Աչքերս կկոցելով՝ սատանային, ինչպես պատկերացնում էի, նկարեցի պատմիչի կոշտ թղթի վրա։ Մինչ ես նկարում էի, պատմիչը և նրա աշակերտը, մյուս նկարիչները, հետաքրքրասերները ծիծաղում էին, հրահրում ինձ։ Ձեր կարծիքով՝ ես իմ ո՞ճն ունեմ, թե՞ այս ամենը գինու պատճառով է։
== 47. Ես սատանան եմ ==
Ձիթապտղի ձեթի մեջ տապակած կարմիր պղպեղի հոտը, լուսաբացին հանդարտ ծովի վրա թափվող անձրևները, բաց պատուհանի եզրին մի պահ կնոջ երևալը, լռությունը, մտածելը և համբերությունն եմ սիրում։ Հավատում եմ ինձ և հիմնականում իմ մասին լուրերին ուշադրություն չեմ դարձնում։ Բայց այս երեկո այս սրճարան եմ եկել նկարիչ և գրիչ եղբայրներիս որոշ բամբասանքների, ստերի, ասեկոսեների պատճառով։ Իհարկե, գիտեմ, որ պատրաստ եք հավատալ իմ ասածների ճիշտ հակառակին։ Բայց նաև այնքան խելացի և ուշադիր եք, որ գիտեք իմ ասածի ճիշտ հակառակը միշտ չի ճիշտ լինում։ Գիտեք, որ Ղուրանում հիսուներկու անգամ հիշատակվել է իմ անունը։
Լա՛վ, սկսեմ Աստծու գրքից՝ Ղուրանից։ Այնտեղ իմ մասին գրված ամեն ինչ ճիշտ է։ Ուզում եմ իմանաք՝ այս խոսքերն ասելիս համեստ եմ պահում ինձ, որովհետև նաև ոճի խնդիր կա։ Ղուրանում ստորացվելն ինձ միշտ ցավ է պատճառել։ Այդ ցավն իմ կյանքի ոճն է։ Անկասկած։
Այո, Աստված մեր՝ հրեշտակների աչքի առաջ ստեղծեց մարդուն։ Հետո ցանկացավ, որ խոնարհվենք նրան։ Այո, ինչպես գրված է «Արաֆ» սուրահում, մինչ բոլոր հրեշտակները երկրպագում էին, ես ըմբոստացա։ Հիշեցրի, որ Ադամը կավից է, իսկ ես, ինչպես գիտեք, ավելի բարձր նյութից՝ կրակից, և մարդուն չերկրպագեցի։ Աստված էլ ինձ «հպարտ» համարեց։
— Դուրս ել դրախտից,— ասաց նա։– Այստեղ մեծությունը չափելը քո խնդիրը չէ։
— Թույլ տուր մինչև դատաստանի օրը, մինչև մահացածների հարություն առնելն այստեղ մնամ,— ասացի ես։
Թույլ տվեց։ Ես էլ այդ ընթացքում չերկրպագելու պատճառով պատիժ կրելուս պատճառ դարձած Ադամի ցեղին ճանապարհից շեղելու մասին ասացի։ Նա էլ ասաց, որ ճանապարհից շեղվածներին դժոխք կուղարկի։ Գիտեք, որ դեռ շարունակում ենք այդ գործը։ Այս թեմաներին ոչինչ չունեմ ավելացնելու։ Ոմանք այդ ընթացքում մեծ Աստծու և իմ միջև համաձայնության մասին սկսեցին խոսել։ Ըստ այդ տրամաբանության՝ ես մեծ Աստծուն էի օգնում՝ փորձելու իր ծառաներին. փորձում եմ նրանց ճանապարհից շեղել։ Լավ մարդիկ լավ որոշումներ կայացնելով՝ ճանապարհից դուրս չեն գալիս, վատերը պարտվելով իրենց ցանկությանը՝ մեղք են գործում, ընկնում են։ Եթե բոլորը դրախտ գնային, ոչ մեկին հնարավոր չէր լինի վախեցնել, աշխարհի և պետության գործերը միայն լավությամբ չի կարելի ղեկավարվել, և աշխարհում լավի չափ վատ, բարության չափ մեղք ապահովելու համար իմ գործը շատ կարևոր է։ Չնայած նրան, որ Աստծու կարգը իմ շնորհիվ և մեծ Աստծու (ինչո՞ւ մինչև դատաստանի օրն ինձ չթողեց այնտեղ մնալ) թույլտվությամբ է իրականացել, «վատ» լինելը, երբեք չհանձնվելը իմ ոճն էր։ Իմ մասին այսպես մտածող Հալլաջը Մանսուրը կամ հայտնի իմամ Գազզալիի եղբայր Ահմեդ Գազզալիի նմաններն ասել են, որ իմ մեղքերն էլ իրականում Աստծու թույլտվությամբ և կամքով են, որ դա վատից և լավից անդին է, որովհետև ամեն բանի սկիզբն Աստված է, որ անգամ ես Աստծու մասն եմ։
Այս անխելքներից ոմանք, իրավացիորեն, գրքերի հետ մեկտեղ այրվելով սպանվել են։ Որովհետև, իհարկե, գոյություն ունի լավ և վատ, այս երկուսի միջև սահման գծելը բոլորիս գործն է, ես, անշուշտ, Աստված չեմ, և այս հիմարություններն էլ այս անխելքների գլուխը չեմ մտցրել, իրենք են մտածել։ Սա էլ ինձ հանգեցնում է երկրորդ հակառակմանը. աշխարհի բոլոր վատությունների և մեղքերի աղբյուրը ես չեմ։ Շատերին ես չեմ հրահրում, չեմ խաբում, չեմ անհնագստացնում, սեփական զայրույթի, ցանկասիրության, թուլամորթության, ստորության և հիմնականում հիմարության պատճառով են մեղք գործում։ Որոշ գրել-կարդալ իմացող սուֆիների՝ ինձ բոլոր վատություներից մաքրելու փորձերը որքան որ հիմար լինեն, հակադարձում են Ղուրանի այն մտքին, որի համաձայն՝ բոլոր վատություններն ինձնից են դուրս եկել։ Գնորդին խաբելով՝ փչացած խնձորը նրան վաճառող բանջարավաճառին, ստախոս ցանկացած երեխայի, շողոքորթողին, անշնորհք երազներ տեսնող ծերունուն, ձեռնաշարժությամբ զբաղվող տղային ես չեմ խաբում։ Անգամ մեծ Աստված այս վերջին երկու վատությունների պատճառները չի կարող իմ մեջ գտնել։ Իհարկե, շատ եմ փորձում, որ սարսափելի մեղքեր իրագործվեն, շատ եմ աշխատում, բայց բերանը բաց հորանջումներին, փռշտացողներին, անգամ հոտ հանողներին, էլի որոշ հոջաներ գրում են, որ ես եմ խաբում։ Սա նշանակում է, որ ինձ ընդհանրապես չեն հասկանում։ Թող չհասկանան, կասեք դուք, դու էլ նրանց ավելի հեշտ կխաբես։ Ճիշտ է։ Բայց ես էլ հպարտություն ունեմ, պետք է հիշեցնեմ, որ սա է պատճառ դարձել իմ և Աստծու ընկերության համար։ Չնայած, որ կարողանում եմ հանգիստ փոխել տեսքս, հատկապես որպես ցանկասիրություն արթնացնող գեղեցիկ կին, բոլոր հավատացյալների ճանապարհին կանգնած տասնյակ հազարավոր հատորների վրա, ինչպես նաև այստեղի նկարիչ եղբայրներիս նկարներում ինձ դեռ բծերով պատված դեմքով, անհարթ մաշկով, կոտոշավոր ու պոչավոր սարսափելի էակի պես են նկարում։ Կարո՞ղ եք բացատրել՝ ինչու։
Հիմնական թեման ահա սա է՝ նկարչությունը։ Ստամբուլի փողոցները լցնող և այդ հոջայի (ձեզ ավելի ուշ չտխրեցնելու համար անունը չեմ հիշատակելու) ոգևորած բազմությունը, մաքամի և էզան կարդալու համար թեքքեներում հավաքվելով՝ իրար գրկի նստած՝ կրոնական երգեր երգելով՝ երաժշտական գործիքների նվագակցությամբ ուշաթափվելու և սուրճ խմելու՝ Ալլահի խոսքին հակառակվելու մասին է ասում։ Այս աղոթքից և բազմությունից վախեցող որոշ նկարիչներ ասում են, որ եվրոպական ոճով նկարելն իմ ձեռքի գործն է, այդպես եմ լսել։ Իմ մասին հարյուրավոր տարիներ շարունակ անդադար բամբասել են։ Դրանք բոլորն էլ ինչ-որ չափով ճիշտ էին։
