Changes
― Ես գերադասում եմ չանել այդ։
Առժամանակ նսած մնացի կատարյալ լռության մեջ և փորձում էի դուրս գալ շփոթված վիճակից։ Հանկարծ ինձ սկսեց թվալ, թե ականջներս խաբել են ինձ կամ Բարթլբին սխալ է հասկացել։ Հնարավորին չափ հստակ ես կրկնեցի խնդրանքս, և նույնքան հստակ լսեցի նախկին պատասխանը․
― Ես գերադասում եմ չանել այդ։
― Գերադասում եք չանե՞լ,― հուզված սկսեցի քայլել սենյակում։― Ի՞նչ եք ուզում ասել։ Հո չե՞ք խելագարվել։ Ուզում եմ, որ օգնեք ինձ ստուգելու այս երկու փաստաթղթերը։ Վերցրե՛ք։
Ես փաստաթուղթը պարզեցի նրան։
― Գերադասում եմ չանել այդ,― ասաց Բարթլբին։
Ես ուշադիր նայեցի նրան, բարկ դեմքն անսասան էր, մոխրագույն աչքերը՝ խաղաղ ու անվրդով։ Խռովության ոչ մի կնճիռ։ Եթե նրա պահվածքում անհանգստություն լիներ, զայրույթ, անհամբերություն կամ անպատկառություն, կարճ ասած՝ սովորական, մարդկային մի բան, ես, անկասկած, ամենակոպիտ ձևով նրան դուրս կհրավիրեի։ Սակայն տվյալ դեպքում ավելի շուտ դուրս կհրավիրեի Կիկերոնի գիպսե կիսարձանը։ Որոշ ժամանակ կանգնած դիտում էի նրան, մինչ նա հանգիստ շարունակում էր գրել, հետո նստեցի գրասեղանիս մոտ։ Տարօրինակ է, մտածում էի ես, սակայն ի՞նչ անել․ գործը շտապեցնում էր ինձ։ Որոշեցի առժամանակ մոռանալ միջադեպը և հետո անդրադառնալ։ Մյուս սենյակից կանչեցի Աքցանին, և փաստաթուղթն անմիջապես ստուգվեց։
Մի քանի օր անց Բարթլբին չորս մեծածավալ փաստաթուղթ ավարտեց, որոնք Խղճի դատարանի մի շաբաթվա վկայության քառապատիկ օրինակներն էին։ Հարկավոր էր ստուգել դրանք։ Գործը կարևոր էր և մեծ ճշգրտություն էր պահանջում։ Թղթերը դասավորելուց հետո մյուս սենյակից կանչեցի Հնդկահավին, Աքցանին և Քաղցրաբլիթին, որպեսզի իմ չորս աշխատակիցները հետևեն օրինակներին, մինչ ես կարդայի բնօրինակը։ Հնդկահավը, Աքցանն ու քաղցրաբլիթը շարքով նստեցին, յուրաքանչյուրի ձեռքում՝ մեկական օրինակ, իսկ ես կանչեցի Բարթլբիին՝ միանալու այս հետաքրքիր խմբին․
― Բարթլբի, շտապեք, ես սպասում եմ։
Լսեցի, թե ինչպես դանդաղ ճռռացին նրա աթոռի ոտքերը մերկ հատակին, և շուտով նա դուրս եկավ իր ճգնարանից։
― Ի՞նչ եք կամենում,― մեղմ ձայնով հարցրեց նա։
― Այս օրինակը,― փութով ասացի ես,― հարկավոր է ստուգել։ Խնդրե՛մ։
Ես նրան պարզեցի չորրորդ օրինակը։
― Գերադասում եմ չանել այդ,― ասաց նա ու հուշիկ անհայտացավ վարագույրի ետևում։
Որոշ ժամանակ «աղի սյուն դարձած», կանգնել էի իմ գրագիրների դիմաց, հետո ուշքի գալով, գնացի դեպի վարագույրը և հարցրի նրա արտառոց վարքի պատճառը։
― Ինչո՞ւ եք հրաժարվում։
― Գերադասում եմ չանել այդ։
Եթե Բարթլբիի փոխարեն մեկ ուրիշը լիներ, իսկույն կկատաղեի, կսկսեի վիրավորել և անպատվելով դուրս կանեի իմ տնից Սակայն նրա մեջ մի բան կար, որը ոչ միայն տարօրինակ կերպով ինձ զինաթափ էր անում, այլև ինչ֊որ հրաշքով հուզում և անհանգստացնում էր ինձ։
Սկսեցի հաշվի նստել նրա հետ։
― Սրանք,― ասացի,― քո արտագրած օրինակներն են։ Սրանով քո գործն է հեշտանում։ Յուրաքանչյուր գրագիր պարտավոր է նաև օգնել ստուգելու իր գրածը։ Մի՞թե այդպես չէ։ Խոսելո՞ւ եք, թե՞ ոչ։ Պատասխանե՛ք։
― Գերադասում եմ չանել այդ,― մեղեդային ձայնով ասաց Բարթլբին։
Ինձ թվաց, որ մինչ ես դիմում էի նրան, նա ուշի֊ուշով ծանր ու թեթև էր անում իմ յուրաքանչյուր նախադասությունը, լրիվ հասկանում էր իմաստը, չէր կարողանում հակաճառել, բայց, միևնույն ժամանակ ինչ֊որ գերագույն նկատառում նրան ստիպում էր լռել։
― Ուրեմն դուք չե՞ք ցանկանում բավարարել իմ խնդրանքը, խնդրանք, որը համապատասխանում է ընդունված կարգին և ողջախոհությանը։
Նա հակիրճ ձևով ինձ հասկացնել տվեց, որ այդ հարցում իմ դատողությունն առողջ է։ Այո, նրա որոշումն անբեկանելի է։
Հաճախ է պատահում, որ աննախադեպ և բռնի հանգամանքներում ահաբեկված մարդն սկսում է երերալ և կորցնել հավատը և աղոտ կերպով կռահել, որ, ինչքան էլ զարմանալի թվա, արդարությունն ու ճշմարտությունը հակառակ կողմն են։ Հետևաբար, եթե չշահագրգռված անձինք են ներկա, նա դառնում է նրանց՝ հաստատելու իր մտքի սխալը։
― Հնդկահավ,― ասացի ես,― ի՞նչ եք կարծում։ Ո՞վ է ճիշտ։
― Ձեր թույլտվությամբ, սըր,― ամենասիրալիր ձայնով պատասխանեց Հնդկահավը,― կարծում եմ, որ դուք։
― Աքցան,― ասացի,― դո՞ւք ինչ եք կարծում։
― Կարծում եմ, որ նրան հարկավոր է դուրս շպտրել այստեղից։
(Խորաթափանց ընթերցողն այստեղ կհասկանա, որ դեպքը տեղի է ունենում առավոտյան, և Հնդկահավի պատասխանը հագեցած է անդորրով ու քաղաքավարությամբ, մինչդեռ Աքցանինը՝ հակառակը։ Կամ, եթե կրկնելու լինենք նախորդ նախադասությունը՝ Աքցանի զզվելի տրամադրությունն էր հերթապահում, Հնդկահավինը՝ ոչ)։
