Changes

Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը

Ավելացվել է 29 301 բայտ, 21:04, 24 Ապրիլի 2013
:Գուցե Հագրիդը պարզապես ճիշտ ժամանակին հասցրեց վերցնել այդ փաթեթը... Հետաքրքիր է, թե որտե՞ղ է կրկին թաքցրել այն... Արդյո՞ք Հագրիդը Սառկեկի մասին ինչ-որ բան գիտի, բայց չի ցանկանում պատմել իրեն...
 
==Գլուխ իններորդ․ Կեսգիշերյան մենամարտ==
 
:Հարրիի մտքով երբեք չէր անցնի, որ նա երբևէ կհանդիպի որևէ մեկին, ում Դադլիից ավելի շատ կատի։ Բայց դա Դրաքո Մալֆոյին հանդիպելուց առաջ էր։
 
:Առաջին դասարանցի գրիֆինդորցիները սլիզերինցիների հետ համատեղ միայն հմայադեղերի դասեր ունեին, այնպես որ Մալֆոյի հետ նրանք հազվադեպ էին հանդիպում, առնվազն մինչև այն օրը, երբ առավոտյան ընդհանուր սենյակում պատին փակցված մի հայտարարություն տեսան, ինչից բոլորը հուզված աղմկեցին։ Ցախավելով թռչելու դասերը սկսվելու են այդ շաբաթ չորեբշաբթի օրը, և գրիֆինդորցիների դասերը կլինեն սլիզերինցիների հետ համատեղ։
 
:— Սա էր մնում պակաս, — ասաց Հարրին մռայլ, ― Ամբողջ կյանքումս հենց երազել եմ ցախավելին նստած խեղկատակություն անել Մալֆոյի ու նրա ընկերախմբի առաջ։
 
:Մինչդեռ, ամեն ինչից շատ նա ուզում էր թռչել սովորել։
:— Դու դեռ չգիտես, թե քեզ մոտ ինչպես կստացվի, ― ասաց Ռոնը խելամտորեն, — ճիշտ է, Մալֆոյը շատ է գլուխ գովում իր քվիդիչ խաղալու մասին, սակայն ես բացարձակապես համոզված եմ, որ նրա պատմածների մեծ մասը քամի է։
 
:Մալֆոյն իսկապես շատ էր խոսում թռչելու մասին։ Նա ցուցադրաբար բողոքում էր, որ առաջին դասարանցիներին չեն ընդունում մրցկանությունների քվիդիչի թիմերում։ Նա երկար-բարակ գլուխգովան դեպքեր էր պատմում իր թռիչքային արկածներից, որոնց վերջը գրեթե ճիշտ նույնն էր՝ թե ինչպես ինքը կարողացավ հմտորեն խույս տալ մագլական ուղղաթիռից։ Համենայն դեպս, նա միակը չէր, որ սիրում էր խոսել թռչելու մասին։
 
:Եթե Սիմուս Ֆինիգանին հավատային, ուրեմն նա իր ամբողջ մանկությունն անց էր կացրել ցախավելին նստած շրջակայքի սարերի ու լանջերի վրա սավառնելով։ Նույնիսկ Ռոնը, եթե լսող լիներ, սիրում էր պատմել, թե ինչպես մի անգամ՝ Չարլիի հին ցախավելին նստած, քիչ մնաց ընդհարվեր մի դելտապլանի հետ։
 
:Հրաշագործ ընտանիքներից եկած բոլոր երեխաները անդադար խոսում էին քվիդիչի մրցումների մասին։ Ռոնը ֆուտբոլի շուրջ մեծ վիճաբանության մեջ մտավ Դին Թոմասի հետ, որը Ռոնի ու Հարրիի հետ նույն ննջարանում էր քնում։ Ռոնը չէր կարողանում հասկանալ, թե ինչ հետաքրքիր բան կարող է լինել մի խաղի մեջ, որն ընդամենը մեկ գնդակով են խաղում, այն էլ ոչ ոքի թույլ չի տրվում օդում թռչել։ Մի անգամ Հարրին տեսավ, թե ինչպես էր Ռոնը մատով բոթբթում Դինի ՝ «Վեստ Հեմ» ֆուտբոլային թիմի պլակատում պատկերված ֆուտբոլիստներին ՝ փորձելով նրանց տեղից շարժել լուսանկարի մեջ։
 
