Changes

Խաղամոլը

Ավելացվել է 37 487 բայտ, 19:24, 2 Փետրվարի 2015
/* Տասներկույերորդ գլուխ */
== Տասներկույերորդ գլուխ ==
 
Տատը անհամբեր և գրգռված եր։ Յերևում եր, վոր ռուլեթն ամուր նստել եր նրա գլխում։ Այդ ամենի հետ՝ նա անուշադիր և ընդհանրապես ծայր աստիճան ցրված եր։ Ճանապարհին, որինակ, վոչ մի բան չհարցրեց, առաջվա պես։ Տեսնելով մի շատ հարուստ կառք, վոր քամու պես թռավ մեր կողքով, նա ձեռքը բարձրացրեց և հարցրեց՝ սա ի՞նչ ե,― ո՞ւմն ե,― բայց, կարծեմ, իմ պատասխանը չլսեց ել․ նրա մտազբաղությունը շարունակ ընդհատվում եր կտրուկ և անհամբեր շարժուձևերով ու վարմունքներով։ Յերբ վոր յես նրան հեռվից ցույց տվի, արդեն վոկսալին մոտենալով, բարոն և բարոնուհի Վուրմելհելմերին, նա ցրված նայեց, միանգամայն անտարբեր ասաց՝ «ա՜» և արագ դառնալով Պոտապիչին և Մարֆային, վոր քայլում եյին հետևից, կտրեց՝― դե՛, դո՞ւք ինչ եք պոչիցս կպել։ Ամեն անգամ հո հետս չե՞մ տանելու ձեզ։ Գնացեք տուն։ Դու ել հերիք ես,― ավելացրեց նա դառնալով ինձ, յերբ վոր նրանք արագ-արագ գլուխ տվին և վերադարձան տուն։
 
Վոկսալում տատին արդեն սպասում եյին։ Իսկույն ևեթ նույն տեղը բաց արին նրա համար, կրուպյորի կողքին։ Ինձ թվում ե՝ այդ կրուպյորները, միշտ այնքան պատշաճ և սովորական աստիճանավոր ներկայացնող, վորոնց համար գրեթե միանգամայն միևնույնն ե, կտանի բանկը, թե տանուլ կտա,― բնավ անտարբեր չեն բանկի տանուլ տալու դեպքում և, իհարկե, շատից-քչից հրահանգներ կունենան խաղացողներ գրավելու և արքունի շահերն առավելապես պաշտպանելու համար — մի բան, վորի համար նրանք անշուշտ պրիզներ և պրեմիաներ են ստանում։ Գոնե տատի վրա նայում եյին՝ ինչպես մատաղացվի։ Ապա պատահեց այն, ինչ վոր մերոնք յենթադրում եյին։
 
Ահա թե ինչպես պատահեց։
 
Տատն ուղղակի վրա տվեց zèro-յի վրա և իսկույն հրամայեց տասներկուական ֆրիդրիխսդոր վեր գալ։ Վեր յեկանք մեկ, յերկու, յերեք անդամ — zèro-ն դուրս չեր գալիս։
 
— Վեր յեկ, վեր յեկ,― հրում եր ինձ տատը անհամբեր։ Յես հնազանդում եյի։
 
— Քանի՞ անգամ տանուլ տվինք,― հարցրեց նա վերջապես, անհամբերությունից կրճտացնելով ատամները։
 
― Տասներկույերորդ անգամն եմ դրել, տատի։ Հարյուր քառասունչորս ֆրիդրիխսդոր ենք տանուլ տվել։ Յես ձեզ կասեմ, տատի, մինչև յերեկո, թերևս․․․
 
— Սո՛ւս,― ընդհատեց տատը։― Վեր յեկ zéro-յի վրա և կարմրի վրա վեր յեկ իսկույն հազար գուլդեն։ Առ, ահա թաղթադրամը։
 
Կարմիրը դուրս եկավ, իսկ zéro-ն դարձյալ փըստ անցավ։ Տանուլ տվածը հետ բերինք, հազար գուլդեն ել ավել։
 
― Տեսա՞ր, տեսա՞ր,― գրեթե ամբողջ տանուլ տված գումարը հետ բերինք։ Ելի zéro-յի վրա վեր յեկ․ մի տասն անգամ ել վեր գանք և թողնենք։
 
Բայց հինգերորդ անգամվա վրա տատը բոլորովին տխրեց։
 
— Թող այդ աղտոտ զերիշկան սատանի մոտ մնա։ Առ, բոլոր չորս հազար գուլդենը կարմրի վրա վեր յեկ,― հրամայեց նա։
 
