— Ինչ մնում է ինձ,— ասաց Ֆարամիրը,— ես երազում եմ, որ կրկին ծաղկի Սպիտակ Ծառը, որ Մինաս Թիրիթ վերադառնա արծաթե թագը, և նրա հետ՝ խաղաղությունը: Կուզենայի տեսնել Մինաս Թիրիթը՝ ոչ, Մինաս Անորը այնպիսին, ինչպիսին հին ժամանակներում էր՝ լուսավոր, բարձր ու հրաշագեղ, ինչպես թագուհիների թագուհին, որի առաջ խամրում են մնացած բոլորը: Հրաշագեղ, բայց ոչ ահեղ՝ շրջապատված ստրուկներով, նույնիսկ եթե ստրուկները կամավոր են շղթայված և գոհ են իրենց տիրուհուց: Պատերազմն անխուսափելի է. մենք պետք է պաշտպանենք ապրելու մեր իրավունքը, քանզի թշնամին ձգտում է կուլ տալ ամեն ինչ և բոլորին: Սակայն իմ սրտով չեն ո՛չ սուր թրերի փայլը, ո՛չ արագընթաց նետերի սուլոցը, ոչ էլ փառքը մեծ զորավարի: Բայց այդ ամենն անհրաժեշտ է, որպեսզի պաշտպանենք այն, ինչը սիրում ենք՝ նումենորցիների հիմնած հրաշաքեղ քաղաքը: Ես սիրում եմ այդ քաղաքն իր անցյալի համար, իր հիշողության համար, իմաստության ու գեղեցկության համար: Ուզում եմ որ սիրեն իմ երկիրը, այլ ոչ թե վախենան, և հարգեն, ինչպես հարգում են ճերմակահեր իմաստունին: Այնպես որ մի վախեցիր ինձանից: Ես չեմ ստիպի քեզ պատմել այն ամենը, ինչ գիտես, նույնիսկ չեմ փորձի իմանալ՝ ճիշտ են արդյոք իմ կռահումները: Եթե միայն դու ինքդ չվստահես ինձ. այդ դեպքում կփորձեմ օգնել քեզ խորհուրդներով և, հնարավոր է նաև, գործով:
Ֆրոդոն ոչինչ չպատասխանեց: Նա հազիվ էր զսպում իրեն, որ չտրվի ցանկությանը՝ բացվել այդ խստադեմ, բայց դեռ երիտասարդ ռազմիկի առջև, որն այնքա՜ն իմաստուն ու մեծահոգի էր թվում: Որքա՛ն պետք կգային խորհուրդները, նրա օգնությունը... Բայց ինչ-որ բան նրան հետ էր պահում: Նրա սիրտը լցված էր վախով ու տագնապով, չէ՞ որ եթե իրոք ինը պահապաններից ողջ են մնացել միայն ինքն ու Սեմը, ապա ամեն ինչի համար պատասխանատու են միայն իրենք: Կարելի է նեղացնել Ավելորդ կասկածամտությունն ավելի ճիշտ գերադասելի է, քան կույր վստահությունը: Բորոմիրի և մատանու ազդեցության տակ նրա սարսափելի վերափոխման մասին հիշողությունները դեռ թարմ էին, հատկապես երբ Ֆրոդոն նայում էր Ֆարամիրին և լսում նրա ձայնը: Եղբայրներն այնքա՜ն տարբեր էին իրարից և միևնույն ժամանակ սարսափելի նման: