Changes
/* VI */
== VI ==
Հետո, այդ րոպեին վերհիշելիս, Ռասկոլնիկովին ամեն ինչ այսպես էր պատկերանում.
Դռան ետևից լսված աղմուկը հանկարծ արագությամբ սաստկացավ, և դուռը մի քիչ բացվեց։
— Այդ ի՞նչ է,— բարկությամբ գոչեց Պորֆիրի Պետրովիչը։ Չէ՞ որ ես նախազգուշացրել եմ...
Մի ակնթարթ պատասխան չեղավ, բայց երևում էր, որ դռան ետևում մի քանի մարդ կար և կարծես մեկին դեպի դուռն էին հրում։
— Ի՞նչ է, է՞,— անհանգիստ կրկնեց Պորֆիրի Պետրովիչը։
— Կալանավոր Նիկոլային ենք բերել,— լսվեց մեկի ձայնը։
— Հարկավոր չէ՛, ե՛տ քաշվել, սպասե՛լ․․․ Ինչո՞ւ է նա այստեղ խցկվել, այդ ինչ անկարգություն է,— գոռաց Պորֆիրին՝ նետվելով դեպի դուռը։
— Ախր նա...— դարձյալ լսվեց նույն ձայնը ու հանկարծ խզվեց։
Երկու վայրկյանից ոչ ավելի իսկական պայքար տեղի ունեցավ, հետո հանկարծ մեկը մի ուրիշին կարծես ուժով հրեց դեպի դուռը և ապա մի ինչ֊որ խիստ դալկադեմ մարդ ուղղակի մտավ Պորֆիրի Պետրովիչի կաբինետը։
Այդ մարդու տեսքը առաջին հայացքից շատ տարօրինակ էր։ Նա նայում էր ուղիղ դեպի առաջ, բայց կարծես ոչ ոքի չէր տեսնում։ Նրա աչքերում փայլում էր վճռականությունը, բայց միևնույն ժամանակ դեմքը պատած էր մահու գունատությամբ, կարծես նրան բերել էին մահապատժի ենթարկելու։ Բոլորովին դժգույն նրա շրթունքները մի փոքր ցնցվում էին։
Նա դեռ շատ ջահել էր, հագնված էր ինչպես ռամիկ, միջահասակ էր, նիհար, մազերը կլորաձև խուզած, դիմագծերը բարակ, ասես չորացած։ Նրա ձեռքերով անսպասելիորեն ետ հրված մի մարդ անմիջապես ներս նետվեց ու բռնեց նրա ուսից, դա ուղեկցորդն էր. Նիկոլայը ետ քաշեց թևը ու կրկին պոկ եկավ նրանից։
Դռան մոտ մի քանի հետաքրքրվողներ էին հավաքվել։ Նրանցից ոմանք փորձում էին ներս մտնել։ Այդ ամենը կատարվեց համարյա մի ակնթարթում։
— Հեռացիր, դեռ վաղ է։ Սպասիր, մինչև որ կանչեն... Ինչո՞ւ եք սրան շուտ բերել,— փնթփնթում էր սաստիկ բարկացած, ասես շվարած Պորֆիրի Պետրովիչը։ Բայց Նիկոլայը հանկարծ ծունկ չոքեց։
— Այդ ի՞նչ է,— զարմացած բղավեց Պորֆիրին։
— Ներեցեք, մեղքը իմն է, ե՛ս եմ մարդասպանը,— հանկարծ ասաց Նիկոլայը՝ ասես մի փոքր շնչասպառ լինելով, սակայն բավական բարձր ձայնով։
Տասը վայրկյանի չափ լռություն տիրեց, բոլորը կարծես փայտացան, նույնիսկ ուղեկցորդն էլ ետ քաշվեց ու էլ չմոտեցավ Նիկոլային, մեքենայաբար ընկրկեց դեպի դուռը և անշարժ կանգ առավ։
— Ի֊ի՞նչ,— գոռաց Պորֆիրի Պետրովիչը՝ սթափվելով վայրկենական անզգայացումից։
— Ես եմ... մարդասպանը․․․— փոքր֊ինչ լռելուց հետո կրկնեց Նիկոլայը։
