Changes
/* Գլուխ հինգերորդ */
Բայց այդ թագավորության մեջ պատահած ամենամեծ վտանգի պատճառը եղավ մի կապիկ, որ պատկանում էր խոհանոցի ծառաներից մեկին։ Երբ Գլյումդալկլիչը գործով, կամ այցելության համար մի որևէ տեղ էր գնում, փակում էր ինձ իր սենյակի մեջ։ Եղանակը լավ էր, և սենյակի պատուհանը բաց էր, բաց էին նաև պատուհաններն ու դուռը իմ մեծ արկղի, որի մեջ ես սիրում էի ժամանակ անց կացնել, որովհետև այդտեղ շատ հարմար էր և ընդարձակ։ Երբ ես խոհերիս անձնատուր հանգիստ նստած էի սեղանիս առաջ՝ լսեցի, որ մեկը պատուհանից ներս ցատկեց ու սկսեց մի կողմից մյուսը թռչկոտել։ Թեև սաստիկ վախեցա, բայց և այնպես, առանց տեղից շարժվելու փորձեցի դուրս նայել․ և ես տեսա մի կապիկ, որ թռչկոտում էր ու վեր ու վար ոստոստում, մինչև որ նկատեց իմ արկղն ու սկսեց մեծ հաճույքով ու հետաքրքրությամբ դիտել՝ դռնից ու ամեն մի պատուհանից դեպի ներս նայելով։ Ես քաշվեցի իմ սենյակի, այսինքն արկղի հեռավոր անկյունը, բայց ամեն կողմ նայող կապիկի հայացքը մի այնպիսի սարսափ ազդեց վրաս, որ ես կորցրի մտածելու կարողությունս և խելքս չկտրեց, մահճակալի տակը մտնել, որ հեշտությամբ կարող էի անել։ Կսպիկը մի առ ժամանակ դես ու դեն նայելուց, ճչալուց ու ծամածռություններ անելուց հետո, վերջապես գտավ ինձ, և իր թաթը դռնից ներս խցկեով, մկան հետ խաղացող կատվի պես, հակառակ նրան, որ ես հաճախ նրանից խուսափելու համար մի տեղից մյուսն էի փախչում, բռնեց իմ վերարկուի փեշից (որ կարված էր այդ երկրի ամենահաստ և ամուր կերպասից) ու դուրս հանեց ինձ։ Նա վերցրեց ինձ իր աջ թաթի մեջ ու բռնեց այնպես, ինչպես, դայակը երեխային պահում է ծիծ տալու ժամանակ, ճիշտ նույն բանը ես տեսել եմ Եվրոպայում, երբ կապիկներն այդպես վերցնում էին կատվի ձագերին։ Եվ երբ ես դիմադրության փորձ արի, նա մի այնպիսի ուժով ինձ սեղմեց, որ ես ավելի խոհեմություն համարեցի ենթարկվել։ Ըստ երևույթին նա ինձ իր սեփական ցեղի մանուկներից մեկի տեղն էր ընդունել, որովհետև իր ազատ թաթով հաճախ քնքուշ փաղակշում էր իմ երեսը։ Նրան ընդհատեց դռան աղմուկը, կարծես մեկը բաց էր անում․ կապիկն անմիջապես թռավ պատուհանի վրա, որտեղից ներս էր մտել, և երեք թաթի վրա, իսկ չորրորդով ինձ բռնած, ջրհորդաններով կողքի կտուրի վրա մագլցեց։ Ես լսեցի Գլյումդալկլիչի ճիչն այդ րոպեին, երբ արդեն նա ինձ տանում էր։ Խեղճ աղջիկը քիչ մնաց խելագարվի․ ամբողջ պալատը ոտքի կանգնեց․ ծառաները վազեցին սանդուղքներ բերելու․ բակից հարյուրավոր մարդիկ տեսնում էին կապիկին՝ տանիքի գլխին նստած նա բռնել էր ինձ, երեխայի պես, իր մի թաթի մեջ, իսկ մյուսով կերարում էր ինձ՝ բերանս կոխելով զանազան ուտելիքներ, որ հանում էր նա իր դնչին կից պարկից և դմփում ինձ, երբ ես չէի ուզում ուտել։ Ներքև կանգնած ամբոխը չէր կարողանում զսպել իր ծիծաղը․ իմ կարծիքով չէր կարելի նրանց մեղադրել, որովհետև տեսարանը, անկասկած, բավականին զվարճալի էր ամենքի համար, իհարկե, ինձանից բացի։ Ոմանք սկսեցին քարեր նետել՝ կապիկին ցած բերելու հույսով, բայց այդ խստիվ արգելեցին, որովհետև այդպիսով անկասկած իմ գլուխը ջարդ ու փշուր կանեին։
