Changes
/* Օպրիչնիկի օրը */
― Գլուխ կհանենք, Բատյա, ― ի պատասխան գլխով եմ անում ես։
Կրեմլյան համերգային դահլիճը ինձ մոտ միշտ էլ հիացմունք է առաջացրել։ Եվ այն ժամանակ, երբ քսանվեց տարի առաջ հանգուցյալ ծնողներիս հետ առաջին անգամ ներկա եղա «Կարապի Լիճը» ներկայացմանը, ուր ընդմիջման ժամանակ ուտում էի կարմիր խավիարով բլիթներ, բուֆետից հորս մոբիլայով զանգում ընկերոջս՝ Պաշկային, երբ գնացել էի ընդարձակ զուգարան, երբ նայում էի հանելուկային պարուհիների ձյունափայլ հագուստներին, այնպես էլ հիմա, երբ իմ քունքերին արդեն դիպել է առաջին ձյունը։
Գերազանց դահլիճ է։ Այնտեղ ամեն ինչ շատ հանդիսավոր է, ամեն ինչ նախատեսված պետական տոների համար։ Այդպես է։ Մի բան է միայն վատ՝ միշտ չի, որ այդ հզոր բեմի վրա ճիշտ գործեր են կատարվում։ Խռովարարությունը և այստեղ է թափանցում։ Հենց դրա համար էլ մենք կանք, որպեսզի կարգ ու կանոն հաստատենք և անթույլատրելին արգելենք։
Նստած ենք դատարկ դահլիճում։ Ինձանից աջ՝ բեմադրողն է։ Ձախից՝ Գաղտնի Հրամանի նայողը։ Առջևս՝ իշխան Սոբակինը Ներքին Շրջանից։ Ետևից՝ մի սեղանապետ Մշակույթի Պալատից։
Լուրջ, պետական մարդիկ են։ Նախապես դիտում ենք տոնական համերգը։ Հզոր է սկվում այն, բարձրահունչ․ Տիրոջ մասին երգը ցնցում է կիսամութ դահլիճը։ Լավ է երգում Կրեմլայն երգչախումբը։ Մեզ մոտ, Ռուսում, կարողանում են երգել։ Հատկապես, երբ երգը հոգուց է բխում։
Վերջանում է երգը, խոնարհվում են գունազարդ շապիկներով տղաները, խոնարհվում են սառաֆաններով ու տոնական զարդարված գլուխներով աղջիկները։ Խոնարհվում են ցորենի հասկերը, փայլում են գունազարդ ծիածանի նման, խոնարհվում են ուռենիները հանդարտ գետի վրա։ Բնական արևն է շողում, նույնիսկ կուրացնում է աչքերը։ Հավանություն եմ տալիս։ Մյուսներն էլ են հավանում։ Գոհ է երկարամազ բեմադրողը։
Հաջորդ երգը՝ Ռուսաստանի մասին է։ Այստեղ էլ հարցեր չեն առաջանում։ Ամուր գործ է, փորձված։ Հետո՝ պատմական բեմադրություն․ Իվան III֊ի ժամանակներն են։ Բարդ, ճակատագրական։ Լուրջ պայքար է ընթանում երիտասարդ, դեռ չամրացած Ռուսական պետության միասնության համար, որը նոր էր ոտքի կանգնել։ Բեմում որոտում է ամպրոպը, կայծակներ են փայլում։ Ներխուժում են Իվանի զորքերը, միտրոպոլիտը<ref>Ուղղափառ եկեղեցու հիերարխիայում երկրորդ անձը արքեպիսկոպոսից հետո։</ref> կրակ արտացոլող խաչն է բարձրացնում, նվաճում են անհնազանդ Նովգորոդը, որը խոչընդոտում էր Ռուսաստանի միասնությանը, բայց մեծն իշխան Իվան Վասիլևիչը գթաբար դիպչում է սրով մեղավոր գլուխներին․
― Ես ձեր թշնամին, հակառակորդը չեմ։ Ես ձեր փրկիչն եմ, հայրն ու պաշտպանը։ Ձեր՝ և ողջ Ռուսաստանի։
Զանգում են զանգերը։ Ծիածանն է փայլում Նովգորոդի և ողջ Ռուսաստանի վրա։ Երգում են երկնային թռչունները։ Խոնարհվում են նովոգորոդցիները, լաց լինում ուրախությունից։
Ամեն ինչ լավ է։ Միայն պետք է ավելի թիկնեղ զինվորներ ընտրել և ավելի խոշոր ու ազդեցիկ տեսքով միտրոպոլիտ։ Ետին պլանը այնքան էլ հաջող չէ։ Եվ թռչունները շատ ցածր են թռչում, ուշադրությունը շեղում։ Բեմադրիչը համաձայնվում է ցանկություններիս հետ, նշումներ անում ծոցատետրում։
