Changes

Պահապանները

Ավելացվել է 7571 բայտ, 18:49, 27 Ապրիլի 2015
/* Գլուխ տասնմեկ․ Գիշերային հարձակում */
Բիթ Խաղամախը տասներկու արծաթ էր պահանջել, իսկապես, մի ամրակազմ պոնիի գնից երեք անգամ ավելի: Գնված փոքրիկ կենդանին ոսկրոտ էր, հյուծված, ծեծված, բայց դեռ սատկելու միտք չուներ: Լավր Նարկիսը իր գրպանից վճարեց պոնիի համար և դեռ տասնութ արծաթ էլ առաջարկեց Մերիին՝ ի հատուցում կորած պոնիների: Նա ազնիվ մարդ էր և բավական ունևոր, բայց երեսուն արծաթի համար ափսոսանքից լացը գալիս էր, մանավանդ, որ կեսը ստիպված եղավ հրամցնել գարշելի ու ժլատ Կաղամախին:
Սակայն նա չէր տուժել: Հետագայում պարզվեց, որ տարել են միայն մի ձի: Մնացածներին ուղղակի վախեցրել էին, և նրանք գտնվեցին Լեռնամոտի մարգագետիններից: Ճիշտ է, Մերի Բրենդիզայքի պոնիները փախել էին Թոմ Բոմբադիլի մոտ, որտեղ արածում էին ու ճարպակալում, ասես ոչինչ չէր եղել, բայց երբ Թոմն իմացավ, թե ինչ է պատահել Լեռնամոտում, նրանց հետ ուղարկեց Նարկիսին և վերջինս կարծես երկնքից ընկած հինգ ձի ստացավ:Ճիշտ է, Լեռնամոտում ձիերն այնքան էլ ազատ չէին, բայց այնուամենայնիվ Բոբը փառավորապես խնամում էր նրանց, բացի այդ խուսափեցին սարսափելի ճանապարհորդությունից: Թեպետ Ազատքում էլ չեղան: Նախաճաշից հետո հոբիթներն ստիպված եղան նորից դասավորել իրենց ուղեպարկերը, որ շալակած տանեն: Մոտավորապես ժամը տասին մոտ նրանք դուրս եկան: Լեռնամոտն արդեն վաղուց արթնացել ու գվվում էր, ինչպես տագնապահար փեթակ: Հապա ինչպե՞ս՝ Սև Հեծյալների երևալը, Ֆրոդոյի անհետանալը, իսկ հիմա էլ ձիերի գողությունը և վերջին ցնցող նորությունը՝ պարզվում է, Պանդուխտ-Հետքագետը հոբիթսատնցի հոբիթներին ուղեկցող է վարձվել: Պանդոկի մոտ շատ ժողովուրդ էր հավաքվել՝ գալիս էին մոտակա գյուղերից, մի քանի խոսք փոխանակում ու համբերությամբ սպասում ճամփորդների դուրս գալուն: Պանդուխտը պլանը փոխեց. որոշված էր Լեռնամոտից շարժվել ուղիղ Ուղիով: Իսկույն թեքվելն իմաստ չուներ՝ նրանց հետևից մի երկար պոչ կկապվեր. կնայեին, թե ուր են գնում, ու կհետևեին, որ ոչ մեկի հողերը չմտնեին: Հրաժեշտ տվեցին Նոբին ու Բոբին, բաժանվեցին Լավր Նարկիսից, նրան բազում շնորհակալություններ հայտնելով:  — Ցտեսություն, հուսով եմ, մինչև լավ ժամանակների գալը,— ասաց Ֆրոդոն: — Կուզենայի ձեր հյուրանոցում ապրել ինչպես հարկն է. գուցե երբևէ հաջողվի: Ճանապարհ ընկան տագնապահար ու ընկճված, ամբոխի անբարյացակամ հայացքների ուղեկցությամբ: Այնուամենայնիվ ինչ-որ մեկը նրանց հաջողություն ցանկացավ, բայց ավելի շատ վատ խոսքեր էին լսվում: Ճիշտ է, լեռնամոտցիները գիտեին, որ Պանդուխտը կատակ անել չի սիրում, և երբ նա աչքերը բարձրացնում էր մեկնումեկի վրա, իսկույն լռում էին: Նա գնում էր առջևից, Ֆրոդոյի կողքից, նրանցից հետո Փինը և Մերին, իսկ վերջում Սամը պոնին էր տանում, որը ճիշտ է, բարձված էր իր ուժերին համապատասխան, բայց՝ բավականաչափ: Ի դեպ, չնայած բեռին, նա արդեն ավելի ուրախ աչքեր ուներ, ըստ երևույթին ճակատագրի փոփոխություն էր զգում: Սամը մտածկոտ խնձոր էր կրծում: Խնձորներով լի էին նրա գրպանները, Բոբն ու Նոբը այդ մասին հոգ էին տարել: — Խնձորը ձեռքիդ գնում ես, ծխամորճը ձեռքիդ նստում ես, դե լավ է, էլի,— մռթմռթում էր Սամը: — Բայց ամբողջ ճանապարհի համար կարո՞ղ ես խնձոր վերցնել: Աստիճանաբար նրանք դադարեցին ուշադրություն դարձնել հետաքրքրասերների վրա, որոնց գլուխները, մեկ էլ տեսար, բուսնում էին ցանկապատի կամ դռան հետևից: Վերջին տունը՝ խարխլված ու թեքված, սակայն ամուր, գերանակապ ցանկապատ ուներ: Պատուհանում ցոլաց դեղնավուն ու շիլաչք դեմքը: «Այ քեզ բա՜ն,— մտածեց Ֆրոդոն: — Ուրեմն այստեղ է թաքնվում այն հարավցին... Տեսքով իսկը օձ է, ինչպես որ Բիլբոն էր նկարագրում»: Քթի տակ ծիծաղելով, ցանկապատի վրա հենվեց մի հաղթանդամ երիտասարդ՝ հանդուգն քիթմռութով, հաստ հոնքերով, աչքերը՝ մուգ ու պղտոր: Երբ ճամփորդները մոտեցան, նա բերանից հանեց ծխամորճն ու գունդ թքեց. — Ողջույն, երկարոտ... Ի՞նչ է, ընկերնե՞ր ես ճարել,— ասաց նա: Պանդուխտը չպատասխանեց: — Ձեզ էլ ողջույն, անխելք մժղունք,— դիմեց նա հոբիթներին: — Գոնե գիտե՞ք, թե ում հետ եք գործ բռնել: Ախր դա Պանդուխտ Տիպտկլորն է, հասկանալի՞ է: Նրան մի ուրիշ տեսակ էլ են կանչում, հավես չկա ասելու: Դե, գիշերը ինքներդ կտեսնեք ինչն ինչոց է... Իսկ դու, Սամիկ, տես հա՜, իմ սատկած պոնիին չնեղացնես: Թու՜... — ու նորից մի չաղլիկ գունդ թքեց: Սամը շրջվեց. — Իսկ դու, Կաղամախ,— ասաց նա,— ավելի լավ կանես քո զզվելի մռութը պահես, թե չէ գիտես չէ՜ ինչեր են լինում... — Մեծ խնձորի կեսը թափով իջավ Բիթի քթին. նա վայրկենապես անհետացավ ու ցանկապատի տակից ուշացած հայհոյանք թափեց: — Համով խնձոր էր,— հառաչելով նկատեց Սամը: Գյուղը վերջացավ: Նրանց ուղեկցող երեխաներն ու պարապ-սարապները ետ մնացին ու վերադարձան Հարավային Դարպաս: Երկու-երեք լիգ ճամփորդները գնացին մեկ աջ, մեկ ձախ ոլորվող Ուղիով. հետո ճանապարհը թեքվեց ցած՝ կտրելով խիտ անտառը: Գորշ Լեռնամոտը բարձրանում էր հետևում. նրանք թեքվեցին դեպի հյուսիս, նեղ, հազիվ նկատելի կածանով: — Այստեղ էլ մենք կծածկվենք կողմնակի աչքերից,— ասաց Պանդուխտը: — Միայն թե կարճ ճանապարհով չգնանք,— կասկած հայտնեց Փինը: — Թե չէ մի անգամ գնացինք անտառի միջով ու հետո հազիվ դուրս եկանք: — Այն ժամանակ ես ձեզ հետ չեմ եղել,— քմծիծաղեց Պանդուխտը: — Իմ բոլոր զարտուղի ճանապարհները տանում են այնտեղ, ուր պետք է: Նա մեկ անգամ էլ աչքի անցկացրեց դատարկ Ուղին և խորացավ թփուտաշատ անտառակը: — Իհարկե, Կաղամախը կհետևի, թե մենք որտեղ ճանապարհից թեքվեցինք,— ասաց նա,— սակայն մեր հետևից չի գա, պարզապես ոմանց կհուշի: Նա այստեղի բոլոր կածանները լավ գիտի, թեպետ ինձանից ո՛չ լավ: Իսկ նրանց, ում կհայտնի, հաստատ հեռու չեն այստեղից:  
Վստահելի
1342
edits