Changes

Աստվածային կատակերգություն

Ավելացվել է 9537 բայտ, 13:58, 5 Հուլիսի 2016
/* Երգ երեսուներորդ */
===Երգ երեսուներորդ===
 
<poem>
Մոտ վեց հազար մղոն հեռու մեր երկրից
Բոցավառ է դառնում ժամը վեցերորդ,
Եվ աշխարհի ստվերն հանվում է գծից,
 
Երբ խոր երկինքն սպիտակում է այնպես,
Որ մի քանի փոքրիկ աստղեր մարմրուն
Դադարում են, երևալուց արդեն մեզ.
 
Եվ արևի պայծառ նաժիշտը որքան
Մոտենում է, այնքան աստղերը մեկ-մեկ
Կորցնում են շողերն իրենց ռոշնական.
 
Այսպես դասերն հրեշտակաց ցնծակյաց,
Որ դառնում են շլացուցիչ Կետի շուրջ,
— Որ, անպարփակ, էրևում է պարփակված,—
 
Տակավ-տակավ իմ աչքերից չքացան.
Այդ պարագան և սերը ինձ մղեցին
Նորից հայացքս ուղղել կնոջն աննման։
 
Ինչ որ ասվեց նրա մասին մինչև արդ,
Բոլորն եթե մի գովքի մեջ ամփոփվեր,
Ներկա դեպքում քիչ կլիներ ու անզարդ։
 
Նրա գեղը մատչելի չէ մեր մտքին.
Կարծում եմ, որ լոկ արարիչը նրա
Կարող է այն գնահատել ի հարկին։
 
Այստեղ ես ինձ պարտըված եմ համարում,
Ինչպես երբեք մի Կատակերգ կամ Ողբերգ
Չի պարտըվել դժվարալույծ իր խնդրում։
 
Ինչպես աչքը շլանում է արևից,
Այսպես միտքըս անճրկամ է ու շշմում
Նրա քաղցր ու աստվածային ժպիտից։
 
Եվ այն օրից, որ նրա դեմքը վսեմ
Ես առաջին անգամ տեսա մեր կյանքում,
Նրա մասին միշտ մի գովերգ հյուսել եմ։
 
Բայց հարկ է, որ ես դադարեմ գովերգել
Նրա անհուն գեղեցկությունն, ինչպես նա,
Ով արվեստի ծայրակետին է հանգել։
 
Այդ գովերգը ես թողնում եմ ավելի
Կարող գրչի, քան գրիչս է, որ արդեն
Ավարտում է նյութն իր դժվար մատչելի։
 
Եվ նա խոսեց ինչպես փութկոտ աևաջնորդ.
«Մենք մեծագույն մարմնից արդեն դուրս ելանք
Ու բարձրացանք երկինքը ջինջ, լուսահորդ։
 
Այս երկինքը սիրով գեղուն է համակ,
Բարությամբ ու երանությամբ լի սիրով,
Երանությամբ՝ ամեն բանից անուշակ։
 
Աստ կտեսնես երկու փաղանգ լուսափառ,
Մի փաղանգը քեզ կերևա այն տեսքով,
Որ կունենա դատաստանի օրն արդար»։
 
Ինչպես փայլակն հանկարծ շող է արձակում
Ու ջլատում տեսողությանը այնպես,
Որ աչքերը ոչ մի բան չեն նկատում,
 
Այսպես շուրջըս ճայթռեց մի լույս բոցավառ
Եվ պարուրվեց ինձ այնպիսի շողյունով,
Որ ոչ մի բան չէր երեում ինձ իսպառ։
 
«Այս երկինքը խաղաղեցնաղ սերն անհուն
Այսօրինակ ողջույնով է ընդունում
Երանության համար պատրաստ ջինջ հոգուն»։
 
Հազիվ էի այս կարճ խոսքերը լսել,
Երբ զգացի, ոը իմ ուժերը ներքին
Աճել էին ու բարձրացել առավել։
 
Եվ օժտվեցի տեսողությամբ նորընկալ,
Այնքան ուժեղ, ոը չկար լույս այնքան վառ,
Որին աչքերս չզորեին արդ տոկալ։
 
Եվ այնժամ ես տեսա մի գետ լուսեղեն,
Որի երկու ափերն ամբողջ երկայնքին
Պատած էին ծաղիկներով ոսկեղեն։
 
Գետից անվերջ ցայտում էին վառ կայծեր
Եվ տարածվում ծաղկանց վրա ափերի,
Ինչպես ոսկով շրջանակված հակինթներ։
 
Ապա կարծես արբած ծաղկանց բուրմունքից՝
Վերասուզվում էին գետի աչքերում.
Մեկը մտնում, մյուսը ելնում էր խորքից։
 
«Բուռըն տենչը, որ քեզ մղում է հիմա
Հասկանալու այն, ինչ որ դու տեսնամ ես,
Ավելի քան հաճելի է ինձ համար։
 