— Ինչպե՜ս․․․ դո՞ւ․․․ Ո՞ւմ ես սպանել։
Պորֆիրի Պետրովիչը ըստ երևույթին կորցրել էր գլուխը։
Նիկոլայը դարձյալ մի քիչ լռեց։
— Ալյոնա Իվանովնային և նրա քռւյր Լիզավետային ես եմ սպանել․․․ կացնով։ Ցնորված էի․․․— հանկարծ ավելացրեց Նիկոլայը ու էլի լռեց։ Նա դեռ ծունկ էր չոքած։
Պորֆիրի Պետրովիչը մի քանի ակնթարթ կանգնել էր մտազբաղ, սակայն հանկարծ վերստին սթափվեց ու ձեռքը թափ տվեց անկոչ վկաների վրա։ Նրանք վայրկենապեա չքացան, և դուռը ծածկվեց։ Հետո Պորֆիրին հայացքը ուղղեց անկյունում կանգնած Ռասկոլնիկովին, որը ապշած նայում էր Նիկոլային, ու քայլեց նրա կողմը, սակայն հանկարծ կանգ առավ, նայեց նրան, հետո Նիկոլային, հետո էլի Ռասկոլնիկովին, հետո էլի Նիկոլային, ու հանկարծ ինչ֊որ մտքով տարված, կրկին նետվեց վերջինիս վրա։
— Դու ի՞նչ ես քո ցնորվածությամբ առաջ վազում, հը՞,— համարյա կատաղած բղավեց նա։— Ես քեզ դեռ չեմ հարցրել՝ ցնորված էիր, թե ոչ... ասա, դո՞ւ ես սպանել։
— Ես եմ սպանել․․․ ցուցմունք եմ տալիս...— ասաց Նիկոլայը։
— Հը՛մ։ Ինչո՞վ էիր սպանել։
— Կացնով։ Ճարել էի։
— Հը՛մ։ Շտապում է։ Մենա՞կ էիր սպանել։
Նիկոլայը չհասկացավ հարցը։
— Մենա՞կ էիր սպանել։
— Մենակ։ Իսկ Միտկան անմեղ է և դրան չի մասնակցել։
— Դե մի շտապիր ու Միտկային մեջտեղ մի բեր։ Հապա ինչպե՞ս, ինչպե՞ս էիր սանդուղքով ներքև փախել։ Դռնապանները ձեզ երկուսիդ էլ հո հանդիպե՞լ էին։
— Ես այդ ժամանակ... աչք խաբելու համար էի վազում Միտկայի հետ,— կարծես հապճեպելով և նախապե* պատրաստված լինելով, պատասխանեց Նիկոլայը։
— Հը՛մ, այդպես է որ կա,— ցասկոտ գոչեց Պորֆիրին,— ուրիշի խոսքերն է ասում,— քթի տակ մրթմրթաց նա, ու հանկարծ նորից տեսավ Ռասկոլնիկովին։
Ըստ երևույթին նա այնքան էր տարվել Նիկոլայով, որ մի ակնթարթ նույնիսկ մոռացել էր Ռասկոլնիկովին։ Այժմ նա հանկարծ ուշքի եկավ, նույնիսկ շփոթվեց...
— Ռոդիոն Ռոմանովիչ, պատվելիս, ներեցեք,— դիմեց նա Ռասկոլնիկովին,— բանը ուրիշ տեսակ եղավ, շնորհ արեք... դուք այստեղ անելիք չունեք... Ես ինքս էլ եմ ապշել... տեսնում եք, էլի, թե ինչպիսի սյուրպրիզներ են լինում․․․ Շնորհ արեք...
Ու վերցնելով Ռասկոլնիկովի թևը, նրան ցույց տվեց դուռը։
— Երևի դուք այդ չէի՞ք սպասում,— ասաց Ռասկոլնիկովը՝ իհարկե, դեռ ոչ մի բան պարզ չհասկանալով, բայց արդեն բավական քաջալերված։
— Դուք էլ չէիք սպասում, պատվելիս։ Տես թե ոնց է ձեռքը դողում, քա՛հ֊քա՛հ։
— Դուք էլ եք դողում, Պորֆիրի Պետրովիչ։
— Ես էլ եմ դողում, այսպիսի բան չէի սպասում...
Նրանք արդեն դռան շեմին էին։ Պորֆիրին անհամբերությամ սպասում էր, որ Ռասկոլնիկովը գնա։
— Իսկ սյուրպրիզը այնպես էլ ցույց չե՞ք տալու,— հանկարծ հարցրեց Ռասկոլնիկովը։
— Խոսում է, իսկ դողալուց չխկչխկում են ատամները, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Մասխարա մարդ եք, էլի։ Դեհ, ցտեսություն...
— Ըստ իս՝ ''մնաք քարով'':
— Ինչպես որ աստված կամենա, ինչպես որ աստված կամենա,― ծռմռվող ժպիտով ասաց Պորֆիրին։
Անցնելով գրասենյակից, Ռասկոլնիկովը նկատեց, որ շատերը ակնապիշ իրեն նայեցին։ Նախասենյակում, ամբոխի մեջ նա տեսավ ''այն'' տան երկու դռնապաններին, որոնց նա այն ժամանակ, գիշերով կանչում էր թաղապետի մոտ գնալ։ Նրանք կանգնած էին և ինչ֊որ սպասում էին։ Հենց որ Ռասկոլնիկովը դուրս ելավ, հանկարծ իր ետևից լսեց դարձյալ Պորֆիրիի ձայնը։ Շուռ գալով, տեսավ, որ Պորֆիրին հևիհև դեպի իրեն է գալիս։
— Մի խոսք էլ, Ռոդիոն Ռոմանովիչ. տեսնենք այս ամենից ինչ դուրս կգա, բայց և այնպես հարկավոր կլինի ընդունված ձևով մի քիչ հարցաքննել ձեզ... Ուրեմն մենք գեռ կտեսնվենք, այդպես։
Ու Պորֆիրին ժպտալավ կանգ առավ Ռասկոլնիկովի առջև։
— Այդպես,— մի անգամ էլ կրկնեց նա։
Կարելի էր ենթադրել, որ նա ուզում էր էլի ինչ֊որ մի բան ասել, բայց այդ չէր հաջողվում։
— Իսկ դուք, Պորֆիրի Պետրովիչ, ինձ ներեցեք այսօրվա ավել֊պակաս բաների համար... Ես ջղայնացած էի,― ասաց արդեն բոլորովին քաջալերված, փքվելու անզուսպ ցանկությամբ համակված Ռասկոլնիկովը։
― Ոչինչ, ոչինչ,— համարյա ուրախ վրա բերեց Պորֆիրին...— Ես ինքս էլ խոստովանում եմ, խոստովանում եմ, որ խայթող բնավորություն ունեմ։ Ուրեմն մենք կտեսնվենք։ Թե որ աստված տա, շատ, շատ կտեսնվենք...
— Եվ վերջնականապես կճանաչե՞նք միմյանց,— ասաց Ռասկոլնիկովը։
— Վերջնականապես կճանաչենք միմյանց,— կրկնեց Պորֆիրի Պետրովիչը ու կկոցելով աչքերը, շատ լուրջ նայեց նրան։— հիմա գնում եք անվանակոչությա՞ն։
— Թաղման։
— Հա՛, թաղման։ Պահպանեցեք ձեր առողջությունը, պահպանեցեք...
