Changes
/* Վաճառկան Բլոկը։ Փաստաբանի լուծարքը */
― Շատ խելացի հարց եք տալիս,― ժպտալով պատասխանեց վաճառականը։― Նման գործավարության դեպքում շատ հազվադեպ կարելի է առաջընթաց քայլեր ակնկալել, բայց ես չգիտեի։ Ես վաճառական եմ, իսկ այն տարիներին ավելի՝ քան այժմ, ակնառու հաջողություններ ունենալ էի ուզում․ այս ամենը կամ պետք է իր ավարտն ունենար, կամ գոնե իր բնական ընթացքով զարգանար։ Դրա փոխաերն միայն հարցաքննություններ էին լինում․ դրանք մեծ մասամբ նույն բովանդակությունն ունեին, իսկ պատասխանները արդեն սաղմոսի պես անգիր էի արել։ Շաբաթվա մեջ մի քանի անգամ դատարանի կատարածուները իմ խանութն ու բնակարանն էին գալիս, որտեղ հանդիպեին՝ մոտենում էին։ Դա, ինչ խոսք, խանգարում էր (այսօր գոնե այդ տեսակետից շատ հեշտ է․ հեռախոսազանգը այնքան էլ չի խանգարում), իմ գործընկերների, հատկապես բարեկամների շրջանում սկսեցին հարուցված գործի մասին շշուկներ տարածվել։ Այսպես ուրեմն, տուժում էի բոլոր առումներով, բայց այն մասին, որ մոտակա օրերին գոնե դատական առաջին նիստերն են կայանալու, ոչ մի խոսք չկար։ Ես, ուրեմն, գնացի փաստաբանի մոտ և գանգատվեցի։ Նա թեև երկար֊բարակ բացատրություններ տվեց, սակայն վճռականորեն հրաժարվեց իմ ուզած ձևով մի քայլ իսկ անել։ Ասաց, որ դատական նիստի նշանակման օրը ոչ ոք չի կարող որոշել, խնդրագրի մեջ իմ ուզած ձևով ոչինչ չի կարող պահանջել, չլսված բան է, ինձ էլ, իրեն էլ կկործանի։ Ես մտածեցի․ այն, ինչ այս փաստաբանը չի կարող կամ չի ուզում, մի ուրիշը կուզենա և կկարողանա։ Ես, ուրեմն, սկսեցի նոր փաստաբան փնտրել։ Սկզբից ևեթ ուզում եմ զգուշացնել․ նրանցից ոչ մեկը դատականի նիստերի նշանակում չպահանջեց, ոչ էլ հասավ դրան։ Միայն մի վերապահությամբ (այդ մասին կխոսեմ դեռ․ իրոք անհնար էր) կարելի է ասել, որ դոկտոր Հուլդը ինձ չէր խաբել, իսկ ընդհանրապես չեմ զղջացել, որ մի ուրիշ փաստաբանի եմ դիմել։ Աղմկարար փաստաբանների մասին մի քանի բան դոկտոր Հուլդից պետք է իմացած լինեք արդեն։ Հավանաբար նա շատ արհամարհական տոնով է արտահայտվել, բայց նրանք իրոք արժանի են այդ տոնին։ Համենայնդեպս, երբ դոկտոր Հուլդը նրանց մասին է խոսում կամ իր գործընկներին է նրանց հետ համեմատում, մի աննշան սխալ է թույլ տալիս, և ես հենց այնպես ուզում եմ դրա վրա հրավիրել Ձեր ուշադրությունը։ Իր շրջանակների փաստաբաններին տարբերակելու համար նրանց «մեծ» փաստաբաններ է անվանում։ Դա սխալ է։ Իհարկե, ամեն ոք, երբ ուզենա, կարող է ինքն իրեն «մեծ» անվանել, մինչդեռ այս հարցում որոշիչ դեռը միայն գործիմացությանն է պատկանում։ Գործիմացությունից կախված՝ աղմկարար փաստաբաններից բացի, մեծ ու փոքր փաստաբաններ էլ կան։ Սա ու նրա գործընկներները, համենայնդպես, փոքր փաստաբաններ են, մինչդեռ մեծերը՝ որոնց մասին լսել եմ միայն ու չեմ տեսել երբեք, իրենց աստիճանով անհամեմատ ավելի բարձր են կանգնած փոքրերից, ինչպես սրանք՝ արհամարհված աղմկարարներից։
