Changes
==Գլուխ XIII։ Ինչպես սկսվեցին իմ արկածները ցամաքի վրա==
Երբ առավոտյան դղւրս եկա տախտակամածի վրա, կղզին ինձ ուրիշ տեսակ երևաց, քան երեկ։ Թեև քամին հանդարտել էր, այնուամենայնիվ, գիշերով բավականին առաջ էինք գնացել և այժմ կանգնած էինք արևելյան ափից կես մղոն հեռու։ Կղզու մեծ մասը պատած էր մութ անտառով։ Միատեսակ մոխրագույն գունավորումը տեղ֊տեղ, հովիտներում, կտրվում էր ավազոտ ափի դեղին շերտերով և սոճիների նման բարձր ծառերի կանաչ կատարներով։ Այս ծառերն աճում էին երբեմն առանձին, երբեմն, խմբով և բարձրանում էին անտառի մակարդակից, սակայն կղզու ընդհանուր տեսքն, այնուամենայնիվ, շատ միապաղաղ ու մռայլ էր։ Յուրաքանչյուր բլրի գագաթին մերկ ու սուր ժայռեր էին ցցված։ Այս բլուրներն իրենց գծագրության տարօրինակ ձևով զարմացնում էին ինձ։ Հեռադիտակը երեք, թե չորս հարյուր ֆուտով բարձր էր մնացածներից և նույնպես ինչ֊որ տարօրինակ էր՝ ուղղաձիգ լանջեր և արձանի պատվանդանի նման կտրված հարթ գագաթ։
Օվկիանոսն այնքան ուժեղ էր ճոճում «Իսպանոլան», որ ջուրը տախտակամածին էր հասնում։ Ղեկը խփում էր նավախելին երբեմն աջ, երբեմն ձախ կողմից, և ողջ նավը ցնցվում էր, հառաչում, ճարճատում որպես խաղալիք֊նավ։ Աչքիս առաջ ամեն ինչ պտտվում էր։ Ես արդեն ընտելացել էի ծովին, երբ նավը վազում էր ալիքների վրայով, բայց այժմ նավը խարիսխ էր ձգել և միևնույն ժամանակ շշի նման պտտվում էր ջրի մեջ։ Սրանից ես ինձ վատ էի զգում, հատկապես առավոտները, երբ ստամոքսս դատարկ էր։
Չգիտեմ, ինչը ազդեց ինձ վրա, արդյոք ալեկոծությո՞ւնը, թե այն մոխրագույն տխուր անտառները, այն վայրի, մերկ քարերը, մակընթացության թնդյունը, սեպ ափերը, սակայն, թեև արեգակը փայլում էր պայծառ, թեև ծովային թռչունները շուրջս վխտում էին և աղաղակելով ծովից ձուկ էին որսում, թեև յուրաքանչյուր ոք, բնականաբար, ուրախ կլիներ, որ այնքան ժամանակ բաց ծովի վրա լինելուց հետո ցամաք է տեսել, իմ սիրտը վիշտն էր պատել։ Եվ առաջին իսկ հայացքից ես ատեցի Գանձերի կղզին։
Այդ առավոտ մենք ծանր աշխատանք պետք է կատարեինք։ Որովհետև քամի չկար, մենք պետք է ցած թողնեինք մակույկները, թիավարելով նավը տանեինք երեք թե չորս մղոն հեռու, հրվանդանն անցնեինք և նավը մտցնեինք նեղ նեղուցը, որ գտնվում էր Կմախքի կղզու այն կողմում։ Ես նստեցի մակույկներից մեկի մեջ, թեև այնտեղ անելու գործ չունեի։ Արևն անտանելի կերպով այրում էր, և նավաստիներն ամբողջ Ժամանակ անիծում էին իրենց ծանր աշխատանքը։ Մեր մակույկը վարում էր Էնդերսոնը: Փոխանակ ուրիշներին զսպելու, ինքն էր մռթմռթում և ամենից բարձր ձայնով հայհյում։