— Տատի՜, շատ կլինի, վայ թե կարմիրը դուրս չեկավ,― աղաչում եյի յես։ Բայց տատը քիչ մնաց ինձ ծեծի։ (Ասենք՝ նա այն պես եր հրում, վոր գրեթե կարելի յե ասել՝ ծեծում եր)։ Ի՞նչ արած, յես կարմրի վրա դրի ամբողջ չորս հազար գուլդենը, վոր նոր տարել եյինք։ Անիվը պտտվեց։ Տատը նստած եր հանգիստ և հպարտ շիտկված, չկասկածելով, վոր անշուշտ պիտի տանի։
 
— Zéro,― հայտարարեց կրուպյորը։
 
Սկզբում տատը չհասկացավ, բայց յերբ տեսավ, վոր կրուպյորը քաշեց տարավ իր չորս հազար գուլդենը, այն ամենի հետ՝ ինչ կար սեղանի վրա, գլխի ընկավ, վոր zéro-ն, վոր այնքան յերկար դուրս չեր գալիս և վորի վրա մենք գրեթե յերկուհարյուր ֆրիդրիխսդոր եյինք տանուլ տվել, դուրս եր թռել, մինչդեռ տատը հենց նոր եր նրան հայհոյել և թողել ― ախ քաշեց և ձեռները ծնկներին խփեց։ Շուրջը մարդիկ նույնիսկ ծիծաղեցին։
 
— Վա՜հ։ Անիծվածը հենց այս պահիս դուրս թռավ։― Գոչում եր տատը,― Կայենի սերունդ, ելի՜։ Այդ դու յես մեղավորը, դու,― կատաղի հարձակվեց նա ինձ վրա, հրմշտկելով։― Այդ դու ինձ հետ կանգնեցրիր։
 
— Տատի, յես իրավացի եյի ասում, ինչպե՞ս կարող եմ պատասխանատու լինել բոլոր շանսերի համար։
 
— Յես քեզ շանս ցույց կտամ,― ահեղ շշնջաց նա,― գնա-կորիր այստեղից։
 
— Մնաք բարով, տատի,― շուռ յեկա յես, վոր գնամ։
 
— Ալեքսեյ Իվանովիչ, Ալեքսեյ Իվանովիչ, մնա։ Ո՞ւր։ Ի՞նչ յեղավ վոր։ Նեղացա՜վ։ Հիմար։ Դե մնա, ելի մնա, դե, ել մի նեղանա, յես ինքս եմ հիմարը։ Դե՛, ասա տեսնեմ, ի՞նչ անենք հիմա։
 
— Յես, տատի, հանձն չեմ առնի ձեզ հուշելու, վորովհետև դուք ինձ կսկսեք մեղադրել։ Ինքներդ խաղացեք. հրամայեցեք, յես ել վեր կգամ։
 
— Դե՛, դե՛։ Չորս հազար գուլդեն ել վեր յեկ կարմրի վրա։ Ահա քսակս ― վերցրու։― Նա գրպանից հանեց քսակը և տվեց ինձ ― դեք շուտ, վերցրու, քսանչորս հազար մանեթ նաղդ փող կա։
 
— Տատի՜,― թոթովեցի յեսես,― այդպիսի գումարներո՜վ...
 
— Մեռնեմ ել՝ պիտի տանուլ տվածս հետ բերեմ։ Վեր յեկ։
 
Վեր յեկանք և տանուլ տվինք։
 
— Վեր յեկ, վեր յեկ ութ հազար լրիվ։
 
― Չի կարելի, տատի, ամենամեծ գումարը ― չորս հազար ե։
 
— Դե չորսը վեր յեկ։
 
Այս անգամ տարանք։ Տատը սրտապնդվեց։
 
— Տեսա՞ր, տեսա՞ր,― սկսեց հրմշտկել ինձ,― ելի չորսը վեր յեկ։
 
Վեր յեկանք ― տանուլ տվինք. ապա ելի ― և ելի տանուլ տվինք։
 
— Տատի, բոլոր տասներկու հազարը ձեռքից գնաց,― զեկուցի յես։
 
— Տեսնում եմ, վոր ձեռքից գնաց,― ասաց նա մի տեսակ կատաղի հանգստությամբ, յեթե կարելի յե այդպես արտահայտվել։― Տեսնում եմ, բարեկամ, տեսնում,― մրթմրթում եր նա, անշարժ նայելով առջևը և կարծես թե մտմտալով։― Ե՜խ, թող մեռնեմ, չորս հազար գուլդեն ել վեր յեկ։
 
