Changes

Յուշեր

Ավելացվել է 18 258 բայտ, 16:03, 31 Մարտի 2016
Ճանիկում այն ժամանակ կանոնաւոր կազմակերպութիւն եւ գործադիր մարմին կար։ Շատ զգուշութեամբ մեզ ներս տարան, իսկոյն հիւրասիրեցին տաք թէյով եւ կաթով։ Շուտով գիւղի ամբողջ երիտասարդութիւնը թափուեց մեր գլխին։ Ճանիկ կառավարութեան կեդրոնատեղ լինելով, յեղափոխական գործիչները կամ խմբերն այդ ժամանակները ներս չէին մտնում։ Իմ մուտքը բացառութիւն էր․ ամէնքը ուրախացել էին եւ եկել <i>ղաչաղ</i> տեսնելու։
Ճանիկ մնալ վտանգաւոր էր։ Պէտք է անցնէինք ծովափը գտնուող Նորշէն գիւղը։ Այլ ելք չկար։ Պէտք էր Ճանիկով անցնէինք, որովհետեւ ձմեռային ճանապարհը այդ էր։ Գիշերով հազար ու մի նեղութեամբ, ընկնելով ու վեր կենալով, հազիւ հասանք գիւղ։ Մեզ նախ առաջնորդեցին մի ախոռ, ապա լուր եկաւ, որ գիւղի մէջ խումբ կար․ պէտք էր գնալ նոցա մօտ։Հազիւ էինք չարուխներնիս հանել, մէկ էլ հազար նեղութեամբ պիտի հագնուէինք եւ խումբի մօտ գնայինք։
Խումբը Կարճկանի Սորփ գիւղացի Գուրգէնի խումբն էր․ զինուորները մեծ մասամբ մշեցի եւ ախլաթցի էին։
 
Սասունի ապստամբութեան անյաջողութեամբ Մշի շրջանի զինուորները եւ ամբողջ փախստականութիւնը անցել էին Վասպուրական։ Մի քանի հարիւր հոգի արդէն անցել էին Պարսկաստան, բայց մեծ թուով զինուորներ մնացել էին Վանի շրջանում, տեղական խմբերի մէջ մտնելով։
 
Ջաֆարը, ի հարկէ, ծանօթ էր թէ՛ խմբին եւ թէ՛ խմբապետին։ Իսկոյն թռաւ վերին ճակատը խմբապետի մօտ, մտաւ տաք թոնրի վրայ ձգուած վերմակի տակ եւ սկսեց իրական ու մտացածին նորութիւններ պատմել Պարսկաստանից եւ առհասարակ արտասահմանից։
 
Մեր դրած պայմանը իմ ինքնութիւնս ծածկելու մասին, ի հարկէ, շարունակւում էր նոյնիսկ հայկական գաւառում, Թիմարում, մեր թռուցիկ խումբի մօտ եւս։ Այդ Ջաֆարի հրամանն էր, պիտի ենթարկուէի։ Եւ ես լուռ ու մունջ նստած, վարը, դրան տակ, չոր գետնի վրայ, չէի էլ մտածում չարուխներս հանելու մասին․ իսկ Ջաֆարը սուսիկ֊փուսիկ ճաշում էր խումբի հետ, թոնրի վերի գլուխը։
 
Վերջապէս, չգիտեմ, ով հասկացրեց խմբապետին, որ ես էլ «պարոն» եմ, Գուրգէնը մօտեցաւ ինձ եւ հազար ներողութեամբ ինձ էլ վեր հրաւիրեց։
 
Գուրգէնէն խնդրում եմ, որ ինձ շուտ ուղարկի քաղաք։ Ճանապարհներին այնքան էի տառապել, էլ ոյժ չէր մնացել Թիմարի գիւղերում դեգերելու։ Եւ, պէտք է խոստովանել, Նոր Շէնից սկսած տպաւորութիւններս վատ էին։ Կարծես ուժով էր տարւում յեղափոխական աշխատանքը այս շրջանում։ Մի տեսակ զսպուած դժգոհութիւն կար գիւղացւոց դէմքերի վրայ, իսկ աւելի շատ անտարբեր վերաբերմունք։ Որեւէ հետաքրքրութիւն, որեւէ հարցասիրութիւն ես չտեսայ Նոր Շէնի եւ նրա կից մի քանի գիւղերում, որոնց անունները մոռացել եմ արդէն։
 