:Նեվիլը կյանքում երբեք ցախավել չէր նստել, որովհետև տատը պարզապես ցախավելին մոտ չէր թողել նրան։ Հարրին, անկեղծ ասած, մտածում էր, որ Նեվիլի տատը շատ իմաստուն կին էր, որովհետև Նեվիլին հաջողվում էր նույնիսկ երկու ոտքով գետնին ամուր կանգնած ժամանակ դժբախտ պատահարների ռեկորդ սահմանել։
 
:Հերմիոնա Գրեյնջերը թռչելու կապակցությամբ նույնքան մտահոգված էր, որքան Նեվիլը։ Դժվար թե ցախավելով թռչելը հնարավոր լիներ անգիր անել դասագրքերից, սակայն դա չէր նշանակում, որ Հերմիոնան, այդուհանդերձ, նման փորձեր չէր անում։ Չորեքշաբթի օրը նախաճաշին նա բոլորին մահու չափ ձանձրացրեց՝ գրադարանում գտած «Քվիդիչի հազարամյա պատմությունը» գրքից սերտած օգտակար խորհուրդներով։
 
:Նեվիլն ուշի ուշով կլանում էր նրա յուրաքանչյուր բառը՝ հուսահատորեն փորձելով ինչ-որ գիտելիք ձեռք բերել, որը կարող էր օգնել իրեն ցախավելին նստած մնալ, սակայն մյուսները պարզապես թեթևացած շունչ քաշեցին, երբ Հերմիոնայի դասախոսությունն ընդհատվեց փոստի ժամանումով։
 
 
:Հարրին Հագրիդի երկտողից հետո ոչ մի նամակ չէր ստացել, ինչը անշուշտ չէր վրիպել Մալֆոյի ուշադրությունից։ Մալֆոյի բուն (բնականաբար, այստեղ էլ նա պետք է տարբերվեր մյուսներից, նրա բանբեր թռչունը՝ փետրավոր պոզերով, «բուբո-բուբո» կոչվող ամենախոշոր տեսակի եվրասիական դարչնագույն հազվագյուտ բվերից էր) միշտ տոպրակներով տնային քաղցրավենիք էր բերում, որոնք Մալֆոյը փառասեր պարծենկոտությամբ բացում էր հենց Սլիզերինի ընդհանուր սեղանի վրա։
 
:Անտառային մի խարտյաշ բու Նեվիլին մի փոքր փաթեթ բերեց նրա տատից։ Նեվիլը հուզված բացեց փաթեթը և միջից հանեց փոքր խնձորի չափ մի ապակյա գունդ, որը կարծես լցված էր կաթնագույն անթափանց գոլորշիով։
 
:― Սա «Ամենանմոռակ» է, — բացատրեց նա, — տատս գիտի, որ ես ամեն ինչ մոռանում եմ, իսկ այս գնդիկը հիշեցնում է, եթե որևէ բան մոռացած ես լինում։ Տեսե՛ք, ա՛յ, այսպես պինդ պահում ես ձեռքիդ մեջ ու, եթե որևէ բան մոռացել ես անել, գնդիկն անմիջապես կարմրում է, վա՜յ... — բացականչեց նա, որովհետև Ամենանմոռուկը հանկարծ կաս-կարմիր էր դարձել։
 
:Նեվիլը փորձում էր հիշել, թե այդ ինչն է ինքը մոռացել, երբ Դրաքո Մալֆոյը, որն անցնում էր Գրի ֆինդորի սեղանի մոտով, Ամենանմոռուկը թռցրեց նրա ձեռքից։
 
:Հարրին ու Ռոնը տեղից վեր ցատկեցին։ Նրանց էլ հենց պատրվակ էր պետք Մալֆոյի հետ կովի մեջ մտնելու համար, սակայն պրոֆեսոր Մըք Գոնւսգալը, որը, կարծես, բոլոր ուսուցիչներից ավելի արագ էր զգում մոտալուտ անկարգության հոտը, մի ակնթարթից հայտնվեց նրանց կողքին։
 