Անցնենք մեր հիմնական խնդրին։ Բոլորը հետաքրքրվում են Եվայի՝ արգելված պտուղը ուտելով և մոռանում են սկիզբը։ Ոչ, սկիզբն այն չէ, երբ մեծ Աստված ինձ հպարտ է անվանում։ Ամեն ինչ սկսվում է, երբ նա ինձ և մյուս հրեշտակներին մարդուն ցույց տալով՝ պահանջում է նրան երկրպագել, և մինչ մյուս հրեշտակները մարդուն երկրպագում են, ես մի քանի անգամ համառորեն ասում եմ՝ ՄԱՐԴՈՒՆ ՉԵՄ ԵՐԿՐՊԱԳԻ։ Ինձ կրակից ստեղծելուց հետո ավելի անարժեք նյութից՝ կավից ստեղծված ՄԱՐԴՈՒՆ ԵՐԿՐՊԱԳԻ՛Ր ասելը ձեր կարծիքով տեղի՞ն էր։ Ձեռքը խղճին դնելով՝ ասեք, եղբայրներ։ Լա՛վ, գիտեմ, որ այստեղ ոչինչ գաղտնի չի մնա, նա ամեն ինչ կլսի և մի օր ձեզնից հաշիվ կպահանջի։ Դրա մասին եք մտածում և վախենում։ Այդ դեպքում չեմ հարցնի, թե նա ինչու է ձեզ այդ խիղճը տվել։ Ասում եմ, որ իրավացիորեն եք վախենում ու մոռանում եմ այս հարցիս և կրակի ու կավի միջև համեմատություն անելու մասին։ Բայց երբեք չեմ մոռանա, այո՛, մի բան կա, որ հպարտությամբ կհիշեմ. ԵՍ ՄԱՐԴՈՒՆ ՉԵՐԿՐՊԱԳԵՑԻ։
Մինչդեռ նոր եվրոպացի վարպետներն այժմ հենց դա են անում։ Պարոնների, քահանաների, հարուստ առևտրականների և անգամ կանանց աչքերի գույնը, մաշկը, շրթունքների աննման ելևէջները, կրծքերի արանքի գեղեցիկ ստվերը, ճակատների կնճիռները, մատների մատանիները, անգամ ականջներից դուրս եկող զզվելի մազերը, ամեն ինչ եղածի պես նկարելով չեն բավարարվում, կարծես մարդը արարած է, որին պետք է երկրպագել, նրանց տեղադրում են նկարի ամենակենտրոնում և կախում պատերից, ասես արձաններ են, որոնց պետք է երկրպագել։ Մարդը, անգամ նրա ստվերը բոլոր մանրամասներով նկարելու չափ կարևոր արարած է։ Փողոցի տները մարդու աչքերում աստիճանաբար փոքրանում են։ Եթե այդպես էլ պատկերվի, աշխարհի կենտրոնը ոչ թե Աստված, այլ մարդը կդառնա, չէ՞։ Ամենակարող Աստված ավելի լավ գիտի, բայց մարդուն երկրպագելուց հրաժարված, այդ պատճառով տառապանքներ և միայնություն տեսած, այդ պատճառով Աստծուն հիասթափեցրած, հայհոյանքներ լսածը ես եմ, այս նկարներին հաղորդածս ներշնչանքի պնդումները, կարծում եմ՝ հասկացել եք, թե ինչ հիմարություն են։ Որոշ մոլլաների գրածի, որոշ հոջաների ասածի պես բոլոր տղաներն իմ պատճառով են ձեռնաշարժությամբ զբաղվում, բոլորին ես եմ ստիպում, որ հոտ հանեն։
Այս թեմայով վերջին բանն եմ ուզում ասել, բայց սա չի վերաբերում այն մարդկանց, ովքեր միայն մտածում են իրենց ցուցադրելու, ցանկասիրության մասին, ընկած են փողի ետևից և հիմար կրքերի պատճառով կեղտոտվել են։ Անսահման ուղեղով ինձ միայն մեծ Աստված կհասկանա, արդյոք դու չե՞ս հրեշտակներիդ ստիպել մարդուն երկրպագել՝ ստիպել նրանց հպարտ լինել։ Հիմա էլ քո հրեշտակներից սովորածներն իրենք են անում, իրենք իրենց են երկրպագում, իրենց համարում են աշխարհի կենտրոնը։ Բոլորը, անգամ քո հավատարիմ ծառաները, ցանկանում են նկարվել եվրոպացի վարպետների ոճով։
Սա ինքնասիրահարության հետևանքն է, շուտով քեզ կմոռանան, դրանում շատ վստահ եմ։ Բացի այդ, քեզ մոռանալու ամբողջ մեղքը կրկին ինձ վրա կգցեն։ Ինչպե՞ս կարող եմ ձեզ ասել, որ ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում նման բաների վրա։ Իհարկե, չնայած հարյուրավոր տարիներ դաժանորեն քարկոծվելուն, հայհոյանքներին, անեծքներին, եկեղեցական բանադրանքներին՝ ոտքի վրա ողջ ու առողջ կանգնած եմ։ Մինչև դատաստանի օրը մեծ Աստծու շնորհած ապրելու թույլտվությանն ինձ անարժան համարող զայրացած և մակերեսային թշնամիներս եթե այդքան կարճ հիշողություն չունենային, բոլորիս գործը հեշտ կլիներ։ Իսկ նրանց՝ Ալլահից ստացած կյանքը միայն վաթսուն-յոթանասուն տարի կտևի։ Եթե ասեմ՝ գոնե փորձեք սուրճ խմելով երկարացնել այն, կասեք՝ վայ, եթե սատանան է ասում, հակառակն անենք։ Գիտեմ, որ ոմանք երբեք սուրճ չեն խմի կամ գլխի վրա կանգնելով՝ կփորձեն սուրճը հետույքով խմել։ Բայց դա էլ պարզ չէ։ Ի վերջո, մի սիրո պատմություն էի անելու, բայց արդեն ուշ է։ Այս գիշեր ինձ կանչած վարպետ պատմողը խոստացել է վաղը չէ մյուս օրը՝ չորեքշաբթի օրվա գիշերը, պատին կնոջ նկար կախել և քաղցր լեզվով պատմել այդ սիրո պատմությունը։
== 48. Ես Շեքուրեն եմ ==
Երազում հորս էի տեսել, ինձ անհասկանալի բան էր ասում, սարսափելի էր, արթնացա։ Շևքեթն ու Օրհանը երկու կողմից ամուր ինձ էին փաթաթվել, նրանց ջերմությունից քրտնել էի։ Շևքեթը ձեռքը դրել էր փորիս։ Օրհանը քրտնած գլուխը հենել էր կրծքիս։ Միևնույն է, կարողացա առանց նրանց արթնացնելու դուրս գալ սենյակից։
Միջանցքն անցնելով՝ անձայն բացեցի Քարայի դուռը։ Ձեռքիս մոմի լույսի տակ ոչ թե նրան, այլ մութ, ցուրտ սենյակի մեջտեղում պատանի մեջ դիակի պես մեկնված ճերմակ անկողինը տեսա։ Մոմի լույսը կարծես անկողնու վրա չէր տարածվում։
Ձեռքս մոտեցրի, և մոմի թուրինջե լույսն ընկավ Քարայի չսափրված, հոգնած դեմքին, մերկ ուսերին։ Մոտեցա, ինչպես Օրհանն է անում, միջատի պես գալարված քնած էր, և դեմքին քնած աղջկա դեմքի արտահայտություն կար։
— Նա իմ ամուսինն է,— ասացի ինձ։
Այնքան հեռու և օտար էի զգում նրանից, որ մի պահ զղջացի։ Եթե ձեռքիս դաշույն լիներ, կսպանեի։ Ոչ թե որովհետև իսկապես ցանկանում էի, այլ որովհետև ինչպես մանուկ ժամանակ, մտածում էի՝ եթե նրան սպանեմ, ինչ կլինի։ Չէի հավատում, որ տարիներ շարունակ իմ մասին մտածելով է ապրել, ինչպես և չէի հավատում դեմքի անմեղ արտահայտությանը։ Մերկ ոտքիս ծայրով ուսը հրեցի և արթնացրի։ Ինձ տեսնելուն պես ասես կախարդվելով՝ ոչ թե ոգևորվեց, այլ հենց իմ ուզածի պես մի պահ վախեցավ։ Մինչ լրիվ կարթնանար, ասացի.
