Changes
: ― Հայրս այդ մարդուն վերցրեց որպես այգեպան, ― շարունակեց ընկերս, ― բայց Հադսոնին դա չբավարարեց, և հայրս նրան շնորհեց ծառայապետի պաշտոն։ Կարելի էր կարծել, թե սա նրա սեփական տունն է՝ թափառում էր սենյակներով մեկ և անում էր ինչ ցանկանար։ Սպասուհիները բողոքում էին նրա կոպիտ վարվելակերպից և զզվելի լեզվից։ Հայրս, որպես հատուցում, ավելացրեց նրանց վարձատրությունը։ Այդ տիպը վերցնում էր հորս լավագույն հրացանը, նավակը և մեկնում որսի։ Դեմքից չէր չքանում ծաղրական, չար, լպիրշ ժպիտը, այնպես որ, եթե մենք հասակակիցներ լինեինք, մի քսան անգամ նրան արդեն գետնին տապալած կլինեի։ Անկեղծորեն կասեմ, Հոլմս, այդ ամբողջ ժամանակ ինձ պետք է զսպեի, իսկ հիմա ասում եմ ինքս ինձ, հիմար եմ, հիմար, ինչու՞ էի ինձ զսպում․․․ Դե, իսկ դրությունը գնալով վատանում էր։ Այդ անասուն Հադսոնը համակ լպիրշություն դարձավ և վերջապես մի անգամ հորս լկտի պատասխան տալու համար ճանկեցի ուսերից և սենյակից դուրս վռնդեցի։ Մեռելային գունատ դեմքով դանդաղ հեռացավ․ աչքերն ավելի մեծ սպառնալիք էին արտահայտում, քան կարող էր արտահայտել լեզուն։ Չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ խեղճ հորս և այդ մարդու միջև, բայց հաջորդ օրը հայրս եկավ սենյակս և ինձ խնդրեց, որ ներողություն հայցեմ Հադսոնից։ Դուք, իհարկե, գուշակեցիք, որ ես մերժեցի և հարցրեցի հորս, թե ինչպես կարող է այդ սրիկային այդքան ազատություն տալ, ինչպես է Հադսոնը համարձակվում տանը բոլորին հրամայել։
: - Ախ, տղաս, ― բացականչեց հայրս։ ― Քեզ համար հեշտ է խոսելը, դու չգիտես, ինչ դրության մեջ եմ։ Բայց դու ամեն ինչ կիմանաս։ Զգում եմ, որ ամեն ինչ կիմանաս, իսկ հետո ինչ լինելու է, թող լինի։ Դու չես հավատա, եթե քո խեղճ ծերուկ հոր մասին քեզ վատ բան ասեն, այդպես չէ՞, տղաս։
: ― Հայրս շատ այլայլված էր։ Ամբողջ օրը փակվեց իր աշխատասենյակում։ Պատուհանից տեսնում էի, որ գրում էր։ Քանի որ Հադսոնն ասաց,թե մտադիր է մեզ լքել, թվում էր, երեկոն մեզ թեթևություն բերեց։ Նա սեղանատուն մտավ, որտեղ հորս հետ նստել էինք ճաշից հետո, և իր որոշման մասին հայտարարեց այն անպատկառ տոնով, ինչպես խոսում էր հարբած վիճակում։
: ― Նորֆոլկից կշտացել եմ, ― ասաց, ― ուղեվորվում եմ Համփշիր՝ միստր Բեդոզի մոտ։ Հավանաբար, նա էլ նույնքան ուրախ կլինի ինձ տեսնելով, ինչքան և դուք։
: ― Հուսով եմ, մեզ վատ չեք հիշի, ― ասաց հայրս հեզությամբ, որից արյունս եռաց երակներումս։