Changes

Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում

Ավելացվել է 23 023 բայտ, 19:42, 9 Հուլիսի 2016
/* Գլուխ VIII */
Թագավորը ինձ դուր էր գալիս, և որպես թագավորի ես հարգում էի նրան, հարգում էի նրա կոչումը, հարգում էի գոնե այնքան, որքան առհասարակ ընդունակ էի հարգել որևէ անիրավի ստացած աստիճանը։ Բայց որպես մարդու, ես նրա ու նրա ազնվականների վրա նայում էի վերից վար, իհարկե, ինքս իմ մեջ։ Ես էլ էի դուր գալիս և թագավորին, և ազնվականներին, ու նրանք ինձ հարգում էին որպես պետական գործչի, բայց քանի որ ես տիտղոս չունեի և անունս էլ նշանավոր չէր, նրանք իրենց հերթին ինձ վրա նայում էին վերից֊վար և այդ անում էին բոլորովին բացահայտ։ Ես նրանց չէի պարտադրում իմ կարծիքը իրենց մասին, նրանք էլ ինձ չէին պարտադրում իրենց կարծիքը իմ մասին։ Մի խոսքով մենք քվիտ էինք, և ամեն ոք գոհ էր։
 
 
==Գլուխ IX==
 
Մրցախաղը
 
 
Քամելոտում մշտապես մեծ մրցախաղեր էին կազմակերպվում։ Այդ մարդկային ցլամարտերը շատ մոլեգին էին, գունեղ ու ծիծաղելի, բայց մի փոքր ձանձրալի՝ գործնական խելքի տեր մարդու համար։ Ինչևէ, ես միշտ ներկա էի լինում այդ մրցախաղերին երկու պատճառով․ նախ այն պատճառով, որ դուր գալ ցանկացող և մանավանդ պետական կոչվող մարդը չպետք է խուսափի այն բանից, ինչ մոտ է իր բարեկամների սրտին և այն հասարակությանը, որի մեջ ինքը ապրում է, ապա այն պատճառով, որ որպես և՛ գործունյա մարդ, և՛ պետական գործիչ ես ուզում էի ուսումնասիրել մրցախաղերը՝ ուսումնասիրելու համար, թե չե՞մ կարող արդյոք որևէ կերպ կատարելագործել դրանք։ Ես մոռացել եմ ասել, որ պաշտոնիս անցնելու առաջին իսկ օրը իրագործածս առաջին պետական միջոցառումը եղել է արտոնագրերի բյուրոյի հիմնումը, քանի որ ես գիտեի, որ առանց արտոնագրերի բյուրոյի և առանց գյուտարարների իրավունքը պաշտպանող հատուկ օրենքների, երկիրը նման է խեցգետնի և կարող է շարժվել միայն դեպի կողք ու ետ։
 
Մրցախաղերը տեղի էին ունենում ամեն շաբաթ, և երբեմն֊երբեմն մեր տղաները, նկատի ունեմ սըր Լանսելոտին և մյուսներին, համոզում էին ինձ մասնակցել, բայց ես ասացի, որ կամաց֊կամաց այդ էլ կլինի, շտապելու հարկ չկա, այժմ զբաղված եմ պետական մեքենան յուղելով, որը անհրաժեշտ է շուտով կարգի բերել և գործի գցել։
 
