Changes
Խաղամոլը
,/* Չորրորդ գլուխ */
== Չորրորդ գլուխ ==
Այսոր ծիծաղելի, տգեղ, անմիտ որ եր։ Հիմա գիշերվա ժամը տասն մեկն ե։ Յես նստած եմ իմ խղճուկ սենյակում ե վերհիշում եմ։ Սկսվեց նրանով, վոր առավոտյան յես այնուամենայնիվ ստիպված եյի գնալ ռուլեթ խաղալու Պոլինա Ալեքսանդրովնայի համար։ Յես վերցրի նրա հարյուր վաթսուն ֆրիդրիխսդորը, բայց յերկու պայմանով, առաջինը՝ վոր յես կիսու խաղալ չեմ կամենում, այսինքն, յեթե տանելու լինեմ, վոչինչ չեմ վերցնի, և երկրորդը՝ վոր յերեկոյան Պոլինան ինձ կբացատրի, թե ինչի՞ համար ե անհրաժեշտ նրան տանելը և ինչքան փող։ Յես վոչ մի կերպ չեմ կարողանում յենթադրել, վոր դա պարզապես փողի համար ե։ Այստեղ ըստ յերևույթին փողն անհրաժեշտ ե և ըստ կարելվույն շուտափույթ, ինչ-վոր ուրույն նպատակի համար։ Նա խոստացավ բացատրել և յես գնացի։ Խաղասրահներում սարսափելի ամբոխ կար։ Ի՜նչ լկտի յեն նրանք և ի՜նչ ագահ։ Յես ներս խցկվեցի մեջտեղը և կանգնեցի հենց կրուպյորի մոտ։ Ապա յերկչոտ կերպով սկսեցի փորձել խաղը յերկուական և յերեքական դրամանիշ դնելով։ Միևնույն ժամանակ յես դիտում ու նկատում եյի. ինձ թվաց, վոր իսկապես հաշիվը քիչ նշանակություն ունի և բնավ չունի այն կարևորությունը, վոր նրան վերագրում են շատ խաղացողներ։ Նրանք նստում են խազած թղթերով, վորոնց վրա նիշում են հարվածները, հաշվում են, դուրս բերում շանսերը, կշռադատում են, վերջապես վեր են գալիս և տանուլ տալիս ճիշտ այնպես, ինչպես և մենք, հասարակ մահկանացուներս, վոր առանց կշռադատության ենք խաղում։ Բայց յես մի յեզրակացություն արի, վոր կարծեմ ճիշտ ե. իրոք, պատահական շանսերի ընթացքում լինում ե, թեև վոչ սիստեմ, բայց կարծես ինչ-վոր կարգ, վոր, իհարկե, շաա տարորինակ բան ե։ Որինակ, պատահում ե, վոր տասներկու միջին թվերից հետո տասներկու վերջիններն են դուրս դալիս. դիցուկ, յերկու անգամ զարկը այս տասներկու վերջիններից ե բերում և անցնում առաջին տասներկուսին։ Տասներկու առաջինների վրա ընկնելով, դարձյալ տասներկու միջիններին ե անցնում, յերեք անգամ իրար վրա դուրս ե գալիս, չորս անգամ միջիններից և դարձյալ տասներկու վերջիններին անցնում, վորտեղ նորից յերկու անգամից հետո անցնում ե առաջիններին․ առաջիններիg դարձյալ մեկ անգամ ե դուրս գալիս և դարձյալ անցնում ե յերեք միջիններին և այդպես շարունակվում ե մեկ և կես կամ յերկու ժամ։ Մեկ, յերեք և յերկու. մեկ, յերեք և յերկու։ Դա շատ զվարճալի յե։ Յերբեմն վողջ որը, կամ վողջ առավոտը այնպես ե լինում, վոր կարմիրն ու սևը փոխանակվում են և հակառակը, գրեթե առանց վորևե