— Երազումս հորս եմ տեսել։ Ինձ շատ սարսափելի բան ասաց, դու ես նրան սպանել...
— Երբ հորդ սպանեցին, միասին չէի՞նք։
— Ես էլ գիտեմ,— ասացի։— Բայց դու գիտեիր, որ հայրս տանը մենակ է լինելու։
— Չգիտեի։ Դու էիր երեխաներին Հայրիյեի հետ ուղարկել։ Երևի միայն Հայրիյեն ու Էսթերը գիտեին։ Դու ավելի լավ կիմանաս, թե ով գիտեր։
— Ներսիցս մի ձայն ասում է, թե ինչու է ամեն բան վատ ստացվել, այս ամբողջ չարաբաստիկության գաղտնիքն է կարծես ասում։ Որպեսզի այդ ձայնը դուրս գա, բերանս բացում եմ, բայց ինչպես երազում, կոկորդիցս ձայն դուրս չի գալիս։ Դու էլ մանկությանս տարիներին ճանաչած այն լավ ու միամիտ Քարան չես արդեն։
— Դու էլ, հայրդ էլ այդ միամիտ Քարային վտարեցիք։
— Եթե հորիցս վրեժ լուծելու համար էիր ուզում ամուսնանալ ինձ հետ, արդեն ուզածիդ հասար։ Բայց գուցե այդ պատճառով երեխաները քեզ չեն սիրում։
— Գիտեմ,— տխրությամբ ասաց նա։– Գիշերը քնելուց առաջ դու մի պահ ներքևում էիր, բարձր, որպեսզի կարողանայի լսել, ասում էին՝ Քարա, Քարա, հիմար Քարա։
— Ծեծեիր նրանց,— ասացի ես՝ սկզբում իսկապես ցանկանալով, որ ծեծեր։– Եթե նրանց վրա ձեռք բարձրացնես, քեզ կսպանեմ,— անհանգստացած ասացի հետո։
— Մտիր անկողին,— ասաց նա։– Կմրսես։
— Գուցե երբեք չմտնեմ քո այդ անկողինը։ Գուցե երկուսս էլ սխալ արեցինք, որ ամուսնացանք։ Ասում են, որ այդ ամուսնությունը ուժ չունի։ Գիշերը քնելուց առաջ Հասանի ոտնաձայները լսեցի։ Մի՛ մոռացիր, լուսահոգու ամուսնուս հետ ապրելիս տարիներ շարունակ լսել եմ նրա ոտնաձայները։ Երեխաները նրան սիրում են։ Անխիղճ է։ Մի կարմիր թուր ունի, զգուշացիր նրանից։
Քարայի հայացքում այնպիսի հոգնած և այնքան խիստ բան տեսա, որ հասկացա՝ չեմ կարող վախեցնելնրան։
— Երկուսիցս էլ ամենաշատ հույս ունեցողը և ամենատխուրը դու ես,— ասացի։– Ես դժբախտ չլինելու, երեխաներիս պաշտպանելու համար եմ դիմանում, իսկ դու՝ քեզ ապացուցելու, ոչ թե ինձ սիրելու համար։
Երկար պատմեց, թե ինձ որքան է սիրում, դատարկ իջևանատներում, մերկ լեռների վրա, ձնոտ գիշերներում միշտ իմ մասին է մտածել։ Եթե դա չասեր, երեխաներին կարթնացնեի, կգնայի նախկին ամուսնուս տուն։ Հանկարծ այսպես ասացի.
— Երբեմն ինձ թվում է, թե նախկին ամուսինս ամեն պահ կարող է վերադառնալ։ Ոչ թե քեզ հետ կեսգիշերին մի սենյակում մնալուց, երեխաներին մոտենալուց եմ վախենում, այլ որովհետև ինձ թվում է՝ իրար փաթաթվելուն պես այդ դուռը կսկսի ծեծել։
Դրսից՝ ուղիղ բակի դռան մոտից մահացու կռվող կատուների ճիչերը լսվեցին։ Հետո երկար լռություն տիրեց։ Մի պահ կարծեցի, թե կհեծկլտամ։ Ձեռքիս մոմակալը ոչ կարողանում էի սեղանի վրա դնել, ոչ էլ վերադառնալ սենյակ՝ երեխաներիս մոտ։
«Մինչև չհամոզվեմ, որ հորս սպանության հետ կապ չունի, այս սենյակից դուրս չեմ գա»,— ասացի ինձ։
— Մեզ ստորացնում ես,— ասացի Քարային։– Ինձ հետ ամուսնանալուց հետո գոռոզացար։ Քանի որ ամուսինս չի վերադարձել, խղճում էիր ինձ, հիմա էլ խղճում ես, որ հայրս է սպանվել։
— Շեքուրե՛ հանըմ,— կենտրոնացած ասաց նա։
Ինձ դուր եկավ, որ խոսքն այսպես էր սկսել։
— Դու էլ գիտես, որ դա ճիշտ չէ։ Քեզ համար ամեն ինչ կանեմ։
— Այդ դեպքում անկողնուցդ վեր կաց և ինձ պես ոտքի կանգնիր։
Ինչո՞ւ էի ասել, որ սպասելիքներ ունեմ։
― Չեմ կարող,— ասաց նա՝ ցույց տալով վերմակն ու իր գիշերանոցը։
Իրավացի էր, բայց զայրացա, որ ինձ չէր հնազանդվում։
— Հորս սպանությունից առաջ այս տուն հնազանդ գառան պես էիր մտնում,— ասացի։– Իսկ հիմա ինձ «Շեքուրե հանըմ» ասելիս կարծես ինքդ էլ չես հավատում քո ասածին և ուզում ես, որ մենք էլ իմանանք այդ մասին։
Ոչ թե զայրույթից, այլ ոտքերս, մեջքս ու վիզս սառույցի պես պատող ցրտից էի դողում։
— Մտիր իմ անկողին ու դարձիր իմ կինը,— ասաց նա։
— Հորս սպանած ստորն ինչպե՞ս է հայտնաբերվելու,— ասացի ես։– Եթե երկար տևի, այս տանը քեզ հետ մնալը ճիշտ չի լինի։
— Էսթերի և քո շնորհիվ վարպետ Օսմանն ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է ձիերի վրա։
— Վարպետ Օսմանը լուսահոգի հորս թիվ մեկ թշնամին էր։ Հիմա մարդասպանին գտնելու համար նրա կարիքը զգալը խեղճ հայրս վերևից տեսնում ու տառապում է։
Անկողնուց վեր թռավ, քայլեց դեպի ինձ։ Տեղիցս չշարժվեցի։ Բայց ի տարբերություն իմ սպասումների՝ ձեռքիս մոմի լույսը ձեռքով հանգցրեց։ Ոչինչ չէր երևում։
— Հայրդ արդեն չի տեսնի մեզ,— շշնջաց նա։– Մենք մենակ ենք։ Ասա՛ հիմա, Շեքուրե՛, զգում էի, որ տասներկու տարի անց այստեղ վերադառնալուց հետո ինձ կարող ես սիրել, սրտումդ ինձ համար տեղ կարող ես բացել։ Հետո ամուսնացանք։ Ամուսնանալուց ի վեր խուսափում ես ինձ սիրելուց։
— Քեզ հետ ստիպված էի ամուսնանալ,— շշնջացի ես։
Մթության մեջ իմ առջև կանգնած մարմնի մեջ իմ բառերի՝ Ֆիզուլիի ասածի պես մեկական մեխ խրելը դաժանորեն զգում էի։
— Եթե քեզ սիրեի, փոքր տարիքում կսիրեի,— կրկին շշնջացի ես։
— Ասա ինձ, մթության միջի գեղեցկուհի՛,— ասաց նա։— Ձեր տուն մտնող-ելնող բոլոր նկարիչներին հետևել ես, գիտես։ Քո կարծիքով՝ ո՞ր մեկն է մարդասպանը։
Ինձ դուր էր գալիս, որ դեռ կարողանում էր ուրախ լինել։ Նա իմ ամուսինն էր։
— Մրսում եմ։
Այսպե՞ս էի ասել, չեմ հիշում։ Սկսեցինք համբուրվել։ Մթության մեջ դեռ մի ձեռքով մոմակալը բռնած նրան փաթաթվելը, թավշի պես լեզուն բերանումս զգալը, արցունքները, մազերս, գիշերանոցս, դողս, անգամ նրա մարմինը, ամեն ինչ գեղեցիկ էր։ Ցրտի մեջ քթիս՝ նրա այտին հենելով տաքանալն էլ էր գեղեցիկ, բայց վախկոտ Շեքուրեն իրեն զսպեց, համբուրվելիս իրեն չկորցրեց և ձեռքի մոմակալի, իրեն հետևող հոր, նախկին ամուսնու, անկողնում քնող երեխաների մասին մտածեց։