Պատահեց այնպես, որ մրցախաղերից մեկը տևեց մինչև մի շաբաթ, և մի հինգ հարյուր ասպետ մասնակցեց դրան, սկսած ամենանշանավորներից վերջացրած մանրուքով։ Նրանք ժամանել էին շաբաթներ առաջ։ Գալիս էին բոլոր կողմերից ձիերը հեծած, երկրի ամենահեռավոր ծայրերից, նույնիսկ ծովի մյուս կողմից։ Շատերը իրենց հետ տիկիններ էին բերում և բոլորը՝ զինակիրներ և ծառաների ամբողջ բանակներ։ Հագուստի տեսակետից դա մի շքեղ ու ճչացող ամբոխ էր, որը իր սանձարձակ անասնական զվարթությամբ, խոսակցության անմեղ անպատշաճությամբ և բարոյական ըմբռնումների նկատմամբ երջանիկ անտարբերությամբ շատ բնութագրական էր դարի և երկրի համար։ Ամեն օր կամ կռվում էին, կամ կռիվ դիտում, ամեն գիշեր երգում էին, պարում, խաղում և կոնծում։ Այդ ամբողջը նրանց մոտ համարվում էր ազնվականին վայել ժամանց։ Երբեք այդպիսի տարօրինակ մարդկանց չէի տեսել։ Նստարաններին տեղավորվում էին գեղեցիկ տիկինները, իրենց բարբարոսական հագուստների շքեղությունը փայլփլեցնելով և նայում էին, թե ինչպես են ձիուց ցած գլորում ասպետին՝ ոտնաթաթի հաստության նիզակը խրելով նրա կուրծքը, ինչպես էր արյունը շատրվանում և, ուշաթափվելու փախարեն, ծափ էին զարկում ու իրար գլխի թառում ավելի լավ տեսնելու համար։ Միայն երբեմն֊երբեմն նրանցից որևէ մեկը ցուցադրական ծածկում էր դեմքը թաշկինակով և վշտոտ տեսք էր ընդունում, այդ ժամանակ կարող էիք գրազ գալ, որ այդտեղ սիրային պատմություն կա և, որ տիկինը վախենում է, թե հանկարծ հասարակությունը անուշադրության մատնի այն։
 
Սովորաբար, ես տանել չեմ կարողանում գիշերային աղմուկը, բայց տվյալ պարագաներում նույնիսկ ուրախ էի, որովհետև դա չէր թողնում լսեի, թե ինչպես են հեքիմները սղոցում ցերեկը վնասվածների ոտքերն ու ձեռքերը։ Նրանք բթացրին իմ հազվադեպ լավ, հին սղոցի ատամները և նույնիսկ կոտրեցին բռնակը, բայց ես դա անհետևանք թողեցի։ Ես, այնուամենայնիվ, որոշեցի, որ, եթե վիրաբույժները խնդրեն իմ կացինն էլ, ապա ես ավելի լավ կլինի իմ դարը վերադառնամ։
 
Ես ոչ միայն օրեցօր հետևում էի այդ մրցաշարին, այլ իմ հասարակական բարոյականության և հողագործության դեպարտամենտում ընտրեցի ամենաբանիմաց քահանային ու հանձնարարեցի նրան հաշվետվություն կազմել, որովհետև մտադրություն ունեի մի լրագիր հիմնելու, երբ ինձ կհաջողվի փոքր֊ինչ քաղաքակրթել իմ ժողովուրդը։ Նոր երկիր ընկնելով, դուք նախ պետք է հիմնեք արտոնագրային բյուրո, ապա ստեղծեք կրթական ցանց և դրանից հետո էլ լույս ընծայեք լրագիր։ Լրագիրը իր թերություններն ունի, և դրանք քիչ չեն, բայց ոչինչ, այն կարող է դագաղի միջից ոտքի կանգնեցնել մեռյալ ազգին, և դա մոռանալ չի կարելի։ Առանց լրագիր դուք չեք կարող մեռյալ ազգին հարություն տալ, ուրիշ միջոց չկա։ Եվ ահա ես ուզում էի փորձ անել և տեսնել, թե ինչ կարգի թղթակցական նյութ կարող էի ստանալ վեցերորդ դարում, եթե դրա կարիքը ունենայի։
 