:— Ի՞նչ է կատարվում այստեղ։
:— Մալֆոյը վերցրել Է իմ Ամենանմոռուկը, պրոֆեսոր։
 
:Մալֆոյը հոնքերը խոժոռելով գնդիկը գցեց սեղանի վրա։
 
:— Ես ուղղակի նայում էի, — ասաց նա և գլուխն ուսերի մեջ քաշելով, աչքերը կախ, հապշտապ հեռացավ՝ իր ետևից տանելով Քրեբին ու Գոյլին։
:Այդ օրը երեք անց կեսին Հարրին, Ռոնը և մյուս գրիֆինդորցիները՝ ամրոցի գլխավոր մուտքից դուրս գալով, շտապեցին դեպի ամրոցի ետևում գտնվող մարզադաշտը։ Պարզ օր էր, թեթև քամի էր փչում, և խոտը ալիք-ալիք ծածանվում էր ոտքերի տակ, երբ նրանք զառիվայր լանջով քայլում էին դեպի մարզադաշտի հակառակ կողմը՝ մոտենալով Արգելված անտառի եզրին։ Հեռվում ճոճվում էին Արգելված անտառի մռայլ կատարները։
 
:Սլիզերինցիք արդեն այնտեղ էին։ Գետնին իրարից հավասար հեռավորության վրա, ուղիղ շարքով ընկած էին քսան ցախավելներ։ Հարրին լսել էր, թե ինչպես էին Ֆրեդ ու Ջորջ Ոփզլիները բողոքում դպրոցական ցախավելներից՝ ասելով, որ դրանք սկսում են անկանոն ցնցվել ու դողղողալ, եթե չափազանց բարձր ես թռչում կամ էլ միշտ թեթևակի դեպի ձախ են շեղվում։
 
:Հայտնվեց նրանց ուսուցիչ մադամ Հուչը։ Նա կարճ կտրած սպիտակահեր մազեր աներ և շահենի պես դեղին աչքեր։
:— Դե՛հ, այդ ո՞ւմ եք սպասում, — խրոխտ ձայնով ասաց նա։ — Ապա մի բոլորդ կանգնե՛ք ցախավելների մոտ... Շտապե՛ք, արա՛գ, արա՛գ...
 
:Հարրին նայեց իր ոտքերի մոտ գետնին ընկած ցախավելին։ Դա մի հին, մաշված ցախավել էր, և կոթի ծայրին կապված ավելի մի քանի շյուղեր ցցված էին տարբեր ուղղություններով։
 
:— Աջ ձեռքը առաջ պարզեք ցախավելի վրա, — կարգադրեց շարքի առջև կանգնած մադամ Հուչը, — և ասացեք. «Վե՛ր»։
:— ՎԵ՛Ր, — բղավեցին բոլորը։
 
:Հարրիի ցախավելը մի ակնթարթում վեր ցատկեց ու հայտնվեց նրա ձեռքի մեջ, սակայն դժվար թե կարելի էր նույն բանն ասել շատ ցախավելների մասին։ Հերմիոնա Գրեյնջերի ցախավելը գետնի վրա միայն պտտվեց տեղում, իսկ Նեվիլի ցախավելն ընդհանրապես տեղից չշարժվեց։ Երևի ցախավելները ձիերի պես զգում են, երբ ապագա հեծյալը վախենում է իրենցից, մտածեց Հարրին։ Նեվիլի ձայնի մեջ մի ելևէջ պարզորոշ ասում էր, որ այդ պահին նրա ամենամեծ ցանկությանը զույգ ոտքով գետնի վրա կանգնած մնալն էր։
 
:Հետո մադամ Հուչը նրանց ցույց տվեց, թե ինչպես է պետք հեծնել ցախավելը, որ ետևի ծայրից վայր չսահեն և քայլեց շարքի երկայնքով՝ ստուգելով և ցույց տալով ցախավելը բռնելու ճիշտ ձևը։ Հարրին ու Ռոնը հրճվեցին, երբ նա Մալֆոյին ասաց, որ վերջինս տարիներ շարունակ սխալ է բռնել ցախավելի կոթը։
:— Իսկ հիմա, երբ սուլեմ, բոլորդ մի ոտքով կհարվածեք գետնին ու վեր կբարձրանաք, — ասաց մադամ Հուչը, — աշխատեք ցախավելը կայուն պահել օդի մեջ։ Մի քանի ոտնաչափ կբարձրանաք գետնից և վայրէջք կկատարեք՝ թեթևակի առաջ թեքվելով։ Դե՛հ, պատրա՜ստ... երե՜ք... երկո՜ւ... շֆյուուու՜...
:Սակայն Նեվիլը՝ հուզված, նյարդային ու վախեցած, որ բոլորը վեր կթռչեն, իսկ ինքը կմնա տեղում անշարժ կանգնած, ավելի շուտ էր ոտքով հարվածել գետնին, քան մադամ Հուչը կհասցներ սուլիչը մոտեցնել շրթունքներին։
 