Բայց հարկ է քեզ առաջ ըմպել այս ջրից,
Որ հագեցնես քո ծարավը այնքան մեծ»։
Այսպես ասաց ինձ տիրուհիս փառալից։
 
Ապա հարեց. «Գետն ու կայծերը կցորդ
Եվ ափերը պճնող ծաղկունքը ծիծղուն
Իսկականի նախանիշներն են աղոտ։
 
Սակայն նրանք անկատար չեն բնավին,
Այլ դու ինքդ ես քո բնությամբ անկատար,
Զի խորատես աչքեր չունես տակավին»։
 
Ոչ մի մանուկ այնքան փութով չի ձգտել
Դեպի կաթը իր մայրական, երբ որ նա
Սովորական իր ժամից ուշ է զարթնել,
 
Ինչքան փութով ես ձգտեցի անձկալի
Գետը դեպի, նրա ջրից ըմպելու,
Որ աչքերըս խոր տեսնեին ավելի։
 
Հենց որ աչքըս գետի ջրից հագեցավ,
Ինձ թվաց, թե այն գետը, որ նախապես
Երկայնկեկ էր, կլորակ ձև ստացավ։
 
Ինչպես դեմքը, որ պատած է դիմակով,
Երբ դիմակը վար առնվի, կերևա
Սովորական ու բնական իր տեսքով,
 
Այսպես աչքիս երևացին բուն տեսքով
Այն կայծերն ու ծաղիկները, և տեսա
Երկնի երկու շքախմբերն անսքող։
 
Ո՛վ վերին Լույս, ուր ցոլացած ես տեսա
Վեհ հաղթանակն արքայության ճշմարիտ,
Տուր ինձ պատմել, թե ինչպես այն ես տեսա։
 
Արարիչը տեսանելի է դարձնում
Այդ Լույսը այն արարածին երկնային,
Որ նրան լոկ տեսանելով է հանգչում։
 
Բոլորաձև նա տարածվում է այնքան,
Որ իր անհուն շրջանակ կկազմեր
Արեգակի ճամար գոտի անչափ լայն։
 
Եվ այդ Լույսը բխում է այն շողերից,
Որ ցոլում են նախաշարժուն երկնքում
Եվ տալիս են նրան ուժեր կենսալից։
 
Ինչպես բլուրն իրեն նայում է լճում,
Ասես թե իր պաճուճանքը տեսնելու,
Երբ գարնանը ծաղկում է ու կանաչում,
 
Այսպես բոլոր հոգիները երանյալ
Լույսի շուրջը բազմաստիճան բոլորված՝
Նայում էին նրան համակ զմայլյալ։
 
Եթե ցածում այդպես կազմում էր լայն ծիր,
Ապա ինչքան լայնատարած կլիներ
Բացված վարդը իր թերթերում ծայրադիր։
 
Հայացքըս այդ անհունի մեջ հածելով
Չէր շլմորում, այլ ընդգրկում էր լրիվ
Երանությունն իր բովանդակ չափերով։
 
Այնտեղ նույն են մոտական ու հեռական,
Զի այնտեղ, ուր Աստված անձամբ է վարում,
Էլ տեղ չունեն օրենքները բնական։
 
Մինչ ես նայում էի լուռ ու զմայլված,
Բեատրիչեն դեպի կենտրոնն ինձ տարավ
Հավերժ վարդի, որի թերթերը բացված
 
Գովքի խունկեր են առաքում առ Աստված.
Նա ինձ ասաց. «Տես բազմությունը սրբոց
Ձյունասպիտակ հանդերձներով պարուրված։
 
Տես ինչքան է մեր քաղաքը տարածվում.
Տես մեր գահերն այնքան լցված են արդեն,
Որ անդ այլևս քիչ մարդկանց է սպասվում։
 
Այն մեծ գահին, որտեղ մի թագ կա դրված,
Եվ որին դու սևեռաբիբ նայում ես,
Դեռ մասնակից չեղած երկնի հարսանյաց,
 
Բազմելու է հոգին վեհանձն Հենրիկի,
Որ պիտի գա բարվոքելու Իտալիան,
Դեռ սա դրան չպատրաստված հայտնակի։
 
Բայց կույր շահը, որի դարձել եք գերին,
Ձեզ դարձրել է անմիտ՝ նման այն մանկան,
Որ, սովահար, վանում է իր դայակին։
 
Այն ժամանակ եկեղեցու հովվապետ
Կդառնա նա, ով հայտնապես կամ ծածուկ
Նույն ուղիով չի ընթանա վեհի հետ։
 
Բայց աստուծմով նա իր այդ սուրբ պաշտոնում
Կարճ կմնա, զի գահավեժ կսուզվի
Այնտեղ, որտեղ մոգ Սիմոնն է պատժվում,
 
Եվ Անանցուն ավելի խոր կխրի»։
</poem>
 
===Երգ երեսունմեկերորդ===
Վստահելի
1318
edits