Է՛, իմ քահանան ըստ էության վատ չէր աշխատել։ Այն ամենը, ինչ նկարագրել էր, նկարագրել էր շատ մանրամասն, իսկ տեղական լուրերի բաժնի համար հենց այդ էր պետք։ Գիտե՞ք, երիտասարդ ժամանակ նա եկեղեցում վարել է թաղումների գրառումները, իսկ այդ գործում հիմնական եկամուտը գոյանում է մանրամասնությունների հաշվին, որքան շատ մանրամասնություն, այնքան շատ դրամ՝ բեռնակիրներ, ջահակիրներ, մոմեր, աղոթքներ, ամեն ինչ գրանցվում է հաշվի մեջ և, եթե ննջեցյալի հարազատները քիչ աղոթքներ են պատվիրում, ապա դուք երկսայր մատիտով կրկնապատկում եք մոմերի թիվը և ձեր հաշվի մեջ նորից ամեն ինչ կարգին է։ Բացի այդ, նա այստեղ֊այնտեղ հաճոյախոսություն էր անում այն ասպետի հասցեին, որը կարող էր տեղադրել շահավետ ազդ․․․ ո՛չ, ներողություն, ուզում եմ ասել, որը ազդեցություն ուներ արքունիքում։ Եվ առհասարակ, նա չափազանցնելու շնորհքով էր օժտված, որովհետև ժամանակին որպես դռնապան էր ծառայել մի բարեպաշտ ճգնավորի մոտ, որը ապրում էր խոզանոցում և հրաշքներ արտադրում։
 
Ինքնին հասկանալի է, որ այս սկսնակի հաշվետվության մեջ բացակայում էին աղմուկը, ճարճատյունը, սարսուռ ազդող բառերը, գուցե և պետք էր հնչեղություն ավելացնել, բայց նրա հնամենի ոճը քմածին էր, քաղցր ու պարզ, իր ժամանակի անուշաբույրով լեցուն, և այդ փոքրիկ արժանիքները հայտնի չափով նվազեցնում էին նրա խոշոր թերությունները։ Ահա մի քաղվածք․
 