― Քաղցրաբլիթ,― ասացի ես՝ ջանալով ամենաչնչին քվեն անգամ հավաքել իմ օգտին,― իսկ դու ի՞նչ ես կարծում։
― Իմ կարծիքով, սըր, նա մի քիչ ցնդած է,― քմծիծաղելով պատասխանեց Քաղցրաբլիթը։
― Լսեցի՞ք, թե ինչ ասացին,― շրջվեցի ես դեպի վարագույրը։― Եկեք և կատարեք ձեր պարտականությունը։
Սակայն Բարթլբին չբարեհաճեց անգամ պատասխանել։ Շփոթված խորհում էի, բայց գործը կրկին շտապ էր, և իմ երկընտրանքի մտորումները նորից հետաձգեցի ապագայի համար։ Մենք առանց Բարթլբիի, փոքր֊ինչ դժվարությամբ, ստուգեցինք փաստաթղթերը, չնայած համարյա յուրաքանչյուր էջի վերջում Հնդկահավը բարեկրթորեն իր կարծիքն էր հայտնում, մինչդեռ Աքցանը անմարսողական նյարդայնությաբ աթոռն էր ճռռացնում և արհեստական ատամների արանքից ժամանակ առ ժամանակ նզովք էր թափում վարագույրի ետևում նստած տխմարի հասցեին։ Մի բան հաստատ էր․ Քացանն առաջին ու վերջին անգամ էր անվճար ուրիշի գործն անում։ Իսկ Բարթլբին իր ճգնարանում հանգիստ նստած էր, մոռացած ամեն ինչ, բացի իր գործից։
Անցավ մի քանի օր։ Բարթլբին զբաղված էր մեկ այլ ծավալուն թղթի արտագրությամբ։ Վերջին ժամանակների նրա արտառոց վարքն ինձ ստիպեց ուշադիր հետևել նրան։ Ես նկատեցի, որ Բարթլբին չի գնում ճաշելու․ իրականում նա ոչ մի տեղ էլ չէր գնում։ Որքան գիտեմ, նա իմ սենյակից դուրս չէր գալիս․ մշտական ժամապահ էր՝ իր անկյունում նստած։ Սակայն առավոտյան մոտավորապես տասնմեկին նկատում էի, որ Քաղցրաբլիթն անցնում էր Բարթլբիի վարագույրի ետևը, կարծես գրագիրն անձամբ կանչում էր նրան․ մի բան, որ ես չէի կարող տեսնել։ Տղան հետո դուրս էր գալիս աշխատասենյակից մի քանի փենս զնգզնգացնելով և կրկին հայտնվում կոճապղպեղի ընկույզներով, որոնք նա տանում էր Բարթլբիի ճգնարանն ու իր քաշած նեղության համար ստանում երկու թխվածք։
Ուրեմն, մտածեցի ես, նա կոճապղպեղի ընկույզով է ապրում, այսինքն երբեք չի ճաշում, երևի բուսակեր է։ Բայց ոչ, նույնիսկ բանջարեղեն չի ուտում, միայն կոճապղպեղի ընկույզ։ Այդժամ սկսեցի երևակայել, թե ինչ կկատարվի բացառապես կոճապղպեղի ընկույզով սնվող մարդկային օրգանիզմի հետ։ Ինչո՞ւ ենք ասում «կոճապղպեղի ընկույզ», որովհետև այն կոճապղպեղ է պարունակում, որպես համեղ բաղադրիչ։ Արդ, ինչպիսի՞ն է կոճապղպեղը՝ բարկահամ և կծու։ Բարթլբին՝ ճիշտ հակառակը։ Կոճապղպեղն, ուրեմն, Բարթլբիի վրա ամենևին չի ներգործում։ Երևի Բարթլբին այդպես է գերադասում։
Լրջախոհ մարդուն ոչինչ այնքան չի գրգռում, որքան անգործունյա համառությունը։ Եթե դիմացինն իրոք լրջախոհ է, իսկ համառողը՝ միանգամայն անվնաս, ապա առաջինը լավ տրամադրության դեպքում գթասրտորեն կփորձի բացատրել իր երևակայությանը, ինչ հնարավոր չէ ապացուցել դատողությանը։ Ես ուշադիր հետևում էի Բարթլբիին։ Խեղճ տղա, մտածում էի, չի ուզում ոչ մեկին վատություն արած լինի․ միանգամայն պարզ է, որ ոչ ոքի չի ուզում վիրավորել։ Նրա տեսքը բավականին շեշտում է, որ Բարթլբիի տարօրինակությունները նրա կամքից անկախ են։ Նա անչափ օգտակար աշխատող է, կարելի է նրա հետ համակերպվել։ Եթե հրաժարվեմ նրանից, ապա Բարթլբին կարող է նվազ ներողամիտ մարդու ձեռքն ընկնել, ամենայն հավանականությամբ նրա հետ կոպիտ կվարվեն, և միգուցե նա պարզապես քաղցի մատնվի։ Այո՛։ Այստեղ կարող են շատ էժան գնով համեղ ինքնարդարացում գնել։ Մտերմանալ Բարթլբիի հետ, հումորով նայել նրա արտասովոր կամակորությանը՝ սրանից էլ էժան բա՞ն։ Միաժամանակ հոգուս խորքում խղճի համար անուշ պատառ էի պահել։ Սակայն այս տրամադրությունն անփոփոխ չէր․ Բարթլբիի դժկամությունը երբեմն բարկացնում էր ինձ։ Ես կատաղում էի այն մտքից, որ նոր դիմադրության կարող եմ հանդիպել, որ նրանից կարող եմ զայրույթի կայծ կորզել։ Իհարկե, ամեն կերպ փորձում էի «կրակ հանել»՝ մատնոսկրերով հարվածելով վինձորյան օճառին։ Բայց մի օր չարության խթանը հաղթեց ինձ, և հետևյալ տեսարանը հաջորդեց․
― Բարթլբի,― ասացի ես,― երբ վերջացնես այդ փաստաթղթերը, միասին ենք ստուգելու։
― Գերադասում եմ չանել այդ։
― Ինչպե՞ս։ Ի՞նչ ասել է այդ էշի համառությունը։
Ոչ մի պատասխան։ Թափով բացեցի ետծալովի դռներն ու դառնալով Հնդկահավին ու Աքցանին, բացականչեցի։
― Բարթլբին երկրորդ անգամ ասում է, որ չի ուզում ստուգել փաստաթղթերը։ Ի՞նչ ես կարծում, Հնդկահավ։
Հիշեցնեմ, որ կեսօր էր։ Հնդկահավը վառվում էր ինչպես արույրե շոգեկաթսա․ նրա ճակատից գոլորշի էր բարձրանում․ ձեռքերը վխտում էին թանաքի բծերով ապականված թղթերի մեջ։
― Ինչ եմ կարծո՞ւմ,― որոտաց Հնդկահավը։― Որ վեր եմ կացել՝ գլուխը կջարդեմ։