Միւս օրը գիշերով ճանապարհւում ենք դէպի Ալիւր։ Գուրգէնն ինձ պատիւ է անում խումբով ճամբելու։ Թէեւ իմ ծպտուած վիճակով եւ ձմեռուայ դժուարութիւններին աւելի յարմար էր ցերեկուայ ճանապարհորդութիւնը, բայց ասում են, որ գիւղերը վխտում են հարկահանները, եւ կարող եմ պատահականութեան զոհ երթալ։ Միշտ ենթարկւում եմ, ինչպէս «տեղական պայմաններին անծանօթ» նորեկները։
 
Բայց իմ կոյր բախտից այդ գիշեր բուք ու բորան եկաւ, եւ մենք հանդերձ խմբով Թիմարի դաշտային գաւառում մեր ճանապարհը կորցրինք։ Երկար ու բարակ նոյն կէտի շուրջ պտոյտներ անելով, լուսաբացին հասանք դարձեալ նոյն գիւղը (կարծեմ Ատէռ), որտեղից գիշերը հանգստանալուց վերջը մեկնել էինք։
 
Միւս երեկոյեան, վերջապէս, հասնում ենք Ալիւր, որ Թիմարի կեդրոնական ամենամեծ գիւղն է, աւելի քան 400 տուն զուտ հայ ազգաբնակչութեամբ։ Այնտեղ էր Թիմարի մեր կազմակերպութեան կեդրոնը։ Թիմարը այն ժամանակ ենթակոմիտէ էր իր բոլոր գիւղերով։ Ենթակոմիտէի բոլոր անդամները, եթէ չեմ սխալւում, ալիւրցի էին, — Պ․ Սարգիս, Պ․ Վարդան, (այսպէս էին նրանց ասում, անուան հետ Պարոն) երկու երիտասարդ ընկերներ՝ Աբիսողոմ, Տիգրան եւ ուրիշներ։
 
Ալիւրը կրթուած գիւղ է եղել միշտ․ ունէր հարուստ ընդարձակ հողեր եւ այգիներ, ուրախ, անհոգ ու քէֆչի ժողովուրդ եւ առատ գինի։ Վանեցիք ալիւրցու մասին առակի նման ասում են․— «<i>Ալիւրցիք, քաղաք գալուց, իրենց կանանց հետ միասին</i> մէյխանէ <i>(գինետուն) կʼերթան խմելու</i>»։
 
Ունին լաւ դպրոցներ, միշտ յարատեւող, որոնք կը պահուին գիւղի միջոցներով։ Բայց Ալիւրը կրթող եւ նրան շէնցնողը եղել է պանդուխտութիւնը։ Ալիւրցիք արհեստով յայտնի խոհարարներ են․ ինչպէս իրենք են ասում, «աշչի»։
 
Կ․ Պոլսոյ մէջ Սուլթանի պալատից սկսած, նախարարների, դեսպանատների, զանազան բէյերի եւ փաշաների, ինչպէս նաեւ հայ մեծատունների խոհարարները ալիւրցիք են։ Այդ է պատճառը, որ ալիւրցիք հագնւում են կոկ, եւ ճաշակով, մանաւանդ խօսում են Պոլսոյ կիրթ թուրքերէն եւ հայերէն լեզուով։
 
Մեծ դիւանագէտներ են։ Խաղաղ ժամանակը իրենց ճկուն խելքով ու լեզուով, մանաւանդ առատ գինիով, կարողանում են Վանի կուսակալների ու պաշտօնէութեան բարի ուշադրութիւնը եւ հովանաւորութիւնը գրաւել։ Բայց ամէն անգամ «<i>պապին կարկանդակ չի ուտում</i>»։ Ալիւրցիք 1915ին, Վանի ինքնապաշտպանութեան ժամանակ, զոհ գնացին իրենց այդ դիւանագիտութեան։
 