կարգի, այնպես վոր յերկու-յերեք անգամից ավել իրար վրա կարմրի կամ սևի վրա կանգ չի առնում։ Հետևյալ որը կամ հետևյալ յերեկոյան իրար վրա մենակ կարմիրն ե դուրս գալիս, հասնում ե, որինակ, իրար վրա մինչև քսաներկու անգամի և այդպես ընթանում ե անընդհատ վորոշ ժամանակի ընթացքում, որինակ, մի ամբողջ որ։ Ինձ շատ բան բացատրեց միստեր Աստլեյը, վոր մի ամբողջ առավոտ կանգնեց խաղասեղանների մոտ, բայց ինքը վոչ մի անգամ վեր չեկավ։ Գալով ինձ, յես տանուլ տվի մինչև վերջին գրոշը, այն ել շատ արագ։ Յես ուղղակի մի անգամից տասներկու ֆրիդրիխսդոր դրի զույգի վրա և տարա, ելի վեր եկա և ելի տարա և այդպես ելի յերկու թե յերեք անգամ։ Մի հինգ րոպեյում, իմ ձեռքն ընկավ, յերևի, մոտ չորս հարյուր ֆրիդրիխսդոր։ Ահա թե յերբ եր պետք հեռանալ, բայց մեջս ծագել եր ինչ-վոր տարորինակ զգացողություն, ինչ-վոր մարտակոչ ճակատագրին, ինչ-վոր ցանկություն ռխին ծեփել, լեզու ցույց տալ նրան։ Յես վեր յեկա ամենամեծ գումարը, վոր թույլատրված ե, չորս հազար գուլդեն և տանուլ տվի։ Ապա՝ տաքանալով, հանեցի, ինչ-վոր մնացել եր մոտս, նույն տեղը վեր յեկա և դարձյալ տանուլ տվի. դրանից հետո հեռացա սեղանից՝ խլացածի պես։ Յես նույնիսկ չեյի հասկանում, թե ինչ ե կատարվում մեջս և իմ տանուլ տալու, մասին հաղորդեցի Պոլինա Ալեքսանդրովնային միայն ճաշից առաջ։ Մինչև այդ յես թրև եյի գալիս պուրակում։
Ճաշին ես դարձյալ գրգռված կացության մեջ եյի, այնպես, ինչպես յերեք որ առաջ։ Ֆրանսիացին և m-lle Blanche-ը դարձյալ մեզ հետ եյին ճաշում։ Բանից դուրս յեկավ, վոր m-lle Blanche-ը առավոտյան յեղել ե խաղասրահներում և տեսել իմ սխրագործությունները։ Այս անգամ նա հետս մի տեսակ ավելի ուշադիր խոսք բաց արեց։ Ֆրանսիացին ավելի շիտակ վարվեց և ուղղակի հարցրեց ինձնից՝ ― մի՞թե յես իմ սեփական փողերն եմ տանուլ տվել։ Ինձ թվում ե՝ նա Պոլինայի նկատմամբ կասկած ունի։ Մի խոսքով այստեղ ինչ-վոր բան կա։ Յես իսկույն ստեցի և ասացի, վոր իմ սեփականն ե։
Գեներալը սաստիկ զարմացած եր՝ վորտեղի՞ց եյի կարողացել յես այդքան փող գտնել։ Յես բացատրեցի, վոր սկսեցի տասը ֆրիդրիխսդորից, վոր վեց-յոթ հարված իրար վրա ինձ հինգ-վեց հազար գուլդեն բերեց և ապա յերկու հարվածով յես ամբողջը տանուլ տվի։
Այս ամենն, իհարկե, հնարավոր եր։ Բացատրելով այդ, յես նայեցի Պոլինայի վրա, բայց նրա դեմքից բան չկարողացա հասկանալ։ Այնուհանդերձ նա ինձ ստելու հնարավորություն տվեց և չուղղեց ինձ․ դրանից յես հետևցրի, վոր յես հենց պետք ե ստեյի և ծածկեյի, վոր նրա համար եմ խաղացել։ Համենայն դեպս, մտածում եյի մտքումս, նա պիտի բացատրվի հետս և քիչ առաջ խոստացել ե ինչ֊վոր բան բանալ իմ առջև։