— Ես չգիտեմ էլ, թե իմ կողմից ինչ ցանկանամ ձեզ,— ասաց Ռասկոլնիկովը, որ արդեն սկսել էր իջնել սանդուղքից, բայց հանկարծ նորից դարձավ դեպի Պորֆիրին,— կցանկանայի մեծ հաջողություններ, հա՛, տեսնո՞ւմ եք, թե որչափ զավեշտական է ձեր պաշտոնը։
— Ինչո՞ւ է զավեշտական,— իսկույն ականջները սրբեց Պորֆիրի Պետրովիչը, որ նույնպես շուռ էր եկել վերադառնալու իր տեղը։
— Հապա ինչպես, ահա այդ խեղճ Նիկոլային դուք երևի հոգեբանորեն, ձեր ուզած ձևով նեղել ու տանջել եք, մինչև որ նա խոստովանեց իր մեղքը, երևի գիշեր֊ցերեկ ասում էիք նրան՝ «դու մարդասպան ես, դու մարդասպան ես...»։ Հիմա էլ, երբ նա խոստովանել է, դուք էլի կսկսեք գզել նրա ոսկորները, կասեք՝ «Ստում ես, մարդասպանը դու չես, դու չես կարող այդպիսին լինել, դու ուրիշի խոսքերն ես ասում»։ Այդ բոլորից հետո էլ ինչպե՞ս զավեշտական չէ ձեր պաշտոնը։
— Քա՛հ-քա՛հ֊քա՛հ, նկատեցիք, հա՞, որ ես Նիկոլային ասացի, թե «ուրիշի խոսքերն է ասում»։
— Ի՞նչպես չնկատես։
— Քա՛հ-քա՛հ, սրամիտ եք, սրամիտ։ Ամեն ինչ էլ նկատում եք։ Իսկական աշխույժ միտք։ Հենց զավեշտական կողմն եք բռնացնում, քա՛հ֊քա՛հ։ Ասում են, թե գրողներից Գոգոլը վերին աստիճանի օժտված է եղել նման հատկությամբ։
— Այո, Գոգոլը։
— Այո՛, այո՛, Գոգոլը... Դեհ, մինչև ամենահաճելի տեսություն։
— Մինչև ամենահաճելի տեսություն...
Ռասկոլնիկովը ուղղակի տուն գնաց։ Նա այնքան էր մոլորվել ու շփոթվել, որ գալով տուն և ընկնելով բազմոցին, քառորդ ժամի չափ նստեց հենց միայն հանգիստ առնելու համար, աշխատելով գոնե մի փոքր կարգավորել իր մտքերը։ Նիկոլայի մասին նա չէր էլ փորձում դատողություններ անել, զգում էր, որ ապշած էր, որ Նիկոլա յի խոստովանության մեջ կա մի ինչ֊որ անբացատրելի, զարմանալի բան, որը հիմա ինքը ոչ մի կերպ չի հասկանա։ Բայց Նիկոլայի խոստովանությունը իրական փաստ էր։ Այդ փաստի հետևանքները նրա համար իսկույն պարզ դարձան. կեղծիքը չէր կարող չբացահայտվել, ու այնուհետև դարձյալ իրեն են կպչելու։ Բայց գոնե մինչ այդ ինքը ազատ է և պետք է անպայման իր համար որևէ բան անի, որովհետև վտանգը անխուսափելի է։
