Changes
Եվ այսպես, քաղաքի կործանման տասնմեկերորդ օրը զորքի գլխամասը անցավ լճի ծայրին գտնվող քարե դարպասով և ոտք դրեց ամայի հողին։
==ԱՄՊԵՐԸ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ==
Այժմ վերադառնանք Բիլբոյին ու թզուկներին։ Նրանք հերթով ամբողջ գիշեր հերթապահում էին մինչև առավոտ, սակայն կասկածելի ոչինչ չնկատեցին։ Բայց ցերեկը առաջվանից ավելի շատ թռչուններ հավաքվեցին։ Նրանք երամներով գալիս էին հարավից, իսկ Սարի մերձակայքում ապրող ագռավները պտտվում էին Սարի վրա ու անդադար կռկռում։
―Ինչ֊որ տարօրինակ բան է կատարվում,― ասաց Տորինը։― Աշնանային չուի ժամանակն անցել է, ասենք թռչուններն էլ բոլորը տեղացի են, իսկ հեռվում ես տեսնում եմ լեշով սնվող գիշանգղներ, նրանք ասես ճակատամարտի են սպասում։
Հանկարծ Բիլբոն ձեռքը պարզեց։
― Տեսեք, ծեր կեռնեխը վերադարձել է․․․ նշանակում է, նա փրկվել է, երբ Սմոգը ջնջում էր մեր լանջը։ Բայց խխունջները հազիվ թե կենդանի մնացած լինեն։
Եվ, իրոք, կեռնեխը թռավ նրանց մոտ, նստեց քարին, թևերը թափահարեց և կչկչաց։ Հետո գլուխը կողքի թեքեց և ականջ դրեց, հետո նորից կչկչաց և նորից գլուխը կողքի թեքեց։
― Իմ կարծիքով, նա ինչ֊որ բան է ուզում ասել մեզ,― ենթադրեց Բալինը,― բայց ես գլխի չեմ ընկնում՝ թե ինչ։ Կեռնեխները չափազանց արագ ու անհասկանալի են բլբլում։ Իսկ դու գլխի ընկնո՞ւմ ես նա ինչ է ասում, Բեգիսն․․․
― Ո֊ոչ բոլորը,― պատասխանեց Բիլբոն, որ բացարձակապես ոչինչ չէր հասկացել։― Ըստ իս ծերուկը շատ հուզված է։
― Գոնե դա արջնագռավ լիներ,― նկատեց Բալինը։
― Իսկ ինձ թվում է, դու ագռավներին չես սիրում։ Անցյալ անգամ նրանցից ուղղակի փախար։
― Ախր նրանք ագռավներ էին․․․ ըստ որում զզվելի անտաշներ, կասկածելի տեսակի։ Լսեցի՞ր, մեզ ինչ խոսքեր էին ասում։ Ոչ, արջնագռավները բոլորովին ուրիշ են։ Տրորի ժողովուրդը մի ժամանակ սերտ բարեկամություն էր անում նրանց հետ, նրանք մեզ գաղտնի տեղեկություններ էին բերում, իսկ մեզանից ամեն տեսակ փայլփլուն առարկաներ էին նվեր ստանում, որոնք հաճույքով թաքցնում էին իրենց բներում։ Նրանք երկար են ապրում, հիանալի հիշողություն ունեն և այն ամենը, ինչ֊որ գիտեն ու հիշում են, հաղորդում են իրենց երեխաներին։ Երիտասարդությանս տարիներին ես շատ արջնագռավներ էի ճանաչում։ Ախր հենց այս բարձունքն էլ մի ժամանակ անվանեցին Ագռավի, այն պատճառով, որ այստեղ պահակատան վերևում ապրում էր արջնագռավների նշանավոր իմաստուն մի զույգ՝ ծեր Կռավանը և իր կինը։ Սակայն չեմ կարծում, որ այդ հինավուրց տոհմից որևէ մեկը կենդանի մնացած լինի։
Հենց որ նա լռեց, կեռնեխը բարձր ճիչ արձակեց ու իսկույն թռավ գնաց։
― Մենք նրան չենք հասկանում,― ասաց Բալինը,― բայց նա, համոզված եմ, հասկանում է մեզ։ Ուշադրությամբ հտեևի՛ր, հիմա ինչ֊որ բան կլինի։
Մի քիչ անց թևերի բախյուն լսվեց, կեռնեխը վերադարձավ, այն էլ ոչ մենակ, այլ մի ծեր, շատ զառամյալ արջնագռավի հետ։ Համարյա կույր, քաչալ գլխով, վիթխարի արջնագռավը հազիվ էր շարժվում։ Վայրէջք կատարելով հարթակի վրա՝ նա դանդաղ, դժվարությամբ ցատկոտելով մոտեցավ Տորինին։
― Ով Տորին, որդի Տրեյնի, և Բալին, որդի Ֆանդիի,― կռկռաց նա, և այս անգամ Բիլբոն ամեն ինչ հասկացավ, որովետև արջնագռավը խոսում էր ոչ թե թռչնային, այլ մարդկային լեզվով։― Ես Ռոսկն եմ, Կռավանի որդին։ Կռավանը մահացել է, դու մի ժամանակ նրան ճանաչում էիր։ Հարյուր հիսուներեք տարի է ացնել այն օրվանից, ինչ ես դուրս եմ եկել ձվից, բայց հիշում եմ այն բոլորը, ինչ պատմում էր հայրս։ Այժմ ես Սարի շրջակայքում ապրող մեծ արջագռավների առաջնորդն են։ Մենք քիչ ենք, բայց դրա փոխարեն հիշում ենք Սարատակի նախկին թագավորին։ Իմ հպատակների մեծ մասը հիմա բացակայում է, որովհետև Հարավից մեծ նորություններ են հասել մեզ․ դրանց մի մասը քեզ ուրախություն կպատճառի, իսկ մյուս մասը կվշտացնի։ Նայիր, թռչունները բոլոր կողմերից հավաքվում են Սարի ու Դեյլի մոտ, քանի որ լուր է տարածվել Սմոգի մահվան մասին․․․
― Մեռե՞լ է, մեռե՞լ է,― իրար ընդհատելով գոռացին թզուկները։― Ուրմեն մենք իզուր էին վախենում, գանձերը հիմա մերն են։― Նրանք բոլոր տեղերից վեր թռան և ուրախությունից ցատկոտեցին։
― Այո, նա մեռած է,― պատասխանեց Ռոակը։― Կեռնեխը, թող որ երբեք չթափվեն նրա փետուրները, տեսել է, թե ինչպես է կործանվել Սմոգը, իսկ նրան կարելի է հավատալ։ Սմոգը ընկել է Էսգարոտի բնակիչների դեմ մղած կռվում, երեք գիշեր սրանից առաջ, լուսնի դուրս գալու հետ։
Տորինը դժվարությամբ հանգստացրեց թզուկներին և համոզեց մինչև վերջ լսել արջնագռավին։ Զառամյալ արջնագռավը, ճակատամարտը նկարագրելով, շարունակեց․
― Այդպիսին է ուրախալի լուրը, Տորին Օուքենշիլդ։ Առանց վախի վերադարձի՛ր քո ապարանքները, գանձերը առժամանակ քոնն են։ Առժամանակ, որովհետև միայն թռչունների երամները չէ, որ ձգվում են դեպի այստեղ։ Գանձերի պահապանի մահվան լուրը տարածվեց ամենուր, իսկ Տրորի հարստությունների մասին առասպելը չի հնացել, քանի որ անդադար պատմել են դրա մասին։ Շատերը երազում են, որ ավարի մի մասն էլ իրենց հասնի։ Արդեն դեպի այստեղ է շարժվում էլֆերի զորքը․ նրանց հետ էլ՝ գիշակերները, որոնք կռվի ու արյունահեղության հույս ունեն։ Լճի բնակիչները տրտնջում են և իրենց հասած աղետների համար մեղադրում են թզուկներին։ Նրանք անօթևան են մնացել, շատերը մեռել են։ Սմոգը կործանեց նրանց քաղաքը, դրա համար էլ նրանք նույնպես մտածում են իրենց կորուստները հատուցել ձեր գանձերի հաշվին, անկախ այն բանից՝ դուք ո՞ղջ եք, թե մեռած։ Թող ձեր իմաստությունը հուշի ձեզ, թե ինչ ճանապարհ ընտրեք։ Լսեք իմ խորհուրդը․ Լճաշեն քաղաքի քաղաքագլխին չվստահեք, ավելի շատ վստահության արժանի է նա, ով նետահար արեց վիշապին։ Նրա անունը Բերդ է։ Նա Դեյլից է, Գիրիոնի շառավիղներից։ Նա խոժոռադեմ մարդ է, բայց հուսալի։ Մենք շատ կուզեինք թզուկների, մարդկանց և էլֆերի միջև հաշտության ականատես լինել։ Բայց այդ հաշտությունը ձեզանից բացականին ոսկի կխլի։ Ես վերջացրի։
Եվ այստեղ Տորինը ազատություն տվեց իր զայրույթին։
― Շնորհակալ եմ քեզնից, Ռոակ, որդի Կռավանի։ Քեզ և քո ցեղին մենք, հասկանալի է, չենք մոռանա։ Բայց քանի մեքն կենդանի ենք, ոչ մի գող և բռնակալ չի կարող խլել մեր ոսկին։ Եթե ուզում ես մեր շնորհակալությանն արժանանալ, մեզ լուր բեր այն մասին, թե ով է մոտենում Սարին։ Եվ էլի մի խնդրանք ունեմ․ եթե ձերոնց մեջ ջահելներ կան, ուժեղ թևերով, սուհանդակ ուղարկիր իմ ազգականներին, հյուսիսային լեռներ, թող պատմեն մեր աղետների մասին։ Ամենագլխավորը՝ լուր տան իմ հորեղբորորդի Դեյնին, որ ապրումէ Երկաթե Բլուրներում։ Դա բոլորովին էլ հեռու չէ այստեղից։ Նա շատ փորձված ռազմիկներ ունի։ Թող մեզ օգնության շտապի։
― Չգիտեմ քո որոշումը լավ բանի կհասցնի, թե վատ,― կռկռաց Ռոակը,― բայց ես քո խնդրանքը կկատարեմ։
Եվ նա ծանրորեն թռավ գնաց։
― Ետ դեպի Սարը,― բացականչեց Տորինը։― Մեր ժամանակը քիչ է։
― Իսկ ուտելիք մեզ հարկավոր է շատ,― միջամտեց Բիլբոն, որ միշտ գործնական էր։ Նա գտնում էր, որ վիշապի կործանումով իրենց արկածներն ըստ էության վերջանում են (որում խիստ սխալվում էր)։ Նա կտար ավարի իր ողջ բաժինը, միայն թե այս պատմությունը խաղաղությամբ ավարտվեր։
― Ետ դեպի Սարը,― խմբով կրկնեցին թզուկները, ասես Բիլբոյի խոսքերը չէին էլ լսել։ Վերջինս հարկադրված էր հետևել նրանց։
Թզուկների տրամադրության տակ մի քանի օր էր մնում։ Նրանք մեկ անգամ էլ հետազոտեցին քարայրները և որոշեցին, որ ներս մտնել կարելի է միայն Գլխավոր դարպասից, այնուամենայնիվ Սարատակ տանող մյուս բոլոր անցքերը (բացի գլխավոր դռնից) Սմոգը վաղուց փլուզել էր, դրանց հետքն էլ չէր մնացել։ Դրա համար էլ թզուկները ջանասիրաբար ձեռնամուխ եղան գլխավոր մուտքը ամրացնելուն և դեպի այն տանող նոր արահետ բացելուն։ Ներսում որքան ասես բահ գտնվեց, կացիններ ու մուրճեր, որ մնացել էին հնագույն հանքափորներից և հյուսներից, իսկ այդպիսի գործերում թզուկներն առաջվա պես իրենց հավասարը չունեին։
Մինչև նրանք չարչարվում էին, արջնագռավները շարունակ լուրեր էին բերում։ Այսպես թզուկներն իմացան, որ էլֆերի թագավորը թեքվել է դեպի լիճը, նշանակում է, դեռ ժամանակ կա։ Պարզվեց մի հաճելի նորություն ևս․ էլֆերի մի քանի պոնիներ փախել են և հիմա թափառում են Արագահոս գետի ափերին, թզուկների նախկին ճամբարից ոչ հեռու, որտեղ մթերքի որոշ պաշարներ էին պահպանվել։ Արջնագռվան այնտեղ տարավ Ֆիլիին ու Կիլիին, որոնք բռնեցին պոնիներին և նրանց բարձած բերեցին այն ամենը, ինչ որ կարող էին։
Չորս օր անցավ և վերջապես, թզուկներն իմացան, որ Լճաշեն քաղաքի և էլֆերի միացյալ բանակները մոտենում են Սարին։ Այդ օրերի ընթացքում նրանց հույսերն ամրապնդվել էին․ ուտելիքը պետք է որ մի քանի շաբաթ բավականացներ (գլխավոր սնունդն, իհարկե, չորահացն էր, որից կարգին ձանձրացել էին, բայց նույնիսկ չորահաց ունենալն ավելի լավ էր, քան ոչինչը)։ Նրանք հասցրել էին դարպասի առաջ մի հաստ ու բարձր քարե պատ կանգնեցնել։ Պատի մեջ դիտանցքներ էին թողել, որտեղից կարող էին կրակել, բայց մուտք չէին թողել։ Դուրս ու ներս էին անում շարժական սանդուղքներով, իսկ շինանյութերը վերև էին քաշում պարաններով։ Նոր պատի մեջ նրանք ցածրիկ մի կամար էին բացել այնտեղից դուրս եկող վտակի համար, իսկ դրանից այն կողմ նեղ հունն այնպես էին փորել, որ Սարի ու զառիթափի միջև, որտեղից գտը գահավեժ իջնում էր դեպի Դեյլ, լայն մի ջրամբար էր գոյացել։ Այժմ դարպասին հասնել կարելի էր միայն լողալով կամ ժայռի երկայնքով անցնող նեղ ելուստնեորվ։ Պոնիներին նրանք տարան հին կամրջից վեր բարձրացող աստիճանների մոտ, բեռներն իջեցրին և առանց հեծյալների ուղարկեցին հարավ՝ իրենց տերերին։
Հանկարծ մի անգամ գիշերը հովտում կրակներ բռնկվեցին, բազում կրակներ, ասես այնտեղ խարույկներ ու ջահեր էին վառել։
― Նրանք եկել են,― բացականչեց Բալինը։― Հսկայական ճամբար է։ Երևի մթնշաղին են մտել հովիտ։
Այդ գիշեր թզուկները քիչ քնեցին։ Լույսը նոր բացված՝ նրանք պատի ետևից ռազմիկների մի խումբ տեսան։ Ռազմիկները դանդաղ բարձրանում էին դեպի վեր։ Շուտով թզուկները զանազանեցին լճի զինված մարդկանց և էլֆ նետաձիգներին։ Նրանք մագլցեցին ժայռերի վրա ու հայտնվեցին ջրվեժի եզրին։ Եվ այ թե զարմացան՝ իրենց առջև ճամբար ու դարպասի փոխարեն նոր տաշած քարերից շարված պատը տեսնելով։
Նրանք կանգ առան, խորհրդակցեցին, ձեռքերով ինչ֊որ բան ցույց տվեցին, և հենց այդ պահին Տորինը բարձրաձանեց նրանց․
― Ովքե՞ր եք դուք։ Ինչո՞ւ եք Սարատակի թագավորի դարպասը եկել զինված, կարծես պատերազմ եք ուզում։ Ի՞նչ եք կամենում․․․
Նրան չպատասխանեցին։ Ոմանք իսկույն ետ դարձան, մյուսները մի որոշ ժամանակ էլ տնտղեցին ամրությունները, ապա հետևեցին առաջիններին։ Այդ նույն օրը նրանք ճամբարը տեղափոխեցին և ծածկեցին Սարի երկու ելուստների միջև։ Ժայռերի մեջ երգեր և ուրախ ձայներ լսվեցին, որ վաղուց չէր եղել։ Էլֆերը հնչեցրին տավիղները, լսվեցին զարմանահրաշ մեղեդիներ։ Եվ երաժշտության ձայների հետ սառը օդն ասես թե ջերմացավ, ու թզուկներին հասավ դաշտային ծաղիների մեղ բուրմունքը, կարծես ոչ թե խոր աշուն էր, այլ գարուն։
Բիլբոն անձկորեն ցանկանում էր փախչել խստաշունչ բերդից, իջնել ցած, միանալ խարույկների շուրջը ծայր առած ուրախ խրախչանքին։ Ջահել թզուկների սրտերը նույնպես թունդ ելան․ լավ կլիներ ամեն ինչ այլ կերպ ընթանար, քրթմնջացին նրանք, լավ կլիներ ընկերակցել այդ քեֆչիներին։ Բայց Տորինը հոնքերը կիտեց ու զայրալի հայացք գցեց նրանց վրա։ Այդ ժամանակ թզուկները բերեցին տավիղներն ու գանձարանում գտած մյուս երաժշտական գործիքները և նվագեցին ու երգեցին, ցանկանալով Տորինի սիրտը շահել։ Բայց նրանց երգը նման չէր էլֆերի երգերին, այլ ավելի շատ նմանվում էր այն առաջինին, որ թզուկները մի ժամանակ երգել էին հոբիտի բնում։
Դաժան կռվի մեջ վիշապը ընկավ,
Արքան ետ խլեց գահն օրինական,
Այդպես կմեռնի ամեն թշնամի՝
Ասաց մեր արքան։
Եվ վարպետները հումտ ու բարի
Ոսկուց, արծաթից ու անգին քարից
Ձուլեցին թասեր, գավաթներ սիրուն,
Եվ շողշողացին սուտակ, մարգարիտ։
Նրանց արվեստը գաղտնիք ունի հին՝
Այնպես անել, որ թագին ու գահին
Սուտակը շողա աստղերի փայլով,
Եվ այդ փայլն իր մեջ հավիտյան պահի։
Շուրջը ամենուր ազատ է հիմա,
Առատություն է բոլորիս համար,
Դե, Անտառային Ժողովուրդ, առաջ,
Արքային պետք են լավ բարեկամներ։
Թող կոչն այս հնչի ամեն ականջում․
Քարանձավները ձեզ տուն են կանչում,
Դե, Անտառային Ժողովուրդ, առաջ,
Արքան ձեզ բացսիրտ, խնդուն է կանչում։
Դաժան կռվի մեջ վիշապը ընկավ,
Արքան ետ խլեց գահն օրինական,
Այդպես կմեռնի ամեն թշնամի՝
Ասաց մեր արքան։
Իսկապես էլ երգը Տորինին դուր եկավ, նա փափկեց, զվարթացավ և սկսեց մոտավորապես հաշվել, թե որքան ժամանակ հետո Դեյնը կհասնի Մենավոր Լեռան մոտ, եթե եղբորից լուրն ստանալուն պես Երկաթե Բլուրներից դուրս գա։ Բիլբոն տխրեց՝ երգը և դրան հաջորդող խոսակցությունը լսելով․ դրանք արդեն չափազանց ռազմատենչ թվացին նրան։
Հաջորդ առավոտյան թզուկները նիզակակիրների մի ջոկատ տեսան, որն անցնում էր գետն ու հովտով վեր բարձրանում։ Սրանք տանում էին էլֆերի թագավորի կանաչ դրոշակը և Լճաշենի երկնագույն դրոշակը։ Շուտով նրանք հայտնվեցին ուղիղ դարպասը փակող պատի առաջ։
Եվ նորից Տորինը բարձր ձայնով դիմեց նրանց․
― Ո՞վ եք դուք, որ զենքը ձեռքներիդ եք եկել Տորինի, Տրեյնի որդու, Սարատակի թագավորի դարպասի մոտ․․․
Այս անգամ նա պատասխան ստացավ։ Բարձրահասկան, թխամազ դեմքով մարդն առաջ եկավ։
― Ողջունում եմ քեզ, Տորին։ Ինչո՞ւ ես փակվել այդտեղ, կարծես ավազակ լինես որջում։ Ես ու դու առայժմ թշնամիներ չենք, մենք հույս չունեինք ձեզ կենդանի տեսնել և հիմա ուրախ ենք։ Իսկ քանի որ կենդանի եք, ապա խելք խելքի տալու և խորհրդակցելու բան ունենք։
― Ո՞վ ես դու, և ինչի՞ մասին պետք է խորհրդակցենք։
― Ես Բերդն եմ, իմ նետից ընկավ վիշապը։ Ես ազատագրել եմ քո հարստությունը։ Մի՞թե դա քեզ չի վերաբերում․․․ Բացի դրանից ես Գիրիոնի անմիջական ժառանգն եմ, Դեյլից։ Քո գանձարանում բավական թանկարժեք զարդեղեն կգտնվի, որ մի ժամանակ Սմոգը գողացել է այդ քաղաքից։ Մի՞թե չարժե այս մասին խորհել։ Այնուհետև, վերջին կռվում Սմոգն ավերեց Էսգարոտի բնակիչների տները, իսկ ես առայժմ ծառայում եմ նրանց քաղաքագլխին։ Նրա անունից ես հարցնում եմ քեզ․ մի՞թե դու չես կարեկցում ուրիշի վշտին և տառապանքներին։ Քո դժվար րոպեին նրանք քեզ օգնեցին, իսկ դու ի պատասխան նրանց կործանում բերեցիր, թեպետև ոչ դիտավորյալ։
Ինչ արած։ Ասված էր արդարամիտ և ազնիվ, չնայած հպարտ ու մռայլ տոնով։ Բիլբոն մտածեց, որ Տորինը կնդունի ասվածի օրինականությունը։ (Այն մասին, որ ինքը մեն֊մենակ էր հայտնաբերել վիշապի խոցելի տեղը, ոչ ոք ոչ մի անգամ չհիշեց։ Ասենք նա չէր էլ սպասում)։ Բայց Բիլբոն նկատի չէր առել ոսկու իշխանությունը և թզուկների բնավորությունը։ Տորինը երկար ժամեր էր անցկացրել գոնձարանում, և ագահությունը հիմնավորապես տիրել էր նրան։ Գլխավորապես նա փնտրում էր Արկենստոնը, բայց այդ ընթացքում նաև ուրիշ հրաշալի իրեր էր նկատում, որոնց հետ կապված էին հիշողություններ իր ժողովրդի վաստակի ու տառապանքների մասին։
― Ամենագլխավոր և խարդախ հարցը պահել ես վվերջում, ― պատասխանեց Տորինը։― Ոչ ոք իրավունք չունի ոտնձգություն կատարել իմ ժողովրդի հարստության նկատմամբ, քանի որ Սմոգը, դրանք գողանալով, իմ ժողորդին զրկեց օթևանից, իսկ ոմանց էլ կյանքից։ Գանձերը վիշապին չէին պատկանում, և հիմա դրանց օգնությամբ նրա չարագործությունները քավել հնարավոր չէ։ Ապրանքի գինը և լճի բնակիչներից ստացած օգնություը մենք ազնվորեն կհատուցենք։ Սակայն ոչինչ, լսո՞ւմ եք, ոչինչ չենք տա, եթե մեզ ուժով սպառնան։ Քանի մեր դռների մոտ զինված զորք է կանգնած, մենք ձեզ դիտում ենք որպես մեր թշնամիներ ու կողոպտիչներ։ Ես էլ իմ հերթին կհարցնեմ ձեզ․ իսկ գանձերի ո՞ր մասը կտայիք մեր տոհմին, եթե մեզ մեռած գտնեիք․․․
― Հարցը հիմնավոր է,― պատասխանեց Բերդը,― բայց դուք չեք կործանվել, իսկ մենք էլ կողոպտիչներ չենք։ Եվ, ախր, բացի իրավունքներից, գոյություն ունի նաև պարզապես խղճահարություն, որ հարուստը կարող է տածել կարիքավորների նկատմամբ, եթե նրանք իրեն բարեկամաբար են վերաբերվել դժբախտության պահին։ Ընդ որում իմ մյուս հարցերն անպատասխան մնացին։
― Կրկնում եմ, ես մտադիր չեմ բանակցություններ վարել իմ դարպասը պաշարած զինված ռազմիկների հետ։ Առավել ևս էլֆերի հետ, որոնց նկատմամբ բարի զգացմունքներ չեմ տածում։ Մեր բանակցությունները նրանց չեն վերաբերում։ Գնացեք այստեղից, քանի դեռ ձեզ վրա նետեր չեն թռել։ Եթե կկամենաք նորից ինձ հետ խոսել, նախ էլֆերի զորքը ետ ուղարկեք անտառ, որտեղ նրանց տեղն է, այն ժամանակ էլ վերադարձեք, բայց առանց զենքի․․․
― Էլֆերի թագավորը իմ բարեկամն է, նա օգնել է լճի բնակիներին ծանր ժամանակներում և դա արել է զուտ բարեկամաբար, անշահախնդրորեն,― առարկեց Բերդը։― Մենք ձեզ ժամանակ կտանք մտածելու։ Մինչև մեր գալը խելքի եկեք․․․
Այս խոսքերով Բերդը ետ դարձավ, և ջոկատն իջավ ճամբար։
Մի քանի ժամ էլ չէր անցել, երբ ջոկատը նորից հայտնվեց։ Առջևից գալիս էին փողահարները, և նրանցից մեկը, փողահարելով, հայտարարեց․
― Էսգարոտի և Անտառի անունից մենք դիմում ենք Տորին Օուքենշիլդին, Տրեյնի որդուն, որ իրեն կոչում է Սարատակի թագավոր։ Մենք նրան առաջարկում ենք կատարել իրենց ներկայացված պահանջները կամ թե չէ այսուհետև կհամարենք մեր երդվյալ թշնամին։
Նա պարտավոր է հարստության մեկ տասներկուերորդ մասը տալ Բերդին, որպես վիշապին սպանողի և Գիրիոնի ժառանգորդի։ Այդ բաժնից Բերդը օգնություն կհատկացնի Էսգարոտին, որքան որ հարկավոր համարի։ Բայց եթե Տորինը ցանկանում է իր հարևանների բարեկամությունն ու հարգանքը ձեռք բերել, որ հնում մտնում էր իր նախահարյերի սովորույթների մեջ, ապա ինքը իր կողմից բաժին կհանի լճի բնակինրիեն սատար լինելու համար։
Ի պատասախան Տորինը խլեց աղեղը և նետը արձակեց մունետիկի վրա։ Նետը խրվեց վահանի մեջ և թրթռաց։
― Եթե դա է քո պատասխանը,― գոռաց մունետիկը, ապա Սարը հայտարարում եմ պաշարված։ Դուք այնտեղից դուրս չեք գա այնքան ժամանակ, քանի դեռ չեք հրավիրի հաշտության և բանակցությունների։ Մեքն ձեզ վրա զենք չենք բարձրացնի, բայց և դուրս չենք թողնի այստեղից։ Նստեք ձեր ոսկիների վրա և կերեք այն, թե որ ուզում եք։
Այս ասելով բանբերներն արագ հեռացան, իսկ թզուկները մնացին՝ իրենց վիճակի մասին մտածելով։ Տորինն այնպես մռայլվեց, որ ոչ ոք չէր համարձակվի նրան հակաճառել, եթե նույնիսկ ուզենար, բայց դժբախտությունն էլ հենց այն էր, որ թզուկների մեծ մասը համամիտ էր նրան, բացառությամբ գիրուկ Բոմբուրի, Ֆիլիի ու Կիլիի։ Բիլբոն հասկանալի է, իրադարձությունների նոր շրջադարձը չէր ողջունում։ Առանց այդ էլ վաղուց Սարը զզվեցրել էր նրան, էլ ուր մնաց նստել պաշարման մեջ․․․ Սա արդեն չափից դուրս էր․․․
«Ամբողջ Սարի ներսը ներծծված է վիշապի գարշահոտությամբ,― մռթմռթում էր նա քթի տակ,― սիրտս խառնում է այդ հոտից։ Իսկ այդ չորահացն էլ արդեն կոկորդիցս կուլ չի գնում»։
==ԳԻՇԵՐԱՅԻՆ ԳՈՂԸ==
Օրերը ձգվում էին՝ դանդաղ ու տաղտկալի։ Թզուկները ժամանակը սպանում էին գանձերը դասավորելով ու կարգի բերելով։ Վերջապես Տորինը խոսք բացեց Տրեյնի Արկենստոնի մասին ու թախանձանքով խնդրեց քրքրել բոլոր անկյունները։
― Իմ հոր Արկենստոնը,― ասաց նա,― մեկ֊մենակ ոսկու գետից թանկ է, իսկ ինձ համար առավել ևս գին չունի։ Այս ամբողջ հարստությունից հատկապես դա եմ ես ինձ համար նախընտրել և դաժանորեն վրեժ կլուծեմ ամեն մեկից, ով կգտնի այն ու կթաքցնի։
Բիլբոն լսեց նրա խոսքերն ու խիստ վախեցավ․ ի՞նչ կինի, եթե քարը գտնեն։ Նա քարը թաքցրել էր լաթերի կապոցի մեջ, որ գիշերը բարձի փոխարեն դնում էր գլխի տակ։ Բայց լռեց, որովհետև քանի տաղտուկն անտանելի էր դառնում, այնքան նրա գլխում աստիճանաբար պլանը հասունանում էր։
Ամեն ինչ անփոփոխ էր մնում, երբ հանկարծ արջնագռավները նոր լուր բերերցին, որ Դեյնը հինգ հարյուր թզուկներով դուրս է եկել Երկաթե Բլուրներից և մի երկու օր հետո կլինի Դեյլում։
― Վախենում եմ, որ նրանք չկարողանան աննկատ մոտենալ Սարին,― վերջացրեց Ռոակը։― Չլինի թե հովտում մարտն սկսվի։ Դա ինձ դուր չի գալիս։ Նրանք, իհարկե, համարձակ ժողովուրդ են, բայց հազիվ թե նրանց ուժը պատի հաղթել այդ զորքին, որ ձեզ պաշարել է։ Իսկ եթե նույնիսկ հաղթեն, ապա ի՞նչ է սպասում ձեզ։ Նրանց կրնկակոխ հետևում է ձյունն ու ձմեռը։ Ինչո՞վ կկերակրվեք դուք, առանց հարևանների օգնության ու բարեհաճության։ Վիշապը չկա, բայց այնպես չլինի, որ գանձերը ձեզ մահ բերեն։
Սակայն Տորինին հնարավոր չէր խելքի բերել։
― Ձմեռն ու սառնամանիքը մարդկանց ու էլֆերին էլ կդաղեն,― առարկեց նա։― Նրանք գուցեև չեն դիմանա ամայի անապատի կյանքին։ Հենց որ նրանց վրա հարձակվեն իմ ազգականները և ձմեռը հուպ տա, նրանք ուզած֊չուզած այլ կերպ կխոսեն։
Այդ գիշեր Բիլբոն վճռեց։ Անլուսին գիշեր էր, երկինքը սև։ Հենց որ լրիվ մթնեց, Բիլբոն քաշվեց ետին սենյակի անկյունը և կապոցից հանեց պարանն ու քրջերի մեջ փաթաթված Արկենստոնը։ Հետո բարձրացավ պատի վրա։ Այնտեղ Բոմբուրն էր հերթապահում։
― Լավ ցուրտ է,― ասաց Բոմբուրը։
― Իսկ ներսում բավական տաք է,― նկատեց Բիլբոն։
― Էն էլ ո՜նց։ Բայց ես դեռ մինչև գիշերվա տասներկուսը պետք է կանգնեմ,― փնթփնթաց գիրուկը։― Զզվելի պատմություն ստացվեց։ Աստված չանի, որ ես Տորինին դատապարտեմ, թող անսահման աճի նրա մորուքը, բայց նա միշտ ինքնասածի է եղել և երբեք խելքի ճկունությամբ աչքի չի ընկել։
― Ճկունության տեսանկյունից ես էլ հիմա մի բան չեմ,― նկատեց Բիլբոն։― Ոտքերս բոլորովին փայտացել են, տրորել եմ՝ քարե աստիճաններին ու քարհատակ միջանցքներում ման գալով։ Ամեն ինչ կտայի, որ մի քիչ քայլեի փափուկ խոտի վրայով։
― Իսկ ես ամեն ինչ կտայի մի կում որևէ թունդ բանի, մի կուշտ ընթրիքի ու փափուկ անկողնի համար․․․
― Ցավոք սրտի, քանի պաշարումը շարունակվում է, չեմ կարող նման բան առաջարկել ձեզ։ Բայց դրա փոխարեն ահա թե ինչ կառաջարկեմ․ արդեն վաղուց է ժամապահ չեմ կանգնել և հաճույքով քո փոխարեն կհերթապահեմ, եթե ուզում ես։ Միևնույն է, այսօր քունս չի տանում։
― Դու լավ ընկեր ես, Բիլբո Բեգինս, ես հաճույքով կհամաձայնեմ։ Եթե որևէ բան նկատես, չմոռանաս, նախ ինձ արթնացրու․․․Ես կպառկեմ դռան մոտ, մուտքից դեպի ձախ։
― Գնա, գնա,― ասաց Բիլբոն։― Ես քեզ կարթնացնեմ կեսգիշերին, իսկ դու կարթնացնես հաջորդ ժամապահին։
Հենց որ Բոմբուրը գնաց, Բիլբոն մատանին դրեց մատին, պարանը կապեց, անցավ պատի վրայով և սկսեց ցած իջնել։ Նա առջևում հինգ ժամ ուներ։ Բոմբուրը կքնի, նա ուզած ժամանակ կարող է քնել, Սև Անտառի արկածներից հետո նա շարունակ ուզում էր նույն հրաշալի երազները տեսնել։ Մնացածներն աշխատում էին, և հազիվ թե թզուկներից որևէ մեկի մտքով անցնի ոչ իր հերթապահության ժամանակ պատի վրա բարձրանալ։
Անթափանց խավար էր, ճանապարհն անծանոթ։ Վերջապես, Բիլբոն կարողացավ հասնել մինչև գետի ոլորանը և մնում էր ծանծաղուտն անցնել, որպեսզի դուրս գար ճամբարի մոտ։ Գետն այստեղ խոր չէր, բայց լայնատարած էր, և փոքրիկ հոբիտը մթության մեջ դժվարությամբ անցավ մյուս կողմը։ Նա արդեն համարյա մյուս ափին էր, երբ հանկարծ սայթաքեց լպրծուն քարի վրա և աղմուկով շրմփաց պաղ ջրի մեջ։ Հազիվ էր ցամաք դուրս եկել ցրտից դողալով ու ջուր թքելով, երբ վազելով մոտեցան էլֆերը, լապտերները ձեռքներին, ու սկսեցին փնտրել քարերի մեջ։
― Ոչ, դա ձուկ չէր,― ասաց մեկը։ Այստեղ լրտես է թաքնված։
Ծածկեք լապտերները, թե չէ սրանք նրան ավելի շատ կօգնեն, քան մեզ, եթե նա այն զվարճալի փոքրիկ էակն է, թզուկների ծառան։
― Ծառա՜, էլ ինչ կուզեիք,― վրդովված փնչացրեց Բիլբոն և իսկույն էլ բարձր փռշտաց։ Էլֆերն անմիջապես վազեցին ձայնի կողմը։
― Այս կողմը լուսավորեք,― ձայն տվեց նրանց Բիլբոն։― Ես այստեղ եմ, այստեղ․․․― Նա մատանին մատից հանեց և դուրս եկավ գլաքարերի ետևից։
Էլֆերը վայրկենապես սթափվեցին ու բռնեցին նրան։
― Ո՞վ ես դու։ Թզուկների հոբիր՞տը։ Ի՞նչ ես անում այստեղ։ Ինչո՞ւ մեր ժամապահները քեզ չեն նկատել,― հարցերի տարափ տեղափին Բիլբոյի գլխին։
― Ես միստր Բիլբո Բեգինսն եմ,― պատասխանեց նա արժանապատվությամբ,― Տորինի ուղեկիցը։ Ես ձեզ թագավորին դեմքով շատ լավ եմ ճանաչում, բայց նա, հավանական է, արտաքնապես ինձ չի ճանաչում։ Ինձ Բերդը հաստատ կհիշի, և հենց նրան էլ ուզում եմ տեսնել։
― Ահա թե ինչ,― ասացին էլֆերը։― Իսկ ի՞նչ գործ ունես նրա հետ։
― Ինչ էլ որ լինի, հարգելի էլֆեր, դա միայն ինձ է վերաբերում։ Եթե դուք ցանկություն ունեք հարազատ անտառները վերադառնալու և ոչ թե հավերժ նստելու այս ձանձրալի ցուրտ տեղում, ապա շուտ ինձ տարեք խարույկի մոտ, որ չորանամ, իսկ հետո հնարավորություն տվեք պետերի հետ խոսելու։ Միայն թե շուտ։ Ես երկու ժամից ավելի չեմ կարող այստեղ մնալ։
Այ թե ինչպես պատահեց, որ փախուստից մի երկու ժամ հետո Բիլբոն նստած էր մեծ վրանի առջև, թեժ խարույկի մոտ, իսկ կողքին, հետաքրքրասիրությամբ նրան նայելով, նստած էին անտառի էլֆերի արքան և Բերդը։ Հոբիտը հագել էր էլֆերի պատրաստած զենք ու զրահը և փաթաթվել հին վերմակով․ այսպիսի տեսարան ամեն օր չես տեսնի։
― Գիտեք, ճիշտն ասած,― Բիլբոն խոսեց իր ամենագործնական տոնով,― ստեղծվել է բացարձակապես անտանելի իրավիճակ։ Անձամբ ես սաստիկ հոգնել եմ այս ամբողջ պատմությունից։ Ես տուն են ուզում, արևմուտք, այնտեղ բնակիչներն ավելի ողջախոհ են։ Բայց, հասկանո՞ւմ եք, այս գործում ես էլ իմ շահը ունեմ՝ տասնչորսերորդ բաժինը, ինչպես ավանդում է գրությունը։ Բարեբախտաբար ես այն պահել եմ։― Նա օղազրահի վրայից հագած հին բաճկոնի գրպանից հանեց Տորինի ճմրթված, ծալծլված գրությունը, որ վերջինս թողել էր հոբիտի տան օջախի թարեքի վրա։― Ընդհանուր երկամուտի տասնչորսերորդ մասը,― շարունակեց նա։― Անձամբ ես պատրաստ եմ ուշադիր քննել ձեր պահանջները և ամբողջից հանել իրավացիորեն ձեզ հասանելիք գումարը, ապա հետո միայն իմ բաժնի նկատմամբ իրավունք ներկայացնել։ Բայց դուք չգիտեք Տորին Օուքենշիլդին։ Հավատացնում եմ ձեզ, նա այդպես էլ կնստի ոսկու կույտի վրա, մինչև սովից մեռնի, եթե դուք այստեղից չհեռանաք։
― Դե թող մեռնի․․․― ասաց Բերդը։― Այդպիսի անուղեղ կամակորին այդպես էլ պետք է։
― Միանգամայն ճիշտ եք,― շարունակեց Բիլբոն։― Ես ձեզ հասկանում եմ։ Բայց մյուս կողմից ձմեռն է մոտենում, շուտով այստեղ և՛ ձյուն կլինի, և՛ սառնամանիք։ Մթերքը չի բավականանցի, նույնիսկ էլֆերի համար դժվար կլինի։ Ուրիշ դժվարություններ էլ կառաջանան։ Դուք չե՞ք լսել Դեյնի և Երկաթե Բլուրներից եկող թզուկների մասին։
― Ինչ֊որ ժամանակ լսել ենք։ Իսկ մեզ հետ ի՞նչ կապ ունեն նրանք,― հարցրեց արքան։
― Այդպես էլ գիտեի։ Ուրեմն ես ունեմ որոշ տեղեկություններ, որոնք ձեզ հայտնի չեն։ Դեյնը, պետք է ձեզ հայտնեմ, այստեղից երկու օրվա ճանապարհի վրա է գտնվում, նրա հետ ամենաքիչը հինգ հարյուր կատաղի թզուկներ կան․ նրանցից շատերը փորձված ռազմիկներ են, մասնակցել են գոբլինների դեմ մղած սարսափելի պատերազմներին, դուք, անկասկած, լսել եք այդ մասին։ Երբ նրանք հասնեն այստեղ, մեծ անախորժություններ կծագեն։
― Ինչո՞ւ ես այդպես բոլորը պատմում մեզ,― խիստ հարցրեց Բերդը։― Մատնում ես քո բարեկամների՞ն, թե մեզ ես վախեցնում։
― Թանկագին Բերդ,― ծվաց Բիլբոն։― Եզրակացություններ անելիս մի՛ շտապեք։ Կյանքումս այսպիսի կասկածամիտ մարդակնց չեմ հանիդպել։ Պարզապես փարձում են տհաճություններից ազատել բոլոր շահագռգռված անձնաց։ Այժմ ես ձեզ մի առաջարկություն կանեմ։
― Կլսենք,― արձագանքեցին արքան և Բերդը։
― Ավելի ճիշտ, կտեսնեք,― ուղղեց հոբիտը։― Ահա․․․― Եվ նա քրջերի միջից հանեց Արկենստոնը։