— Տանն ինչ-որ մեկը կա,— բղավեցի ես։
Քարային հրեցի ու դուրս թռա միջանցք։
== 49. Իմ անունը Քարա է ==
Տնից առավոտ կանուխ առանց որևէ մեկի աչքին երևալու՝ հյուրի պես անձայն դուրս եկա և սկսեցի քայլել ցեխոտ փողոցներում։ Բեյազիդի բակում աբդեսթ անելով՝ մզկիթ մտա և նամազ արեցի։ Ներսում միայն քառասուն տարում ձեռք բերված տաղանդով, նամազ անելիս քնող մի ծեր մարդուց և իմամ էֆենդուց բացի ոչ ոք չկար։
Մեր քնաթաթախ երազանքների և դժբախտ հուշերի միջև երբեմն զգում ենք, որ Աստված մեզ վրա է կենտրոնացրել իր ուշադրությունը, սուլթանին հաճույքով խնդրագիր ուղարկած մարդու հույսով նրանից ինչ-որ բան ենք խնդրում։ Ես Աստծուն աղաչեցի, որ ինձ սիրող մարդկանցով լի տուն տա։
Երբ հասա Օսման վարպետի տուն, զգացի, որ նա մեկ շաբաթվա ընթացքում գրավել է լուսահոգի փեսայիս տեղը։ Տարբեր էր, ավելի հեռու էր ինձնից, բայց մանրանկարչության հանդեպ հավատն ավելի խորն էր։ Մեծ վարպետը տարիներով նկարիչների հետ վախի, հիացմունքի և սիրո քամիների մեջ ապրած մարդուց ավելի շատ նման էր ինքնամոռաց դերվիշի, վարպետի տնից պալատ գնացող մեկին։ Երբ այդ սապատավոր ձիու կողքին ես էլ էի սապատավոր քայլում, հին հեքիաթները գարդարող էժան նկարների ծեր դերվիշի և ոգևորված հետևորդի էինք նման հավանաբար։
Պալատում Բոսթանջըբաշըն և նրա մարդիկ մեզնից ավելի ոգևորված ու պատրաստակամ էին երևում։ Մեր սուլթանը հրամայել էր, որ երեք վարպետ նկարիչների ձիու նկարներին առավոտյան նայենք, արագ հայտնաբերենք, թե որն է անիծյալ մարդասպանինը, և քանի որ վստահ էր, որ գտնելու ենք, հրամայել էր, որ նրան անմիջապես տանջանքների ենթարկեն։ Սովորաբար դահիճը, որպեսզի բոլորը տեսնեն և դաս առնեն, գալիս է աղբյուրի մոտ, բայց այս անգամ մեզ տարան գաղտնի հարցաքննությունների, տանջանքների և մահապատիժների ժամանակ նախընտրելի սուլթանական պարտեզի հեռավոր փայտե տնակը։ Բոսթանջըբաշու մարդկանցից տարբերվող նուրբ և քաղաքակիրթ երիտասարդը ինքնավստահ մոտենալով՝ գրքի տախտակին երեք թերթ դրեց։
Երբ վարպետ Օսմանը հանեց խոշորացույցը, սիրտս սկսեց բաբախել։ Խոշորացույցն ու նույն հեռավորության վրա պահած աչքը դաշտը հաղթանակով ցննող արծվի պես երեք հիանալի ձիու նկարի վրայով անցկացրեց։ Եղնիկ տեսած արծվի պես ձիերի քթերի վրա մի պահ հապաղեց, ուշադրությունը կենտրոնացրեց, բայց ընթացքը չխախտեց։
— Ոչ,— սառնասրտորեն ասաց նա։
— Ի՞նչ,— ասաց Բոսթանջըբաշըն։
Ես էլ կարծում էի, որ մեծ վարպետր գործը լուրջ է ընդունում, բաշի մինչև սմբակները ձիերի բոլոր կետերն ուսումնասիրում էր։
— Անիծյալ նկարիչը ոչ մի հետք չի թողել,— ասաց վարպետ Օսմանը։— Այս նկարներից անհնար է հասկանալ, թե կարմիր ձին ով է նկարել։
Նրա խոշորացույցը վերցնելով՝ նայեցի ձիերի ռունգերին․ վարպետս իրավացի էր։ Փեսայիս պատրաստած գրքի համար նկարած կարմիր ձիու այդ տարօրինակ ռունգերի նման մի բան երեք ձիերից ոչ մեկը չուներ։
Դրսում անհասկանալի գործիքով սպասող տանջողների մասին մտածեցի այդ պահին։
Բաց դռան արանքից նրանց նայելիս տեսա, թե մեկն ինչպես է ասես ջին տեսածի պես լարվելով՝ փախչում, իրեն նետում թթենիներից մեկի տակ։ Մութ առավոտը լուսավորող լույսի պես աշխարհի տիրակալ մեր սուլթանն ահա այդ պահին ներս մտավ։
Վարպետ Օսմանն անմիջապես բացատրեց նրան, որ այս ձիու նկարներից ոչինչ չի կարողացել պարզել։ Բայց միևնույն է՝ փորձեց սուլթանի ուշադրությունը գրավել այդ հիանալի ձիերից մեկի ծառս լինելուն, մյուսի նուրբ կեցվածքին, երրորդի՝ հին գրքերում հանդիպող լրջությանն ու հպարտությանը։ Միևնույն ժամանակ մեկ առ մեկ կռահեց, թե որ ձին որ նկարիչն է նկարել, և գիշերը նրանց այցելած տղան հաստատեց ամեն ինչ։
— Մի՛ զարմացեք, որ հինգ մատիս պես գիտեմ իմ նկարիչներին, իմ սուլթա՛ն,— ասաց վարպետը։– Որովհետև ես զարմանում եմ, թե այդքան լավ ճանաչածս նկարիչներն ինչպես կարող են ինձ անհայտ գիծ պատկերել։ Որովհետև վարպետ նկարչի ոչ մի թերություն անհիմն չէ։
— Այսի՞նքն,— ասաց սուլթանը։
— Երջանիկ սուլթա՛ն, աշխարհի տիրակա՛լ, այս կարմիր ձիու քթին մեր տեսած գաղտնի ձեռագիրը, եթե ինձ հարցնեք, նկարչի անիմաստ և հիմար սխալ չէ, նրա արմատները հասնում են մինչև հին ժամանակները, այլ նկարներ, այլ ոճեր, այլ ձևեր, և գուցե մեզ կհասցնեն այդ ձիերի հետքին։ Ձեր ներքին գանձարանում, հազարավոր կողպեքներով փակված ներքնահարկերում, երկաթե սնդուկներում, պահարաններում թաքցված հարյուրամյա գրքերի հիանալի էջերը եթե փորփրենք՝ այսօր որպես սխալ դիտարկվածը հավանաբար կտեսնենք որպես ոճ և կկապենք դա երեք նկարիչներից մեկի ոճին։
— Ուզում ես Էնդերունի գանձարա՞ն մտնել,— ասաց սուլթանը զարմանքով։
— Այո՛,— ասաց վարպետս։
Դա Հարեմ մտնելու չափ անամոթ ցանկություն էր։ Միաժամանակ սա էլ հասկացա. Հարեմի և գանձարանի շենքերը մեր սուլթանի պալատի Էնդերունի դրախտի բակի ամենագեղեցիկ երկու անկյուններում էին, ինչպես մեր սուլթանի հոգին է մեր սրտի ամենագգայուն անկյունում։ Փորձում էի մեր սուլթանի գեղեցիկ դեմքից, ում արդեն քաջությամբ կարողանում էի նայել, հասկանալ, թե ինչ է պատահելու, երբ նա հանկարծ հեռացավ։ Արդյոք զայրացել ու վիրավորվե՞լ էր։ Վարպետիս լկտիության պատճառով բոլորս, անգամ բոլոր նկարիչները կարող էին պատի՞ժ կրել։
