Ո՛վ սիրելի դամաներ, ինչ գործ էլ որ մարդ ձեռ զարնելու լինի, պարտավոր է սկսելուց առաջ դառնալ ու հիշել սքանչելի ու սուրբ անունը նրա, ով արարիչն եղավ ամենայն գոյության: Ուստի և ես, որին վիճակվեց առաջինն սկսել մեր զրույցները, ցանկանում եմ պատմել նրա հրաշագործություններից մեկը, որպեսզի այդ լսելուց հետո նրա վրա դրած մեր հույսը հաստատվի, ինչպես ամուր հողի վրա, և անունը նրա մենք փառաբանած լինենք այժմ և միշտ: Հայտնի է, որ ժամանակի մեջ գոյություն ունեցող ամենայն ինչ անցավոր է ու մահկանացու, ներքուստ ու արտաքուստ լեցուն վշտով, տրտմությամբ ու տառապանքով, և մենք, որ ապրում ենք ժամանակի հոլովման մեջ և նրա մի մասնիկն ենք կազմում, չէինք դիմանա դրանց և չէինք կարողանա խուսափել դրանցից, եթե Տերն իր հատուկ ողորմածությամբ մեզ տված չլիներ ուժ ու կանխատեսություն: Եվ չպիտի կարծել, թե այդ ողորմածությունը մեզ վրա իջնում և մեր մեև հարատևում է մեր արժանիքների համար, այլ՝ որ դա տրվում է նրա սեփական բարությամբ և շնորհիվ նրանց աղոթքների, ովքեր մի ժամանակ մեզ նման մահկանացու են եղել, սակայն իրենց կենդանության օրոք հետևած լինելով Նրա պատվիրաններին՝ այժմ Նրա հետ միասին հավիտենական են ու երանելի: Եվ հենց նրանց, որ փորձով գիտեն մեր թուլությունը, մենք դիմում ենք որպես միջնորդների՝ աղերս ուղղելով մեր կարիքների մասին, թերևս չհամարձակվելով մեր աղոթքները վերառաքել այնպիսի մի դատավորի, ինչպիսին է Նա ինքը: