Այսպես դիտելով տարերքները կամ դիպվածական դիրքերը և շարժումները՝ հմայողներ են կամ պետք է համարվեն <i>նշանագետ</i> կամ <i>նշանադետ</i> կամ սոսկ <i>գետ</i> (<i>գիտուն</i>) կոչվածները, նաև ըստ իրենց խոսքի ու արած հետևության՝ <i>գուշակ</i> են, որի իմաստը հայտնի է։ Բայց մեր մեկնիչներից մեկը կամ ոմանք նշանադետին համարում են մեռելահարցուկ կամ մեռելահմա (բայց այս վերջին բառին գրքերում չեմ հանդիպել)։ Մեկն ասում է․ «Նշանադէտ [է] որ մեռելովք նշանաւոր առնէ»։ Մեկ ուրիշը ասում է․ «Նշանագէտն որ ի գերեզմանս ննջէ և մարդ կերպարանէ, որպէս զՍամուէլ Սաւուղայ երեւեցոյց Հարցուկ կինն»։ Այս կերպ հմայողը պես֊պես խաբեական գործերով ու խոսքերով կարծել էր տալիս, թե կանչում է մեկի ուզած մեռելին, խոսում և հարցնում է ուզած բանի վերաբերյալ։ Եվ եթե մեռելահարցուկը շատ ճարտար է, ցույց է տալի նաև մեռյալին կամ ստվերակերպ մի բան տեսնել է կարծեցնում, որ մեզանում սովորաբար կոչվում է <i>ուրվական</i>։ Այդպիսի հանգամանքներում խնդրողները նաև վախով են պաշարված և իերնց իրոք չտեսածն էլ կարծում են տեսած և հավատում են։ Այսպիսի բան էր վերոհիշյալ Սավուղի ուզածն էլ հարցուկ կնոջ միջոցով, թեև ըստ Ս․ գրքի մեկնիչների՝ Աստված, ի հանդիմանություն Սավուղի, ստուգիվ երևացրեց կամ լսեցրեց նրան՝ ստությամբ ու մոլորությամբ ուզածը՝ Սամուելի ահավոր և մահավճիռ ձայնը։
Գալով այս չար ու անզգամ հմայողների տեսակին, որ հարցուկներ կոչվեցին, շատ անգամ սատանային իրենց օգնության կանչելու կամ այդպես կարծեցնելու համար կոչվում են և <i>դիվակոչ</i>, նաև <i>վհուկ</i>, որ սովորաբար ասվում է կանանց համար։ Կարելի էր ենթադրել, թե այս բառը <i>վեհ</i> բառից է՝ իբրև դյուցազունների հոգիներին վերաբերող։ Բայց ավելի հավականա է թվում <i>վիհ</i> բառից ծագելը, որ նշանակում է «խոր տեղ և անդունդ», ինչպես որ մահացածները և թաղվածներն էլ այդպիսի տեղի են պատշաճում։ Վերոհիշյալ վկայությունները գրող մեկը նաև գրում է․ «Վհուկքն՝ որ ի վըհաց և յանդընդոց մեռեալ կերպարանեն, դեւք՝ ի կերպ մարդոյն երեւին, զոր Դիւակոչ ասեն և Հազիմաթ<ref>Հազիմեթ արաբերեն նշանակում է «չարիք, վիշտ»</ref>»։ Մյուսն էլ գրում է․ «Վհուկն՝ որ յանդընդոց մեռեալս հանէ, որպէս առ Սաւուղ՝ կինն Վհուկ, որ էր դեւ»։ Հին բառգիրքը գրում է․ «Վհուկ՝ որ մեռելոյ ոսկերբ հարցանէ կամ Դեւ հարցուկ»։ Իսկ Գևորգ Սկևռացին (Եսայու մեկնություն) համարում է «դեւ իմն չար՝ որ յորովայնէ կանանցն խօսի, և նոր իրօքն ջանայ հաւանելի առնել զմոլորությիւնն»։ Ըստ այսմ՝ վհուկը և որովայնախոսը նույնն են։ Ս․ գրքում էլ իրենց լեզվով այս բառն են գրել ('ЕггбтфсЯмчдпт, Ventriloquus) մեր <i>վհուկ</i>֊ի փոխարեն։ <i>Վհուկ</i> բառը գրվում է նաև <i>վոհուկ</i>, գործը <i>վհկություն</i> է, հարցում անողը՝ վհկահարցուկ։ Թերևս իրենց կանչած ոգիների պես այս չարաճճի հարցուկներն էլ վիհանման տեղերում էին բնակվում։
Եթե պատմությունը ստույգ լիներ, վհկությունը հայերի և մեր մերձակիցների մեջ կարող է համարվել շատ հին, քանզի ասում են, թե Շամիրամը մի այսպիսի հնարքներով էր կամենում Արային տեսնել կամ տեսնել կարծեցնել։ Մովսես Խորենացին ասում է․ «Ակն ունէր դիւթութեամբ վհկութեան իւրոյ կենդանացուցանել զԱրայ»։ Գրիգոր Մագիստրոսը (թուղթ ԺԶ) մեղադրում է Աշոտի որդուն (հավանաբար Բագրատունյաց վերջին թագավոր Գագիկ Բ֊ին), որ «տակաւին հնարի դիւթութեամբ կիւսոյ, և վհուկս ընդ ինքն խորհրդածուս յուս իւր բառնայ, ստանձնեալ որպէս Կենտուռոս Պիւռիթեայն»։ Շատ անգամ Մագիստրոսի խոսքերն էլ հասկանալու համար մի տեսակ հարցուկի կարիք է զգացվում, և չենք համարձակվում այդքան նանրահավատ կարծել Գագիկին, որին ուրիշները ներկայացնում են որպես հույն գիտուն եկեղեցականների հետ աստվածաբանության շուրջ վիճողի։ Ըստ հույների առասպելների՝ Պյուրիթոսը կամ, ըստ Մագիստրոսի, Պյուռիթոսը (Pirithous)՝ լապիթոսների թագավորը, իր հարսանիքին էր հրավիրել կենտավրոսներին (ձիամարդկանց), որոնք հափշտակեցին հարսին, բայց հետո իրենք էլ ջարդվեցին։ Մովսես Խորենացին սրան նմանեցնում է Տրդատ Բագրատունու արածը, իսկ Մագիստրոսը կյուսին էլ է դնում կենտավրոսների հետ։ <i>Վհուկ</i> անունը և նրա գործը, մեր լեզվից են ծագել, թե ոչ, թվում են շատ հին՝ հնչմամբ ու իմաստով ոչ այնքան հեռավոր նմանությամբ կելտերի և այժմյան ֆրանսիացների Fee կոչվածին և է՛լ ավելի՝ Ficca֊ին, որը իսկապես նշանակում էր «վհուկ, կախարդ»<ref>Այս մերձավոր նմանությունը հիշեցնում է (և գուցե արժանի են դիտելու) նրանց Eostra֊ն և մեր <i>Աստղիկ</i>֊ը, Wih, Wiha «<i>վեհ, սուրբ, տաճար</i>», Weiha <i>«քահանայապետ»</i> (ըստ գոթերի), Sifer` <i>«սուրբ»</i>, Hea, Heag` <i>«հսկա»</i> (Հայկ), Hol` <i>«ալրրր</i>, Saud` <i>«զոհ»․</i> թողնենք ուրիշ հասարակ բառերը։</ref>։
Մենք էլ, խոսքից խոսք, անունից անուն անցնելով (թեև ասացինք, որ չենք կարող սրանք որոշակիորեն զանազավնել), <i>կույս</i> բառի (որից էլ՝ <i>կյուսահմա</i>) ծագումն ու բուն նշանակությունը չգիտենք, թեև գրքերի թարգմանության մեջ իմաստով համապատասխանում է <i>նշանադետ</i>֊ին, ինչպես Զաքարիայի Մարգարեության մեջ (Գ, 8)։ Կյուսահման, որ հունարեն Фусбфптчпфпт է, ստուգաբանված է որպես «հրաշադետ», ինչպես Վարդան վարդապետն էլ գրում է «Ելից գրքի» մեկնության մեջ․ «Կիւսահմայք նշանախնդիրք և հրաշադէտք են»։ Մագիստրոսը նմանատիպ բառերի հետ խառնում է ևս մեկ բառ՝ <i>կյուսակերտող</i>, որ կարող է կարծվել