Changes
/* 10 */
Երկնքի ու օդի ճնշումը ներխուժել էր գլխի մեջ։
=11=
Աչքերի հետևի անքննելի կենտրոնի առջև քանդակի պես մի միտք էր ձևավորվում։ Ժամանակազուրկ մի միջոցի ընթացքում նա դիտում էր այդ միտքը, մինչ քրտինքի կաթիլները բշտիկից բշտիկ էին ծորում։ Սակայն նա գիտեր, որ այդ գաղափարը թշնամի է, և, տեսնելով հանդերձ, հանձն չէր առնում ու թույլ չէր տալիս, որ այն, իրականանալով, կցվի իրեն։ Ծանրաշարժ կենտրոնի միակ ակտիվությունն այժմ սեփական ինքնությանը վերաբերող մտորումներն էին, մինչև գաղափարը, զբոսայգում անուշադրության մատնված արձանի պես, ինչ֊որ տեղ դեռ կար։ Քրիսթըֆըրը, Հադլին և Մարթինը անջատ֊անջատ բեկորներ էին, և կենտրոնը մխում էր բութ վրդովմունքից, որ նրանք ցրվել են ու չեն միանում։ Լուսամուտը զբաղեցնում էր խայտաբղետ մի պատկեր, բայց իր արտասովոր վիճակում կենտրոնն այդ պատկերը որպես արտաքին չէր ընկալում։ Լուսամուտը զբաղեցնում էր խայտաբղետ մի պատկեր, բայց իր արտասովոր վիճակում կենտրոնն այդ պատկերը որպես արտաքին չէր ընկալում։ Այն մութ սենյակի միջի միակ տեսանելի բանն էր, պատին կախված լուսավոր նկարի նման։ Դրանից ներքև ծորացող հեղուկի ու կարծր մակերևույթի զգացումն էր։ Որոշ ժամանակ կենտրոնն ինքնամփոփ էր։ Քրիսթըֆըրը, Հադլին և Մարթինը հեռավոր բեկորներ էին։
Նկարի վրա մազերի և մաշկի վարագույր ընկավ, և դիտելու ոչինչ չմնաց, բացի մտքից։ Միտքը ճանաչվեց։ Մտքի հետ խուժած սարսափը ցնցեց ու դրդեց նրան մարմինը գործի դնել։ Նյարդերը բռնկվեցին, մկանները պրկվեցին, թրթռացին, ցնցվեցին, միտքը վերածվեց բերանին գահավիժող խոսքերի․
― Էլ երբեք ժայռից դուրս չեմ պրծնի։
Սարսափն արեց ավելին։ Այն շտկեց ծալված ոսկորներն ու ոտքի հանեց նրան, երկնքի ճնշման տակ Դիտակետով մեկ գլորելով, մինչ նա ի վերջո կառչեց Թզուկից։ Քարե գլուխը կամացուկ ճոճվեց, և արևը սկսեց վերուվար անել արծաթյա դեմքի վրա։
― Տա՛ր ինձ էս ժայռից։
Թզուկը բարյացակամ գլխով արեց։
Նա կքվեց սպիտակավուն ակոսներից մեկի մոտ, և խայտաբղետ պատկերը կրկին վերածվեց տեսողության։
Քրիսթըֆըրը, Հադլին և Մարթինը մասամբ ետ վերադարձան։ Նա պատկերը տարածեց շուրջբոլորը, հագցնելով այն երկնքի, ժայռի ու ծովի վրա։
― Ճանաչիր թշնամուդ։
<b>Մարմինն անպաշտպան մնալուց հիվանդացել է։ Սննդի թունավորումն աշխարհը վերածել է խելագարանոցի։ Մնացել են միայնությունն ու ձեռքից գնացող հույսը։ Ու նաև՝ սոսկալի միտքը։ Ուրիշ մտքեր էլ կան, չարտաբերված ու չընդունված։</b>
― Դուրս բեր դրանց, տես ի՛նչ են։
<b>Ջրի միակ պաշարը մազից է կախված, տիղմի չնչին թաղանթից։ Սնունդն օրեցօր պակասում է։ Մարմինն ու միտքը սոսկալի ճնշման են ենթարկվում։ Քնելուց ամեն անգամ պայքար է սկսվում ֆիլմերի մնացուկների հետ։ Հետո կար նաև․․․</b>
― Կար ու հիմա՛ էլ կա։
Նա պպզեց ժայռի վրա։
― Դուրս բեր ու տե՛ս։
<b>Ինչ֊որ բան է ձևավորվում։ Չգիտեմ, թե ինչ, բայց անգամ աղոտ կռահումից բանականությունս սկսում է երերալ։</b>
― Զե՛նք։ Ես զենք ունեմ բանեցնելու։
Բանականությունս։ Քարի պես կամք։ Վերջին խրամատին հասած վերապրելու կամք։ Կրթություն, բոլոր նախատիպերի բանալին, ինքնին նախատիպ ստեղծելու ընդունակ։ Գիտակցություն քուն մտած աշխարհի գրկում։ Անխոցելի սև կենտրոն, միանգամայն վստահ սեփական պիտանիությանը։
Նա սկսեց խոսել օդի տափակ ծծանի մեջ։
― Ողջախոհությունն իրականությունը գնահատելու հատկությունն է։ Ո՞րն է իմ վիճակի իրականությունը։ Ես ժայռի վրա եմ Ատլանտյան օվկիանոսի մեջտեղում, մենակ։ Շուրջբոլորս երերուն ջրի հսկայական տարածք է։ Բայց ժայռը պինդ է։ Նա իջնում է ներքև ու միանում ծովի հիմքին, որն իր հերթին միանում է իմ ճանաչած հիմքերին, ափերին ու քաղաքներին։ Ես չպետք է մոռանամ, որ ժայռն անշարժ է ու պինդ։ Եթե ժայռը շարժվեր, ես կխենթանայի։
Վերևում թևահարելով անցավ թռչող մողեսն ու տեսադաշտից դուրս ընկավ։
― Պետք է կառչել։ Առաջինը կյանքից, հետո՝ ողջամտությունից։
Նա կրկին վարագուրեց լուսամուտը։
― Ես թունավորված եմ։ Դարձել եմ ֆուտբոլի դաշտի երկարության ոլորված խողովակի պատանդը։ Դժոխքի բոլոր սարսափները կարող են առարկայանալ ընդամենը մի փորկապության մեջ։ Ի՜նչ օգուտ չարի ու բարու միջև քարշ գալուց, երբ գալարված վիշապը հենց մարմնիդ մեջ է։
Նա միտումնավոր պատկերացրեց իր որովայնը, աղիքների դանդաղ, խեղդված շարժումը, փափուկ կերակրի փոխակերպումը թունավոր խցանի։
― Ես Ատլասն եմ։ Պրոմեթևսը։
Նա զգաց, թե ինչպես է աճում, ահագնանում ժայռի վրա։ Ծնոտները սեղմվեցին, կզակը ցած իջավ։ Նա վերածվեց մի հերոսի, որի համար անհնարինը լոկ հերթական նվաճում է։ Նա ծունկի իջավ ու անգթորեն սողաց ժայռն ի վար։ Գտավ փրկագոտին, հանեց դանակն ու մետաղյա պտուկը խողովակից կտրեց։ Նա սողաց Կարմիր Առյուծի մոտ, և այս անգամ նրան երաժշտական դրվագներ էին ուղեկցում՝ Չայկովսկի, Վագներ, Հոլստ։ Սողալը պարտադիր չէր, բայց երաժշտությունն ընդգծում էր ի հեճուկս ամենի դանդաղ, աննկուն ընթացքի հերոսականությունը։ Խեցիների դատարկ փեղկերը կավի բեկորների պես փշրվում էին նրա ոսկորների տակ։ Երաժշտությունը սաստկացավ և ներսից պատռվեց փողայինների պղինձով։