Իմ առջև դրված երեք ձիերին նայելիս պատկերացրի, թե ինչպես եմ մահանալու առանց Շեքուրեին տեսնելու, առանց նրա հետ նույն անկողինը կիսելու։ Չնայած բոլոր գեղեցկություններին՝ այս հիանալի ձիերը հիմա ինձ համար շատ հեռու աշխարհից դուրս եկած ձիերի էին նման։
Ինչպես փոքր տարիքից ի վեր Էնդերունում՝ պալատի սրտում մեծանալը, այստեղ ապրելն է նշանակում մեր սուլթանի ծառան լինել և նրա համար մահանալ, այնպես էլնկարիչ լինելը, Աստծու գեղեցկության ստրուկ լինելը և դրա համար մահանալն է նշանակում։ Այդ սարսափելի լռության մեջ սկսեցի դրա մասին մտածել։ Որոշ ժամանակ անց գանձապետի մարդիկ ինձ վերև՝ Օրթաքափը տարան։ Այդ ընթացքում միայն մահվան մասին էի մտածում, մահվան լռության մասին։
Բայց Բաբուսսելամի մոտով անցնելիս, որտեղ այնքա՜ն փաշա էր մահապատժի ենթարկվել, դռնապանները կարծես մեզ չնկատեցին էլ։ Պալատական հրապարակը, որ երեկ ինձ դրախտի պես շլացնում էր, աշտարակը, սիրամարգերը ինձ վրա ընդհանրապես տպավորություն չթողեցին։ Երբ ներս մտանք, հասկացա, որ մեզ տանում են մեր սուլթանի գաղտնի աշխարհը, նրա սիրտը հանդիսացող Էնդերուն։ Այսպիսով, անցանք այն դռնից, որով անգամ մեծ վեզիրներն առանց թույլտվության ներս չեն մտնում։ Հեքիաթի մեջ մտած երեխայի պես իմ առաջ ելնող հրաշքներից ու հրեշներից չսարսափելու համար աչքերս չէի կարողանում հատակից կտրել։ Չկարողացա անգամ նայել Հայցորդների սենյակին։ Միևնույն է, մի պահ նայեցի Հարեմի պատերին, այլ ծառերից ոչ մի տարբերություն չունեցող շարքից մի սոճու և փայլող կապույտ ատլասե հագուստ կրող երկարահասակ մարդուն։
Անցանք երկար սյուների արանքով։ Մյուսներից մեծ ու շքեղ և մուքարնաս ունեցող դռան առաջ կանգնեցինք։ Դռան շեմին փայլուն հագուստով աղաներ կային, և նրանցից մեկը փորձում էր բացել կողպեքը։
Դանձապետը աչքերիս մեջ նայելով՝ ասաց.
— Որքան երջանիկ եք, որ մեր սուլթանր ձեզ թույլ է տվել մտնել Էնդերունի գանձարան։ Կնայեք այն գրքերը, որ ոչ ոք չի տեսել, էջերը, անհավատալի նկարները, որսորդի պես կընկնենք հետքի ետևից։ Իմ սուլթանը հրամայեց հիշեցնել, որ վարպետ Օսմանը երեք օրվա մեջ պետք է գտնի մարդասպանին։ Առաջին օրն անցել է, երկրորդ օրվա ընթացքում՝ մինչև հինգշաբթի կեսօր, պետք է գտնի անիծյալ մարդասպանին։ Եթե չգտնի, այս գործը կավարտվի Բոսթանջըբաշու տանջանքով։
Որպեսզի բանալու նեղ անցք այլ բանալի չմտցնեն, կողպեքը կնքված էր, բայց կարողացան բացել։ Գանձարանի քարտուղարների և երկու աղայի կնիքի՝ տեղում լինելը տեսնելով՝ գլխով նշան տվեցին։
Կնիքը կոտրեցին, բանալին կողպեքի մեջ բոլորիս ուշադրությունը գրավող լռության մեջ չրխկաց, վարպետ Օսմանը մի պահ գունատվեց։ Փորագրված ծանր փայտե դռան մի փեղկը բացվելուն պես նրա դեմքին կարծես հին ժամանակներից մնացած սև լույս ընկավ։
— Գրագիր աղաներին, հին մատյանները պահպանող քարտուղարներին զուր չէ ուղարկել մեր սուլթանը,— ասաց գանձապետը։
— Գրադարանի պատասխանատուն մահացել է, նրա փոխարեն գրքերին նայող չկա։ Մեր սուլթանն այդ պատճառով է հրամայել, որ ձեզ հետ միայն Ջեզմի աղան ներս մտնի։
Ամենաքիչը յոթանասուն տարեկան, պսպղան աչքերով գաճաճ էր։ Գլխի սերփուշը, որ առագաստի էր նման, նրան ավելի տարօրինակ էր դարձնում։
— Ջեզմի աղան այս վայրին իր տան պես է վերաբերվում։ Գրքերի, ամեն ինչի մասին բոլորից լավ նա գիտի։
Ծեր գաճաճն իրեն գոռոզ չէր պահում։ Գանձարանի սենյակի երիտասարդ տղաների բերած արծաթե ոտքերով վառարանին, սադափե պոչով զուգարանակոնքին, լապտերին և մոմակալներին էր նայում։
Մեր ետևից դուռը Յավուզ սուլթան Սելիմի յոթանասունամյա կնիքով կրկին փակվեց ու կնքվեց։ Երեկոյան նամազից հետո այստեղ պատրաստ կանգնած աղաների բազմության աչքերի առաջ կնիքը նորից կոտրելու են. պետք է ուշադրություն դարձնենք, որ մեր հագուստների, գրպանների, գոտիների մեջ «սխալմամբ» ոչինչ չդնենք, որովհետև դուրս գալիս մինչև վարտիքը ստուգելու են։
Շարված աղաների արանքով անցնելով՝ ներս մտանք։ Սենյակը ցուրտ էր։ Դուռը փակվելուն պես մի պահ ամեն ինչ կորավ մթության մեջ, և կոկորդումս բորբոսի, փոշու ու խոնավության հոտ զգացի։ Ամենուր իրեր էին, սնդուկներ, սաղավարտներ, ամեն ինչ իրար վրա լցված։ Ինձ այնպես թվաց, ասես մեծ պատերազմի ականատես էի դառնում։
Վերևի պատուհանների հաստ վանդակների ու դեպի բարձր կախովի պատշգամբներ տանող աստիճանների և երկրորդ հարկը շրջապատող փայտերի վրա դրված վանդակավոր լապտերների միջով ամբողջ սենյակի վրա տարածված տարօրինակ լույսին աչքերս հարմարվեցին։
Պատերի թավշե կտորների, գորգերի և կարպետների գույնից սենյակը կարմիր էր։ Այս ամբողջ հարստությունն ու իրերր կուտակելու համար տեղի ունեցած արշավանքների, պատերազմների, թափված արյան, թալանված քաղաքների գնով ձեռք բերված գանձարանին հիացմունքով ու սարսափով նայեցի։
— Վախեցա՞ք,— հարցրեց ծեր գաճաճը՝ ասես բարձրաձայնելով իմ զգացմունքները։— Առաջին անգամ մտնելիս բոլորը վախենում են։ Գիշերներն այս իրերի հոգիներր շշուկով են խոսում։
Սարսափելին այդ բոլոր անհավատալի իրերի բազմության մեջ թաղված լռությունն էր։ Մեր թիկունքում դռան կողպեքի վրա կնիքի դրվելու չրխկոցն էինք լսում, անշարժ, հիացած լսում էինք։
Թրեր, փղոսկրեր, հագուստներ, արծաթե մոմակալներ, ատլասե դրոշներ տեսա։ Սադափե տուփեր, երկաթե սնդուկներ, չինական սափորներ, գոտիներ, սազեր, զրահներ, մետաքսե բարձեր, գլոբուսներ, երկարաճիտ կոշիկներ, մորթե վերարկուներ, ռնգեղջյուրի եղջյուրներ, ջայլամի ներկած ձվեր, հրացաններ, նետեր, գնդակներ, պահարաններ, պահարաններ և պահարաններ տեսա։
