Changes

Փոքրիկ իշխանը

Ավելացվել է 53 536 բայտ, 10:18, 24 Դեկտեմբերի 2014
==VIII==
Շատ շուտով ես ավելի ճանաչեցի այդ ծաղիկը: Փոքրիկ իշխանի մոլորակի վրա մինչ այդ աճում էին սովորական ու համեստ ծաղիկներ, որոնք քիչ թերթեր ունեն, շատ քիչ տեղ են գրավում և ոչ ոքի չեն անհանգստացնում: Նրանք առավոտները բացվում են խոտերի մեջ և երեկոները թառամում: Բայց այս մեկը ծլեց մի սերմից, որը չգիտես թե որտեղից էր ընկել նրա մոլորակի վրա, և Փոքրիկ իշխանը աչքը չէր կտրում մնացած ծիլերին ու շյուղերին բոլորովին չնմանվող այդ փոքրիկ թփիկից: Հանկարծ ու դա բաոբաբի մի նոր տարատեսակ լիներ: Բայց թփիկը շուտով դադարեց բարձրանալուց, ու նրա վրա կոկոն հայտնվեց: Փոքրիկ իշխանը այդքան մեծ կոկոն չէր տեսել և արդեն նախազգում էր, որ հրաշք է լինելու: Իսկ անծանոթ հյուրը, իր կանաչ սենյակի մեջ թաքնված, դեռևս պատրաստվում էր, գեղեցկանում: Խնամքով գույներ էր ընտրում: Նա առանց շտապելու զարդարվում էր՝ իրար հետևից վրան փորձելով թերթերը: Նա չէր ուզում մի ինչ-որ կակաչի նման աշխարհ գալ գզգզված: Նա ուզում էր երևալ իր գեղեցկության ամբողջ փայլով: Այո՛, դա մի սարսափելի պճնամոլ էր: Խորհրդավոր նախապատրաստությունները օրեր էին տևում, և ահա, վերջապես, մի օր առավոտյան՝ դեռ արևը չծագած, թերթերը բացվեցին:
Եվ գեղեցկուհին, որ այդ պահի համար բավական երկար աշխատանք էր թափել, հորանջելով ասաց.

– Իմ մոլորակի վրա վագրեր չկան, – առարկեց Փոքրիկ իշխանը: – Բացի այդ, վագրը խոտ չի ուտում:

– Ես խոտ չեմ, – վիրավորվեց ծաղիկը:

– Ներեցեք ինձ...

– Չէ՛, վագրը ինձ համար սարսափելի չէ, բայց ես շատ եմ վախենում միջանցիկ քամուց: Դուք շիրմա չունե՞ք... «Բույս է և դեռ միջանցիկ քամուց վախենում է... շատ զարմանալի է..., – մտածեց Փոքրիկ իշխանը: – Ի՜նչ ծանր բնավորություն ունի այս ծաղիկը»:

– Իրիկնամուտին խնդրում եմ ինձ ծածկեք: Շատ ցուրտ է ձեզ մոտ: Ձեր մոլորակը բոլորովին հարմարավետ չէ: Ա՛յ, որտեղից ես եկել եմ...

Նա խոսքը չավարտեց: Չէ՞ որ նա այստեղ էր ընկել, երբ ընդամենը սերմի հատիկ էր և ուրիշ մոլորակների մասին ոչինչ չէր կարող գիտենալ: Հիմարություն է սուտ ասելը, մանավանդ որ հեշտությամբ կարող ես բռնվել: Գեղեցկուհին շփոթվեց, հետո մեկ-երկու անգամ հազաց, որպեսզի Փոքրիկ իշխանն զգար, որ շատ մեղավոր է նրա առաջ:

– Ի՞նչ եղավ շիրման...

– Ես ուզում էի գնալ շիրման բերելու, բայց հո չէի՞ կարող մինչև վերջ ձեզ չլսել:

Ծաղիկն ավելի ուժեղ սկսեց հազալ. թող, այնուամենայնիվ, տղայի խիղճը տանջի: Թեև Փոքրիկ իշխանը սիրեց սքանչելի ծաղիկը և շատ ուրախ էր նրան ծառայելու համար, բայց շուտով նրա սիրտը կասկած ընկավ: Դատարկ խոսքերին սկսեց նշանակություն տալ և իրեն շատ դժբախտ զգալ:

– Ես իզուր էի նրան լսում, – մի անգամ սիրտը բացեց նա: – Երբեք չպետք է լսել, թե ինչ են ասում ծաղիկները: Հարկավոր է ուղղակի նայել նրանց ու շնչել նրանց բույրը:

Իմ ծաղիկն իր բուրմունքով լցրել է ամբողջ մոլորակը, իսկ ես չէի կարողանում դրա համար ուրախանալ: Վագրերի ու մագիլների մասին նրա խոսակցությունները... դրանք պետք է ինձ վրա ազդեին, ինձ հուզեին, իսկ ես ջղայնանում էի... Եվ հետո նա խոստովանեց.

– Ես այն ժամանակ ոչինչ չէի հասկանում: Հարկավոր էր ոչ թե խոսքերով, այլ գործերով դատել: Նա ինձ էր նվիրում իր բուրմունքը, լուսավորում էր իմ կյանքը: Ես չպետք է փախչեի: Նրա խղճուկ խորամանկությունների տակ ես պետք է քնքշություն տեսնեի: Այնքան անհետևողական են ծաղիկները... Բայց ես շատ ջահել էի այն ժամանակ և դեռ սիրել չգիտեի:

==IX==

Որքան ես հասկացա, նա որոշել էր ճանապարհորդել չվող թռչունների հետ: Վերջին առավոտը նա սովորականից ավելի եռանդով սկսեց մաքրել ու հավաքել իր մոլորակը: Խնամքով մաքրեց գործող հրաբուխները: Նա երկու գործող հրաբուխ ուներ: Առավոտները շատ հարմար է նրանց վրա նախաճաշ տաքացնել: Բացի այդ, կար նաև մի հանգած հրաբուխ: Բայց նա մտածեց, որ ինչ ասես կարող է պատահել, դրա համար էլ մաքրեց նաև հանգած հրաբուխը: Երբ հրաբուխները լավ ես մաքրում, նրանք հանգիստ ու անաղմուկ են վառվում, առանց ժայթքումների: Հրաբուխի ժայթքումը նույնն է, ինչ որ վառարանի խողովակի հրդեհը, երբ կպչում է նրա միջի մուրը: Ինչ խոսք, մենք՝ երկրի վրայի մարդիկս, շատ փոքրիկ ենք և չենք կարող մաքրել մեր հրաբուխները: Ահա թե ինչու են նրանք այդքան տհաճություն պատճառում մեզ:

