Changes

Կորուսյալ աշխարհ

Ավելացվել է 50 552 բայտ, 19:55, 6 Մայիսի 2014
/* Գլուխ IV «Մեծագույն հայտնագործությունը աշխարհում» */
― Ասեք նրան, ինչ որ պատահի։ Ի միջի այլոց կարող եք ակնարկել, որ եթե նա էլի որևէ մեկին ուղարկի ինձ մոտ, ես ինքս կներկայանամ նրան՝ լավ մտրակով զինված։ Մնացած ամեն ինչում վստահում եմ ձեզ․ ո՛չ մի խոսք մամուլում։ Այսպես, շատ լավ։ Ուրեմն, ութն անց կեսին՝ Կենդանաբանական ինստիտուտում։
Հրաժեշտ տալիս նա ձեռքը թափահարեց։ Վերջին անգամ տեսա նրա վարդագույն այտերը, ալիքաձև, կապտասև մորուքը, վառվող աչքերը, և դուրս եկա սենյակից։   ==Գլուխ V «Դա դեռ փաստ չէ»==  Պրոֆեսոր Չելենջերին արած առաջին այցի ժամանակ ստացված ֆիզիկակա՞ն ցնցումն էր պատճառը, թե՞ երկրորդ այցից ստացած բարոյական ցնցումը՝ չգիտեմ, սակայն, նորից փողոց դուրս գալով, զգացի, որ իբրև ռեպորտյոր բոլորովին բարոյալքված եմ։ Գլուխս պայթում էր ցավից, բայց և այնպես ուղեղումս առանց մի վայրկյան հանդարտվելու բախում էր մի միտք, թե այդ մարդն ասում է ճշմարտությունը, որի նշանակությունը դժվար է գերագնահատել, և, որ, երբ ինձ թույլատրվի օգտագործել նրա պատմությունը հոդվածի համար, մեր թերթը սենսացիոն մի նյութ կստանա։ Տեսնելով անկյունում կանգնած կառքը՝ թռա նրա մեջ և մեկնեցի խնբագրատուն։ Ինչպես միշտ, Մակ֊Արդլը իր պոստում էր։ ― Դե՞, ― անհամբեր բացականչեց նա։ ― Ասացեք, քանի՞ տող է հարկավոր ձեզ։ Դուք այնպիսի տեսք ունեք, երիտասարդ, կարծես ուղղակի մարտադաշտից եք գալիս։ Մի՞թե առանց կռվի չանցավ։ ― Այո, սկզբում մի քիչ քաշկռտվեցինք։ ― Այ քեզ մա՜րդ։ Դե, իսկ հետո՞։ ― Հետո նա խելքի եկավ, և մենք խաղաղ զրուցեցինք։ Սակայն ինձ ոչինչ չհաջողվեց դուրս կորզել նրանից, նույնիսկ մի փոքրիկ ակնարկի համար։ ― Նայած ինչպե՜ս հասկանալ։ Իսկ մի՞թե ջարդված աչքը ակնարկի նյութ չէ։ Հերի՛ք ինչքան նա մեզ տեռորի ենթարկեց, միստր Մելոուն։ Իր տեղը ցույց տանք նրանք։ Հենց վաղը մի փոքրիկ հոդված կզետեղեմ, որից նա մի լավ կքրտնի։ Դուք միայն նյութը տվեք, և ես մեկընդմիշտ կնշավակեմ այդ սուբյեկտին։ «Պրոֆեսոր Մյունհաուզենը» ― ինչպե՞ս է դուր գալիս այս վերնագիրը։ «Հարություն առած Կալիոստրոն»։<ref>Կալիոստրո ― XVIII դարի «կախարդ ու հմայող», որը հասարակությանը զարմացնում էր իր թովչությամբ, ոգեկոչմամբ և այլն։</ref> Վերհիշենք պատմությանը հայտնի բոլոր միստիֆիկատորներին ու շառլատաններին։ Նա լիովին կհատուցի իր բոլոր խարդախությունների համար։ ― Խորհուրդ չեմ տա այդ բանն անել, սըր։ ― Ինչո՞ւ։ ― Որովհետև Չելենջերը բոլորովին էլ խարդախ չէ։ ― Ինչպե՜ս, ― ոռնաց Մակ֊Արդլը։ Ինչ է, դուք հավատացել եք մամոնտների, մաստոդոնտների և ծովային օձերի մասին արած նրա փչոցների՞ն․․․ ― Դե չէ, այդ մասին խոսք անգամ չի եղել։ Բայց այժմ ինձ համար միանգամայն պարզ է, որ Չելենջերը կարող է ինչ֊որ նորություն ներդնել գիտության մեջ։ ― Ուրեմն, ինչի՞ մասին եք մտածում։ Նստեցեք և գրեք։ ― Ուրախությամբ կգրեի, բայց նա պարտավորեցրեց ամեն ինչ գաղտնի պահել և միայն այդ պայմանով համաձայնեց խոսել ինձ հետ։ ― Ես երկու֊երեք խոսքով շարադրեցի պրոֆեսորի պատմածը։ ― Տեսնո՞ւմ եք, թե բանն ինչպես է։ Մակ֊Արդլի կերպարանքն արտահայտում էր ամենախորին թերահավատություն։ ― Այդ ժամանակ զբաղվեք այդ ժողովով, միստր Մելոուն, ― վերջապես ասաց նա։ ― Դրանում, հավանորեն, ոչ մի գաղտնի բան չկա։ Մյուս թերթերը հազիվ թե հետաքրքրվեն, որովհետև Ուոլդրոնի դասախոսությունների մասին մի հարյուր անգամ գրվել է արդեն, իսկ որ Չելենջերը պատրաստվում է ելույթ ունենալ՝ ոչ ոքի մտքով չի անցնում։ Թե որ բախտներս բանի, սենսացիոն նյութ կստանանք։ Համենայն դեպս, գնացեք այնտեղ և մանրամասն հաշվետվություն ներկայացրեք ինձ։ Մինչև ժամը տասներկուսը ազատ մի սյունակ կպահեմ ձեզ համար։ Հոգսաշատ օր էր սպասում ինձ, ուստի որոշեցի ավելի վաղ ճաշել ակումբում և, սեղանի մոտ հրավիրելով Հենրի Տարպին, համառոտակի պատմեցի իմ արկածների մասին։ Թերահավատ ժպիտը չէր հեռանում նրա նիհար, թուխ դեմքից, իսկ երբ խոստովանեցի, թե պրոֆեսորը համոզել է ինձ իր իրավացիության մեջ, Տարպը չդիմացավ և բարձր քրքջաց։ ― Սիրելի բարեկամ, կյանքում այդպիսի հրաշքներ չեն լինում։ Այդ որտե՞ղ է տեսնված, որ մարդիկ պատահաբար դեմ առնեն մեծագույն հայտնագործության, իսկ հետո բոլոր իրեղեն ապացույցները կորցնեն։ Հեքիաթները թողեք վիպասաններին։ Ճարպիկ օյինբազությունների ուղղությամբ ձեր պրոֆեսորը կենդանաբանական այգու բոլոր կապիկներին գրպանը կդնի։ Չէ՞ որ դա անհավատալի ցնդաբանություն է։ ― Իսկ ամերիկացի նկարի՞չը։ ― Մտացածին անձ է։ ― Ախր, ինքս եմ տեսել նրա ալբոմը։ ― Դա Չելենջերի ալբոմն է։ ― Ուրեմն, կարծում եք, թե նկա՞րն էլ նրանն է։ ― Դե իհարկե։ Հապա ո՞ւմն է։ ― Իսկ լուսանկարնե՞րը։ ― Ախր նրանց վրա բան չի երևում։ ԻՆքներդ ասացիք, որ միայն ինչ֊որ թռչուն եք նշմարել։ ― Պտերոդակտիլ։ ― Այո, եթե հավատանք նրա խոսքերին։ Դուք հավատացել եք և ենթարկվել ներշնչման։ ― Հապա ոսկորնե՞րը։ ― Առաջինը նա հանել է սոուսի միջից, երկրորդը պատրաստել սեփական ձեռքերով։ Հարկավոր են միայն մտքի որոշ սրություն, այնուհետև ինչ կամենաս, կարող ես կեղծել՝ և՛ ոսկոր, և՛ լուսանկար։ Ես սկսեցի մի տեսակ ինձ վատ զգալ։ Միգուցե, իրո՞ք շատ եմ տարվել։ Հանկարծ մի բախտավոր միտք անցավ գլոխովս։ ― Կգա՞ք այդ դասախոսությանը, ― հարցրի ես։ Հենրի Տարպը մի րոպե մտածեց։ ― Ձեր հանճարեղ Չելենջերը մի առանձին ժողովրդականություն չի վայելում, ― ասաց նա։ ― Շատերը դեմ չեն նրա հետ իրենց հաշիվները մաքրելու։ Թերևս ամբողջ Լոնդոնում մի այլ մարդ չլինի, որն այդպիսի թշնամական զգացում առաջացներ իր նկատմամբ։ Եթե բժշկական ինստիտուտի ուսանողներ գան դասախոսությանը, սկանդալն անխուսափելի է։ Ոչ, ինչ֊որ տրամադիր չեմ գնալու այդ գժանոցը։ ― Համենայն դեպս, պատշաճը հատուցեք՝ լսեցեք նրան։ ― Այո, թերևս, արդարությունն այդ է պահանջում։ Լավ, այս երեկո ես ձեր ընկերը կլինեմ։ Երբ մոտենում էինք կենդանաբանական իստիտուտին, նկատեցի, որ հակառակ իմ սպասածին, շատ ժողովուրդ էր հավաքվում դասախոսությանը։ Էլեկտրական կառքերն իրար ետևից նախամուտքին էին մոտեցնում ճերմակահեր պրոֆեսորների, իսկ ավելի համեստ հասարակությունը հեղեղեի պես ներս էր հոսում կամարակապ դռներից, վկայելով, որ դահլիճում ներկա կլինեն ոչ միայն գիտնականներ, այլև լայն մասսաների ներկայացուցիչներ։ Եվ իրոք, գրավելով մեր տեղերը, իսկույն համոզվեցինք, որ հետին շարքերը շատ ազատ էին պահում իրենց։ Ետ դառնալով՝ ես նկատեցի ուսանող երիտասարդությանը։ Հավանորեն, բոլոր խոշոր հիվանդանոցներն իրենց պրակտիկանտներին այստեղ էին ուղաեկել։ Հասարակությունը տրամադրված էր բարեհոգորեն, բայց այդ բարեհոգության տակ կռվարարություն էր թաքնված։ Մերթ ընդ մերթ հնչում էին հանրածանոթ երգերի պատառներ, որ երգում էին խմբով և մեծ ովևորությամբ՝ գիտական դասախոսության խիստ յուրահատուկ նախերգանք։ Իրեն պարզ զգացնել էր տալիս ունկնդիրների հակումը, դեպի անպատկառ կատակները։ Այդ բանը հետագայում շատ մեծ դժվարություններ էր խոստանում բոլորոին, բացի այն անձերից, որոնց անմիջականորեն վերաբերվելու էին այդ կասկածելի կատակները։ Օրինակ, հենց որ բեմում երևաց դոկտոր Մելդրամը իր ծռված եզրերով նշանավոր ցիլիցնդրը գլխին, բոլոր կողմերից լսվեցին համերաշխ բացականչություններ․ «Համա թե դո՜ւյլ է։ Որտեղի՞ց եք ճարել»։ Ծերունին իսկույն ցիլինդրը հանեց և գողունի խցկեց բազկաթոռի տակ։ Երբ հոդատապով տառապող պրոֆեսոր Ուեդլին կաղին տալով առաջացավ դեպի իր տեղը, կատակաբանները, մեծագույն շփոթության մատնելով նրան, խմբով հարցրին, թե արդյոք պրոֆեսորի ոտքի մատը չի՞ ցավում։ Բայց ամենաջերմ ընդունելություն ցույց տրվեց իմ նոր ծանոթին՝ պրոֆեսոր Չելենջերին։ Իր բազկաթոռին հասնելու համար, ― առաջին շարքի ծայրի տեղը, ― նա ստիպված կտրեց անցավ ամբողջ բեմը։ Հենց որ նրա սև մորուքը երևաց դռների մեջ, ունկնդիրները ողջյունի այնպիսի ջերմ բացականչություններ արձակեցին, որ ես մտածեցի՝ Հենրի Տարպի երկյուղներն արդարացան․ հասարակությանը այստեղ է բերել ոչ այնքան դասախոսությունը, որքան նշանավոր պրոֆեսորին նայելու հնարավորությունը, որի ելույթի մասին լուրերը, ըստ երևույթին, արդեն տարածվել էին ամենուրեք։ Նրա հայտնվելու ժամանակ, առջևի շարքերում, որոնք զբաղված էին լավ հագնված հասարակությամբ, ծիծաղներ լսվեցին․ այս անգամ պարտերը հարգանքով վերաբերվեց ուսանողների անկարգություններին։ Հասարակությունը Չելենջերին ողջունում էր խլացուցիչ մռնչյունով․ այդպես կենդաբանական այգու վանդակի մեջ գիշատիչ գազաններն են մռնչում, կերակրման ժամին հեռվից լսելով ծառայողի ոտնաձայները։ Այդ մռնչյունի մեջ պարզ լսվում էին առանձին անհարգալիր նոտաներ, բայց ընդհանուր առմամբ, պրոֆեսորին ցույց տրված ազմկալից ընդունելությունը ավելի շատ հետաքրքրություն էր արտահայտում, քան թշնամություն կամ արհամարհանք։ Չելենջերը ժպտաց հոգնած ու ներողամիտ, ինչպես ժպտում է բարեհոգի մարդը, երբ նրա վրա հարձակվում է կլանչող շան լակոտների մի ամբողջ ոհմակ, հետո դանդաղ նստեց իր բազկաթոռին, ուսերն ուղղեց, խնամքով շոյեց մորուքը և, աչքերը կկոցելով, ամբարտավանությամբ նայեց դեպի լեփլեցուն դահլիճը։ Մռնչյունը դեռ չէր հանդարտվել, երբ բեմում երևացին նախագահը՝ պրոֆեսոր Ռոնալդ Մարրեյը, և զեկուցողը՝ միստր Ուոլդրոնը։ Ժողովն սկսվեց։ Հուսով եմ, պրոֆեսոր Մարրեյը կների ինձ, եթե ես նրան հանդիմանեմ, որ նա տառապում է մի թերությամբ, որը հատուկ է բոլոր անգլիացիներին, այն է՝ խոսքի անորոշությամբ։ Ըստ իս, դա մեր դարի հանելուկներից մեկն է։ Ինչո՞ւ մարդիկ, որոնք շատ ասելիք ունեն, չեն ուզում սովորել պարզորոշ խոսել։ Այդ նույնքան անմիտ է, որքան, ասենք, թանկագին հեղուկը փակած ծորակով խողովակի մեջ լցնելը, որը կարելի է բանալ առանց որևէ ջանքի։ Պրոֆեսոր Մարրեյը մի քանի խորամիտ դիտողություններով դիմեց իր սպիտակ փողկապին և ջրով լիքը գրաֆինին, ապա կատակով աչքով արեց ջահին, որը գտնվում էր նրա աջ կողմում, և նստեց բազկաթոռին՝ տեղը զիջելով հայտնի զեկուցող միստր Ուոլդրոնին, որին հասարակությունը դիմավորեց ծափերով։ Միստր Ուոլդրոնի դեմքը մռայլ էր, ձայնը խիստ, շարժումներն ամբարտավան, բայց նա ուներ ուրիշի մտքերը յուրացնելու և մատչելի, նույնիսկ հետաքրքրական ձևով անտեղյակ մարդկանց մատուցելու շնորհք, իր զեկուցումները ծաղկեցնելով բազմաթիվ, թվում է թե, ամենաանհարմար թեմաների շուրջը կատակներով, այնպես որ նրա շարադրմամբ նույնիսկ օրահավասարությունների պրեցեսիան<ref>Օրահավասարությունների պրեցեսիա ― աստղաբաշխության մեջ այն երևույթը, երբ գարնանային և աշնանային օրահավասարությունների կետերը դանդաղ տեղափոխվում են երկնային ոլորտի մեծ շրջագծով։ </ref> կամ ողնաշարավորների էվոլյուցիան հումորիստական բնույթ էին ստանում։ Պարզ, երբեմն էլ գեղեցկիկ ձևով, որին տերմինաբանության գիտականությունը չէր խանգարում, զեկուցողը մեր առջև բացեց աշխարհի առաջացման պատմությունը՝ վերցրած ասես թռչնաբարձրունքից։ Նա խոսեց երկրագնդի՝ երկնային ոլորտում բոցավառվող լուսատու գազի այդ վիթխարի զանգվածի մասին։ Հետո պատմեց, թե ինչպես այդ զանգվածն սկսեց սառչել ու քարանալ, ինչպես կազմվեցին երկրի կեղևի ծալքերը, ինչպես գոլորշին փոխակերպվեց ջրի։ Այդ բոլորը բեմի աստիճանական նախապատրաստումն էր կյանքի այն անհասկանալի դրամայի համար, որը պետք է խաղացվեր մեր մոլորակի վրա։ Անցնելով Երկրի վրա բոլոր կենդանի արարածների առաջացմանը՝ միստր Ուոլդրոնը սահմանափակվեց մի քանի մշուշապատ, ոչինչ չպարտավորեցնող ֆրազներով։ Համարյա վստահորեն կարելի է ասել, որ կյանքի սաղմերը չէին կարող դիմանալ երկրագնդի սկզբնական շրջանի բարձր ջերմաստիճանին։ Հետևաբար, նրանք մի փոքր ավելի ուշ առաջացան։ Որտեղի՞ց։ Սառչող անօրգանական տարրերի՞ց։ Միանգամայն հավանական է։ Բայց միգուցե նրանք դրսից են բերվել որևէ օդաքարի միջոցով։ Հազիվ թե։ Կարճ ասած, նույնիսկ իմաստուններից իմաստունները ոչ մի որոշակի բան չեն կարող ասել այս հարցի մասին։ Առայժմ մեզ չի հաջողվում լաբորատոր պայմաններում