Ամեն ինչ լի էր կտորեղենով, գորգերով ու ատլասով, և այդ ամենը փայտով ծածկված վերևի հարկերից, լամպերից, պատի պահարաններից, պատերի փոքրիկ խորշերից կարծես շերտ առ շերտ ու դանդաղ թափվում էին ինձ վրա։
Կտորների, տուփերի, սուլթանի հագուստների, թրերի, վարդագույն ու մեծ մոմերի, գլխարկների, մարգարիտներով ծածկված բարձերի, ոսկով զարդարված թամբերի, ալմաստե պոչերով կացինների, ռուբինե պոչերով թրերի, գլխարկների, կատարների, տարօրինակ ժամացույցների, ձիերի և փղերի արձանների, ալմաստով զարդարված նարգիլեների, սադափե դարակների, ձիու բաշերի, մեծ թզբեհների, ռուբինով ու փիրուզով զարդարված սաղավարտների, կժերի, դաշույնների վրա տարօրինակ լույս էր ընկել, որի նմանը երբեք չէի տեսել։ Վերևի պատուհաններից ընկնող թեթև լույսը ամառվա օրերին մզկիթի գմբեթի վերևից ներս ընկնող լույսը կիսամութ սենյակում լուսավորում էր սենյակի փոշու հատիկները, բայց սա արևի լույս չէր։ Այս տարօրինակ լույսի շնորհիվ օդը կարծես դարձել էր շոշափելի, և բոլոր իրերը կարծես նույն նյութից պատրաստված լինեին։ Սենյակի լռությունը միասին սարսափով լսելուց հետո նկատեցի, որ ցուրտ սենյակին տիրող կարմիր լույսի ստվերներում բոլոր իրերը նույն խորհրդավոր գործվածքի մեջ են փաթաթվում, ամեն ինչ ծածկվում է փոշով։ Այդ բոլոր իրերն ավելի սարսափելի դարձնողը երկրորդ, երրորդ անգամ նայելիս իրերի տարօրինակ ու անհասկանալի միախառնումն էր։ Իրը, որ իմ կարծիքով սնդուկ էր, հետո պարզվում էր՝ գրակալ է, հետո հասկանում էի, որ տարօրինակ եվրոպական գործիք է։ Սնդուկներից հանած, արագ դեսուդեն նետված հագուստների և գլխարկների մեջ տեսածս սադափե սնդուկին նայելիս հասկանում եմ, որ իրականում Մոսկվայի ցարի ուղարկած տարօրինակ գզրոցն է։
Ջեզմի աղան սովորության համաձայն տեղավորվեց պատի վառարանի մոտ։
— Գրքերը որտե՞ղ են,— շշնջաց վարպետ Օսմանը։
— Ո՞ր գրքերը– ասաց գաճաճը։— Արաբիստանի՞ց եկածները, քուֆիով գրված Ղուրաննե՞րը, լուսահոգի Յավուզ սուլթան Սելիմի՝ Թավրիզից բերածնե՞րը, փաշաների գրքե՞րը, որ այստեղ են բերվել նրանց մահապատժից հետո, մեր սուլթանի պապերին Վենետիկի դեսպանի նվիրած հատորնե՞րը, թե՞ Ֆաթիհ սուլթան Մեհմեդի ժամանակներից մնացած քրիստոնեական գրքերը։
— Երեսուն տարի առաջ շահ Թահմասփի լուսահոգի սուլթան Սելիմին ուղարկված նվերները,— ասաց վարպետ Օսմանը։
Գաճաճը մեզ ուղեկցեց դեպի մեծ փայտե պահարանը։ Դռները բացելուց հետո գրքերը տեսնելով՝ վարպետ Օսմանն ավելի անհամբեր դարձավ։ Մի գիրք բացեց, կարդաց նախաբանը, թերթեց էջերը։ Նրա հետ ես էլ էջերին, մեկ առ մեկ խնամքով գծված, թեթևակի շեղաչք խանի նկարներին զարմացած նայեցի։
— Չինգիզ խանը, Չաղաթայ խանը, Թուլույ խանը, Քուբիլայ խանը. չինացի կառավարիչներ են,— ասաց վարպետ Օսմանը և փակեց գիրքը։ Հետո ուրիշ գիրք վերցրեց։
Ֆերհաթի սիրելի Շիրինին սիրո ուժով ձիու հետ մեկտեղ մեջքին դնելով՝ տառապանքով կրելու տեսարանը ցույց տվեց, և անհավատալի գեղեցիկ նկար դուրս եկավ մեր առջև։ Սիրահարների կիրքը և տխրությունը շեշտելու համար ժայռերը, ամպերն ու Ֆերհաթի սիրուն ականատես երեք ազնվական նոճիների տերևները տխուր ձեռքի դողերով և այնպիսի ցավով էին պատկերվել, որ թափվող տերևների արցունքի համն ու տխրությունը վարպետ Օսմանին և ինձ անցան անմիջապես։ Այս հուզիչ տեսարանը, ինչպես մեծ վարպետներն են անում, ոչ թե Ֆերհաթի ձեռքի ուժը ցույց տալու, այլ սիրո տառապանքների՝ այդ պահին ամբողջ աշխարհում զգացվելու մասին էր։
— Ութսուն տարի առաջ Թավրիզում արված Բեհզադի կրկնօրինակներից է,— ասաց վարպետ Օսմանը, այդ գիրքը տեղը դրեց ու նորը վերցրեց։
Քելիլեից և Դիմնեից կատվի ու մկան ստիպողական ընկերությունը պատկերող նկար էր։ Մի դաշտամուկ ուրուրի և սամույրի հարձակումներից իր փրկությունը գտնում է որսորդի թակարդի մեջ ընկած խեղճ կատվի մոտ։ Նրանք ընկերանում են. կատուն ընկերաբար է վարվում և լպստում է մկանը։ Սամույրը և ուրուրը, վախենալով կատվից՝ դադարում են որսալ մկանը։ Մուկն էլ կատվին է ազատում թակարդից։ Ես դեռ չէի հասկացել նկարչի զգացմունքայնությունը, երբ վարպետը գիրքը դրեց մյուս հատորների կողքին և բացեց մի նոր գրքի պատահական էջը։
Մի ձեռքը նուրբ շարժումով բացած, մի բան հարցնելիս մյուս ձեռքով կանաչ փարաջայի վրայից ծունկը բռնած մի խորհրդավոր կնոջ և նրան նայող, ուշադիր նրան լսող տղամարդու հաճելի նկար էր։ Նրանց մտերմությանը, սիրուն և ընկերությանը նախանձելով՝ հաճույքով նայեցի։ Այդ գիրքը թողնելով՝ վարպետ Օսմանը մեկ այլ գրքի էջ բացեց։ Միմյանց հավերժական թշնամի Իրանի և Թուրանի բանակների հեծյալները բոլոր զրահները, սաղավարտները, սրնքակալները, աղեղները, կապարճները, նետերը վերցրել, մինչև վիզը զրահապատ գեղեցիկ լեգենդար ձիերը հեծել, դեղին փոշով ծածկված տափաստանում դեմ առ դեմ գեղեցիկ շարված՝ գույնզգույն զարդարված նիզակները իրար էին ուղղել և մահացու բախվելուց առաջ հրամանատարների ծեծկռտուքն էին համբերատար նայում։ Թե՛ այսօր, թե՛ հարյուր տարի առաջ, թե՛ պատերազմի տեսարան, թե՛ սիրո տեսարան՝ հավատացյալ նկարչի պատկերածը սեփական չարությամբ մղվող պատերազմն է և սեփական նկարչության հանդեպ սերը՝ մտածեցի ես, և ասելու էի՝ «Ուրեմն նկարչի պատկերածը սեփական համբերությունն է», երբ վարպետ Օսմանը ծանր գիրքը փակելով՝ ասաց.