― Մեծ փաստաբաննե՞ր։ Ովքե՞ր են նրանք։ Ինչպե՞ս կարելի է գտնել նրանց։
― Ուրեմն Դուք երբեք չե՞ք լսել նրանց մասին։ Հազիվ թե մի մեղադրյալ գտնվի, որ լսելուց հետո որոշ ժամանակ նրանց մասին չերազի։ Ավելի լավ է չգայթակղվեք։ Ես չգիտեմ, թե ովքեր են այդ մեծ փաստաբանները, և նարնց գտնելը հավանաբար հնարավոր չէ երբեք։ Նման մի դեպքի մասին դեռ լսած չկամ, երբ կարելի լինի վստահ ասել, թե նրանք միջամտել են։ Ոմանց պաշտպանում են, բայց սեփական կամքով հնարավոր չէ հասնել դրան․ նրանք միայն իրենց ուզած մարդկանց են պաշտպանում։ Այն գործը, որին նրանք են ձեռնամուխ լինում, պետք է որ ցածրաստիճան դատարանի իրավասության սահմաններից դուրս եկած լինի։ Իսկ ընդհանրապես, ավելի լավ է այդ մաիսն չմտածեք, որովհետև դրանից հետո մյուս փաստաբանների հետ կայացած քննարկումները, նրանց խորհուրդները, օգնությունները այնքան զզվելի և անօգուտ են թվում (անձամբ ես զգացել եմ դա), որ մարդ մեծ հաճույքով ցանկանում է ամեն ինչ մի կողմ նետել, տանը մնալ, պառկել մահճակալին ու այլևս ոչ մի բանի մասին չմտածել։ Իր հերթին էլ դա է շատ հիմար բան, որովհետև մահճակալում հնարավոր չէ երկար հանգստանալ։
― Ուրեմն Դուք մեծ փաստաբանների մասին չե՞ք մտածել։
― Ոչ շատ երկար։― Վաճառականը նորից ժպտաց։― Ցավոք հնարավոր չէ ընդհանրապես մոռանալ նրանց։ Հատկապես գիշերն է նման մտածողություններին նպաստում։Այն ժամանակ ես անհապաղ ուզում էի հաջողության հասնել և դրանից հետո դիմեցի աղմկարար փաստաբանների օգնությանը։
― Լա՜վ եք կողք֊կողքի նստել,― բացականչեց Լեննին, որ հետ էր դարձել ու ափսեն ձեռքին կանգնել֊մնացել էր դռան մեջ։ Նրանք իսկապես, լավ մոտ էին նստել, նույիսկ ամենափոքր շարժում անելու դեպքում գլուխներն իրար կխփեին հաստատ։ Վաճառականը, որ առանց այդ էլ կարճահասակ էր, կուչ եկած նստել և դրանով պարտադրել էր Կ֊ին (եթե նա, իհարկե, ուզում էր լսել) նույնպես խորը կռանալ։
― Եվս մի վայրկյան։― Լեննիին ընդհատելով, բացականչեց Կ֊ն և անհամբեր թափ տվեց ձեռքը, որ շարունակ վաճառականի ձեռքին էր դրված։
― Նա ուզում էր իմ դատավարության մասին իմանալ։― Լեննիին բացատրեց վաճառականը։
― Պատմիր, պատմիր։― Լեննին վաճառականի հետ սիրալիր ու ներողմաիտ տոնով էր խոսում, և դա դուր չեկավ Կ֊ին։ Նա այժմ նկատեց, որ վաճառականը որոշակի արժեք ուներ, որոշ բաներ գիտեր համենայնդպես և կարողանում էր իմացածը մատուցել։ Լեննին հավանաբար սխալ կարծիքի էր նրա մասին։ Կ֊ն բարկացած նայեց, երբ Լեննին վաճառականի ձեռքից վերցրեց մոմը (Բլոկը մոմը դեռ ամուր պահել էր ձեռքերի մեջ), գոգնոցով սրբեց նրա ձեռքերը և չոքեց կողքին, որ քորեր շալվարի վրա կաթած մոմը։
― Դուք ուզում էիք աղմկարար փաստաբանների մասին պատմել,― ասաց Կ֊ն և, առանց մի բառ ասելու, հեռու տարավ Լեննիի ձեռքը։
― Ի՞նչ ես ուզում։― Սպասուհին թեթևակի խփեց Կ֊ին ու շարունակեց իր աշխատանքը։
― Այո, նրանց մասին,― ասաց վաճառականը և կարծես մտածելիս լիներ, շփեց ճակատը։ Կ֊ն ուզեց օգնել։
― Դուք ձգտում էիք անհապաղ հաջողության հասնել և նրանց դիմեցիք։
― Ճիշտ է,― վաճառականը չշարունակեց։
«Հավանաբար չի ուզում Լեննիի ներկայությամբ խոսել»,― մտածեց Կ֊ն և զսպեց իսկույնևեթ շարունակությունն իմանալու անհամբեր ցանկությունը, դադարեց հարցեր տալ։
― Իմ մասին հայտնեցի՞ր,― Լեննիին դիմեց նա։
― Ինչ խոսք։ Սպասում է քեզ։ Հանգիստ թող Բլոկին։ Կարող ես հետո էլ նրա հետ խոսել։ Նա այստեղից չի գնա։― Կ֊ն վարանեց։
― Դուք այստե՞ղ եք մնում,― վաճառականին հարցրեց նա։ Վաճառականի պատասխանն էր հարկավոր Կ֊ին, նա չէր ուզում, որ Լեննին վաճառականի մասին խոսեր՝ ինչպես երրորդ անձի։ Նա այսօր լեննիի դեմ թաքուն զայրույթով էր լցված։
― Նա հաճախ է այստեղ քնում։― Նորից խոսեց Լեննին։
― Այստե՞ղ է քնում,― բացականչեց Կ֊ն։ Նա մտածել էր, թե վաճառականը կսպասի, մինչև ինքն արագ վերջացնի փաստաբանի հետ խոսելը, հետո միասին կգնան, ամեն ինչ հիմավորապես, առանց մեկնումեկի միջամտության պատճառով խանգարված լինելու, կքննարկեն։
― Այո,― ասաց Լեննին։― Փաստաբանի մոտ ցանկացած ժամին ներս մտնելը ոչ ամեն մեկին է վիճակված։ Յոզեֆ, քեզ կարծես բնավ չի զարմացնում այն հանգամանքը, որ չնայած տկարությանը, գիշերվա ժամը տասնմեկին նա դեռ ընդունում է քեզ։ Այն, ինչ քո ընկերներն են քեզ համար անում, չափից դուրս բնական է թվում քեզ։ Դե, քո ընկներները՝ գոնե ես, այդ բանը հաճույքով ենք անում։ Ես շնորհակալություն չեմ ուզում։ Սիրված լինելուց բացի ինձ ոչինչ պետք չէ։
«Քեզ սիրե՞լ,― առաջին պահին մտածեց Կ֊ն և միայն դրանից հետո նրա մտքով անցավ․― դե իհարկե, ես սիրում եմ նրան»։
Չնայած դրան, ամեն ինչ անտեսելով նա ասաց․
― Դոկտոր Հուլդն ընդունում է ինձ, որովհետև իմ փաստաբանն է։ Եթե դրա համար էլ կողմնակի օգնության անհրաժեշտություն լիներ, ստիպված կլինեինք ամեն քայլափոխի մուրալ և շնորհակալություն հայտնել։
― Ինչ վատն է այսօր, չէ՞,― վաճառականին դիմեց Լեննին։
«Հիմա էլ ես եմ բացակա անձը»,― մտածեց Կ֊ն և համարյա բարկացավ վաճառականի վրա, երբ սա՝ Լեննիի անքաղաքավարությունն անտեսելով, ասաց․
― Փաստաբանն ուրիշ պատճառով էլ է ընդունում նրան։ Նրա գործը ավելի հետաքրքիր է, քան՝ իմը, դրանից բացի՝ նոր է սկսվել, հետևաբար, հնարավոր է, որ առայժմ խճճված չէ։ Դա է փաստաբանի՝ հաճույքով զբաղվելու պատճառը։