Բայց դառնանք մեր ճանապարհորդութեան։ Մենք պէտք է մտնէինք Ալիւր՝ անպայման, որովհետեւ Թիմարի շրջանի շրջիկ լիազօրը, ինչպէս անուանում էին այդ ժամանակ պրոպականտիստ կազմակերպիչներին, Հաջի Կարապետը այնտեղ էր։ Առանց Հաջիի կարգադրութեան թռչուն իսկ չէր թռչի Թիմարի վրայով։ Ամէնքը պիտի հանդիպէին նրան, նա պէտք էր ամէնքին ճամբու դնէր։
 
Հաջու մասին Ջաֆարը ինձ առասպելներ էր պատմել արդէն։ Նկարագրել էր խիստ եւ բռնակալ հակումներով մէկը։ Պատմել էր, որ ձեռքը մի ձեռնափայտ կայ, որի վրայ գրուած է․— «<i>Գաւազան Արդարութեան</i>», եւ որ Հաջիի Թիմար գալուց ի վեր գողութիւն, աւազակութիւն, անարդարութիւն եւ գուլում չեն կարողացել անել գիւղերի մէջ հայ տզրուկները, նոյնիսկ թուրք պաշտօնեաները։
 
Իմ Թիմար հասած օրերը Հաջիի փառքը իր գագաթնակէտին էր հասել։ Այդ օրերը պատահել էր մի զինուած ընդհարում վանեցի արմենականների հետ։
 
Բանը նրանումն է, որ Ալիւրի մէջ եղել են եւ արմենականներ (կարծեմ առաջ ամբողջ գիւղը արմենական է եղել)։ Վանի արմենական կոմիտէն զինուած խումբ է ուղարկում նրանց կազմակերպելու։ Հաջին, հակառակ լինելով մի գիւղում երկու կուսակցութեան գոյութեան, հրամայել է չմտնել գիւղ։ Արմենականները, ի հարկէ, կարեւորութիւն չեն տուել եւ փորձել են գիւղը մտնել։ Հաջին հրամայել է իր զինուորներին, որոնց մէջ կային եւ մշեցիներ, (որոնք չէին հանդուրժի, որ իրենց խմբապետի հրամանը չլսուի), զինու ուժով արգիլել արմենականների մուտքը։ Փոխադարձ հրացանաձգութիւն է լինում։
 
Սպաննւում է արմենականներից մի կամ երկու հոգի։ Վերջինները տեղի են տալիս, եւ դրանով հարցը փակւում է։
 
Հարցը փակւում է, ի հարկէ, յօգուտ Հաջիի, որի հռչակը առանց այդ էլ շատ էր տարածուել շրջանի գիւղերում, ուր ոչ միայն յեղափոխական կազմակերպական, այլեւ առտնին՝ դատական, նոյնիսկ ամուսնական անհամաձայնութեան, հասի չհասի հարցերի լուծումը իր վրայ էր վերցրել Հաջին։ Արմենականների դէմ եղած յաղթանակը աւելի անյաղթելի էր դարձրել Հաջիին։
 
Պէտք է խոստովանել, որ այս բոլոր պատմութիւնները ազդել էին եւ իմ վրայ։ Սարսափի պէս մի բան էր ընկել սիրտս։ Վախենում էի, որ մի անզգոյշ խօսք կամ բան ասէի եւ ես էլ արժանանայի «գաւազանի արդարութեան» շնորհքին։ Այնպէս որ առանձին ճիգ էի անում ինձ զգոյշ պահելու։
 
Ալիւր մտանք կէս գիշերին։ Խումբը մնաց մօտակայ գիւղը։ Երկու գիւղացի ինձ եւ Ջաֆարին առաջնորդեցին մի մեծ ցած տուն։ Կարծում էին, թէ Հաջիի կեցած տունը պիտի լինի։ Սխալուեցին սակայն․ ուրիշ պատահական տուն էր։
 