Նա մոտեցավ մամռոտ խեցիով և երեք ամոթխած անեմոններով ջրափոսին։ Փոքրիկ ձկնիկը դեռ պառկած էր հատակին, բայց՝ ուրիշ տեղում։ Նա փրկագոտին մտցրեց ջրի տակ, և ձկնիկը սկսեց խելակորույս դես ու դեն նետվել։ Խողովակից պղպջակների շարան դուրս եկավ։ Նա սեղմեց երկար փամփուշտն ու նորից այն բաց արեց։ Ջուրը փոքրիկ բաժիններով սկսեց պղպջակների միջով մտնել պտուկը։ Մնաց միայն լարայինների խորունկ թրթիռը։ Նա փրկագոտին հանեց դուրս և ծանրութեթև արեց։ Փամփուշտից չլմփոց եկավ։ Նա այն նորից ընկղմեց ջրափոսն ու շարունակեց լցնել։ Լարայինները շարունակեցին, նրանց ավելացան փայտյա փողայիններն ու պղնձի մի երկու հնչյուն։ Շուտով, ուր որ է պիտի հնչեր այն ձիգ ակորդը, որն ամբողջ նվագախումբը պատրաստելու էր կադենցիային։ Խեցու մամռոտ գագաթն արդեն ջրից դուրս էր մնացել։ Հանկարծակի տեղատվության որոգայթն ընկած ձկնիկն արևի տակ թպրտում էր ժայռի թաց մակերեսին։ Անեմոններն է՛լ ավելի պինդ էին կոծկել իրենց բերանները։ Փրկագոտու փամփուշտն արդեն երեք քառորդով լի էր։
Ոտքերն իրարից հեռացնելով, նա պպզեց ժայռին։ Երաժշտությունն ուժեղացավ, արևն ու ծովը միացան նվագին։ Տիեզերքը շունչը պահեց։ Հոգոցներ հանելով ու տնքալով, նա պտուկը մտցրեց հետևը։ Ապա երկար փամփուշտը ծալեց, նստեց վրան և սկսեց երկու ձեռքով տրորել ու սեղմել։ Աղիքները զգացին ծովաջրի սառը շիթը։ Նա շարունակեց սեղմել, մինչև որ փրկագոտին թուլացավ ու փափկեց։ Նա հանեց խողովակն ու զգուշորեն սողաց ժայռի եզրի մոտ, մինչ նվագախումբն ամպագոռգոռ դադար առավ։
Կադենցիան ուր որ է գալիս էր՝ վրա հասավ։ Այն կատարվեց անթերի տեխնիկայի ցնծագին պոռթկումով դեպի ծովը։ Այն նման էր ամբարտաի փլուզման, համայն խոչընդոտների կործանման։ Ջղակծկումների հերթագայությամբ, ազդեցիկ ակորդներով ու կայտառ արպեջիոներով, կադենցիան խլում էր նրա ուժերը, մինչև որ նա, թափուր ու պրկված, փռվեց ժայռին, և նվագախումբը լռեց։
Նա դեմքը դարձրեց ժայռի կողմն ու չարախնդաց իր ախոյանին։
― Կերա՞ր։ Իմ հախից չես գա։
Երկնքի ծանր ձեռքն իջավ նրա վրա։ Նա ծունկի կանգնեց միդիաների փեղկերի միջև։
― Հիմա ես արդեն նորմալ եմ ու էլ այդ աստիճան մարմնիս ստրուկը չեմ լինի։
Նա նայեց անկենդան ձկնիկին։ Ապա մատով դրան հրեց անեմոնի բերանի մոտ։ Շոշափուկները դուրս եկան, որ հափշտակեն ավարը։
― Սրանք խայթում են։ Թույնով։ Ես անեմոններից եմ թունավորվել։ Երևի վերջին հաշվով միդիաներով յոլա գնամ։
Նա իրեն փոքր֊ինչ ավելի պինդ զգաց և պակաս հերոսական, այնպես որ սողալու կարիք այլևս չկար։ Դանդաղ գնաց դեպի Դիտակետ։
― Ամեն ինչ կարելի է կանխատեսել։ Ես գիտեմ, որ չեմ խեղդվի ու չխեղդվեցի։ Հետո էս ժայռը։ Ես գիտեի, որ կապրեմ սրա վրա ու խնդրեմ՝ ապրում եմ։ Ես հաղթեցի մարմնիս միջի օձին։ Ես գիտեի, որ տառապելու եմ ու ահա տառապում եմ։ Բայց հաղթողը ես եմ։ Որոշ իմաստով կյանքը հիմա նորից է սկսվում, չնայած այս ամբողջ ճնշմանն ու ծծանին։
Նա նստեց Թզուկի մոտ և ծնկները մոտ քաշեց։ Տեսողությունը տեղափովել էր դուրս, նա նորից ապրում էր աշխարհում։
― Կարծես թե քաղցած եմ։
Իսկ ինչո՞ւ չէ, եթե կյանքը նորից է սկսվում։
― Ափսեի վրա դրված ուտելիք։ Լիքը ուտելիք ու հանգստություն։ Խանութներում, մսագործի մոտ, ոչ թե լողացող, բռունցքի պես փակվող ու ճեղքեր մտնող ուտելիք, այլ՝ սալի վրա, անկենդան կույտով, ծովի ամբողջ բերքը․․․
Նա նայեց ծովին։ Տեղատվություն էր, և երեք ժայռերից ծովով մեկ շողշողուն հետք էր ձգվում։
― Օպտիկական պատրանք։
Ժայռն անշուշտ անշարժ էր։ Թվում էր, թե այն դանդաղ առաջ է գնում, որովհետև աչքը բաղդատելու ուրիշ կետ չուներ։ Բայց հորիզոնից այն կողմ ափ կար, որը մնում էր նույն հեռավորության վրա, մինչ ջուրը շարժվում էր։ Նա խոժոռ ժպտաց։
― Վատ խաղ չէր։ Շատերը կխաբվեին։
Գնացքի նման, որը կարծես հետ է մղվում, երբ կողքինը սկսում է առաջ շարժվել։ Շեղ գծերի պես, որոնց հատում է ուղիղ գիծը։
― Քանի որ ժայռն, ինչ խոսք, կայուն է, իսկ ջուրը շարժվում է։ Հիմա կտեսնենք։ Մակընթացությունը հսկա մի ալիք է, որը, գլորվում է երկրի վրայով․․․ ավելի շուտ, երկիրն է պտտվում ալիքի տակ, այնպես որ ես ու էս ժայռը․․․
Նա հապճեպ նայեց ոտքերի տակի ժայռին։
― Այնպես որ ժայռը կայուն է։
Ուտելիք։ Ոչ թե ազատ լողացող, այլ՝ սալի վրա կիտված, ծովի բոլոր բարիքները, խեցգետին, ոչ թե բռունցքի պես փակվող ու ճեղք սպրդող, այլ․․․
Նա ոտքի ցատկեց։ Նրա հայացքը հառած էր երեք ժայռերի կողքի այն տեղին, ուր ծովի տակ ջրիմուռներ էին աճում։ Նա գոռաց․
― Ո՞վ է տեսել դրա պես խեցգետինը ծովում լող տա։ Կարմիր խեցգետինը։
Ինչ֊որ բան հափշտակվեց։ Նա մի պահ զգաց, թե ինչպես է վայր ընկնում, դրանից հետո խավարի միջոցն էր, որտեղ ոչ ոք չկար։
Ինչ֊որ բան ծագում էր։ Այն վստահ չէր իր ինքնությանը, քանի որ սեփական անունը չէր հիշում։ Այն մասնատված էր ու անկազմակերպ։ Այն փորձում էր բեկորներն իրար կցել, որպեսզի հասկանա, թե ինքն ինչ է։ Բեկորները երերալով միացան, և նա հայտնվեց կողքի վրա ժայռին փռված։ Բերանից խռխռոց էր գալիս։ Ոլորանների խորքում մորմոքի զգացում կար։ Հիման, երբ էլ որ հիման լիներ, սարսափի պահից անջատված էր, և դա թույլ էր տալիս նրան մոռանալ սարսափի պատճառը։ Անջատման խավարն ավելի թանձր էր, քան քնելունը։ Այն ցանկացած կենդանի խավարից ավելի խորն էր, որովհետև ժամանակը կանգ էր առել կամ վերջացել էր։ Այն անգոյության մի միջոց էր, աշխարհից տանող մի հոր, և սոսկ ապրելու ճիգն այժմ այն աստիճան հյուծող էր, որ նա ուրիշ բանի ընդունակ չէր, պառկած ապրելուց բացի։
Վերջապես նա մտածեց։
<b>Ես մեռած էի։ Դա մահ էր։ Ես մահու չափ վախեցել էի։ Հիմա բեկորներս իրար են միացել ու ես ապրում եմ։</b>
Տեսարանը նույնպես փոխվել էր։ Երեք ժայռերն ավելի մոտ էին, և ինչ֊որ սուր բաներ՝ «միդիաներ», փայլուն կռահեց նա, կտրում էին նրա այտը։
― Ո՞վ ինձ բերեց ներքև։
Խոսքերի հետ մի բան ցավեց, և նա ցավը գտավ լեզվի ծայրում։ Լեզվի ծայրն ուռած էր, բերանն աղի էր։ Նա տեսավ կողքին փռված դատարկ շալվարն ու ժայռի վրայի տարօրինակ բծերը։ Բծերը սպիտակ էին ու զուգահեռ։ Նրանց մեջ արյուն կար ու փրփուրի հետքեր։