— Սա էլ չի։
Մի կապոցի մեջ ամպերում կորչող բարձր սարեր, երկար, ձգվող հորիզոնով նկար տեսանք։ Մտածեցի, որ նկարելն այս աշխարհին նայելով՝ այն այլ աշխարհի պես տեսնելն է։ Վարպետ Օսմանը պատմեց, թե այս չինական նկարը Բուխարայից Հերաթ, Հերաթից Թավրիզ, Թավրիզից էլ մեր սուլթանի պալատ տարբեր գրքեր մտնել-դուրս գալով՝ մաս֊մաս լինելով՝ այլ նկարների միանալով՝ Չինաստանից Ստամբուլ ինչպես է եկել։
Մեկը մյուսից սարսափելի, մեկը մյուսից լավ նկարված պատերազմի և մահվան նկարներ տեսանք. Ռոստամ շահի և Մազենդերանի հետ, Ռոստամը Աֆրասյաբի բանակի վրա է հարձակվում, Ռոստամը զրահապատ, անճանաչելի, խորհրդավոր ռազմիկ է... Մեկ այլ գրքում՝ մեզ անծանոթ լեգենդար բանակներ, դաժան պատերազմելիս կտոր-կտոր եղած դիակներ տեսանք, արյունոտ դաշույններ, մահվան լույսը աչքերում արտացոլվող դժբախտ զինվորներ, միմյանց սոխի պես կտրտող ռազմիկներ։ Վարպետ Օսմանը, ով գիտի՝ քանի անգամ Խոսրովի՝ լուսնի լույսի տակ լճում լողացող Շիրինին նայելու, երկու սիրահար՝ Լեյլայի և Մեջնունի՝ երկար բաժանումից հետո միմյանց տեսնելուն պես փոխադարձաբար սիրահարվելու և ամբողջ աշխարհից փախչելով՝ մի երջանկության կղզում դեմ դիմաց մնացած Սողոմոնի և Աբսալի՝ ծառերի, ծաղիկների և թռչունների հետ ծլվլալով՝ երջանկության նկարին նայելու, բայց դեռ իրական մեծ վարպետի պես՝ անգամ ամենավատ նկարում, թե՛ նկարչի թուլության, թե՛ գույների՝ ինքնուրույն խոսելու, մի անկյունում երևացող տարօրինակության վրա իմ ուշադրությունն էր կարողանում գրավել, մինչ Խոսրովն ու Շիրինը ծառաների հաճելի պատմություններն էին լսում, ծառի ճյուղին նստած այդ չարաբաստիկ բուն այնտեղ ո՞ր դժբախտ ու վատ նպատակներ հետապնդող նկարիչն էր նկարել։ Գեղեցկադեմ Յուսուֆին նայելիս քաղցր թուրինջ մաքրող մատները կտրած եգիպտացի կանանց հետ կանացի հագուստով այդ գեղեցիկ տղային ո՞վ էր նկարել։ Իսֆենղիյարի՝ նետով կուրացվելը պատկերող նկարիչն արդյոք կարո՞ղ էր ենթադրել, որ հետո իրեն էլ են կուրացնելու։ Մեր մարգարեի համբարձման պահին շուրջը կանգնած հրեշտակներին, Սատուրնը ներկայացնող թուխ, վեցթևանի, երկար մորուքով ծերունուն, երեխա Ռոստամի՝ մոր և տատմոր հայացքների տակ սադափով զարդարված օրորոցի մեջ հանգիստ քնելը տեսանք։ Դարեհի՝ Ալեքսանդրի գրկում մահանալը, Բեհրամ Գյուրի՝ ռուս արքայադստեր հետ կարմիր սենյակում փակվելը, Սիավուշի՝ քթին գաղտնի նշան չունեցող սև ձիու՝ կրակի միջով անցնելը, որդու կողմից սպանված Խոսրովի տխուր հուղարկավորությունը տեսանք։ Գրքերը արագ-արագ ընտրելով և տեղը դնելով՝ վարպետ Օսմանը երբեմն նկարչին ճանաչելով՝ ինձ էր ցույց տալիս, ծաղիկների արանքում, մի հին տան գաղտնի անկյունում կամ սև ջրհորի մի անկյունում ամաչկոտ թաքնված ստորագրությունն էր գտնում, դրանց և գրություններին նայելով՝ բացատրում էր, թե որ նկարիչն ումից ինչ է վերցրել։ Որոշ գրքերում հանդիպում էինք մի քանի նկարների ու երկար թերթում էինք։
Երբեմն երկար լռություն էր տիրում, միայն էջերի խշխշոցն էինք լսում։ Երբեմն էլ վարպետ Օսմանն ասում էր՝ ահա և ես. չհասկանալով, թե նա ինչի վրա է զարմանում, լռում էի։ Երբեմն տեսնելով նույն էջի ձևը, ծառերի և հեծյալների դասավորությունը, այլ գրքերում, լրիվ այլ պատմությունների այլ տեսարաններում էլ մեր հանդիպած նկարները բացելով՝ ինձ ցույց տալով՝ հիշեցնում էր։ Նիզամիի՝ Համսեի՝ Թեմուրի որդի շահ Ռեզայի ժամանակներում, այսինքն՝ գրեթե երկու հարյուր տարի առաջ արված գրքերի մի նկարով՝ Թավրիզում յոթանասուն-ութսուն տարի առաջ արված մեկ այլ գրքի մի նկարը համեմատում էր և նկարիչների՝ միմյանց աշխատանքներն առանց տեսնելու նույն նկարն անելու խորհրդի մասին էր հարցնում ինձ և հետո պատասխանում էր.
— Նկարել նշանակում է հիշել։
Հին գրքերը բացել-փակելով՝ հրաշքների առաջ տխրելով (որովհետև արդեն ոչ ոք այդպես չէր նկարում), անտաղանդների առաջ ուրախանալով (որովհետև իրականում բոլոր նկարիչները եղբայրներ են), նկարչի հիշած հին ծառերի նկարները, հրեշտակներր, անձրևանոցները, վագրերը, վրանները, վիշապները և տխուր արքայազններին ցույց տալով՝ սա նկատի ուներ, մի ժամանակ Աստված աշխարհը ամենաանկրկնելի վիճակով է տեսել և տեսածի գեղեցկությանը հավատալով՝ այն թողել է ծառաներին։ Մեր՝ նկարիչների և նայողների խնդիրը Աստծուն տեսնելն էր, իսկ նկարի խնդիրը՝ մեզ թողած հիանալի տեսարանը հիշեցնելը։ Ամեն սերնդի նկարիչ ամենամեծ վարպետներն ամբողջ կյանքում մինչև կուրանալն աշխատելով՝ մեծ ջանքեր թափելով և ներշնչանքով ջանում էին նկարել այն, ինչին Աստծված ասել է՝ «տեսեք», փորձում էին հասնել այդ հիանալի երազանքին։ Նրանց գործը նման էր մարդու սեփական հիշողությունները հիշելուն։
Բայց ափսոս, որ ամենամեծ վարպետներն անգամ, ճիշտ հոգնած ծերերի և աշխատելուց կուրացած մեծ նկարիչների պես, այդ հիանալի նկարի միայն այս կամ այն հատվածն էին կարողանում հիշել։ Չնայած միմյանց ստեղծագործություններն ընդհանրապես չտեսնելուն և, բացի այդ, միմյանց միջև հարյուր տարվա տարբերությանը հին վարպետների մի ծառը, մի թռչունը, արքայազնի՝ բաղնիքում լողանալը, տխուր աղջկա՝ պատուհանի մոտ կանգնելը, երբեմն հրաշքի պես միմյանց նման նկարելու պատճառը սա էր։
Որոշ ժամանակ անց, երբ գանձարանի սենյակի կարմիր լույսը մի քիչ մգացավ, և հասկացանք, որ պահարանի գրքերից ոչ մեկը շահ Թահմասփի պապին ուղարկած ընծա գրքերից չէ, վարպետ Օսմանը հիշեց նույն տրամաբանությունը.
— Երբեմն թռչնի թևը, տերևի՝ ծառից կախվելը, ծոպերի ելևէջները, երկնքի ամպերը, կնոջ ժպիտի՝ վարպետից աշակերտին անցնելը, սերնդեսերունդ ցուցադրվելով, ուսուցանվելով, անգիր արվելով՝ հարյուրամյակներով պահպանվել է։ Քանի որ վարպետ նկարիչը սեփական վարպետից սովորածին և կաղապար լինելուն, Ղուրանի անփոփոխությանն է անկեղծ հավատում, Ղուրանն անգիր անելու պես հիշողության մեջ նկարած այս մանրամասները երբեք չի մոռանա, բայց չմոռանալը չի նշանակում, որ վարպետ նկարիչն այս մանրամասնը միշտ կօգտագործի։ Նկարի մեջ աչքի լույսը դրած արվեստանոցի, նրա կողքին նկարած խիստ վարպետի սովորությունները, ներկի ճաշակը և սուլթանի հաճույքներր երբեմն նկարչին կխանգարեն այդ մանրամասներն օգտագործել, թույլ չեն տա մի թռչնի թև կամ էլ կնոջ ժպիտ նկարել...
