Changes
/* Գլուխ չորրորդ․ Ուղիղ դեպի սնկերը */
― Նրա՞նք, էլֆերը, էլ ո՞վ ․․․ Գիշերն էլ խոսակցությունը, նրանք ձեր մասին ամեն ինչ գիտեն՝ ո՞ւր, ինչի՞ համար եւ ինչու։ Դե ես էլ չվիճեցի։ Ախ, տեր իմ, ի՜նչ ժողովուրդ ․․․ Ա՜յ քեզ բա՜ն․․․
― Այո, զարմանալի ժողովուրդ է, ― համաձայնեց Ֆրոդոն։ ― Դե հիմա դու նրանց տեսար՝ դո՞ւր եկան քեզ․․․
― Դե ոնց ասեմ, տեր իմ, ― մտածկոտ պատասխանեց Սամը։ ― Ես ի՞նչ, նրանք ինձ պատմածներով էլ էին դուր գալիս։ Բայց դե մտածում էի, թե ինչպիսի՞ն են։ Իսկ նրանք շատ ուրիշ են, ինչպես որ կան՝ կան․․․ Հնադարյան ժողովուրդ է, բայց բոլորովին ջահել, ուրախ, եւ կարծես թե տխուր՝ գնա ու հասկացիր։
Ֆրոդոն զարմանքով նայում էր Սամին, կարծես նրա մեջ էլ էր տարօրինակ փոփոխություններ տեսնում։ Խոսում էր ոչ այն Սամ Համեստուկը, որին գիտեր ինքը, տեսքից նույնն էր, միայն թե դեմքը արտասովոր խոհուն էր։
― Ուրեմն էլ ինչո՞ւ գնաս Հոբիթստանից, քանի որ նրանց տեսել ես, ― հարցրեց Ֆրոդոն։
― Ախր, հասկանո՞ւմ ես, տեր իմ, այս գիշերվանից ես ինչ֊որ ուրիշ եմ։ Գիտեմ չէ՝ ճամփան երկար է, տանում է դեպի խավար․․․ Իսկ հետ գնալ չի կարելի։ Էլֆեր, վիշապներ, լեռներ, այդ բոլորն, իհարկե, շատ լավ է․․․ Բայց ես հո դրա համար չպիտի գամ ձեզ հետ։ Էստեղ ուրիշ բան կա։ Ես, ախր, անպայման ձեզ պետք կգամ, եւ ոչ թե էստեղ՝ Հոբիթստանում․․․ Եթե հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում։
― Ոչ, չեմ հասկանում, Սամ։ Բայց Գանդալֆը, կարծես, լավ ուղեկից է ընտրել ինձ համար։ Դե լավ, առայժմ միասին կգնանք։
Ֆրոդոն լուռ վերջացրեց նախաճաշը։ Հետո վեր կացավ, շուրջը նայեց ու կանչեց Փանին։ Վերջինս իսկույն վազելով եկավ։
― Գնալու ժամանակն է, ― հայտարարեց Ֆրոդոն։ ― Քնեցինք մնացինք, իսկ ճանապարհը երկար է։
― Այդ դու ես քնել֊մնացել, ― ասաց Փինը։ ― Ես հո վաղուց եմ արթնացել, մենք միայն սպասում էինք, թե երբ պիտի դու վերջացնես ուտելն ու մտածելը։
― Ահա եւ վերջացրի։ Մենք պետք է որքան կարելի է շուտ հասնենք Զագորդյան լաստանավին։ Միայն ոչ թե սովորական, այլ կարճ ճանապարհով։
― Կարճ ճանապարհով հարկավոր է թռչել, ― արձագանքեց Փինը։ ― Ոտքի ճանապարհ չկա։
― Կգտնենք, ― ասաց Ֆրոդոն, ― մի կերպ դուրս կգանք։ Լաստանավը գտնվում է Անտառեզրից դեպի արեւելք, իսկ ճանապարհը թեքվում է դեպի ձախ, այ այնտեղ, տեսնո՞ւմ եք։ Այնպես որ, եթե ուղիղ գնանք, քառորդ չափով կկրճատենք ճանապարհը։
― Ուշ լինի, նուշ լինի, ― առարկեց Փինը։ ― Դժվար տեղանք է․ ճահիճ, ճանապարհ չկա, ես հո այնտեղ եղել եմ։ Իսկ եթե դու Սեւ Հեծյալների վերաբերյալ ես ասում, ապա նրանց հետ ճանապարհին հանդիպես, անտառում, թե դաշտում, միեւնույն է, տարբերություն չկա։
― Անտառում ու դաշտում թաքնվելը շատ հեշտ է, ― նկատեց Ֆրոդոն։ ― Մեզ ճանապարհին են սպասում, իսկ ճանապարհից դուրս մեկ էլ տեսար իսկի չփնտրեցին էլ։
― Լավ, ― համաձայնեց Փինը։ ― Գնանք, թռչկոտենք ճիմերի վրայով՝ առջեւից դու, քո հետեւից՝ մենք։ Միայն թե ափսո՜ս։ Կարող էինք մինչեւ փակվելը հասնել «Ոսկի թառ», այնտեղ հրաշալի գարեջուր կա, այս տեղերում ամենալավը։ Վաղուց չեմ խմել։