Սանդուխքները դրին ու մի քանի հոգի բարձրացան վեր․ կապիկը տեսնելով նրանց ու հասկանալով, որ ինքը շրջապատված է և անկարող է իր երեք ոտքով փախչել, իսկույն բաց թողեց ինձ տանիքի վրա ու պուկ եկավ։ Եվ մնացի ես այդտեղ, հինգ հարյուր յարդ բարձրության վրա, ամեն րոպե սպասելով, որ քամին ինձ կնետի, կամ գլխապտույտից ինքս կգլորվեմ ցած․ բայց մի քաջ տղա, իմ դայակի ծառաներից մեկը, վեր բարձրացավ և ինձ իր անդրավարտիքի գրպանը դնելով, ողջ առողջ իջեցրեց ցած։ <ref>Ողջ առողջ իջեցրեց ցած․ ― Monsk Mason֊ը կարծում է, որ կապիկի հետ տեղի ունեցած այդ դեպքը ներշնչել է Սվիֆտին «հնամյա մի ավանդություն, որը պատմում է այն միջոցի մասին, որով կիլդեյրների նշանավոր տոհմի ժառանգին ազատել է կապիկը»։</ref> Ես համարյա խեղդվում էի այն զզվելի ախտոտություններից, որ կապիկը խցկել էր իմ կոկորդը․ սակայն իմ սիրելի փոքրիկ դայակը բարակ ասեղով դուրս հանեց այդ ամենն իմ բերանից, որից հետո ես փսխեցի ու մի փոքր հանգստացա։ Բայց ես այնպես թուլացել էի ու այնպես ջարդվել այդ գարշելի կենդանու գրկի մեջ, որ ստիպված էի երկու շաբաթ պառկել անկողնու մեջ։ Թագավորը, թագուհին և ամբողջ արքունիքն ամեն օր հարցնում էին իմ առողջությունը, իսկ օգոստափառ թագուհին իմ հիվանդության ժամանակ մի քանի անգամ այցելեց ինձ։ Կապիկին սպանեցին և հրաման տրվեց, որ պալատի մեջ այդպիսի կենդանիներ այլևս չպահեն։
Առողջանալուց հետո, երբ ես ներկայացա թագավորին՝ հայտնելու իմ շնորհակալությունը նրա ցույց տրված շնորհի համար, նա բարեհաճեց այդ արկածի առթիվ բավականին ծիծաղել։ Նա ինձ հարցրեց, թե ի՞նչ մտքեր ու խոհեր անցան իմ գլխով, երբ ես կապիկի գրկումն էի, ինչպե՞ս հավանեցի նրա տված ուտելիքը, նրա հյուրասիրելու ձևը, և թե տանիքի մաքուր օդից արդյոք չի՞ բացվել իմ ախորժակը։ Նա ցանկացավ նաև իմանալ, թե ինչ կանեի ես նման դիպվածին իմ հայրենիքում։ Նորին մեծությանը ես պատասխանեցի, թե Եվրոպայում կապիկ չկա, բացի հետաքրքրության համար ուրիշ տեղերից բերած կապիկներից, որոնք այնքան փոքր են, որ ես հեշտությամբ տասներկուսի հախից մի անգամից կգայի, եթե նրանք փորձեին հարձակվել ինձ վրա։ Իսկ ինչ վերաբերում է այդ հրեշավոր կենդանուն, որի հետ վերջերս գործ ունեցա (իսկապես նա մի փղի չափ էր), եթե սարսափը չխլեր ինձանից թուր բանեցնելու կարողությունս (այդ խոսքերն արտասանելիս կատաղի կերպով նայեցի ու ձեռքս խփեցի թրիս դաստակին), երբ նա իր թաթը խոթեր իմ սենյակը՝ մի այնպիսի հարված կհասցնեի, որ նա ավելի շուտ ուրախ կլիներ ծլկել իմ մոտից։ Այդ խոսքերը ես արտասանեցի զորավոր շեշտով, ինչպես մի մարդ, որ բծախնդիր է, թե մի գուցե իր քաջությունը կասկածի առարկա լինի։ Այսուհանդերձ իմ ճառը ծիծաղ առաջացրեց պալատականների մեջ, որոնք չնայած նորին մեծության հանդեպ ունեցած հարգանքին, չկարողացան իրենց զսպել։ Դա առիթ տվեց խորհրդածելու, թե որքան անօգուտ է պատվի արժանանալու ջանքն այն մարդկանց կողմից, որոնք քեզ հետ ոչ հավասարվել կարող են և ոչ էլ բաղդատվել։ Եվ իմ վարմունքի բարոյական կողմը շատ հաճախ ինձ համար տեսանելի էր դառնում Անգլիա վերադառնալուց հետո, ուր մի չնչին ստահակ, որ ոչ բարձր ծագում ունի, ոչ շնորհք, ոչ խելք և ոչ էլ հասկացողություն, համարձակվում է իրեն կարևոր տեսք տալ և թագավորության մեծ մարդկանց շարքը դասել։