— Կամ էլ ձիու քիթ․․․,― ասացի ես։
— Կամ էլ ձիու քիթ...,— ասաց վարպետ Օսմանն առանց ժպտալու,— այդ մեծ վարպետը ոչ թե իր հոգու խորքերի պես է նկարում, այլ այն արվեստանոցի սովորույթներով, որտեղ աշխատում է։ Հասկանո՞ւմ ես։
Մինչ այժմ նիզամիի «Խոսրով և Շիրինի» շատ հատորներ էինք տեսել, Շիրինին գահին նստած պատկերող նկարով մի էջի վրա պալատի պատին փորագրված գրությունը կարդաց, մե՛ծ Աստված, մեր ազնվական սուլթանի, մեր արդար կառավարչի, հաղթանակած Թեմուր խանի որդու ուժը, իշխանությունը պաշտպանիր, որպեսզի և երջանիկ լինի (ձախ քարին է գրված), և՛ հարուստ (աջ քարին է գրված)։
— Եթե ձիու քիթը փորագրված է նկարչի հիշողության մեջ, նրա նկարները որտե՞ղ ենք գտնելու,— ավելի ուշ հարցրի ես։
— Շահ Թահմասփի որպես նվեր ուղարկած լեգենդար «Շահնամեն» պետք է գտնենք,— ասաց վարպետ Օսմանը։– Նկարչությանը Աստծու հավելած այդ գեղեցիկ, հին, լեգենդար ժամանակները պետք է ուղևորվենք։ Դեռ շատ գրքեր ենք նայելու։
Վարպետ Օսմանի իրական նպատակը ոչ թե տարօրինակ քթով ձիեր գտնելն է, այլ տարիներ շարունակ այս գանձարանում բոլորի աչքերից հեռու այս քնած հիանալի նկարները հնարավորինս երկար նայելը։ Տանն ինձ սպասող Շեքուրեին հասնելու ճանապարհներ գտնելու համար այնքան էի շտապում, որ չէի ուզում հավատալ թե մեր մեծ վարպետը կարող է գանձարանի սառը սենյակում այդքան երկար մնալ։
Այսպիսով, ծեր գաճաճը այլ պահարաններ, այլ սնդուկներ էր ցույց տալիս, մենք էլ բացում էինք և շարունակում նայել։
Երբեմն իրար նման նկարներից հոգնում էինք, Խոսրովի՝ կնոջ պատուհանի տակ Շիրինին տեսնելու նկարին արդեն չէինք կարողանում նայել, անգամ առանց Խոսրովի ձիու քթին նայելու՝ հեռանում էի վարպետի մոտից, փորձում էի տաքանալ վառարանի մոտ կամ գանձարանի՝ մեկից դեպի մյուսը բացվող տարբեր սենյակների սարսափելի կտորի, ոսկու, ավարի և զենք ու զրահի կույտի մեջ հարգանքով և հիացմունքով քայլում էի։ Երբեմն էլ վարպետ Օսմանի մի ձայնից կամ շարժումից պատկերացնում էի, որ մի գրքում նոր հրաշք է տեսել, կամ էլ, այո, ի վերջո, գտել է տարօրինակ քթով ձիուն, վազում էի նրա մոտ, Ֆաթիհ սուլթան Մեհմեդի ժամանակներից մնացած Ուշաքի գորգի վրա կծկված նստած վարպետի մի փոքր դողացող ձեռքերի մեջ պահված էջին նայելով՝ տեսա այդ անհավատալի նկարը. սատանան գաղտնի մտնում էր Նոյի տապան։
Թեմուրի ժամանակներից մինչև Քանունի սուլթան Սուլեյման տարբեր պետությունների գահին նստած հարյուրավոր շահերի, թագավորների, սուլթանների, եղնիկների, առյուծների, ճագարների մեջ երջանիկ և ուրախ որսին նայեցինք։ Մի նկար տեսանք, որտեղ մի ուղտի կապելով՝ նրան բռնաբարող անամոթից անգամ սատանան է ամաչում։ Բաղդադի ճանապարհով եկած մի արաբերեն գրքում հեքիաթային թռչնի ոտքերից կախվելով՝ ծովեր անցնող առևտրականի թռիչքը տեսանք։ Դրանից հետո գրքի՝ ինքն իրեն բացվող առաջին էջին տեսա իմ և Շեքուրեի սիրած նկարը՝ Շիրինի՝ Խոսրովի ծառից կախված նկարին նայելով սիրահարվելը։ Մի փղի մեջքին դրված տախտակներից, կապոցներից, թռչուններից և փոքրիկ արաբական արձաններից պատրաստված ժամացույցի ներքին աշխատանքը ներկայացնող նկարը տեսնելուն պես հիշեցինք ժամանակի մասին։ Գրքից գիրք, նկարից նկար նայելով՝ որքան ժամանակ անցկացրինք՝ չգիտեմ։ Կարծես մեր նայած նկարների և պատմությունների ցուցադրածը երբեք չի փոխվում, ոսկե ժամանակը չի հոսում, մեր գանձարանում ապրած բորբոսնած և խոնավ ժամանակին է խառնվել։ Հարյուրամյակներ շարունակ շահի, արքայազնի, խանի, սուլթանի արվեստանոցներում տեսողության գնով նկարված այդքան էջերի՝ սնդուկներում թաքնվելուց այդքան տարի անց մեզ շրջապատող սաղավարտները, ալմաստե կոթերով թրերը և դաշույնները, զրահները, Չինաստանից բերված բաժակները, փոշոտված նուրբ ուդերը, իսկապես միայն նկարներում հանդիպող մարգարիտներով զարդարված բարձերը և գորգերր և տարբեր ձիերը կարծես կենդանանալու և շարժվելու էին։
— Դարեր շարունակ հազարավոր նկարիչներ միշտ նույն նկարները թաքուն նկարել են, և հիմա հասկանում եմ, որ այդպիսով նկարել են այս աշխարհի կերպարանափոխությունը։
Խոստովանեցի, որ մեծ վարպետի ասածներն ամբողջությամբ չեմ հասկացել։ Բայց Բուխարայից, Հերաթից, Թավրիզից, Բաղդադից մինչև Ստամբուլ վերջին երկու հարյուր տարվա րնթացքում արված հազարավոր նկարներին իմ վարպետի ցուցաբերած հոգատարությունը շեղել էր նրա ուշադրությունը ձիերի քթերին նշան փնտրելուց։ Մենք այս հողերի վրա մի քանի հարյուրամյակ նկարչություն և մանրանկարչություն անող բոլոր վարպետների ներշնչանքի, տաղանդի և համբերության տխուր հիացմունքի արարողություն էինք կատարում։
Այդ պատճառով երեկոյան նամազի ժամանակ, երբ գանձարանի դռները բացվեցին, որ վարպետ Օսմանն ասաց, որ դուրս գալու մտադրություն չունի, այստեղ մինչև առավոտ մոմերի և լապտերների լույսի տակ եթե նկարներին նայի, կկարողանա մեր սուլթանի առաջադրանքը պատվով կատարել։ Երբ այսպես ասաց, առաջին բանը, որ մտածեցի, այստեղ նրա (և գաճաճի) հետ մնալն էր, և դրա մասին ասացի նրան։ Դուռը բացվեց, և դրսում մեզ սպասող աղաներին հայտնեցինք վարպետի որոշման մասին։ Երբ գանձապետից թույլտվություն խնդրեցինք, ես անմիջապես զղջացի։ Շեքուրեի և տան մասին էի մտածում։ Մտածելով, թե ինչպես է գիշերը երեխաների հետ մենակ մնում տանը, ինչպես է նոր նորոգած կողպեքներով պատուհաններն ամուր փակում՝ ինձ ասեղների վրա նստած էի զգում։
Գանձարանի սենյակի միակ բաց դռան միջով նայելիս ասես մշուշի մեջ երևացող Էնդերունի բակի թաց և մեծ սոճիները և երջանիկ այգում, որպեսզի մեր սուլթանը չլսի և չանհանգստանա, միմյանց հետ ձեռքի շարժումներով խոսող երկու երիտասարդ պալատական տղաների շարժումներն ինձ կանչեցին դեպի դրսի հիանալի աշխարհ, բայց ամոթի և մեղքի զգացումից անշարժ մնացի։