:— Ետ արի՛, տղա՛... — բղավեց նա, սակայն Նեվիլը ուղիղ դեպի վեր էր սլանում՝ շշից դուրս թռած խցանի պես, ահա անցավ տասներկու ոտնաչափ... քսան ոտնաչափ... Հարրին տեսավ, Նեվիլի վախից սպիտակած դեմքը, սարսափահար հայացքը՝ ուղղված դեպի ներքև փախչող գետնին, տեսավ, թե ինչպես նրա ձեռքը թուլացավ ու սահեց ցախավելի կոթից...
Վաաա~յմմմ... և Նեվիլը մի ուժեղ թրմփոցով ու զզվելի ճրթոցով երեսնիվայր փռվեց խոտերի վրա։ Նրա ցախավելը շարունակում էր վեր սլանալ, հետո սկսեց ծուլորեն ճախրել դեպի Արգելված անտառի կողմը և շուտով անհետացավ ծառերի մութ կատարների ետևում։
 
:Մադամ Հուչը, Նեվիլի պես սպիտակ դեմքով, կռացավ վերջինիս վրա։
:Հարրին լսեց, թե ինչպես նա մտահոգ ասաց,
:— Դաստակն է կոտրվել... Դե՛հ, տղաս, վեր կաց... Փառք աստծո, էժան պրծար, կարող էր և ավելի վատ լինել։
 
:Մադամ Հուչը շրջվեց մյուսների կողմը։
:— Ոչ մեկը տեղից չշարժվի, մինչև այս տղային տանեմ հիվանդանոցային աշտարակ ու վերադառնամ։ Ցախավելները հանգիստ թողեք գետնին, թե չէ Հոգվորթսից ավելի արագ դուրս կթռնեք, քան կհասցնեք ասել «քվիդիչ»։ Գնացի՛նք, սիրելիս։
 
:Նեվիլն արցունքներից թաց երեսով, առողջ ձեռքով կոտրված դաստակը կրծքին սեղմած, կաղալով առաջ շարժվեց, իսկ մադամ Հուչը հոգատարությամբ գրկեց նրա ուսը։
:Հազիվ էին նրանք այնքան հեռացել, որ չլսեն մյուսների խոսակցությունը, երբ Մալֆոյն սկսեց փորը բռնած հռհռալ։
:— Տեսաք, թե ինչ դեմք ուներ՝ տանձի պես գետնին փռվելիս։
:Մյուս սլիզերինցիք միացան նրա ծիծաղին։
 
:— Վերջացրո՛ւ, Մալֆոյ, — նետեց Փարվաթի Փաթիլը։
:— Օյ-օյ, մի տեսեք, թե ո՜վ է Լոնգբոթոմին պաշտպանում,― ասաց սուր դիմագծերով մի սլիզերինցի աղջիկ՝ Փանսի Փարքինսոնը, — մտքովս էլ չէր անցնի, որ դու սիրում ես լացկան մամայի֊բալիկներին, Փարվաթի։
:— Նայե՛ք, — ասաց Մալֆոյը՝ առաջ ցատկելով ու ինչ-որ բան վերցնելով խոտերի միջից, — սա էն ապուշ գնդիկն է, որ Լոնգբոթոմի տատն է ուղարկել։
 
:Ամենանմոռուկը շողշողաց արևի տակ, երբ Մալֆոյն այն վեր բարձրացրեց խոտերի միջից։
:— Այստեղ տուր դա, Մալֆոյ, — ասաց Հարրին հանգիստ ձայնով։ Բոլորը սսկվեցին ու նայեցին նրանց վրա։
:Մալֆոյը չարանենգ ժպտաց։
 
:— Ես մի ապահով տեղ կդնեմ այն, որ Լոնգբոթոմը հետո ինքն անձամբ վերցնի, ի՞նչ կասեք է՜ն բարձր ծառի մասին, հը՞...
:— Այստեղ տուր, — բղավեց Հարրին, սակայն Մալֆոյն արդեն հեծնել էր իր ցախավելը և օդ բարձրացել։ Նա բոլորովին էլ սուտ չէր ասում և իսկապես լավ էր թռչում։ Հասնելով անտառի եզրի կաղնու ամենաբարձր ճյուղերին նա բղավեց դեպի ներքև.
:— Արի՛ ու ինքդ վերցրու, Փո՛թթեր։ Հարրին ձեռքն առավ իր ցախավելը։
:— Ո՜չ, — բղավեց Հերմիոնա Գրեյնջերը, ― մադամ Հուչն ասաց, որ տեղից չշարժվենք, դու բոլորիս գլխին փորձանք կբերես։
:Հարրին բանի տեղ չդրեց նրա խոսքերը։ Արյունը խփում էր ականջներին։ Նա հեծնեց ցախավելը և ոտքի ուժեղ հարվածով ինքն իրեն դեպի վեր հրեց։ Քամին սլացավ նրա մազերի միջով ու ծածանեց պարեգոտի փեշերը։ Բուռն հիացմունքի մակընթացության մեջ նա հասկացավ, որ վերջապես գտել է մի բան, որ կարող է լավ անել՝ առանց երկար սովորելու։ Դա այնքա՜ն հեշտ էր ու անսահման հրաշալի։ Նա մի փոքր դեպի վեր ցցեց ցախավելի կոթը, որ ավելի մեծ բարձրության հասնի և առաջ սլանալով, լսեց գետնին կանգնած աղջիկների ճիչերն ու ծղրտոցները և Ռոնի հիացական սուլոցը։
:Նա շեշտակի շրջեց իր ցախավելը և օդի մեջ կանգնեց Մալֆոյին դեմ֊դիմաց։ Մալֆոյն ապշահար տեսք ուներ։
:— Այստեղ տու՛ր, թե չէ ցախավելից ցած կգլորեմ քեզ։
:— Օ՜յ, հենց այդպե՞ս, — ասաց Մալֆոյը՝ փորձելով ժպտալ, սակայն դեմքի արտահայտությունը մատնում էր նրա խուճապային մտահոգությունը։
 
:Հարրին անբացատրելիորեն հաստատ գիտեր, թե ինչ էր պետք անել։ Նա իրանով առաջ թեքվեց և երկու ձեռքով ամուր բռնեց իր ցախավելի կոթը, որը նիզակի պես սլացավ Մալֆոյի ուղղաթյամբ։ Մալֆոյը հազիվ հասցրեց ճիշտ ժամանակին մի կողմ քաշվել։ Հարրին կտրուկ շրջադարձ կատարեց և ցախավելն անշարժ կանգնեցրեց օդի մեջ։ Ներքևից ծափահարության ձայներ լսվեցին։
:— Այստեղ Քրեբն ու Գոյլը քեզ օգնության չեն հասնի, Մալֆոյ, — բղավեց Հարրին։
 
:Կարծես միևնույն միտքն անցավ նաև Մալֆոյի ուղեղով, սակայն հայացքն անհանգիստ շուրջը պտտելով, նա հանկարծ նենգորեն ժպտաց։
:— Դեհ, բռնի՛ր, թե կարող ես, — բղավեց նա և նույն պահին ձեռքում բռնած գնդիկն ամբողջ ուժով վեր նետեց ու տեղում պտտվելով, ետ սլացավ դեպի գետին։
 
:Հարրին, ասես դանդաղեցրած ընթացքով, տեսավ, թե ինչպես գնդիկը վեր բարձրացավ, մի պահ կանգ առավ օդի մեջ և սկսեց վայր ընկնել։ Հարրին առաջ թեքվեց և իր ցախավելի կոթը սուր անկյան տակ ուղղեց գնդիկի անկման ուղղահայացին շեղաձիգ, և հաջորդ վայրկյանին Հարրին արդեն արագություն հավաքելով վայր էր սլանում դեպի ընկնող գնդիկը։ Ականջների մեջ սուլող բումին խառնվում էր տեսարանը դիտողների ճիչերին։ Նա առաջ մեկնեց ձեռքը, գետնից ընդամենը մեկ ոտնաչափ բարձրության վրա բռնեց գնդիկը և նույն վայրկյանին թեքելով իր ցախավելի կոթը, փափուկ վայրէջք կատարեց խոտերի վրա՝ Ամենամոռուկն ապահով բռնած ձեռքի մեջ։
 
:— ՀԱ՛ՐՐԻ ՓՈԹԹԵՐ...
 