Մեզ իսկոյն շրջապատեցին գիւղի երիտասարդները, որոնք այդ գիշեր Հաջիի հետ քէֆի մէջ էին եւ չէին քնել դեռ։ Նստած անուշ զրոյց էինք անում, երբ յանկարծ փսփսուկ ընկաւ, թէ «<i>Պ․ Հաջին կու գայ</i>»։ Ամէնքը տեղերից վեր թռան, նրանց շարքին եւ Ջաֆարը։
 
Նոր նկատեցի, որ այդքան խրոխտացող Ջաֆարը խիստ վախենում էր Հաջիից։ Ես էլ թռայ տեղիցս։
 
Դռնից ներս մտաւ մի քանի մարդկանցով շրջապատուած կարճահասակ, ջղոտ ու եռանդուն շարջումներով մի մարդ, 50—55 տարեկանի երեւոյթով։ Դա էր,— Եդեսիա — Ուրֆացի Հաջի Կարապետը։ Ես յետոյ մօտից ծանօթացայ այս մարդու հետ․ նա մոլեռանդ հաւատացեալ էր յեղափոխութեան — Դաշնակցութեան։ Նոյնքան էլ մոլեռանդ հայ էր։ Եթէ կայ աշխարհիս մէջ «իսկական հայ մարդ» մէկը մեր Հաջին էր։
 
Նա իր բոլոր խոշոր ու մանր առաւելութիւնների ու թերութիւնների մէջ ունէր մի մեծ գիծ, անկեղծ ու անշահասէր էր գործի հանդէպ։
 
Հաջիին, ի հարկէ, ասել էին իմ գալու մասին։ Մօտեցաւ եւ հարցրեց․
 
— <i>Ո՞վ էք, ախպար…</i>
 
— <i>Կովկասից կու գամ, Վան պիտի երթամ…</i>
 
— <i>Յանձնարարական֊վկայական կամ նամակ ունի՞ք…</i>
 
Ամբողջ ճանապարհին, շնորհիւ Ջաֆարի անսահման հեղինակութեան, մանաւանդ փչոցներին, ոչ ոք դեռ վկայական չէր ուզել։ Կարծեմ Վանքից նամակ էին տուել, ցոյց տուի…
 
— <i>Իսկոյն պիտի մեկնիք։ Հոստեղ վտանգաւոր է եւ աչքի զարնուած, շնորհիւ արմենականների ըրած խայտառակութեանց։</i>
 
Թէեւ ամբողջ գիշեր քայլել էինք, խիստ յոգնած, մանաւանդ անքուն, բայց պէտք է համակերպէինք։ Մեզ տուին սուրհանդակներ եւ ուղարկեցին դէպի Մարմիտ գիւղ, քաղաքից (Վանից) մէկ կամ մէկուկէս ժամ հեռաւորութեան վրայ։
 
Դեռ լոյսը չբացուած հասնում ենք Մարմիտ։ Տաքանալու համար մեզ առաջնորդում են մի գոմ։ Ուտելու համար հաց ու պանիր են տալիս, իսկ մինչ այդ պատրաստութիւն են տեսնում մեզ ճամբու դնելու։ Ինձ հետ Ջաֆարը եւ Պստիկ գիւղացի Գէորգը, Խանասորի զինուոր։ Ալիւրից գրել էին, որ եկողը «պարոն» է, պէտք է զգուշութեամբ ճամբու դնել։
 
Մարմիտցիք եռանդ էին ցոյց տալիս ըստ ամենայնի Հաջիի կարգադրութիւնները կատարելու։
 
Դեռ չգիտէին, որ մեզանից որն է «պարոնը», կասկածը Պստիկ գիւղացի Գէորգի վրայ էր, որովհետեւ աւելի լաւ էր հագնուած, քան ես եւ Ջաֆարը։ Ուստի նրան առաջարկում էին, որ հագուստները փոխէ, հները հագնի, աչքի չզարնուելու համար։ Խեղճը համոզում էր, որ ինքը Պստիկ գիւղացի էր, բայց ոչ ոք չէր հաւատում…
 