― Այո, այո։― Լեննին ծիծաղելով նայեց վաճառականին։― Ա՛յ թե լեզվիդ ես տալիս։ Դու նրան մի հավատա։― Լեննին Կ֊ի կողմը շրջվեց։― Նա որքան հաճելի է, նույնքան՝ բացբերան։ Գուցե դա է պատճառը, որ փաստաբանը տանել չի կարողանում նրան։ Համենայնդպես, ընդունում է միայն, երբ տրամադրություն է ունենում։ Այդ սովորությունը փոխելու ուղղությամբ ես արդեն շատ եմ չարչարվել, բայց անհնար է։ Պատկերացրու միայն․ երբեմն հայտնում եմ Բլոկի գալը, իսկ նա սրան երեք օր հետո նոր ընդունում է։ Եթե ներս հրավիրելու պահին սա տեղում չի լինում, ամեն ինչ կորչում է, անհրաժեշտ է լինում նորից սպասել։ Դա է պատճառը, որ թույլ եմ տալիս այստեղ քնի։ Եղել է, որ փաստաբանը գիշերով է կանչել․ հիմա սա գիշերներն էլ է պատրաստ։ Այնպես էլ է եղել, որ երբ պարզվել է, թե Բլոկը տեղում է, նա փոխել է ներս կանչելու հանձնարությունը։
Կ֊ն հարցական հայացքը վաճառականին հառեց։ Վերջինս գլխով արեց և նույն անկեղծությամբ, ինչպես քիչ առաջ Կ֊ի հետ էր խոսում՝ (երևի ամոթից շփոթվել էր), ասաց․
― Այո, հետո մարդ շատ է կախման մեջ լինում իր փաստաբանից։
― Նրա գանգատը ձև է,― ասաց Լեննին։― Այստեղ, ինչպես ինքն է խոստովանել հաճախ, մեծ հաճույքով է քնում։― Լեննին մի փոքր դռան մոտեցավ ու հրեց֊բացեց։― Ուզո՞ւմ ես տեսնել նրա ննջասենյակը։
Կ֊ն մոտ գնաց, անպատուհան, ցածր առաստաղով սենյակի շեմից ներս նայեց․ նեղ մահճակալը ազատ տեղ համարյա չէր թողել, պատկելու համար անհրաժեշտ էր մահճակալի ներքևի գլխարկալի վրայով բարձրանալ։ Պատի մեջ՝ վերևի կողմում, խորշ կար, ուր կանոնավոր կերպով դասավորված էին մոմը, թանաքամանը՝ գրիչով, և մի կապ թուղթ, հավանաբար դատավարության փաստաթղթերն էին։
― Դուք աղախնի սենյակո՞ւմ եք քնում,― հարցրեց Կ֊ն և շրջվեց վաճառականի կողմը։
― Լեննին ինձ համար է կահավորել։ Շատ հարմար է։
Կ֊ն երկար նայեց նրան․ ստացած առաջին տպավորությունը երևի ճիշտ էր։ Վաճառականը որոշ փորձ ուներ, որովհետև նրա դատը երկար ժամանակ է, ընթանում էր, սակայն ձեռք բերածի համար նա թանկ էր վճարել։ Կ֊ն միանգամից զգաց, որ չի կարողանա դիմանալ վաճառականի տեսքին։
― Անկողի՛ն մտցրու նրան,― բղավեց նա Լեննիին։ Չէր երևում, թե սպասուհին հասկացավ նրա միտքը։ Կ֊ն մտադիր էր փաստաբանի մոտ մտնել և նրանից հրաժարվելով ոչ միայն նրան հրաժեշտ տալ, այլ նաև Լեննիին ու վաճառականին։ Մինչ նա դռանը կմոտենար, վաճառականը մեղմ ձայնով ասաց․
― Պարոն հավատարմատար։― Կ֊ն զայրացած դեմքով շուռ եկավ։― Դուք մոռացաք Ձեր խոստումը։― Նա նստած տեղից խնդրագիրն առաջ ձգեց։― Ուզում էիրք մի գաղտնիք հայտնել։
― Իսկապես։― Կ֊ի հայացքը ուշադիր իրեն նայող Լեննիի վրայով ևս սահեց։― Լսեք, ուրեմն։ Իմ ասելիքն այլևս գաղտնիք չէ, համենայնդպես։ Ես գործը վերցնելու մտադրությամբ եմ փաստաբանի մոտ գնում։
