–Եվ այնուամենայնիվ ես ձեզ ինչ որ բան կասեմ,– հանգիստ ասաց Արագորնը: –Մինչև հիմա դեռ ոչ մեկին չի հաջողվել գրոհով վերցնել այս բերդը: Հեռացեք: Եթե ոչ, գթության չսպասեք: Ձեզանից ոչ մեկը այստեղից ողջ չի հեռանալու, նույնիսկ սուրհանդակ չի մնալու, որ պատմի թե ինչ կատարվեց: Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ է ձեզ սպասվում:
Այնպես վստահ և տիրական էր խոսում Արագորնը, միայնակ կանգնած ջարդված դարպասի գլխին, թշնամու անհամար հրոսակներին դեմ հանդիման, որ լեռնեցիներից շատերը զգուշավոր նայեցին ձորի ուղղությամբ, իսկ մյուսները հայացքները հառեցին երկինք: Բայց օրքերը միայն չարությամբ հռհռացին, և պատի վրա նետերի ու տեգերի կարկուտ տեղաց: Սակայն Արագորնն արդեն իջել էր պատից:
Խլացուցիչ դղրդյուն լսվեց, և կրակի լեզուներ բարձրացան երկինք: Դարպասի կամարը, որի վրա քիչ առաջ կանգնած էր Արագորնը, փլուզվեց, և փոշու ամպը պարուրեց տարածքը: Պայթյունի ալիքից պաշտպանական ամրությունը ցրիվ եկավ այս ու այն կողմ: Արագորնը նետվեց ամրոց՝ թագավորի մոտ:
Օրքերը ուրախացած ոռնացին՝ պատրաստվելով պատի վրա առաջացած բացվածքից ներխուժել ամրոցի բակը, բայց հանկարծ նրանց թիկունքից խուլ աղմուկ լսվեց՝ նման մոտեցող փոթորկի ձայնի: Թշնամու զորքը ուշադրությամբ ականջ դնելով քարացավ: Վերջին շարքերից հարյուրավոր ձայներ գոռացին, որ լուսաբացն իր հետ իսկապես ինչ որ տարօրինակ բան է բերում: Եվ այդ պահին աշտարակի գլխից անսպասելի և սարսափազդու հնչեց Հելմի մեծ եղջերափողը:
Թշնամիները երերացին: Օրքերից շատերը փլվեցին գետնին և թաթերով փակեցին ականջները: Կիրճը պատասխանեց հզոր արձագանքով. ասես անտեսանելի փողհարները յուրաքանչյուր ժայռի և քարափի գլխից ընդունում էին մարտակոչը: Ամրոցի պաշտպանները ուրախ զարմանքով բարձրացրեցին գլուխները և ականջ դրեցին անվերջանալի արձագանքին: Եղջերափողի կանչը բազմապատկվում ու բազմապատկվում էր տարածվելով շրջակա լեռներում, և նրան պատասխանում էին նորանոր եղջերափողերի ձայներ՝ հնչեղ և ահարկու:
–Հե՛լմ, Հե՛լմ,– աղաղակեցին ռոհանցիները,– Հ՛ելմն է արթնացել հավերժական քնից և եկել մեզ օգնության: Կեցցե՛ն Հելմը և թագավոր Թեոդե՜նը:
Եվ այդ պահին զարմացած զորքի առջև հայտնվեց թագավորը: Նրա նժույգը ճերմակ էր ինչպես ձյունը, մի ձեռքին փայլում էր ոսկեզօծ վահանը, իսկ մյուս ձեռքին արծաթին էր տալիս նիզակը: Թագավորի աջ կողմից ընթանում էր Արագորնը՝ Էլենդիլի ժառանգը, իսկ նրանց հետևից գալիս էին Էորլի տոհմի ասպետները: Գիշերը նահանջեց, իր տեղը զիջելով լուսաբացին:
–Առա՜ջ, Էորլի՛ որդիներ:
Այդ մարտակոչը շուրթներին հեծյալների ջոկատը աղմուկով և դղրդյունով հեղեղի պես փլվեց թշնամիների գլխին: Մրրիկի պես ցաք ու ցրիվ տալով իրենց ճանապարհին ամեն ինչ, սլացան նրանք դարպասից մինչև գետը՝ տրորելով և ջախջախելով թշնամուն, ինչպես քամին խոտին: Կիրճի կողմից բարձր աղաղակներ լսվեցին. ողջ մնացած ռազմիկներն էին դուրս եկել քարանձավներից և մխրճվել թշնամու զորքի մեջ: Հորնբուրգի բոլոր պաշտպանները, ովքեր ընդունակ էին զենք բռնել, դուրս էին եկել մարտի: Լեռներում դեռ հնչում էր եղջերափողերի արձագանքը:
Թագավորն իր ասպետների հետ սլանում էր առաջ: Ոչ թշնամու լավագույն զինվորները, ոչ հաղթանդամ լեռնեցիները, ոչ էլ նրանց հրամանատարները չկարողացան դիմակայել թագավորին և նրա ասպետներին: Նրանք բոլորը ընկնում էին գլխատված և խողխողված, կամ փախչում առանց հետ նայելու: Թիկունքով շրջվելով նիզակներին և սրերին թշնամիները փախչում էին գոռալով և ոռնալով, քանզի նոր օրվա այգաբացը մեծ սարսափի և տարակուսանքի մեջ էր գցել նրանց:
Այդպես դուրս եկավ Հելմյան ամրոցից Թեոդեն արքան, այդպես ճանապարհ հարթեց նա թշնամիների զորքի միջով մինչև հողապատնեշ: Հողապատնեշի մոտ նրանք կանգ առան արևածագի շողերի ներքո, փայլատակող զրահներով և զենքերով: Նրանք քարացած նայում էին ներքև՝ հովտին, որը անճանաչելիորեն փոխվել էր:
Այնտեղ, որտեղ երեկ կանաչ ալիքների պես տարածվում էին բլուրները, մթին էր տալիս սաղարթախիտ անտառը: