Changes

Ապուշը

Ավելացվել է 49 173 բայտ, 13:31, 23 Փետրվարի 2016
/* I */
=== I ===
 
Նաստասյա Ֆիլիպովնայի երեկույթին տեղի ունեցած տարօրինակ արկածից երկու օր անց, որով մենք ավարտեցինք մեր պատմության առաջին մասը, իշխան Միշկինն աճապարեց Մոսկվա մեկնել, իր անսպասելի ժառանգությունն ստանալու գործով։ Այն ժամանակ ասում էին, որ այդպես հապճեպ մեկնելու համար կարող էին և այլ պատճառներ լինել։ Բայց այդ մասին, ինչպես և իշխանի մոսկովյան արկածների և առհասարակ Պետերբուրգից նրա բացակա եղած ամբողջ ժամանակամիջոցի մասին մենք բավական քիչ տեղեկություններ կարող ենք հայտնել։ Իշխանը բացակա էր ուղիղ վեց ամիս, և նույնիսկ նրանք, ովքեր նրա ճակատագրով հետաքրքրվելու որոշ պատճառներ ունեին, այդ ամբողջ ժամանակի ընթացքում նրա մասին չափազանց քիչ բան կարող էին իմանալ։ Ճիշտ է, ոմանց, թեպետև խիստ հազվադեպ, որոշ լուրեր էին հասնում, բայց նույնպես մեծ մասամբ տարօրինակ և միշտ հակասական լուրեր։ Իհարկե, իշխանով ամենից շատ հետաքրքրվում էին Եպանչինների տանը, որոնց, մեկնելիս, իշխանը նույնիսկ ժամանակ չունեցավ հրաժեշտ տալու։ Ասենք, գեներալն այն ժամանակ տեսնվեց նրա հետ, նույնիսկ երկու֊երեք անգամ, նրանք ինչ֊որ բանի մասին լրջորեն խոսում էին։ Բայց եթե Եպանչինն ինքը տեսնվում էր, ապա այդ մասին չհայտնեց իր ընտանիքին։ Եվ առհասարակ սկզբներում, այսինքն՝ իշխանի մեկնելուց հետո համարյա մի ամբողջ ամիս, Եպանչինների տանն ընդունված չէր նրա մասին խոսելը։ Միայն գեներալի կինը՝ Լիզավետա Պրոկոֆևնան, ամենասկզբում այն միտքը հայտնեց, որ «ինքը չարաչար սխալված է իշխանի նկատմամբ»։ Հետո երկու թե երեք օր անց ավելացրեց, բայց արդեն առանց իշխանի անունը տալու, այլ անորոշ, որ «իր կյանքի ամենագլխավոր գիծը մարդկանց նկատմամբ անընդհատ սխալվելն է եղել»։ Եվ, վերջապես, արդեն մի տասը օր անց, աղջիկներից ինչ-որ բանի համար նեղացած, իբրև խրատաբանություն եզրափակեց, որ «բավական են սխալները։ Դրանք այլևս չեն լինի»։ Ընգսմին չի կարելի չնշել, որ նրանց տանը բավական երկար ժամանակ տիրում էր ինչ-որ տհաճ տրամադրություն։ Ինչ-որ ծանր, լարված, թերասած, կովային բան կար. բոլորը խոժոռվում էին։ Գեներալը գիշեր-ցերեկ զբաղված էր, հոգ էր տանում գործերի մասին, հազվադեպ էին սրան տեսել ավելի զբաղված ու գործունյա, առանձնապես իր պաշտոնական գործերով։ Տնեցիները հազիվ էին կարողանում նրա երեսը տեսնել։ Ինչ վերաբերում է Եպանչինա օրիորդներին, ապա, իհարկե, նրանք բարձրաձայն բոլորովին չէին արտահայտվել։ Գուցե իրար մեջ մենակ եղած ժամանակ էլ շատ քիչ բան էր ասվել։ Դրանք հպարտ, մեծամիտ աղջիկներ էին և նույնիսկ երբեմն միմյանցից ամաչում էին, բայց և իրար հասկանում էին ոչ միայն առաջին խոսքից, այլ նույնիսկ առաջին հայացքից, այնպես որ երբեմն հարկավոր էլ չէր շատ խոսել։
 
Մի բան միայն կարող էր եզրակացնել կողմնակի դիտողը, եթե այդպիսի մեկը պատահեր, որ, դատելով բոլոր վերև ասված, թեև փոքրաթիվ տվյալներից, իշխանը, այնուամենայնիվ, կարողացել էր Եպանչինների տանը առանձնահատուկ տպավորություն գործել, թեև այնտեղ եղել էր ընդամենը մեկ անգամ, այն էլ հարևանցի։ Կարող է պատահել, դա հասարակ հետաքրքրասիրության տպավորություն էր, որ բացատրվում էր իշխանի որոշ օտարոտի արկածներով։ Ինչ էլ որ լիներ, բայց տպավորություն թողել էր։
 
Կամաց-կամաց քաղաքում տարածված լուրերն էլ ծածկվեցին անհայտության խավարով։ Ճիշտ է, պատմվում էր ինչ-որ աննշան իշխանի ու ապուշի մասին (ոչ ոք չէր կարող հաստատ ասել անունը), որը հանկարծ հսկայական ժառանգություն է ստացել և ամուսնացել մի եկվոր ֆրանսուհու, Փարիզի Շատո֊դե֊ֆլյորի հայտնի կանկաներուհու հետ։ Բայց ուրիշներն էլ ասում էին, որ ժառանգություն ստացել է ինչ֊որ գեներալ, իսկ եկվոր ֆրանսուհու և հայտնի կանկաներուհու հետ ամուսնացել է մի ռուս վաճառական ու անհաշիվ հարուստ, և իր հարսանիքին, լոկ սնապարծությունից, հարբած վիճակում, մոմի վրա այրել է վերջին վիճակախաղի փոխառության ուղիղ յոթ հարյուր հազարի տոմս։ Բայց այդ բոլոր լուրերը շատ շուտով լռեցին, որին շատ նպաստեցին հանգամանքները։ Օրինակ, Ռոգոժինի ամբողջ խումբը, որից շատերը կարող էին որոշ բան պատմել, հենց Ռոգոժինի գլխավորությամբ, ամբողջ հոծ զանգվածով մեկնել էր Մոսկվա, Եկատերինհոֆի կայարանում տեղի ունեցած սարսափելի ցոփ կերուխումից համարյա ուղիղ մի շաբաթ հետո, որին ներկա էր նաև Նաստասյա Ֆիլիպովնան։ Մի քանիսին, շատ փոքրաթիվ հետաքրքրվողների, ինչ-որ լուրերից հայտնի էր դարձել, որ Նաստասյա Ֆիլիպովնան Եկատերինհոֆից հետո հենց հաջորդ օրը փախել է, անհետացել, և որ իբրև թե հետքը գտել են, վերջապես, որ նա Մոսկվա է մեկնել, այնպես որ Ռոգոժինի Մոսկվա մեկնելու մեջ էլ սկսեցին զուգադիպություն գտնել այդ լուրի հետ։
 
Սկսեցին լուրեր պտտվել նաև Գավրիլա Արդալիոնովիչ Իվոլգինի վերաբերյալ, որը նույնպես իր միջավայրում բավական հայտնի էր։ Բայց նրան էլ պատահեց մի հանգամանք, որ արագ սառեցրեց, իսկ հետագայում բոլորովին ոչնչացրեց նրա վերաբերյալ բոլոր անբարյացակամ պատմությունները, նա շատ ծանր հիվանդացավ և չէր կարող հայտնվել ոչ միայն ոչ մի տեղ հասարակության մեջ, այլև պաշտոնատեղում։ Մի ամիս տևող հիվանդությունից հետո նա առողջացավ, բայց չգիտես ինչու ակցիոներական ընկերությունում գրաված պաշտոնից բոլորովին հրաժարվեց, և նրա տեղը գրավեց մեկ ուրիշը։ Գեներալ Եպանչինի տանը նա նույնպես չէր հայտնվում ոչ մի անգամ, այնպես որ գեներալի տուն էլ սկսեց գալ մի ուրիշ աստիճանավոր։ Գավրիլա Արդալիոնովիչի թշնամիները կարող էին ենթադրել, որ նա իրեն պատահածից այն աստիճան անհարմար դրության մեջ է ընկած, որ ամաչում է նույնիսկ փողոց դուրս գալուց. բայց նա իրոք տկար էր. նույնիսկ սևամաղձության վիճակի էր հասել, մտածմունքի մեջ էր ընկնում, ջղայնանում էր։ Վարվառա Արդալիոնովնան հենց նույն ձմեռն ամուսնացավ Պտիցինի հետ. բոլոր նրանց ճանաչողները այդ ամուսնությունը ուղղակի վերագրեցին այն հանգամանքին, որ Գանյան չէր ուզում վերադառնալ իր զբաղմունքին և ոչ միայն դադարեց ընտանիքը պահելուց, այլ նույնիսկ ինքն սկսեց օգնության և համարյա խնամքի կարիք զգալ։
 
Փակագծերի մեջ նշենք, որ Եպանչինների տանը Գավրիլա Արդալիոնովիչի մասին երբեք նույնիսկ չէր էլ հիշատակվում, կարծես ոչ միայն իրենց տանը, այլ նույնիսկ աշխարհի երեսին այդպիսի մարդ չէր եղել։ Մինչդեռ նրա մասին բոլորը իմացան (և նույնիսկ շատ շուտով) մի շատ նշանակալից հանգամանք, այն է՝ նրա համար հենց այն ճակատագրական գիշերը, Նաստասյա Ֆիլիպովնայի տանը պատահած տհաճ արկածից հետո, Գանյան, տուն վերադառնալով, չպառկեց քնելու, այլ տենդոտ անհամբերությամբ սկսեց սպասել իշխանի վերադարձին։ Իշխանը, որ գնացել էր Եկատերինհոֆ, այնտեղից վերադարձավ առավոտյան ժամը վեցին մոտ։ Այն ժամանակ Գանյան մտավ նրա սենյակը և նրա առաջ սեղանին դրեց փողի խանձված փաթեթը, որ նրան նվիրել էր Նաստասյա Ֆիլիպովնան, երբ ինքը ընկած էր ուշագնաց։ Նա համառորեն խնդրում էր իշխանին, որ նա առաջին իսկ հնարավորության դեպքում այդ նվերը վերադարձնի Նաստասյա Ֆիլիպովնային։ Իշխանի մոտ մտնելիս Գանյան տրամադրված էր թշնամաբար և գրեթե հուսահատ. բայց իբր թե նրա ու իշխանի մեջ ինչ-որ մի քանի խոսք էր ասվել, որից հետո Գանյան նրա մոտ նստել էր մի երկու ժամ և ամբողջ ժամանակ դառնագին հեկեկացել։ Բաժանվել էին երկուսն էլ բարեկամական հարաբերությունների մեջ։
 
Բոլոր Եպանչիններին հասած այս լուրը, ինչպես հետագայում հաստատվեց, միանգամայն ճշգրիտ էր։ Իհարկե, տարօրինակ է, որ այդ կարգի լուրերը կարող էին այդպես արագ հասնել և իմացվել, օրինակ, Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ ամբողջ տեղի ունեցածը Եպանչինների տանը հայտնի դարձավ գրեթե հաջորդ իսկ օրը և նույնիսկ բավական ճշգրիտ մանրամասնություններով։ Իսկ Գավրիլա Արդալիոնովիչի մասին եղած լուրերի առթիվ կարելի էր ենթադրել, որ նրանք Եպանչինների ականջին է հասցրել Վարվառա Արդալիոնովնան, որը հանկարծ ինչ֊որ ձևով հայտնվել է Եպանչինա օրիորդների մոտ և նույնիսկ շուտով խիստ մտերմացել է նրանց հետ, մի բան, որ չափազանց զարմացնում էր Լիզավետա Պրոկոֆևնային։ Սակայն Վարվառա Արդալիոնովնան, թեև չգիտես ինչու հարկ էր համարել խիստ մերձենալ Եպանչինաներին, իր եղբոր մասին հավանաբար չէր խոսի նրանց հետ։ Նա ևս բավական հպարտ կին էր, թեև յուրովի, չնայած նրան, որ մտերմություն էր հաստատել այնտեղ, որտեղից գրեթե վռնդել էին իր եղբորը։ Դրանից առաջ թեև նա ծանոթ էր Եպանչինա օրիորդների հետ, բայց նրանք հազվաղեպ էին տեսնվում։ Ի դեպ, հյուրասենյակում նա հիմա էլ համարյա չէր երևում և մտնում էր, ասես հարևանցի, հետևի անդաստակից։ Լիզավետա Պրոկոֆևնան երբեք բարեհաճ չէր նրա նկատմամբ, ոչ առաջ, ոչ հիմա, չնայած շատ էր հարգում Նինա Ալեքսանդրովնային՝ Վարվառա Արդալիոնովնայի մայրիկին։ Նա զարմանում էր, բարկանում, ծանոթությունը Վարյայի հետ վերագրում էր իր աղջիկների քմահաճույքին ու իշխելասիրությանը, որոնք «արդեն չդիտեն ինչ հնարեն, որ իրեն հակառակ բան արած լինեն», իսկ Վարվառա Արդալիոնովնան, համենայն դեպս, շարունակում էր նրանց մոտ գալ իր ամուսնությունից առաջ և հետո։
 
Բայց իշխանի մեկնելուց հետո անցավ մոտ մի ամիս, և տիկին Եպանչինան մի նամակ ստացավ իշխանուհի Բելոկոնսկայայից, որը դրանից մի երկու շաբաթ առաջ գնացել էր Մոսկվա՝ իր ամուսնացած ավագ աղջկա մոտ, և այդ նամակը նրա վրա նկատելի ազդեցություն գործեց։ Թեև նա այդ նամակից ոչինչ չհայտնեց ոչ աղջիկներին, ոչ Իվան Ֆյոդորովիչին, բայց շատ նշաններից ընտանիքում նկատելի դարձավ, որ նա ինչ֊որ առանձնահատուկ ձևով գրգռված, նույնիսկ հուզված է։ Սկսեց շատ տարօրինակ ձևով խոսել աղջիկների հետ և շարունակ այնպիսի՜ արտասովոր բաների մասին։ Ըստ երևույթին, նա ուզում էր արտահայտվել, բայց չգիտես ինչու ինքն իրեն զսպում էր։ Նամակն ստացած օրը նա բոլորին գուրգուրեց, նույնիսկ համբուրեց Ագլայային ու Ադելաիդային, ինչ-որ բանի համար զղջաց նրանց առաջ, բայց թե ինչի՝ աղջիկները չկարողացան հասկանալ։ Նույնիսկ դեպի Իվան Ֆյոդորովիչը, որին ամբողջ ամիսը պահել էր շնորհազուրկ վիճակում, հանկարծ ներողամիտ դարձավ։ Հասկանալի է, հենց հաջորդ օրը նա սաստիկ բարկացավ իր երեկվա փափկասրտության համար և դեռ մինչև ճաշ հասցրեց բոլորի հետ կռվել, բայց երեկոյան կողմ հորիզոնը նորից պարզվեց։ Առհասարակ ամբողջ շաբաթը նա շարունակում էր բավականին պայծառ տրամադրության մեջ լինել, որ արդեն վաղուց չէր եղել։
 
Բայց ևս մի շաբաթ հետո Բելոկոնսկայայից մի նամակ էլ ստացվեց, և այս անգամ արդեն Լիզավետա Պրոկոֆևնան վճռեց արտահայտվել։ Նա հանդիսավոր կերպով հայտարարեց, որ «պառավ Բելոկոնսկայան» (նա երբեք այլ կերպ չէր կոչում իշխանուհուն՝ նրա մասին հեռակա խոսելիս) նրան չափազանց մխիթարական լուրեր է հաղորդում այդ... «խենթուկի, դե, ահա, իշխանի մասին»։ Պառավը Մոսկվայում որոնել գտել է նրան, տեղեկացել է նրա մասին, իմացել է մի շատ լավ բան, վերջապես իշխանն ինքը ներկայացել է նրան և իշխանուհու վրա գրեթե արտակարգ տպավորություն է գործել։ «Դա նրանից է երևում, որ իշխանուհին հրավիրել է նրան ամեն օր առավոտները այցելել իրեն ժամը մեկից մինչև երկուսը, և իշխանը ամեն օր քարշ է գալիս նրա մոտ և մինչև հիմա չի ձանձրացրել»,— եզրակացրեց գեներալի կինը, դրան ավելացնելով, որ «պառավի» միջոցով իշխանին սկսել են ընդունել երկու֊երեք լավ տներում։ «Այդ լավ է, որ նստկանի պես տանը չի նստում ու չի ամաչում հիմարի պես»։ Աղջիկները, որոնց հայտնված էր այդ ամենը, իսկույն նկատեցին, որ մայրիկը իր նամակից կարծես շատ բան թաքցրեց իրենցից։ Թերևս նրանք դա իմացան Վարվառա Արդալիոնովնայի միջոցով, որը կարող էր գիտենալ և, իհարկե, գիտեր այն ամենը, ինչ որ Պտիցինը գիտեր իշխանի և նրա Մոսկվայում գտնվելու մասին։ Իսկ Պտիցինին կարող էր հայտնի լինել նույնիսկ ավելին, քան բոլորին։ Բայց նա գործարար տեսակետից չափազանց լռակյաց մարդ էր, թեև հասկանալի է, Վարյային ասում էր։ Գեներալի կինը դրա համար իսկույն և ավելի ևս չսիրեց Վարվառա Արդալիոնովնային։
 
Բայց ինչ էլ լիներ, սառույցը կոտրված էր, և հանկարծ հնարավոր դարձավ իշխանի մասին խոսել բարձրաձայն։ Բացի դրանից մի անգամ էլ պարզ դրսևորվեց այն արտասովոր տպավորությունր և այն արդեն չափից դուրս մեծ հետաքրքրությունը, որը հարուցել և իր մասին թողել էր իշխանը Եպանչինների տանը։ Գեներալի կինը նույնիսկ զարմացավ այն տպավորությունից, որ գործեցին իր աղջիկների վրա Մոսկվայից ստացած լուրերը։ Իսկ աղջիկները նույնպես զարմացան իրենց մայրիկի վրա, որն այնպիսի հանդիսավորությամբ հայտարարեց նրանց, որ «նրա կյանքի ամենագլխավոր գիծը մարդկանց նկատմամբ անընդհատ սխալվելն է», և միևնույն ժամանակ իշխանին հանձնարարեց «մեծահզոր» պառավ Բելոկոնսկայայի ուշադրությանը Մոսկվայում, ըստ որում, իհարկե, հարկ եղավ նրա ուշադրությունը ստանալ ի սեր Քրիստոսի և աստծու թախանձագին խնդրանքով, որովհետև «պառավին» որոշ դեպքերում դժվար էր տեղից շարժել։
 
Բայց հենց որ սառույցը կոտրվեց և նոր քամի փչեց։ գեներալը նույնպես շտապեց արտահայտվել։ Պարզվեց, որ նա էլ անասելի հետաքրքրվում էր։ Ի դեպ, նա հայտնեց լոկ «նյութի գործնական կողմի» մասին։ Պարզվեց, որ նա, իշխանի շահերից ելնելով, ինչ֊որ երկու պարոնների, որոնք յուրովի շատ վստահելի ու ազդեցիկ մարդիկ են Մոսկվայում, հանձնարարել է հետևել իշխանին և առանձնապես նրա ղեկավար Սալազկինին։ Այն ամենը, ինչ ասվում էր ժառանգության մասին, «այսպես ասած ժառանգության փաստի մասին», ճիշտ դուրս եկավ, բայց որ բուն ժառանգությունը այնքան էլ նշանակալի չի, որքան որ սկզբում տարածեցին նրա մասին։ Կարողությունը կիսով չափ խճճված է. հայտնվել էին պարտքեր, հայտնվել էին ինչ֊որ հավակնորդներ, և իշխանն էլ, չնայած բոլոր ղեկավարումներին, իրեն պահում էր ամենաանգործնական ձևով։ «Իհարկե, աստված բարին տա նրան», այժմ, երբ «լռության սառույցը» կոտրված է, գեներալն ուրախ է այդ մասին հայտարարել հոգու «ամբողջ անկեղծությամբ», որովհետև «մարդը մի քիչ _էնիք_ է», բայց արժանի է դրան։ Այնուամենայնիվ այստեղ հիմարություն է արել, օրինակ, հայտնվել են հանգուցյալ վաճառականի պարտատերերը, վիճելի, աննշան փաստաթղթերով, ոմանք էլ իշխանի բնավորության հոտն առնելով, ուղղակի առանց փաստաթղթերի, և ի՞նչ։ Իշխանը գրեթե բոլորին բավարարել է, չնայած բարեկամների բոլոր զեկույցներին այն մասին, որ բոլոր այդ մարդուկներն ու պարտատիրուկները բոլորովին անիրավ են, և լոկ նրա համար է բավարարել, որ իրոք պարզվել է, որ նրանցից մի քանիսը իսկապես տուժել են։
 
Գեներալի կինը դրան պատասխանել է, որ այդ ոգով նրան գրում է նաև Բելոկոնսկայան, և որ դա «հիմարություն է, մեծ հիմարություն. հիմարին բուժել չի լինի»,― չոր֊չոր ավելացրեց նա, բայց նրա դեմքից երևում էր, թե որքան ուրախ էր այդ «հիմարի» արարքներից։ Ի եզրափակումն ամենի, գեներալը նկատեց, որ իր կինը իշխանով հետաքրքըրվում է ինչպես իր հարազատ որդով և որ նա սկսել է Ագլայային չափից ավելի գուրգուրել. այդ տեսնելով, Իվան Ֆյոդորովիչը միաժամանակ չափազանց գործնական տեսք ընդունեց։
 
Բայց դարձյալ այդ հաճելի տրամադրությունը երկար չտևեց։ Անցավ ընդամենը երկու շաբաթ, և հանկարծ նորից ինչ֊որ բան փոխվեց, գեներալի կինը խոժոռվեց, իսկ գեներալը, մի քանի անգամ ուսերը թոթվելով, դարձյալ ենթարկվեց «լռության սառույցին»։ Բանն այն է, որ ընդամենը երկու շաբաթ առաջ նա մի տեղեկություն ստացավ, թեև կարճառոտ, ուստի և ոչ այնքան պարզ, բայց դրա փոխարեն ճիշտ, այն մասին, որ Նաստասյա Ֆիլիպովնան, որ սկզբում կորել էր Մոսկվայում, հետո նրան Մոսկվայում իսկ գտել էր Ռոգոժինը, հետո նորից ուր-որ կորել էր և նորից գտնվել Ռոգոժինի կողմից, վերջապես գրեթե հաստատ խոսք էր տվել նրա հետ ամուսնանալու։ Եվ ահա ընդամենը երկու շաբաթ անց նորին գերազանցությունը հանկարծ լուր է ստանում, որ Նաստասյա Ֆիլիպովնան փախել է երրորդ անգամ, գրեթե պսակադրության արարողությունից, և այս անգամ կորել է ինչ֊որ նահանգում. մինչդեռ Մոսկվայից անհայտացել է նաև իշխան Միշկինը, իր բոլոր գործերը թողնելով Սալազկինի տնօրինությանը, «հայտնի չէ՝ նրա հետ, թե նրա հետևից, բայց այստեղ մի բան կա»,— եզրափակեց գեներալը։ Լիզավետա Պրոկոֆևնան նույնպես և իր կողմից ստացել էր ինչ-որ տհաճ տեղեկութւուններ։ Վերջ ի վերջո իշխանի մեկնելուց երկու ամիս անց Պետերբուրգում համարյա լռեց նրա մասին ամեն մի լուր, իսկ Եպանչինների տանը «լռության սառույցը» այլևս չէր կոտրվում։ Ասենք, Վարվառա Արդալիոնովնան այնուամենայնիվ շարունակում էր այցելել օրիորդներին։
 
Որպեսզի վերջացնենք այս բոլոր լուրերի ու տեղեկությունների պատմությունը, ավելացնենք և այն, որ գարնան կողմ Եպանչինների մոտ շատ հեղաշրջումներ եղան, այնպես որ դժվար էր չմոռանալ իշխանի մասին, որն ինքն էլ տեղեկություն չէր տալիս, կարող է պատահել, որ չէր էլ ուզում տալ։ Ձմեռվա ընթացքում կամաց֊կամաց, վերջապես, վճռեցին ամառն ուղևորվել արտասահման, այսինքն՝ Լիզավետա Պրոկոֆևնան աղջիկների հետ. գեներալին, հասկանալի է, չէր կարելի ժամանակը վատնել «դատարկ զվարճության» վրա։ Վճիռը կայացավ աղջիկների արտակարգ ու համառ պնդումով, որոնք լիովին համոզվել էին, որ իրենց արտասահման տանել չեն ուզում նրա համար, որ ծնողների անընդհատ հոգսն է նրանց ամուսնացնել և նրանց համար փեսացուներ որոներ կարող է պատահել, ծնողներն էլ համոզվեցին, վերջապես, որ փեսացուներ կարող են հանդիպել նաև արտասահմանում, և որ մի ամառվա ուղևորությունը ոչ միայն չի կարող ոչինչ խափանել, այլ, թերևս, դեռ նույնիսկ նկարող է նպաստել»։ Այստեղ տեղին կլինի հիշատակել, որ Աֆանասի Իվանովիչ Տոցկու և ավագ Եպանչինայի նախագծվող ամուսնությունը բոլորովին խափանվեց, և Տոցկու ձևական առաջարկությունը բնավ տեղի չունեցավ։ Դա պատահեց մի տեսակ ինքն իրեն, առանց մեծ խոսակցությունների և առանց որևէ, ընտանեկան պայքարի։ Իշխանի մեկնելուց ի վեր հանկարծ ամեն ինչ լռեց երկու կողմից էլ։ Ահա այս հանգամանքն էլ մասամբ մտավ Եպանչինների ընտանիքում այն ժամանակ տիրող ծանր տրամադրության պատճառների շարքը, թեև գեներալի կինը դեռ այն ժամանակ ասաց, որ ինքն հիմա ուրախ է «երկու ձեռքով երեսը խաչ հանել»։ Գեներալը թեև շնորհազրկված էր և զգում էր, որ մեղավորն ինքն է, բայց և այնպես երկար ժամանակ նեղացած էր. նա ափսոսում էր Աֆանասի Իվանովիչին. «այդպիսի կարողության տեր և այդպիսի ճարպիկ մարդ»։ Շատ չանցած գեներալն իմացավ, որ Աֆանասի Իվանովիչը գերվել է բարձր հասարակությանը պատկանող մի ֆրանսուհով, որ մարկիզուհի և լեգիտիմիստուհի էր, որ ամուսնությունը կկայանա և որ Աֆանասի Իվանովիչին կտանեն Փարիզ, իսկ հետո ուր-որ Բրետան։ «Է՛, ֆրանսուհու հետ կկորչի»,— վճռեց գեներալը։
 
Իսկ Եպանչինները պատրաստվում էին ամառը մեկնել։ Եվ հանկարծ տեղի ունեցավ մի հանգամանք, որը նորից ամեն ինչ խառնեց նոր ձևով և մեկնումը նորից հետաձգվեց ի մեծ ուրախություն գեներալի և գեներալի կնոջ։ Պետերբուրգ շնորհ բերեց մի իշխան, իշխան Շչ֊ն, ի դեպ, հայտնի մարդ, և հայտնի շատ և շատ դրական տեսակետից։ Դա մեկն էր վերքին ժամանակվա այն մարդկանցից, կամ նույնիսկ, կարելի է ասել, գործիչներից, ազնիվ, համեստ, որոնք անկեղծորեն ու գիտակցաբար ցանկանում են օգտակարը. միշտ աշխատում են և աչքի են ընկնում այն հազվագյուտ ու երջանիկ հատկությամբ, որ միշտ գտնում են աշխատանք։ Առանց ցուցադրվելու, խուսափելով կուսակցությունների անողոքությունից ու դատարկաբանությունից, իրեն չհամարելով առաջինների շարքում, իշխանը, սակայն, չափազանց հիմնավորապես շատ բան էր իմացել վերջին ժամանակներս կատարվածից։ Նա առաջ ծառայում էր, հետո սկսեց մասնակցել նաև զեմստվային գործունեությանը։ Բացի այդ, ռուսական մի քանի գիտական ընկերությունների օգտակար թղթակից էր։ Մի ծանոթ տեխնիկի հետ միացած, հավաքած տեղեկություններով ու հետազոտություններով օժանդակում էր նախագծվող կարևորագույն երկաթուղիներից մեկի ավելի ճիշտ ուղղությանը։ Նա մոտ երեսունհինգ տարեկան էր։ Նա «ամենաբարձր հասարակությանը պատկանող» մարդ էր և, բացի այդ «լավ, լուրջ, անվիճելի» կարողության տեր, ինչպես արտահայտվեց գեներալը, առիթ ունենալով մի բավական լուրջ գործով հանդիպել ու ծանոթանալ իշխանի հետ իր պետի՝ կոմսի տանը։ Իշխանը մի որոշ առանձնահատուկ հետաքրքրությունից մղված, երբեք չէր խուսափում ռուս «գործարար մարդկանց» հետ ծանոթանալուց։ Այնպես պատահեց, որ իշխանը ծանոթացավ նաև գեներալի ընտանիքի հետ։ Ադելաիդա Իվանովնան, երեք քույրերից միջնակը, նրա վրա բավական ուժեղ տպավորություն գործեց։ Գարնան կողմ իշխանը բացատրվեց։ Ադելաիդային նա շատ դուր եկավ, դուր եկավ նաև Լիզավետա Պրոկոֆևնային։ Գեներալը շատ ուրախ էր։ Ինքնին հասկանալի է, ուղևորությունը հետաձգվեց։ Հարսանիքը նշանակված էր գարնանը։
 
Ասենք, ուղևորությունը կարող էր լինել և ամառվա կեսին և վերջին, թեկուզ մեկ կամ երկու ամսով, որպես զբոսանք Լիզավետա Պրոկոֆևնայի ու նրա հետ մնացած երկու աղջիկների, որպեսզի փարատեին այն թախիծը, որ պատճառելու էր Ադելաիդան, նրանցից բաժանվելով։ Բայց դարձյալ մի նոր բան պատահեց, արդեն գարնան վերջին (Ադելաիդայի հարսանիքը մի քիչ դանդաղել էր և հետաձգված էր մինչև ամառվա կեսը) իշխան Շչ֊ն Եպանչինների տուն բերեց իր հեռավոր ազգականներից մեկին, որին, սակայն, բավական լավ ճանաչում էր։ Դա ոմն Եվգենի Պավլովիչ Ռ-ն էր, դեռ երիտասարդ, մոտ քսանութ տարեկան, ֆլիգել-ադյուտանտ, գեղեցկության տիպար, «ազնվական տոհմից», սրամիտ, փայլուն, «նոր», «չափազանց կրթված», և արդեն ինչ֊որ չլսված չափերի հարստության տեր մի մարդ։ Այդ վերջին կետի վերաբերյալ գեներալը միշտ զգույշ էր։ Նա տեղեկություններ հավաքեց. «Իրոք մի այդպիսի բան կա, սակայն դեռ պետք է պարզել»։ Այդ երիտասարդը ու «ապագա խոստացող» ֆլիգել-ադյուտանտը Եպանչինների աչքին խիստ բարձրացել էր շնորհիվ այն կարծիքի, որ Մոսկվայից հայտնել էր Բելոկոնսկայան։ Միայն նրա մասին համբավ էր տարածված մի որոշ փափուկ հարցի շուրջը. մի քանի կապեր և, ինչպես հավատացնում էին, «հաղթանակներ» ինչ֊որ դժբախտ սրտերի նկատմամբ։ Ագլայային տեսնելով, նա Եպանչինների տանը դարձավ արտասովոր նստակյաց։ Ճիշտ է, դեռ ոչինչ չէր ասված, նույնիսկ ոչ մի ակնարկ չէր արված, բայց, համենայն դեպս, ծնողներին թվում էր, որ այս ամառ արտասահմանյան ուղևորության մասին մտածելն ավելորդ է։
 
Ագլայան ինքը գուցե և այլ կարծիքի էր։
 
Դա տեղի էր ունենում արդեն մեր պատմության բեմի վրա մեր հերոսի երկրորդ անգամ հայտնվելու համարյա հենց սկզբին։ Արտաքինից դատելով, այդ ժամանակ Պետերբուրգում արդեն բոլորովին մոռացել էին խեղճ իշխան Միշկինին։ Եթե նա հիմա հանկարծ հայտնվեր նրան ճանաչողների մեջ, ապա կարծես երկնքից ընկած կլիներ։ Այսուհանդերձ մինչ այդ կհայտնենք մի փաստ ևս ու դրանով կավարտենք մեր ներածությունը։
 
Կոլյա Իվոլգինը իշխանի մեկնելուց հետո սկզբում շարունակում էր իր առաջվա կյանքը, այսինքն՝ գնում էր գիմնազիա, այցելում էր իր բարեկամ Իպոլիտին, հետևում էր գեներալին և տնտեսության մեջ օգնում Վարյային, այսինքն՝ կատարում էր նրա բոլոր ցանկությունները։ Բայց կենվորներն արագ անհայտացան. Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ տեղի ունեցած արկածից երեք օր հետո Ֆերդիշչենկոն տեղափոխվեց չգիտես ուր և բավական շուտով կորավ, այնպես, որ նրա մասին լռեց ամենայն լուր. ասում էին, բայց ոչ հաստատ, որ մի տեղ խմում է։
 
Իշխանը մեկնեց Մոսկվա, կենվորների հարցը փակված էր։ Հետագայում, երբ արդեն Վարյան ամուսնացավ, Նինա Ալեքսանդրովնան ու Գանյան նրա հետ փոխադրվեցին Պտիցինի մոտ, Իզմայլովյան գունդ, ինչ վերաբերում է գեներալ Իվոլգինին, ապա նրան գրեթե հենց նույն ժամանակ մի բոլորովին չնախատեսված բան պատահեց, նրան կալանատուն նստեցրին։ Նրան այդտեղ ուղարկողը իր բարեկամուհին՝ կապիտանի կինն էր, որին տարբեր ժամանակներ մոտ երկու հազարի արժողության փաստաթղթեր էր տվել։ Այդ բոլորը նրա համար կատարյալ անակնկալ էր եղել, և խեղճ գեներալը «իսկական զոհ էր, ընդհանրապես ասած, մարդկային սրտի ազնվության վերաբերյալ իր անչափելի հավատի»։ Փոխառական պարտագրեր ու մուրհակներ ստորագրելու հանգստացուցիչ սովորություն ընդունելով, նրա մտքովն իսկ չէր անցնում, որ դրանք թեկուզ երբևէ կարող են ներգործություն ունենալ, միշտ մտածում էր, որ դա հենց _այնպես է_։ Պարզվեց, որ _այդպես չէ_։
 
«Սրանից հետո հավատա մարդկանց, ցույց տուր ազնիվ դյուրահավատություն»,— վշտալի բացականչում էր նա, գինու շիշն առաջին՝ նստած Տարասովի տանը նոր բարեկամների հետ և նրանց անեկդոտներ պատմելով Կարսի պաշարման և հարություն առած զինվորի մասին։ Ի դեպ նա սկսեց հիանալի կյանք վարել։ Պտիցինն ու Վարյան ասում էին, դա իսկական նրա տեղն է որ կա․ Գանյան լիովին հաստատեց այդ։ Միայն խեղճ Նինա Ալեքսանդրովնան էր թաքուն դառնագին լալիս (որ նույնիսկ զարմացնում էր տնեցիներին) և, շարունակ տկար լինելով հանդերձ, որքան կարող էր հաճախակի, քարշ էր գալիս Իզմայլովյան գունդ, ամուսնու հետ տեսակցության։
 
Բայց «գեներալին պատահած դեպքից» ի վեր, ինչպես արտահայտվում էր Կոլյան, և առհասարակ քրոջ ամուսնանալուց ի վեր Կոլյան համարյա բոլորովին անհնազանդ էր դարձել և այնտեղ էր հասել, որ վերջին ժամանակները նույնիսկ հազվադեպ էր տուն գալիս գիշերելու։ Ըստ լուրերի, նա բազմաթիվ նոր ծանոթություններ էր հաստատել․ բացի այդ, շատ հայտնի էր դարձել նաև կալանատանը։ Նինա Ալեքսանդրովնան այնտեղ առանց նրա չէր էլ կարող յոլա գնալ, իսկ տանը հիմա նրան չէին անհանգստացնում նույնիսկ հետաքրքրվելով, թե նա ինչով է զբաղվում։ Վարյան, որ առաջ այնքան խիստ էր վարվում նրա հետ, հիմա նրա թափառումների մասին ամենաչնչին հարցաքննության էլ չէր ենթարկում։ Իսկ Գանյան, ի մեծ զարմանս տնեցիների, չնայած իր ողջ մելամաղձությանը, խոսում և նույնիսկ երբեմն բոլորովին ընկերաբար մտերմանում էր նրան, մի բան, որ բոլորովին չէր լինում առաջ, քանի որ քսանյոթամյա Գանյան բնականաբար ոչ մի մտերմական ուշադրություն չէր դարձնում իր տասնհինգամյա եղբոր վրա, հետը կոպիտ էր վարվում, բոլոր տնեցիներից միայն խստություն էր պահանջում նրա նկատմամբ և շարունակ սպառնում էր «նրա ականջները քաշել», որը Կոլյա յին հանում էր «մարդկային համբերության վերջին սահմաններից»։ Կարելի էր կարծել, որ հիմա Կոլյան երբեմն նույնիսէլ անհրաժեշտ էր լինում Գանյային։ Կոլյային շատ էր զարմացրել, որ նա այն ժամանակ վերադարձրել էր փողերը, դրա համար նա պատրաստ էր շատ բան ներել եղբորը։
 
Իշխանի մեկնելուց անցել էր մոտ երեք ամիս, և Իվոլգինների ընտանիքում իմացան, որ Կոլյան հանկարծ ծանոթացել է Եպանչինների հետ և շատ լավ է ընդունվել օրիորդների կողմից։ Վարյան շուտով իմացավ այդ մասին, ի դեպ, Կոլյան ծանոթացել էր ոչ թե Վարյայի միջոցով, այլ «ինքն իր կողմից»։ Կամաց֊կամաց Եպանչինների տանն սկսեցին սիրել նրան։ Գեներալի կինն սկզբում շատ դժգոհ էր նրանից, բայց շուտով սկսեց փաղաքշել նրան «անկեղծության և այն բանի համար, որ չի շողոքորթում»։ Որ Կոլյան չէր շողոքորթում, դա միանգամայն իրավացի էր, նա կարողացավ նրանց հետ միանգամ այն հավասարի և անկախ դիրք բռնել, թեև երբեմն գեներալի կնոջ համար գրքեր ու լրագրեր էր կարդում. բայց նա միշտ էլ պատրաստակամ էր։ Ասենք, նա մի երկու անգամ թունդ կռվեց Լիղավետա Պրոկոֆևնայի հետ, հայտարարեց նրան, որ նա բռնակալ է և որ ինքը ոտք չի դնի նրա տունը։ Առաջին անդամ վեճ ծագեց «կանանց հարցի» պատճառով, իսկ երկրորդ անգամ այն հարցի պատճաոով, թե տարվա ո՞ր եղանակին լավ է որսալ ազնվասարեկներ։ Որքան էլ տարօրինակ լինի, բայց վիճաբանությունից երեք օր հետո գեներալի կինը սպասավորի միջոցով նրան մի տոմսակ ուղարկեց, խնդրելով, որ անպայման շնորհ բերի. Կոլյան չէր կոտրատվում և անմիջապես ներկայացավ։ Չգիտես ինչու, միայն Ագլայան լավ չէր տրամադրված դեպի նա և վերևից էր նայում նրա վրա։ Բայց Կոլյային վիճակված էր հենց նրան մասամբ զարմացնել։ Մի անգամ, դա զատկի տոներին էր, որսալով մի րոպե, երբ մենակ էին, Կոլյան Ագլայային մի նամակ հանձնեց, ասելով միայն, որ պատվիրված է հանձնել միմիայն նրան։ Ագլայան սպառնագին նայեց «անձնապաստան անպիտան տղային», բայդ Կոլյան չսպասեց ու դուրս գնաց։ Ագլայան նամակը բացեց ու կարդաց.
 