Նա դարձավ մնացած մարմնին։ Քոթուկի պես կոշտ առարկան նա ճանաչեց որպես հետ ոլորված իր թևը։ Դա նրան բերեց հոդերի ցավին։ Նա թևն ազատեց ու նայեց ձեռքի ափին։
Նա տեսավ, որ վարտիքը հագին չէ, որովհետև կախված է աջ ձեռքից, պատառոտված ու արյունոտ։
― Կռիվ եմ արել։
Նա մնաց պառկած, բթացած մտածելով։
― Ժայռի վրա մեկն էլ կա։ Թաքուն եկել ու դնգստել է ինձ։
Դեմքը ծամածռվեց։
― Հիմար մի եղիր։ Դու մեն֊մենակ ես։ Նոպա ես ունեցել։
Նա փնտրեց ձախ ձեռքն ու այն գտավ ցավի հևոցով։ Մատները կծկված էին։
― Ինչքա՞ն ժամանակ է անցել։ Հիմա էսօ՞ր է, թե՞ երեկ։
Նա հենվեց ձեռքերի ու ծնկների վրա։
― Հենց որ ես հաղթող դուրս եկա ու ինքս ինձ գտա, ինչ֊որ բան պատահեց։ Սարսափ։ Հանգամանքներից ինչ֊որ բան էր սկսում ձևավորվել։
Հետո՝ անգոյության կիրճը։
― Կիրճի այս կողմը մյուսից տարբեր է։ Ոնց որ երբ լույսերը փորձելուց հետո միանգամից բոլորն անջատում են։ Պայծառ, ամուր բեմի փոխարեն մնում են հերթապահ լույսի տակ գործ երևացող ներկած ուրվագծերը։ Շախմատի նման։ Փառավոր հարձակման կեսից բաց ես թողնում մի շախ, ու խաղը վերածվում է կռվի։ Ոտքով֊ձեռքով կապված ես։
Պայծառ ծովն ու ժայռը, հույսը, չնայած խեղճացած, հերոսությունը։ Եվ ապա՝ նվաճման, ճանաչման պահին, իջնող ձեռքի պես՝ սարսափը։
― Հիշածս ինչ֊որ բանն էր պատճառը։ Լավ կլինի էլ չհիշեմ։ Չմոռանամ մոռանալ։ Խենթությո՞ւն։
Ավելի վատ։ Ողջամտություն։
Նա չորեքթաթ առաջ սողաց, ցիրուցան հագուստով ու ժայռին մնացած հետքերով փորձելով վերականգնել նոպայի ընթացքը մինչև այն տեղը, որտեղից այն սկսվել էր։ Թզուկի մոտ նա կանգ առավ ու ցած նայեց ժայռի վրա քերծված խազերին, որոնց վրա այժմ ատամների հետք կար։
― Դա կարելի էր ակնկալել։ Պետք է ամեն ինչ ակնկալել։ Ինչ որ լինելու է, լինում է, մի մոռացիր։
Նա մտածկոտ նայեց ծովի մեջ ժայռից ձգվող հետքին։
― Չպետք է ծովին նայեմ։ Իսկ գուցե պե՞տք է։ Ո՞րն է լավ, խենթանա՞լ, թե՞ ողջախոհ մնալ։ Ավելի լավ է նորմալ մնալ։ Չե՛մ տեսել աչքիս երևացածը։ Ես սխալ եմ հիշել։
Ապա մի կարևոր միտք ծագեց, որը դրդեց նրան խուզարկել ժայռը, ոչ թե հենց այնպես, այլ՝ մանրամասն, սանտիմետր առ սանտիմետր։ Մի ամբողջ հավերժություն այդպես փնտրելուց՝ ճեղքերից, դմփոցներից, կարծրությունից հետո, նա հիշեց, որ հիմարություն է թխկթխկացնելու համար փյատ որոնելը, քանի որ փայտ չկա։
Վարտիքը դեռևս քարշ էր գալիս նրա ձեռքից, և նա հանկարծ որոշեց այն հագնել։ Դրանից նրա գլխի մշուշը ցրվեց, թողնելով միայն ցավը։ Նա ձեռքը տարավ ցավին և մազերի տակ մի ելունդ հայտնաբերեց։ Մազերն արյունից իրար էին կպել։ Ապա նա զննեց ոտքերը։ Սպիտակ բշտիկները փոքրացել էին և այլևս կարևորություն չէին ներկայացնում։ Նա վերհիշեց սովորույթն ու ներս սողաց ջրի անձավը։ Դեռ ջուր չխմած, նա անձավի հեռավոր բացվածքում լույսի հանկարծակի մի փայլատակում տեսավ, և բանականության խորին մի բնազդ նրան հետ մղեց դեպի Դիտակետ։ Նա արդեն գիտեր, թե ինչ էին գուշակում լույսն ու դրան հետևած աղմուկը։
Արևը դեռևս շողում էր, բայց հորիզոնի մի մասը փոփոխության էր ենթարկվել։ Նա ծունկի իջավ, որ զննի փոփոխությունը, և հորիզոնը կրկին ճեղքվեց լույսի ուղղահայաց հարվածով։ Լույսը տպվեց ամեն մի աչքի մեջ, բաժանելով տեսողությունը։ Նա նայեց լույսի թողած կանաչ գծերի կողքով ու տեսավ ծովի մակերեսի բնորոշ մութ բիծը։ Բիծը գնալով մոտենում էր։ Նա իսկույն ևեթ հայտնվ եց մարմնի մեջ և գիտակցեց իր տեղը։
― Անձրև՛։
Իհարկե։
― Ես ասե՛լ էի, որ անձրև կգա։
Եղիցի՛ անձրև, և անձրևը եղավ։
Նա Պողոտայով ցած իջավ, վերցրեց բրեզենտե սաղավարտն ու այն հարմարեցրեց Կլավդիոսի ջրատարի տակ։ Ապա ինչ որ հագին կար հանեց և խցկեց խոռոչի մեջ։ Նա տեսնում էր լույսի փայլատակումներն ու լսում դղրդյունը։ Բրեզենտե երկար բաճկոնը հանեց ու գոգավորեց ակոսի մեջ։ Ապա բարձրացավ Դիտակետ և լսեց Ապահովության ժայռը ծածկող անձրևի վարագույրի թշշոցը։ Հաջորդ պահին անձրևը խփեց նրա դեմքին, կես մետրի չափ վեր ցատկելով Թզուկից ու Դիտակետի մակերևույթից։ Մի ակնթարթում նա ոտքից գլուխ թրջվեց։
Վարագույրի անողոք տարափի տակ նա գլորվեց խոռոչի մոտ և գլխիվայր ներս խցկվեց, մինչ որոտը վերևում կդղրդար։ Անգամ խոռոչի խորքում նրան հասավ ականջ ծակող շլացուցիչ լույսը, որից հետո աղմուկը լռեց, թողնելով միակ, բարձր, անդադրում ձայնը։ Ձայնը գլխին այնքան մոտ էր, որ զբաղեցրեց ամպրոպի տեղը։ Նրա ներբանները մտրակահարվում էին։ Բերանն ինչ֊որ բաներ էր ասում, որոնք նա չէր հասկանում, քանի որ չէր լսում։ Ջուրը հոսում էր խոռոչի մեջ, լցվում դեմքի տակ, կաթում առաստաղից, ողողում ոտքերի արանքը։ Նա հետևանց դուրս խցկվեց խոռոչից և ընկավ ջրվեժի տակ։ Ապա սայթաքեց ակոսի մեջ և հայտնաբերեց իր բերնեբերան լի սաղավարտը։ Կլավդիոսի անվան ջրատարը հեղեղված էր, նա բարձրացրեց ծանր սաղավարտն ու ջուրը լցրեց բերանը։ Ապա սաղավարտը դրեց տեղն ու գնաց բրեզենտե բաճկոնի մոտ։ Այնտեղ նրա համար լոգարան էր պատրաստ, բայց նա առանց այն էլ ցնցուղի տակ էր։ Հետո վերադարձավ սաղավարտի մոտ, սպասեց, մինչև այն լցվի ու տարավ ջրի անձավը։ Ներսում լսվում էր ջրի շրշյունն ու կաթկթոցը, ջուրը ծծվում էր անտեսանելի ճեղքերից, հոսում, բազմապատկվող կարկաչով լցվում փոսորակը։ Ցեխի կարմիր շերտն արդեն հասցրել էր նեղանալ։
― Ես ասել էի, որ անձրև կգա, ու անձրևը եկավ։
Ցուրտն անձավում դողացնելով, նա սկսեց սպասել իրագործված կանխագուշակման պարգևած բավարարությանը։ Սակայն բավարարությունը չէր շտապում։
Նա կծկվեց, այլևս ջրին ականջ չդնելով և հոնքերը կիտելով սեփական ստվերին։
― Ի՞նչ եմ ես բաց թողել։ Ես նոպա ունեցա, մինչև այդ ամեն ինչ լավ էր, հետո․․․