Հաջորդ համարը՝ ― ոչ վաղ անցայլի խառը, տխուր ժամանակների մասին է։ Մոսկվայի երեք կայարանների հրապարակն է, անիծյալ Սպիտակ հուզումների ժամանակաշրջանը։ Կանգնած են հասարակ մարդիկ, որոնց իրենց տներից փողոց է քշել մի կտոր հացի համար փող վաստակելու անհրաժեշտությունը, որը նրանց ձեռքից խլել են հանցավոր կառավարիչները։ Նրանք առևտուր են անում ինչով պատահի։ Իմ մանկական հիշողությունում մնացել են այն ժամանակները։ Հիշում եմ Սպիտակ Թարախի ժամանակները, այն ժամանակները, որոնք թունավորեցին մեր ռուսական Արջին․․․ Կանգնած են հրապարակում ռուսները թեյամաններ, թավաներ, բլուզներ ու օճառ֊շամպուն ձեռքներին։ Կանգնած են փախստականները, կրակից փրկվածները, որոնց վիշտն է բերել լցրել Մոսկվա։ Կանգնած են ծերունիները, պատերազմի հաշմանդամները և աշխատանքային հերոսները։ Դառնություն էր առաջացնում այդ ամբոխի տեսքը։ Ամպամած, թաց երկինքը նրանց գլխավեևում։ Տխուր երաժշտություն է հնչում նվագախմբի փոսից։ Եվ կարծես հույսի թույլ ճառագայթը փոխում է մռայլ պատկերը, հույսն է հայտնվում բեմի կենտրոնում․ երեք անտուն, աշխարհից անտեսված երեխա։ Երկու աղջիկ պատառոտված շորերով և մի մրոտ տղա պլյուշե արջուկով։ Անհամարձակ կենդանանում է հույսի ֆլեյտան, հնչում արթնանում է, իր բարակ ձայնով դեպի վեր ուղղվում։ Մռայլ հրապարակի վրա տարածվում է հուզիչ մանկական երգը։
Հիասքանչ հեռվից լսում եմ մի ձայն
Արծաթյա ցողով առավոտյան ձայն
Լսում եմ ձայն և կանչող ճանապարհը
Պտտեցնում է գլուխս ինչպես կարուսելը։
Հիասքանչ հեռու, մի եղիր դաժան,
Իմ հանդեպ դաժան մի եղիր, մի եղիր դաժան,
Մաքուր ակունքից հիասքանչ հեռուն,
Սկսում եմ ճանապարհս դեպի հիասքանչ հեռուն։
Հիասքանչ հեռվից մի ձայն եմ լսում
Կանչում է նա ինձ հիասքանչ վայրեր։
Ձայնը հարցնում է ինձ․
Այսօր ես ի՞նչ եմ արել վաղվա համար։
Հիասքանչ հեռու, մի եղիր դաժան ինձ հետ,
Մի եղիր դաժան ինձ հետ, դաժան մի եղիր,
Մաքուր ակունքից դեպի հիասքանչ հեռուն
Սկսում եմ ճանապարհս դեպի հիասքանչ հեռուն․․․
Աչքերս արցունքոտվում են։ Դա ինձ մոտ իհարկե խումհարից է։ Բայց հաղթանդամ իշխան Սոբակինն էլ շատ բնականորեն է քթով սվսվացնում։ Նա մեծ ընտանիք ունի, շատ թոռներ։ Գաղտնի հրամանից ամրակազմը նստած է արձանի պես։ Հասկանալի է՝ նրա նյարդերը երկաթից են, ամեն ինչի պատրաստ են։ Հաստլիկ սեղանապետն էլ մի տեսակ ուսերն է շարժում, երևի նույնպես արցունքների հետ է պայքարում։ Փորձված մարդկանց՝ երգը հուզեց։ Դա հաճելի է․․․
Տերը արթնացրեց մեր մեջ ոչ միայն հպարտություն երկրի համար, այլ նաև կարեկցանք նրա ծանր անցյալի հանդեպ։ Կանգնած են երեք ռուս երեխա, դեպի մեզ են մեկնում ձեռքերն անցյալից, նվաստացած և վիրավորված երկրից։ Եվ մենք ոչինչ չենք կարող անել նրանց օգնելու համար։
Հավանություն ենք տալիս։
Հետո՝ Այսօրվա Օրը։ Առատություն, լիություն։ Մոիսեեվի անվան խումբը պարում է ողջ Ռուսաստանի ժողովուրդների պարերը։ Ե՛վ թաթարական հանդարտ պար, և՛ անդադար պտույտներով կազակների սրերով պարը, և՛ տամբովյան կադրիլ տալյանկայի հնչյունների տակ՝ նիժեգորոդյան սուլիչներով֊չխչխկան գործիքներով պար, և չեչենական՝ բացակչություններով շուրջպար, և՛ յակուտական պար դափով, և չուկոտկայի մորթիներ, և կարյակական եղջերուներ, և կալմիկական ոչխարներ, և եվրոպական սերտուկներ և․․․ արագ ու կյանքով լի ռուսական, բոլորին միացնող ու հաշտեցնող պարեր մինչև ուժասպառ լինելը։
Հարցեր չունենք լեգենդար խմբին։
Եվ էլի երկու համար․ «Թռչող բալալայկաներ» և «Ժամադրության շտապող աղջիկը»։ Դա արդեն կլասիկա է՝ ամեն ինչ հղկված է, ստուգված, փորձված։ Համարներ չեն, նմուշներ։ Նայում ես՝ կարծես սառցե բլրից ներքև գլորվում։ Նայողը ծափահարում է։ Մենք էլ ենք ծափահարում։ Ապրե՛ն Տիրոջ դերասանները։
<references />