― Նա հրաժարվո՛ւմ է փաստաբանից,― բացականչեց վաճառականը, ցատկեց բազկաթոռին և ձեռքերը վեր բարձրացրած, սկսեց շրջան գծել խոհանոցում։― Նա փաստաբանից վերցնո՜ւմ է գործը,― շարունակ բացականչում էր նա։
Լեննին ուզեց անմիջապես վրա պրծնել Կ֊ին, սակայն վաճառականը նրա դեմն ելավ, որի համար և բռունցքների հարված ստացավ։ Լեննին՝ բռունցքները սեղմած, վազեց Կ֊ի հետևից, բայց Կ֊ն բավական հեռու էր։ Նա արդեն փաստաբանի սենյակում էր, երբ Լեննին հասավ։ Կ֊ն քիչ էր մնում փակեր դուռը, Լեննին ոտքով բաց պահեց դռան փեղկը, բռնեց նրա թևից, փորձեց ետ քաշել, բայց Կ֊ն այնպես ուժեղ սեղմեց նրա դաստատկը, որ աղջիկը ստիպված էր տնքոցով բաց թողնել։ Անմիջապես սենյակ մտնել նա չհամարձակվեց, իսկ Կ֊ն բանալիով փակեց դուռը։
― Ես արդեն բավական երկար եմ սպասում Ձեզ։― Պառկած տեղից խոսեց փաստաբանը։ Նա կողքի փոքր սեղանին դրեց ձեռքի թուղթը, որ կարդւմ էր մոմի լույսի տակ պահած, ակնոցը դրեց աչքերին և սուր հայացքով նայեց Կ֊ին։
― Ես քիչ հետո կգնամ։― Ներողություն խնդրելու փոխարեն ասաց Կ֊ն։ Որովհետև նրա խոսքերը ներողություն չէին հայցում, փաստաբանը ուշադրություն չդարձրեց դրանց վրա։
― Հաջորդ անգամ ուշ ժամի էլ չեմ ընդունի։
― Դա համապատասխանում է իմ ցանկությանը։― Փաստաբանը հարցական հայացքով նայեց Կ֊ին։
― Նստեք,― առաջարկեց նա։
― Միայն՝ որովհետև Դուք եք այդպես կամենում։― Կ֊ն բազկաթոռը մոտեցրեց սեղանիկին ու նստեց։
― Ինձ թվաց, թե Դուք փակեցիք դուռը։
― Այո։ Լեննիի պատճառով։― Նա չէր ուզում ոչ մեկին խնայել։
― Նորից աներեսությո՞ւն էր անում,― հարցրեց փաստաբանը։
― Աներեսությո՞ւն։
― Այո։― Փաստաբանը ծիծաղեց։ Նրա մոտ հազի նոպա սկսվեց, և, երբ անցավ, նա նորից սկսեց ծիծաղել։― Դուք հավանաբար արդեն նկատե՞լ եք նրա աներեսությունը,― հարցրեց նա և թփթփացրեց Կ֊ի ձեռքին, որ վերջինս էր ցրված հենել մահճասեղանին և որն հետո արագ քաշեց։― Դուք մեծ նշանակություն չեք տալիս դրան։― Խոսեց փաստաբանը։ Կ֊ն դեռ լռում էր։ ― Ավելի լավ։ Հակառակ դեպքում ես ստիպված կլինեի ներողություն խնդրել Ձեզնից։ Դա Լեննիի տարօրինակություններից մեկն է, որ ես, ի դեպ, վաղուց եմ ներել և որի մասին չէի էլ խոսի, եթե քիչ առաջ չփակեիք դուռը։ Լեննիի այդ տարօրինակությունը ե՛ս չէ, որ պետք է բացատրեմ Ձեզ։ Սակայն Դուք շփոթված եք երևում, և ես ստիպված եմ։ Տարօրինակությունն այն է, որ Լեննին մեղադրյալների մեծ մասին գեղեցիկ է համարում։ Նա բոլորից կախ է ընկնում, բոլորին սիրում է և, կարծեք թե, սիրվում էլ է բոլորի կողմից։ Ինձ զբաղեցնելու համար, հետո՝ երբ թույլ եմ տալիս, երբեմն պատմում է դրանք։ Դա ինձ այնքան չի զարմացնում, ինչպես այժմ՝ Ձեզ։ Եթե մարդ իսկապես հասկանում է, թե ինչ է կատարվում, ապա իրոք գեղեցիկ է համարում մեղադրյալին։ Այդ երևույթը, ի դեպ, զարմանալի է և ինչ֊որ չափով նաև բնագիտական։ Մեղադրանքն, ինչ խոսք, արտաքին հստակ, ճշգրիտ բնութագրման ենթակա փոփոխության պատճառ չի դառնում։ Այս դատը, ախր, դատական մյուս գործերի նման չէ, երբ մարդկանց մեծ մասը բոլոր հարցերի մասին հոգ տանող փաստաբան գտնելով, իր սովորական ապրելակերպին է մնում և այնքան էլ չի տուժում։ Դատարանի գործերին քաջածանոթ մարդիկ կարող են նույնիսկ մեծ բազմության միջից մեկ առ մեկ ջոկել մեղադրյալներին։ Ինչպե՞ս, կհարցնեք Դուք։ Պատասխանը երևի չգոհացնի Ձեզ։ Բանն այն է, որ մեղադրյալները նրանց մեջ ամենագեղեղցիկներն են։ Մե՛ղքը չէ նրանց գեղեցկացնողը։ Գոնե ես՝ որպես փաստաբան, պետք է խոստովանեմ, որ ոչ բոլորն են մեղավոր, և արդարացի պատիժը չէ, որ գեղեցկացնում է նրանց, որովհետև ոչ բոլորն են պատժվում։ Ուրեմն, միայն նրանց դեմ հարուցված գործն է ինչ֊որ կերպ առանձնացնում նրանց։ Համենայնդպես, գեղեցիկների մեջ ընդգծված գեղեցիկներ էլ կան, մինչդեռ բոլորն են գեղեցիկ։ Նույնիսկ Բլոկը՝ այդ թշվառ ճիճուն։
Երբ փաստաբանը վերջացրեց, Կ֊ն արդեն լրիվ վերագտել էր ինքնատիրապետումը։ Նա նույնիսկ սկսել էր աչք ծակելու աստիճան հստակ գլխով անել փաստաբանի բառերին և դրանով իսկ հանգել էր այն հին տեսակետի հաստատմանը, որ փաստաբանը միշտ, այս անգամ նույնպես, գործին չառնչվող ընդհանուր տեղեկություններով փորձում է շեղել ամենակարևոր հարցից․ իրականում ի՞նչ է արել գործի համար։ Փաստաբանը հասկացավ, որ Կ֊ն այս անգամ սովորականից ավելի է դիմադրում և նրան խոսելու հնարավորություն տալու համար լռեց, բայց որովհետև Կ֊ն չէր խոսում, ինքը հարցրեց․
― Դուք այսօր որևէ կոնկրետ մտադրությա՞մբ եք եկել։
― Այո։― Փաստաբանին ավելի լավ տեսնելու համար Կ֊ն ձեռքի ափը թեթևակի պահեց մոմի դիմաց։― Ես ուզում եմ ասել, որ այսօրվանից հրաժարվում եմ Ձեր պաշտպանությունից։
― Ես ճի՞շտ եմ հասկանում Ձեզ։― Փաստաբանը կիսանստեց անկողմնում և մի ձեռքով հենվեց բարձին։
― Կարծում եմ։― Կ֊ն նստել էր դարանակալածի պես լարված։
― Դե, մենք կարող ենք այդ ծրագիրը քննարկել։― Քիչ անց ասաց փաստաբանը։
― Դա այլևս ծրագիր չէ։
― Թեկուզ։ Ոչ մի հարցում չպետք է շտապենք։― Նա հոգնակիով էր խոսում, կարծես մտադիր չէր Կ֊ին բաց թողնել և ցանկություն ուներ՝ եթե չկարողանար նրա ներկայացուցիչը լինել, գոնե խորհրդատուն մնալ։
― Շտապողականություն չկա։― Կ֊ն դանդաղ ոտքի կանգնեց ու անցավ իր բազկաթոռի թիկունքը։― Ես լավ եմ կշռադատել, նույնիսկ երևի շատ երկար։ Վճիռը վերջնական է։
― Այդ դեպքում ինձ էլ թույլ տվեք որոշ բաներ ասել։― Փաստաբանը վրայից նետեց վերմակն ու նստեց մահճակալի եզրին։ Նրա մերկ, սպիտակամազ ոտքերը դողում էին մրսելուց։ Նա Կ֊ին խնդրեց մի ծածկոց տալ բազմոցի վրայից։ Կ֊ն բերեց ծածկոցը և ասաց․