կյուսի հնարած կախարդական մի բան, ինչպես՝ գրվածք կամ հմայակ։ Հայերեն բառին նման կամ մոտ են հնչում հույների <i>կոյես</i> կամ <i>կոես</i> բառերը, որից էլ՝ լատիներեն Koes, Koies․ վերջիններս Սամոթրակյան կղզիների դիքերի պաշտամունքավարներն էին՝ իրենց հետևորդներին քավություն տվողները կամ խոստովանությամբ մաքրողները։ Երկրի շատ հեռավոր մի կողմի (Ամերիկայի Վիրջինիա նահանգի) հին բնակիչները ևս ունեին գրեթե համանուն մի չաստված՝ Կիվոսա (Kivosa), որ խնամող է և խորհրդատու։
Մեզանում <i>կյուս</i>֊ի պես արմատական և ավելի սովորական մի անուն է <i>դյութ</i>֊ը, որից՝ <i>դյութություն</i>֊ը, որի սկզբնական իմաստը կամ ծագումը անծանոթ են։ Ըստ հնչման ու գործի՝ արժանի էր լծորդվելու <i>դև</i>֊ին և <i>դիք</i>֊ին։ Օտարների մոտ մեր բառին մերձահունչ է եգիպտացիների՝ գյուտերի և արվեստների հեղինակ հռչակավոր չաստված Թոթի անունը։ Ըստ մեր վարդապետների՝ «դիւթ այն է՝ որ ձեռօք և նիւթովք գործէ․ որպէս Գարի և Ալիւր և Աւազ և Ջուր և Քար, և Թզով չափէ»։ Մեկ ուրիշը գրում է ավելի համառոտ․ «Դիւթ՝ որ զգարի և զալիւր և զջուր դիւթէ»։ Բայց բառը բայով բացատրելը (դյութ, որ դյութում է) որոշակի բան չի հայտնում։ Սակայն հիշյալ նյութերը և դրանցով «գործում է» ասելը բացահայտում է, որ արվել է, ինչպես այժմ էլ անում են աճպարարները․ նյութերը կերպ֊կերպ շարժում են, շարում, բաժանում, մեջը մի բան են պահում և այլն։ Զանազանվում են նաև դրանց անուններով բարդված անուն ունեցող հմայությունները, որոնցից գլխավորը հատընկեցությունը կամ հատահմայությունն է, ինչին Ալավկի որդի Դավիթը ասում է․ «Գլուխ դիւթութեանցս այսոցիկ է Հատահմայութիւն»։ <i>Հատ</i> նշանակում է «ընդեղենի՝ ցորենի, գարու և այլնի սերմ»․ դրանք էին գործածվում հմայողները, որի համար էլ կոչվում էին <i>գարեդյութներ և գարընկեցներ</i>։ Մեկ այլ գրվածքում ասվում է․ «Որքընկենուն հատս գարւոյ»։ Դյութը ափով գարին նետում կամ ցրում է և ընկած հատիկների դիքից գուշակություններ է անում։ Սրան նման են նաև ալյուրադյութները, որոնք ալյուրը բերանով փչում են և գուշակում։ Այս տեսակ դյութությունը փոքր֊ինչ մութ խոսքերով հիշատակվում է Եսայի վարդապետ Նչեցին («Սիրեցից զքեզ Տէր» սաղմոսի մեկնության մեջ)։ Նա ասում է, որ եգիպտացիները իրենց քահանաներին ու երազագետներին կոչում էին մարգարե, և ավելացնում է․ «Եւ այն որ առ մեզ իսկ է, և ոչ այլքն, որպէս ինչ Ալիւրադիւթքն, Գարէդիւթքն, Հարցուկքն և այլ այսպիսիք, որպէս Հնչել ականջացն և մարմնոյ խաղալ․ այլ յայսմ ամենայնէ օգուտ ոչ ինչ է, այլ մանաւանդ զի ընդհարկէ զբնութիւնս, որպէս որք վարին աստեղօք»։ Ալյուրը հիշեցնում է խմորը․ եղել են նաև դրանով դյութողներ, որոնց Սիմոն Աղձնյաց եպիսկոպոս անվանված մի հին վարդապետ (բայց կարծում եմ՝ 8֊րդ դարում ապրած Սիմոն կաթողիկոն է) կոչել է <i>խմորաթաղներ</i>։