Փոքրիկ իշխանը տխրությամբ պոկեց նաև բաոբաբի վերջին ծիլերը: Նա կարծում էր, թե երբեք այլևս չի վերադառնա, բայց այդ առավոտյան սովորական աշխատանքը նրան չտեսնած հաճույք էր պատճառում: Իսկ երբ վերջին անգամ ջրեց սքանչելի ծաղիկն ու պատրաստվում էր ապակիով ծածկել այն, նա նույնիսկ ուզեց լաց լինել:

– Մնաք բարով, – ասաց:

Գեղեցկուհին չպատասպանեց:

– Մնաք բարով, – կրկնեց Փոքրիկ իշխանը:

Ծաղիկը հազաց, բայց դա մրսելուց չէր:

– Ես հիմար էի, – ասաց նա վերջապես:

– Ներիր ինձ: Եվ աշխատիր երջանիկ լինել:

Եվ ոչ մի հանդիմանություն: Փոքրիկ իշխանը շատ էր զարմացել: Նա, ապակին ձեռքին, սառել, մնացել էր կանգնած: Որտեղի՞ց էր այդ մեղմ քնքշությունը:

– Այո՛, այո՛, ես սիրում եմ քեզ, – լսեց նա: – Ես մեղավոր եմ, որ դու չգիտեիր այդ: Բայդ դա կարևոր էլ չէ: Ասենք, դու էլ էիր ինձ նման հիմար: Աշխատիր երջանիկ լինել... թող այդ ապակին, այն ինձ այլևս պետք չէ:

– Բայց քամին...

– Ես այնքան էլ մրսած չեմ... գիշերային զովը ինձ նույնիսկ օգուտ կտա... չէ՞ որ ես ծաղիկ եմ...

– Բայց գազանները, միջատները...

– Դե պետք է մի երկու թրթուր հանդուրժեմ, եթե ուզում եմ թիթեռների հետ ծանոթանալ... Նրանք պետք է որ շատ լավիկը լինեն: Թե չէ, ո՞վ պիտի ինձ այցելի: Չէ՞ որ դու հեռվում կլինես: Իսկ մեծ գազաններից ես չեմ վախենում: Ես մագիլներ ունեմ:

Եվ նա պարզամտորեն ցույց տվեց իր չորս փշերը: Հետո ավելացրեց.

– Էլ մի ձգձգիր... դա անտանելի է... Եթե որոշել ես գնալ՝ գնա:

Նա չէր ուզում, որ Փոքրիկ իշխանը տեսնի, թե ինչպես է ինքը լալիս: Դա մի շատ հպարտ ծաղիկ էր:

==X==

Փոքրիկ իշխանի մոլորակին ամենից շատ մոտիկ էին № 325, 326, 327, 329 և 330 փոքրիկ մոլորակները: Դրա համար էլ նա որոշեց նախ և առաջ այցելել դրանց: Չէ՞ որ պետք էր մի որևէ զբաղմունք գտնել և, բացի այդ, որոշ բաներ էլ սովորել:

Առաջին մոլորակի վրա մի թագավոր էր ապրում: Ծիրանիով և կնգունի մորթիով պճնված՝ նա բազմել էր շատ հասարակ, բայց, այնուամենայնիվ, փառահեղ իր գահին:

– Ահա և հպատակը, – բացականչեց թագավորը՝ տեսնելով Փոքրիկ իշխանին:

«Այդ ինչպե՞ս ճանաչեց, – անցավ Փոքրիկ իշխանի մտքով, – չէ՞ որ նա ինձ առաջին անգամ է տեսնում»:

Նա չգիտեր, որ թագավորները աշխարհին շատ հասարակ հայացքով են նայում: Նրանց համար բոլոր մարդիկ հպատակներ են:

– Արի մոտիկ, ուզում եմ քեզ լավ տեսնել, – ասաց թագավորը սարսափելի հպարտ, որ կա մեկը, որի համար նա կարող է թագավոր լինել:

Փոքրիկ իշխանը շուրջը նայեց մի որևէ տեղ գտնելու հույսով, բայց թագավորի կնգումե հոյակապ պատմուճանը ծածկել էր ամբողջ մոլորակը:
Եվ նա նման կանգնաշ ու քանի որ շատ էր հոգնած, հորանջեց.

– Վարվելակարգը թույլ չի տալիս միապետի ներկայությամբ հորանջել, – ասաց թագավորը: – Ես քեզ արգելում եմ հորանջել:

– Ես չկարողացա ինձ զսպել, – շփոթված ասաց Փոքրիկ իշխանը: – Ես երկար ճանապարհ եմ անցել և բոլորովին չեմ քնել...

– Որ այդպես է, ես քեզ հրամայում եմ հորանջել. – ասաց թագավորը: – Ես շատ վաղուց է, որ չեմ տեսել, թե ինչպես ես հորանջում: Ինձ համար դա նույնիսկ հետաքրքիր է: Այսպես ուրեմն, հորանջի՛ր: Այդպես է իմ կամքը:

– Բայց... ես քաշվում եմ... ես այլևս չեմ կարող... – շշնջաց Փոքրիկ իշխանն ու ամբողջովին կարմրեց:

– Հըմ, հըմ... Այդ դեպքում... այդ դեպքում ես կարգադրում եմ մերթ հորանջել, մերթ...

Թագավորը շփոթվեց և նույնիսկ, կարծես թե, ջղայնացավ: Չէ՞ որ թագավորի համար ամենակարևորն այն է, որ առանց խոսքի ենթարկվեն իրեն: Անհնազանդություն նա չէր հանդուրժի: Դա մի բացարձակ միապետ էր: Բայց նա շատ բարի էր, դրա համար էլ միայն խելացի հրամաններ էր տալիս:
«Եթե ես իմ գեներալին հրամայեմ ճայ դառնալ, – ասում էր թագավորը, – ու եթե գեներալը հրամանը չկատարի, դա ոչ թե նրա, այլ իմ հանցանքն է»:

– Կարելի՞ է նստել, – անհամարձակ ասաց Փոքրիկ իշխանը:

– Հրամայում եմ, նստի՛ր, – պատասխանեց թագավորը և վեհապանծ շարժումով վեր քաշեց իր կնգումե պատմուճանի մի քղանցքը:

Բայց Փոքրիկ իշխանը մի բան չէր կարողանում հասկանալ: Այսքան փոքր մոլորակի վրա ի՞նչ է կառավարում թագավորը:

– Ձերդ մեծություն, – սկսեց նա, – կարո՞ղ եմ մի հարց տալ...

– Հրամայում եմ, հարցրո՛ւ, – շտապ ասաց թագավորը:

– Ձերդ մեծություն... դուք ի՞նչ եք կառավարում...

– Ամեն ինչ, – ուղղակի պատասխանեց թագավորը:

– Ամեն ի՞նչ...

