==='''ՆՈՎԵԼ ԵՐՐՈՐԴ'''===
''Հրեա ՄելիքսեդեկըՄելքիսեդեկը, երեք մատանիների պատմությունն անելով, խուսափում է մի մեծ վտանգից, որ նրա դեմ նյութել էր Սալադինը'' Երբ Նիեֆիլան լռեց, ավարտելով իր նովելը, որն ընդհանուր գովեստի արժանացավ, թագուհու բարեհաճությամբ Ֆիլոմենան այսպես սկսեց պատմել․ —Նիեֆիլայի նովելն ինձ հիշեցրեց մի հրեայի հետ պատահած վտանգավոր մի դեպք։ Եվ քանի որ Աստծո և մեր հավատի ճշմարիտ լինելու մասին արդեն հիանալի խոսվեց և անպարկեշտ չի համարվի, որ այժմ դառնայինք մարդկանց գործերին և նրանց վերաբերող դեպքերին, ես ձեզ կպատմեմ մի նովել, որը լսելուց հետո դուք կսկսեք առավել զգույշ պատասխաններ տալ այն հարցերին, որոնք կարող էին ուղղված լինել ձեզ։ Դուք պետք է իմանաք, ո՛վ իմ սիրելի դամաներ, որ ինչպես հիմարությունը հաճախ երջանիկ վիճակից մարդուն սոսկալի թշվառության է հասցնում, այնպես էլ խելամտությունը իմաստունին փրկում է մեծամեծ վտանգներից և ընծայում նրան երկարատև ու անվտանգ հանգստություն։ Որ անմտությունը բարեկեցիկ վիճակից թշվառության է հասցնում, ճշմարիտ է․ դրա մասին մտադիր չենք պատմել այժմ՝ նկատի ունենալով, որ ամենայն օր հազարավոր այդպիսի օրինակների ենք հանդիպում։ Իսկ որ խոհեմությունը մխիթարություն է ընծայում մարդուն, ես այդ, համաձայն իմ խոստման, կապացուցեմ մի կարճ պատմությամբ։ Սալադինը, որի արիությունը ոչ միայն նրան աննշան մարդուց Բաբելոնի սուլթան դարձրեց, այլև հնարավորություն տվեց շատ հաղթանակներ տանելու սարակինոս և քրիստոնյա թագավորների դեմ, զանազան պատերազմների մեջ մեծամեծ ծախսեր կատարելով, վատնեց իր գանձը, և քանի որ պատահական հանգամանքի բերումով նա մի մեծ գումարի կարիք զգաց և տարակուսում էր, թե որտեղից պիտի ձեռք բերեր այդ գումարը, որ այնպես անհրաժեշտ էր իրեն, ապա հանկարծ հիշեց Մելքիսեդեկ անունով մի հրեայի, որը Ալեքսանդրիայում վաշխով փող էր տալիս։ Մտածեց, որ սա կարող է օգնել իրեն, եթե միայն ցանկանա, բայց հրեան ժլատ էր, ինքնակամ ոչինչ չէր անի նրա համար։ Սալադինն էլ չէր ցանկանում բռնության դիմել։