― Դուք կարող եք ավելորդ տեղը մրսել։
― Պատճառը բավական կարևոր է։― Ոտքերը ծածկոցի մեջ փաթաթելով և վերմակը ուսերին գցելով, առարկեց փաստաբանը։― Ձեր քեռին իմ ընկերն է, և Դուք էլ ժամանակի ընթացքում սիրելի դարձաք ինձ։ Ես անկեղծորեն խոստովանումեմ դա և ամաչելու կարիք չունեմ։
Ծերունու սրտառուչ խոսքերը Կ֊ին այնքան էլ դուր չեկան, որովհետև ավելի պարզ բացատրության էին մղում։ Կ֊ն հաճույքով կուզենար խուսափել դրանցից և ստիպված էր անկեղծորեն խոստովանել ինքնիրեն, որ եթե դրանք չկարողանային էլ որոշումը չեղյալ դարձնել, ապա սաստիկ շփոթեցնում էին։
― Շնորհակալություն Ձեր բարեկամական տրամադրվածության համար,― ասաց նա։― Ես ընդունում եմ նաև, որ Դուք, որքան որ հնարավորություն եք ունեցել և որքանով որ դա ինձ համար ձեռնտու եք համարել, ձեռնամուխ եք եղել գործին, բայց ես վերջերս այն համոզմանն եմ հանգել, որ այդքանը բավական չէ։ Իհարկե, ես երբեք չեմ փորձի Ձեզ նման տարիքն առած և փորձված մարդուն իմ տեսակետների ճշմարտացիության մեջ համոզել, ու եթե երբևէ ակամա փորձել եմ, ապա ներեցեք ինձ, բայց, ինչպես Դուք արտահայտվեցիք, գործը բավական կարևոր է և, ըստ իս՝ անհրաժեշտ է այժմվանից ավելի մեծ եռանդով ձեռք զարնել իմ դատավարությանը։
― Հասկանում եմ Ձեզ։ Չեք համբերում։
― Ես անհամբեր չեմ։― Փոքր֊ինչ գրգռված ձայնով առարկեց Կ֊ն, և դադարեց այլևս առաջվա նման ուշադրություն դարձնել բառերին։― Իմ առաջին այցելության ժամանակ, երբ քեռուս հետ Ձեզ մոտ եկանք, կարող էիք նկատած լինել, որ դատն ինձ համար այնքան էլ կարևոր չէր, և եթե ինձ ինչ֊որ տեղ բռնի կերպով չհիշեցնեին այդ մասին, ես լրիվ մոռացության կտայի։ Սակայն իմ քեռին պնդեց, որ պաշտպանությունը Ձեզ վստահեմ, և ես՝ ի սեր նրա, համաձայնեցի։ Այժմ պարտավոր էի ակնկալել, որ դատավարությունը ավելի հեշտ է ընթանալու, քան մինչև Ձեզ դիմելը՝ որովհետև միայն դատի ծանրությունը փոքր֊ինչ թոթափելու համար են պաշտպանությունը փաստաբանին հանձնում, մինչդեռ հակառակ բանը կատարվեց։ Նախկինում ես երբեք այդքան չէի անհանգստացել իմ դատավարության պատճառով, որքան Ձեր՝ գործի պաշտպանությունը ստանձնելուց հետո։ Երբ ես մենակ էի, գործի կապակցությամբ ոչինչ չէի ձեռնարկում, բայցև հազիվ թե զգում էի դրա անհրաժեշտությունը։ Այժմ դատապաշտպան ունեմ, մի բան անելու համար ամեն ինչ պատրաստ է, շարունակ և ավելի լարված սպասում եմ Ձեր միջամտելուն, սակայն դա բացակայում է։ Թերևս պետք է ասել, որ դատի մասին մի քանի տեղեկություններ իմացել եմ Ձեզանից, և գուցե ուրիշ ոչ մեկը ինձ չվստահերդրանք, բայց երբ դատավարությունը ավելի է ծածուկ մոտենում ինձ, դա չի կարող գոհացնել։― Կ֊ն դիմացից հրեց բազկաթոռն ու կանգնեց ուղիղ, ձեռքերը պիջակի գրպաններում դրած։