Changes
/* Քրիստոնեական գիտություն */
Այն անխռով ինքնագոհությունը, որով ներծծված է այդ գիրքը, կարծես թե բուրում է աստվածային ծագումով, այն առնչված չէ երկրային ոչ մի բանի հետ։ Հասարակ մահկանացուին հատուկ չէ այդպիսի անհողդողդ համոզմունքն ամեն ինչում, այդպիսի անսահման գերազանցության զգացումը, այդպիսի անխոհեմ ինքնահիացումը։ Երբեք չներկայացնելով որևէ բան, որ իրավամբ կարելի լիներ անվանել «ապացույց» ծանրակշիռ բառով, իսկ երբեմն էլ բնավ ոչինչ չվկայակոչելով և ոչ մի բանի վրա չհիմնելով իր հետևությունները, այն բարձրաձայն ազդարարում է՝ ԵՍ ԱՊԱՑՈԻՑԵԼ ԵՄ այս ու այս։ Աստվածաշնչի դեռևս չմեկնաբանված որևէ հատվածի իմաստը գտնելու և պարզաբանելու համար հարկավոր է պապի և նրա եկեղեցու բոլոր սյուների հեղինակությունը, հարկավոր է ժամանակի, աշխատանքի և մտորումների վիթխարի ծախսում, բայց հեղինակն այդ ամենից բարձր է, նա տեսնում է ամբողջ Աստվածաշունչը կուսական վիճակում և ժամանակի աննշան ծախսումով ու մտավոր ջանքերի առանց որևէ ծախսման մեկնաբանում է այն ծայրից ծայր, փոփոխում և ուղղում է նշանակությունները, իսկ այնուհետև դրանք հեղինակավոր կերպով պարզաբանում է, ձեռնածություններ անելով նույն կարգի բանաձևերով, ինչպես՝ «Եղիցի լույս։ Եվ եղավ լույս»։ Աշխարհի արարչագործման ժամանակից ի վեր առաջին անգամ դաշտերի, ծովերի ու շեների վրա որոտաց այդ կատարյալ ինքնագոհ, անպատկառ ու անառարկելի ձայնը։
Հունվար, 1903: Նոր և արտասովոր տերմինաբանությամբ ամեն մի գիրք առաջին ընթերցման դեպքում համարյա հաստատապես ընթերցողին թողնում է ոգու խռովահույզ ու սարկաստիկ վիճակում։ Բայց հիմա, երբ վերջին երկու ամսվա ընթացքում ես ջանասիրությամբ ուսումնասիրեցի «Գիտության և առողջության» հատուկ բառարանը, այլևս այդ գրքի էությունը դժվար չեմ համարում հասկանալու համար։
<b>Հավատ բժշկի նկատմամբ։</b> Թերևս, ամբողջ բանն էլ հենց այդ է։ Այո՛, կարծես թե այդպես է։ Մի ժամանակ միապետը խոցերը բուժում էր թագավորական ձեռքի մեկ հպումով։ Հաճախ նա զարմանալի ապաքինումներ էր կատարում։ Կարո՞ղ էր, արդյոք, այդ բանն անել։ Կարծում եմ, որ մենք չպետք է դրանում տարակուսենք։ Կարծում եմ, մենք կարող ենք միանգամայն հավատացած լինել, որ ամեն դեպքում ապաքինում էր ոչ թե թագավորի ձեռքի հպումը, այլ հիվանդի հավատը այդ հպան հրաշագործ ազդեցության նկատմամբ։ Իսկական ու հիանալի ապաքինումները կատարվում էին սուրբ մասունքների օգնությամբ։ Մի՞թե չի կարելի ենթադրել, որ ցանկացած այլ ոսկորներն էլ հիվանդի վրա կներգործեն ճիշտ նույն կերպ, եթե նրանից թաքցնեին, որ դրանք իսկականը չեն։ Երբ փոքր տղա էի, մեր քաղաից հինգ մղոնի վրա ապրում էր մի ֆերմերուհի, որը հռչակված էր որպես հավատով բուժող․ նա իրեն այդպես էր անվանում։ Տառապյալներն ամբողջ շրջակայքից անվերջ հոսանքով գնում էին նրա մոտ, նա ձեռքը դնում էր նրանց վրա և ասում․ «Հավատա՛, դա այն ամենն է, ինչ քեզ հարկավոր է», և նրանք հեռանում էին, մոռանալով իրենց հիվանդությունը։ Նա կրոնամոլ կին չէր և հավակնություն չուներ տիրանալու ինչ֊որ գերբնական ապաքինող ուժի։ Նա խոստովանում էր, որ ապաքինողը հիվանդի հավատն է նրա նկատմամբ։ Մի քանի անգամ նա իմ ներկայությամբ ակնթարթորեն վերացրել է սաստիկ ատամնացավը, ըստ որում բուժվողը իմ մայրն էր։ Ավստիայում կա մի գյուղացի, որն այդ արհեստով հիմնել է մի ամբողջ առևտրական գործ և բուժում է թե՛ հասարակ մարդկանց և թե՛ անվանիներին։ Ժամանակ առ ժամաակ նրան բանտ են նստեցնում, որ չունենալով դիպլոմ, մարդկանց բուժմամբ է զբաղվում, բայց երբ նա բանտից դուրս է գալիս, նրա գործն առաջվա նման ծաղկում է, որովհետև անվիճելիորեն հաջող է բուժում, և նրա համբավը չի նվազում։ Բավարիայում մի մարդ կա, որն այնքան մեծ թվով հիվանդների է ապաքինել, որ հարկադրված է եղել թողնել թատերական հյուսնի իր մասնագիտությունը, որպեսզի բավարարի հիվանդների հարաճուն պահանջը։ Տարեցտարի նա գործում է իր հրաշքները և արդեն հարստացել է։ Նա ցույց չի տալիս, թե իրեն օգնում են կրոնը կամ ինչ֊որ անդրշիրիմյան ուժեր․ պարզապես, ինչպես ինքն է գտնում, նրա մեջ մի բան կա, որը հիվանդներին վստահություն է ներշնչում, ամբողջ բանը այդ վստահությունն է, այլ ոչ թե իրենից բխող ինչ֊որ խորհրդավոր ուժ։
Հունվար, 1903։ Ինձ անձամբ լավ հայտնի է մի «հրաշք»՝ ապաքինում անդամալուծությունից, որն ամբողջ երկու տարի հիվանդին գամել էր անկողնուն, չնայած Նյու Յորքի լավագույն բժիշկների բոլոր ջանքերին։ Մի թափառաշրջիկ «շառլատան» (այդպես էին նրան կոչում) հիվանդին այցելեց ընդամենը երկու առավոտ, նա հիվանդ կնոջը բարձրացրեց անկողնուց ու ասաց․ «Գնա՛»։ Եվ հիվանդը գնաց։ Դրանով էլ ամեն ինչ վերջացավ։ Դա քառասուներկու տարի սրանից առաջ էր։ Ու այդ ժամանակվանից հիվանդը քայլում է։ ― Ծան․ հեղինակի։