Հետո խավարի կիրճն էր, որն ավելի պայծառ ժամանակն անջատում էր ներկայից։ Կիրճի մյուս կողմում ինչոր բան էր պատահել։ Մի բան, որը հարկավոր էր մոռանալ։ Սակայն ինչպե՞ս տիրանաս իրավիճակին, եթե սկսում ես միտումնավոր մոռանալ։ Այն կապ ուներ ձևավորվող ինչ֊որ բանի հետ։
― Անբարյացակամ։
Նա մտածեց բերանի արտասանած բառի մասին։ Բառն անշառ էր հնչում, եթե նկատի չունենայիր իմաստը։ Դրանից խուսափելու համար, նա դիտավորյալ բեկեց մտքի ընթացքը, ստիպելով բերանն արտասանել․
― Ինչպե՞ս կարող է ժայռն անբարյացակամ լինել։
Նա հապճեպ դուրս սողաց սաստկությունը կորցրած անձրևի տակ։ Փոթորիկն անցել֊գնացել էր երեք ժայռերի վրայով, զսպելով ծովի ալեկոծությունը։ Ամպերը սանձել էին ամեն ինչ։ Ծովը նրանց տակ գործ էր ու ծակծկված։ Օդը շարժվում էր ժայռի վրայով, նկատելի քամի առաջացնելով։
― Սա ցիկլոնի եզրի երկրորդական մի փոթորիկ էր։ Հյուսիսային կիսագնդում ցիկլոնները պտտվում են ժամացույցի սլաքին հակառակ։ Քամին հարավային է։ Հետևաբար մենք գտնվում ենք արևելք գնացող ցիկլոնի արևելյան կողմում։ Քանի որ ես ընդունակ եմ եղանակը կանխագուշակել, ես կարող եմ նրա դեմ զինվել։ Սրանից հետո գլխացավանքս ոչ թե ջրի պակասն է լինելու, այլ՝ ավելցուկը։
Նա բերանին համարյա ուշադրություն չէր դարձնում։ Այն շարունակում էր դասաոսել, ինքն իրեն սիրտ տալով։ Իսկ ոլորտի կենտրոնը դեգերում էր, ընկրկելով գիտելիքի մեկուսացած հանածոներից։ Սակայն մեկից ուշադրությունը շեղելով, այն իսկույն ևեթ գտնում էր նորը։ Այն փորձում էր ամեն մեկն առանձին ջնջել, մինչև որ հայտնաբերեց, որ նրանց անտեսելն անհնարին է։
― Խելագարության պրոբլեմն այն աստիճան խճճված է, որ նրա բավարար սահմանումը կամ չափանիշը երբեք չի որոշվել։
Կենտրոնից անսահման հեռու, բերանը շարունակում էր ձավրել․
― Որտե՞ղ, օրինակ քաշենք այն գիծը, որը պիտի դյուրագրգիռ ու մռայլ մարդուն զատի իսկական մանիակալ֊դեպրեսիվ պսիխոպատից։
Աչքը պահած սարսափի մրրիկի վերադարձին, կենտրոնը խորհում էր, թե որքան դժվար է զանազանել քնած և արթուն վիճակները, երբ միակ ապրումդ հուշահատվածների հերթագայությունն է։
― Կրկնվող երա՞զ, նևրո՞զ։ Բայց չէ՞ որ նորմալ մանուկն էլ օրորոցի մեջ ցուցաբերում է նևրոզի բոլոր ախտանշանները։
Եթե քայլ առ քայլ, անտեսելով խավարի կիրճն ու լեզվին ծվարած սարսափը, ժայռից վերադառնայիր նավատորմ, դրանից հետո՝ բեմ, ապա՝ գրելուն, համալսարանին, դպրոցին, լուռ քիվերի տակի անկողնուն, ապա հասնում էիր նկուղին։ Իսկ նկուղից կածանը հետ էր տանում դեպի ժայռը։
― Լուծումը բանականության մեջ է։ Ահա՛ թե ինչն է զանազանում մեզ անօգնական կենդանիներից, որոնք իրենց սովորաան վարքագշի գերին են, մտավոր լինի, թե՛ ֆիզիկական։
Սակայն խավար կենտրոնը զննում էր մի միտք, որը մռայլ զբոսայգում հուշարձանի պես գրավել էր նախորդի տեղը։
<b>Թռչնաղբը ջրում չի լուծվում։</b>
Եթե թռչնաղբը ջրում չի լուծվում, ուրեմն վերևի ակոսի ջուրը չէր կարող լինել այն կպչուն հեղուկը, որը ստիպում էր թրթռալ աչքի անկյունի ասեղը։
Լեզուն տնտղեց ատամների պատնեշը մինչև այն տեղը, ուր սկսվում էին խոշորները և բացվածքն էր․․․ Նա ձեռքերն իրար սեղմեց ու շունչը պահեց։ Հայացքը ծովին հառած, նա ոչինչ չէր տեսնում։ Լեզուն սկսել էր հիշել։ Այն խրվում էր ատամների արանքի բացվածքն ու վերստեղծում հին, ցավոտ ուրվագծերը։ Այն հպվում էր քարափի խորդուբորդ եզրին, լանջով ցած իջնում դեպի այն հարթակը, ուր Կարմիր Առյուծն էր, ճիշտ լինդի վրա․․․ հասկանալով, թե ծովի մեջտեղում մեկուսացած քայքայվող ժայռի ինչն է այդքան ցավալիորեն ու հալածելու աստիճան ծանոթ։
=12=
Այժմ անելու ուրիշ ոչինչ չէր մնում, բացի նորմալությունը պահպանելուց։ Կենտրոնից արտաքին մարմին ճոպաններ էին ձգված, որոնցով վերջինս կառավարվում էր։ Նա մարմինը ստիպեց Դիտակետից իջնել խոռոչ։ Գտավ խոնավ հագուստը և սկսեց հագնվել, մինչև որ տեսավ աղբակույտերի նման իր վերջույթներն ու երկար բրդյա գուլպաները։ Մարմինն ու հագուստը ջրասուզակի համազգեստի պես անշնորհք էին։ Նա գնաց Սննդի Քարափի մոտ և միդիաներ հավաքեց, ստիպելով բերանը դրանց ընդունել։ Նա նայում էր ոչ թե առաջ, այլ՝ ներքև՝ ժայռի երկայնքով ծփացող ջրին։ Ծովը կնճռոտված էր՝ կոհակի ամեն ալիք իր մեջքին ավելի փոքր ալյակներ ուներ, և խորությունը դրանից խոտորվում էր, իսկ ջուրը մռայլ ու ցուրտ երևում։ Նա անշարժ նստած էր, մինչև ծնոտներն աշխատում էին, իսկ երկու խեցգետինները կողքին պառկած էին ժայռին։ Ճաշկերույթը շարունակվում էր մարող անձրևի, քամու սվսվոցի և ջրի վրա գոյացող փոսիկների ուղեկցությամբ։ Խեցգետիններից մեկով նա վերցնում ու դեմքին էր մոտեցնում սննդի պատառները։ Խեցգետինները զրահ ունեին, որը նրանց պաշտպանում էր երկնքի սոսկալի ճնշումից։
Պատառների միջև բերանը շաղակրատում էր, երբեմն շեղվելով իմաստի ու ճշմարտության ուղղությամբ, բայց ապա նորից սահելով մի կողմ։
― Ես զրահ չունեմ, դրա համար էլ ճմլվում եմ։ Անգամ դեմքս է փչացել։ Բերանս դուրս է ցցվել ու երկարել, ու ես երկու քիթ ունեմ։
Սակայն կենտրոնն այլ բաներ էր մտածում։
― Պետք է զգուշանալ քամուն հետ նայելուց։ Ես չեմ ուզում նորից մեռնել։
Մինչդեռ միդիաների առատությունը հնարավորություն էր ընծայում բերանը զբաղեցնել ու ջնջել մնացած հնարավորությունները։
― Ես միշտ էլ երկու բան եմ եղել՝ մարմին ու միտք։ Ոչինչ չի փոխվել։ Պարզապես ես դա առաջ այսքան պարզ չէի գիտակցում։
Կենտրոնը մտածում էր հաջորդ քայլի մասին։ Աշխարհը կարելի էր մեկտեղել, մեջը գամեր մխրճելով։ Մարմինը կարելի էր կարկատել մրջյունների ճանկերով, ինչպես Աֆրիկայում։ Կամքը կարող էր դիմադրել։
