։ Ինչո՞ւ են վախենում իմ այս հիանալի գործիքը նկարելուց։ Հատկապես երեխաները և կանայք սիրում են, երբ ոչ ոք չի նայում, ուզածի չափ նայել այնտեղ։ Ի՞նչ կա որ։ Էրզրումցի հոջան սրան է՞լ է դեմ։ Ասում են, որ մի ժամանակ Շիրազում մի մանրախնդիր ու ծեր շահ էր ապրում։ Քանի որ վախենում էր, որ թշնամիներն իրեն գահընկեց կանեն ու որդուն կթագադրեն, արքայազնին որպես նահանգապետ ուղարկում է Սպահան, փակում պալատի ամենահեռու սենյակում։ Առանց այգու, առանց բակի այդ սենյակում երեսուն տարի բանտարկված ապրելով՝ գրքերով ապրող արքայազնը հոր մահից հետո գահ բարձրանալուն պես ասում է. — Ինձ մի ձի բերեք, գրքերում նկարն եմ տեսել, ուզում եմ իմանալ, թե ինչ բան է։ Պալատի ամենագեղեցիկ դարչնագույն ձին են բերում, և նոր շահը, տեսնելով ձիու լայն ռունգերը, տգեղ հետույքը, ընդհանրապես չփայլող բաշը՝ կոպիտ մեջքը, հիասթափվում է և հրամայում կոտորել երկրի բոլոր ձիերին։ Քառասուն օր տևած այս դաժան սպանդից հետո երկրի գետերը լցվում են տխրությամբ ու արյան գույնով։ Աստծու արդարությամբ այս նոր շահն իր թշնամի՝ Քարաքոյունլու Թուրքմեն բեյի բանակի առաջ առանց հեծյալի է մնում, պարտվում է և դաժանաբար սպանվում։ Ոչ ոք թող չմտածի, թե, ինչպես գրքերում է պատկերված, ձիերի սպանությունն անվրեժ է մնացել։ == 36. Իմ անունը Քարա է == Երբ Շեքուրեն երեխաների հետ փակվեց սենյակում, երկար ժամանակ լսում էի տան ձայները, անդադար թխկթխկոցները։ Մի պահ Շեքուրեի հետ Շևքեթը սկսեց շշուկով ինչ-որ բաներ խոսել, ու մայրը խուճապով լռեցրեց նրան. — Շ՜շ՜շ՜։ Միևնույն ժամանակ ջրհորի մոտից՝ ներքևից, ինչ-որ չխկոց եկավ, բայց ուրիշ ձայն չլսվեց։ Հետո ուշադրություն դարձրի տանիքին նստած ճայի վրա, բայց նա էլ, ինչպես ամեն բան, կորավ լռության մեջ։ Հետո խոր տնքոց լսեցի, որ միջանցքի մյուս կողմից էր գալիս, հասկացա. Հայրիյեն է արտասվում քնի մեջ։ Տնքոցները հազի վերածվեցին, հազն էլ միանգամից պայթեց ու ընդհատվեց, և կրկին այդ տխուր ու հավերժական լռությունը սկսվեց։ Քիչ անց կարծելով, թե փեսայիս սենյակում ինչ-որ մեկը քայլում է, սառեցի։ Լռության մեջ իմ առջև դրած նկարներին էի նայում, կրքոտ Զեյթինի, գեղեցիկ աչքերով Քելեբեքի, լուսահոգի գրչի՝ այդ նկարներն անելն էի պատկերացնում։ Որոշ գիշերներ, ինչպես իմ փեսան է անում, նկարներին մեկ առ մեկ նայելիս ուզում էի ասել՝ սատանա, մահ, բայց մի վախ ինձ թույլ չէր տալիս ասել։ Չնայած փեսայիս համառությանը՝ այս նկարներն ինձ այնքան էին անհանգստացրել, որ նրանց համապատասխան պատմություն չէի կարողացել գրել։ Քանի որ դանդաղ հասկանում էի, որ փեսայիս մահը նրանց հետ անմիջական կապ ունի, նաև վախի ու անհամբերության զգացողություն էի ունենում։ Միայն Շեքուրեին մոտ լինելու համար փեսայիս պատմությունները լսելիս արդեն բավականաչափ նայել էի այս նկարներին։ Հիմա, երբ Շեքուրեն իմ կինն էր, ինչո՞ւ պետք է հետաքրքրվեի այսքան տարօրինակ բաներով։ — Երեխաների քնելուց հետո անգամ Շեքուրեն անկողնուց ղուրս գալով՝ քեզ մոտ չեկավ,— դառնորեն ասաց իմ ներքին ձայնը։ Երկար ժամանակ մոմի լույսի տակ նայում էի նկարներին՝ հուսալով, որ իմ սևաչյա գեղեցկուհին կգա։ Առավոտյան Հայրիյեի բղավոցներից արթնանալով՝ մոմը վառեցի ու նետվեցի միջանցք։ Մի պահ մտածեցի, որ Հասանն է մարդկանց հետ տուն խուժել, մտածեցի, որ պետք է թաքցնեմ նկարները։ Բայց շատ չանցած հասկացա, որ Հայրիյեն և Շեքուրեն Էնիշթե էֆենդու մահը հարևաններին հայտարարելու համար երեխաներին հրամայել էին բղավել։ Շեքուրեի հետ միջանցքում իրար տեսանք ու փաթաթվեցինք։ Հայրիյեի բղավոցներից անկողնուց վեր թռած երեխաները կանգնած մնացին։ — Ձեր պապիկը մահացել է,— ասաց Շեքուրեն նրանց։— Չմտնեք այդ սենյակ։ Իմ ձեռքերից դուրս պրծնելով՝ մտավ հոր սենյակ ու սկսեց արտասվել։ Ես երեխաներին սենյակ տարա։ — Հագուստներդ փոխեք, կմրսեք,— ասացի։ Նստեցի անկողնու եզրին։ — Պապիկս առավոտյան չի մահացել, այլ գիշերը,— ասաց Շևքեթը։ Բարձի վրա Շեքուրեի գեղեցիկ երկար մազը նմանվել էր հարցական նշանի։ Վերմակի մեջ դեռ Շեքուրեի ջերմությունը կար։ Հիմա Հայրիյեի հետ լսում էինք նրա լացն ու բղավոցները։ Ինձ համար այնքան զարմանալի ու կեղծ էր, որ նա կարողանում էր արտասվել այնպես, ասես հայրը նոր է մահացել, որ զգացի՝ Շեքուրեին ընդհանրապես չեմ ճանաչում, նրա մեջ ինձ օտար շատ բան կա։ — Վախենում եմ,— ասաց Օրհանն այնպիսի հայացքով, ասես արտասվելու թույլտվություն էր խնդրում։ — Մի՛ վախեցեք,— ասացի ես։– Ձեր մայրը լալիս է, որպեսզի հարևաններն իմանան ձեր պապիկի մահվան մասին ու գան։ — Ի՞նչ կլինի, եթե գան,— ասաց Շևքեթը։ — Եթե գան, ձեր պապիկի մահվան համար ոչ միայն մենք, այլև նրանք կտխրեն ու կարտասվեն։ Այսպիսով, մեզ կցավակցեն, ու մեր ցավը կթեթևանա։ — Պապիկիս դո՞ւ ես սպանել,— բղավեց Շևքեթը։ — Եթե մայրիկիդ տխրեցնես, քեզ չեմ սիրի,– ես էլ ասացի բղավելով։ Կարծես ոչ թե խորթ հոր ու որբ երեխայի խոսակցություն էր, այլ աղմկոտ գետի ափին կանգնածների բղավոցներ։ Այդ պահին, որպեսզի թաղամասում իր բղավոցներն ավելի լավ լսվեն, Շեքուրեն դուրս էր եկել միջանցք, փորձում էր բացել պատուհանների փականները։ Հասկանալով, որ պետք է նրան օգնեմ, ելա միջանցք։ Միասին պայքարեցինք պատուհանների փականների ու փեղկերի դեմ։ Ուժեղ հրեցինք, տախտակը պոկվեց ու ընկավ բակ։ Մեր դեմքին արև դիպավ, ու ցուրտ զգացինք։ Մի պահ զարմացանք։ Շեքուրեն ասես ամբողջ աշխարհին ձայն տալով՝ բարձր արտասվեց։ Այդ պահին նրա բղավոցներով թաղամասին հայտարարվող Էնիշթե էֆենդու մահն ինձ համար նախկինից ավելի սարսափելի ու դառը թվաց։ Անկախ նրանից՝ անկեղծ էր, թե ոչ, կնոջս լացն ազդում էր ինձ վրա։ Ես էլ, լրիվ անսպասելի, սկսեցի արտասվել։ Իսկապես տխրությունի՞ց էի լալիս, թե՞ վախենում էի, որ փեսայիս սպանության մեջ ինձ կմեղադրեն՝ չգիտեմ։ — Գնաց, գնաց, գնաց, ա՜խ, հայրիկս, գնաց, գնա՜ա՜ա՜ց,— բղավում էր Շեքուրեն։ Իմ բղավոցներն ու խոսքերն էլ նույնն էին, բայց չէի հասկանում, թե ինչ եմ խոսում։ Այդ պահին տներից, դռների արանքից, պատուհանների խլափեղկերի արանքից մեզ նայող թաղամասի աչքերով էի ինձ տեսնում և կարծում էի, որ ճիշտ եմ անում։ Արտասվելիս մաքրվում էի այն կասկածներից, թե ցավս ու արցունքներս իրական են, թե ոչ, սպանության մեջ մեղադրվելու, անգամ Հասասից ու նրա մարդկանցից ունեցածս վախերից։ Շեքուրեն իմն էր, և կարծես բղավելով ու արտասվելով՝ դա էի տոնում։ Ողբացող կնոջս գրկեցի և ուշադրություն չդարձնելով, որ արտասվող երեխաները մոտենում են մեզ, սիրով համբուրեցի նրա այտերը։ Չնայած արտասվում էի, զգում էի, որ նրա այտը, ինչպես մեր մանկության տարիներին, փափուկ ու գոլ անկողնու պես է և նշենի է բուրում։ Հետո երեխաների հետ գնացինք դիակի մոտ։ Արդեն հոտող, երկու օրվա դիակի մոտ ասացի «Լա իլահե իլլալլահ», ասես նա մահամերձ էր։ Ասացի, որպեսզի մահից հետո այս խոսքը կրկնվի, ու փեսաս դրախտ գնա։ Հետո, ասես փեսաս էլ էր այդպես ասել, նայեցինք նրա ջախջախված դեմքին, մաս-մաս եղած գլխին ու մի պահ ժպտացինք։ Ես ձեռքերս պարզեցի և «Յասին» կարդացի, բոլորը լռեցին ու լսում էին։ Հայրիյեի բերած մաքուր պատանքով խնամքով կապեցինք փեսայիս բաց բերանը, մաս-մաս եղած աչքը սիրով փակեցինք, մարմինը մի փոքր թեքելով՝ պառկեցրինք աջ կողքի և գրեթե գոյություն չունեցող դեմքը թեքեցինք դեպի քըբլե։ Շեքուրեն հոր վրա նոր սավան գցեց։ Այս ամենին բժշկի պես հետևող երեխաների լռությունն ինձ դուր եկավ։ Վերջապես ինձ զգում էի որպես կին, երեխա, տուն ունեցող մեկը, և դա մահվան բոլոր վախերը հաղթահարող զգացողություն էր։ Նկարները հավաքեցի, մեկ առ մեկ դրեցի թղթապանակի մեջ, հագա հաստ անթևնոցս ու դուրս վազեցի տնից։ Մեր բղավոցները լսելով՝ ցավակցելու հաճույքով մեզ մոտ եկող հարևաններից մի ծեր կնոջ, զվարճանալու պատրաստ փսլնքոտ թոռան վրա ուշադրություն չդարձնելով՝ ուղիղ գնացի թաղի մզկիթ։ «Իմամի տուն» կոչվող առնետի բույնը, ինչպես բոլոր նորակառույց մզկիթներում, հսկայական գմբեթներով, շքեղ լայն բակով շենքի կողքին ամոթալի փոքր երևացող տեղ էր։ Իմամն էլ, ինչպես հաճախ էր անում, այդ փոքրիկ, սառը առնետի բնից բակի երկու շագանակենու միջև կնոջ խունացած ու անգույն լվացքն էր կախում։ Իմամ էֆենդու ընտանիքի պես բակին տիրացած երկու անամոթ շների հարձակումների ու նրանց փայտերով քշող իմամի որդիների մոտով անցնելուց հետո իմամի հետ մի անկյուն քաշվեցինք։ Երեկվա ամուսնալուծության և ամուսնության հարցերից հետո ինձ տեսնելուն պես՝ «Աստվա՜ծ իմ, հիմա ի՞նչ է պատահել» ասող նրա հայացքը տեսա։ — Էնիշթե էֆենդին այս առավոտ մահացավ։ — Աստված հոգին լուսավորի, գերեզմանին լույս իջնի,— ասաց նա բարյացակամ։ Ինչո՞ւ ասացի «այս առավոտ» և ինձ իզուր կասկածի տակ դրեցի։ Երեկ նրան տվածս ոսկիներից մի հատ էլ դրեցի ափի մեջ։ Ասացի, որ նամազից առաջ եղբոր հետ բարձր կանչելով ամբողջ թաղամասին անմիջապես հայտարարի մահվան մասին։ — Եղբայրս կիսակույր մտերիմ ընկեր ունի, նրա հետ հանգուցյալներին ենք լողացնում,— ասաց նա։ Մի կույր և կիսահիմար մարդու ձեռքով Էնիշթե էֆենղուն լողացնելուց ձեռնտու ի՞նչ կարող էր լինել։ Ասացի, որ հուղարկավորությունը կեսօրին է լինելու, պալատի արվեստանոցից, ղպրոցներից, շատ լուրջ տեղերից մարդիկ են գալու։ Էնիշթե էֆենդու ջախջախված դեմքի, գլխի մասին ոչինչ չասացի։ Որովհետև վաղուց որոշել էի, որ խնդիրը միայն այդպես կարող եմ լուծել։ Քանի որ մեր սուլթանը փեսայիս պատվիրած գրքի գումարն ուղարկել էր գանձարան, նախևառաջ մահվան լուրը պետք է նրան հասցնեի։ Այդ նպատակով պալատ գնալու համար Սողուկչեշմեի դարպասների դիմացի դերձակների մոտ մանկությունիցս ի վեր աշխատող և լուսահոգի հորս կողմից բարեկամ պաստառագործի մոտ գնացի, համբուրեցի հետքերով ծածկված ձեռքը։ Աղաչելով ասացի, որ պետք է գանձապետին տեսնեմ։ Ինձ գույնզգույն մետաքսի կտորներով վարագույր կարող կորաքամակ նստած ճաղատ աշակերտների մոտ սպասեցնելուց հետո կցեց գլխավոր դերձակի օգնականին, որը չափման ու հաշվառման համար պետք է պալատ գնար։ Սողուկչեշմեի դարպասներից մտա, անցա Ալայ հրապարակի դիմացի արվեստանոցի մոտով, առայժմ որոշեցի մյուս նկարիչներին չհայտնել սպանության մասին։ Ալայ հրապարակն ինչպես միշտ դատարկ էր, բայց միևնույն ժամանակ՝ աղմկոտ։ Պալատական ժողովների օրերը Կաղրթ Էմինիի դռան մոտ սովորաբար հայցորդների հերթ է լինում, բայց այնտեղ, ինչպես և պահեստների մոտ ոչ ոք չկար։ Սակայն ատաղձագործարանից, թոնրատնից, հիվանդասենյակի պատուհաններից, ախոռներից, կոնաձև աշտարակներին հիացմունքով նայածս երկրորդ դռան առաջ ձիերից ու ձիապաններից, սոճիների միջից կարծես անընդհատ աղմուկ էի լսում։ Այս խուճապը քիչ անց, իմ կյանքում առաջին անգամ վերագրեցի Բաբուսսելամի մոտով անցնելուս վախին։ Դռան մոտ ո՛չ կարողացա ուշադրություն դարձնել այն անկյունին, որտեղ ասում են, թե միշտ դահիճներն են կանգնած լինում, ո՛չ էլ կարողանում էի անհանգստությունս թաքցնել ղերձակ-ուղեկցորդիս՝ ինձ տված կտորների փաթաթոցներին նայող դռնապաններից։ Երբ մտանք Դիվանի հրապարակ, ամենուր խոր լռություն տիրեց, անգամ վզիս երակներից զգում էի՝ ինչպես է բաբախում սիրտս։ Պալատ մտած-ելածներից, փեսայիս պատմածներից ու նկարագրածներից իմացածս այս տեղն այժմ իսկական դրախտի պես ու գեղեցկագույն այգով՝ իմ առաջ էր։ Բայց ոչ թե դրախտ մտածի երջանկություն, այլ վախ ու սարսափ էի զգում, հիմա զգում էի, որ աշխարհի կենտրոնի՝ մեր սուլթանի սովորական ծառան էի։ Խոտերի մեջ զբոսնող սիրամարգի փետուրներին, աղմուկով հոսող աղբյուրներին շղթաներով կապված գավաթներին, մետաքսե հագուստով, կարծես առանց գետնին դիպչելու՝ անձայն քայլող պալատական տասնապետերին հիացմունքով նայելիս սուլթանին ծառայելու ոգևորություն զգացի իմ մեջ։ Ես անպայման ավարտին էի հասցնելու մեր սուլթանի գիրքը, որի կիսատ մնացած նկարները թևիս տակ էի կրում։ Հիացմունքից բացի վախ արթնացնող պալատական աշտարակին այսքան մոտիկից նայելիս չգիտեի՝ ինչ անել, արագ քայլում էի դերձակի ետևից։ Մեզ կցված երիտասարդ դռնապանի հետ երազային վախով ու անձայն մտանք Դիվանհանեի և գանձարանի շենք։ Մի մեծ գմբեթի տակ՝ ձեռքերին կտորներով, կաշվի կտորներով, արծաթե սրերով, սադափե սնդուկներով սպասող վարպետներ տեսա։ Հասկացա, որ մեր սուլթանի համքարության զինագործ, կոշկակար, արծաթագործ ու մետաքսի վարպետներ էին, փղոսկր մշակող փայտագործներ և ուդ պատրաստող վարպետներ։ Օրվա հաշիվները, նյութերը ձեռք բերելու, չափումներ անելու պես այլ պատրվակներ թվարկելով՝ բոլորը կանգնած էին գանձապահի սենյակի մոտ. Էնդերուն մտնելն արգելվում էր։ Սպասողների բազմության մեջ ոչ մի նկարիչ չտեսնելով՝ ուրախացա։ Մենք էլ մի անկյուն քաշվելով՝ սկսեցինք սպասել։ Մերթընդմերթ հաշվարկների սխալների պատճառով խոսքերը կրկնել տվող գանձապետի քարտուղարի բարձրացող ձայնն էր լսվում, հետո մի փականագործ վարպետի՝ նրան հարգանքով տված պատասխանն էինք լսում։ Ձայները երբեմն բարձրանում էին, բակում թռչող աղավնիների՝ գմբեթի մեջ արձագանքող թևերի գարկերը մեր՝ արհեստագործների փողի և նյութերի բողոքներից ավելի բարձր էին լսվում։ Երբ հերթն ինձ հասավ, ու մտա գանձապետի գմբեթավոր փոքրիկ սենյակը, միայն մի գիրք տեսա այնտեղ։ Անմիջապես գանձապետին ասացի, որ մեծ խնդիր կա, որ մեր սուլթանի պատվիրած և նրա վրա խնամքով աշխատած գիրքը կիսատ է մնացել։ Այդ պահին կարծես գանձապահի քարտուղարը ինչ-որ բան էր զգացել, աչքերը լայն բացել էր։ Ես էլ փեսայիս գրքից նկարներ ցույց տվեցի նրան։ Նկարների տարօրինակությունից և անսովոր տպավորիչ լինելուց շփոթված էր երևում։ Ասացի փեսայիս անունը, նրա կեղծանունը, գործը, որ անում է, և ավելացրի, որ այս նկարների պատճառով է մահացել։ Ամեն ինչ արագ էի ասում, որովհետև եթե առանց մեր սուլթանին հասնելու վերադառնամ պալատից, շատ լավ գիտեմ՝ փեսայիս սարսափելի մահվան մեջ ինձ են մեղադրելու։ Երբ քարտուղարը գնաց գանձապետին լուրը հայտնելու, անհանգստությունից քրտնել էի։ Փեսաս էր ինձ պատմել, որ գանձապետը, որը միշտ մեր սուլթանի հետ էր, երբեմն նամազների ժամանակ նրա գորգն էր բացում, արդյոք ինձ համար դուրս կգա՞ր Էնդերունից։ Անգամ այն, որ պալատի սիրտը համարվող Էնդերուն լուր էին ուղարկել, բավականաչափ հավատ չէր ներշնչում ինձ։ Որտե՞ղ էր մեր սուլթանը, իջել էր ծովափի պալատներից մե՞կը, հարեմո՞ւմ էր, թե՞ գանձապետի հետ։ Երկար ժամանակ անցավ, մինչև ինձ ներս հրավիրեցին։ Ասեմ, որ մի պահ այնպես հանկարծակիի եկա, որ անգամ չհասցրի վախենալ։ Բայց սենյակի դռան մոտ կանգնած մետաքսի վարպետի դեմքի հարգանքն ու զարմանքր տեսնելով՝ խուճապի մատնվեցի։ Ներս մտնելուն պես վախեցա մի պահ, կարծեցի, թե ոչինչ չեմ կարողանալու խոսել։ Գլխին ծոպավոր սերփուշ կար, որը միայն նա ու վեզիրներն էին կրում։ Գանձապետն էր։ Քարտուղարի՝ ինձնից վերցրած նկարները դրել էր իր առաջ՝ գրակալին ու նայում էր։ Այնպես էի վախենում, ասես ես էի նկարել։ Համբուրեցի նրա փեշը։ — Տղա՛ս,— ասաց նա։— Սխա՞լ հասկացա, փեսան մահացե՞լ է։ Մի պահ անհանգստությունից, թե մեղքի զգացումից չկարողացա պատասխանել ու միայն գլխով համաձայնության նշան արեցի։ Այդ պահին անսպասելի բան կատարվեց, աչքիցս մի կաթիլ արցունք ընկավ, գանձապահի ներողամիտ ու զարմացած հայացքների տակ դանդաղ սահեց ներքև։ Պալատում գտնվելը, գանձապետի՝ սուլթանի մոտից վեր կենալով այստեղ ինձ հետ խոսելու համար գալը, մեր սուլթանին այսքան մոտ լինելը, այս ամենն ինձ ստիպում էին տարօրինակ վարվել։ Աչքիցս նորից արցունք եկավ, արցունքներս անընդհատ հոսում էին, և ամոթի զգացում անգամ չունեի։ — Ինչքան ուզում ես, արտասվիր, որդի՛ս,— ասաց գանձապետը։ Հեծկլտալով արտասվեցի։ Կարծում էի, թե այս տասներկու տարում շատ բան եմ տեսել, հասունացել եմ, բայց երբ մարդ իր սուլթանին, պետության սրտին այդքան մոտ է լինում, անմիջապես հասկանում է, որ ինքն ընդամենը երեխա է։ Ուշադրություն չէի դարձնում, որ հեծկլտոցներս դրսի արծաթագործները, մետաքսագործներն էլ կարող էին լսել։ Արդեն հասկացել էի, որ պետք է գանձապետին ամեն բան պատմեմ։ Այսպիսով, նրան պատմեցի այնպես, ինչպես զգում էի։ Տեսնելով, որ գանձապահը պատկերացնում է, թե ինչպես եմ Շեքուրեի հետ ամուսնացել, փեսայիս գիրքն ինչպիսի խոչընդոտների է հանդիպել, մեր առջև դրված նկարներն ինչպիսի գաղտնիքներ են կրում, Հասանի սպառնալիքները, փեսայիս դիակը, ինձ հանգիստ էի զգում։ Ամբողջ էությամբ զգում էի, որ եթե միայն ինձ հանձնեմ մեր պահապան սուլթանի անսահման արդարությանը և սիրուն, կկարողանամ դուրս գալ այս ծուղակից, այդ պատճառով էի պատմում։ Ինձ հասկանալով՝ առանց տանջողներին, դահիճներին հանձնելու՝ արդյոք իմ պատմությունն ուղիղ կփոխանցե՞ր աշխարհի տիրակալ սուլթանին։ — Էնիշթե էֆենդու մահվան մասին թող անմիջապես լուր տան արվեստանոցում,— ասաց գանձապետը։– Թող նրա հուղարկավորությանը բոլոր նկարիչները մասնակցեն։ Դեմքիս այնպես նայեց, ասես ուզում էր իմանալ՝ դեմ եմ, թե ոչ։ Այդ քայլն ինձ վստահություն ներշնչեց, փեսայիս, գրիչ Զարիֆ էֆենդուն ո՞վ, ինչո՞ւ կարող էր սպանած լինել, սրա վերաբերյալ կասկածներիս մասին խոսեցի։ Էրզրումցի հոջայի մարդկանց, երաժշտական գործիք չնվագելու, պարելու պատճառաբանությամբ թեքքեների վրա հարձակվելու մասին խոսեցի։ Տեսնելով, որ գանձապետը կասկածով է նայում, ցանկացա մյուս կասկածներս էլ կիսել նրա հետ. Էնիշթե էֆենդու գրքի