:Հարրիի սիրտն ավելի արագ ցած ընկավ, քան քիչ առաջ ինքը վայր էր սլանում ցախավելին նստած։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը մարգագետնով վազում էր դեպի նրանց կողմը։ Հարրին ցախավելից իջավ՝ ամբողջ մարմնով դողալով։
 
:— Երբե՛ք... Հոգվորթսում ինչքան եղել եմ, դեռ երբե՛ք...
:Պրոֆեսոր Մըք Գոնագալն այն աստիճան ցնցված էր, որ խոսք չէր գտնում, իսկ նրա ակնոցները կատաղի փայլ էին ճաճանչում։
:— Ինչպիսի՜ համարձակության... Դուք պարզապես կարող էիք ձեր վիզը կոտրել...
:— Նա մեղք չուներ, պրոֆեսոր...
:— Լռությո՛ւն, օրիորդ Փա՛թիլ։
:— Բայց Մալֆոյը...
:— Բավական է պարոն Ուի՛զլի։ Իսկ դուք, Փո՛թթեր, հետևե՛ք ինձ։
:Հարրին հասցրեց տեսնել Մալֆոյի, Քրեբի ու Գոյլի հաղթական դեմքերը և լուռ ու մունջ գնաց պրոֆեսոր Մըք Գոնագալի ետևից, քայլելով վերջինիս եռանդուն քայլքից խոտերի ալիքների մեջ բացվող ճեղքով։ Նա համոզված էր, որ իրեն հեռացնելու են դպրոցից։ Ուզում էր ինչ-որ բան ասել իրեն պաշտպանելու համար, սակայն ձայնը չգիտես թե ուր էր կորել։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը առանց նրան նայելու հաստատուն քայլերով առաջ էր գնում։ Հարրին ստիպված էր վազել պրոֆեսորի ետևից։ Ինքն արդեն չափն անցել էր։ Իսկապես, երկու շաբաթ էլ չդիմացավ։ Տաս րոպեից նրան կուղարկեն իրերը հավաքելու։ Ի՞նչ կասեն Դարզլիները, երբ նա դժբախտ ու ողորմելի կանգնի նրանց շքամուտքի դռան առաջ։
 
:Ահա մտան ամրոց, վեր բարձրացան շքեղ մարմարյա աստիճաններով, իսկ պրոֆեսոր Մըք Գոնագալը շարունակում էր առաջ գնալ առանց մեկ բառ իսկ ասելու։ Նա թափով բացում էր ճանապարհին պատահած դռներն ու առաջ անցնում միջանցքներով, մինչ Հարրին մանր քայլերով՝ իրեն անսահման դժբախտ զգալով, վազում էր նրա ետևից։ Միգուցե իրեն Դամբլդորի մո՞տ է տանում... Հարրին մտածեց Հագրիդի մասին, որին ժամանակին հեռացրել էին, սակայն թույլ էին տվել, որ Հոգվորթսում մնա որպես դարպասների պահապան։ Միգուցե իրե՞ն էլ թույլ կտան մնալ ու դառնալ Հագրիդի օգնականը։ Հարրիի ստամոքսը կծկվեց, երբ նա պատկերացրեց, թե ինչպես է ինքը Հագրիդի պայուսակը նրա ետևից քարշ տալիս հանդավարներով, մինչ Ռոնը և մյուսները տարիների ընթացքում հրաշագործ կախարդներ են դառնում։
 
:Պրոֆեսոր Մըք Գոնագալը կանգ առավ լսարաններից մեկի դռան առաջ, բացեց դուռը և գլուխը ներս մտցրեց։
:— Ներեցեք, պրոֆեսոր Ֆլիթվիք, կարո՞ղ եմ արդյոք մի րոպեով դուրս խնդրել Վուդին։
 