Բայց ի՞նչ չափով։ Վիճակը սկսում էր պարզվել։ ''Մոտավոոսպես'', ընդհանուր առմամբ վերհիշելով իր ամբողջ խոսակցությունը Պորֆիրիի հետ, նա չէր կարող նորից չցնցվել սարսափից։ Իհարկե, նա դեռ չգիտեր Պորֆիրիի բոլոր նպատակները, չէր կարողանում ըմբռնել նրա բոլոր հաշիվները։ Բայց խաղի մի մասը բացահայտված էր, և, իհարկե, ոչ ոք չէր կարող նրանից ավելի լավ հասկանալ, թե իր համար որքան սարսափելի էր այդ «խաղաքայլը» Պորֆիրիի խաղում։ Քիչ էր մնացել, որ ինքը բոլորովին, արդեն փաստապես մատներ իրեն։ Գիտենալով իր՝ Ռասկոլնիկովի բնավորության հիվանդությունը ու առաջին հայացքից ճիշտ հասկանալով ու խորամուխ լինելով նրանում, Պորֆիրին ոչ միայն խիստ վճռականորեն, այլև գրեթե անվրեպ էր գործում։ Անվիճելի է, որ Ռասկոլնիկովը այդ տեսակցության ժամանակ շատ վարկաբեկեց իրեն, բայց և այնպես բանը չհասավ ''փաստերին'', այդ ամենը դեռ անորոշ էր։ Սակայն արդյո՞ք ինքը այժմ այդ ամենը ճիշտ է ըմբռնում, արդյոք չի՞ սխալվում։ Պորֆիրին այսօր ի՞նչ հետևանքի էր ուզում հասնել։ Արդյո՞ք նա այսօր իսկապես ինչ֊որ բան էր նախապատրաստել։ Հատկապես ի՞նչ։ Արդյո՞ք նա իսկապես ինչ֊որ բան էր սպասում, թե՞ ոչ։ Այսօր իրենք ինչպե՞ս կբաժանվեին, եթե Նիկոլայի միջոցով վրա չհասներ անակնկալ կատաստրոֆան։
Պորֆիրին ցույց տվեց համարյա իր ամբողջ խաղը, իհարկե, ռիսկ արեց, բայց ցույց տվեց, ու եթե նա իրոք ուրիշ որևէ բան գիտենար, այդ էլ ցույց կտար (Ռասկոլնիկովին այդպես էր թվում)։ Ի՞նչ է այդ «սյուրպրիզը»։ Ծա՞ղբ է, թե՞ ինչ։ Դա որևէ նշանակություն ունե՞ր, թե ոչ։ Արդյոք դրա տակ կարո՞ղ էր թաքնված լինել հիմնավորված մեղադրանքի, փաստի նմանվող որևէ բան։ Երեկվա մա՞րդը։ Նա ո՞ւր կորավ։ Այսօր որտե՞ղ էր նա։ Եթե Պորֆիրին որևէ հիմնավորված բան գիտենա, ապա, իհարկե, դա երեկվա մարդու հետ է կապված...
Ռասկոլնիկովը նստել էր բազմոցին, գլուխը կախած, արմունկները ծնկներին դրած և դեմքը ձեռքերով ծածկած։ Ամբողջ մարմնով մեկ դեռ շարունակվում էր նյարդային դողը։ Վերջապես, նա վեր կացավ, վերցրեց գլխարկը, մի փոքր մտածեց ու քայլեց դեպի դուռը։
Նա նախազգում էր, որ գոնե այդ օրը իրեն կարող է միանգամայն ապահով, վտանգից զերծ համարել։ Հանկարծ սրտում համարյա ուրախություն զգաց. ուզեց շուտ գնալ Կատերինա Իվանովնայի մոտ։ Թաղմանը, իհարկե, ուշացել էր, բայց հոգեհացին կհասնի և այնտեղ հիմա կտեսնի Սոնյային։
Նա կանգ առավ, մի փոքր մտածեց, ու շուրթերին հիվանդագին ժպիտ երևաց։
— Այսօր, այսօր,— կրկնեց նա մտքում,— այո, հենց այսօր. այդպես էլ պետք է չինի...