Այս ասելով Հնդկահավը բարձրացավ տեղից և, կռփամարտիկի կեցվածք ընդունած, շտապում էր կատարելու իր խոստումը, երբ ես նրան ետ պահեցի՝ վախեցած Հնդկահավի հետճաշյա ռազմատենչությունը անզգուշորեն արթնացնելուց։
― Նստի՛ր, Հնդկահավ,― ասացի ես,― և լսենք, թե Աքցանն ինչ կասի։ Ի՞նչ ես կարծում, Աքցա՛ն։ Ճիշտ չե՞մ լինի, եթե հենց հիմա հեռացնեմ Բարթլբիին։
― Ներեցեք, բայց դա ձեր գործն է, սըր։ Նրա վարքն իրոք տարօրինակ է և, իհարկե, անարդար՝ իմ և Հնդկահավի հանդեպ։ Բայց դա կարող է ընդամենը ժամանակավոր քմահաճույք լինել։
― Ա՜հ,― բացականչեցի ես,― դու արդեն փոխե՞լ ես միտքդ, հիմա շատ մեղմ ես խոսում նար մասին։
― Գարեջուրն է մեղավոր,― գոչեց Հնդկահավը։― Մեղմությունը գարեջրի հետևանք է․ ես ու Աքցանն այսօր միասին ենք ճաշել։ Դուք հո տեսնում եք, սը՛ր, թե ես որքան մեղմ եմ։ Գնա՞մ գլուխը ջարդեմ։
― Խոսքը Բարթբլիի՞ գլխի մասին է։ Ոչ, այսօր պետք չէ, Հնդկահավ,― պատասխանեցի ես։― Հանգստացեք։
Ծածկեցի դուռն ու մոտեցա Բարթլբիին՝ զգալով դեպի իմ ճակատագիրը տանող լրացուցիչ դրդումները։ Հիմա արդեն վառվում էի հակաճառելու ցանկությունից։ Հիշեցի, որ Բարթլբին երբեք չի թողնում աշխատասենյակը։
― Բարթլբի,― ասացի,― Քաղցրաբլիթը դուրս է եկել․ չէի՞ք գնա փոստատուն (երեք րոպեի ճանապարհ էր)՝ տեսնելու, թե ինձ համար որևէ բան կա՞։
― Գերադասում եմ չգնալ։
― Այսինքն՝ չե՞ս ուզում գնալ։
― Գերադասում եմ չգնալ։
Երերալով հասա գրասեղանիս, նստեցի ու խորասուզվեցի մտորումների մեջ։ Իմ կույր համառությունը վերադարձավ։ Միթե ոչ մի կերպ հնարավոր չէր համոզել այս նիհար ու աղքատ մարդուն՝ իմ վարձու գրագրին։ Ուրիշ ի՞նչ պատշաճ բան կարելի է առաջարկել, որը նա հաստատ մերժելու է։
― Բարթլբի։
Ոչ մի պատախան։
― Բարթլբի,― ավելի բարձր ձայնով։
Ոչ մի պատասխան։
― Բարթլբի,― գոռացի ես։
Ուրվականի պես, որը հայտնվում է կախարդանքի խոսքի երրորդ կանչին, Բարթլբին կանգնեց իմ ճգնարանի մուտքի մոտ։
― Անցիր մյուս սենյակն ու կանչիր Աքցանին։
― Գերադասում եմ չանցնել,― հարգալից ձայնով ասաց Բարթլբին ու կորավ վարագույրի հետևում։
― Շատ լավ, Բարթլբի,― ասացի ես՝ խիստ ու ինքնավստահ արտահայտելով ինչ֊որ ահավոր վրեժի անբեկանելի մտադրություն։ Այդ պահին դեռևս չգիտեի անելիքս, բայց քիչ հետո, քանի որ ճաշի ժամն էր մոտենում, վերցրի գլխարկս ու ահավոր տրամադրության մեջ քայլեցի դեպի տուն։
Այժմ հաստատենք փաստերը։ Այս ամբողջ գործի եզրակացությունը իմ գրասենյակի ամենազորեղ փաստը դարձավ, այն է՝ գունատ, ջահել մի գրագիր Բարթլբի անունով, այստեղ գրասեղան ուներ, ինձ համար փաստաթղթեր էր արտագրում երկու թերթը (հարյուր բառ) չորս սենթով, սակայն մշտապես խուսափում էր իր արտագրածն ստուգելուց և փոխարենը այս գործը հանձնում Հնդկահավին ու Աքցանին, այն էլ առանց նրբամիտ հաճոյախոսության։ Ավելին, հրաժարվում էր ամենաաննշան նամակն անգամ որևէ տեղ տանելուց և նման հանձնարարություն ստանալիս անփոփոխ մի պատասխան ուներ, այն է՝ «չի գերադասում», այլ կերպ ասած՝ հրաժարվում էր և վերջ։
Անցան օրեր, և ես համարյա հաշտվեցի։ Բարթլբիի անհողդողդ կամքը, ցոփությունից զերծ լինելը, անկասելի աշխատասիրությունը (բացի այն դեպքերից, երբ վարագույրի ետևում կանգնած հանձնվում էր անուրջներին), լռակյացությունն ու բոլոր պարագաներում անփոփոխ վարքը նրան պատիվ էին բերում որպես ջանասեր աշխատողի։ Եվ, որ ամենակարևորն է՝ նա միշտ այնտեղ էր․ առաջինն էր գալիս առավոտյան, ամբողջ օրն աշխատում էր և երեկոյան վերջինը հեռանում։ Ամենից շատ ես հավատում էի Բարթլբիի ազնվությանը։ Գիտեի, որ ամենակարևոր փաստաթղթերը նրա ձեռքի տակ միանգամայն ապահով էին։ Ճիշտ է, հաճախ որքան էլ փորձեի տիրապետել ինձ, հանկարծակի պոռթկում էի նրա դեմ, քանզի ահավոր դժվար էր մոռանալ նրա տարօրինակությունները, ինքնաընծա արտոնություններն ու չլսված հրաժարականները, որոնք Բարթլբիի կողմից կազմում էին գրասենյակում մնալու անխոս պայմանը։ Պատահում էր, որ հրատապ գործի եռուն պահին ես կտրուկ կանչում էի Բարթլբիին, որպեսզի վերջինս, ասենք, ատը դներ կարմիր ժապավենի հանգույցի վրա՝ փաստաթղթերը կապելիս։ Վարագույրի ետևից, իհարկե, ծանոթ պատասխանն էր լսվում, և հետո՝ ինչպե՞ս կարող էր մարդկային սովորական թուլություններ ունեցող արարածն այսպես կամակոր ու անխոհեմ կերպով հրաժարվել։ Սակայն յուրաքանչյուր լրացուցիչ հրաժարում նվազեցնում էր հրատապ խնդիրքը կրկնելու հավանականությունը։