համար հրավիրված նկարիչների ու մանրանկարիչների միջև և գումարի, և պատվի համար անխուսափելի մրցակցության ու նախանձի հավանականության մասին ասացի։ Ասացի, որ գործի գաղտնիության պատճառով է այս ատելությունը, թշնամանքը, խարդախությունը։ Բայց այդ ամենի մասին խոսելիս, ինչպես որ հիմա զգում եք, հասկանում էի, որ գանձապետը սկսում է նաև ինձ կասկածել։ Աստվա՜ծ իմ, թող ամեն բան լուծում գտնի, քեզնից ուրիշ ոչինչ չեմ ուզում։ Լռություն տիրեց։ Գանձապետը կարծես իմ խոսքերից ու մահից հետո իմ հաշիվներից ամաչելով՝ աչքը հառեց իր առջև դրված նկարներին։ — Ինը նկար է,— ասաց։— Մինչդեռ Էնիշթեի հետ տասը նկար ունեցող գրքի շուրջ էին պայմանավորվել։ Մեզնից այս նկարներում օգտագործելու համար ավելի շատ ոսկե թերթեր էր վերցրել։ — Անհավատ մարդասպանը հավանաբար գողացել է վերջին նկարը, որի վրա ոսկեջուր էր քսած,— ասացի ես։ — Գրիչն ով է, չիմացանք։ — Լուսահոգի փեսաս գրքի տեքստը դեռ ավարտին չէր հասցրել։ Ավարտելու համար ինձնից էր օգնություն սպասում։ — Տղա՛ս, ասում ես, որ նոր ես վերադարձել Ստամբուլ։ — Մի շաբաթ առաջ՝ Զարիֆ էֆենդու սպանությունից երեք օր անց եմ եկել Ստամբուլ։ — Էնիշթե էֆենդին մի տարի նկարում էր մի գիրք, որը դեռ չի՞ գրվել։ — Այո։ — Քեզ համար նկարագրե՞լ էր, թե այս գրքի պատմածն ինչ է։ — Սրանք մեր սուլթանի գործերի մասին են. մեր մարգարեի վտարումից ուղիղ հազար տարի անց, երբ իսլամական օրացույցն ուղիղ հազարերորդ տարին է ցույց տալիս, Վենետիկի դոժի աչքին իսլամի սուրն ու հպարտությունը, Ալի Օսմանի ուժն ու հարստությունը ցույց տվող և մարդկանց սարսափեցնող գիրք է։ Մեր աշխարհի ամենաթանկ, ամենակարևոր բաներն էր պատկերելու այս նկարը, «Ֆիրասեթնամեի» պես մեր սուլթանի մի նկարը գրքի կենտրոնում էր տեղ գտնելու։ Քանի որ նաև եվրոպական նկարիչների ոճերից է օգտվել, Վենետիկի դոժը կհիանա դրանով և կցանկանա ընկերություն անել։ — Ես դա գիտեմ, բայց մի՞թե Ալի Օսմանի ամենաթանկարժեք և կարևոր բաներն այս շներն ու ծառերն են,— ասաց նա՝ ցույց տալով նկարները։ — Լուսահոգի փեսաս ասաց, որ գիրքը ոչ թե մեր սուլթանի հարստությունը, այլ բարոյական ուժն ու գաղտնի տխրությունն է ցույց տալու։ — Մեր սուլթանի նկա՞րը։ — Այն չեմ տեսել, հավանաբար անհավատ մարդասպանն իր տանն է թաքցրել։ Լուսահոգի փեսաս իր ստացած ոսկու դիմաց խոստացած գիրքը չէր կարողացել պատրաստել, դրա փոխարեն գանձապետին տարօրինակ թվացող մի շարք նկարներ էր արել։ Արդյոք գանձապետն իմ մեջ տեսնում էր իմ փեսայի մարդասպանի՞ն, անփորձ և անվստահելի մարդո՞ւ, ով նրա դստեր հետ ամուսնանալու կամ այլ նպատակով, օրինակ՝ ոսկե թերթերը վաճառելու համար էր սպանել նրան։ Քանզի հայացքից զգացի, որ արդեն ուզում է հեռանալ, վերջին ճիգով, խուճապահար խոսեցի և ասացի, որ փեսայիս ու խեղճ Զարիֆ էֆենղուն՝ վարպետ նկարիչներից մեկին, հավանաբար նույն մարդն է սպանել։ Պատմեցի, թե փեսաս ինչպես էր կասկածում Զեյթինին, Լեյլեքին և Քելեբեքին, բայց շատ չերկարացրի խոսքս։ Ե՛վ բավականաչափ ապացույց չունեի, և՛ անվստահ էի։ Զգում էի, որ գանձապետը հիմա ինձ որպես հերյուրանքներ տարածող ստոր ու բամբասկոտ հիմար է դիտում։ Այդ պատճառով, երբ գանձապետն ասաց, որ պետք է արվեստանոցից թաքցնենք փաստը, որ փեսաս իր մահով չի մահացել, դա համարեցի ինձ հետ կնքված համագործակցության առաջին քայլը և ուրախացա։ Նկարները մնացին գանձապետի մոտ։ Բաբուսսելամից, ուր քիչ առաջ որպես դրախտ էի մտնում, դռնապանների ուշադիր հայացքների տակ դուրս գալուն պես տարիներ անց տուն վերադարձող մարդու նման հանգստացա։ == 37. Ես ձեր փեսան եմ == Հուղարկավորությունս իմ ուզածի պես գեղեցիկ անցավ։ Բոլոր նրանք, ում ցանկանում էի տեսնել, եկան։ Ես հպարտանում էի։ Իմ մահվան ընթացքում Ստամբուլում գտնվող վեզիրներից կիպրոսցի հաջը Հյուսեին փաշան, Թոփալ Բաքի փաշան երախտաբար հիշեցին, որ մի ժամանակ նրանց շատ եմ ծառայել։ Իմ հուղարկավորությանը և՛ փայլող աստղով, և՛ կյանքում շատ բան տեսած մատենագիր Կարմիր Հրեշտակ փաշայի այցելությունը ոգևորություն առաջացրեց մեր մզկիթի համեստ բակում։ Հատկապես ուրախ էի տեսնել, որ տասնապետ Մուսթաֆա աղան էլ էր եկել։ Եթե ապրեի և շարունակեի իմ պետական գործունեությունը, նրա պաշտոնին կհասնեի։ Թեզքիրե գրող Քեմալեթթին էֆենդին կամ մտերիմ ընկերներս, կամ թշնամիներս, տասնապետները, դեռ լավատեսորեն ժպտացող գլխավոր նամակագիր Սերթ Սալիմ էֆենդին և վաղաժամ կյանքից հեռացած պալատական հին ծառայողներ, դպրոցի ընկերներս, այլ մարդիկ, ովքեր չգիտեմ՝ որտեղից էին իմացել իմ մահվան մասին, բարեկամներ, հարազատներ, երիտասարդներ, բավական մարդաշատ, լուրջ ու ծանրակշիռ բազմություն էր հավաքվել։ Նրանց համախմբվածությամբ, լրջությամբ ու տխրությամբ հպարտացա։ Գանձապետ Հազըմ աղայի և Բոսթանջըբաշըի գալը բոլորին ցույց տվեց, որ մեր սուլթանն անկեղծ տխրել է իմ մահվան պատճառով։ Չգիտեմ՝ արդյոք դա նշանակո՞ւմ էր, որ իմ ստոր մարդասպանին գտնելու համար շատ ջանք է թափվելու կամ տանջանքներ էին կիրառելու, բայց այդ անիծյալն այժմ բակում մյուս նկարիչների և գրիչների հետ դեմքի լուրջ ու տխուր արտահայտությամբ նայում էր դիակիս։ Չկարծեք, թե զայրանում եմ ինձ սպանողի վրա, ցանկանում եմ վրեժ լուծել, անգամ ինձ դավաճանաբար ու դաժանորեն սպանելու պատճառով հոգիս անհանգիստ չէ։ Հիմա այլ հարթության մեջ եմ, և այս աշխարհի վրա տարիներ շարունակ տառապելուց հետո իրեն գտնելու համար հոգիս էլ է շատ հանգիստ։ Թանաքամանի հարվածներից արյան մեջ կորած, ցավից գալարվող մարմինս հոգիս ժամանակավորապես լքեց, լույսերի մեջ մի պահ դողաց, հետո այդ գեղեցիկ լույսի մեջ, արևի պես փայլող դեմքով երկու գեղեցիկ ժպտացող հրեշտակ, ինչպես բագմից կարդացել եմ «Հոգու գրքում», դանդաղ մոտեցան, ու կարծես ոչ միայն հոգի էի, այլև դեռ մարմին, թևերիցս բռնելով՝ ինձ բարձրացրին վերև։ երջանիկ երազների պես առանց ցնցումների ու սլացիկ բարձրացանք վերև։ Անցանք այրվող անտառներով, լույսի գետերով, մութ ծովերով, ձնոտ ու սառցապատ սարերով։ Այս ամենը հազարավոր տարիներ էր տևում, բայց ինձ ակնթարթի պես կարճ թվաց։ Տարբեր համայնքների, տարօրինակ էակների, անթիվ֊անհամար միջատներով ու թռչուններով լի ճահճուտների և ամպերի միջով այսպես հասանք յոթերորդ երկինք։ Երկնքի մի հարկում հրեշտակներից մեկը թակում է դուռը, երբ հարցնում են՝ ո՞վ է, ինձ բոլոր անուններով և նկարագրություններով ներկայացնելուց հետո ասում է. — Մեծ Ալլահի լավ ծառան։ Աչքերիցս երջանկության արցունքներ էին հոսում, բայց գիտեի, որ դեռ մինչև Դատաստանի օրը երևի հազար տարի կա։ Որովհետև ամեն բան, որոշ փոփոխություններով, այնպես էր, ինչպես Գազզալիի, էլ Ջեվզիյյեի՝ մահվան մասին գրված էջերում։ Գրքերում ամեն մեկն անլուծելի խնդիր է կամ էլ միայն մահացողին հայտնի մութ խորհրդավորության տպավորություն թողնող բաներ։ Այժմ հազարավոր գունավոր լույսեր մեկ առ մեկ պայթելով՝ լուսավորվում էին։ Այս հիանալի խոյացման ընթացքում տեսածս նկարներն ինչպե՞ս կարող եմ պատմել։ Տեսա, որ ամբողջ աշխարհը ներկերից է կազմված, ամեն ինչ ներկ է։ Ինձ բոլոր այլ բաներից բաժանող ուժի գույները զգալուն պես հասկացա, որ հիմա ինձ սիրով փաթաթվող, ամբողջ աշխարհին կապվող զգացմունքի գույնն էլ եմ ես, թուրինջի գույնի երկինքներ տեսա, տերևի պես կանաչ մարմիններ, դարչնագույն ձու, երկնագույն հեքիաթային ձիեր։ Ամեն ինչ այն նկարների ու լեգենդների պես էր, որոնց տարիներ շարունակ սիրով նայել էի, և այդ պատճառով ամեն ինչ և զարմանքով, և հիացմունքով առաջին անգամ էի տեսնում, և կարծես այդ ամենն իմ հուշերից էր ելնում։ Հուշ կոչվածի՝ ամբողջ աշխարհի մի մասը լինելը և ամբողջ աշխարհի էլ՝ իմ առաջ բացված հավերժական ժամանակի պատճառով ապագայում իմ փորձը, հետո էլ իմ հուշ լինելն էի հասկանում։ Այս գույնի խրախճանքի մեջ մահանալիս հասկացա, թե որքան հանգիստ եմ զգում, ասես մի նեղ վերնաշապիկի միջից դուրս գալով՝ փրկվում էի։ Սրանից հետո ինձ համար ոչինչ արգելք չէր և բոլոր ժամանակներն ու վայրերը ապրելու համար անավարտ ժամանակ ու տարածք ունեի։ Դա հասկանալուն պես՝ վախով ու երջանկությամբ զգացի, թե որքան մոտ եմ նրան։ Աննման կարմիր գույնի գոյությունն այդ ընթացքում զգացի Աստծուն ծառայելու երջանկության մեջ։ Կարճ ժամանակում ամեն ինչ կարմրեց։ Այս գույնի գեղեցկությունը պատում էր իմ ներսը և իմ աշխարհը։ Նրա գոյությանն այսպես մոտենալով՝ ցանկանում էի երջանկությունից արտասվել։ Հանկարծակի ոտքից գլուխ արյան մեջ նրան ներկայանալուց ամաչեցի։ Մյուս կողմից էլ միտքս ինձ մահվան մասին կարդացածս գրքերի պես կոչ էր անում հանգիստ լինել, ասում էր, որ նա ուղարկել է Ազրաիլին ու մյուս