Ապա մոտակայքում այլևս միդիաներ չմնացին։ Նա խեցգետնին ստիպեց ուտելու ձև անել, բայց բերանի միջի զգայությունները նույնը չէին։
― Ես պե՛տք է այդ անեմ։
Նա չորեքթաթ շուռ եկավ, շունչը պահեց և նայեց վեր։ Նկուղի անկյունի ծեր կինն այնտեղ էր, ուրվագծվելով երկնքի ֆոնին։
― Թզուկը նա է։ Ես նրան արծաթե գլուխ եմ տվել։
Քամին ու անձրևը խփեցին նրա դեմքին։ Ծեր կինը գլխով արեց արծաթե խունացած դեմքով։
Ինչ լավ է, որ ես նրա դեմքը ծածկեցի արծաթե դիմակով։ Նա վերածվեց Թզուկի։ Բայց հաջորդ քայլը դա չէր։
Նա հետ մագլցեց Դիտակետ, մարմինը մոտ քաշեց Թզուկին ու ստիպեց ծունկի գալ։ Թզուկը նրա վերևում կամացուկ գլխով էր անում արծաթե խունացած դեմքով։
Ամենավերին ակոսում մի բան փոխվել էր։ Նա իսկույն հետ ընկրկեց և զգուշորեն նայեց այդ կողմը։ Ակոսի հատակի սպիտակ ծածկույթը փշրված էր, թերթաքարերից մեկը պատից պոկվել ու ցած էր ընկել։ Նա մոտ սողաց և ուսումնասիրեց բեկորը։ Մի կողմ թերթերի եզրերը հին էին ու հողմահարված, բայց մյուս կողմում սպիտակ էին ու թարմ։ Բեկորի կողմերը մոտ մեկական մետր էին, հաստությունը՝ քսան սատիմետր։ Այն նման էր հսկայական գրքի, որի սպիտակ կազմի վրա տարօրինակ մի փորագրություն կար։ Աչքերը որոշ ժամանակ հավանում էին փորագրությունը, քանի որ այն մի պատկեր էր կազմում, որը գիր չէր՝ դա նրան տեղնուտեղը կսպաներ։ Աչքերը կրկին ու կրկին անդրադառնում էին ասես դուրով փորած կտրտված գծերին, ինչպես մինչ այդ բերանը միդիաներ էր ծամում։ Գիրքը մի եզրվ հենված էր այն խորշին, որից ընկել էր։
Խորշի մեջ նույնպես փորագրություն կար։ Այն նման էր գխիվայր շուռ տված ծառի, որն աճում էր քարի հին եզրից, ուր խերևեշները հողմահարված էին։ Ծառի բունը փշրված եզրերով խորը և ուղղահայաց մի ակոս էր։ Ներքևում այն ճյուղավորվում էր երեք հիմնական թևերի, որոնք իրենց հերթին տրոհվում էին մանր ճյուղերի խճճված ցանցի, գրքաորդի թողած հետքի նման։ Ծառի բունը, ճյուղերն ու շիվերը սոսկալի սև էին։ Շիվերի շուրջ խնձորենու ծաղիկների պես գործ ու արծաթավուն բծեր կային։ Մինչև նա դիտում էր, ջրի կաթիլները ծածկեցին բծերը, անհամ պտուղների պես ճյուղերից կախվելով։
Բերանը կռկռաց․
― Կայծա՛կ։
Սակայն մութ կենտրոնը կուչ էր եկել սարսափազդու իմացությունից։ Իմացությունն այն աստիճան ահարկու էր, որ բերանը ստիպված արտաբերեց․
― Սև՛ կայծակ։
Խաղաու համար դեռ մի դեր մնում էր՝ խեղճուկրակ ցնորվածի, թշվառ Թոմի, որը անմասն է սև կայծակի խորհրդի իմացությանը։
Նա կառչեց արծաթե գլխով անող ծեր կնոջից։
― Օգնի՜ր ինձ, անուշիկս, ինձ քո՛ օգնությունն է պետք։
Բերանը գործի անցավ։
― Անգինս, ախր եթե թողնես, որ նա շարունակի, էս անտեր ժայռը ջարդուփշուր կանի, ու մենք ստիպված կլինենք լող տալ։
<b>Ինչի՞ մեջ։</b>
Բերանը մոլեգնեց։
― Հիշո՞ւմ ես Տեսադաշտի Քարափի այն քարը, նա շարժվել է, ջուրը նրան շարժել է։ Անուշիկս, ես ուրիշի չեմ դիմում, միայն քեզ, որովհետև էս ժայռն ամուր է, ու եթե նա հանգիստ թողնի, ժայռը հավերժ կմնա։ Վերջին հաշվով դու նրա կինն ես, իմ լա՜վը։
Անկողնուց ոտաբոբիկ իջնում ես գորգի վրա։ Սպրդում ես մութ սենյակով ոչ թե որովհետև ուզում ես, այլ որովհետև ստիպված ես։ Դուռը։ Միջանցքը, պապական հսկա ժամացույցը։ Դրա հետևում ապահովություն չկա։ Անկյան մյուս կողմում աստիճաններն են։ Թփթփացնելով ցած։ Ահա դահլիճը, բայց՝ մեծացած։ Խավար, ծվարած ամեն անկյունում։ Բարձր բազրիքներ, ձեռքդ հազիվ է հասնում։ Սահելու ժամանակը չի։ Բազրիքները մի տեսակ ուրիշ են, ամեն ինչ ուրիշ է՝ ինչ֊որ բան է ձևավորվում, քեզ ցած մղում դեպի այն, ինչից ուզում ես փախչել։ Անցնում ես խոհանոցի դուռը։ Բացում նկուղի փականը։ Խավարով լի ջրհոր։ Ցած։ Պատի մեջ զմռսված դագաղներ։ Վանքի բակի տակ մահան դռան միջով ջիրոջն ընդառաջ։ Թըփ, թըփ, ցած։ Խոնավության հոտ, սև կույտեր։ Դագաղի տաշեղներ։
― Ծովում կարմիր խեցգետին տեսնողը խելագար է։ Համ էլ թռչնաղբը ջրում չի լուծվում։ Խելագարը ճայերին թռչող մողեսների տեղ կդնի, խելագարը գրքի միջի երկու բանն իրար կմիացնի, ու դա կկեղեքի նրա ուղեղը, ինչքան էլ վաղուց ու մոռացված լինի գիրքը կարդալու ժամանակը։ Ճիշտ չի՞, անուշիկս։ Դե ասա՛, ասա՛, որ ճիշտ է։
Արծաթե դեմքը կամացուկ գլխով արեց, անձրևը շարունակում էր մաղել։
Դագաղների տաշեղներ, ածխափոշի, սև, ինչպես սև կայծակը։ Քոթուկն ու կացինը, մաշված ոչ թե ցախից, այլ մահապատիժներից։
― Ծովափոկերն անբարյացակամ չեն լինում, իսկ խելագարը վատ է քնում։ Ժայռը նրա համար չափից դուրս կարծր կլինի, չափից դուրս իրական, նա կպարտադրի սեփական իրականությունը, մանավանդ, եթե զարգացած երևակայություն ունի։ Նրան կթվա, թե փորագրությունը բացահայտում է ամեն էությունը․․․ Ճիշտ չի՞։
Խավարի մեջ կաշկանդված ոտքեր։ Փորձում ես մեկը բարձրացնել ու չես կարողանում, սոսնձված է։ Թուլություն այնտեղ, ուր պիտի ուժ լիներ, այժմ ամենից շատ անհրաժեշտ, որովհետև ուրի բան չի մնում, քան ճչալ ու փախչել։ Անկյունում կրկնապատկված խավարը, աճող, մեծացող բանը, ոտքերդ շղթայված են, խավարը վրա է տալիս, սիրտդ թուլանում է երևակայելի բոլոր սարսափներից։ Անհիշելի ժամանակներից կրկնվող կաղապար՝ անհայտության մոտեցումը, սև կենտրոնը, որը երես է դարձնում իրեն ստեղծողից ու մաքառում, որ փախչի։
― Ճիշտ չի՞։ Դե ասա՛, որ ճիշտ է։
Ձախից լսվեց ինչ֊որ աղմուկ, և Դիտակետով մեկ ջուր շփվեց։ Նա արտաքին դեմքը դարձրեց քամու կողմը, և օդը սեղմվեց նրա այտերին։ Թզուկի վրա ոչ թե անձրև էր, այլ՝ ջրափոշի։ Նա սողաց քարափի եզրի մոտ և ցած նայեց ձագարի մեջ։ Ապահովության ժայռի մոտ ջուրը փրփրած էր, մինչ նա կնայեր, ձագարից շրմփոց լսվեց և հովհարով ջրափոշի ցայտեց։