Թագավորը, համեստորեն ձեռքը շարժելով, ցույց տվեց իր մոլորակը, ինչպես նաև մյուս մոլորակներն ու աստղերը:

– Եվ այս բոլորը դո՞ւք եք կառավարում, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Այո, – պատասխանեց թագավորը:

Նա այդպես ասաց, որովհետև իրոք լիիրավ միապետ էր և ոչ մի սահման ու սահմանափակում չէր ճանաչում:

– Եվ աստղերը ձեզ ենթարկվո՞ւմ են, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Դե իհարկե, – պատասխանեց թագավորը: – Աստղերն անմիջապես ենթարկվում են. ես անհնազանդություն չեմ հանդուրժում:

Փոքրիկ իշխանը հիացած էր: Ա՛յ, եթե ինքը նման հզորություն ունենար: Այն ժամանակ ոչ թե քառասունչորս, այլ յոթանասուներկու, նույնիսկ հարյուր անգամ կդիտեր վերջալույսը և այն էլ առանց աթոռը տեղից շարժելու: Այստեղ նա նորից հիշեց իր լքված մոլորակը, տխրեց և սիրտ անելով՝ թագավորին խնդրեց.

– Ես կուզենայի վերջալույս տեսնել... խնդրում եմ, բարի լինեք հրամայել արևին, որ մայր մտնի...

– Եթե ես մի որևէ գեներալի հրամայեմ, որ թիթեռի նման ծաղկից ծաղիկ թռչի կամ ողբերգություն գրի, կամ էլ ճայ դառնա, իսկ գեներալը հրամանը չկատարի, ո՞վ կլինի մեղավորը՝ նա՞, թե՞ ես:

– Դուք, ձերդ մեծություն, – առանց տատանվելու պատասխանեց Փոքրիկ իշխանը:

– Միանգամայն ճիշտ է, – հաստատեց թագավորը: – Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունը նախ և առաջ պետք է խելացի լինի: Եթե դու քո ժողովրդին հրամայես ծովը նետվել, նա հեղափոխություն կանի: Ես իրավունք ունեմ հնազանդություն պահանջելու, որովհետև իմ հրամանները խելացի են:

– Իսկ վերջալո՞ւյսը... – հիշեցրեց Փոքրիկ իշխանը: Մի բան որ նա հարցներ, այլևս չէր հանգստանա, մինչև պատասխանը չստանար:

– Վերջալույս էլ կլինի, մի՛ վախենա: Ես կպահանջեմ, որ արևը մայր մտնի: Բայց նախ կսպասեմ, որ դրա համար բարենպաստ պայմաններ լինեն, քանի որ դրանից է երևում, թե որքանով է իշխողը իմաստուն:

– Իսկ ե՞րբ բարենպաստ պայմաններ կլինեն, – ուզեց տեղեկանալ Փոքրիկ իշխանը:

– Հը՜մ... հը՜մ... – հաստափոր օրացույցը թերթելով՝ պատասխանեց արքան: – Դա կլինի... հըմ... հըմ... այսօր, դա կլինի ժամը յոթն անց քառասուն րոպեին: Այդ ժամանակ դու կտեսնես, թե որքան ճշգրիտ են կատարում իմ հրամանները: Փոքրիկ իշխանը հորանջեց: Ափսոս, որ այստեղ վերջալույսը չեն կարող տեսնել երբ որ ցանկանաս: Եվ, ճիշտն ասած, նա արդեն սկսեց մի քիչ ձանձրանալ:

– Իմ գնալու ժամանակն է, – ասաց նա թագավորին: – Այլևս անելիք չունեմ ես այստեղ:

– Մնա, – ասաց թագավորը. նա շատ հպարտ էր, որ հպատակ է ձեռք գցել և չէր ուզում նրանից բաժանվել: – Մնա, ես քեզ նախարար կնշանակեմ:

– Ինչի՞ նախարար:

– Ասենք... արդարադատության:

– Չէ՞ որ այստեղ մարդ չկա, որ դատեմ:

– Ո՞վ գիտե, – առարկեց թագավորը: – Ես դեռ իմ ամբողջ թագավորությունը լավ չեմ ստուգել: Ես շատ ծեր եմ, տեղս էլ փոքր է կառք պահելու համար, իսկ ոտքով քայլելը շատ է հոգնեցուցիչ:

Փոքրիկ իշխանը կռացավ և նայեց մոլորակի մյուս կողմը:

– Բայց ես արդեն նայեցի, – բացականչեց նա, – այնտեղ նույնպես ոչ ոք չկա:

– Այդ դեպքում ինքդ քեզ դատիր, – ասաց թագավորը: – Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:

– Ես ինձ որտեղ ասես կարող եմ դատել: Դրա համար չարժե, որ ապրեմ այստեղ, – ասաց Փոքրիկ իշխանը:

– Հը՜մ... հը՜մ... – ասաց թագավորը: – Ինձ թվում է, թե իմ մոլորակի վրա ինչ-որ մի տեղ պառավ առնետ է ապրում: Գիշերները ես լսում եմ, թե նա ինչպես է ճանկռոտում: Դու կարող էիր այդ պառավ առնետին դատել: Մեկ - մեկ դու նրան մահվան դատապարտիր: Նրա կյանքը քեզանից կլինի կախված: Իսկ հետո պետք է նրան ամեն անգամ ներում շնորհել: Պետք է խնայել պառավ առնետին, չէ՞ որ նա միակն է մեզ մոտ:

– Ես չեմ սիրում մահվան դատավճիռ արձակել, – ասաց Փոքրիկ իշխանը: – Եվ ընդհանրապես... իմ գնալու ժամանակն է:

– Չէ՛, ժամանակը չէ, – առարկեց արքան:

Փոքրիկ իշխանն արդեն ճամփա էր ընկնում, բայց չէր ուզում ծեր միապետին վշտացնել:

– Եթե ձերդ մեծությունն ուզում է, որ իր հրամանները կատարվեն, – ասաց նա, – պետք է ողջամիտ հրամաններ տա: Օրինակ՝ դուք կարող եք ինձ հրամայել անհապաղ ճանապարհ ընկնել: Ինձ թվում է՝ դրա համար հիմա շատ բարենպաստ պայմաններ կան...