― Դե լա՛վ,― ասաց նա և հայհոյեց։― Շուտով այս բոլորին վերջ կլինի։
«Վատ նշան է»,― վճռեցի ես։ Մինչև այժմ մարդիկ աշխատում էին եռանդով և սիրով։ Սակայն միայն կղզին տեսնելը բավական էր, որ կարգապահությունը թուլանա։
Երկարահասակ Ջոնը կանգնած էր ղեկապետի մոտ և օգնում էր նրան, որ նավը վարի։ Նա նեղուցը ճանաչում էր իր ափի նման և բոլորովին չէր վրդովվում, երբ չափելուց երևում էր, որ ամեն տեղ ավելի խորն է, քան նշանակված է քարտեզի վրա։
― Այս նեղ անցքը փորել է օվկիանոսի մակընթացությունը,― ասաց նա։― Ամեն անգամ մակընթացությունը բահի նման խորացնում է։
Մենք կանգ առանք այնտեղ, որտեղ քարտեզի վրա խարիսխ էր նկարված։
Մի երրորդական մղոն մեզ բաժանում էր գլխավոր կղզուց, մի երրորդական մղոն էլ՝ Կմախքի կղզուց։ Հատակը մաքուր էր, ավազոտ։ Ընկնելիս, մեր խարիսխը թնդաց և թռչունների երամները, պտտվելով ու աղմկելով, բարձրացան անտառից։ Բայց մի րոպեից հետո նրանք կրկին թաքնվեցին անտառի մեջ, և ամեն ինչ լռեց։
Նեղուցն ամեն կողմից հիանալի կերպով փակված էր։ Այն թաղված էր խիտ անտառի մեջ։ Անտառը սկսում էր անմիջապես ափից։ Ափերը տափարակ էին։ Իսկ հեռվում ամֆիթատրոնի նման բարձրանում էին բլուրները։ Երկու ճահճային գետ թափվում էին նեղուցի մեջ, որը հանդարտ լճակի էր նման։ Այդ գետերի ափերի բուսականությունը ապշեցնում էր ինչ֊որ թունավոր պայծառությամբ։ Նավից ո՛չ շենք էր երևում, ո՛չ ցանկապատ՝ ծառերը նրանց առաջը բոլորովին փակել էին, և եթե քարտեզը չլիներ, կարող էինք կարձել, թե մենք առաջին մարդիկն ենք, որ այցելել ենք այս կղզին, այն օրվանից, երբ նա դուրս է եկել օվկիանոսի խորքից։
Օդը չէր շարժվում։ Միմիայն մի ձայն էր վրդովում անդորրությունը՝ մակընթացության հեռավոր աղմուկը, որ զարնվում էր ժայռերին կղզու մյուս կողմում։ Տարօրինակ նեխած հոտ էր բարձրանում նավի չորս կողմից՝ մգլած տերևների և փտող ծառերի բների հոտ։ Ես նկատեցի, որ բժիշկն ամբողջ Ժամանակ հոտոտում է ու կնճռոտում, կարծես նրան հոտած ձու էր բաժին ընկել։
― Չգիտեմ, կա՞ այնտեղ գանձ,― ասաց նա,― սակայն, երդվում եմ իմ կեղծամով, որ ջերմ ու տենդ կա։