անօրգանական նյութից օրգանական նյութեր ստանալ։ Մեր քիմիան ի վիճակի չէ կամուրջ գցել այն անդունդի վրա, որը կենդանի մատերիան բաժանում է մեռածից։ Բայց բնությունն ինքը, որը բազում դարերի ընթացքում վիթխարի ուժերով օպերացիաներ է կատարում, հանդիսանում է մեծագույն քիմիկոսը և նրան կարող է հաջողվել այն, ինչ որ վեր է մեր ուժերից։ Եվ այստեղ այլևս ասելիք չկա։ Դրանից հետո զեկուցողը անցավ կենդանական կյանքի մեծ սանդղակին և աստիճան առ աստիճան՝ կակղամորթներից ու ծովային անողնաշարավոր արարածներից դեպի սողուններն ու ձկները, հասավ, վերջապես, կենդանի ձագեր ծնող կենգուրույին՝ բոլոր կաթնասունների ուղղակի հետնորդին, հետևապես նաև նրանց, ովքեր գտնվում են այս դահլիճում։ (Ինչ֊որ հոռետեսի ձայն հետին շարքերից․ «Ասե՜նք թե»։) Եթե «Ասենք թե» բղավող կարմիր փողկապավոր այն երիտասարդ ջենտլմենը, որն ըստ երևույթին հիմքեր ունի կարծելու, թե ինքը ձվից է դուրս թռել, հաճի նիստից հետո մնալ, դասախոսը շատ ուրախ կլինի ծանոթանալու այդպիսի տեսարժան անձի հետ։ (Ծիծաղ։) Հապա մտածեցե՜ք, որ բնության մեջ դարերով տեղի ունեցող պրոցեսները ավարտվել են կարմիր փողկապավոր երիտասարդ ջենտլմենի ստեղծումով․․․ Բայց արդյոք իսկապե՞ս այդ պրոցեսներն ավարտվել են։ Կարելի՞ է այդ ջենտլմենին համարել էվոլյուցիայի արդյունք՝ այսպես ասած՝ ստեղծագործության պսակը։ Զեկուցողը չի կամենում վիրավորել կարմիր փողկապավոր ջենտլմենի լավագույն զգացմունքները, բայց նրան թվում է, որ ինչպիսի առաքինություններով էլ օժտված լինի սույն ջենտլմենը, այնուամենայնիվ, տիեզերքում կատարվող վիթխարի պրոցեսները չէին արդարացնի իրենց, եթե նրանց վերջնական արդյունքը լիներ ահա այդպիսի օրինակի ստեղծումը։ Էվոլյուցիան պայմանավորող ուժերը չեն սպառվել, նրանք շարունակում են գործել և ավելի մեծ անակնկալներ են պատրաստում մեզ համար։ Ընդհանուր ծիծաղի տակ հաշիվ տեսնելով իր հակառակորդի հետ, միստր Ուոլդրոնը վերադարձավ անցյալի պատկերներին և պատմեց, թե ինչպես ծովերը ցամաքեցին՝ մերկացնելով ավազե ծանծաղուտները, ինչպես այդ ծանծաղուտներում հայտնվեցին առաջին կենդանի էակները՝ դոնդողանման, ալարկոտ, պատմեց ամեն տեսակ ծովային արարածներով վխտացող ծովալճակների մասին, որոնց այնտեղ է գրավում տղմոտ հատակը և հատկապես սննդի առատությունը, որը նպաստել է նրանց արագ զարգացմանը։ ― Լեդիներ և ջենտլմեններ, ահա թե որտեղից են առաջացել այն հրեշավոր թեփուկավորները, որոնք մինչև այժմ էլ զարհուրանք են պատճառում մեզ, երբ մենք նրանց կմախքները գտնում ենք վելդյան կամ գոլենհոֆենյան<ref>Վելդյան և գոլենհոֆենյան թերթաքարեր ― խիտ, մանրահատիկ ապարներ, որոնք կազմավորվել են ծովալճակներում և պարունակում են բազմաթիվ հանածո մնացորդներ, այդ թվում նաև ծովային թեփուկավորների։</ref> թերթաքարերում։ Բարեբախտաբար, նրանք բոլորն էլ մեր մոլորակի վրայից չքացել են առաջին մարդու երևալուց շա՜տ ու շատ առաջ։ ― Այդ դեռ փաստ չէ, ― թնդաց ինչ֊որ մեկը բեմից։ Միստր Ուոլդրոնը տոկուն մարդ էր, սուր լեզվով, որն առանձնապես իր վրա զգաց կարմիր փողկապավոր ջենտլմենը, և նրան ընդհատելն անվտանգ չէր։ Բայց վերջին ռեպլիկը, հավանորեն, այնքան անհեթեթ թվաց, որ նա մինչև իսկ մի փոքր շփոթվեց։ Այդպիսի շփոթված տեսք կարող էր ունենալ կատաղի բեկոնականի<ref>Բեկոնականներ ― այն կարծիքի կողմնակիցներ, որ իբր Շեքսպիրի բոլոր գործերը գրված են անգլիցի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնի կողմից։</ref> կողմից վիրավորված շեքսպիրագետը, կամ մի աստղաբախշ, որն ընդհարվել է Երկրի տափակության մասին պնդող մի ֆանատիկոսի հետ։ Միստր Ուոլդրոնը մի վայրկյան լռեց, ապա, ձայնը բարձրացնելով՝ հատ֊հատ կրկնեց իր վերջին խոսքերը։ ― Բարեբախտաբար, նրանք բոլորն էլ մեր մոլորակի վրայից չքացել են առաջին մարդու երևալուց շա՜տ ու շատ առաջ։ ― Այդ դեռ փաստ չէ՛, ― նորից թնդաց նույն ձայնը։ Ուոլդրոնը զարմացական մի հայացք գցեց սեղանի մոտ նստած պրոֆեսորներին և, վերջապես, կանգ առավ Չելենջերի