Այստեղ հարկ է նշել, որ, մարդաշատ գրասենյակներում աշխատողների սովորության համաձայն, իմ դուռը մի քանի բանալի ուներ։ Մեկը պատկանում էր ձեղնահարկում բնակվող կնոջը, որը շաբաթը մեկ անգամ խոզանակով մաքրում էր հատակը, իսկ ամեն օր ավլում ու մաքրում էր փոշին։ Երկրորդ բանալին հարմարության համար Հնդկահավի մոտ էր, երրորդը հաճախ իմ գրպանն էի դնում, իսկ թե ում մոտ էր չորրորդը՝ գաղափար չունեի։
Մի կիրակի առավոտյան որոշեցի Սուրբ Երրորդության եկեղեցի մտնել՝ լսելու նշանավոր մի քարոզչի, և քանի որ քարոզին դեռ բավական ժամանակ կար, քայլեցի դեպի իմ գրասենյակը։ Բարեբախտաբար բանալին մոտս էր, սակայն երբ փորձեցի բացել, զգացի, որ կողպեքի մեջ ինչ֊որ բան պահում է։ Ապշահար կանչեցի, և ի սարսափ ինձ, ներսից շրջվեց բանալին, դուռը բացվեց և մի նիհար դեմք հայտնվեց իմ առջև՝ Բարթլբիի ուրվականը, թևքերը քշտած, հագին՝ ինչ֊որ տնային ցնցոտի։ Նա ասաց, որ ցավում է, բայց խիստ զբաղված է և գերադասում է ինձ չընդունել։
Ավելին, նա հակիրճ ձևով ինձ առաջարկեց երկու թե երեք անգամ քայլել տնաշարքի շուրջը, մինչև իր գործը վերջացնի։
Բարթլբիի անսովոր տեսքը, կիրակի առավոտյան իմ գրասենյակում գտնվելը ու նրա մեռելային և քաղաքավարի անտարբերությունը, որը միաժամանակ անսասան էր ու սառնասիրտ, այնպես տարօրինակ ազդեցություն թողեց վրաս, որ ես ուղղակի գաղտագողի ծլկեցի իմ սեփական գրասենյակից, բայց ոչ առանց անզոր խռովության՝ այս տարօրինակ գրագրի քաղաքավարի լկտիության դեմ։ Անշուշտ, նրա անգերազանց մեղմությունը ոչ միայն զինաթափ էր անում ինձ, այլև դարձնում անզոր։ Ինչպե՞ս անզոր չհամարել այն մարդուն, որը հանգիստ թույլ է տալիս վարձու գրագրին թելադրելու իր կամքը և վռնդելու իրեն վարձողի գրասենյակից։ Բացի այդ ես շփոթության մեջ էի․ ինչո՞վ էր Բարթլբին զբաղված իմ գրասենյակում, վերնաշապիկով, կիրակի առավոտյան։ Որևէ բա՞ն է պատահել։ Ոչ, բացառված է։ Բարթլբիի բարոյականությանը վայրկյան անգամ պետք չէր կասկածել։ Բայց ի՞նչ էր անում նա այնտեղ, արտագրո՞ւմ էր․․․ Էլ ի՞նչ տարօրինակություններ կարող էր ունենալ։ Բարթլբին միանգամայն պարկեշտ մարդ էր, երբեք համարյա մերկ չէր նստի գրասեղանի առջև։ Բացի այդ, օրը կիրակի էր, և Բարթլբիի տեսքը թույլ չէր տալիս ենթադրելու, թե ինչ֊որ աշխարհիկ զբաղմունքով նա կփչացներ օրվա պատշաճությունը։
Այնուամենայնիվ, միտքս չէր խաղաղվում, և անհանգիստ հետաքրքրասիրությամբ լցված ետ դարձա գրասենյակ։ Անարգել շրջեցի բանալին, բացեցի դուռը և ներս մտա։ Բարթլբին չէր երևում։ Անհանգիստ նայեցի շուրջս, ծիկրակեցի նրա վարագույրից, սակայն ամեն ինչ պարզ էր։ Բարթբլին դուրս էր եկել։ Ավելի ուշադիր զննզելով սենյակը՝ կռահեցի, որ Բարթլբին նախաճաշել, զգեստափոխվել և քնել է իմ գրասենյակում, որտեղ, չմոռանանք, ո՛չ ափսե կա, ո՛չ հայելի, ո՛չ էլ մահճակալ։ Խախուտ բազմոցի փափուկ նստոցը դեռևս կրում էր նիհար մարմնի հետքը։ Նրա գրասեղանի տակ ես խնամքով փաթաթված ծածկոց գտա, դատարկ բուխարու ցանցի տակ՝ կոշիկի ներկ ու խոզանակ, աթոռին՝ թիթեղյա աման, օճառ ու քրքրված սրբիչ։ Լրագրի մեջ Բարթլբին փաթաթել էր կոճապղպեղի քաղցրաբլիթի փշրանքներն ու պանրի կտոր։ Այո, մտածեցի ես, միանգամայն պարզ է, որ Բարթլբին այստեղ բնակություն է հաստատել՝ զբաղեցնելով դատարկ սենյակը։ Հանկարծ ահավոր սառնությունն ու մենությունը հայտնվեցին աչքերիս առջև․ որքան աղքատ է Բարթլբին, և որքան ահավոր է նրա մենությունը։ Ո՞վ կմտածեր։ Կիրակի այստեղ դատարկություն է։ Այս շենքի շուրջը աշխատանքային օրերին կյանքը եռում է, գիշերը դատարկությունն է արձագանքում, իսկ կիրակի օրերին այդ արձագանքն անգամ չկա։ Եվ Բարթլբին այստեղ է ապրում, որպես վաղեմի բազմամարդ փողոցի դատարկության միակ դիտորդ, որպես անմեղ և դժբախտ Մարիուս, որը մտորում է Կարթագենի ավերակների մեջ նստած։
Առաջին անգամ իմ կյանքում ահավոր տխրություն զգացի։ Նախկինում հաճելի տրտմությունից բացի ոչինչ չէի զգացել։ Մարդկության կապն ստիպեց ինձ հանձնվել մռայլ տրամադրությանը։ Եղբայրական մելամաղձություն։ Քանզի Բարթլբին ու ես Ադամի որդիներն ենք։ Հիշեցի այդ օրվա իմ տեսած վառ մետաքսներն ու շողշողուն դեմքերը, նրանց տոնական շարանը և սահուն հոսքը՝ ընդարձակ Բրոդվեյն ի վար։ Այս բոլորն իմ գունատ գրագրի հակառակ պատկերն է։ Երջանկությունը, մտածեցի ես, լույս է սիրում, և ուրախ է թվում աշխարհը, սակայն թշվառությունը թաքնված է միշտ և չի երևում աչքին։ Այս տխուր մտորումները (ցնորքները հիվանդ ուղեղի) Բարթլբիի տարօրինակությունների վերաբերյալ նոր մտքեր ծնեցին։ Արտասովոր հայտնագործությունների նախազգացումներն էին ճախրում իմ շուրջը։ Աչքերիս առջև հառնեց գրագրի գունատ կերպարանքը, որն այլ մեռյալների հետ փաթաթված էր պատանքի մեջ։
Հանկարծ ուշադրությունս գրավեցին Բարթլբիի գրասեղանի դռնակն ու բանալին։
Մտքումս ոչ մի չարություն չկա, մտածեցի ես, ոչ մի անպարկեշտ հետաքրքրասիրություն․ բացի այդ, գրասեղանը, ինչպես և նրա պարունակությունը, իմն են, այնպես որ ես բոլոր իրավունքներն ունեմ դռնակը բացելու։ Ամեն ինչ խնամքով ու կոկիկ դասավորված էր։ Գրասեղանի բաժանմունքները խորն էին․ թղթապանակները տեղաշարժեցի և շոշափելով գտա գաղտնարանը։ Այնտեղ ինչ֊որ բան կար․ դուրս քաշեցի, և պարզվեց, որ մեծ գունազարդ թաշկինակ է, ծանր ու հանգուցված։ Քանդեցի հանգույցն ու ներսում գտա Բարթլբիի խնայողությունները։
Սկսեցի մտաբերել գրագրի բոլոր տարօրինակությունները։ Հիշեցի, որ նա երբեք չի խոսում, միայն պատասխանում է ուրիշների հարցերին ու թեև ազատ ժամանակ շատ է ունենում, բայց երբեք չի կարդում, նույնիսկ լրագիր։ Հիշեցի, որ երկար ժամանակ վարագույրի ետևում կանգնած՝ պատուհանից դուրս է նայում անկենդան աղյուսե պատին։ Վստահ էի, որ նա երբեք ճաշարան չի գնում․ նրա գունատ դեմքը հավաստում էր, որ Բարթլբին Հնդկահավի հետ երբեք գարեջուր չի խմում կամ թեյ ու սուրճ, ինչպես շատերը։ Նա ոչ մի տեղ չի հաճախում, չի գնում զբոսնելու, եթե տվյալ պահը չհաշվենք։ Նա չէր կամեցել պատասխանել, թե ով է ինքը, որտեղից է գալիս կամ ունի՞ արդյոք աշխարհում հարազատներ։ Չնայած նիհար էր ու գունատ, սակայն առողջությունից առողջությունից երբեք չէր գանգատվում։ Եվ այս ամենի հետ ես հիշեցի նրա հիվանդագին․․․ ի՞նչ բառով ասեմ․․․ հիվանդագին ամբարտավանության անգիտակցական կերպարանքը կամ ավելի ճիշտ՝ խստագույն գաղտնապահությունը, որը վախեցնում էր ինձ և միաժամանակ ստիպում նրա տարօրինակությունների հանդեպ լինել հնազանդ և պատրաստակամ, հատկապես այն պահերին, երբ վախեցել եմ նույնիսկ ամենաչնչին խնդրանքով նրան դիմել, գիտենալով հանդերձ, որ տվյալ պահին նա զբաղված չէ, այլ վարագույրի ետևու կանգնած՝ երազկոտ հայացքը հառել է պատին։
Ծանրութեթև անելով այս ամենը և սրանք գումարելով վերջերս հայտնաբերած փաստին (առ այն, որ Բարթլբին իմ գրասենյակը իր մշտական կացարանն է դարձրել), չմոռանալով նրա ընկճվածությունը՝ հանկարծ ինքնապաշտպանության բնազդը սողոսկեց սիրտս։ Սկզբում ես զգացել էի մելամաղձություն և անկեղծ խղճահարություն, բայց որքան երևակությանս մեջ ահագնանում էր Բարթլբիի լքվածությունը, նույն չափով մելամաղձությունը խառնվում էր վախին, իսկ խղճահարությունը՝ նողկանքին։ Ճշմարիտ է (և ահավո՛ր), որ, մինչև որոշակի աստիճան, թշվառության միտքն ու տեսարանը ազնվագույն զգացումներ են առաջ բերում, սակայն, հատուկ դեպքերում, երբ անցած է որոշակի սահմանը, հակառակն է լինում։ Սխալվում են նրանք, ովքեր պնդում են, թե սրա պատճառն անվերապահորեն մարդկային սրտի անկապտելի եսասիրությունն է։ Այն ծագում է ամեհի և օրգանական չարիքը բուժելու անհուսությունից։ Զգայուն էակի համար խղճահարությունը ոչ միշտ է ցավ, իսկ երբ հասկացվում է, որ նման խղճահարությունը չի կարող ազդեցիկ օգնությամբ վերջանալ, ապա բանականությունը հոգուն պատվիրում է ազատվել նրանից։ Այն, ինչ տեսա այդ առավոտ, ինձ համոզեց, որ գրագիրը բնածին և անբուժելի անկարգության զոհ է։ Կարելի է ողորմություն տալ նրա մարմնին, սակայն մարմինը նրան ցավ չէր պատճառում․ տառապողը հոգին էր, իսկ հոգուն հասնել ես անկարող էի։
Որոշեցի այդ առավոտ Սուրբ Երրորդության եկեղեցի չգնալ․ այսքանը տեսնելուց հետո նույնիսկ անզոր էի զգում։ Քայլեցի դեպի տուն, ճանապարհին մտաշելով, թե ինչպես վարվել Բարթլբիի հետ։ Ի վերջո եկա հետևյալ որոշմանը․ հաջորդ առավոտյան նրա կյանքի և այլնի վերաբերյալ զգույշ հարցեր կտամ, և եթե չկամենա պատասխանել (ես համարյա վստահ էի, որ չի գերադասի պատասխանել), ապա նրան քսան դոլարանոց թղթադրամ կտամ, որպես հավելում իր աշխատավարձին, և կասեմ, որ նրա ծառայությունն ինձ այլևս պետք չէ։ Սակայն եթե նա կարիքի մեջ լինի, ուրախ կլինեմ օգնելու, հատկապես՝ եթե ցանկանա իր ծննդավայրը վերադառնալ, որտեղ էլ որ այն գտնվի։ Ծախսերի մասին ինքս կհոգամ։ Ավելին, եթե նույնիսկ տուն հասնելուց հետո որևէ բանի կարիք ունենա, ապա նրա մի նամակը բավական կլինի օգնություն ստանալու համար։
Եկավ առավոտը։
― Բարթլբի,― մեղմ ձայնով կանչեցի ես։
Ոչ մի պատասխան։
― Բարթլբի,― կրկնեցի ավելի մեղմ,― եկ այստեղ։ Այնպիսի բան չեմ առաջարկելու, որ գերադասես չանել։ Պարզապես ուզում եմ խոսել քեզ հետ։
Այստեղ նա անաղմուկ հայտնվեց վարագույրի ետևից։
― Ասա ինձ, Բարթլբի, որտե՞ղ ես ծնվել։
― Գերադասում եմ չասել։
― Բայց ԻՆՉ֊ՈՐ ԲԱՆ պիտի ասե՞ս քո մասին, թե՞ ոչ։
― Գերադասում եմ չասել։
― Բայց ի՞նչ խելամիտ պատճառաբանություն ունես ինձ հետ չխոսելու համար։ Չէ որ քո հանդեպ բարեկամաբար եմ տրամադրված։
Մինչ խոսում էի, նա ինձ չէր նայում, այլ հայացքը հառել էր Կիկերանի կիսարձանին, որն իմ գլխավերևում էր։
― Ի՞նչ կասես, Բարթլբի,― որոշ ժամանակ պատասխանի սպասելուց հետո ասացի ես։
Նա անշարժ կանգնել էր, միայն բարակ շուրթերն էին թեթևակի դողում։
― Առայժմ գերադասում եմ չպատասխանել,― ասաց Բարթլբին և հեռացավ իր ճգնարանը։
Խոստովանում եմ, որ նրա վարքը կրկին զայրացրեց ինձ։ Բարթլբիի պահվախքում ոչ միայն անվրդով քամահրանք կար, այլև կամակոր երախտամոռություն, եթե հաշվի առնենք այն անժխտելի օգուտն ու ներողամտությունը, որ ստանում էր ինձնից։
Կրկին մտորումների մեջ ընկա։ Ի՞նչ անել։ Բարթլբիի վարքը վիրավորում էր ինձ, ու չնայած գրասենյակ մտնելիս վճռել էի հեռացնել նրան, սակայն ինչ֊որ նախապաշարմունք կրծում էր սիրտս, խափանում որոշումս ու ասում, որ սրիկա կլինեմ, եթե համարձակվեմ մի վիրավորական բառ արտաբերել մարդկության այս ամենադժբախտ ներկայացուցչի հասցեին։ Ի վերջո, վերցրի իմ աթոռը, անցա վարագույրի մյուս կողմը, նայեցի ու մտերմիկ ասացի․
― Մի պատմիր քո կյանքը, եթե չես ուզում, Բարթլբի, բայց որպես բարեկամ քեզ պետք է խնդրեմ ենթարկվել այս գրասենյակի կանոններին։ Ասա, վաղվանից կօգնե՞ս ստուգելու փաստաթղթերը։ Ասա, որ այուսհետև խելամիտ կլինես, ասա, Բարթլբի։
― Առայժմ ես գերադասում եմ խելամիտ չլինել,― մեղմ ու մեռելային ձայնով պատասխանեց նա։
Այդ պահին բացվեցին ծալովի դռները, ու մոտեցավ Աքցանը։ Ակնհայտորեն սովորականից ավելի դաժան անմարսողությունը նրան ստիպել էր անքուն գիշեր անցկացնել։ Նրա ականջին հասան Բարթլբիի միայն վերջին բառերը։
― ՉԻ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ, հա՞,― ատամները կրճտացնելով ասաց նա։― Ես ԿԳԵՐԱԴԱՍԵԻ նրան, եթե ձեր տեղում լինեի, սը՛ր։ Այնպե՛ս ԿԳԵՐԱԴԱՍԵԻ։ Իսկական ԳԵՐԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ կտայի այս կամակոր էշին։ Սըր, հիմա՞ ինչ է ԳԵՐԱԴԱՍՈՒՄ չանել։
Բարթլբին աչքն անգամ չթարթեց։
― Պարոն Աքցան,― ասացի ես,― գերադասում եմ, որ առժամանակ մեզ մենակ թողնեք։
Վերջերս, իմ կամքից անկախ, ամեն պատեհ֊անպատեհ առիթով սկսել էի օգտագործել «գերադասել» բառը և սարսռացի, մտածելով, որ գրագրի հետ շփումն ինձ վրա մտավոր լուրջ ազդեցություն է գործել։ Ուրիշ ի՞նչ ավելի լուրջ մոլորություններ կարելի է սպասել։ Հարկավոր է գործնական միջոցներ ձեռնարկել։
Մինչ Աքցանը մռայլ ու խոժոռված հեռանում էր, հանգիստ մոտեցավ Հնդկահավը։
― Ձեր թույլտվությամբ, սըր,― մեղմ ձայնով ասաց նա,― երեկ այստեղ Բարթլբիի մասին էի մտածում և որոշեցի, որ եթե նա գերադասի ամեն օր մի բաժակ գարեջուր խմել, ապա անպայման դեպի լավը կգնա և կկարողանա մեզ հետ ստուգել փաստաթղթերը։
― Ուրեմն դո՞ւ էլ ես այդ բառն օգտագործում,― փոքր֊ինչ հուզված ասացի ես։
― Ձեր թույլտվությամբ, սըր, ի՞նչ բառ,― Հնդկահավը կծկվեց և այնպես խոնարհվեց վրաս, որ ստիպված էի արմունկով պահել նրան։― Ի՞նչ բառ, սըր։
― Գերադասում եմ, որ ինձ հանգիստ թողնեք,― ասաց Բարթլբին՝ վիրավորված, որ խմբովին խանգարում ենք նրա մենությունը։
― Հենց ԱՅԴ բառը, Հնդկահավ,― ասացի ես,― ԱՅԴ բառ։
― Ա՜հ, «գերադասելը»․․․ այո, ծիծաղելի բառ է։ Ինքս երբեք չեմ գործածում։ Բայց, սըր, ինչպես ասացի, եթե նա գերադասի օրական․․․
― Հնդկահավ,― ընդհատեցի ես,― կխնդրեի մեզ մենակ թողնել։
― Դե իհարկե, սը՛ր, եթե այդպես եք գերադասում։
Մինչ Հնդկահավը հեռանալիս բացեց ծալովի դուռը, իմ գրասեղանի մոտ նստած Աքցանը բռնացրեց հայացքս ու հարցրեց՝ սպիտա՞կ, թե՞ երկնագույն թղթի վրա եմ գերադասում արտագրած տեսնել փաստաթուղթը։ Նա ամենևին չարաճճիորեն չշեշտեց «գերադասել» բառը․ պարզ էր, որ բառն ուղղակի նրա բերանից դուրս թռավ։ Եվ ես մտածեցի՝ հարկավոր է անպայման ազատվել այս խելագարից, որն արդեն ինչ֊որ չափով փոխել է ոչ միայն մեր մտքերը, այլև խոսելաձևը։ Սակայն որոեցի, որ այդ հարցում հարկավոր է շրջահայաց լինել։
Հաջորդ օրը նկատեցի, որ Բարթլբին ոչինչ չի անում, միայն անրջում է՝ պատուհանի մոտ կանգնած։ «Ինչո՞ւ չես արտագրում» հարցին նա պատասխանեց, որ որոշել է այլևս չգրել։
― Ինչպե՞ս թե։ Սա ինչ բան է,― բացականչեցի ես։― Ի՞նչ ասել է՝ «որոշել եմ չգրել»։
― Չգրել։
― Պատճա՞ռը։
― Մի՞թե ինքներդ չեք հասկանում պատճառը,― անտարբեր նետեց Բարթլբին։
Ուշադիր նայեցի նրան և նկատեցի, որ աչքերը հոգնած են և մշուշապատ։ Հանկարծ մտածեցի, որ առաջին մի քանի շաբաթների ընթացքում ցերեկային աղոտ լույսի ներքո արտագրելու անօրինակ ջանասիրությունը ժամանակավորապես ազդել է նրա տեսողության վրա։
Այնքան էի հուզված, որ սկսեցի ինչ֊որ մխիթարական խոսքեր ասել՝ ակնարկելով, որ խելամիտ է առժամանակ թղթերից հեռու մնալն ու մաքուր օդում զբոսնելը։ Վերջինը, սակայն, նա չկատարեց։ Մի քանի օր անց, երբ մյուս գրագիրները դուրս էին եկել, ինքս էլ մի քանի շտապ նամակներ ունեի ուղարկելու, մտածեցի, որ Բարթլբին, քանի որ ոչնչով զբաղված չէր, այս անգամ դժվար թե համառություն ցուցաբերի և նամակները կտանի փոստատուն։ Սակայն նա հրաժարվեց, և որքան էլ անհարմար էր՝ նամակներն ինքս տարա։
Օրեր անցան։ Չեմ կարող ասել՝ Բարթլբիի տեսողությունը լավացե՞լ էր, թե՞ ոչ։ Նրա աչքերի արտահայտությունից դատելով՝ լավացել էր, սակայն երբ հարցրի, չբարեհաճեց անգամ պատասխանել։ Ամեն դեպքում նա արտագրելու մտադրություն չուներ։ Ի վերջո, երբ շատ համառեցի, Բարթլբին հայտնեց, որ որոշել է երբեք չարտագրել։
― Ինչպե՞ս թե,― բացականչեցի ես,― ենթադրենք, թե աչքերդ միանգամայն լավացել են, նույնիսկ առաջվանից էլ լավ են, այդ դեպքո՞ւմ էլ չես արտագրելու։
― Ես այլևս չեմ արտագրի,― և Բարթլբին անցավ վարագույրի մյուս կողմը։
Նա այդպես էլ մնաց, ասես արձան լիներ իմ գրասենյակում։ Ավելին, եթե կարելի է ասել, նա ավելի արձանացավ։ Ի՞նչ անել։ Գրասենյակում ոչինչ չի անում, ուրեմն ինչո՞ւ պետք է մնա այնտեղ։ Բարթլբին ինձ համար պարզապես մի ջրաղացքար էր դարձել, որից ոչ մի օգուտ չկա, միայն՝ տանջանք։ Բայցևայնպես խղճում էի նրան, չնայած սա բացարձակ ճշմարտություն չէ, որովհետև նրա ներկայությունն ինձ համար գլխացավանք էր։ Եթե գոնե մի հարազատի կամ բարեկամի անուն հայտնած լիներ, ես անհապաղ կգրեի նրանց և կխնդրեի դժբախտ երիտասարդին որևէ հարար տեղ տանել։ Բայց նա կարծես միայնակ լիներ, բացարձակապես մենակ ողջ տիեզերքում, խորտակված նավի բեկոր Ատլանտյան օվկիանոսում։ Ի վերջո, գործի հետ կապված անհրաժեծտությունները հաղթեցին բոլոր նկատառումները։ Ես, որքան հնարավոր է քաղաքավարի, ասացի Բարթլբիին, որ վեց օրվա ընթացքում նա անպայման պետք է թողնի գրասենյակը՝ զգուշացնելով նրան միջոցներ ձեռնարկելու և այլ կացարան գտնելու։ Միաժամանակ առաջարկեցի իմ օգնությունը, եթե ինքը առաջինը հեռանալու քայլ կատարի։
― Եվ երբ վերջնականապես հեռանաս, Բարթլբի,― ավելացրի ես,― հոգ կտանեմ, որ այստեղից ձեռնունայն չգնաս։ Ուրեմն, հիշիր, վեց օր։
Ժամկետը լրացավ․ նայեցի վարագույրների արանքից, և ի՞նչ եք կարծում՝ Բարթլբին այնտեղ էր։ Կոճկեցի բաճկոնս և հավասարակշռություն պահպանելով՝ դանդաղ մոտեցա նրան, ձեռքս դրեցի ուսին ու ասացի․
― Ժամանակն է, դու պետք է հեռանաս։ Անչափ ցավում եմ, ահա քեզ փող։ Ուրիշ ելք չկա։
― Գերադասում եմ չգնալ,― առանց շրջվելու պատասխանեց Բարթլբին։
― Դու ՊԵՏՔ է գնաս։
Բարթլբին լուռ էր։
Այժմ ես անսահման վստահությամբ էի լցված այս մարդու ազնվության հանդեպ։ Վեց փենսանոցներն ու շիլինգները, որոնք սովորաբար անզգուշորեն գցում էի հատակին, առավոտյան իմ սեղանին էին հայտնվում։ Այնպես որ, այն, ինչ հետևեց, չի կարելի բացառիկ իրադարձություն համարել։
― Բարթլբի,― ասացի,― ես քեզ պարտք եմ տասներկու դոլար․ ահա քեզ երեսուներկու դոլար, ավելորդ քսանը քոնն է։ Վերցրո՛ւ։
Թղթադրամները մեկնեցի։ Բարթլբին անշարժ էր։
― Ուրեմն այստեղ կթողնեմ,― փողը դրեցի սեղանի վրա։ Վերցրի գլխարկս ու ձեռնափայտս և դռանը մոտենալով՝ հանգիստ շրջվեցի և ավելացրի․
― Բարթլբի, իրերդ գրասենյակից տեղափոխելուց հետո չմոռանաս կողպել դուռը․ մյուս գրագիրներն արդեն գնացել են, և խնդրում եմ, բանալին թող ուղելաթի տակ, որպեսզի առավոտյան վերցնեմ։ Այլևս իրար չենք տեսնի, ցտեսություն։ Եթե քո նոր կացարանում երբևէ օգնության կարիք ունենաս, անպայման մի նամակ ուղարկիր։ Ցտեսություն, Բարթլբի, և՝ գնաս բարով։
Նա ոչ մի բառ չասաց, այլ ավերված զանգակատան վերջին սյան պես կանգնած մնաց լքված սենյակի մեջտեղում։