 
«․․․Այդ ժամանակ արքունական ասպետները սըր Բրայեն դը լեզ֊Այլսը և Գրումմոր Գրումմորսումը դեմ դիմաց եկան սըր Ագլովեյլի և սըր Թորի հետ, և սըր Թորը գետին շպրտեց սըր Գրումմեր Գրումմորսումին։ Ապա առաջ եկան արքունական ասպետներ սըր Քարադոսը՝ թախծաշատ աշտարակից և սըր Թարքիլը, և նրանց դիմաց ելան սըր Պերսիվեյլ դը Գալիս և սըր Լամորակ դը Գալիս երկու եղբարյները, և սըր Պերսիվեյլը մարտնչեց սըր Քարադոսի հետ ու երկուսն էլ ջարդեցին իրենց տեգերը, իսկ սըր Թարքիլը՝ սըր Լամորակի հետ ու երկուսն էլ ձիերով և զենք ու զրահով գետին գլորվեցին, բայց նրանց օգնության հասան ու նորից ձի նստեցրին։ Արքունի ասպետներ սըր Արնոլդը և սըր Գոտերը դեմ դիմաց ելան սըր Բրենդայլսի և սըր Քեյլի հետ, և այդ չորս ասպետները մարտնչեցին ահեղ և իրար ձեռքերից դուրս գցեցին նիզակները։ Ապա առաջ եկավ արքունի ասպետ Պերտոլոպը և նրա դեմը ելավ Լայոնելին, և կանաչ ասպետ սըր Պերտոլոպը գետին շպրտեց սըր Լայոնելին, սըր Լանսելոտի եղբորը։ Ազնվազարմ մունետիկները նրան հաղթող հայտարարեցին և փառաբանեցին նրա անունը։ Ապա սըր Բլերբարիսը ջարդեց իր նիզակը սըր Գարեթի վրա, բայց ինքը իր հարվածի ուժից գետին գլորվեց։ Այս տեսնեով, սըր Գալիհոդինը մարտահրավեր նետեց սըր Գարեթին, և սըր Գարեթը նրան գետին գլորեց։ Ապա սըր Գալիհուդը վերցրեց տեգը վրեժխնդիր լինելու իր եղբոր համար, բայց սըր Գարեթը վայր նետեց սրան էլ, սըր Դայնընդենին ու նրա եղբայր Լա Քոթ֊Մել֊Թելին էլ, սըր Սագրամոր Ցանկալիին էլ, սըր Դոդինաս Վայրագին էլ։ Նա դրանց բոլորին հաղթեց մի նիզակով։ Սըր Գարեթին նայելով, Իռլանդիայի արքա Էգվիզենսը ուղղակի զարմանում էր․ հենց նոր այս ասպետը կանաչ էր և հանկարծ կապույտ դարձավ։ Եվ այդպես ամեն անգամ, երբ նա ետ ու առաջ էր արշավում, փոխում էր իր հագուստի գույնը, այնպես որ ոչ թագավորը, ոչ էլ ասպետները չէին կարողանում նրան անմիջապես ճանաչել։ Ապա սըր Գարեթի դեմ ելավ սըր Էգվիզենս արքան Իռլանդիայի, նա սրան թամբի հետ միասին գետին գլորեց։ Այդ ժամանակ առաջ եկավ Շոտլանդիայի արքա Կարադոսը, և սըր Գարեթը նրան էլ ձիու հետ գետին գլորեց։ Սըր Գարեթը նույնպես վարվեց նաև Պերոզ երկրի արքա Ուրիենսի հետ։ Ապա առաջ եկավ սըր Բագդեմագուսը, և սըր Գարեթը նրան էլ ձիու հետ գետին նետեց։ Այդ ժամանակ Բագդեմագուսի որդի սըր Մելիգանուսը արիամարդ ու ասպետավայել կոտրեց իր տեգը սըր Գարեթի վրա։ Այդ ժամանակ սըր Գալահոլտ ազնվազարմ արքայազնը բարձրաձայն գոռաց․ « ― Բազմագույն ասպետ, դու լավ ես մարտնչում, բայց պատրաստվիր, քանզի ես եմ գալիս քեզ վրա»։ Սըր Գարեթը լսեց նրան և մի երկար նիզակ վերցրեց, ու նրանք իրար դեմ ելան, և արքայազնը ուղղեց իր տեգը նրա կրծքին, բայց սըր Գարեթը այնպես հարվածեց նրա սաղավարտի ձախ կողմին, որ նա օրորվեց և ցած պիտի ընկներ, եթե իր մարդիկ օգնության չհասնեին։ « ― Իսկապես, ― ասաց Արթուր թագավորը, ― այդ բազմագույն ասպետը քաջ ասպետ է»։ Եվ թագավորը իր մոտ կանչեց սըր Լանսելոտին ու խնդրեց նրան դուրս գալ այդ ասպետի դեմ։ « ― Սըր, ― ասաց Լանսելոտը, ― սիրտս ասում է, որ ես այսօր պիտի դուրս չգամ նրա դեմ։ Նա այսօր բավականին հոգնած է և, եթե քաջ ասպետը մի օրում այդքան սխրանքներ է արել, վայել չէ մի ուրիշ քաջ ասպետի խլել նրանից նրա վաստակած փառքը, մանավանդ, երբ տեսնում ես, որ այդ ասպետը այդքան քրտինք է թափել, քանզի այստեղ, ասպետների մեջ գուցե ներկա է նրա ախոյանը, և, գուցե, նրա ընտրյալ տիկինը գերադասում է սույն ախոյանին և, գուցե նա հավաքել է վերջին ուժերը այս մեծ սխրանքները կատարելու համար։ Ահա թե ինչու նաև, ― ասաց սըր Լանսելոտը, ― ես ցանկանում եմ, որ ամբողջ պատիվը այսօր նրան բաժին ընկնի, և ես չեմ զրկի նրան այդ փառքից, թեպետ կարող եմ»։
 
 
Նույն օրը մի փոքրիկ տհաճ դեպք պատահեց, որը ես պետական նկատառումներից ելնելով, դուրս եմ նետել իմ քահանայի հաշվետվությունից։ Դուք արդեն նկատել եք, որ Գարրին բոլորից շատ էր մարտնչել այդ տուրուդմբոցի ընքացքում։ Գարրի ասելով ես նկատի ունեմ սըր Գարեթին։ Ես նրան պարզապես Գարրի անվանեցի, և այդ, հավանաբար, ձեզ հուշում է այն միտքը, թե ես բարեկամաբար էի տրամադրված նրա նկատմամբ։ Ինչ կա որ, հենց այդպես էլ էր։ Ասենք, այդ մտերմիկ անունը ես երբեք բարձրաձայն չէի արտասանում ուրիշների, առավել ևս իր ներկայությամբ․ լինելով ազնվազարմ մարդ, նա երբեք չէր հանդուրժի նման տնավարություն իմ կողմից։ Ուրեմն այսպես։ Ես նստած էի առանձին օթյակում, որը ինձ էր տրամադրված որպես թագվորի մինիստրի։ Սըր Դայնըդենը, որը մարտնչելու իր հերթին էր սպասում, եկավ ինձ մոտ, նստեց ու սկսեց շատախոսել։ Նա միշտ փնտրում էր իմ ընկերակցությունը, որովհետև ես օտարական էի, իսկ նա սիրում էր իր կատակների համար թարմ շուկա ունենալ։ Համա թե կատակներ եմ ասել, հա՜։ Դրանք այնքան էին մաշված, քաշկոտված, որ պատմելիս ծիծաղում էր միայն ինքը, իսկ մյուսների սիրտն էր խառնում։ Այնուամենայնիվ, ես աշխատում էի նրա նկատմամբ հնարավորին չափ լավ վերաբերմունք ցույց տալ և այդ անում էի միայն այն պատճառով, որ նա երբեք չէր պատմում ինձ կյանքումս ամենից շատ զզվեցրած անեկդոտը, թեպետ այդ անեկդոտը, դժբախտաբար, նրան հայտնի էր։ Այդ անեկդոտը ես ամենից հաճախ էի լսել և ամենից ավելի էի նզովել ու ատել։ Դա վերագրում էին ամեն մի կատակաբանի, որը երբևէ ոտք էր դրել ամերիկյան հողի վրա Կոլումբոսից մինչև Արտեմիս Ուորդը։ Ըստ այդ անեկդոտի մի կատակաբան դասախոս ամբողջ կլոր ժամ իր ունկնդիրներին հրամցնում էր շատ սրամիտ կատակներ և նույնիսկ ոչ մի ժպիտ չէր կարողանում կորզել։ Իսկ երբ արդեն մեկնելու վրա է լինում, մի քանի ալեհեր ապուշներ սեղմում են նրա ձեռքը ու ասում, թե երբեք ավելի ծիծաղելի բան չեն լսել և, թե «ամբողջ եկեղեցական արարողության ընթացքում դժվարությամբ էին զսպում ծիծաղները»։ Այդ անեկդոտը իր օրում երբեք տեղին չի պատմվել և, այնուամենայնիվ, իմ կյանքում այն առիթ եմ ունեցել հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր և միլիարդավոր անգամ լսել, և լսելիս լաց եղել, անիծելով ամեն ինչ։ Այժմ ո՞վ չի կարող պատկերացնել, թե ինչ զգացի ես, երբ այս զրահակիր էշը սկսեց պատմել դա, ալեհեր հնության մթնշաղին, պատմության արշալույսին, երբ նույնիսկ Լակտանցիուսին կարելի էր կոչել «նորոգ հանգուցյալ Լակտանցիուս»<ref>Մ․ Թ․ 4֊րդ դարի քրիստոնեա հեղինակ։ Նրա գրչին պատկանում են մի շարք աստվածաբանական աշխատություններ։</ref> և մինչև խաչակիրների ծնունդը դեռ մի հինգ հարյուր տարի կար։ Հազիվ էր նա ավարտել, երբ ներս ընկավ տղա֊սուրհանդակը ու նրան մրցախաղի կանչեց։ Սատանայական քրքիջով, որոտալով ու զնգալով ինչպես երկու երկաթով լի զամբյուղը, նա դուրս եկավ օթյակից, և ես կորցրի գիտակցությունս։ Ուշքի եկա, բացեցի աչքերս հենց այն պահին, երբ սըր Գարեթը նրան մի սոսկալի հարված հասցրեց, և ես ակամայից արտաբերեցի․ «Օ՜, աստված իմ, գոնե սպանեիր»։ Բայց բախտի դժխեմ խաղով, դեռ բառերիս կեսը չարտասանած, սըր Գարեթը ձիուց վար նետեց սըր Սագրամոր Ցանկալիին, և սըր Սագրամորը իմ բացականչությունը իր հաշվին ընդունեց։
 