― Այս ամենն արդեն ուսումնասիրվել է, բայց ավելի ցածից։ Նա խեցիների վրայով էր մագլցում։
Ծովում ժողովող կշռույթ էր հայտնվել։ Ապահովության ժայռը կոտրում էր ալիքներն ու նրանց մղում ձագարի տակի խոռոչը։ Տասից ինը դեպքում նրանք դեմ էին առնում վերադարձող բեկված ալիքներին և վեր ցայտում փոքրիկ պայթյունների պես, շաղվեով ջրին։ Սակայն տասներորդ ալիքն անարգել տեղ էր հասնում, որովհետև նախորդը շատ թույլ էր եղել։ Տասներորդն այդպիսով գլորվում էր խոռոչը, նեղվածքից թափ առնում, շրը՜խկ, բախվում անկյանը, և ձագարն ի վեր ջրափոշու փետուր էր ցայտում։ Եթե ալիքը մեծ էր, փետուրը վերածվում էր փարթամ պոչի, և քամին, ջրափոշուց մի բուռ պոկելով, շպրտում էր Թզուկի կողմն ու շաղ տալիս Պողոտայի վրա։
Ալիքները դիտելը նման էր միդիաներն ուտելուն։ Սովն ուշադրությունը գրավելու մի առիթ էր, որը կարելի էր ձգել անգամ ավելի, քան ուտելը։ Խավար ոլորտը կենտրոնացավ և բերանը մատնեց անուշադրության։
― Ինչ խոսք, վաղ թե ուշ անպայման փոթորիկ կլինի։ Դա հարկավոր էր ակնկալել։ Ո՞վ կարող էր հնարել ջրի այս խրթին զանգվածը, ամեն ինչում կանխատեսելի, մինչև վերջին կաթիլը բնության օրենքներին ենթարկվող։ Մարդու ուղեղն անշուշտ պետք է ժամանակին ծռվի, իսկ տիեզերքը՝ խառնվի իրար։ Սակայն խառնաշփոթի տակ դեռևս մնում է իրականությունը և ծովի մեջտեղում ֊այռին թառած խեղճւկրակ էակը։
Խելագարությունը ողջամտության կենտրոն չունի։ Ոչ մի «ես»֊ի պես բան, որ ժայռին նստած ձգձգում է գալիս ժամանակը։ Կաղապարի վերջին մի կրկնություն։ Որից հետո՝ սև կայծակ։
Կենտրոնը գոռաց․
― Ես այնքան մենակ եմ։ Տե՜ր աստված, այնքա՜ն մենակ։
Խավար։ Ծանոթ զգացում՝ ծանրություն սրտի մոտ, ջրամբար, որն ամեն վայրկյան պատրաստ է արցունքներով հեղեղել վաղուց արդեն լացի անսովոր աչքերը։ Խավար, ինչպես ձմեռային այն երեկոն, որում կենտրոնը ստիպում էր զբոսնել մարմինը, երիտասարդ մարմինը։ Լուսամուտի միակ խոտորումը սյուներին տնկած փողոցային լապտերների հեռանկարն էր։ Կենտրոնը մտածում էր՝ «Ես մենակ եմ, այնքա՜ն մենակ»։ Ջրամբարը բերնեբերան լի էր՝ լապտերների շարանն ամբողջ երկարությամբ բեկվեց, լույսերից ծիածանաձև թևեր ծլեցին։ Կենտրոնը զգում էր կոկորդում գոյացող գունդը, հայացքը հուսահատ առաջ էր ուղարկում կառչելու մյուս լապտերից, հետո՝ հաջորդ, ինչ ասես, միայն թե ուշադրությունը չսևեռվի ներսի խավարին։
<b>Արածիս պատճառով ես հիմա օտար եմ ու միայնակ։</b>
Կենտրոնը քարշ եկավ նրբանցքով, անցավ խաչմերուկը, մտավ բակ և մագլցեց փայտյա մերկ աստիճաններով։ Ապա նստեց բուխարու կողքին, և Օքսֆորդի զանգերը հնչեցին բերնեբերան լի ջրամբարի համար։ Ծովը մռլտաց սենյակում։
Կենտրոնը դեմքից դուրս մղեց թուլությունը, բայց անհնազանդ հեղուկը գլորվեց ու ցած կաթեց այտերից։
― Ես այնքան մենակ եմ։ Այնքա՜ն մենակ։
Ջուրն աստիճանաբար չորացավ։ Ժամանակը ձգվում էր, ասես ծովի մեջտեղում ժայռի վրա լիներ։
Կենտրոնը միտք ձևակերպեց։
<b>Այլևս հույս չի մնացել։ Ոչինչ չի մանցել։ Եթե գոնե նայեին վրաս, կամ հետս խոսեին․․․ Եթե ես գոնե մի բանի մաս լինեի․․․</b>
Ժամանակն անտարբեր ձգվում էր։
Երկու հարկ ներքև ոտնաձայներ լսվեցին։ Առանց որևէ հույսի, կենտրոնն ականջ դրեց՝ ո՞ր սենյակը կմտնեն։ Սակայն ոտնաձայները կանգ չառան, բարձրացան, համարյա սրտի բաբախոցի պես ուժգին դարձան, և երբ կանգնեցին դռան հետևում, նա արդեն ոտքի վրա էր, ձեռքերը բարձրացրած կրծքին։ Դուռը փոքր֊ինչ բացվեց, և, համարյա առաստաղի տակ, ճեղքից սև խոպոպների մի խուրձ խցկվեց։
― Նաթանե՛լ։
Նաթանելը կռացավ, ժպտալով ներս մտավ և կանգնեց, ցած նայելով լուսամուտին։
― Մտածեցի գուցե քեզ կբռնեցնեմ։ Շաբաթ֊կիրակիով հետ եմ եկել։― Ապա, ասես հիշելով։― Կարելի՞ է ներս գալ։
― Սիրելի՜ս։
Նաթանելը զբաղվեց իր վերարկուով, ապա ուշադիր շուրջը նայեց, ասես այն տեղավորելու հարցը մեծագույն կարևորություն ներկայացներ։
― Այստեղ։ Տուր ես դնեմ․․․ Նստիր․․․ Ես․․․ Սիրելի՜ս։
Նաթանելը նույնպես ժպտում էր։
― Ինչ լավ է, որ տեսնում եմ քեզ, Քրիսթըֆըր։
― Ուզում ես ասել, կարող ես մնա՞լ։ Չպե՞տք է վազես։
― Ես եկել եմ, որ դասախոսություն կարդամ մի․․․
― Բայց ոչ այսօր, չէ՞։
― Չէ, այսօր կարող եմ մնալ։
Կենտրոնը նստեց դիմացում, ճիշտ իր լուսամուտի առջև, դրսի աշխարհում։
― Արի խոսենք, Նաթ։
― Աշխարհիկ կյանքը ո՞նց է։
― Լոնդոնո՞ւմ ինչ կա։
― Լոնդոնը չի սիրում դրախտի մասին դասախոսությունները։
― Դրախտի՞։
Մարմինը սկսեց ծիծաղել, ավելի ու ավելի բարձր, և հեղուկը նորից թափվեց։ Նաթը շիկնել և նույնպես ժպտում էր։
― Գիտեմ։ Բայց գոնե դու մի ավելացրու։
Նա սրբեց հեղուկն ու զկռտաց։
― Ինչի՞ հենց դրախտի։
― Այն դրախտի, որը մենք մեզ համար հորինում ենք մահից հետո, երբ իսկական մահվանը պատրաստ չենք լինում։
― Ու դու․․․ Մազալու տիպ ես, հա՜։
Նաթը լրջացավ։ Նա հայացքը վեր հառեց, ցուցամատը տնկեց և նայեց առաստաղից այն կողմ գտնվող տեղեկատուին։
― Եթե մեզ վերցնենք մեր այսօրվա վիճակով, դրախտը կվերածվի բացարձակ ժխտման։ Առանց ձևի կամ անգամ ունայնության։ Հասկանո՞ւմ ես։ Սև կայծակի պես մի բան, որը ոչնչացնում է մեր կյանք կոչված ամեն ինչը։
Ծիծաղը ետ եկավ։
― Չեմ հասկանում ու առանձնապես վեջս էլ չի, բայց ես քո դասախոսությանը կգամ։ Նաթանել, սիրեիս, դու չես էլ պատկերացնում, թե ինչքա՜ն ուրախ եմ քեզ տեսնել։
Կրակի լեզվակը սրբեց Նաթանելի դեմքը, և նա անհայտացավ։ Կենտրոնը ցած էր նայում ձագարի մեջ։ Նրա բերանը բաց էր ապշահարությունից ու սարսափից։
― Ու ես դեռ նրան այդքան սիրում էի։