հրեշտակներին և ինձ է կանչում։ Ես նրան տեսնելո՞ւ էի։ Կարծում էի՝ ոգևորությունից չեմ կարողանա շնչել։ Ամեն ինչ ծածկած և իր մեջ աշխարհի բոլոր պատկերները միավորած այնքան հիանալի ու գեղեցիկ կարմիր էր, որ մոտենալիս նրա մի մասը դառնալու և նրան այսքան մոտ լինելու մասին մտածելուց սկսեցի ավելի արտասվել։ Բայց հասկացա, որ չի կարող ավելի մոտենալ ինձ։ Հասկացա, որ հրեշտակներին հարցրել է իմ մասին, որ նրանք ինձ գովաբանել են, որ նրա հրամաններին և արգելքներին հավատարիմ լավ ծառա է տեսնում իմ մեջ ու սիրում է ինձ։ Իմ մեջ բարձրացող ուրախությունը և թափվող արցունքները մի պահ թունավորվեցին կասկածից։ Այս կասկածից անմիջապես ազատվելու համար մեղքի զգացումով և անհամբեր ասացի. — Կյանքիս վերջին քսան տարում Վենետիկում տեսածս անհավատների նկարներից եմ ներշնչվել։ Անգամ մի ժամանակ ցանկանում էի, որ իմ նկարը նրանց ոճով նկարվի, բայց վախեցա։ Հետո քո աշխարհի ծառաներին և աշխարհի ստվերներով մեր սուլթանին անհավատների ոճով պատկերեցի։ Ոչ թե նրա ձայնը, այլ նրա պատասխանը հիշեցի. — Ե՛վ Արևելքը, և՛ Արևմուտքը իմն են։ Հուզմունքից չկարողացա ինձ զսպել։ — Լավ, այս ամենի... այս աշխարհի իմաստը ո՞րն է։ — Գաղտնիքը,— լսեցի ձայնն իմ ներսում։ Գուցե ասաց՝ սերը, բայց, վստահ չէի։ Հասկացա, որ հրեշտակներն ինձ մոտենալով՝ երկնքի այս բարձր հարկում իմ մասին որոշում են կայացնում, տասնյակ հազարավոր տարիներ առաջ մահացած այլ հոգիների բազմության հետ մինչև մեր մասին վերջին որոշումներ կայացնող Մեծ դատաստանի օրը բոլորս Բեհզադին ենք սպասելու։ Ինչպես և գրքերում՝ գնալն ինձ գոհացնում էր։ Ներքև իջնելիս հիշեցի, որ գրքերում կարդացել եմ, թե հողին հանձնվելիս հոգիս պետք է միանա մարմնիս։ Բայց անմիջապես, Փառք Աստծու, զգացի՝ նորից մարմին վերադառնալս իրականում փոխաբերական իմաստ է կրում։ Իմ հպարտությունն առաջացնող լուրջ բազմությունը նամազից հետո իմ դագաղը դնելով ուսերին՝ տարավ մոտիկ փոքրիկ Թեփեջիկ գերեզմանատուն, չնայած տխրությանը՝ շատ կանոնավոր էին։ Վերևից նրանք բարակ, նուրբ թելի էին նման։ Բացատրեմ, թե որտեղ եմ. ինչպես Ռեսուլուլլահի «Հավատացյալի հոգին դրախտի ծառերից կտցող թռչուն է» հադիսում է ասվում, հոգին մահից հետո երկնքում է շրջում։ Էբու Օմեր բին Աբդուլբերի պնդումների համաձայն՝ այս հադիսը չի նշանակում, որ հոգին թռչնի տեսք է ստանում, անգամ չի նշանակում, որ այն թռչուն է, ինչպես էլ Ջեվզիյյեն է ճիշտ կերպով նշում, դա նշանակում է, որ հոգին շրջում է այնտեղ, որտեղ թռչուններն են։ Տեսարաններ նկարել սիրող վենետիկցի վարպետների «հեռապատկեր» կոչվածը հաստատում է էլ Ջեվզիյյեի մեկնաբանությունը։ Այստեղից այս պահին կարողանում էի տեսնել և պարանի պես գերեզմանատուն մտնող հուղարկավորության թափորը, և նեղուցից դեպի Սարայբուրնու գնալիս առագաստներն ուռցնող նավի գեղեցիկ սլացքն էի կարողանում հաճույքով դիտել, ասես նկարի էի նայում։ Քանի որ մինարեթի բարձրությունից էի նայում, ամբողջ աշխարհը նման էր այն հիանալի գրքերի նկարներին, որոնց էջերը մեկ առ մեկ թերթում եմ։ Բայց այսքան բարձրացող և հոգին դեռ մարմնից դուրս չեկած մեկի տեսածից ավելին էի տեսնում։ Դիմացի ափին՝ Սկյուտարի ետևում, գերեզմանների միջև մի դատարկ պարտեզում «երկար էշ» խաղացող երեխաներին, տասներկու տարի, երեք ամիս առաջ մեծ վեզիր ճաղատ Րագըփ փաշայի ընդունելիք Վենետիկի դեսպանին ամառանոցից վերցնելով՝ նրա մոտ տանելու ընթացքում արտաքին գործերի նախարարի յոթ թիակով նավի՝ Բողազիչիով գեղեցիկ ընթանալը, նոր Լանգա շուկայում հսկայական կաղամբը կրծքի երեխայի պես գրկած գեր կնոջը, պալատական տասնապետ Ռամազան էֆենդու մահից հետո իմ առջև նոր հնարավորություններ բացվելիս իմ ուրախությունը, մորս՝ բակում լվացք կախելիս տատիս գրկում նստած՝ կարմիր վերնաշապիկներին նայելը, լուսահոգի մոր՝ Շեքուրեի համար երկունքի ցավերը սկսվելուն պես տատմոր տան տեղը շփոթելով՝ հեռու թաղամասեր գնալս, քառասուն տարի առաջ կորցրած կարմիր գոտու փոխարեն (Վասֆին էր գողացել), մի անգամ էլ քսանմեկ տարի առաջ երազումս տեսած և առաջիկայում, ինշալլահ, Աստծու՝ ինձ տված դրախտի պես ցույց տված հեռուներում գտնվող հիանալի այգին, Գորիի ամրոցի ապստամբներին ճնշելիս Վրաստանի բեյլերբեյ Ալի բեյի ուղարկած գլուխները, քթերր և ականջները, տուն եկող հարևան կանանցից բաժանվելով՝ բակի վառարանին նայելով՝ ինձ համար արտասվող գեղեցիկ Շեքուրեիս էլ էի կարողանում այդ պահին տեսնել։ Գրքերը և ծեր գիտնականներն ասում են, որ հոգին չորս տուն ունի. 1. Մոր արգանդը։ 2. Աշխարհը։ 3. Այն բերզահը, ուր այժմ գտնվում եմ։ 4. Դատաստանից հետո եկող դրախտը կամ դժոխքը։ Իսկ բերզահին հետևող ու ներկա ժամանակը նույն պահի նման է երևում, և հոգու հուշերի մեջ մնալով՝ մարդու համար տեղի սահմանափակում չի լինում։ Բայց միայն ժամանակի և տարածքի զնդաններից դուրս գալուն պես է պարզ դառնում, որ կյանքը նման է նեղ վերնաշապիկի։ Հանգուցյալների աշխարհում առանց մարմնի հոգին իրական երջանկության պատճառ է դառնում, իսկ ապրողների համար ամենամեծ երջանկությունը՝ անհոգի մարմին լինելը։ Ի՜նչ ափսոս, որ ոչ ոք մահանալուց առաջ չի հասկանում։ Այդ պատճառով իմ գեղեցիկ հուղարկավորության ժամանակ տխրությամբ նայեցի տանն ինձ համար տառապող, զուր արտասվող Շեքուրեին, մեծ Ալլահին, մեզ դրախտում անմարմին հոգի և աշխարհում անհոգի մարմին տալու համար աղոթեցի։ == 38. Ես վարպետ Օսմանն եմ == Իրենց կյանքն անկեղծորեն արվեստին նվիրած ծերացած մեծ մարդկանց գիտեք։ Նրանք բոլորին կշտամբում են։ Երկարահասակ, ոսկրոտ ու նիհար են լինում։ Ցանկանում են, որ իրենց ապրած երկար կյանքի փորձը կրկնվի կյանքի՝ իրենց համար մնացած կարճ շրջանում։ Անմիջապես բորբոքվում են, զայրանում, ամեն ինչից դժգոհում են։ Բոլոր սանձերն իրենց ձեռքում են պահում, բոլորին հոգնեցնում են։ Ոչ ոքի, ոչինչ չեն սիրում։ Ես նրանցից մեկն եմ։ Դեռ տասնվեց տարեկանում, երբ աշակերտ էի, վարպետաց վարպետ Նուրուլլահ Սելիմ Չելեբին, որի հետ պատիվ եմ ունեցել նույն արվեստանոցում դեմ առ դեմ նստած աշխատել, ութսուն տարեկանում այսպիսին էր (բայց իմ չափ զայրացած չէր)։ Երեսուն տարի առաջ հողին հանձնեցինք ամենավերջին մեծ վարպետ Սարը Ալիին։ Նա էլ էր այդպիսին (բայց նա էլ իմ չափ նիհար ու երկարահասակ չէր)։ Ուզում եմ իմանաք՝ իրականում անհիմն են այդ ժամանակ արվեստանոցը տնօրինող այս լեգենդար վարպետների ետևից արված քննադատությունները։ Այժմ այդ քննադատության նետերն իմ մեջքն էլ են խրվել։ Քանի որ իրականում հավանության արժանի նոր բան չկա, նոր ոչինչ չենք հավանում։ Ոչ թե այն պատճառով, որ մեզ թունավորում ենք նյարդայնությամբ, դժբախտությամբ կամ այլ խնդրով, այլ որովհետև մարդկանց մեծ մասը հիմար է, և նրանց որպես հիմարի ենք վերաբերվում։ (Բայց նրանց լավ վերաբերվելը մեզ համար նրբանկատություն և խելացիություն է համարվում)։ Աշակերտության տարիներից ի վեր սիրով մեծացրածս նկարիչներից բացի շատերի անուններն ու դեմքերը մոռանալով՝ իրար հետ շփոթելու պատճառով չէ, այլ այն պատճառով, որ այդ անուններն ու դեմքերը այնքան անգույն ու անփայլ են, որ մարդու հիշողության մեջ չեն տպավորվում։ Էնիշթեի հուղարկավորության ժամանակ, որի կյանքն Աստված խլեց նրա հիմարությունների պատճառով, փորձեցի մոռանալ, թե լուսահոգին մի ժամանակ ինձ որքան ցավ պատճառեց՝ ստիպելով նմանակել եվրոպական վարպետներին։ Վերադարձին էլ այսպես մտածեցի. Աստծու բարեգթությունը՝ կուրությունը և մահն ինձ համար սարերի ետևում չեն։ Իհարկե, ես հիշվելու եմ, քանի դեռ արածս նկարներն ու գրքերը ձեր աչքին հաճո են, ձեր սրտում երջանկության ծաղիկներ են բացում։ Բայց իմ մահից հետո ուզում եմ, որ սա էլ իմանան, իմ կյանքի վերջում, իմ ծեր տարիքում ինձ երջանկությամբ ուրախացնող շատ բան կա դեռ։ Օրինակ՝ Երեխաները։ (Նրանք ամփոփում են ամբողջ աշխարհի օրենքները)։ Հաճելի հուշերը։ (Գեղեցիկ տղաներ, կանայք, գեղեցիկ նկարելը, ընկերությունը)։ Հերաթի հին վարպետների հրաշքներին հանդիպելը։ (Սա անհնար է բացատրելնրան, ով չգիտի)։ Այս ամենի ամենապարզ իմաստը սա է։ Մեր սուլթանի արվեստանոցում, որն արդեն ես եմ ղեկավարում, նախկինի պես հիանալի բաներ տեղի չեն ունենում, տեսնում եմ, որ գործերն ավելի են վատանում, որ ամեն բան ավարտին է հասնելու, վերջանալու է։ Չնայած մեր ամբողջ կյանքը սիրով գործին նվիրելուն՝ ցավով զգում եմ, որ Հերաթի հին վարպետների գեղեցկություններին այստեղ հազվադեպ կարող ենք հանդիպել։ Այս ճշմարտությունները համեստորեն ընդունելը հեշտացնում է կյանքը։ Քանի որ համեստությունը կյանքը միշտ էլ հեշտացնում է, մեր աշխարհում այն ընդունելի հատկանիշ է։ Մեր արքայազնի թլպատման