— Ահա և պարգևը ձեր համբերության համար,— ասաց Ֆարամիրը: — Տեղ ենք հասել ճիշտ ժամանակին. արևը մայր է մտնում: Ձեր առջև Մայրամուտի Պատուհանն է՝ Հեննեթ Աննունը, Իթիլիենի՝ շողշողացող ջրերի երկրի ամենագեղեցիկ ջրվեժը: Օտարներից շատ քչերն են տեսել այն: Բայց ավա՜ղ, Մայրամուտի պատուհանին արժանի պալատ այստեղ չկա: Գնա՛նք, ինքներդ կտեսնեք:
Նրա վերջին բառերի հետ արևը մայր մտավ, կրակը հանգավ, և ջրե վարագույրը խունացավ: Նրանք անցան խորդուբորդ կամարի տակով և հայտնվեցին անհարթ առաստաղով մեծ, ժայռափոր սրահում: Ջահերի աղոտ ցոլքերը խաղում էին սրահի պատերին: Արդեն շատ մարդիկ էին սրահում հավաքվել, բայց մութ, նեղ անցումի միջից հայտնվում էին նորերը՝ երկու երկու, երեք-երեք: Երբ հոբիթների աչքերը հարմարվեցին կիսախավարին, նրանք տեսան, որ քարաձավը շատ ավելի մեծ է, քան թվում էր սկզբում, և այնտեղ զենքի և սննդի խոշոր պաշարներ կանկուտակած:
— Ահա և մեր ապաստարանը,— ասաց Ֆարամիրը: — Շքեղ չէ, բայց գիշերը կքնեք հանգիստ ու անվտանգ: Չոր է, ուտելիք ինչքան ուզես կա, ինչը փոխհատուցում է կրակի պակասը: Մի ժամանակ գետը հոսել է կամարի տակով, բայց հնագույն վարպետները հունը փոխել են, բարձրացրել, և այժմ ջրվեժը թափվում է կրկնակի բարձրությունից: Անձավի բոլոր անցքերը փակված են՝ ո՛չ ջուր, ո՛չ անկոչ հյուրեր այստեղ չեն կարող թափանցել: Այստեղից դուրս գալու երկու ճանապարհ կա միայն. մեկով դուք եկաք փակ աչքերով, և մյուսը տանում է ջրե պատուհանով ներքև, խորը լճի մեջ, որի հատակը ծածկված է սուր քարերով: Հանգստացեք, մինչև բոլորը վերադառնան: Շուտով ընթրիքի ժամն է:
Հոբիթներին տարան անձավի անկյունը, որտեղ ցածր մահիճ էր դրված: Մարդիկ արագ, առանց իրարանցումի և վեճերի պատրաստվում էին ընթրիքի: Պատերի տակից բերեցին սեղաներեսները, դրեցին սրահի մեջտեղում դրված իշոտնուկների վրա և արագորեն շարեցին պարագաները՝ սպասքը՝ մեծամասամբ հասարակ, բայց որակյալ ու գեղեցիկ. ափսեներ, բաժակներ, սկուտեղներ՝ մի մասը պատրաստված կավից և ջնարակված, իսկ մյուս մասը՝ տոսախափայտից, ողորկ, փայլուն: Այստեղ և այնտեղ փայլում էին բրոնզե գավաթները, իսկ կենտրոնական սեղանի վրա, որտեղ պետք է նստեր Ֆարամիրը, արծաթե գավաթ դրեցին: Ֆարամիրը քայլում էր սրահում և ցածրաձայն հարցուփորձ անում նորեկներին: Ոմանք ուղարկված էին հետապնդելու հարավցիների ջախջախված ջոկատը, իսկ մյուսները՝ ամենավերջում եկածները, մնացել էին ճանապարհը հսկելու և տեսնելու, թե ինչ է կատարվում: Հարավցիներից ոչ ոք չէր փրկվել, բացի հսկայական մումակից՝ նրան չէին հետևել: Ճանապարհներին լռություն էր տիրում, նույնիսկ օրք-լրտեսներն չկային:
— Դու ոչինչ չես տեսել և չե՞ս լսել, Անբորն,— հարցրեց Ֆարամիրը վերջին ներս մտնողին: