Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 320 բայտ, 10:52, 28 Հուլիսի 2013
/* Գլուխ հինգերորդ */
Կայսրն իր ամբողջ արքունիքն ափին կանգնած սպասում էին իմ մեծ ձեռնարկի ելքին։ Նրանք տեսնում էին լայն մահիկի պես դեպի առաջ շարժվող նավերը, սակայն ինձ չէին նկատում, որովհետև ես մինչև կուրծքս ջրի մեջ էի։ Երբ հասա նեղուցի մեջտեղը, նրանք ավելի հետ վարանեցին, որովհետև ես մինչև վիզս ջրի տակն էի։ Կայսրը ենթադրեց, որ խեղդվել եմ և որ թշնամու նավատորմիղն, ահա, նենգորեն մոտենում է։ Սակայն նրա երկյուղը շուտով չքացավ, որովհետև նեղուցն իմ ամեն մի քայլափոխին ծանծաղանում էր և մինչև անգամ ափից նրանք ինձ կարող էին լսել։ Ու բարձրացնելով պարանների ծայրը, որոնցով կապել էի նավերը, բարձր ձայնով գոչեցի․ «Կեցցե՜ Լիլիպուտիայի ամենահզոր կայսրը»։ Ափ հասնելուց մեծ արքան ինձ ընդունեց ամենայն գովասանքով և շնորհեց ինձ նարդակ տիտղոսը, որ պատվո ամենամեծ նշանն է նրանց մեջ։
Նորին մեծությունը ցանկություն հայտնեց, որ ես պատեհ առիթով նավահանգիստը բերեմ թշնամու մնացած նավերը։ Իսկ թագավորների փառասիրությունն այնքան անսահման է, որ նա մտածեց, ըստ երևույթին, ոչ այլ ինչի մասին, քան վերածել ողջ Բլեֆուսկուի կայսրությունը մի գավառի <ref>Վերածել ողջ Բլեֆուսկուի կայսրությունը մի գավառի․ ― Մալբորոյի հաջողությունները շատերին միտք էր ներշնչում Ֆրանսիային ամբողջովին հնազանդեցնելու հնարավորության մասին։</ref> և կառավարել իր փոխարքայի ձեռքով, ու բնաջինջ անելով բոլոր բութ֊ ծայրական փախստականներին, հարկադրել ժողովրդին, որ ձուն սուր ծայրից կոտրեն, որով և նա կդառնար ամբողջ աշխարհի միակ տերը։ Բայց ես աշխատեցի ետ կանգնեցնել նրան այդ մտադրությունից՝ բերելով բազմաթիվ փաստեր թե՛ քաղաքական բնույթ ունեցող և թե՛ իրավական, որ բացարձակ բողոքեցի, թե չեմ ուզում գործիք դառնալ մի ազատ և քաջարի ժողովուրդ ստրուկ դարձնելու համար։ Իսկ երբ հարցը պետական խորհրդի քննությանը դրվեց, ամենաիմաստուն մինիստրներն իմ կարծիքը պաշտպանեցին։
Իմ ազատ և համարձակ հայտարարություն այն աստիճանի ներհակ էր նորին մեծության քաղաքական ծրագրերին, որ նա երբեք չէր կարողանում ներել ինձ։ Նա այդ շեշտեց շատ ճարպիկ կերպով խորհրդի մեջ, ուր, ինչպես ինձ հետո պատմեցին, իմաստուններից շատերը, առնվազն իրենց լռությամբ, համակարծիք էին ինձ, սակայն մյուսները, որոնք իմ գաղտնի թշնամիներն էին, չկարողացան զսպել իրենց արտահայտությունները, որոնք կողմնակի կերպով ուղղված էին ինձ։ Եվ այդ օրվանից նորին մեծության և դավադիր մինիստրների կողմից իմ դեմ սկսվեց մի չարամիտ ինտրիգ, որ պայթեց երկու ամիս չանցած ու քիչ մնաց ինձ վերջնականապես կործանի։ Այդքան չնչին կշիռ ունեն թագավորներին մատուցած ծառայությունները, եթե դրանց հակակշիռն է նրանց կրքերին գոհացում տալու մերժումը։
Ադմին, Վստահելի
1876
edits