Թագավորը չէր պատասխանում, և Փոքրիկ իշխանը անվճռականորեն մի քիչ էլ կանգ առավ, հետո հառաչեց ու ճանապարհ ընկավ:

– Քեզ դեսպան եմ նշանակում, – նրա հետևից շտապ ձայն տվեց թագավորը:

Եվ նրա տեսքն այդ րոպեին այնպիսին էր, կարծես նա ոչ մի առարկություն հանդուրժել չէր կարող:

«Տարօրինակ մարդիկ են այս մեծահասակները», – ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը՝ ճանապարհը շարունակելով:

==XI==

Երկրորդ մոլորակի վրա ապրում էր փառասերը:

– Օ՜, ահա և երկրպագու հայտնվեց, – հեռվից Փոքրիկ իշխանին նկատելով՝ բացականչեց նա: Չէ՞ որ սնապարծ մարդկանց միշտ թվում է, թե բոլորը հիացած են իրենցով:

– Բարի օր, ասաց Փոքրիկ իշխանը: – Ինչ հետաքրքիր գլխարկ ունեք:

– Սա նրա համար է, որ տամ, – բացատրեց փառասերը, – տամ, երբ ինձ ողջունելու լինեն: Դժբախտաբար այստեղ ոչ ոք չի գալիս:

– Ահա թե ի՜նչ, – շշնջաց Փոքրիկ իշխանը: Բայց նա ոչինչ չհասկացավ:

– Հապա մի ծափ տուր, – ասաց փառասերը:

Փոքրիկ իշխանը ծափ տվեց: Փառասերը գլխարկը հանեց և սկսեց համեստորեն տալ: «Այստեղ ավելի ուրախ է, քան ծեր թագավորի
մոտ», – մտածեց Փոքրիկ իշխանը: Եվ նորից սկսեց ծափ տալ, իսկ փառասերը, նորից գլխարկը հանելով, խոնարհվեց: Այսպես մի հինգ րոպե նույն բանը կրկնվեց, և Փոքրիկ իշխանը ձանձրացավ:

– Իսկ ի՞նչ է պետք անել, որ գլխարկը ընկնի, – հարցրեց նա:

Բայց փառասերը չլսեց: Սնապարծ մարդիկ, բացի գովեստից, մնացած ամեն ինչի նկատմամբ խուլ են:

– Դու իսկապե՞ս իմ խանդավառ երկրպագուն ես, – Փոքրիկ իշխանին հարցրեց նա:

– Իսկ այդ ինչպե՞ս են երկրպագում:

– Երկրպագել, այդ նշանակում է ընդունել, որ այս մոլորակի վրա ես ամենագեղեցիկն եմ, ամենից շքեղը, հարուստը և ամենից խելոքը:

– Բայց չէ՞ որ քո մոլորակի վրա ուրիշ մարդ չկա:

– Դե ոչինչ, ինձ հաճույք պատճառելու համար միևնույն է, հիացիր ինձանով:

– Ես հիանում եմ, – ուսերը թոթվելով՝ ասաց Փոքրիկ իշխանը, – բայց մի՞թե դա քեզ ուրախություն է պատճառում:

Եվ նա փառասերի մոտից փախավ:

«Իսկապես որ մեծահասակները շատ տարօրինակ մարդիկ են», – պարզամտորեն մտածեց նա ու ճանապարհ ընկավ:

==XII==

Հետևյալ մոլորակի վրա հարբեցողն էր ապրում: Փոքրիկ իշխանը նրա մոտ շատ քիչ մնաց, բայց անչափ տխրեց: Երբ նա հայտնվեց այդ մոլորակի վրա, հարբեցողը լուռ նստել ու նայում էր առջևում շարված դատարկ ու լիքը շշերի բանակին:

– Այդ ի՞նչ ես անում, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Խմում եմ, – մռայլ պատասխանեց հարբեցողը:

– Ինչո՞ւ:

– Որպեսզի մոռանամ:

– Ի՞նչը մոռանաս, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

Նա սկսել էր խղճալ հարբեցողին:

– Ուզում եմ մոռանալ, որ ամոթ է, – խոստովանեց հարբեցողը ու գլուխը խոնարհեց:

– Իսկ ինչո՞ւ է ամոթ, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Ամոթ է, որ խմում եմ, – բացատրեց հարբեցողն, ու այլևս նրանից հնարավոր չէր ոչ մի խոսք կորզել:

Եվ Փոքրիկ իշխանը շիվար ու տարակուսանքով լի շարունակեց իր ճամփան:

«Այո՛, անկասկած, մեծահասակները շա՜տ, շա՜տ տարօրինակ մարդիկ են», – մտածեց նա:

==XIII==

Չորրորդ մոլորակը պատկանում էր մի գործարար մարդու: Նա այնքան զբաղված էր, որ երբ Փոքրիկ իշխանը հայտնվեց, գլուխն անգամ չբարձրացրեց:

– Բարի օր, – ասաց Փոքրիկ իշխանը, – ձեր ծխախոտը հանգել է:

– Երեքին գումարած երկու՝ հինգ: Հինգին գումարած յոթ՝ տասներկու: Բարի օր: Տասնհինգ, յոթ էլ՝ քսաներկու: Քսաներկու, վեց էլ, հավասար է քսանութի: Ժամանակ չունեմ լուցկի վառելու: Քսանվեցին գումարած հինգ հավասար է երեսունմեկի: Ո՜ւֆ... այսպիսով, ընդամենը հինգ հարյուր միլիոն վեց հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր երեսունմեկ:

– Հինգ հարյուր միլիոն ի՞նչ...

– Ի՞նչ... Դու այստե՞ղ ես: Հինգ հարյուր միլիոն... արդեն չեմ հիշում, թե ինչ... Ես այնքան գործ ունեմ... ես լուրջ մարդ եմ, շաղարատելու ժամանակ չունեմ... երկուս, հինգ էլ՝ յոթ...

– Հինգ հարյուր միլիոն ի՞նչ... – կրկնեց Փոքրիկ իշխանը: Մի բան որ հարցներ, նա այլևս չէր հանգստանա, մինչև պատասխանը չստանար: Գործարար մարդը գլուխը բարձրացրեց.

– Արդեն հիսունչորս տարի է, ինչ ես ապրում եմ այս մոլորակի վրա, և այդ ընթացքում ինձ միայն երեք անգամ են խանգարել: Առաջին անգամ՝ քսաներկու տարի սրանից առաջ, չգիտես որտեղից հայտնվեց մի մայիսյան բզեզ: Նա սարսափելի աղմուկ բարձրացրեց, և ես գումարման ժամանակ չորս սխալ արեցի: Երկրորդ անգամ՝ տասնմեկ տարի առաջ, ռևմատիզմի նոպա ունեցա՝ նստակյաց կյանքից: Ես ման գալու ժամանակ չունեմ: Ես լուրջ մարդ եմ: Երրորդ անգամ... ահա սա... Այսպես, ուրեմն, հինգ հարյուր միլիոն...

– Միլիոն ի՞նչ...

Գործարար մարդը գլխի ընկավ, որ պետք է պատասխանի, թե չէ հանգիստ չի ունենա:

– Հինգ հարյուր միլիոն էն բաներից... որ օդում մեկ-մեկ երևում են...