Խավար։ Խարխափելով մոտենում ես ամպամած գիշերով աղոտ փայլող պողպատյա ողորկ սանդուղքին։ Կենտրոնը փորձում է դիմադրել, ինչպես երեխան դիմադրում է գիշերվա կեսին նկուղ իջնելուն, բայց ոտքերն իրենք են առաջ տանում։ Վեր, գոտկատեղից մինչև քթահարկի մակարդակը, գնդացրի կողքով, վեր։
<b>Կհանդիպե՞մ արդյոք նրան։ Այսօր այնտեղ կկանգնի՞։</b>
Ահա, ամպերի ֆոնին թանաքով ուրվագծված, անշնորհք վերջույթներով, դեզեր կապող խարխլված մեքենայի պես կանգնած է Նաթանելը՝ կեսգիշերին, երերալով ու կառչելով, պատվի է տալիս։ «Ո՞նց ես, Նաթ» քիչ է մնում դուրս պրծներ կոկորդից, բայց նա կուլ տվեց այդ խոսքերը։
<b>Ձևացրու, թե չես տեսնում։ Հնարավորին չափ քիչ կապվի հետը։ Պետք է կամրջակից արձակել այն պատրույգը, որը նրան դեն կշպրտի Մերիի մարմնից, ինձ համար տեղ ազատելով։ Բոլորս էլ անցել ենք առաջին փուլով՝ ձուկն արդեն խժռված է։
Հնարավոր է, որ բան դուրս չի գա։ Նա կարող է հետ չգնալ իր հավերժությանն աղոթելու։ Ցտեսություն, Նաթ, ես սիրում էի քեզ, չնայած շատ սիրելու ընդունակ չեմ։ Նախավերջին թրթւրին ուրիշ ի՞նչ է մնում անել։ Կորցնել իր ինքնությո՞ւնը։</b>
Նաթանելը, ոտքերը չռած, երերալով, կանգնած է մթության մեջ, խոնարհաբար հասկանալով, որ իրեն չեն նկատել։ Փոխարենը նա մի կողմ է քաշվում, ճանապարհ տալով սպային, և աստիճաններով խարխափում է ցած։
Ժամանակը, տեղը, սիրված էակը՝ ամեն ինչ պատրաստ է։
― Փա՜ռք աստծու, գոնե մի անգամ շուտ եկար։ Ընթացքը զրո֊չորս֊հինգ, արագությունը՝ քսանութ հանգույց։ Հորիզոնում բան չկա, դեռ մի ժամ գնալու ենք։
― Ուրիշ ի՞նչ կա։
― Ոչինչ։ Հիմնական խմբից երեսուն մղոն հյուսիս ենք, մի ժամից ռադիոազդանշան ենք ուղարկելու։ Այդ առթիվ ծերուկն անձամբ կբարձրանա։ Այդքան բան։ Շրջադարձ֊բան չկա։ Խաղ ու պար։ Հա․․․ Տասը րոպեից լուսինը կծագի, թե սուզանավի հանդիպենք, սքանչելի թիրախ ենք լինելու։ Հաջորդին զգուշացրու։ Լավ, բարով մնաս։
― Անուշ երազներ։
Նա լսեց ցած իջնող ոտնաձայները։ Ապա մոտեցավ կամրջակի աջ եզրին ու հետ նայեց։ Խավարում ուրվագծվում էր ծխնելույզն ու լսվում շարժիչի ձայնը։ Ցռուկի ջրի վրա ձգվում էր պղտոր սպիտակ հետքը, երկրորդական մի ալիք տարածվում էր նավի մեջտեղից։ Ետնահարկի աջ կողմը հազիվ էր ուրվագծվում, բայց տախտակամածը դրա համեմատ ավելի էր մթնել, և տորպեդային սարքերի, ռմբանետների ու թնդանոթների ցցված փողերի միջև բացառիկ դժվար էր նշմարել, բազրիքին հենված մարդ կա՞, թե՞ ոչ։ Նա լարված նայում էր ցած, տարակուսելով, ի՞նքն է կերտել, թե՞ իսկապես տեսնում է թաթերը դեմքին դրած մորեխանման կերպարը։
<b>Բազրիքին հենվածը Նաթանելը չի, Մերին է։
Ես պե՛տք է այդ անեմ։ Պե՛տք է։ Ախր ո՞նց չես հասկանում, շան աղջիկ։</b>
― Ցրի՛չ։
― Լսում եմ, սըր։
― Ինձ մի բաժակ կակաո բերեք։
― Այո, սըր։
― Մեկ էլ, ցրի՛չ․․․ Լավ, ոչինչ։
Աստիճաններով իջնող ոտնաձայներ։ Խավար ու արագության առաջացրած քամի։ Հորիզոնի աջ կողմում բռնկվող ցոլք, ասես ասպատակված քաղաքի հեռավոր հրդեհը։ Լուսնածագ։
― Ձախակողմյան դե՛տ։
― Լսում եմ, սըր։
― Իջեք ներքև և բերեք մյուս հեռադիտակը։ Այս մեկն աչքիս սարքին չի երևում։ Քարտեզի սեղանի վրայի դարակում է։
― Այո, սըր։
― Ես ձեր սեկտորին կհետևեմ։
― Այո, սըր։
Աստիճաններով իջնող ոտնաձայներ։
<b>Ժամանակն է։</b>
Մի քիչ էլ երեսպաշտություն։ Փոքրիկ զբոսանք դեպի ձախ կողմը։ Դադար։
<b>Հիմա՛։ Հենց հիմա՛։</b>
Մոտեցիր վահանակին, բերանդ սեղմիր խոսափողին և բարձր, սուր ու խուճապահար ձայնով․․․
― Կտրուկ ա՛ջ, աստծո՜ւ սիրուն։
Սցենարով չնախատեսված կործանարար ցնցում։ Ամպի պես խոյացող ճերմակություն, գալարվող տիեզերք։ Անորոշ անկման սարսափ, հեղեղվող բերան և․․․ նա մաքառում էր բոլոր ուղղություններով սև, անթափանց ջրի հետ։
Բերանը մոլեգնած գոռաց ձագարից բարձրացող ճերմակության վրա․
― Ախր այդ անտեր հրահանգը ճի՜շտ էր։
Խժռված ես։
Նա այլևս ի վիճակի չէր դիտել ալիքները, քանի որ պարբերաբար խոյացող ճերմակությունը ծածկում էր դրանց։ Նա հայացքը ստիպեց դուրս սողալ և նայել իր հագնված մարմնին։ Հագուստը ջրաթաթախ էր, երկար գուլպաները ջնջոցի պես կեղտոտ էին։ Բերանը մեքենայաբար ինչ֊որ բան ասեց։
― Երանի կոշիկներս ջրում շպրտած չլինեի։
Կենտրոնն ինքն իրեն ստիպեց ձև անել և շարունակել ձևացնել։
Բերանը սեփական ճշմարտությունն ուներ։
― Խելագարությունը միշտ էլ կա՝ խոռոչի պես մի տեղ ծվարած։ Անպաշտպան մնացած մարդն ամեն վայրկյան կարող է սողոսկել խելագարության խոռոչը, նմանվելով միդիաների կողքին ջրիմուռների մեջ վխտացող այն զրահապատ բաներին։
<b>Պետք է նայելու համար մի բան գտնել։</b>
― Խելագարությունն ամեն ինչի համար բացատրություն ունի, չէ՞, քաղցրիկս։
<b>Եթե ոչ նայել, ուրեմն՝ մի բան անել։</b>
Նա ոտքի կանգնեց և, անձրևի ու ջրափոշու գնդակոծության տակ, քարշ եկավ քամուն ընդառաջ։ Պողոտայով ցած իջնելով, նա դեմ առավ իր ջրով լի գոգավորված բրեզենտե բաճկոնին։ Նա վերցրեց սաղավարտն ու սկսեց ջուրը բաճկոնից տեղափոխել անձավը։ Ուշադրությունը կենտրանոցավ ջրի օրենքների վրա՝ ինչպես է այն թափվում կամ ծորում, որքանով է կառավարելի ու գուշակելի։ Ժամանակ առ ժամանակ ժայռը ցնցվում էր, դիտակետի վրա սպիտակ ամպ էր խոյանում, և վերին ակոսների մեջ փրփուրի վտակներ էին հայտնվում։ Բաճկոնը դատարկելով, նա այն բարձրացրեց, քամեց ու հագավ։ Կոճակներով զբաղվելով, կենտրոնը երես էր թեքվում ակնկալիքից։ Նա մեխված կանգնած էր դեմքով դեպի Կլավդիոսի ջրատարը, որից այժմ փրփուրի կլունձներ էին կախված։ Հանկարծ նա մեջքից հարված ստացավ, և ակոսը դույլերով ջուր լցվեց։ Որոշ ժամանակ ալեկոծվելով, ջուրն ի վերջո խաղաղվեց և փրփրած նստեց ակոսի հատակին։ Նա Կլավդիոսով վեր մագլցեց և հետևանց խցկվեց խոռոչը։ Ապա բրեզենտե սաղավարտը քաշեց գլխին և ճակատը հենեց թևերին։ Աշխարհը խավարեց և սկսեց նրան հաղորդվել ձայներով։