Յես կարծում եյի, վոր գեներալն ինձ վորևե նկատողություն կանի, բայց նա լռությամբ անցավ. բայց յես նրա դեմքի վրա հուզմունք և անհանգստություն նկատեցի։ Գուցե, նրա ձեռքը պակաս պահին, նրան ծանր ե յեկել ունկնդրել, թե վոսկու այդպիսի մի պատկառելի կույտ քառորդ ժամի ընթացքում յեկել ու գնացել ե այնպիսի մի անհաշիվ հիմարի ձեռքից, ինչպիսին եմ յես։
Յես կասկածում եմ, վոր յերեկ յերեկոյան գեներալի և ֆրանսիացու միջև սաստիկ հակառակություն ե առաջ յեկել։ Նրանք յերկար և տաք-տաք խոսում եյին տաք սենյակում։ Ֆրանսիացին հեռացավ կարծես թե ինչ֊վոր բանից գրգռված, իսկ այսոր, վաղ առավոտյան, յեկել եր գեներալի մոտ և յերևի յերեկվա խոսակցությունը շարունակելու համար։
Լսելով իմ տանուլ տված գումարի մասին, ֆրանսիացին կձու և անգամ չարամիտ նկատեց, թե պետք եր ավելի խոհեմ լինել։ Չգիտեմ թե ինչու նա ավելացրեց, վոր թեև շատ ռուսներ են խաղում, բայց նրա կարծիքով, ռուսներն անընդունակ են նույնիսկ խաղալու։― Իսկ իմ կարծիքով ռուլեթը հենց ռուսների համար ել ստեղծված ե,― ասացի յես և յերբ վոր ֆրանսիացին արհամարհական քմծիծաղ տվեց իմ կարծիքի առիթով, յես նկատեցի նրան, վոր, իհարկե, ճշմարտությունն իմ կողմն ե, վորովհետև խոսելով ռուսների մասին, վորպես խաղամոլների, յես ավելի պախարակում եմ նրանց, քան գովում և հետևապես կարելի յե ինձ հավատ ընծայել։
— Ինչո՞վ եք հիմնավորում դուք ձեր կարծիքը,― հարցրեց ֆրանսիացին։
— Նրանով, վոր արևմտացի քաղաքակիրթ մարդու առաքինությունների և առավելությունների կաթեխիզիսի մեջ պատմականորեն մտել ե և, գրեթե իբրև ամենագլխավոր կետ, կապիտալներ ձեռք բերելու ընդունակությունը։ Իսկ ռուսը վոչ միայն կապիտալներ ձեռք բերելու ընդունակ չե, այլև շռայլում ե մի տեսակ անպետք և այլանդակ կերպով։ Այնուհանդերձ մեզ, ռուսներիս, փողը նույնպես պետքական ե,― ավելացրի յես,― ուստի և մենք շատ ուրախ և շատ հակամիտ ենք այնպիսի միջոցների, ինչպես, որինակ, ռուլեթը, վորով կարելի յե հանկարծակի հարստանալ, յերկու ժամվա ընթացքում, առանց աշխատելու։ Դա մեզ դյութում ե. իսկ վորովհետև մեր խաղն ել ե անպիտան, առանց աշխատանքի, ուստի և տանուլ ենք տալիս։
— Դա մասամբ արդարացի յե,― նկատեց ինքնահավան ֆրանսիացին։
— Վոչ, դա անարդարացի յե և ամոթ ձեզ համար, վոր այդպես եք արտահայտվում ձեր հայրենիքի մասին,― խիստ և ազդու նկատեց գեներալը։
— Ներողությո՜ւն,― պատասխանեցի յես նրան,― չե՞ վոր, դեռ անհայտ ե, թե ինչն ե ավելի վատ՝ ռուսի այլանդակությունը, թե ազնիվ աշխատանքով կուտակելու գերմանական միջոցը։