– Դրանք ի՞նչ են, ճանճե՞ր...

– Դե չէ... փոքրիկ, փայլուն բաներ են...

– Մեղունե՞ր...

– Չէ՛, չէ՛... Այսպիսի փոքրիկ բաներ են... ոսկեգույն, ամեն մի ծույլ մարդ հենց նայում է դրանց, սկսում է երազել: Ես լուրջ մարդ եմ, ես երազելու ժամանակ չունեմ:

– Աա՜, աստղեր:

– Ա՛յ, ա՛յ, աստղեր:

– Հինգ հարյուր միլիոն ա՞ստղ... իսկ ի՞նչ ես անում այդ աստղերը...

– Հինգ հարյուր մեկ միլիոն վեց հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր երեսունմեկ: Ես լուրջ մարդ եմ, ես սիրում եմ, որ ամեն ինչ ճշգրիտ լինի:

– Ի՞նչ ես անում դու այդ բոլոր աստղերը:

– Ինչ եմ անո՞ւմ...

– Այո՛:

– Ոչինչ էլ չեմ անում: Ես տիրում եմ դրանց:

– Տիրում ես աստղերի՞ն:

– Այո՛:

– Բայց ես արդեն մի թագավոր եմ տեսել, որը...

– Թագավորները ոչնչի չեն տիրում... նրանք միայն կառավարում են... դա բոլորովին այլ բան է:

– Իսկ ինչի՞ համար ես տիրում աստղերին:

– Որպեսզի հարուստ լինեմ:

– Իսկ ինչո՞ւ ես ուզում հարուստ լինել:

– Որպեսզի էլի նոր աստղեր առնեմ, եթե որևէ մեկը նոր աստղեր հայտնաբերի:

«Սա իսկ և իսկ այն հարբեցողի նման է դատում», – մտածեց Փոքրիկ իշխանը: Եվ շարունակեց հարցնել.

– Իսկ աստղերին ինչպե՞ս են տիրում:

– Աստղերն ո՞ւմն են, – տհաճությամբ հարցրեց գործարարը:

– Չգիտեմ: Ոչ մեկինն էլ չեն:

– Ուրեմն իմն են, որովհետև ես առաջինն եմ այդ բանը մտածել:

– Եվ դա բավական է:

– Դե իհարկե: Եթե դու ալմաստ ես գտնում, որը տեր չունի, ուրեմն քոնն է: Եթե դու մի կղզի ես գտնում, որը տեր չունի, ուրեմն քոնն է: Եթե առաջին անգամ քո գլխում մի միտք է ծագում, դու նրա համար պատենտ ես վերցնում, և այն քոնն է: Ես աստղերին տիրում եմ, որովհետև ինձանից առաջ ոչ ոք գլխի չի ընկել, որ կարելի է նրանց տիրել:

– Ա՛յ դա ճիշտ է, – ասաց Փոքրիկ իշխանը: – Եվ ի՞նչ պիտի անես դու այդ աստղերը:

– Ինչ ուզենամ՝ կանեմ, – պատասպանեց գործարարը, – հաշվում եմ ու էլի կհաշվեմ: Դա շատ դժվար բան է: Բայց ես լուրջ մարդ եմ:

Սակայն Փոքրիկ իշխանի համար դա շատ քիչ էր:

– Եթե ես մետաքսե թաշկինակ ունենամ, կարող եմ կապել վզիս ու հետս տանել, – ասաց նա: – Եթե ես մի ծաղիկ ունենամ, կարող եմ պոկել ու հետս տանել: Բայց չէ՞ որ դու չես կարող աստղերը տանել:

– Չեմ կարող, բայց ես դրանք կարող եմ բանկ դնել:

– Այդ ինչպե՞ս:

– Շատ պարզ, թղթի վրա գրում եմ, թե որքան աստղ ունեմ: Հետո այդ թուղթը դնում եմ արկղի մեջ ու բանալիով փակում:

– Այդքա՞նը:

– Դա բավական է:

«Հետաքրքիր է, – մտածեղ Փոքրիկ իշխանը: – Եվ նույնիսկ բանաստեղծական է: Բայց այնքան էլ լուրջ բան չէ»:

Թե ինչն է լուրջ բան, ինչը՝ ոչ, Փոքրիկ իշխանը յուրովի էր հասկանում, ոչ այնպես, ինչպես մեծահասակները:

– Ես մի ծաղիկ ունեմ, – ասաց նա, և ես ամեն առավոտ ջրում եմ այն: Ես երեք հրաբուխ ունեմ, ամեն շաբաթ մաքրում եմ դրանք: Բոլորն էլ մաքրում եմ, հանգածը նույնպես: Դե, ինչ ասես կարող է պատահել: Եվ իմ հրաբուխների ու իմ ծաղկի համար օգտակար է, որ ես տիրում եմ նրանց: Իսկ աստղերը քեզանից ոչ մի օգուտ չեն ստանում...

Գործարար մարդը բերանը բաց արեց, բայց այդպես էլ չիմացավ, թե ինչ պատասխանի, և Փոքրիկ իշխանը շարունակեց իր ճամփան:

«Այո, մեծահասակներն իրոք զարմանալի մարդիկ են», – ճանապարհը շարունակելով՝ պարզամտորեն ասում էր նա ինքն իրեն:

==XIV==
Հինգերորդ մոլորակը բոլորից փոքր էր ու զվարճալի: Նրա վրա միայն մի լապտեր ու մի լապտերավառ էր տեղավորվում: Փոքրիկ իշխանը ոչ մի կերպ չէր հասկանում, թե երկնքում մոլորված այդ տուն ու բնակիչ չունեցող մոլորակիկի ինչին են պետք լապտերն ու լապտերավառը: Բայց նա մտածեց.

– «Գուցե այս մարդն էլ տարօրինակ է, բայց ավելի տարօրինակ չէ, քան թագավորը, փառասերը, գործարարն ու հարբեցողը: Նրա աշխատանքի մեջ
այնուամենայնիվ իմաստ կա: Երբ նա վառում է լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ է ծնվում: Իսկ երբ հանգցնում է լապտերը, թվում է, թե
ծաղիկը կամ աստղը քուն են մտնում: Սքանչելի զբաղմունք է: Սա իսկապես օգտակար է, որովհետև գեղեցիկ է»:

Եվ երբ հավասարվեց այդ մոլորակին, նա հարգանքով տվեց լապտերավառին:

– Բարի օր, – ասաց նա: – Ինչո՞ւ դու հիմա հանգցրիր քո լապտերը:

– Պայմանն այդպես է, – պատասխանեց լապտերավառը: – Բարի օր:

– Այդ ի՞նչ պայման է:

– Լապտերն հանգցնելու պայմանը: Բարի երեկո:

Եվ նա նորից լապտերը վառեց:

– Իսկ ինչո՞ւ դու նորից վառեցիր այն:

– Պայմանն այդպես է, – կրկնեց լապտերավառը:

– Չեմ հասկանում, – խոստովանեց Փոքրիկ իշխանը:

– Հասկանալու բան չկա, – ասաց լապտերավառը: – Պայմանը պայման է: Բարի օր:

Եվ լապտերը հանգցրեց: Հետո կարմիր վանդակավոր թաշկինակով ճակատի քրտինքը սրբեց ու ասաց.