«Մի ժամանակ դուք ինձ պատիվ արիք ձեր վստահությամբ։ Կարող է պատահել, դուք հիմա բոլորովին մոռացել եք ինձ։ Ինչպե՞ս պատահեց, որ գրում եմ ձեզ։ Չգիտեմ, բայց իմ մեջ անզուսպ ցանկություն ծագեց ձեզ հիշեցնել իմ մասին, և հատկապես ձեզ։ Քանի անգամ դուք երեքդ էլ ինձ շատ պետք եք եղել, բայց բոլոր երեքիցդ ես տեսել եմ միայն ձեզ։ Դուք ինձ պետք եք, շատ եք պետք։ Ես ոչինչ չունեմ ձեզ գրելու իմ մասին, ոչինչ չունեմ պատմելու։ Ես այդ չէի էլ ուզում. ես սաստիկ կցանկանայի, որ դուք երջանիկ լինեիք; Արդյոք երջանի՞կ եք։ Ահա հենց միայն այս էի ուզում ասել ձեզ։ _Զեր եղբայր իշխ. Լ. Միշկին_»։
 
Այս կարճառոտ և բավական անկապ տոմսակը կարդալով, Ագլայան հանկարծ ամբողջովին շիկնեց և մտածմունքի մեջ ընկավ։ Մեզ համար դժվար կլիներ հաղորդել նրա մտքերի ընթացքը։ Ի միջի այլոց նա հարցրեց իրեն. «Որևէ մեկին ցույց տա՞ արդյոք»։ Նա մի տեսակ ամաչում էր։ Սակայն, ի վերջո, ծաղրական ու տարօրինակ ժպիտով նամակը նետեց իր սեղանի արկղը։ Հաջորդ օրը նորից հանեց ու դրեց մի հաստ, ամուր կազմով գրքի մեջ (նա միշտ էլ այդպես էր վարվում իր թղթերի հետ, որպեսզի արագ գտներ, երբ պետք գար)։ Եվ արդեն միայն մի շաբաթ հետո առիթ ունեցավ ուշք դարձնելու, թե ինչ գիրք էր այդ։ Դա «Դոն-Կիխոտ Լամանչեցին» էր։ Ագլայայի ծիծաղը սաստիկ բռնեց, հայտնի չէ ինչու։
 
Հայտնի չէ նաև, թե արդյոք նա իր ստացածը ցույց տվե՞ց քույրերից որևէ մեկին։
 
Բայց դեռ նամակը կարդալիս, հանկարծ նրա մտքով անցավ. մի՞թե իշխանը այդ անձնապաստան անպիտան տղային, այդ պոռոտախոսին է ընտրել թղթակից և ով գիտե, նրա այստեղի միակ թղթակիցն է։ Թեև, արտասովոր արհամարհոտ տեսքով, բայց և այնպես նա Կոլյային հարցաքըննության ենթարկեց։ Բայց միշտ վիրավորվող «անպիտան տղան» այս անգամ ամենափոքր իսկ ուշադրություն չդարձրեց արհամարհանքին. չափազանց կարճ և բավական չոր բացատրեց Ագլայային, որ թեև ինքը համենայն դեպս իր մշտական հասցեն հայտնել էր իշխանին Պետերբուրգից նրա մեկնելուց անմիջապես առաջ և ընդսմին առաջարկել էր իր ծառայությունները, բայց որ սա առաջին հանձնարարությունն է, որ նա ստացել է իշխանից և իրեն ուղղած նրա առաջին տոմսակը, իսկ որպես ապացույց իր խոսքերի ներկայացրեց նաև նամակը, որ անձամբ ինքն էր ստացել։ Ագլայան անհարմար չզգաց ու կարդաց։ Կոլյային ուղղած նամակում ասված էր.
 
«Սիրելի Կոլյա, բարի եղեք, սրան առընթեր կնքած նամակը հանձնեցեք Ագլայա Իվանովնային։ Ողջ լերուք։ _Ձեզ սիրող իշխ. Լ. Միշկին_»։
 
— Համենայն դեպս ծիծաղելի է այսպիսի փուչիկին վստահելը,— վիրավորված արտասանեց Ագլայան, Կոլյային հանձնելով տոմսակը և արհամարհաբար անցավ նրա մոտով։
 
Դրան արդեն չէր կարող դիմանալ Կոլյան. այնինչ նա հատկապես այդ դեպքի առթիվ Գանյայից խնդրել էր, առանց պատճառը նրան բացատրելու, և վիզը գցել նրա դեռ բոլորովին նոր կանաչ շարֆը։ Նա չարաչար վիրավորվեց։
=== II ===
Վստահելի
1318
edits