վրա, որ նստել էր բազկաթոռի թիկնակին հենված, և ասես երազի մեջ, ժպտում էր փակ աչքերով։ ― Ա՜, հասկանում եմ, ― Ուոլդրոնը ուսերը թոթվեց։ ― Այդ իմ բարեկամ պրոֆեսոր Չելենջերն է։ ― Եվ ամբողջ դահլիճի քրքիջի տակ վերադարձավ ընդհատված դասախոսությանը ասես թե հետագա բացատրությունները բոլորովին ավելորդ էին։ Սակայն բանը դրանով չվերջացավ։ Ինչ ճանապարհ էլ որ ընտրում էր զեկուցողը, խարխափելով անցյալի թավուտներում, ամեն ինչ անփոփոխ կերպով նրան հասցնում էր նախապատմական անհետացած կենդանիների հիշատակմանը, և իսկույն պրոֆեսորի կրծքից դուրս էր ժայթքում նույն սաստկաձայն մռնչյունը։ Դահլիճում արդեն առաջուց գուշակում էին նրա յուրաքանչյուր ռեպլիկը և ցնծագին աղմուկով էին դիմավորում այն։ Սեղմ շարքերով նստած ուսանողները պարտքի տակ չէին մնում, և հենց որ Չելենջերի սև մորուքը շարժվում էր, հարյուրվոր ձայներ, կանխելով նրան, համերաշխ գոռում էին․ «Այդ դեռ փաստ չէ», իսկ առջևի շարքերից լսվում էին զայրալից ճիչեր․ «Կամա՜ց։ Խահտառակությո՜ւն է»։ Մարտերում կոփված, փորձառու դասախոս Ուոլդրոնը վերջնականապես գլուխը կորցրեց։ Նա լռեց, հետո սկսեց ինչ֊որ մռթմռթալ՝ կակազելով ամեն խոսքի վրա և, կրկնելով արդեն ասածը՝ խճճվեց մի երկար ֆրազի մեջ ու վերջում հարձակվեց ողջ այդ անկարգության մեղավորի վրա։ ― Այս արդեն չափն ու սահմանն անց է, ― պայթեց նա՝ ցասկոտությամբ փայլեցնելով աչքերը։ ― Պրոֆեսոր Չելենջեր, խնդրում եմ դադարեցնել ձեր վրդովեցուցիչ ու անվայել բացականչությունները։ Դահլիճը սսկվեց։ Ուսանողները հիացմունքից քար կտրեցին՝ բարձր օլիմպիականները վեճի բռնվեցին նրանց աչքի առաջ։ Չելենջերն անշտապ իր ծանր մարմինը ազատեց բազկաթոռից։ ― Իսկ ես իմ հերթին խնդրում եմ ձեզ, միստր Ուոլդրոն, բավական է պնդեք այն, ինչ որ հակասում է գիտական տվայլներին, ― ասաց նա։ Այդ խոսքերն իսկական փոթորիկ առաջացրին։ Ընդհանուր աղմուկի ու քրքիջի միջից լսվում էին միայն առանձին զայրալից ճիչեր․ «Խայտառակությո՜ւն», «Թող խոսի», «Դո՛ւրս վռնդեք նրան այստեղից», «Հեռացրե՛ք բեմից», «Դա անազնվություն է, թույլ տվեք նրան արտահայտվելու»։ Նախագահը վեր թռավ տեղից և, թույլ կերպով թափահարեց թևերը, հուզված ինչ֊որ բան շշնջաց։ Այդ անորոշության մշուշից լսելի էին միայն առանձին անկապ խոսքեր․ «Պրոֆեսոր Չելենջեր․․․ բարի եղեք․․․ ձեր նկատառումներ․․․ հետո․․․»։ Կարգը խանգարողը գլուխ տվեց նրան, ժպտաց, սղալեց մորուքը և նորից թաղվեց բազկաթոռի մեջ։ Ուոլդրոնը շարունակեց իր դասախոսությունը տաքացած այդ խոսքակռվից և խիստ մարտականորեն տրամադրված։ Ժամանակ առ ժամանակ որևէ դրույթ արտահայտելով, նա չարությամբ լի հայացքներ էր նետում իր հակառակորդի վրա, որն ասես ննջում էր, փռված բազկաթոռի մեջ, միշտ նույն երանության լայն ժպիտը շուրթերին։ Եվ ահա դասախոսությունը վերջացավ՝ ինձ թվում է, ժամանակից մի փոքր շուտ, որովհետև եզրափակիչ մասը կոծկվեց՝ մի տեսակ չկապվելով նախընթացի հետ։ Կոպիտ միջամտությունը խանգարեց դասախոսի մտքի ընթացքին։ Ունկնդիրները մնացին չբավարարված և ապասում էին դեպքերի հետագա զարգացմանը։ Ուոլդրոնը նստեց իր տեղը, նախագահն ինչ֊որ բան ճտվտաց, որից հետո պրոֆեսոր Չելենջերը մոտեցավ բեմի առաջամասին։ Հիշելով իմ թերթի շահերը, ես համարյա բառացիորեն գրի առա նրա ճառը։ ― Լեդիներ և ջենտլմեններ, ― սկսեց նա ետևի շարքերի զսպված աղմուկի տակ։ ― Ներողություն եմ խնդրում, լեդիներ, ջենտլմեններ և մանուկներ․․․ Իմ կամքից անկախ, ես անտեսեցի ունկնդիրների մի զգալի մասին։ (Դահլիճում աղմուկ։ Սպասելով դրա հանդարտվելուն, պրոֆեսորը ողորմածաբար օրորում է իր խոշոր գլուխը և ձեռքերը վեր բարձրացնում, ասես օրհնելով բազմությանը։) Ինձ առաջարկվեց շնորհակալություն հայտնել միստր Ուոլդրոնին իր հույժ պատկերավոր ու հետաքրքրաշարժ զեկուցման համար, որը մենք ձեզ հետ միասին հենց նոր լսեցինք։ Այդ զեկուցման որոշ թեզերի հետ ես համաձայն չեմ, որի մասին պարտք համարեցի հայարարել առանց ուշացման։ Բայց և այնպես հարկ է խոստովանել՝ միստր Ուոլդրոնը հաջողությամբ կատարեց իր խնդիրը, այն է՝ մատչելի ու հետաքրքրական ձևով շարադրեց մեր մոլորակի պատմությունը, ավելի ճիշտ այն, ինչ որ նա հասկանում է մեր մոլորակի պատմություն ասելով։ Հանրամատչելի դասախոսությունները խիստ հեշտությամբ են յուրացվում, բայց․․․ (այստեղ Չելենջերը երանելիությամբ ժպտաց և մի հայացք նետեց դասախոսի վրա) իհարկե, միստր Ուորդրոնը կների ինձ, եթե ասեմ, որ նման դասախոսությունները, իրենց շարադրման յուրահատկությունների շնորհիվ միշտ էլ գիտության տեսակետից լինում են մակերեսային ու վատորակ, քանի որ դասախոսը, այսպես թե այնպես, պետք է հարմարվի տգետ լսարանին։ (Ծաղրական բացականչություններ տեղերից։) Հանրամատչելի դարձնող դասախոսներն իրենց էությամբ պարազիտներ են։ (Բողոքի շարժում Ուոլդրոնի կողմից։) Նրանք շահույթի կամ ինքնառեկլամի նպատակով օգտագործում են իրենց անհայտ, կարիքի տակ ճզմված եղբայրակիցների աշխատանքը։ Լաբորատորիայում ձեռք բերված ամենաաննշան հաջողությունը՝ մեկն այն աղյուսիկներից, որոնք օգտագործվում են գիտության տաճարի կառուցման համար, ավելին արժե, քան այն ամենը ինչ ստացվում է երկրորդ ձեռքերից, քան ամեն մի մասսայականացում, որը կարող է զվարճացնել մի ժամով, բայց ոչ մի շոշափելի արդյունք չի տա։ Ես այս հանրահայտ ճշմարտությունը հիշեցնում եմ ոչ թե միստր Ուոլդրոնի ծառայությունները նսեմացնելու ցանկությամբ, այլ որպեսզի դուք չկորցնեք համեմատության զգացումը՝ սպասավորին գիտության բարձրագույն քուրմի տեղ ընդունելով։ (Այստեղ միստր Ուոլդրոնը ինչ֊որ քչփչաց նախագահի ականջին, որը տեղից վեր կացավ և մի քանի խիստ խոսքեր ասավ իր առջև դրված ջրի գրաֆինին։) Բայց հերիք է այս մասին։ (Հավանության բացականչություններ։) Թույլ տվեք անցնել մի հարցի, որն ավելի լայն հետաքրքրություն է ներկայացնում։ Որտե՞ղ էր, որ ես՝ ինքնուրույն հետազոտողս, ստիպված եղա հարցականի տակ դնել մեր դասախոսի իրազեկությունը։ Այնտեղ, ուր խոսքը վերաբերում էր կենդանական կյանքի որոշ տեսակների անհետացմանը Երկրի երեսից։ Ես դիլետանտ չեմ և այստեղ հանդես եմ գալիս ոչ իբրև մասսայականացնող, այլ իբրեև մի մարդ, որի գիտական բարեխճությունն ստիպում է իրեն խստագույնս հենվել փաստերի վրա։ Այդ պատճառով ես հաստատում եմ, որ միստր Ուոլդրոնը խորապես սխալվում է, պնդելով, իբրև թե այսպես կոչված մինչպատմական կենդանիները չքացել են Երկրի երեսից։ Նա առիթ չի ունեցել տեսնելու այդ կենդանիներին, բայց դա դեռ ոչինչ չի ապացուցում։ Նրանք, իրոք, ինչպես նա արտահայտվեց, հանդիսանում եմ մեր նախորդները, սակայն, կավելացնեմ ես, ոչ միայն նախորդները, այլև ժամանակակիցները, որոնց կարելի է դիտել իրենց ամբողջ յուրահատկությամբ՝ վանող, զարհուրելի յուրահատկությամբ։ Այն վայրերը հասնելու համար, ուր ապրում են նրանք, անհրաժեշտ է միայն տոկունություն և համարձակություն։ Այն կենդանիները, որոնց մենք վերագրեցինք յուրայան շրջանին, հրեշներ են, որոնց համար չնչին բան է մինչև այժմ գոյություն ունեցող մեր ամենախոշոր ու ամենակատաղի կաթնասուններին պատառոտելը և կուլ տալը․․․ (Բացականչություններ․ «Ցնդաբանություն։ Ապացուցե՛ք։ Դուք այդ որտեղի՞ց գիտեք։ Դա դեռ փաստ չէ»։) Դուք հարցնում եք, թե ես որտեղից գիտե՞մ։ Գիտեմ, որովհետև եղել եմ այն վայրերում, ուր ապրում են նրանք։ Գիտեմ, որովհետև տեսել եմ այդպիսի կենդանիների․․․ (Ծափեր, խլացուցիչ աղմուկ և ինչ֊որ մեկի ձայնը․ «Ստախո՜ս»։) Ե՞ս եմ ստախոսը։ (Միահամուռ․ «Այո՛, այո՛»։) Կարծեմ ինձ ստախո՞ս անվանեցին։ Թող այդ մարդը վեր կենա տեղից, որպեսզի ես կարողանամ նրան տեսնել։ (Մի ձայն «Ահա՛ նա, սըր», ― և ուսանողների գլխավերևում կատաղորեն թպրտում է մի ակնոցավոր մարդուկ, որը բոլորովին անմեղ տեսք ունի։) Այդ դո՞ւք համարձակվեցիք ստախոս անվանել ինձ։ (Ո՛չ, սըր, ― ճչում է նա և խեղկատակի նման գլուխկոնծի տալիս ներքև։) Եթե ներկաներից որևէ մեկը կասկածում է իմ ճշմարտությանը, ժողովից հետո ես հաճույքով կզրուցեմ նրա հետ։ («Ստախո՛ս»։) Ո՛վ էր այդ ասողը։ (Նորից անմեղ զոհը օդ է թռչում, կատաղորեն աշխատելով ազատվել իրեն չարչարողների ձեռքերից։) Հիմա ես ցած կիջնեմ բեմից, և այն ժամանակ․․․ (Համերաշխ ճիչերը՝ «Համեցե՜ք, բարեկամ, համեցե՜ք», ― մի քանի րոպեով ընդհատում են ժողովը։ Նախագահը վեր է ցատկում տեղից և դիրիժորի նման թափահարում ձեռքերը։ Պրոֆեսորը վերջնականապես գազազել է․ նա կանգնած է մորուքն առաջ ցցած, կարմրատակած, լայնացած ռունգերով։) Բոլոր մեծ նորարարներն իմացել են՝ ինչ ասել է ամբոխի անվստահություն։ Անվստահությունը հիմարների դրոշն է։ Երբ խոշոր հայտնագործությունները դնում են ձեր ոտքերի տակ, ձեզ պակասում է հոտառությունը, պակասում է երևակայությունը, որպեսզի իմաստավորեք դրանք։ Դուք ընդունակ եք միայն ցեխ շպրտել այն մարդկանց վրա, որոնք իրենց կյանքը վտանգի են ենթարկել՝ նվաճելով գիտության նորանոր հորիզոններ։ Դուք քարկոծում եք մարգարեներին։ Գալիլեյը, Դարվինը և ես․․․ (Երկարատև բացականչություններ և լիակատար անկարգություն դահլիճում)։ Այս ամենը ես քաղում եմ իմ շտապ գրառումներից, որոնք չնայած արել եմ տեղում, բայց անհրաժեշտ պատկերացում չեն կարող տալ այդ ժամանակ դահլիճում տիրող քաոսի մասին։ Այնպիսի աղմուկ֊աղաղակ բարձրացավ, որ մի քանի կանայք փախուստի դիմեցին։ Ընդհանուր տրամադրությանն անձնատուր եղան ոչ միայն ուսանողները, այլև ավելի լուրջ հասարակությունը։ Ես իմ աչքով տեսա, թե ինչպես ալեհեր ծերունիները վեր էին թռչում տեղերից ու բռունցք թափ տալիս՝ զայրանալով սանձակոտոր պրոֆեսորի վրա։ Բազմամարդ խառնաժողովը եռում ու փրփրում էր, ինչպես ջուրը կաթսայի մեջ։ Պրոֆեսորն առաջ եկավ և ձեռքերը պարզեց վեր։ Այդ մարդու մեջ մի այնպիսի ուժ ու անվեհերություն էր զգացվում, որ աղմկարարներն աստիճանաբար լռեցին՝ զսպված նրա հրամայական շարժումից և տիրական հայացքից։ Եվ դահլիճը սսկվեց՝ պատրաստվելով լսելու։ ― Ես ձեզ երկար չեմ պահի, ― շարունակեց Չելենջերը։ ― Արժե՞ միթե իզուր տեղը ժամանակ վատնել։ Ճշմարտությունը մնում է ճշմարտություն, և այն չի կարելի սասանել հիմար տղաների և, ափսոսանքով պիտի ավելացնեմ, ոչ պակաս տարեց հիմար ջենտլմենների ոչ մի անկարգությամբ։ Ես պնդում եմ, որ իմ կողմից հայտնաբերված է գիտական հետազոտությունների մի նոր ասպարեզ։ Դուք այդ բանը վիճարկում եք։ (Ընդհանուր բացականչություններ։) Եկեք ուրեմն քննություն անցկացնենք։ Համաձա՞յն եք արդյոք ձեր միջից մեկ կամ մի քանի ներկայացուցիչ ընտրել, որոնք ստուգեին իմ խոսքերի իրավացիությունը։ Համեմատական անատոմիայի պրոֆեսոր միստր Սամերլին, բարձրահասակ, մաղձոտ մի ծերուկ, որի չոր֊չոր դեմքին ինչ֊որ բան կար, որը նրան աստվածարանի նմանություն էր տալիս, վեր ելավ տեղից։ Նա կամեցավ իմանալ, թե արդյոք պրոֆեսոր Չելենջերի հայտարարությունները երկու տարի առաջ դեպի Ամազոնի ակունքները ձեռնարկած ուղևորության արդյունքը չե՞ն։ Պրոֆեսոր Չելենջերը դրական պատասխան տվեց։ Այնուհետև միստր Սամերլին հետաքրքրվեց, թե ինչպես է պրոֆեսոր Չելենջերին հաջողվել նոր հայտնագործություն կատարել այն վայրերում, որոնք ուսումնասիրվել են Ուոլեսի, Բեյթսի և միանգամայն արժանի հռչակ վայելող այլ գիտնականների կողմից։ Պրոֆեսոր Չելենջերը պատասխանեց դրան, թե ըստ երևույթին պրոֆեսոր Սամերլին Ամազոնը շփոթում է Թեմզայի հետ։ Ամազոնը շատ ավելի մեծ է Թեմզայից և, եթե միստր Սամերլիին հաճելի է իմանալ, Ամազոն գետը և վտակով նրան միացող Օրինոկո գետը միասին ընդհանուր առմամբ բռնում են հիսուն հազար քառակուսի մղոն տարածություն։ Այդ պատճառով էլ ոչ մի զարմանալի բան չկա, եթե այդպիսի վիթխարի տարածության վրա մի հետազոտող հայտնաբերի այն, ինչ֊որ կարող էին նկատած չլինել նրա նախորդները։ Միստր Սամերլին թթու ժպիտով առարկեց, թե իրեն լավ հայտնի է Թեմզայի և Ամազոնի միջև եղած տարբերությունը, այն է՝ որ առաջինին վերաբերող ամեն մի պնդում հեշտությամբ կարելի է ստուգել, ինչ֊որ չի կարելի ասել երկրորդի մասին։ Նա հույժ պարտավորված կզգար պրոֆեսոր Չելենջերին, եթե սա հայտներ, թե