― Եթե խելագարը սա լսեր, կկարծեր ամպրոպ է, և այդպես էլ կա։ Կարիք չկա սրա պես ականջ դնել։ Եղած չեղածը մի ամպրոպ կլինի հորիզոնի վրա, ուր նավեր են գնում֊գալիս։ Ավելի լավ է ականջ դնես փոթորիկին։ Ուր որ է կհարձակվի ժայռի վրա։ Խեղճ թշվառականին ծեծելու է հասցնի խելագարության դուռը։ Նա չի ուզում խելագարվել, մենակ թե ուրիշ ճար չունի։ Մտածե՛ք դրա մասին։ Դո՛ւք՝ տաքուկ անկողիններում պառկածնե՛րդ, ժայռի վրա մնացած բրիտանական նավաստին խելագարվում է ոչ թե որովհետև այդպես է ուզում, այլ՝ որովհետև ծովը սարսափ է, բոլոր երևակայելի արհավիրքներից վատթարագույնը։
Կենտրոնն իր մասնակցությունը ցուցաբերում էր, բայց՝ ականջը տնկած։ Այն ուշադրություն էր դարձնում բերանը ճեղքող խոսքերին, որովհետև լուսամուտը ծածկող մազերի ու մաշկի առկայությամբ բառերը կարելի էր զննել, ինչպես մինչ այդ՝ մտքերը։ Այն նաև տրամադրում էր ֆոնի երաժշտությունը։
― Օգնեցե՛ք ինձ, օգնե՜ք։ Ես անպաշտպան եմ ու մահամերձ։ Ես սովամահ եմ լինում, ծարավից մեռնում։ Ես քարափների արանքում լռված բեկորի պես եմ։ Ես կատարում էի ձեր հանդեպ իմ պարտքը․․․ ահա՛ իմ պարգևը։ Եթե միայն կարողանայիք ինձ տեսնել, ձեր սիրտը կճմլվեր խղճահարությունից։ Ես ջահել էի, առողջ, ուժեղ և գեղեցիկ, արծվային դեմքով ու գանգուր մազերով, ես փայլուն խելք ունեի և գնացի ձեր թշնամիների դեմ կռվելու։ Ես տոկուն դիմացա ջրին, ես պայքարեցի ամբողջ օվկիանոսի հետ։ Ես կռվեցի ժայռի դեմ, ճայերի, խեցգետինների, փոկերի, փոթորիկի։ Հիմա ես վտիտ եմ ու տկար։ Հոդերս դուրս են ցցվել, վերջույթներս մատիտի նման են։ Դեմքս ծերացել ու ներս է ընկել, մազերս ճերմակել են աղից ու տառապանքից։ Աչքերս դժգույն քարեր են դարձել․․․
Կենտրոնը երերաց ու դողաց։ Փոթորիկից, ֆոնի մեղեդուց և բերանի լացակումած խոսքերից զատ հայտնվել էր մի նոր ձայն։
― ․․․ կրծքավանդակս նմանվել է խորտակված նավի կողերին, ամեն շունչ տառապագին ճիգեր է պահանջում․․․
Ձայնն այն աստիճան թույլ էր անձրևի, ալիքների և քամու վայնասունի համեմատ, որ մագնիսի պես ձգում էր ուշադրությունը։ Բերանը նույնպես դա հասկացավ և վրա տվեց․
― Խելագարվում եմ։ Վայրագ ծովի եզերքին կայծակ է խաղում։ Ես կրկին ուժեղ եմ․․․
Բերանը սկսեց երգել։
Կենտրոնը դեռևս ականջ էր դնում երգեցողության, ֆոնի երաժշտության և դրսի վայնասունի միջով։ Ձայնը նորից էր լսվում։ Որոշ ժամանակ կենտրոնը քիչ էր մնում այն շփոթեր ամպրոպի հետ։
― Հե՜յ, հե՜յ։ Թորի շանթերն են ելնում իմ դեմ։ Փայլակ փայլակի հետևից, ճերմակ բոցի շիթեր, Պրոմեթևսի վրա ժայթքող հրատներ, ճերմակ, ճերմակ, կուրացնող, խանձող, արձակվում են երկնքից ժայռին գամված մարդուն․․․
Ձայնը, եթե լսելիս լինեիք, ինչպես կենտրոնն էր ակնդետ լսում, հեռավոր էր ու խուլ։ Այն կարող էր ամպրոպի կամ հրձագության արդյունք լինել։ Այն կարող էր թմբուկի ձայն լինել, և բերանը կառչեց դրանից։
― Ռա՛տ֊տա֊տա֊տա֊տա՛տ։ Զինվորներն եկան, մեր Կայսրը գերվա՛ծ է։ Ռատ֊տա֊տա֊տա՛տ։
Այն կարող էր վերևի սենյակում տեղաշարժվող կահույքի ձայն լինել, և այդ մտքից բերանը խուճապի մատնվեց, միջատի պես մեքենայաբար կծկվելով։
― Դիր այստեղ։ Եթե գորգի անկյունը ծալես, սեղանը դուրս կգա։ Գուցե ռադիոլայի կողքի՞ն դնենք։ Հանիր այդ ձայնապնկաը, ռիթմիկ ու հերոսական մի բան դիր․․․
Այն կարող էր մետաղասանդուղքով քարշ տրվող ալյուրի պարկերի ձայնը լինել, որն արձագանքվում է պողպատյա տախտակամածից։
― Կտրո՛ւկ աջ։ Կտրո՛ւկ աջ։
Այն կարող էր անդրաբեմում ցնցվող պղնձյա թիթեղների ձայնը լինել։
― Եթե գլխավոր դերը չստանամ, ուրիշ ոչինչ չեմ անի․․․
Նկուղի դուռը փակվում է փոքրիկ երեխայի հետևից։ Նա պետք է ցած իջնի, իջնի, որպեսզի քնի մեջ հանդիպի նրան, ինչից երես էր դարձրել ստեղծվելիս։
― Կտրե՛լ նրա գլուխը։ Ցա՛ծ դնել քոթուկին տաեղների ու ածխափոշու մեջ։
Սակայն կենտրոնը գիտեր։ Այն ճանաչել էր ձայնը կատարյալ ստույգությամբ, որի առջև բերանի բարբաջը զկռտոցի չափ էլ չկար։ Ձայնը հողում թաղված հսկա թիթեղյա տուփին քսվող բահի դղրդոցն էր։
=13=
― Խելագար,― ասաց բերանը,― կատարյալ խելագար։ Ես կարող եմ ամեն ինչ բացատրել՝ խեցգետինները, թրթուրները, կոշտությունը, բնության օրենքները, ֆիլմանման հուշերը, տեսողական ու լսողական պատկերները, թռչող մողեսները, թշնամությունը․․․ Խելագարությունն էլ ո՞նց է լինում։ Ես կասեմ, թե մարդն ինչ է։ Նա չորեքթաթ մի արարած է, քանի դեռ Անհրաժեշտությունը նրա առջևի մասը չի շտկել ու նրանից հիբրիդ չի սարքել։ Քամակի վերևում ողնաշարի կողքին դեռ մնացել են այդ հպումն ապացուցող մատնահետքերը, եթե չեք հավատում։ Նա ճիվաղ է, բնական զարգացումից զրկված մի սաղմ, որը մագաղաթով պատված դուրս է շպրտվել աշխարհ, տկլոր, ատամներին հատկացված շատ քիչ տեղով ու կակղած պղպջակի պես գանգով։ Սակայն բնությունն իր խմորն է հունցում ու կարծրացող գնդի մեջ ամպրոպ է մղում՝ ճերմակ, լուսափայլ կայծակ, մշտատև բռնկում ու դողդոջ։ Ու բոլոր այդ խեցգետիններն ու ֆիլմ֊հուշերը ոչ այլ ինչ են, քան կայծակի վայրկենական բռնկումների պատահական զուգադրություններ։ Փորի և առնանդամի ողջամիտ կյանքը հիմնված է տարրական շրջանառության վրա, բայց հունցված խմորն ինչպե՞ս հանգիստ մնա։ Երկրի ձգողությամբ քաշված, վարակվելով գիրքը փորագրող սպիտակ շանթից, զրկանքների, տառապանքի ու անսանձ սարսափի խարանած կնճիռներով, ուղեղի ախտով, վերջիվերջո կառչում ես ծովի միջի ժայռից, խմորը բարձրացել է ու թափվել, և ահա՝ արդեն ոչնչով չես զիջում կատարյալ խելագարին։