Հենց նոր էր ուզում բանալ գուռը, երբ դա ինքը բացվեց։ Նա ցնցվեց և ընկրկեց։ Դուռը բացվեց դանդաղ ու կամացուկ, ու հանկարծ երևաց երեկվա մարդու կերպարանքը, ասես ''գետնի տակից դուրս եկավ''։
Մարդը կանգ առավ շեմքում, լուռ նայեց Ռասկոլնիկովին ու դեպի ներս մի քայլ արեց։ Նա ճիշտ այնպիսին էր, ինչպես երեկ, նույն կերպարանքն էր, նույն հագուստը, բայց դեմքն ու նայվածքը խիստ փոխված էին, նա այժմ նայում էր մի տեսակ վշտալի, ու մի քիչ կանգնելով, խոր շունչ առավ։ Նա բոլորովին կնոջ կնմանվեր, եթե գլուխը կողքի թեքեր ու ձեռքը դներ թեքված այտին։
— Ի՞նչ եք ուզում,— հարցրեք սարսափահար Ռասկոլնիկովը։
Մարդը մի քիչ չուռ մնաց և հանկարծ խոր, համարյա մինչև գետին գլուխ տվեց նրան։ Գոնե աջ ձեռքի մի մատը դիպավ հատակին։
— Ի՞նչ կա,— բղավեց Ռասկոլնիկովը։
— Մեղավոր եմ,— կամացուկ ասաց մարդը։
— Ինչի՞ համար։
— Չար մտքերիս համար։
Երկուսն էլ իրար նայեցին։
— Ցավալի բան եղավ։ Երբ դուք այն ժամանակ բարեհաճեցիք գալ, գուցե խմած, ու դռնապաններին կանչեցիք թաղամաս և արյան մասին հարցրիք, ես նեղացա, որ հետո դրանից ձեռ քաշեցին ու ձեզ հարբած համարեցին։ Այնպես նեղացա, որ քնից էլ զրկվեցի։ Հիշելով հասցեն, մենք երեկ այստեղ եկանք ու հարցրինք․․․
— Ովքե՞ր եկան,— ընդհատեց Ռասկոլնիկովը՝ վայրկենապես սկսելով վերհիշել այդ ամենը։
— Ես, այսինքն, ձեզ վիրավորեցի։
— Ուրեմն դուք այն տանի՞ց եք։
— Ես հենց այնտեղ, դարպասի մոտ կանգնած էի նրանց հետ, չե՞ք հիշում։ Մենք այնտեղ վաղուց մեր արհեստն ունենք։ Մուշտակագործներ ենք, տեղացիներ, աշխատանք ենք վերցնում տանը կատարելու... Շատ ցավալի բան եղավ․․․
Ու Ռասկոլնիկովը հանկարծ պարզ վերհիշեց երկու օր առաջ դարպասի մոտ եղած ամբողջ տեսարանը, նա գլխի ընկավ, որ այն ժամանակ բացի դռնապաններից, այնտեղ էլի մի քանի մարդիկ էին կանգնած, կային նաև կանայք։ Նա հիշեց, որ մեկը առաջարկում էր իրեն, Ռաոկոլնիկովին, տանել ուղղակի թաղամաս։ Նա չէր կարողանում հիշել խոսողի դեմքը ու հիմա էլ չէր ճանաչի, բայց չէր մոռացել, որ ինքը նրան ինչ֊որ պատասխան էր տվել, շուռ եկել նրա կողմը...
Ուրեմն ահա թե ինչով վերջացավ երեկվա այդ ամբողջ սարսափը։ Ամենից զարհուրելին այն միտքն էր, որ իրոք, քիչ էր մնում ինքը կորչեր, կործանվեր այդպիսի չնչին հանգամանքի պատճառով։ Ուրեմն բացի բնակարան վարձելու և արյան վերաբերյալ խոսքերից, այդ մարդը ուրիշ ոչինչ չի կարող պատմել։ Ուրեմն Պորֆիրին էլ ոչ մի տվյալ չունի, բացի այդ ''զառանցանքից'', ոչ մի փաստ չունի, բացի այդ ''հոգեբանությունից'', որը ''կասկածելի'' է, ոչ մի հիմնավորված բան։ Ուրեմն եթե այլևս ուրիշ փաստեր մեջտեղ չգան (իսկ դրանք չպետք է հայտնվեն, չպետք է հայտնվեն), ապա... ինքը էլ ինչի՞ց պիտի վախենա։ Ինչո՞վ կարող են վերջնականապես իրեն մերկացնել, թեկուզև ձերբակալեն։ Եվ ուրեմն Պորֆիրին միայն հիմա, միայն այսօր է իմացել բնակարանի մասին, իսկ մինչև այժմ չգիտեր։