Իսկ եթե մարդկանցից մեկը իր գլուխը մի բան է մտցնում, այլևս այնտեղից դուրս բերելու հնար չկա։ Ես դա գիտեի, այնպես որ խնայեցի շունչս և չփորձեցի բացատրություններ տալ։ Հենց որ սըր Սագրամորը ապաքինվեց, նա հայտարարեց, որ մենք մի փոքր հաշիվ ունենք հարթելիք։ Նշանակեց օրը՝ երեք թե չորս տարի հետո, և տեղը՝ ճիշտ այն վայրը, որտեղ վիրավորանքը հասցվել էր։ Ես ասացի, որ մինչ նա վերադառնա, ես պատրաստ կլինեմ։ Բանը այն է, որ նա մեկնում էր փնտրելու սուրբ Գրաալը։<ref>Ըստ անգլիական ավանդավեպերի «սուրբ Գրաալը» Քրիստոսի արյունով լեցուն մի գավաթ է, բարոյական կատարելության խորհրդանիշ։ Միջնադարյան ասպետները պարբերաբար «սուրբ Գրաալի որոնումների էին դուրս գալիս։</ref> Բոլոր մեր տղաները ժամանակ առ ժամանակ չվում էին սուրբ Գրաալի կողմերը։ Այդ ճանապարհորդությունը մի քանի տարի էր տևում, և նրանք ամենաբարեխիղճ կերպով թափառում էին երկրից երկիր, թեպետ ոչ մեկը ոչ մի գաղափար չուներ սուրբ Գրաալի գտնվելիք վայրի մասին և, իմ կարծիքով, հազիվ էլ հոգու խորքում հուսալիս լիներ, թե կգտնի այդ, և, եթե նույնիսկ պատահմամբ էլ հանդիպեր, չէր իմանա, թե ինչ աներ այդ սուրբ Գրաալ կոչվածը։ Գիտե՞ք, դա մեր Հյուսիս֊Արեևմտյան Անցուղու<ref>Նկատի ունի իտալո֊անգլիական ծովագնացների փորձերը՝ Ամերիկայի հյուսիսային ափերով դեպի Հնդկաստան ճանապարհ գտնելու համար։</ref> որոնումների նման մի բան էր, և ուրիշ ոչինչ։ Ամեն տարի սուրբգրաալյան արշավախմբեր էին մեկնում, իսկ հաջորդ տարին նոր արշավախմբեր էին ճանապարհ ընկնում, նախորդ տարվանը որոնելու համար։ Այդ արշավների ժամանակ կարելի էր փառք վաստակել, բայց ոչ երբեք փող։ Եվ դեռ ուզում էին ինձ էլ քարշ տալ։ Ես միայն ծիծաղում էի։
 
Ադմին, Վստահելի
1876
edits