Ըստ մի մեկնիչի («Լուծմունքների գիրք»)՝ հատընկեցության նման է նաև «Փայտ կամ Քար կամ Աւազ կամ այլ ինչ ձգելն»։ Եվ այս ամենն էլ, միով բանիվ ասվում է <i>վիճակընկեցություն</i>, որը հիմա էլ է արևելքում հայտնի և ավելի շատ կանանց գործն է։
Սրանց նման և նույնը պիտի լինեն քվեահարցությունը և հմայությունների քվեները՝ հիշատակված Կաղանկատվացի պատմիչի կողմից հոների մասին գրելիս։ Սրանց կարգում կարող ենք շարել կամ սրանց մոտեցնել Մանդակունու հիշատակվածները ևս․ «Աղ և Ածուղ, կամ Ասղենի առնուլ կարմիր, և Երկաթ և Ջուր, և Ուլունս Յուռթից»։ Դարձյալ ասում է, որ դյութողները «կոչեն զԴեւսն յԱղ, յԵրկաթ, ի Ջուր, ի Նարօտս, յԻւղս, ի Գարի, ի յՈւլունս, ի Մոմ, և ի Հեր գլխոյ, և յամենայն պղծութիւնս»։
Վերոհիշյալ նյութերի մեջ հմայողներին գլխավոր կամ իբր զորավոր և ազդու են թվում երկաթը, նարոտը՝ ասղանին, այսինքն՝ կարմիր ու այլ գույներով հոյւսված դերձանները կամ ժապավենները, բայց ավելի՝ ջուրը, որով դյութությունը կոչվում է <i>ջուրհուռութք</i> կամ <i>ջուրհուռթույցք</i> և պարզապես <i>հուռութք</i>, <i>հուռթություն</i>, իսկ գործողությունը՝ <i>հուռթել</i>, ասել է թե՝ ջրով հմայել։ Այս բառին լծորդ է <i>հուռթի</i> հասարակ բառը, որ նշանակում է «ջրով առատ, ջրարբի տեղ» և կատարվում էր ամանի ջուրը և նրա մեջ երևացած դեմքը պարզապես զննելով․ քանի որ սովորաբար դյութությունը կատարվում էր տափակ մի ամանի, մի կոնքի, մի լագանի մեջ լցրած ջրի վրա, դյութողը կոչվում էր <i>լականագետ</i>, և հարկ էր, որ գործողությունն էլ կոչվեր <i>լականահմայություն</i>, թեև գրքերում այս բառին չեմ հանդիպել։ Իսկ մյուս կերպը հատընկեցությամբ էր, այսինքն՝ ջուրը գցելով գարի կամ այլ հատիկներ կամ էլ դրանց նման արհեստական հատիկներ, որ մեր լեզվով կոչվում են ուլունք։ Ըստ մեր հին պատմիչների ավանդության՝ Շամիրամը նախ այս ձևով էր հուռթում։ Ըստ մեկ այլ ավանդության՝ ուլունքը նետեց Բզնունյաց (Վանա) ծովը, ինչից էլ, ըստ Խորենացու, ծագեց «Ուլունք Շամիրամայ ի ծով» առակը, որը այլաբանելով՝ գուսանորեն երգել է մեր օրերի հռչակավոր բանաստեղծ Պատկանյանի բանաստեղծ հայրը՝ տեր Գաբրիելը։ Քրիստոնեության օրոք որևէ ձևով մանցած ջրով հմայությունը կոչվել է <i>ջուր աղոթել</i>: Ջրով հմայելու մի տեսակ կարող է համարվել այն սուտ կամ աղթարական հավատքը, ըստ որի պետք է դեկտեմբեր ամսի 29֊ին «ի բաց ամանէ ջուր չի խմել ի գիշերիս, վասն զի դեւք կու փսխեն ի ջուրն, և որ խմէ՝ նա կու դիւահարի և կու խեւնայ, կամ կու առնուի» կամ կզարկվի։
== Ծանոթագրություններ ==
<references>