— Այդ դո՞ւք եք այսօր Պորֆիրիին ասել... որ ես այնտեղ էի եկել,— գոչեց նա՝ այդ հանկարծակի մտքից ապշած։
— Ո՞ր Պորֆիրիին։
— Քննչական գործերի պրիստավին։
— Ես եմ ասել։ Դռնապանները այն ժամանակ չգնացին, ու ես գնացի։
— Այսօ՞ր։
— Եղա ձեզանից մի րոպե առաջ։ Ու ամեն ինչ լսեցի, իմացա, թե նա ինչպես էր ձեզ չարչարում։
— Որտե՞ղ, ի՞նչ, ե՞րբ։
— Հենց այնտեղ, նրա մոտ, շարունակ նստած էի միջնորմի ետևում։
— Ինչպե՜ս,— ուրեմն դո՞ւք էիք սյուրպրիզը։ Այդ ինչպե՞ս կարող էր պատահել, ա՛յ քեզ բան։
— Տեսնելով, որ դռնապանները չեն ուզում թաղապետի մոտ գնալ,— ասաց եկվորը,— որովհետև, ասում են, արդեն ուշ է, թաղապետը կարող է բարկանալ, որ անհարմար ժամանակ ենք գնացել, ես նեղացա, քնից էլ զրկվեցի, հետո էլ իմացա տեղը։ Ու երեկ իմանալով, այսօր գնացի։ Առաջին անգամ գնացի, բայց նա չկար։ Մի ժամ հետո գնացի, չընդունեցին։ Երրորդ անգամ որ գնացի, ներս թողին։ Սկսեցի նրան զեկուցել բոլորը, ինչ որ եղել էր, ու նա սկսեց սենյակով մեկ ֆռռալ, բռունցքը խփել կրծքին․ «Այդ ինչպե՞ս եք վարվում ինձ հետ, ավազակներ,— ասում է նա,— թե ես իմանայի, որ բանը այդպես է, կպահանջեի, որ նրան բռնեն ու բերեն»։ Հետո դուրս վազեց, կանչեց ինչ-որ մեկին ու սկսեց անկյունում խոսել նրա հետ, հետո էլ դարձավ ինձ, սկսեց հարցուփորձ անել, նախատել։ Ու շատ կշտամբեց. ես նրան ամեն բան զեկուցեցի ու ասացի, որ երեկվա իմ խոսքերին դուք ոչինչ չէիք պատասխանել և ինձ չեք ճանաչել։ Նա էլի սկսեց ֆռռալ, բռունցքը խփել կրծքին, բարկանալ, ետ ու առաջ վազել, ու երբ զեկուցեցին ձեր մասին, ինձ ասաց՝ անցիր միջնորմի ետևը, նստիր առայժմ, մի շարժվիր, ինչ էլ որ լսես, ու ինքն էլ ինձ համար աթոռ բերեց, դուռը փակեց, ասում է՝ գուցե ես քեզ էլի հարցուփորձ անեմ։ Ու հենց որ բերին Նիկոլային, ձեզնից հետո նա ինձ դուրս արեց. ասաց՝ ես քեզ էլի կկանչեմ ու էլի կհարցաքննեմ․․․
— Նիկոլային քո ներկայությա՞մբ հարցաքննեց։
— Հենց որ ձեզ ճամփեց, իսկույն ինձ էլ ազատ թողեց ու սկսեց հարցաքննել Նիկոլային։
Եկվորը լռեց ու հանկարծ էլի գլուխ տվեց՝ մատը դիպցնելով հատակին։
— Ներեցեք զրպարտությանս և չարությանս համար։
— Թոզ աստված ների,— պատասխանեց Ռասկոլնիկովը, և հենց որ այդ ասաց, եկվորը էլի գլուխ տվեց նրան, բայց կռացավ արդեն ոչ թե մինչև հատակը, այլ մինչև գոտկատեղը, դանդաղ շուռ եկավ ու սենյակից դուրս ելավ։ «Ամեն ինչ կասկածելի է, հիմա ամեն ինչ կասկածելի է», կրկնեց Ռասկոլնիկովը և ավելի քան երբեք, զվարթ դուրս ելավ սենյակից։
— Հիմա մենք դեռ կպայքարենք,— ցասկոտ քմծիծաղով ասաց նա՝ իջնելով սանդուղքից։ Ցասումը հենց իրեն էր վերաբերում, նա արհամարհանքով և ամաչելով էը վերհիշում իր «փոքրոգությունը»։
----
<references/>