– Ծանր է իմ արհեստը: Մի ժամանակ իմաստ ուներ այն: Առավոտները ես հանգցնում էի, իսկ երեկոները՝ վառում: Ես մի ամբողջ օր ունենում էի հանգստանալու և մի ամբողջ գիշեր՝ քունս առնելու համար...

– Իսկ հետո պայմանը փոխվե՞ց...

– Պայմանը չի փոխվել, – ասաց լապտերավառը: – Դժբախտությունն էլ հենց այդ է: Իմ մոլորակը տարին տարու վրա ավելի արագ է պտտվում, իսկ պայմանը մնում է նույնը:

– Իսկ ինչպե՞ս պիտի անենք, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Այսպես էլ պիտի անեմ: Մի րոպեում մոլորակը լրիվ պտույտ է անում, և ես շունչ քաշելու համար ոչ մի վայրկյան չունեմ: Ամեն րոպե ես լապտերը հանգցնում եմ ու հետո նորից վառում:

– Այ քեզ հետաքրքիր բան... Ուրեմն քեզ մոտ օրը տևում է միայն մի րոպե՞...

– Ոչ մի հետաքրքիր բան չկա այստեղ, – առարկեց լապտերավառը:

– Արդեն մի ամբողջ ամիս է, ինչ ես ու դու խոսում ենք:

– Մի ամբողջ ամի՛ս:

– Իհարկե: Երեսուն րոպե: Երեսուն օր: Բարի երեկո:

Եվ նա նարից լապտերը վառեց: Փոքրիկ իշխանը նայում էր լապտերավառին, որն այդքան հավատարիմ էր իր տված խոսքին: Եվ նա ավելի էր դուր գալիս Փոքրիկ իշխանին:

Փոքրիկ իշխանը հիշեց, թե ինչպես էր մի ժամանակ աթոռը տեղից տեղ շարժում վերջալույսը դիտելու համար: Եվ նա ուզեց օգնել բարեկամին:

– Լսի՛ր, – ասաց նա լապտերավառին: – Ես մի միջոց գիտեմ, դու կարող ես հանգստանալ որքան ուզես...

– Ես անընդհատ ուզում եմ հանգստանալ, – ասաց լապտերավառը:

– Չէ՞ որ կարելի է հավատարիմ մնալ տված խոսքին և միաժամանակ ծույլ լինել:

– Քո մոլորակն այնքան փոքր է, որ դու երեք քայլով կարող ես պտտվել նրա շուրջը, – շարունակեց իշխանը: – Եվ դու պարզապես պետք է շարժվես այնպիսի արագությամբ, որ միշտ մնաս արևի տակ: Երբ դու ուզենաս հանգստանալ, պարզապես պետք է գնաս ու գնաս..., և օրը կերկարի այնքան, որքան դու ուզում ես:

– Բայց դրանից ես օգուտ չեմ ստանա, – ասաց լապտերավառը: – Աշխարհում ես ամենից շատ սիրում եմ քնել:

– Որ այդպես է, վատ են քո գործերը, – ցավակցեց Փոքրիկ իշխանը:

– Վատ են գործերս, – հաստատեց լապտերավառը: – Բարի օր:

Եվ լապտերը հանգցրեց:

«Ահա մի մարդ, – ճանապարհը շարունակելով՝ ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը, – ահա մի մարդ, որին բոլորը՝ և՛ թագավորը, և՛ հարբեցողը, և՛ գործարարը, և՛ սնապարծը, կատեին: Իսկ իմ կարծիքով այդ բոլորից միայն նա է, որ ծիծաղելի չէ: Գուցե այն պատճառով, որ միայն իր մասին չի մտածում՚՚ՙ»:

Փոքրիկ իշխանը հառաչեց:

«Ահա թե ում հետ ես կարող էի բարեկամանալ, – մտածեց նա, – բայց լապտերավառի մոլորակը շատ փոքրիկ է: Երկու հոգու տեղ չի անի»:

Նա չէր ուզում խոստովանել, որ այդ հիանալի մոլորակի համար ափսոսում է մի ուրիշ պատճառով ևս. Քսանչորս ժամում նա կարող էր վերջալույսը դիտել հազար չորս հարյուր քառասուն անգամ:

==XV==

Վեցերորդ մոլորակը նախորդից տասն անգամ մեծ էր: Նրա վրա մի ծերունի էր ապրում, որը հաստափոր գրքեր էր գրում:

– Նայեցե՛ք... ահա և ճանապարհորդը, – Փոքրիկ իշխանին նկատելով՝ բացականչեց ծերունին:

Փոքրիկ իշխանը նստեց սեղանի վրա, որպեսզի շունչ քաշի: Նա արդեն բավական շատ էր թափառել:

– Որտեղի՞ց ես գալիս, – հարցրեց ծերունին:

– Այդ ի՞նչ գիրք է այդքան մեծ, – հարցրեց Փոքրիկ իշխանը: – Ի՞նչ եք անում այստեղ:

– Ես աշխարհագրագետ եմ, – պատասխանեց ծերունին:

– Ի՞նչ բան է աշխարհագրագետը:

– Դա մի գիտնական է, որը գիտի, թե որտեղ են գտնվում ծովերը, քաղաքները, լեռներն ու անապատները:

– Ի՜նչ հետաքրքիր է, – ասաց Փոքրիկ իշխանը: – Ա՛յ, դա իսկական գործ է:

Եվ նա մի հայացք գցեց աշխարհագրագետի մոլորակի վրա: Փոքրիկ իշխանը երբեք այդքան փառահեղ մոլորակ չէր տեսել:

– Ձեր մոլորակը շատ գեղեցիկ է, – ասաց նա: – Իսկ օվկիանոս դուք ունե՞ք...

– Դա ես չգիտեմ, – ասաց աշխարհագրագետը:

– Օհո՜,– ասաց Փոքրիկ իշխանը հիասթափված: – Իսկ լեռներ կա՞ն...

– Չգիտեմ, – կրկնեց աշխարհագրագետը:

– Իսկ քաղաքնե՞ր, գետե՞ր, անտառնե՞ր...

