Changes

Պահապանները

Ավելացվել է 6092 բայտ, 14:52, 14 Դեկտեմբերի 2015
/* Գլուխ վեցերորդ. Լոթլորիեն */
Ռամիլը մնաց հարավային ափին և գետանցումը վերջացնելուց հետո արձակեց երկու ճոպանները, իսկ երրորդը, որն արձակել էր գետն անցած Հալդիրը, ձգեց դեպի իրեն և կծկեց: Հետո կծիկը գցեց ուսին, Պահապաններին հրաժեշտ տվեց ձեռքը թափահարելով և հետ գնաց դեպի առաջին կամուրջը:
— Եվ այսպես, ընկերներ, դուք մուտք եք գործում Նաիթ Լորիենի սիրտը,— հանդիսավոր հայտարարեց Հալդիրը: — Այս ափին քչերին է բախտ վիճակվել լինել... — Հալդիրը լռեց և գործնական վերջացրեց. — իսկ հիմա մենք թզուկի աչքերը կկապենք՝ ես այդ մասին ասել եմ Լեգոլասին: Մնացածները կգնան առաց աչքերը կապելու, քանի չենք մոտեցել Անտառային ամրոցին:
— Լեգոլասը չէր կարող իմ փոխարեն որոշել,— խոժոռվելով խոսեց Ջիմլին: — Ես գերի չեմ, ոչ էլ Սաուրոնի լրտեսը: Դաինի Սարամիջի թագավորության բնակիչները երբեք Թշնամու հետ գործարքի մեջ չեն մտել: Ինչու՞ ես դու ինձ չարարկու համարում:
— Ի՞նչ ես կարծում,— հարցրեց նրան Հալդիրը,— ես մեր հին օրենքը կխախտե՞ի, եթե քեզ չարարկու համարեի: Ըստ օրենքի, ես պետք է ոչնչացնեմ Լորիեն մտնելու փորձ անող թզուկին: Իսկ դու իմ օգնությամբ գետն անցար:
— Ես կգնամ առանց աչքակապի կամ կվերադառնամ Սարամիջի թագավորություն, որտեղ ինձ ոչ ոք մատնիչ չի համարի,— հպարտ պատասխանեց Ջիմլին Հալդիրին: Հետ գնալով, նա ձեռքը տարավ տապարին:
— Դու քո վերադարձի ճանապարհը փակել ես Ոսկե Կախարդուհին անցնելով,— ասաց Հալդիրը: — Ես պետք է քեզ հասցնեմ տիրակալների մոտ, իսկ նրանք արդեն թող որոշեն, թե ինչ անեն քեզ: Եթե փորձես լողալով անցնել, առաջին իսկ ժամապահը կնետահարի քեզ:
 
Ջիմլին գոտու տակից դուրս քաշեց տապարը:
 
Հալդիրը կայծակնային արագությամբ հանեց նետն ու լարեց աղեղը: Երկրորդ էլֆը՝ նույնպես:
 
— Անիծյալ կամակոր,— քրթմնջաց Լեգոլասը:
 
— Հանգի՛ստ,— փնչացրեց Արագորնը: — Ջիմլի, տեղիցդ չշարժվես: Ջոկատը ես եմ առաջնորդում և դուք պետք է ենթարկվեք ինձ: Ջիմլին անարդարացիորեն նվաստացած կլինի, եթե միայն նրա աչքերը կապեն: Մենք բոլորս կգնանք կապված աչքերով... Չնայաց դա ճանապարհորդությունը կդանդաղեցնի:
 
—Օ՜հ, պատկերացնու՞մ եք ինչ տեսք կունենանք,— անսպասելի ծիծաղելով, բացականչեց Ջիմլին: — Գժերի երթ Ոսկի Անտառում... Ես պատրաստ եմ Լեգոլասի հետ միասին գժի դեր խաղալ,— ուրախ ավելացրեց նա,— մնացածները կարող են դիտող մնալ:
 
— Դու թզուկ ես,— վրդովվեց Լեգոլասը,— իսկ ես...
 
— Կամակո՞ր,— հեգնեց Արագորնը: — Չեղավ, եկեք արդարադատ լինենք: Կապիր աչքերս,— դիմեց նա Հալդիրին:
 
— Հիշի՛ր, եթե ընկնեմ՝ ամեն կապտուկի համար պատասխան ես տալու,— Հալդիրի վրա քթի տակ մռլտաց թզուկը՝ շոշափելով ձիգ կապված կապը:
 
— Չե՛ս ընկնի,— վստահ ասաց Հալդիրը,— մեր Լորիենում հիանալի արահետներ են:
 
— Զարմանալի ժամանակներ են,— փնթփնթաց Լեգոլասը: — Բոլորս նույն Թշնամու թշնամիներն ենք, երկնքում լուսավորում է պայծառ արեգակը և այնուհանդերձ ես՝ լինելով իմ ազգակիցների հյուրը, պետք է որպես կույր քայլեմ:
 
— Ոչ թե զարմանալի, այլ՝ զարհուրելի, առարկեց նրան Հալդիրը: — Թշնամու չարագործ իմաստությունն ու ահարկու զորեղությունն է մեր մեջ անմիաբանություն ու փոխադարձ անվստահություն հարուցում: Մեզ՝ լորիենցիներիս, այնքան անգամ են դավել, որ հիմա ոչ ոքի չենք հավատում, բացի, թերևս, Ռիվենդելի մեր ազգակիցներից: Մեր բնակատեղին բոլոր կողմերից թշնամիներով շրջապատված մի կղզու է վերածվել: — Մի քիչ լռելուց հետո Հալդիրը մռայլ ավելացրեց. — Խավարի Վարագույրը տարածվում է ու ամրանում: Այն չի կարողանում պարուրել Լորիենը, բայց նրա հզոր, սև թևերը շրջափակում են մեզ և՛ արևելքից, և՛ արևմուտքից: Հիմա եթե մենք վճռենք հեռանալ, մեզ չի հաջողվի ճեղքել-հասնել ծով: Մշուշապատն արդեն գրավված է օրքերի կողմից: Խլուտում վխտում են գայլդարձյակների ոհմակները: Ասում են, արդեն մթամած է Ռոհանը, և Թշնամին մոտեցել է Մեծ Գետին: Նշանակում է՝ ազատ նավահանգիստներ էլֆերին մնացել են միայն հյուսիս-արևմուտքում, Հավերժական անտառից և կոլոտիկների հողերից այն կողմ...
 
— Այո, մեր հողերից արևմուտք էլֆերի ծովամերձ բնակավայրեր կան,— կարևոր տեսքով հաստատեց Մերին:
Վստահելի
1342
edits