:Հարրին հուզմունքից «Վուդի» փոխարեն «գուրզ» լսեց, և նրա սիրտը սարսափից կանգ առավ։ Դա ի՞նչ էր։ Նա հո չի պատրաստվում այդ գուրզով իր հետ դատաստան տեսնել։
 
:Սակայն պարզվեց, որ Վուդը բավականին հաճելի պատանի էր, թիկնեղ ու ամրակազմ, որը փոքր-ինչ շփոթված տեսքով դուրս եկավ Ֆլիթվիքի լսարանից։
:— Երկուսդ էլ եկեք իմ ետևից, — ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը, և նրանք միասին գնացին միջանցքով։ Վուդը հետաքրքրված, կողքանց զննում էր Հարրիին։
:— Այստե՛ղ։
:Պրոֆեսոր Մըք Գոնագալը մատնացույց արեց մի լսարան, որտեղ ոչ ոք չկար բացի Փիվզից, որը զբաղված էր գրատախտակին կեղտոտ հայհոյանքներ խզբզելով։
:— Դուրս կորիր այստեղից, Փի՛վզ, — մռնչաց պրոֆեսոր Մըք Գոնագալը։ Փիվզը կավիճը նետեց մի մետաղյա աղբադույլի մեջ, որից ուժեղ զրնգոց եկավ, և քթի տակ մրթմրթալով, դուրս թռավ լսարանից։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը դուռը շրխկոցով փակեց նրա ետևից և շրջվեց դեպի երկու տղաները՝ կանգնելով նրանց դեմ դիմաց։
:— Փո՛թթեր, սա Օլիվեր Վուդն է։ Վո՛ւդ, ես ձեզ համար Որսորդ եմ գտել։
:Վուդի դեմքի արտահայտությունը հետաքրքրված մտահոգությունից փոխվեց հիացական գոհունակության։
:— Լուրջ ե՞ք ասում, պրոֆեսոր։
:— Միանգամայն, — կտրուկ ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը։ — Տղան բնածին տաղանդ ունի։ Ես կյանքումս դեռ նման բան չէի տեսել։ Առաջին անգամն էիր ցախավելի վրա, չէ՞, Փոթթեր։
 
:Հարրին լուռ գլխով արեց։ Նա բացարձակապես չէր հասկանում, թե ինչ էր կատարվում, բայց մի բան, առնվազն, պարզ էր, որ նրան չեն պատրաստվում հեռացնել դպրոցից, և նա վերջապես սկսեց զգալ բամբակ դարձած, թմրած ոտքերը։
:— Նա մի փոքր գնդակ բռնեց հիսուն ոտնաչափ գլխիվայր անկումից հետո, — Վուդին հաղորդեց պրոֆեսոր Մըք Գոնագալը, — նույնիսկ չքսվեց էլ գետնին։ Նույնիսկ Չարլի Ուիզլին նման բան չէր կարողանա անել։
 
:Վուդն այնպիսի տեսք ուներ, ասես նրա բոլոր երազանքները միանգամից կատարվեցին։
:— Երբևէ քվիդիչի խաղ տեսե՞լ ես, Փոթթեր ― հարցրեց նա հուզված։
:— Վուդը Գրիֆինդորի թրմի կապիտանն է, — բացատրեց պրոֆեսոր Մըք Գոնագալը։
:— Նույնիսկ մարմնի կառուցվածքով իսկական Որսորդ է, — ասաց Վուդը՝ պտտվելով Հարրիի շուրջը և ոտքից գլուխ զննելով նրան բոլոր կողմերից, — թեթև է, արագաշարժ, նրան մի պատշաճ ցախավել է պետք, պրոֆեսոր... «Նիմբուս երկու հազար» կամ առնվազն «Մաքրասփյուռ յոթ»...
 
:— Ես կխոսեմ պրոֆեսոր Դամբլդորի հետ, և մենք կտեսնենք, արդյոք կարելի՞ է բացառության կարգով խախտել առաջին դասարանցիների համար սահմանված կարգը։ Մեզ անպայմանորեն անհրաժեշտ է անցյալ տարվանից ավելի լավ թիմ ունենալ։ Ինչպիսի՜ խայտառակ պարտություն կրեցինք՝ Սլիզերինի հետ վերջին խաղում։ Ես մի քանի շաբաթ չէի կարողանում աչքերս բարձրացնել Սեվերուս Սառկեկի երեսին։