արարողությունը ներկայացնող «Սուրնամեում» Եգիպտոսի բեյլերբեյի՝ թլպատված երեխային բերած նվերի, կարմիր թավշի վրա արված նուրբ նախշերի, ժապավենների, սուտակների, զմրուխտների և փիրուզների, թրի և սանձի, մարգարտով ու խրիզոլիթ քարով զարդարված ոտնակի, արծաթափայլ փետուրներով, զայրացած, հպարտ ու կայծակից էլ արագ, ճկուն արաբական ձիու և ձիու ոսկենախշ, կարմիր թավշով, սուտակե կոնաձև շրջանակով արծաթե թամբերի նկարն ահա այսպիսի համեստությամբ էի ուղղում, ձին, թուրը, արքայազնին, նրանց հետևող դեսպանների՝ իմ աշակերտներին նկարել տված նկարի աջ ու ձախ կողմերում վրձնով հարվածներ էի անում։ Ձիարշավարանի նոճու մի քանի տերև մանուշակագույն ներկեցի։ Թաթար խանի դեսպանի հագուստի կոճակները դեղին ներկեցի։ Ձիու սանձերին մի փոքր ոսկեջուր էի քսում, երբ դուռը թակեցին։ Կանգ առա։ Պալատից մի դռնապան տղա էր։ Ասում էր, որ գանձապետն է ցանկանում ինձ տեսնել։ Աչքերս ցավում էին։ Խոշորացույցը դրեցի գրպանս ու տղայի հետ դուրս եկա։ Երկար աշխատելուց հետո փողոցում քայլելը որքա՜ն հաճելի է։ Աշխարհը կարծես Աստված երեկ է ստեղծել, լրիվ նոր ու զարմանալի է թվում։ Մի ձի տեսա, իմ վարպետ նկարիչներն այն ավելի գեղեցիկ են պատկերում։ Ձիարշավարանում մի նոճի տեսա, այն ծառն էր, որի տերևները քիչ առաջ մանուշակագույն էի ներկում։ Ձիարշավարանում քայլելը, որտեղով անցնող զորքերին երկու տարի շարունակ նկարել եմ, նման էր սեփական նկարի միջով քայլելուն։ Մի փողոց ենք մտնում, եթե ֆրանսիական նկարում ենք, շրջանակից ու նկարից դուրս ենք գալիս և հեռանում, եթե մեր հերաթցի վարպետների պես նկարեինք, կհայտնվեինք այնտեղ, որտեղ Աստված մեզ տեսնում է, եթե չինական նկարի մեջ ենք, նրանից չենք կարողանում դուրս գալ, որովհետև չինացիների նկարներն անսահման են։ Ինձ այդ տղան չէր տանում այն սենյակ, ուր գանձապետի հետ վճարվելիք վարձերի, մեր սուլթանի համար պատրաստվող նկարիչների նվերների, գրքերի, նախշազարդած ջայլամի ձվերի, նկարիչների առողջության, ախորժակի և հանգստության մասին, անհրաժեշտ ներկերի, ոսկե թերթերի և այլ նյութերի ապահովումից, սովորական բողոքներից ու ցանկություններից, աշխարհի տիրակալ սուլթանի տրամադրության, ցանկության, ուրախության և կամքի մասին, դեսից֊դենից, իմ աչքերից, խոշորացույցներից, մեջքիս ցավերից, գանձապետի ստոր փեսայից ու մոխրագույն կատվից խոսելու համար էինք հանդիպում։ Անձայն մտանք պալատական այգի։ Մեզնից էլ անձայն ծառերի միջով այնքան հանդարտ իջանք դեպի ծով, ասես մեղք էինք գործում։ Մոտենում էի ամառային պալատին, ուրեմն՝ սուլթանին եմ տեսնելու, ինքս ինձ ասում էի, որ այնտեղ են, երբ ճանապարհից թեքվեցինք։ Մի քանի քայլ արեցինք, տնակների (որտեղ նավակներ էին պահում) ետևի քարե շենքի կամարաձև դռնից ներս մտանք։ Բոսթանջըի թոնրատնից հացի հոտ էր գալիս։ Տեսա Բոսթանջըի կարմրազգեստ աշխատողներին։ Գանձապետն ու Բոսթանջըբաշըն նույն սենյակում էին։ Հրեշտակ ու սատանա։ Մեր սուլթանի համար պալատի պարտեզում մարդկանց կախաղան բարձրացնող, նրանց տանջող, հարցաքննող, ծեծող, աչքերը հանող, ֆալաքային հանող Բոսթանջըբաշըն ինձ սիրալիր ժպտում էր։ Կարծես ինձ հետ նույն սենյակը կիսող ընկերն ինձ սիրալիր պատմություն էր անելու։ Բայց ոչ թե Բոսթանջըբաշըն, այլ գանձապետը սկսեց պատմել. — Մեր սուլթանը մի տարի առաջ Վենետիկի դոժի դեսպանական պատվիրակությանը նվերներ պատրաստելու համար ինձ հրամայել էր մի գիրք կազմել,— ամաչկոտ ձայնով ասաց նա։– Այդ գաղտնիության պատճառով ճիշտ չհամարեցին գիրքը մեր գլխավոր պատմագիր Լոքման վարպետին պատվիրել, քեզ էլ չցանկացան խառնել գործին, չնայած՝ հիանում են քո տաղանդով։ Այն, որ զբաղված եք արքայազնների թլպատումը պատմող «Սուրնամեով», շատ բարձր են գնահատում։ Սենյակ մտնելուն պես սարսափով պատկերացրի, որ մի ստոր իմ մասին հերյուրանքներ է տարածել, որ սուլթանին հավատացրել են, թե այդ նկարում անհավատություն կա, այդ նկարը ծաղր է, որ չնայած տարիքիս՝ ինձ տանջանքների են ենթարկելու։ Այժմ, քանի որ մեր սուլթանը մեկ ուրիշին է գիրք պատվիրել, իմ սերը շահել ցանկացող գանձապետի խոսքերը մեղրից քաղցր էին թվում։ Լսեցի գրքի պատմությունը, որն իրականում շատ լավ գիտեի, ոչ մի նոր բան չիմացա։ Այդ բամբասանքներն էլ գիտեի, էրզրումցի Նուսրեթ հոջային էլ, արվեստանոցի քաշքշուկներն էլ, իհարկե։ Քանի որ պետք է մի հարց տայի, հարցրի այն, ինչի պատասխանը գիտեի, ո՞վ է պատրաստում գիրքը։ — Ինչպես գիտեք, Էնիշթե էֆենդին,— ասաց գանձապետը։ Աչքերիս մեջնայելով՝ ավելացրեց։— Գիտե՞ք, որ սեփական մահով չի մահացել, սպանվել է։ — Չգիտեի,— ասացի ես երեխայի պես անկեղծ, հետո լռեցի։ — Մեր սուլթանը շատ֊շատ զայրացած է,— ասաց գանձապետը։ Այս Էնիշթե էֆենդին այդքան էլ խելացի չէր։ Քանի որ մեծ գիտելիքի տեր չէր, բայց դրա մասին խոսել էր սիրում, ավելի շատ հաճույքի մասին էր մտածում, վարպետ նկարիչները նրա մասին ծաղրելով, ծիծաղելով էին խոսում։ Հուղարկավորության ժամանակ մի թաքուն բան էի զգացել։ Արդյոք ինչպե՞ս էր սպանվել։ Գանձապետը պատմեց։ Սարսափելի է։ Աստվա՜ծ իմ, պաշտպանիր մեզ։ Ո՞վ է եղել։ — Սուլթանը հրաման է արձակել,— ասաց գանձապետը։– Ցանկանում է, որ «Սուրնամեն» էլ հնարավորինս շուտ ավարտվի... — Երկրորդ հրաման էլ կա,— ասաց Բոսթանջըբաշըն։— Ցանկանում է այդ զզվելի մարդասպանին, այդ չար սատանային գտնել, եթե նկարիչներից է։ Նրան այնպիսի պատիժ կտան, որ բոլորին դաս կլինի։ Այլևս երբեք մեր սուլթանի գրքին խոչընդոտել, նկարչին սպանել ոչ ոքի մտքով չի անցնի։ Մեր սուլթանի՝ մեղավորին հասցնելիք սարսափելի պատժի մասին կարծես իմանալով՝ մի պահ Բոսթանջըբաշըի դեմքին ոգևորություն երևաց։ Այն, որ մեր սուլթանը երկուսին նոր է նշանակել այս պաշտոններին և միաժամանակ, նշանակում է, որ սուլթանը փորձում է խոչընդոտել նրանց թշնամանքը, ստիպում է նրանց միասին աշխատել, այդ պատճառով սուլթանի հանդեպ ոչ միայն հիացմունք, այլև սեր զգացի։ Մի տղա սուրճ բերեց, նստեցինք։ Էնիշթե էֆենդին նկարչությունից, գրքից հասկացող մի զարմիկ ունի, ինքն է նրան մեծացրել։ Քարան։ Հարցրին՝ ճանաչո՞ւմ եմ նրան։ Լռեցի։ Կարճ ժամանակ առաջ Իրանի սահմանից՝ Սերհաթ փաշայի մոտից փեսայի հրավերով է վերադարձել Ստամբուլ (Բոսթանջըբաշըն կասկածամիտ հայացք նետեց), Ստամբուլում փեսայի հետ կրկին մտերմացել էր, իմացել էր գրքի պատմության մասին։ Զարիֆ էֆենդու սպանությունից հետո կեսգիշերին այդ գրքի համար Էնիշթեի մոտ եկող վարպետ նկարիչներին է կասկածում։ Այդ վարպետ նկարիչների՝ գրքի համար արած նկարներն էր տեսել, փեսային սպանողի՝ սրանցից մեկը լինելու, սուլթանի նկարը գողանալու մասին պնդեց, որի վրա ամենաշատն էր ոսկի օգտագործվել։ Այդ երիտասարդը փեսայի սպանությունը պալատից, գանձապետից երկու օր թաքցրել էր։ Այդ ընթացքում ամուսնացել էր փեսայի դստեր հետ, ինչը կասկած է հարուցում և չի համապատասխանում մեր օրենքներին, տեղավորվել էր նրա տանը։ Երկուսն էլ կասկածում էին Քարային։ — Եթե նրանց տունը խուզարկեն, վարպետ նկարիչներից մեկի մոտ այդ կորած էջը հայտնաբերվի, անմիջապես կպարզվի, որ Քարան ճիշտ էր — ասացի ես։– Բայց եթե նրանք մանկությունից ի վեր ճանաչածս սիրելի երեխաներն են, տաղանդավոր նկարիչներս, ապա ոչ ոքի կյանքում վնաս չեն հասցնի։ — Զեյթինի, Լեյլեքի, Քելեբեքի,— ասաց Բոսթանջըբաշըն՝ նրանց սիրով տվածս կեղծանունները ծաղրելով,— տները, ամեն ինչ, խանութները, եթե ունեն, ամեն բան մինչև վերջ խուզարկելու ենք։ Քարայինն էլ,— ասես չիմանալով ինչ ասել՝ ավելացրեց։– Այս դժվար իրավիճակում, փառք Աստծու, կարողացանք դատավորից հարցաքննության ընթացքում տանջելու իրավունք ստանալ։ Քանի որ նկարիչների խմբից երկրորդ մարդն է սպանվել, աշակերտից մինչև վարպետ բոլոր նկարիչներին կասկածում ենք, այդ պատճառով էլ տանջելը տեղին ենք համարում։ Լուռ մտածեցի. 