Էլֆերի արքան, որի աչքերը սովոր էին գեղեցիկ իրերի նայելու, ցնցված էր։ Նույնիսկ Բերդը լուռ զմայլվեց քարով։ Ասես լուսնի լույսով լցված գունդ լիներ, որ ձյան փաթիլների շողերից հյուսված ցանցով կախված էր նրանց առջև։
― Սա Տրեյնի Արկենստոնն է,― բացատրեց Բիլբոն։― Սարի Սիրտը։ Եվ Տորինի սիրտը։ Նրա համար այս քարն ավելի թանկ է, քան ոսկու գետը։ Սա տալիս եմ ձեզ։ Սա կօգնի ձեզ բանակցություններ վարելու։
Եվ Բիլբոն ոչ առանց ափսոսանքի հրաշալի քարը մեկնեց Բերդին։ Վերջինս կախարդվածի նման աչքերը հառեց իր ափի մեջ գտնվող Արկենստոնին։
― Բայց սա ինչպե՞ս է քո ձեռքն ընկել և ինչո՞ւ ես տալիս քո սեփականի պես,― հարցրեց նա՝ մեծ ճիգով հայացքը քարից կտրելով։
― Դ֊դե,― շփոթված պատասխանեց հոբիտը,― դա ոչ բոլորովին է իմը, բայց ես․․․ հասկանո՞ւմ եք, ես պատրաստ եմ իմ բաժնից հրաժարվել։ Գուցեև ես Գող եմ, կողքից նայողին՝ ավելի լավ է երևում, անձամբ ինքս երբեք ինձ այդպիսին չեմ համարել, բայց շատ թե քիչ ազնիվ Գող եմ։ Հիմա ես կվերադառնամ, և թող թզուկներն ինչ ուզում են անեն։ Հուսով եմ, քարը ձեզ օգտակար կլինի։
Էլֆերի արքան նայեց Բիլբոյին, որպես արմանք֊զարմանք մի բանի։
― Բիլբո Բեգինս․․․― ասաց նա։― Դու ավելի արժանի ես էլֆերի թագավորական ասպազենը կրելու, քան շատերը նրանցից, ում վրա ավելի լավ է դա նստում։ Բայց ես ինչ֊որ կասկածում եմ, թե Տորին Օուքենշիլդը ևս այդպես կմտածի․․․ Երևակայիր, ես, այնուամենայնիվ, թզուկներին ավելի լավ եմ ճանաչում, քան դու։ Ահա իմ խորհուրդը, մնա մեզ հետ, այստեղ քեզ պատիվ և հյուրընկալություն ցույց կտրվի։
― Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ,― պատասխանեց Բիլբոն և խոնարհվեց։― Կարծում եմ, լավ չի լինի բարեկամներին լքել հիմա, այն բանից հետո, երբմենք երկար ապրել ենք միասին։ Բացի դրանից, ես խոստացել եմ ծերուկ Բոմբուրին արթնացնել գիշերվա ժամը տասներկուսին։
Որքան էլ նրան համոզեցին, նա չմնաց։ Այն ժամանակ նրա հետ ուղեկցողներ դրեցին, և արքան ու Բերդը հրաժեշտի ժամանակ պատվի առան։
Երբ Բիլբոն անցնում էր ճամբարի միջոց, վրաններից մեկի դռան առջև նստած, մուգ թիկնոցով փաթաթված մի ծերունի վեր կացավ և մոտեցավ նրան․
― Գերազանց արարք էր, միստր Բեգինս,― ասաց նա Բիլբոյի մեջքին թփթփացնելով։― Հասարակը՝ հասարակ, բայց միշտ մի ինչ֊որ անսպասելի բան կանի։
Դա Հենդալֆն էր։
Առաջին անգամ այդքան օրերի ընթացքում Բիլբոն հրճվանք ապրեց։ Բայց երբ տեղնուտեղը ցանկացավ հարցեր տալ հրաշագործին, նա հոբիտին կանխեց։
― Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Եթե չեմ սխալվում, իրադարձություններն իրենց ավարտին են մոտենում։ Հիմա քեզ համար դժվար կլինի, բայց մի՛ ընկճվիր։ Գուցեև դուրս պրծնես։ Բոլորիդ այնպիսի նորություններ են սպասո՛ւմ, որոնց մասին նույնիսկ արջնագռավները չեն լսել։ Բարի գիշեր։
Մտահոգված, բայց և միաժամանակ հուսադրված Բիլբոն շարունակեց ճանապարհը։ Նրան բերեցին անվտանգ ծանծաղուտը և բարեհաջող ու չոր հասցրին մյուս ափը․ այստեղ նա հրաժեշտ տվեց էլֆերին և սկսեց մագլցել վեր, դեպի դարպասը։ Հանկարծ անսահման հոգնածություն տիրեց նրան, բայց, այնուամեայնիվ, պարանով վեր բարձրացավ դեռևս կեսգիշեր չեղած։ Պարանը, փառք աստծո, կախված էր այնտեղ, որտեղ թողել էր։ Նա արձակեց պարանը, թաքցրեց, իսկ հետո նստեց պատին և խորասուզվեց մտքերի մեջ։ Ի՞նչ կլինի հետո․․․ նրա հոգում տագնապ կար։
Ժամը տասներկուսին նա արթնացրեց Բոմբուրին, հետո կուչ եկավ անկյունում ու, չլսելով գիրուկի շնորհակալությունները (նա գիտակցում էր, որ այնքան էլ արժանի չէ դրանց), պինդ քնեց, գլխից դուրս վանելով բոլոր հոգսերը։ Եվ, որպես գաղտնիք ասենք, նա երազում խոզապուխտով ձվածեղ տեսավ։
==ԱՄՊՐՈՊԸ ՃԱՅԹԵՑ==
Հաջորդ առավոտյան լուսումութին ճամբարում փողեր հնչեցին։ Շուտով նեղ կածանի վրա երևացա բանբերը։ Պատից քիչ հեռու նա կանգ առավ, ձայն տվեց թզուկներին և հարցրեց՝ արյդոք Տորինը համաձա՞յն է լսել նոր դեսպաններին, քանի որ նորություններ կան և հանգամանքները փոխվել են։