Մակույկի մեջ եղած մարդկանց տագնապալի վարքը նավը վերադառնալուց հետո սպառնական դարձավ։ Նավաստիները տախտակամածի վրա շրջելով, խոսում էին ինչ-որ բանի մասին։ Ամենահասարակ հրամաններն էլ նրանք դժկամությամբ էին լսում և կատարում չափազանցց տհաճորեն։ Մինչև անգամ խաղաղ նավաստիներին էլ անբավականության վարակն էր պատել, և ոչ ոք չկար, որ նրանց կարգի հրավիրեր։ Խռովությունը, ահագին ամպի նման, կուտակվում էր մեր գլխին։
Միայն մենք, նավասենյակի բնակիչներս չէինք, որ նկատել էինք վտանգը։ Երկարահասակ Ջոնը մի խմբից մյուսն անցնելով, ամբողջ ուժով աշխատում էր կարգ պահպանել, մերթ համոզելով, մերթ օրինակ տալով։ Նա կաշվից դուրս էր գալիս, աշխատելով լինել սիրալիր և պատրաստակամ։ Նա ժպտում էր բոլորի դեմքին։ Երբ որևէ հրաման էր տրվում, Ջոնն իր փայտե ոտով առաջինն էր գնում կատարելու, ուրախ գոռալով․
― Պատրաստ է, պատրաստ է, պարոն։
Իսկ երբ անելու գործ չկար, մեկը մյուսի ետևից նա երգում էր, որ մյուսների դժկամությունն այնքան էլ նկատելի չլինի։
Այս չարագուշակ օրվա մեջ կատարված դեպքերից ամենաչարագուշակը մեզ թվում էր Երկարահասակ Ջոնի վարմունքը։
Մենք հավաքվեցինք նավասենյակ՝ խորհրդի։
― Պարո՛ն,― ասաց նավապետը,― եթե ես թեկուզ մի հրաման տամ, ողջ նավը մեզ վրա կթափվի։ Դուք տեսնում եք, պարոն, թե ինչ է կատարվում։ Բոլորն ամեն քայլափոխում կոպիտ վերաբերմունք են ցույց տալիս։ Եթե նրանց կոպտությանը պատասխանեմ, մեզ կտոր֊կտոր կանեն։ Իսկ թե չպատասխանեմ, Սիլվերը կարող է նկատել, որ ինչ֊որ վատ բան կա և խաղը տանուլ տված կլինենք։ Չէ՞ որ հիմա մենք կարող ենք հույս դնել միայն մի՛ մարդու վրա։
― Ո՞ւմ վրա,― հարցրեց կալվածատերը։
― Սիլվերի վրա, պարոն,― պատասխանեց նավապետը։― Նա գործը հարթելու մեզանից քիչ ցանկություն չունի։ Կաշվից դուրս է դալիս, որ ժամանակից առաջ խռովություն չանեն։ Ես առաջարկում եմ հնարավորություն տալ նրան, որ համոզի նրանց ինչպես պետքն է։ Արձակենք նավաստիներին, որ գնան ափ՝ զբոսնելու։ Եթե նրանք կգնան բոլորը միասին, մենք նավը կգրավենք։ Եթե նրանցից ոչ ոք չգնա, մենք կփակվենք նավասենյակում և կպաշտպանվենք։ Եթե կգնան միայն մի քանի հոգի, հավատացեք ինձ, որ Սիլվերը ետ կբերի նավը ոչխարների պես հնազանդ։
Այդպես էլ որոշեցինք։ Հուսալի մարդկանց լցված ատրճանակներ բաժանեցինք։ Գենտերին, Ջոյսին և Ռեդրետին հայտնեցինք մեր պլանների մասին։ Իմանալով այդ, նրանք այնքան էլ չզարմացան և մեր հաղորդումն ընդունեցին ավելի հանգիստ, քան մենք սպասում էինք։ Հետո նավապետը տախտակամած դուրս եկավ և դիմեց անձնակազմին.