1. Տանջանքը տեղին համարելը նշանակում է, որ թույլտվությունը մեր սուլթանը չի տվել։ 2. Ըստ դատավորի՝ բոլոր նկարիչներին կասկածի ենթարկելու փաստը կտարածվի նաև ինձ վրա, քանզի որպես նկարիչների խմբի ղեկավար, չկարողացա հայտնել մեղավորի անունը։ 3. Հասկանում էի, որ իմ նկարիչներին, վերջին տարիներին ինձ դավաճանած սիրելի Քելեբեքին, Զեյթինին, Լեյլեքին և մյուսներին տանջանքների ենթարկելու՝ նախ իմ բացահայտ կամ լուռ համաձայնությունն է հարկավոր։ — Սուլթանը ցանկացել է, որ ոչ միայն «Սուրնամեն», այլև կիսատ մնացած գիրքը պատվով ավարտին հասցվի,— ասաց գանձապետը։– Քանի որ տանջանքը վարպետների ձեռքերին, աչքերին, տաղանդին կվնասի, անհանգստանում ենք,–նայեց ինձ։– Համաձայն չե՞ք։ — Վերջերս կան այդպիսի անհանգստություններ — կոպիտ ասաց Բոսթանջըբաշըն։– Վերանորոգողներից ու ոսկերիչներից մեկը սատանային է լսել, մեր սուլթանի քույր Նեջմիյե սուլթանի սուտակե պոչով կավե բաժակը երեխայի պես գողացել է։ Քանի որ բաժակը սիրող քրոջը տխրեցրած գողությունը Սկյուտարի պալատում էր տեղի ունեցել, գործն ինձ հանձնեցին։ Վերանորոգողների, ոսկերիչ վարպետների տաղանդի հարցում Նեջմիյե սուլթանն էլ մեր սուլթանի պես բծախնդիր էր։ Անմիջապես հրամայեցի ոսկերիչ վարպետներին մերկացնել և նետել սառույցով ու գորտերով լի պարտեզի սառած ջրավազանի մեջ։ Մերթընդմերթ հանում էի ջրից ու մտրակում դեմքերին, աշխատում էի ձեռքերին չդիպչել։ Կարճ ժամանակում ճանապարհից շեղված ոսկերիչը խոստովանելով համաձայնեց ընդունել իր պատիժը։ Չնայած սառցաջրի մեջ այդքան մտրակի հարվածներ ստանալուն՝ բարեսիրտ վարպետների աչքերին ու ձեռքերին ոչինչ չէր եղել։ Անգամ սուլթանն ասաց, որ քույրը շատ գոհ է մնացել, որ ոսկերիչներն այդ ամենից հետո ավելի մեծ սիրով են աշխատում։ Վստահ էի, որ Բոսթանջըբաշըն նկարիչների հանդեպ ավելի դաժան է լինելու։ Չնայած որ հարգում էր մեր սուլթանի սերը գրքի հանդեպ, կարծում էր, որ իրական հարգանքի արժանի արվեստը գրագրությունն է, շատերի պես մանրանկարչությունը և հատկապես նկարչությունը՝ անհավատության սահմանին քայլող և պատժի արժանի անիմաստություն, անգամ կանացի զբաղմունք էր համարում։ — Քանի դեռ դուք ամբողջ ուժով ղեկավարում եք գործը, ձեր սիրելի նկարիչները սկսել են դավեր նյութելով մտածել, թե ձեր մահից հետո ով է դառնալու գլխավոր վարպետ,— ասաց նա ինձ հրահրելու համար։ Արդյոք դա բամբասա՞նք էր, որի մասին չգիտեի, արդյոք դավե՞ր էին նյութում։ Ինձ զսպեցի, լռեցի։ Առանց իմ իմացության հիմար լուսահոգուն գիրք պատվիրելու համար գանձապետի հարգանքը վայելելու, մի քիչ ավելի շատ վաստակելու համար այդ գրքի նկարները նկարող երախտամոռ նկարիչներիս հանդեպ զգացածս զայրույթը գանձապետն էլնկատեց։ Մի պահ պատկերացրի, թե նկարիչներիս ինչպես են տանջելու։ Հարցաքննության ժամանակ մարդկանց մաշկը չեն քերթում, որովհետև ետդարձի ճանապարհ չի լինի, ցից էլ չեն հանում, ինչպես ապստամբներին, որովհետև դա ավելի շատ ուրիշներին դաս տալու համար է արվում, նկարիչների ձեռքերը, ոտքերը, մատները կոտրել էլ չի լինում։ Ստամբուլի փողոցներում արդեն հաճախակի հանդիպող միաչքանիներից հասկանում եմ, որ վերջերս նկարիչների հանդեպ մի աչքը հանելու պատիժը կիրառելն էլ հարիր չէ։ Այսպիսով, իմ սիրելի նկարիչներին սուլթանի այգու գաղտնի անկյունում սառցակալած ավազանի մեջ զանգակների միջև սրթսրթալիս և միմյանց ատելությամբ նայելիս պատկերացրի և մի պահ ցանկացա ծիծաղել։ Բայց կոշտ միսը շիկացած երկաթով ծեծելիս Զեյթինի բղավոցները, շղթայակապ սիրելի Քելեբեքիս գունատ մաշկը պատկերացնելիս տխրեցի։ Տաղանդի և նկարչության սիրով երբեմն ինձ հուզած Քելեբեքի՝ գող աշակերտի պես ֆալաքային կապվելու մասին անգամ չկարողացա մտածել։ Մի պահ իմ ծեր միտքը թաղվեց խոր լռության մեջ։ Նրանց հետ մի ժամանակ ամեն բան մոռանում էինք և վերածում սիրո։ — Մեր սուլթանի ամենատաղանդավոր նկարիչներն են,— ասացի։– նրանց ոչինչ մի՛ արեք։ Գանձապետը գոհունակությամբ վեր կացավ տեղից, սենյակի մյուս ծայրում գտնվող գրակալից մի կապոց թուղթ վերցրեց, դրեց իմ առաջ և հաստ մոմերի լույսի տակ ալիքվելով այրվող երկու մեծ մոմակալ դրեց իմ առաջ, ասես սենյակը մութ լիներ։ Այն նկարներն էին։ Ինչպես բացատրեմ ձեզ, թե ինչ էի տեսնում, երբ խոշորացույցով անցնում էի դրանց վրայով։ Ցանկանում էի ծիծաղել, բայց ոչ թե այն պատճառով, որ ծիծաղելի էին։ Զայրանում էի, բայց այն պատճառով չէ, որ այդքան լուրջ էին։ Կարծես Էնիշթե էֆենդին իմ վարպետ նկարիչներին ոչ թե ձեզ պես, այլ օտարի պես էր պատվիրել նկարել։ Կարծես նրանց ստիպել էր գոյություն չունեցող հուշերը հիշել, երագել այն ապագայի մասին, որը երբեք չեն ցանկանա ապրել։ Ավելի անհավատալի է այն, որ այս հիմարությունների համար իրար սպանել են։ — Այս նկարներին նայելով՝ կարո՞ղ եք ասել, թե որն ով է նկարել,— ասաց գանձապետը։ — Այո,— զայրացած ասացի ես,— որտեղի՞ց եք գտել այս նկարները։ — Քարան է բերել, հանձնել— ասաց գանձապետը։— Փորձում է իր ու լուսահոգի փեսայի անմեղությունը ցույց տալ։ ― Նրան տանջեք հարցաքննելիս,— ասացի ես։– Իմանանք, թե լուսահոգի փեսան ուրիշ ինչ գաղտնիքներ ունի։ — Նրան էլ ենք կանչելու,— հաճույքով ասաց Բոսթանջըբաշըն։– Հետո էլնրա ամբողջ տունը խուզարկելու ենք։ Հետո դեմքերը տարօրինակ լուսավորվեցին, վախի և հիացմունքի լույս երևաց, ոտքի կանգնեցին։ Առանց շրջվելու հասկացա, որ աշխարհի տիրակալ մեր սուլթանն է ներս մտել։ == 39. Իմ անունն Էսթեր է == Միասին լացելն ինչքա՜ն լավ է։ Իմ խեղճ Շեքուրեի հոր հուղարկավորության ընթացքում, երբ բարեկամները, հարազատները, ծանոթները, ընկերները, բոլոր կանայք տանը հավաքված լալիս էին, ես էլ երկար ժամանակ տառապալից լաց եղա։ Երբեմն իմ կողքի գեղեցիկ աղջկան հենվելով՝ նրա հետ ցնցվելով էի արտասվում, երբեմն էլ մտածելով իմ սեփական խեղճ կյանքի և խնդիրների մասին, լալիս էի։ Եթե ամեն շաբաթը մեկ այսպես արտասվեմ, իմ հացը վաստակելու համար ամբողջ օրը փողոցում քայլելս, գիրությունս ու հրեությանս համար վաստակածս ստորացումները կմոռանամ և սովորականից ավելի շատախոս Էսթեր կդառնամ։ Ավանդույթները սիրում եմ, որովհետև մոռանում եմ, որ ես սպիտակ ագռավ եմ։ Տոնական արարողություններին փախլավա, անանուխի մածուկ, նուշի պաշտետով հաց ու պաստեղներ, թլպատման արարողությունների ժամանակ մսով փլավ, կլոր կարկանդակներ, սուլթանի՝ ձիարշավարանում ունեցած ծիսակատարությունների ժամանակ բալի հյութ խմելու, հարսանիքներին ամեն բան ուտելու, հուղարկավորություններից հետո էլ հարևանների ուղարկած քնջութով, մեղրով անուշաբույր հալվաները վայելելու համար խենթանում եմ։ Անձայն դուրս եկա միջանցք, հագա կոշիկներս, իջա ներքև։ Խոհանոց վերադառնալուց առաջ ախոռի կողքի սենյակի կիսաբաց դռնից տարօրինակ ձայն եկավ, երկու քայլ անելով՝ ներս նայեցի և տեսա, թե ինչպես են Շևքեթն ու Օրհանը վերևում լաց լինող կանանցից մեկի տղային պարաններով կապել, լուսահոգու հին վրձիններով դեմքին ներկ են քսում։ — Եթե փորձես փախչել, այսպես կխփենք,— ասաց Շևքեթն ու ապտակեց տղային։ — Սիրելի՛ս, գեղեցիկ խաղացեք, իրար մի վիրավորեք, լա՞վ,— ասացի թավշյա, ամենակեղծ ձայնով։ — Մի՛ խառնվիր,— գոռաց Շևքեթը։ Նրանց կողքին տեսա նաև այդ տղայի շիկահեր, փոքրիկ, վախեցած քրոջը և չգիտես ինչու՝ ինձ նույն կերպ զգացի։ Մոռացիր, Էսթեր։ Խոհանոցում Հայրիյեն կասկածով նայեց ինձ։ — Այնքան լաց եղա, Հայրիե՛, բերանս չորացավ,— ասացի ես,— Աստծու սիրուն, ինձ մի բաժակ ջուր տուր։ Անձայն ջուր լցրեց։ Խմելուց առաջ նայեցի արտասվելուց ուռած աչքերին։ — Խեղճ Էնիշթե էֆենդի, ասում են՝ Շեքուրեի ամուսնությունից առաջ էր մահացել,— ասացի ես։— ժողովրդի բերանը չես կարող փակել։ Անգամ ասում են, որ իր մահով չի մահացել։ Մի պահ ակնհայտորեն նայեց ոտքերի ծայրերին։ Հետո գլուխը բարձրացրեց և առանց ինձ նայելու ասաց. — Աստված հեռու պահի հերյուրանքներից։ Առաջին շարժումը նշանակում էր, որ ճիշտ էի, զգում էի, որ ստիպված է այդպես խոսում։ — Ի՞նչ է կատարվում,— անսպասելի շշնջացի ես մտերիմ ընկերոջ պես։ Բայց տատանվող Հայրիյեն, իհարկե, հասկացել էր, որ Էնիշթե էֆենդու մահից հետո Շեքուրեի դեմ ոչ մի առավելություն չի կարող ունենալ։ Քիչ առաջ վերևում ամենաանկեղծ արտասվողը նա էր։ — Հիմա ինձ հետ ի՞նչ է լինելու։ — Շեքուրեն քեզ շատ է սիրում,— ասացի ես լուրեր հաղորդողի սովորության համաձայն։ Դոշաբի ու թթվի արանքում շարված թավաների կափարիչները բարձրացնելով՝ երբեմն մատովս մեկի եզրից մի քիչ վերցնում էի, համտեսում, մյուսներն էլ միայն քիթս մոտեցնելով էի հոտոտում, մեկ առ մեկ հարցնում էի, թե որ հալվան ով էր բերել։ — Քայսերիի Քասըմ էֆենդունն է, նկարիչների արվեստանոցից երկու փողոց այն կողմ ապրող ծառայապետինը, փականագործ Սոլակ Համդիինը, Էդիրնեցի հարսինը,— հաշվում էր Հայրիյեն մեկ առ մեկ, երբ Շեքուրեն ընդհատեց նրան։ — Լուսահոգի Զարիֆ էֆենդու կինը՝ Քալբիյեն ոչ ցավակցելու եկավ, ոչ լուր, ոչ էլ հալվա ուղարկեց։ Քայլում էր դեպի նախասրահ, խոհանոցի դռնից՝ աստիճաններով, ինձնից ու Հայրիյեից հեռու մնալով, հասկացա, որ ցանկանում է խոսել ու հետևեցի նրան։ — Զարիֆ էֆենդին ու հայրս թշնամիներ չէին։ Մենք նրա հուղարկավորությանը հալվա ուղարկեցինք։ Ուզում եմ իմանալ՝ ինչ է պատահել,— ասաց Շեքուրեն։ ― Հիմա կգնամ, կհարցնեմ, կիմանամ,— ասացի ես՝ հասկանալով, որ Շեքուրեն մտահոգ է։ Քանի որ շատ չերկարացրի, համբուրեց ինձ։ Քանի որ բակում շատ ցուրտ էր, փաթաթվեցինք իրար և այդպես անշարժ մնացինք։ Հետո շոյեցի