Մինչ մտազբաղ քայլում էի տուն, սնափառությունս հաղթեց խղճահարությանը, սակայն անկարող էի գոռոզանալ Բարթլբիից վարպետորեն ազատվելու համար։ Ասում եմ վարպետորեն, և անկիրք մտածողին այդպես էլ կթվա։ Վարքագծիս գեղեցկությունը կատարյալ հանգստության մեջ էր։ Ոչ մի գռեհկաբանություն, ոչ մի հոխորտանք կամ դյուրաբորբոք սպառնալիք․ ես ամենևին զայրացած չքայլեցի սենյակում և չհրամայեցի Բարթլբիին հավաքելու իր փալասներն ու չքվել աչքիցս։ Ամենևին։ Առանց Բարթլբիին բացահայտորեն դուրս հրավիրելու (ինչպես ստորադրյալ հանճարը կաներ), ես ՁԵՎԱՑՐԻ, որ նա հեռանալու է, և խոսքերս հիմնավորեցի այս ենթադրությամբ։ Որքան մտածում էի վարքագծիս մասին, այնքան հմայվում էի ինձնով։ Այնուամենայնիվ, հաջորդ առավոտյան արթնանալիս սկսեցի նորից կասկածել․ ինքնագոհության ալիքն անցել էր քնի հետ։ Մարդու ամենասառը և ամենաիմաստուն ժամերը առավոտյան արթնանալուց հետո են գալիս։ Անցյալ օրվա վարքագիծս դեռևս խելոք էր թվում․․․ բայց միայն տեսականորեն։ Ինչպե՞ս կլինի գործնականում․ սա է խնդիրը։ Իսկապես գեղեցիկ գաղափար էր Բարթլբիի հեռանալու ենթադրությունը, սակայն վերջին հաշվով, ենթադրողը ես էի և ոչ թե Բարթլբին։ Բանն այն է, որ ես ԵՆԹԱԴՐԵԼ էի, թե նա կհեռանա, բայց արդյո՞ք նա ԿԳԵՐԱԴԱՍԵՐ հեռանալ։ Բարթլբին հատուկ չէր ենթադրելը, նա միայն գերադասում էր։
Նախաճաշից հետո իջա քաղաք մտքումս քննելով բոլոր հնարավոր տարբերակները։ Մի պահ մտածեցի, որ ամեն ինչ իզուր էր, և որ Բարթլբիին, ինչպես միշտ, կտեսնեմ գրասենյակում․ հաջորդ պահին պատկերացրի նրա դատարկ աթոռը․․․ Այդպես անվերջ տատանվում էի։ Բրոդվեյի և Քընալ֊Սթրիթի անկյունում մարդիկ հավաքված տաք֊տաք զրուցում էին։
― Գրազ կգամ, որ բան դուրս չի գա,― մինչ անցնում էի, ասաց նրանցից մեկը։
― Իսկ ես ասում եմ, որ բան դուրս կգա,― ասացի ես,― ընդունում եմ գրազը։
Արդեն մեքենաբար ձեռքս գրպանս էի տանում՝ իմ բաժինը դնելու համար, երբ հիշեցի, որ ընտրությունների օր է։ Լսածս բառերը ոչ մի կապ չունեին Բարթլբիի հետ, այլ վերաբերում էին քաղաքագլխի թեկնածուի հաջողությանը կամ անհաջողությանը։
Մտքերի մեջ խորասուզված՝ ինձ թվում էր, թե ողջ Բրոդվեյը կիսում է իմ հուզմունքը և ինձ հետ քննարկում նույն հարցը։ Ես առաջ անցա՝ ուրախացած, որ փողոցի իրարանցումը քողարկեց իմ վայկենական ցրվածությունը։
Ինչպես և մտադրվել էի՝ բավական վաղ հասա գրասենյակի դռանը։ Մի պահ կանգնած ականջ դրեցի։ Ոչ մի ձայն ներսից։ Հավանաբար գնացել է։ Շրջեցի բռնակը, դուռը կողպված էր։ Այո, իմ վարվելակերպն իրեն լիովին արդարացրեց։ Բարթլբին հաստատ գնացել է։ Սակայն կրկին մելամաղձություն զգացի, համարյա սկսեցի փոշմանել փայլուն հաջողությունս։ Ուղելաթի տակ բանալին էի փնտրում (չէ որ Բարթլբին պետք է թողներ այն), երբ հանկարծ ծունկս դիպավ դռանը և ներսից լսվեց մի ձայն․
― Ներս չի կարելի, ես զբաղված եմ։
Բարթլբին էր։
Ասես շանթահար լինեի, մի պահ քարացել էի այն մարդու պես, որը, ծխամորճը բերանում, տարիներ առաջ Վիրջինիայի անամպ կեսօրին սպանվեց ամառային կայծակից․ սպանվեց իր սեփական տան տաքուկ պատուհանների մոտ և այդպես էլ հենված մնաց, մինչև ինչ֊որ մեկը դիպավ նրան, և նա տապալվեց հատակին։
«Չի գնացել», ի վերջո շշնջացի ես։ Սակայն վերստին անսալով այս խորհրդավոր գրագրի հրաշագործ իշխանությանը (որից անկարող էի ազատվել, որքան էլ ջանայի), դանդաղ դուրս եկա փողոց և քայլեցի՝ նույն հարցը տալով՝ ի՞նչ անել այս տարօրինակ մարդու հետ։ Անկարող էի նրան պարզապես վռնդել․ վիրավորելով դուրս անելն անվայել բան է։ Սակայն թույլ տալ նրան տոնելու իր մեռելային հաղթանակը՝ նույնպես վեր էր իմ ուժերից։ Ուրեմն ի՞նչ անել կամ, եթե ոչինչ հնարավոր չէ անել ի՞նչ վարքագիծ կարելի է ՁԵՎԱՑՆԵԼ այս գործում։ Այո, ես ենթադրել էի, որ Բարթլբին կհեռանա, և պարտավոր էի մինչև վերջ տանել ենթադրությունս, այսինքն՝ փութով պետք է մտնեի գրասենյակ՝ անտեսելով նրա գոյությունը։ Նման քայլը դիպուկ հարված կլիներ, և հազիվ թե Բարթլբին դիմանար դրան։ Սակայն հաջորդ պահին այս նախագծի հաջողությունը կասկածելի թվաց։ Որոշեցի կրկին խոսել նրա հետ։
― Բարթլբի,― ասացի՝ դեմքի խիստ արտահայտությամբ մտնելով գրասենյակ,― ես շատ դժգոհ եմ քեզնից և վիրավորված։ Քո մասին ավելի լավ կարծիքի էի, միշտ քեզ ջենթլմեն եմ կարծել, որի համար չնչին երկընտրանքի հարցում անգամ թեթևակի ակնարկը բավական կլիներ։ Բայց ինչպես երևում է՝ խաբվել եմ։ Ինչո՞ւ,― ոգևորված ավելացրի՝ մատնացույց անելով փողը,― նույնիսկ փողին ձեռք չես տվել։
Ոչ մի պատասխան։
― Վերջապես հանգիստ թողենլո՞ւ ես ինձ,― Բարթլբիին մոտենալով՝ համարյա գոռացի ես։
― Գերադասում եմ չթողնել ձեզ,― մեղմորեն շեշտեց «չթողնել» բառը։
― Ի՞նչ իրավունք ունես այստեղ մնալու։ Ինձ վա՞րձ ես տալիս, հարկե՞րս ես վճարում, թե՞ սա քո սեփականությունն է։
Բարթլբին լուռ էր։
― Կարո՞ղ ես շարունակել գործդ։ Աչքերդ լավացե՞լ են։ Այս առավոտ մի փոքրիկ փաստաթուղթ կարտագրե՞ս։ Կօգնե՞ս մի քանի տող ստուգելու, կգնա՞ս փոստատուն։ Մի խոսքով, որևէ բան կանե՞ս, եթե մտադիր չես թողնելու գրասենյակը։
Նա լուռ հեռացավ իր ճգնարանը։