Հարկ եղաւ համր լեզուս բանալ, որ հաւատան լեզուիցս։ Նոր կռահեցին, որ «պարոնը» ես եմ։ Երեւի վրայի հագուստս, այդքան օրերի տառապանքը, ձիւնի վառերը այնպէս էին արել ինձ, որ վրաս ուշադրութիւն հրաւիրելու շնորհք չէր մնացել։ Սրտիս մէջ ուրախ էի, որովհետեւ Վանքում երեսներս ու ձեռներս եփած թէյի ջրով շփելուց մեռել էի․ միշտ վախենում էին, թէ պիտի նկատուեմ։
 
Այստեղ մեզ իբրեւ փորձ առաջնորդ տուին մարմիտցիմեր հին երիտասարդ գործիչ Յունանին,— Մնջիկ կեղծ անունով։
 
<i>Մարմիտցի Յունանը — Մնջիկը</i> մի խումբ խեղճ գիւղացի էր, կարծեմ սակաւահող եւ քիչ երկրագործութեամբ պարապող։ Չգիտեմ նա արհեստով բրուտ֊կաւագո՞րծ էր թէ ոչ․ բայց գիտեմ, որ Վանի շուկայում եւ թաղերում իր խղճուկ իշով բեռցրած Կիրաշէնի (մի գիւղ Թիմարում, ուր ամանեղէն են պատրաստում կաւից) ամաններ էր ծախում։ Այդ արհեստը մեծապէս օգնում էր նրա յեղափոխական գործունէութեան։ Յունանը Ապաղայ֊Բերկրի֊Թիմար սուրհանդակային փոխադրութեան վերջին փոստն էր։
 
Յեղափոխական նամակներով ու գրականութեամբ ծանրաբեռնուած, իր ամանների հետ, Յունանի էշը կանգ էր առնում Այգեստանի հեռաւոր ու խուլ դռների առաջ «Աման առէք» կոչերով։ Պայմանաւորուած դուռը բացւում էր Յունանի առաջ, որը կաւէ ամանի փոխարէն մեզ էր բերում Ժընեւի «<i>Դրօշակ</i>»ը, Թիֆլիսի «<i>Յառաջ</i>»ը, Բոստոնի «<i>Հայրենիք</i>»ը, Փարիզի «<i>Pro Armenia</i>» եւայլն յեղափոխական թերթեր, ինչպէս նաեւ Փարիզի Սապահ Էդդինի եւ Ահմէտ Ռիզայի թուրքերէն յեղափոխական հրատարակութիւնները։
 
Ով որ Յունանի խեղճ ու ցնցոտիներով պատած արտաքինը տեսնէր, չէր կարող հաւատալ, թէ դրանց տակ մի զգայուն, անվախ, մանաւանդ հայրենասէր սիրտ կար։
 
Երբ առաջին անգամ Յունանը ընկաւ մեր առջեւ, բարի ու ծիծաղկոտ դէմքով դարձաւ ինձ եւ ասաց․
 
— <i>Բարի երթանք</i>։
 
Այս նախադասութիւնն այնքան անկեղծ եւ ջերմ էր արտասանուած, թէեւ մէջը ըստ երեւոյթին մի մեծ միտք չկար, բայց համակեց ամբողջ էութիւնս, եւ ես սկսեցի խորհիլ։ — Եւ, իրօք, հարկաւոր էր «բարի երթ» ցանկանալ։
 
Մենք շուտով կը լինէինք Վանի պատմական բերդի տակ, ուր որսորդական շան նման շարուած էին թուրք ոստիկանները, մանաւանդ Հանրային Պարտուց Վարչութեան ծխախոտի խուզարկիչները, որոնք բոլոր կասկածելի անցորդներին խուզարկում են ու ապա ճամբայ դնում։
<references/>