իմ գեղեցկուհի Շեքուրեի մազերը։ — Էսթեր, վախենում եմ,— ասաց նա։ — Սիրելի՛ս, մի՛ վախեցիր,— ասացի ես։— Ամեն բան իր լավ կողմն ունի։ Տես, ինչպես ամուսնացար։ — Բայց չգիտեմ՝ ճիշտ արեցի, թե ոչ,— ասաց նա։– Այդ պատճառով նրան թույլ չտվեցի մոտենալ ինձ։ Գիշերը խեղճ հորս կողքին անցկացրի։ Աչքերը լայն բացած՝ նայեց ինձ, կարծես ուզում էր ասել՝ հասկանո՞ւմ ես։ — Հասանն ասում է, որ ձեր ամուսնությունը դատավորի համար ոչ մի նշանակություն չունի,— ասացի ես։– Քեզ սա է ուղարկել։ — Դե, բավական է,— ասաց Շեքուրեն, բայց միևնույն է՝ բացեց փոքրիկ թուղթն ու կարդաց։ Այս անգամ չասաց, թե ինչ է գրված։ Ճիշտ էր անում, որովհետև երբ իրար էինք փաթաթվել այգում, միայնակ չէինք։ Վերևում՝ առավոտյան անհայտ պատճառով ընկած ու կոտրված միջանցքի պատուհանի փականը նորոգող կեղծավոր փայտագործը և՛ մեզ, և՛ ներսում արտասվող կանանց էր նայում, միևնույն ժամանակ՝ տնից դուրս եկած Հայրիյեն վազում էր բակի դուռը բացելու, հավատարիմ հարևանի որդին բղավում էր. — Հալվա եմ բերել։ — Վաղուց ենք հողին հանձնել,— ասաց Շեքուրեն։— Հիմա խեղճ հորս հոգին դիակից վերջին անգամ ու անվերադարձ դուրս գալով՝ բարձրանում է վերև, զգում եմ։ Ինձնից հեռացավ, փայլուն երկնքին նայելով՝ երկար աղոթեց։ Մի պահ նա ինձ այնքան օտար թվաց, որ եթե այն երկինքը լինեի, որին Շեքուրեն է նայում, չէի զարմանա։ Աղոթքը վերջացնելուն պես գեղեցիկ Շեքուրեն սիրով համբուրեց աչքերս։ — Էսթեր,— ասաց նա։– Քանի հորս սպանողն ապրում է, ես էլ, որդիներս էլ հանգիստ չենք ունենա։ Ինձ դուր եկավ, որ ամուսնու անունը չտվեց։ — Գնա՛ Զարիֆ էֆենդու տուն, կնոջը հարցուփորձ արա և իմացիր, թե ինչու մեզ հալվա չի ուղարկել։ Անմիջապես լուր տուր ինձ։ — Հասանին որևէ բան ունե՞ս ասելու։ Ես չամաչեցի այս հարցիս համար, բայց ամաչեցի, երբ հարցնելիս չնայեցի նրա դեմքին։ Որպեսզի չնկատի, Հայրիյեին կանգնեցրի ու բացեցի ամանի կափարիչը։ — Օ՜հ, պիստակով սպիտակաձավարով հալվա,— ասացի ես ու մի փոքր կտոր գցեցի բերանս։– Թուրինջ էլ են դրել։ Մի պահ, տեսնելով, թե ինչպես է Շեքուրեն հանգիստ ժպտում, ինձ երջանիկ զգացի։ Կապոցս վերցրի, դուրս եկա, երկու քայլ անելուն պես փողոցի ծայրին Քարային տեսա։ Աներոջը նոր հողին հանձնած նորափեսան շատ գոհ էր, կարող էի հասկանալ նրա գոռոզությունից։ Տրամադրությունը չփչացնելու համար ճանապարհից դուրս գալով՝ մտա այգի, անցա այն տան այգու մոտով, որտեղ հայտնի հրեա Հեքիմ Մոշե Համոնի եղբայրն ու սիրելին էին կախվել։ Ամեն անգամ այստեղից անցնելիս այնքան եմ տխրում այդ մահաբույր պարտեզից, որ մոռանում եմ, որ պետք է այս տան համար հաճախորդ գտնեմ ու փորձեմ վաճառել։ Այդ այգու մահվան բույրը Զարիֆ էֆենդու տանն էլ կար, բայց այնտեղ տխրություն չկար։ Հազարավոր տներ մտնել֊դուրս գալով՝ հարյուրավոր այրի կանանց ճանաչած Էսթեր լինելով՝ գիտեմ, որ ամուսիններին ժամանակից շուտ կորցրած կանայք կամ պարտությունից ու տխրությունից, կամ զայրույթից ու ըմբոստությունից են խորհրդավոր դառնում (իմ Շեքուրեն երկու հատկանիշն էլ ձեռք էր բերել)։ Քալբիյե հանըմը զայրույթի թույնն էր խմել, և ես անմիջապես տեսա, որ դա իմ գործն արագացնելու է։ Ինչպես անում են հպարտ կանայք, ում հանդեպ կյանքը դաժան է վարվել, Քալբիյե հանըմը վատ օրերին տան դուռը թակող բոլորի՝ իրեն խղճալու կամ, որ ավելի վատ է, խեղճ վիճակին նայելով՝ իրենց վիճակի համար ուրախանալուց իրավացիորեն կասկածելու համար չէր փորձում հյուրերին լավ բառեր ասել, չէր բարեհաճում նրանց սիրաշահել, խոսքն ավարտվելուն պես ցտեսություն էր ասում, անմիջապես անցնում էր բուն թեմային։ Այս կեսօրին, երբ Քալբիյեն ննջում էր իր ցավի հետ արդյոք ինչո՞ւ էր այս Էսթերը թակել նրա դուռը։ Քանզի գիտեի, որ Չինաստանից եկող նավից ելած ամենալավ մետաքսե կտորներով, Բուրսայից եկած թաշկինակներով ընդհանրապես չի հետաքրքրվում, անգամ չփորձեցի կապոցս բացել, անմիջապես անցա գործի ու պատմեցի արտասվալից Շեքուրեի խնդիրը։ — Նույն ճակատագրին արժանացած Քալբիյե հանըմին ակամա վիրավորելը խեղճ Շեքուրեի համար նոր մտածմունք է,— ասացի ես։ Քալբիյե հանըմը հպարտ ձայնով ասաց, որ չի հետաքրքրվել Շեքուրեով, չի եկել նրան ցավակցելու, անգամ հալվա չուղարկելու համար էլ իրեն վատ չի զգում։ Նրա հպարտության ետևում, իհարկե, նաև ուրախություն կար, որը չէր կարողանում թաքցնել։ Նա հասկանում էր՝ մարդիկ տեսնում են, որ նեղացել է։ Ահա այս թույլ կետից սկսելով՝ ձեր խելացի էսթերը սկսեց հասկանալ, թե որն է զայրույթի պատճառը, ինչ է կատարվում։ Երկար ժամանակ չպահանջվեց պարզելու, որ Քալբիյեն վիրավորված է Էնիշթե էֆենդու պատրաստած գրքի պատճառով։ Ասաց, որ իր լուսահոգի ամուսինն այդ գործն արել է ոչ թե գումար վաստակելու համար, այլ որովհետև Էնիշթե էֆենդին նրան համոզել է, որ դա սուլթանի պատվերն է։ Բայց Էնիշթե էֆենդու գրչով պատրաստած նախշազարդ էջերը կամաց-կամաց դադարեցին մանրանկարչական գործ լինելուց, դարձան իսկական նկարներ, այդ նկարներն էլ աննախադեպ անհավատության, անշնորհքության, անգամ հայհոյանքի նշաններ սկսեցին կրել։ Դա նրա լուսահոգի ամուսնուն անհանգստացրել է, նա էլ սկսել է տատանվել ճշտի և սխալի միջև։ Բայց Զարիֆ էֆենդուց ավելի խելացի և ուշադիր լինելու պատճառով ավելացրեց. այս բոլոր կասկածները ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար էին սկսվել, խեղճ լուսահոգի Զարիֆ էֆենդին երբեք անհավատություն չէր տեսել, այդ պատճառով իմ տագնապներն անիմաստ համարեց։ Առանց այդ էլ լուսահոգի Զարիֆ էֆենդին էրզրումցի Նուսրեթ հոջայի քարոզները երբեք բաց չէր թողնում, եթե նամազը ճիշտ ժամանակին տեղի չէր ունենում, իրեն հանգիստ չէր զգում։ Իր կրոնին իսկական հավատացյալի պես կապված լինելու պատճառով, քանի որ գիտեր՝ արվեստանոցում որոշ ստոր մարդիկ իրեն ծաղրում են, հասկանում էր, որ այդ անշնորհք կատակներն իր տաղանդի և արվեստի հադեպ նախանձի պատճառով են։ Փայլուն, հսկայական արցունքը Քալբիյեի աչքից ընկնելով՝ հոսեց այտի վրայով, և բարեսիրտ Էսթերն առաջին պահին որոշեց Քալբիյեի համար լուսահոգի ամուսնուց էլ լավ ամուսին գտնել։ — Այս բոլոր խնդիրները լուսահոգին ինձ էլ շատ չէր պատմում,— կենտրոնացած ասաց Քալբիյեն։– Հիշածներս ինքնուրույն, մեկ առ մեկ միացնում եմ մտքումս։ Որոշեցի, որ նա սպանվել է վերջին օրը Էնիշթե էֆենդու տուն նկարների համար գնալիս։ Սա պատրվակի էր նման։ Որպես պատասխան ասացի, որ, ով գիտի՝ գուցե Էնիշթե էֆենդին էլ է նույն «ստորի» ձեռքով սպանվել, հիշեցրի, որ Շեքուրեի և նրա ճակատագրերն ու թշնամիները ընդհանրություններ ունեն։ Հիմա ինձ անկյունից ուշադիր հետևող երկու մեծագլուխ որբ երեխաների վիճակն էլ էր նման Շեքուրեի երեխաների վիճակին։ Բայց իմ ներսի անխիղճ միջնորդի տրամաբանությունն անմիջապես հիշեցրեց, որ Շեքուրեն ավելի գեղեցիկ է, ավելի հարուստ ու խորհրդավոր։ Ասացի՝ ինչ զգում էի. — Շեքուրեն ասում է՝ եթե սխալ եմ գործել, թող ինձ ների,— ասացի ես։– Քեզ քրոջ և ճակատագրի ընկերոջ ուղեկցություն է առաջարկում ու ցանկանում է, որ մտածես սրա մասին, օգնես նրան։ Լուսահոգի Զարիֆ էֆենդին վերջին գիշերն այստեղից դուրս գալիս Էնիշթե էֆենդուց բացի ուրիշ մեկի հետ հանդիպելու մասին խոսե՞լ է։ Մտածե՞լ ես, որ կարող է ուրիշին հանդիպած լինել։ — Իմ խեղճ Զարիֆի գրպանից սա է դուրս եկել,— ասաց նա։ Ներսում նկարչության ասեղներ, կտորներ և հսկայական ընկույզից պատրաստված կափարիչով տուփից մի ծալած թուղթ հանեց ու մեկնեց ինձ։ Ճմռթված հաստ թուղթը վերցնելով՝ մոտիկից ուշադիր նայելով՝ թրջվելուց ուրվագծերը կորցրած, թանաքով նկարած պատկերներ տեսա։ Նոր էի սկսում հասկանալ, թե ինչ պատկերներ են, երբ Քալբիյեն բարձրաձայնեց իմ մտքերը. — Ձիեր են,— ասաց նա։– Լուսահոգի Զարիֆ էֆենդին տարիներ շարունակ միայն գրագրություն էր անում, ձի չէր նկարում, ոչ ոք էլ նրանից չէր պահանջում ձի նկարել։ Արագ նկարված, ջրից թրջված ձիերին նայում ու ոչինչ չէր կարողանում հասկանալ ձեր ծեր Էսթերը։ — Եթե այս թուղթը Շեքուրեին ցույց տամ, շատ կուրախանա,— ասացի ես։ — Եթե Շեքուրեն ուզում է այս թուղթը, թող ինքը գա,— ասաց Քալբիյեն հպարտ ձայնով։ == 40. Իմ անունը Քարա է == Գուցե արդեն հասկացել եք. ինձ պես մարդուն, այսինքն՝ սիրուն ու ցավին, երջանկությանն ու աղքատությունն ի վերջո հարմարված ինձ պես տխուր մարդուն կյանքը ոչ մեծ ուրախություններ է պարգևում, ոչ էլ մեծ տխրություններ։ Երբ ուրիշների հոգիներն այս զգացմունքներով տակնուվրա են լինում, չեմ ասում, որ չեմ հասկանում, ընդհակառակը՝ այս զգացմունքներն ապրող մարդկանց ավելի շատ եմ սկսում հասկանալ։ Իսկ այն, ինչ չեմ հասկանում, այդ ընթացքում մեր հոգու մեջ թաղված