– Դա էլ չգիտեմ:

– Բայց չէ՞ որ դուք աշխարհագրագետ եք:

– Հենց բանն էլ այդ է, – ասաց ծերուկը: – ես աշխարհագրագետ եմ և ոչ թե ճանապարհորդ: Ես ճանապարհորդների խիստ կարիք եմ զգում: Չէ՞ որ աշխարհագրագետները չեն, որ պահում են քաղաքների, գետերի, լեռների, ծովերի, օվկիանոսների և անապատների հաշիվը: Աշխարհագրագետը շատ կարևոր դեմք է, նա թափառելու ժամանակ չունի: Նա իր առանձնասենյակից դուրս չի գալիս, բայց ընդունում է ճանապարհորդներին և նրանց պատմությունները գրի է առնում: Եվ եթե նրանցից որևէ մեկը ինչ-որ հետաքրքիր բան է պատմում, աշխարհագրագետը ստուգում է, թե կարգին մարդ է այդ ճանապարհորդը:

– Իսկ ինչո՞ւ:

– Ախր եթե ճանապարհորդը սկսի փչել, այն ժամանակ աշխարհագրության դասագրքերում ամեն ինչ իրար կխառնվի: Եվ եթե մի երկու բաժակ ավելի է խմել, էլի վատ է:

– Ինչո՞ւ...

– Որովհետև հարբեցողների աչքին ամեն բան զույգ է երևում: Եվ այնտեղ, ուր իրականում մի սար կա, աշխարհագրագետը երկուսը կնշի:

– Ես ճանաչում եմ մի մարդու, որից շատ վատ ճանապարհորդ դուրս կգար, – նկատեց Փոքրիկ իշխանը:

– Շատ հավանական է: Ուրեմն այսպես, եթե պարզվում է, որ ճանապարհորդը կարգին մարդ է, այն ժամանակ ստուգում են նրա հայտնագործությունը:

- Ինչպե՞ս են ստուգում: Գնում և նայո՞ւմ են...

– Չէ՛, ի՜նչ ես ասում: Դա շատ բարդ է: Ուղղակի պահանջում են, որ ճանապարհորդը ապացույցներ ներկայացնի: Օրինակ, եթե նա մեծ սար է հայտնագործել, թող այնտեղից մեծ-մեծ քարեր բերի:

Աշխարհագրագետը հանկարծ հուզվեց.

– Բայց չէ՞ որ դու էլ ես ճանապարհորդ: Հեռվից ես եկել: Պատմի՛ր ինձ քո մոլորակի մասին:

Եվ աշխարհագրագետը բաց արեց իր հաստափոր գիրքն ու մատիտը սրեց: Ճանապարհորդների պատմությունները նախ մատիտով են գրում և միայն հետո, երբ ճանապարհորդը ապացույցներ է բերում, կարելի է նրա պատմածը գրանցել թանաքով:

– Ես քեզ լսում եմ, – ասաց աշխարհագրագետը:

– Դե իմ մոլորակի վրա այնքան էլ հետաքրքիր բաներ չկան, – շշնջաց Փոքրիկ իշխանը: – Իմ մոլորակի վրա ամեն ինչ փոքր է: Երեք հրաբուխ կա:
Երկուսը գործում են, իսկ մեկը վաղուց հանգած է: Բայց դե ո՞վ գիտե, մեկ էլ տեսար...

– Այո՛, ամեն ինչ կարող է պատահել, – հաստատեց աշխարհագրագետը:

– Հետո ես մի ծաղիկ ունեմ:

– Ծաղիկները մենք չենք նշում:

– Ինչո՞ւ... չէ՞ որ ծաղիկը ամենագեղեցիկ բանն է:

– Որովհետև ծաղիկները վաղանցիկ են:

– Ի՞նչ է նշանակում վաղանցիկ:

– Աշխարհագրության գրքերը աշխարհում ամենաթանկ գրքերն են, – բացատրեց աշխարհագրագետը: – Նրանք երբեք չեն հնանում: Չէ՞ որ քիչ է պատահում, որ սարը տեղից շարժվի, կամ, ասենք, օվկիանոսը ցամաքի: Մենք գրում ենք հավերժական և անփոփոխ առարկաների մասին:

– Բայց հանգած հրաբուխը կարող է նորից արթնանալ, – ընդհատեց Փոքրիկ իշխանը: – Իսկ ի՞նչ է նշանակում վաղանցիկ:

– Հանգել է հրաբուխը, թե գործում է, մեզ՝ աշխարհագրագետներիս համար նշանակություն չունի, – ասաց աշխարհագրագետը: – Կարևորը սարն է: Սարը չի փոխվում:

– Իսկ ի՞նչ է նշանակում «վաղանցիկ», – հարցրեց Փոքրիկ իշխանը, որը երբ մի հարց էր տալիս, էլ չէր հանգստանում, մինչև պատասխանը չստանար:

– Այդ նշանակում է այն, ինչը շուտով պիտի անհետանա:

– Իմ ծաղի՞կն էլ շուտով պիտի անհետանա:

– Հասկանալի է:

«Իմ ուրախությունն ու գեղեցկությունը հավիտենական չեն, – ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը, – և նա ոչինչ չունի պաշտպանվելու համար, նրա ունեցածը չորս փուշ է: Իսկ ես նրան լքեցի ու նա մեն-մենակ մնաց իմ մոլորակի վրա»:

Դա առաջին անգամ էր, որ նա ափսոսաց լքված ծաղկի համար: Բայց անմիջապես արիացավ:

– Դուք ի՞նչ խորհուրդ կտաք ինձ, ո՞ւր կարելի է գնալ, – հարցրեց նա աշխարհագրագետին:

– Այցելիր Երկիր մոլորակը, նա բավական լավ համբավ ունի, – պատասխանեց աշխարհագրագետը:

Եվ Փոքրիկ իշխանը ճամփա ընկավ, բայց նրա մտքերը լքված ծաղկի հետ էին...