լայնության ու երկայնության որ աստիճանի տակ է գտնվում այդ վայրը, ուր ապրում են մինչպատմական կենդանիները։ Պրոֆեսոր Չելենջերը պատասխանեց, որ մինչև այժմ նա ձեռնպահ է մնացել նման տեղեկություններ հաղորդելուց՝ դրա համար ծանրակշիռ հիմքեր ունենալով, բայց հիմա, անշուշտ, որոշ վերապահումներով, նա կարող է այդ տվյալները հաղորդել ունկնդիրների կողմից ընտրված հանձնաժողովին։ Թերևս միստր Սամերլին կհամաձայնի՞ մտնել այդ հանձնաժողովի մեջ և անձամբ ստուգել պրոֆեսոր Չելենջերի պնդումների հավաստիությունը։ Միստեր Սամերլի։ Այո, կհամաձայնեմ։ (Բուռն ծափահարություններ։) Պրոֆեսոր Չելենջեր։ Այն ժամանակ ես պարտավորվում եմ ներկայացնել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնք կօգնեն ձեզ տեղ հասնելու։ Սակայն, քանի որ միստր Սամերլին մտադիր է ստուգել ինձ, ես իրավացի եմ համարում, որպեսզի նրան ևս մեկնումեկն ստուգի։ Չեմ թաքցնում ձեզանից, որ ճանապարհորդությունը կապված կլինի բազմաթիվ դժվարությունների ու վտանգների հետ։ Միստր Սամերլիին անհրաժեշտ է մի ուղեկից, որն ավելի ջահել լինի։ Միգուցե այստեղ, դահլիճում, ցանկացողներ կգտնվե՞ն։ Ահա այսպես անսպասելիորեն մարդու կյանքում բեկում է տեղի ունենում։ Մի՞թե ես, այդ դահլիճը ներս մտնելիս, կարող էի մտածել, թե կանգնած եմ ամենաանհավանական արկածների շեմին, արկածներ, որ նույնիսկ չէի երազել։ Բայց Գլեդի՜սը։ Մի՞թե նա այդ մասին չէր խոսում։ Գլեդիսը կօրհներ ինձ այդպիսի սխրագործության համար։ Տեղիցս վեր ցատկեցի։ Խոսքերն իրենք իրենց դուրս թռան բերանիցս։ Կողքիս նստած Հենրի Տարպը քաշեց պիջակիցս ու շշնջաց․ ― Նստեցեք, Մելոուն, հիմար վիճակի մեջ մի դնեք ձեզ բոլորի առաջ։ Նույն րոպեին նկատեցի, թե ինչպես առաջին շարքերից մեկում տեղից ելավ ինչ֊որ բարձրահասակ, շիկավուն մարդ։ Նա բարկությամբ աչքերը փայլեցրեց ինձ վրա, բայց ես տեղի չտվի։ ― Պարոն նախագահ, ես ուզում եմ գնալ, ― կրկնեցի ես։ ― Անո՛ւնը, անո՛ւնը, ― պահանջում է հասարակությունը։ ― Իմ անունն է Էդուարդ Դան Մելոուն։ Ես «Դեյլի֊գազետի»֊ի ռեպորտյորն եմ։ Խոսք եմ տալիս, որ կլինեմ միանգամայն անաչառ վկա։ ― Իսկ ձե՞ր անունը, սըր, ― դիմեց նախագահն իմ ախոյանին։ ― Լորդ Ջոն Ռոքստոն։ Ես եղել են ամազոնում, լավ գիտեմ այդ վայրերը և, հետևաբար, բոլոր հիմքերն ունեմ իմ թեկնածությունն առաջարկելու։ ― Լորդ Ջոն Ռոքստոնը համաշխարհային հռչակ է վայելում իբրև ճանապարհորդ և որսորդ, ― ասաց նախագահը։ ― Բայց մամուլի ներկայացուցչի մասնակցությունն այս էքսպեդիցիային ոչ պակաս ցանկալի է։ ― Այդ դեպքում, ― ասաց պրոֆեսոր Չելենջերը, ― ես առաջարկում եմ, որպեսզի ներկա ժողովը լիազորի այս երկու ջենտլմեններին՝ ուղեկցելու պրոֆեսոր Սամերլիին իր ճանապարհորդության ընթացքում, որի նպատակն է լինելու իմ խոսքերի իրավացիության հետաքննությունը։ Ամբողջ դահլիճի բացականչությունների ու ծափերի տակ մեր ճակատագիրը որոշվեց, և ես, ալեկոծված այն բանից, ինչ որ ինձ սպասում էր առաջիկայում, խառնվեցի դեպի դռները հորդող մարդկային հեղեղին։ Դուրս գալով փողոց՝ ես, ինչպես երազում, աղոտ կերպով տեսա քրքիջով ընթացող ամբոխին, իսկ նրա կենտրոնում՝ հովանոցով զինված մի ձեռք, որը մի գլուխ իջնում էր ուսանողների գլխին։ Հետո պրոֆեսոր Չելենջերի էլեկտրակառքը շարժվեց տեղից կռվարարների ուրախ ճիչերի և տուժածների տնքոցների ուղեկցությամբ։ Ես շարունակեցի քայլել Ռիջենտ֊ստրիտով՝ ամբողջովին կլանված Գլեդիսի և ինձ առաջիկայում սպասելիք արկածների մասին մտքերով։ Հանկարծ մեկը ձեռք տվեց արմունկիս։ Ետ դառնալով տեսա, որ ծիծաղկոտ և տիրական ինձ էր նայում այն բարձրահասակ, նիհար մարդը, որը ցանկություն հայտնեց ինձ հետ միասին մասնակցելու այդ արտասովոր էքսպեդիցիային։ ― Եթե չեմ սխալվում, դուք միստր Մելոո՞ւնն եք, ― ասաց նա։ ― Այսուհետև մենք ընկերներ կլինենք։ Ես ապրում եմ այստեղից երկու քայլի վրա, Օլբենիում։ Թերևս, դուք մի կես ժամ տրամադրե՞ք ինձ։ Ես շատ եմ ուզում որոշ բաների մասին խոսել ձեզ հետ։
Ադմին, Վստահելի
1876
edits