տարօրինակ անհանգստությունն է։ Մեր խելքը, մեր սիրտը մթագնող այս անձայն անհանգստությունը գրավում է ուրախության ու տխրության տեղը։ Երբ հորը հողին հանձնելուց վերադարձա, տեսնելով նախ Շեքուրեիս փաթաթված ցավակցող, հետո ինձ թշնամաբար նայող երեխաներին, և թե ինչպես է կինս իրեն բարձերի վրա նետելով՝ արտասվում, քարացած կանգնեցի։ Նրա տխրությունն իմ հաղթանակն էր. միանգամից իմ երիտասարդության երազանքով ամուսնացել էի և ինձ ստորացնող հորից ազատվելով՝ տան տերն էի դարձել, ո՞վ կհավատար իմ արցունքներին։ Բայց ոչ, հավատացեք, այդպես չէ. իսկապես ուզում էի տխրել, բայց չէի կարողանում։ Էնիշթեն հարազատ հայրս չէր, բայց հոր նման էր վերաբերվել ինձ։ Հանգուցյալին լողացնող ջանասեր իմամն այնքան շատախոս էր, որ փեսայիս՝ սեփական մահով չմահանալու բամբասանքը հուղարկավորության ընթացքում մզկիթի բակից մինչև թաղամաս էր տարածվել։ Այղ պատճառով այն փաստը, որ չեմ կարող արտասվել, կարող էր վատ մեկնաբանվել, ցանկանում էի տխրել սառնասիրտ համարվելու վախից, գիտեք, որ սա է ամենաանկեղծ զգացմունքը։ Որպեսզի ինձ նմաններին համայնքից չվտարեն, գիտակից, տարիքով կանայք միշտ այսպիսի պատրվակ են առաջ քաշում. — Սարդը անձայն է լալիս։ Ես էլ էի անձայն լալիս, ջանասեր հարևանների ու հեռու բարեկամների աչքին չերևալու համար (ի դեպ, որոնց անկեղծ արտասվելու վրա զարմանում էի), փորձում էի մի անկյունում թաքնվել, մտածում էի՝ արդյոք պե՞տք է տանտիրոջ պես վարվեմ, թե՞ չէ։ Այդ պահին դուռը թակեցին։ Մի պահ անհանգստացա՝ կարծելով՝ Հասանն է, բայց այս արտասուքի դժոխքից փրկվելու համար, ինչպես էլ որ լինի, համաձայն եմ։ Պալատից եկած մի դռնապան տղա էր։ Ինձ պալատ էին կանչում։ Զարմացա։ Բակից դուրս գալիս ցեխի մեջ մի արծաթադրամ գտա։ Շա՞տ էի վախենում, որ ինձ պալատից են կանչում։ Այո, վախենում էի, բայց դրսում, ցրտի մեջ, փողոցներում ձիերի, շների, ծառերի և մարդկանց հետ մեկտեղ լինելուց գոհ էի։ Դահճին հանձնվելուց առաջ զնդանի պահակի հետ դեսից-դենից, կյանքի գեղեցկությունների, լճի բադիկների, երկնքի ամպի հիանալի ձևի մասին հաճելի զրույցի բռնվելով՝ աշխարհի դաժանությունը մեղմելը կարծող երազողների պես ինձ տանելու եկած դռնապան տղայի հետ ցանկացա ընկերանալ, բայց անժպիտ, պզուկոտ, տխուր երեխա էր։ Այա Սոֆիայի մզկիթի կողքով անցնելիս նուրբ տեսա՝ ինչպես են նուրբ նոճիները ձգվում դեպի մշուշոտ երկինք։ Այս ամենին հիացմունքով նայելիս ինձ սարսռեցնում էր ոչ թե այն, որ տասը տարի անց առանց Շեքուրեի հետ ամուսնանալու, այլ այն, որ առանց նրա հետ նույն անկողինը կիսելու՝ պալատում անիրավ տանջանքներից էի մեռնելու։ Գնացինք ոչ թե դեպի կենտրոնի դուռը, ուր սարսափահար նայում էի աշտարակներին, որոնց ետևում տանջողներն ու հմուտ դահիճներն էին, այլ քայլեցինք ուղիղ դեպի ցախատուն։ Պահեստների միջով անցնելիս գոլորշապատ բերանով, կարմիր մարմնով ու մուգ ոտքերով ձիու կողքին, ցեխի մեջ իրեն լպստող կատուն չշրջվեց ու չնայեց մեզ. մեզ պես կատուն էլ զբաղված էր սեփական կեղտոտությամբ։ Պահեստների ետևում երկու հոգի, որոնց կանաչ, մանուշակագույն հագուստներից չհասկացա, թե ում մարդիկ են, ինձ անձայն վերցրին պահակ տղայից, մտցրին մի փոքր տան մութ սենյակ, որի հոտից հասկանում էի, որ թարմ փայտից է, ու կողպեցին դուռը։ Քանզի գիտեի, որ մութ սենյակում փակելը տանջելուց առաջ վախեցնելու արարողության մի մասն է, հույս ունենալով, որ նախ գործը ֆալաքայով կսկսեն, մտածում էի, թե ինչ սուտ եմ ասելու, այս իրավիճակից ինչպես եմ դուրս գալու։ Դռան մոտ էլ հավանաբար շատ մարդ կար. աղմկոտ էր։ Հավանաբար մտածում եք, որ այսքան ծաղրանքով խոսող մարդը չի կարող պատրաստվել տանջանքի։ Ասե՞լ էի, որ հավատում եմ, որ Աստծու բախտավոր ծառան եմ։ Տարիներ շարունակ կրածս տանջանքներից հետո այս երկու օրվա ընթացքում գլխիս նստած բախտի թռչունները եթե չեն բավականացնում դա ասելու համար, բակի դռնից դուրս գալիս գետնին գտած արծաթադրամը պետք է որ իմաստ ունենա։ Տանջանքին սպասելիս մխիթարանք գտա այդ արծաթադրամի մեջ, քանզի արդեն հավատում էի, որ ինձ պաշտպանելու է։ Աստծու ուղարկած հաջողության թալիսմանը վերցրի, շոյեցի ու մի քանի անգամ համբուրեցի։ Այն ժամանակ, երբ ինձ մթությունից հանելով՝ այն աշխարհ էին տանում, տեսա Բոսթանջըբաշըին և ճաղատ խորվաթ տանջողներին ու հասկացա, որ արծաթադրամը ոչինչ չի փոխի։ Իմ ներսի դաժան ձայնն ասում էր, որ գրպանիս արծաթադրամը ոչ թե Աստծու ուղարկածն է, այլ երկու օր առաջ Շեքուրեի գլխին շաղ տված դրամներից մեկը, որ երեխաները չէին հասցրել վերցնել։ Այսպիսով, տանջողի ձեռքերին հանձնվելուց բացի այլևս ոչ մի երազանք, ոչ մի փրկություն չէր մնացել։ Անգամ չէի նկատել, թե ինչպես են սկսել աչքերիցս արցունքներ թափվել։ Ցանկացա աղաչել, բայց բերանիցս ոչ մի ձայն դուրս չեկավ, ինչպես երազներում է լինում։ Պատերազմներից, մահերից ու հեռվից տեսած քաղաքական դաժան ու տանջալից պահերից գիտեի, որ մարդ մի պահ կարող է ոչինչ դառնալ, բայց երբեք ինքս չէի զգացել դա։ Հագուստներս հանելիս կարծես ինձ այս աշխարհից էին հանում։ Անթևնոցս, վերնաշապիկս հանեցին։ Դահիճներից մեկը նստեց վրաս, ծնկներով սեղմեց ուսերս։ Մյուսը գլխիս երկու կողմում,— ճաշ պատրաստող կնոջ պես ուշադիր, նուրբ և փորձառու շարժումներով,— վանդակ դրեց և սկսեց դանդաղ կողպել։ Դա ոչ թե վանդակ էր, այլ աքցան, որը գլուխս երկու կողմից սկսեց սեղմել։ Ամբողջ ուժով բղավեցի։ Աղաչեցի, բայց անհասկանալի բառերով։ Արտասվեցի, բայց ավելի շատ այն պատճառով, որ նյարդերս էին թուլացել։ Դադարեցրին, հարցրեցին՝ արդյոք ե՞ս եմ սպանել Էնիշթե էֆենդուն։ Շունչ քաշեցի։ — Ոչ,— ասացի։ Կրկին սկսեցին սեղմել։ Ցավում էր։ Նորից հարցրին։ Ո՛չ։ Իսկ ո՞վ։ Չգիտե՛մ։ «Ասե՞մ, որ սպանել եմ»,— մտածեցի ես։ Բայց աշխարհը աչքիս առաջ պտտվում էր։ Ոչինչ չանելու ցանկություն պատեց ինձ։ «Արդյոք դիմանո՞ւմ եմ ցավին»,— հարցրի ինքս ինձ։ Ես ու ինձ տանջողները մի պահ կանգ առանք։ Միայն նրանից էի վախենում, որ ոչ մի ցավ չեմ զգա։ Կրկին սկսում էի մտածել, որ գրպանիս արծաթադրամի պատճառով չեն սպանում, երբ հանկարծակի բաց թողեցին։ Իրականում գլուխս մի քիչ սեղմած աքցանը հանեցին։ Ինձ վրա նստած դահիճն իջավ։ Բայց այնպիսի տեսք ուներ, ասես ներողություն էր խնդրում։ Վերնաշապիկս, անթևնոցս հագա։ Լռությունը երկարեց։ Սենյակի մյուս ծայրում գլխավոր նկարիչ Օսման էֆենդուն տեսա։ Մոտենալով՝ ձեռքը համբուրեցի։ — Մի՛ տխրիր, որդի՛ս,— ասաց նա։– Քեզ պարզապես ստուգում էին։ Մնմիջապես հասկացա, որ փեսայիցս հետո նոր հայր եմ գտել։ — Մեր սուլթանն ասել է, որ քեզ տանջանքների ենթարկենք,— ասաց Բոսթանջըբաշըն։– Իր նկարիչներին, գիրքը պատրաստող ծառաներին սպանող ստոր մարդասպանին գտնելու համար գլխավոր նկարիչ վարպետ Օսմանի օգնությանը դիմելն է հարմար գտել։ Երեք օրվա մեջ նրա նկարներին նայելով՝ նրանց հետ խոսելով՝ գտնելու եք այդ ստորին։ Սուլթանը գրքերի և նկարիչների մասին հերյուրանքներ տարածողների բամբասանքներից շատ դժգոհ է։ Որպեսզի այդ ստորին գտնեք, ինչպես սուլթանն է հրամայել, ես և գանձապետ Հազըմ աղան ձեզ կօգնենք։ Ձեզնից մեկը Էնիշթե էֆենդու հարազատն է, լսել եք, թե նա ինչեր է պատմել, գիտեք, թե գիշերները եկող նկարիչներն ինչպես են աշխատել, գիտեք գրքի պատմությունը։ Ձեզնից մյուսը միշտ ասում է, որ բոլոր նկարիչներին հինգ մատի պես ճանաչող մեծ վարպետ է։ Ոչ միայն այդ խոզին, այլև նրա գողացած ու բամբասանքների տեղիք տված գիրքն էլ եթե երեք օրվա մեջ չգտնեք, մեր արդար սուլթանը սկզբում Քարա էֆենդուն տանջանքների ենթարկելն է հրամայել։ Հետո չենք կասկածում, որ հերթը կհասնի վարպետ նկարիչներին։ Տարիներ շարունակ համագործակցող հին ընկերներ՝ գլխավոր նկարիչ վարպետ Օսման էֆենդու և նրան պատվիրած գանձարանից նյութ ու փող տվող գանձապետ Հազըմ աղայի միջև գաղտնի նշանների, հայացքների փոխանակում չտեսա։ — Երբ մեր սուլթանի խցերում, սենյակներում, խմբերում մեղք են գործում, մինչև մեղավորին գտնելն ամբողջ խումբը, սկզբում՝ աղան, վարպետը, մարդասպանների խմբի պես շարք են կանգնում և կրում պատիժը։ Բոլորր գիտեն դա,— ասաց Բոսթանջըբաշըն։ — Մեր գլխավոր նկարիչ վարպետ Օսմանն այս պատճառով աչքերը չորս անելով՝ բոլոր էջերն ուսումնասիրելով, անմեղ նկարիչներին իրար դեմ հանած սատանայությունը, խարդախությունը, բանսարկությունը, չարությունը գտնելով՝ դուրս կբերի, մեղավորին մեր աշխարհի տիրակալ սուլթանի անխախտ արդարությանը կհանձնի, նրա խումբն էլ ծայրեծայր կվերացնի։ Այդ պատճառով նրա համար ամեն բան անում ենք և անելու ենք։ Իմ մարդիկ մեկ առ մեկ վարպետ նկարիչների տներում նկարվող գրքի էջերը հավաքելով՝ բերում են։