Changes
― Քիչ բան գիտեք դուք, ― ասաց Կոնդորը։
― Հարցն այստեղ Բուդախը չէ, ― առարկեց դոն Ռումատան։ ― Եթե նա կենդանի է, ես նրան կգտնեմ ու լույս աշխարհ կհանեմ։ Դա ես կարող եմ անել։ Եվ այդ մասին չէի ուզում ձեզ հետ խոսել։ Ես ուզում էի կրկին ու կրկին ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Արկանարում դրությունը դուրս է գալիս բազիսային տեսության շրջանակներից․․․ Դոն Կոնդորի դեմքին թթու արտահայտություն նշմարվեց։ ― Ո՛չ, ո՛չ, մինչև վերջ լսեք ինձ, ― համառորեն շարունակեց Ռումատան։ ― Ես զգում եմ, որ ռադիոյով երբեք չեմ կարողանա բացատրել ձեզ։ Իսկ Արկանարում ամեն ինչ փոխվել է։ Ի հայտ է եկել ինչ֊որ մշտական գործոն։ Եվ դա արտահայտվում է նրանով, որ դոն Ռեբան, կարծես, գիտակցորեն, թագավորության մեջ եղած ողջ գորշությունը հրահրում է ուսյալների դեմ։ Նա, ով թեկուզ մի փոքր վեր է միջին գորշ մակարդակից, սպառնալիքի տակ է։ Դուք լսե՛ք ինձ, դոն Կոնդոր, սրանք հույզեր չեն, սրանք փաստեր են։ Եթե դու խելոք ես, կրթված, եթե դու տարակուսանքներ ունես, սովորական ձևով չես խոսում, վերջապես, եթե գինի չես խմում՝ կյանքդ վտանգի տակ է։ Ամեն մի խանութպան կարող է քեզ մահվան դուռը հասցնել։ Հարյուրավոր և հազարավոր մարդիկ հայտարարված են օրենքից դուրս։ Գրոհայինները բռնում են նրանց ու կախում ճանապարհների երկյանքով։ Կախում են նրանց գլխիվայր ու լրիվ մերկ։ Երեկ իմ փողոցում ոտքի տակ էին գցել մի ծերուկի և ծեծում էին, որովհետև իմացել էին, որ նա գրագետ է։ Ասում են, որ երկու ժամ անընդհատ անխնա տրորել ու ջարդել են նրան այդ բութ ու քրտնած հաստամռութ գազանները․․․ ― Ռումատան զսպեց իրեն և վերջացրեց հանգիտ։ հանգիստ։ ― Մի խոսքով, Արկանարում շուտով չի մնա և ոչ մի գրագետ մարդ։ Ոնց որ Սուրբ Միաբանության մարզում Բարկանյան կոտորածից հետո։
Դոն Կոնդորը, շրթունքները պինդ սեղմած, սևեռուն նայում էր նրան։