— Ի՜նչ այլանդակ միտք,— բացականչեց գեներալը։
― Ի՜նչ ռուսական միտք,― բացականչեց ֆրանսիացին։
Յես ծիծաղում եյի, շատ եյի ուզում նրանց չարացնել։
― Իսկ յես կկամենայի վողջ կյանքս ղրղիզի վրանում քոչվորի կյանք անց կացնել,― գոռացի յես, քան թե յերկրպագել գերմանական կուռքին։
—— Ի՞նչ կուռքի,— գոչեց գեներալը, վոր սկսել եր լուրջ տաքանալ։
— Հարստություն կուտակելու գերմանական միջոցին։ Յես յերկար ժամանակ չե ինչ այստեղ եմ, այնուամենայնիվ այն, ինչ յես դիտել և ստուգել կարողացա ― վրդովում ե իմ թաթարական ցեղը։ Աստված վկա, այդպիսի առաքինություններ յես չեմ կամենում։ Յես այստեղ արդեն յերեկ մի տասը վերստ շրջեցի։ Իսկ և իսկ նույնը, ինչ վոր գերմանական բարոյախոսական պատկերազարդ գրքույկներում՝ այստեղ ամենուրեք, յուրաքանչյուր տանը ֆատեր կա, սարսափելի առաքինի և անորինակ ազնիվ։ Այնքան ազնիվ, վոր երկյուղալի յե նրան մոտենալը։ Տանել չեմ կարող ազնիվ մարդկանց, վորոնց մոտենալը յերկյուղալի յե։ Յուրաքանչյուր այդպիսի ֆատեր ունի ընտանիք և յերեկոները նրանք բարձր ձայնով խրատական գրքեր են կարդում։ Տնակի վերև ծփենի և շագանակի ծառեր են սոսափում։ Վերջալույս, կտրանը՝ արագիլ և ամեն ինչ անսովոր բանաստեղծական ու սրտառուչ ե․․․
— Մի՛ք բարկանա, գեներալ, ելի՛, թույլ տվեք, վոր յես ըստ կարելվույն սրտառուչ պատմեմ։ Յես ինքս հիշում եմ, թե ինչպես հայրս, հանգուցյալը, նույնպես լորիների տակ, տան առջևի պարտիզում, յերեկոները, բարձր ձայնով կարդում եր ինձ և մորս՝ նման գրքեր․․․ Ուստի յես ինքս կարող եմ այդ մասին դատել, ինչպես հարկն ե։ Ահա, ամեն մի նման ընտանիք այստեղ կատարյալ ստրկության և հնազանդության մեջ ե ֆատերի նկատմամբ, բոլորն աշխատում են գոմեշների պես, և բոլորը փող են դիզում, ջհուդների պես։ Դիցուք թե ֆատերը հետ ե գցել արդեն այսքան թե այնքան գուլդեն և հույս ե դրել մեծ վորդու վրա, վոր նրան ժառանգություն թողնի արհեստ կամ հող. դրա համար աղջկան ոժիտ չեն տալիս և աղջիկը աղջիկ ել մնում ե։ Դրա համար ևս կրտսեր վորդուն պարտքի տակ են գցում կամ զինվոր տալիս և փողն ավելացնում տան կապիտալի վրա։ Ճիշտ եմ ասում, այստեղ այդ արվում ե. յես հարց ու փորձ եմ արել։ Այդ ամենը կատարվում ե վոչ այլապես, քան յեթե ազնվությունից դրդված, սաստիկ ազնվությունից, մինչ այն աստիճան, վոր վաճառված կրտսեր վորդին հավատում ե, վոր նրան ուրիշ դրդումից չե, այլ միայն ազնվությունից են վաճառել,— իսկ դա արդեն իդեալ ե, յերբ վոր ինքը՝ զոհը ուրախանում ե, վոր իրեն տանում են մորթելու։ Հետո՞ ինչ։ Հետո