― Տղե՛րք,– ասաց նա,― այսօր շատ աշխատանք կատարեցինք, և բոլորս էլ սաստիկ հոգնած ենք։ Ափում զբոսնելը ոչ ոքի վնաս չի տա։ Մակույկներն իջեցված են։ Ով ուզում է թող ափ գնա։ Կարող եք ձեզ հետ թիանավակ տանել։ Արևը մայր մտնելուց կես ժամ առաջ ես թնդանոթ կարձակեմ։
Երևի այդ հիմարները կարծեցին, թե գանձը կգտնեն, հենց որ ափ դուրս գան։ Նրանց դժկամությունը միանգամից չքացավ։ Նրանք այնքան բարձր ուռա գոռացին, որ արձագանքը տարածվեց հեռավոր բլուրների մեջ, և վախեցած թռչունները կրկին պտույտներ կատարեցին մեր կայանի վրա։
Նավապետը շատ խելացի վարվեց. նա իսկույն հեռացավ, հանձնարարելով Սիլվերին, որ ափ դուրս գալը ղեկավարի։ Ուրիշ ի՞նչ կերպ կարող էր վարվել։ Չէ՞ որ, եթե մնար տախտակամածին, նա չէր կարող ձևանալ, չգիտի, թե ինչ է կատարվում։ Ամեն ինչ օրվա պես պարզ էր։ Ավազակներն այժմ ուրիշ նավապետ ունեն՝ Սիլվերը, և միայն նրա կարգադրություններն էին լսում։ Իսկ խաղաղ նավաստիները, շուտով հայտնաբերվեց, որ այդպիսիներն էլ կան նավի վրա, բոլորովին հիմար դուրս եկան։ Կարելի է, այնուամենայնիվ, որ բոլոր նավաստիներին մեր դեմ էին դուրս բերել առաջնորդները, սակայն նրանք շատ հեռու գնալ չէին ցանկանում։ Անհնազանդությունը, ծուլությունը, տրտնջալը մի բան է, իսկ նավը գրավելը և բոլորովին անմեղ մարդկանց սպանելն ուրիշ բան։
Երկար Ժամանակ վիճելուց հետո նավաստիները բաժանվեցին այսպես. վեց հոգի մնացին նավի մեջ, իսկ մնացած տասներեք հոգին, այդ թվում նաև Սիլվերը, սկսեցին նստել մակույկների մեջ։ Ահա այդ ժամանակ ես հանկարծ որոշեցի մի հանդուգն քայլ անել։ Այդ քայլը հետագայում մեզ մահից փրկեց։ Ես դատեցի այսպես։ Մենք չենք կարող նավը գրավել, քանի որ Սիլվերն իր ավազակներից վեց հոգի թողել է նավի վրա։ Մյուս կողմից, քանի որ նրանցից մնացել են ընդամենը վեց հոգի, ուրեմն, նրանք չեն պատրաստվում իսկույն հարձակվել մեզ վրա։ Հետևապես նավի վրա ես պետք չեմ։ Եվ որոշեցի ափ դուրս գալ։ Մի ակնթարթում ես թռա նավեզրից և մակույկ իջա, որն իսկույն ճանապարհվեց։
Ոչ ոք ինձ վրա ուշադրություն չդարձրեց, միայն առջևի թիավարն ասաց.
― Այդ դո՞ւ ես, Ջիմ։ Գլուխդ ցած պահիր։
Սակայն Սիլվերը, որ նստած էր առջևի մակույկի մեջ, ուշադրությամբ նայեց մեր մակույկին և ձայն տվեց, համոզվելու համար, որ իսկապես ես եմ։ Այդ ժամանակ ես ափսոսացի, որ հեռացա նավից։
Մակույկները դեպի ափ էին սլանում։ Բայց այն մակույկը, որի մեջ ես էի նստած, ավելի թեթև էր և թիավարներն էլ ամենալավերը։ Մենք միանգամից մյուս մակույկից առաջ ընկանք։ Հենց որ մակույկի քիթն ափին դիպավ, ես մի ճյուղ բռնեցի, դուրս թռա և մտա անտառ։ Իսկ Սիլվերն ու իր ընկերները հարյուր յարդի չափ ետ մնացին։
― Ջի՛մ, Ջի՛մ,― կանչեց նա։
Բայց, հասկանալի է, որ ես նրա կանչի վրա ոչ մի ուշադրություն չդարձրի։ Առանց ետ նայելու, թռչկոտելով, թփերը ջարդելով, խոտերի մեջ սուզվելով, ես վազում էի առաջ ու առաջ, մինչև որ ուժասպառ եղա։
==Գլուխ XIV։ Առաջին հարվածը==