==XVI==

Եվ այսպես, յոթերորդ մոլորակը, որ նա այցելեց, Երկիրն էր:

Երկիրը հասարակ մոլորակ չէ: Երկրի վրա հարյուր տասնմեկ թագավոր կա (այդ թվում, հասկանալի է, նաև նեգրական թագավորներ), յոթ հազար աշխարհագրագետ, ինը հարյուր հազար գործարար մարդ, յոթուկես միլիոն հարբեցող, երեք հարյուր տասնմեկ միլիոն փառասեր, ընդամենը մոտ երկու միլիարդ մեծահասակ մարդ:

Որպեսզի կարողանամ ձեզ հասկացնել, թե ինչքան մեծ է Երկիրը, ասեմ, որ քանի դեռ էլեկտրականությունը չէին հայտնաբերել, բոլոր վեց աշխարհամասերի վրա ստիպված լապտեր վառողների մի ամբողջ բանակ էին պահում՝ չորս հարյուր վաթսուներկու հազար հինգ հարյուր տասնմեկ մարդ: Եթե մարդ կարողանար հեռվից նայել, մի սքանչելի տեսարան կլիներ:

Այդ բանակի շարժումը ենթարկվում էր ճշգրիտ կարգի, ինչպես բալետում:

Նախ՝ հանդես էին գալիս Նոր Զելանդիայի և Ավստրալիայի լապտերավառները: Իրենց լապտերները վառելով՝ նրանք գնում էին քնելու: Նրանցից հետո գալիս էր Չինաստանի լապտերավառների հերթը: Իրենց պարը կատարելով՝ նրանք էլ էին կորչում վարագույրների հետևում: Հետո գալիս էր Ռուսաստանի և Հնդկաստանի լապտերավառների հերթը, ապա՝ Աֆրիկայի և Եվրոպայի: Սրանցից հետո հանդես էին գալիս Հյուսիսային Ամերիկայի լապտերավառները: Եվ նրանք երբեք չէին սխալվում: Ոչ ոք ուշացած չէր բարձրանում բեմ: Այո՛, դա հրաշալի էր:

Միայն այն լապտերավառը, որը պիտի վառեր հյուսիսային բևեռի միակ լապտերը, և հետո նրա բախտակիցը հարավային բևեռում, միայն նրանք էին կարողանում հեշտ ու հանգիստ ապրել: Նրանք իրենց գործով զբաղվում էին տարին երկու անգամ միայն:

==XVII==

Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի: Լապտերավառների մասին պատմելիս ես ճշմարտության դեմ մի փոքր մեղանչեցի: Վախենում եմ՝ ովքեր վատ գիտեն մեր մոլորակը, կարող են նրա մասին սխալ կարծիք կազմել: Մարդիկ երկրագնդի վրա այնքան էլ շատ տեղ չեն գրավում: Եթե նրա երկու միլիարդ բնակիչները հավաքվեն մի տեղ, ինչպես միտինգների ժամանակ, ապա նրանք հեշտությամբ կտեղավորվեին քսան մղոն երկարություն և քսան մղոն լայնություն ունեցող մի տարածության վրա: Ամբողջ մարդկությանը կարելի է կուտակել Խաղաղ օվկիանոսի ամենափոքրիկ մի կղզու վրա:

Մեծահասակները, իհարկե, ձեզ չեն հավատա: Նրանք երևակայում են, թե շատ տեղ են գրավում: Նրանք իրենց աչքում բաոբաբի նման խոշոր ու մեծասքանչ են երևում: Իսկ դուք խորհուրդ տվեք, որ ճիշտ հաշվեն: Դա նրանց դուր կգա, չէ՞ որ նրանք պաշտում են թվերը: Դե, դուք այդ թվաբանության վրա ժամանակ չեք կորցնի: Դուք առանց այդ էլ հավատում եք ինձ:

Այսպես ուրեմն, երկրագնդի վրա ընկնելով՝ Փոքրիկ իշխանը ոչ մի մարդ չտեսավ, և դա նրան շատ զարմացրեց: Նա նույնիսկ մտածեց, թե սխալմամբ թռել է մի ուրիշ մոլորակի վրա: Բայց հենց այդ ժամանակ ավազի վրա լուսնի ճառագայթի նման մի օղակ շարժվեց:

– Բարի երեկո, – համենայն դեպս ասաց Փոքրիկ իշխանը:

– Բարի երեկ, – ասաց օձը:

– Այս ի՞նչ մոլորակ եմ ես ընկել:

– Երկրագունդն է, – ասաց օձը: – Դու Աֆրիկայում ես:

– Այ թե ի՜նչ: Իսկ ի՛նչ է, երկրագնդի վրա մարդիկ չկա՞ն:

– Սա անապատ է: Անապատներում ոչ ոք չի ապրում: Բայց երկրագունդը մեծ է:

Փոքրիկ իշխանը նստեց մի քարի վրա և հայացքը գցեց երկնքին:

– Կուզեի իմանալ, թե աստղերն ինչու են փայլում, – մտածկոտ ասաց նա: – Այդ երևի նրա համար է, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղը գտնի:
Նայիր, ահա, իմ մոլորակը ուղիղ իմ գլխի վրա է, բայց ինչքա՜ն հեռու է այստեղից:

– Գեղեցիկ մոլորակ է, – ասաց օձը: – Իսկ դու ի՞նչ պիտի անես այստեղ՝ երկրագնդի վրա:

– Ես խռովել եմ իմ ծաղկից, – խոստովանեց Փոքրիկ իշխանը:

– Այ թե ի՜նչ...

Եվ երկուսն էլ լռեցին:

– Իսկ որտե՞ղ են մարդիկ, – վերջապես խոսեց Փոքրիկ իշխանը: – Անապատում, այնուամենայնիվ, մարդ մենակ է զգում իրեն:

– Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն, – նկատեց օձը:

Փոքրիկ իշխանը ուշադիր նայեց նրան:

– Տարօրինակ արարած ես դու, – ասաց նա: – Մատիս հաստությունը հազիվ ունենաս:

– Բայց իմ մեջ ավելի շատ հզորություն կա, քան նույնիսկ թագավորի մատի մեջ, – առարկեց օձը:

Փոքրիկ իշխանը ժպտաց:

– Մի՞թե դու այդքան հզոր ես: Դու նույնիսկ թաթեր չունես: Դու նույնիսկ ճանապարհորդել չես կարող...

– Քեզ ուզածդ նավից ավելի հեռուն կարող եմ տանել ես, – ասաց օձը:

Եվ ոսկե ապարանջանի նման փաթաթվեց Փոքրիկ իշխանի ոտքի կոճիկին:

– Ում որ ես դիպչեմ, կվերադարձնեմ այն հողին, որից որ նա ծնվել է, – ասաց օձը: – Բայց դու մաքուր ես, անբասիր, աստղերից ես իջել...

Փոքրիկ իշխանը չպատասխանեց:

– Ես քեզ խղճում եմ, – շարունակեց օձը: – Դու այս գրանիտի նման չոր ու կոպիտ երկրի համար շատ ես թույլ: Այն օրը, երբ դու դառնորեն զղջաս քո մոլորակը թողնելու համար, ես քեզ կարող եմ օգնել: Ես կարող եմ...

– Ես քեզ շատ լավ հասկացա, – ասաց Փոքրիկ իշխանը: – Բայց դու ինչո՞ւ ես միշտ հանելուկներով խոսում:

– Ես լուծում եմ բոլոր հանելուկները:

Եվ երկուսն էլ լռեցին:
16
edits