այն, վոր մեծի վիճակն ել չի թեթևանում։ Ասենք՝ նա ինչ֊վոր Ամալխեն ունի, վորի հետ նա միացել ե սրտով,― բայց ամուսնանալ չի լինի, վորովհետև դեռ ևս պահանջվածին չափ գուլդեն չի հավաքված։ Նմանապես սրանք ել հեզահամբյուր և սրտաբաց սպասում են և ժպտադեմ գնում մորթվելու։ Ամալխենի թշերը ներս են ընկել, նա չորանում ե, վերջապես մի քսան տարուց հետո կարողությունը բազմապատկվում ե. գուլդենները ազնիվ և առաքինի կերպով հավաքված են, ֆատերը որհնում ե քառասնամյա մեծին և յերեսնհինգամյա Ամալխենին, ցամաքած կրծքանի և կարմիր քթանի․․․ Միաժամանակ ֆատերը լալիս, խրատում և մահանում ե։ Մեծը ինքն արդեն առաքինի ֆատեր ե դառնում և դարձյալ վերսկսվում ե նույն պատմությունը։ Մոտավորապես մի հիսուն կամ յոթանասուն տարուց հետո առաջին ֆատերի թոռը իրոք արդեն խոշոր կապիտալի տեր ե դառնում և ժառանդություն թողնում իր վորդուն, սա իրենին, նա ― նրանին, մեկել ― իրենին և վերջինը մի հինգ կամ վեց տարուց հետո դառնում ե նույն ինքը պարոն Ռոդշիլդ կամ Հոպպե և Ընկ. կամ սատանան գիտե թե ե՛լ ով։ Ապա, սա հոյակապ տեսարան չե՞․ հարյուրամյա կամ յերկհարյուրամյա հաջորդական աշխատա՜նք, համբերա՜նք, խե՜լք, ազնվությո՜ւն, նկարագի՜ր, տոկունությո՜ւն, հաշի՜վ, կտրան վրա՝ արագի՜լ։ Ել ինչ եք ուզում, դրանից վեր հո բան չկա՛, և այդ տեսակետից ել նրանք դատում են արար աշխարհը և մեղավորներին, այսինքն՝ մի քիչ իրենց չնմանվողներին իսկույն մահվան դատապարտում։ Ահա թե բանն ինչ ե՝ յես գերադասում եմ ռուսավարի ղալմաղալ անել կամ հարստանալ ռուլեթի միջոցով։ Չե՛մ ուզում յես Հոպպե և Ընկ. դառնալ հինգ սերնդից հետո։ Փողն ինձ պետք ե ի՛նձ համար, իսկ յես ինձ լիովին չեմ համարում կապիտալին ինչ-վոր անհրաժեշտ բան և կապիտալի կցորդ։ Յես գիտեմ, վոր սարսափելի սխալներ արի, բայց թող այդպես լինի։ Այդ ե իմ համոզմունքը։
— Չգիտեմ շա՞տ ճշմարտություն կա արդյոք ձեր ասածների մեջ,― մտազբաղ նկատեց գեներալը,― բայց հաստատ գիտեմ, վոր դուք սկսում եք անտանելի սնապարծ դառնալ, հենց վոր ձեզ թույլ են տալիս մազաչափ մոռացվել․․․
Նա, ըստ իր սովորության, չավարտեց իր խոսքը։ Յերբ վոր մեր գեներալն սկսում եր մի բանից խոսել, առորյա խոսակցությունից գեթ մազաչափ ավելի նշանակալից բանից, ապա յերբեք իր խոսքը չեր ավարտում։ Ֆրանսիացին անփույթ լսում եր, մի քիչ աչքերը պլշած։ Նա իմ ասածից գրեթե բան չհասկացավ։ Պոլինան նայում եր ինչ֊վոր գոռոզ անտարբերությամբ։ Թվում եր, թե նա վոչ միայն իմ, այլ սեղանի շուրջը տեղի ունեցած խոսակցություններից և վոչ մի խոսք չեր լսում։
== Հինգերորդ գլուխ ==