— Փող չկա ախր, տատի։ Քսակի մեջ մեր հինգ-տոկոսանոց փոխառությունները կան և ելի ինչ-վոր փոխադրություններ, իսկ փող չկա։
 
— Իսկ մյո՞ւս քսակում։
 
— Մանրուք ե մնացել, տատի։
 
— Այստեղ զառաֆներ կա՞ն։ Ինձ ասել են, վոր մեր բոլոր արժեթղթերը կարելի յե ոտար դրամի վերածել,― վճռականորեն հարցրեց տատը։
 
— Ո՜, վորքան կամենաք։ Բայց փոխանակության համար ինչքան կկորցնեք, ինքը՝ ջհուդը կսարսափի։
 
— Դատարկ բան ե՜։ Տանուլ տվածս հետ կբերեմ։ Տար։ Կանչիր այդ ախմախներին։
 
Յես դեն գլորեցի բազկաթոռը, յեկան բեռնակիրները և մենք դուրս յեկանք վոկսալից։
 
— Շուտ, շուտ, շուտ,― հրաման եր արձակում տատը,― ճամբա ցույց տուր, Ալեքսեյ Իվանովիչ, և կարճ կտրիր․․․ Իսկ հեռո՞ւ յե։
 
― Յերկու քայլ ե, տատի։
 
Սակայն քաղաքային այգուց դեպի ծառուղին ծռելու պահուն մենք հանդիպեցինք մերայինների ամբողջ խմբին՝ գեներալին, Դե-Գրիյեյին և m-lle Blanche֊ին, իր մոր հետ։ Պոլինա Ալեքսանդրովնան նրանց հետ չեր, միստեր Աստլեյը նույնպես։
 
— Դե, դե, դե, կանգ չառնեք,― գոռում եր տատը,― դե, ի՞նչ եք ուզում։ Ժամանակ չունեմ։
 
Յես գնում եյի հետևից․ Դե֊Գրիյեն վազեց մոտս։
 
— Ամբողջ տարածը տանուլ ե տվել, վրան ել իր փողերից տասներկու հազար գուլդեն։ Գնում ենք հինգ տոկոսային թղթերը փոխելու,― շշնջացի յես նրան շտապով։
 
Դե-Գրիյեն վոտը զարկեց գետնին և վազ տվեց, վոր հաղորդի գեներալին։ Մենք շարունակեցինք առաջ գլորել տատի բազկաթոռը։
 
— Կանգնեցրեք, կանգնեցրեք,― շշնջաց ինձ գեներալը ջղագարությամբ։
 
— Ապա փորձեցեք դուք նրան կանգնեցնել,― շշնջացի յես նրան։
 
— Հորաքույր,― մոտեցավ գեներալը,― Հորաքույր․․․ մենք իսկույն․․․ մենք իսկույն․․․― նրա ձայնը դողում և կտրվում եր,― մենք կառք ենք վարձում, վոր գնանք քաղաքից դուրս․․․ Սքանչելի տեսարաններ․․․ կետ․․․ մենք գալիս եյինք ձեզ հրավիրելու։
 
— Ե՜, քեզ ել, քո կետն ել,― գրգռված քշեց նրան տատը։
 
— Այնտեղ գյուղ կա․․․ այնտեղ թեյ կլինի,― շարունակում եր գեներալը, միանգամայն հուսահատ։
 
— Nous boirons du lait, sur l’herbe fraîche,— ավելացրեց Դե֊Գրիյեն գազանային կատաղությամբ։
 
Du lait, de l’herbefraîche,― ահա թե ինչ կատարյալ հովվերգական բան ե մնացել միայն Փարիզի բուրժուային․ ինչպես հայտնի յե, դրա մեջ ե նրա վողջ հայացքը «nature et la vérîté»-ի մասին։
 
— Քեզ ել, քո կաթն ել։ Լակիր ինքդ, իսկ իմ փորը կաթից ցավում ե։ Համ ել ի՞նչ եք յախիցս կպել։― Գոռաց տատը,― ասացի, վոր ժամանակ չունեմ։
 
— Հասանք ք տատի,― ճչացի յես,― այստեղ ե։
 
Մենք մոտեցանք այն տանը, վորտեղ գտնվում եր զառաֆի գրասենյակը։ Յես գնացի փոխանակելու։ Տատը մնաց դռան մոտ սպասելու. Դե-Գրիյեն, գեներալն ու Blanche-ը կանգնել եյին մեկուսի, չիմանալով, թե ինչ անեն։ Տատը ցասկոտ նայեց նրանց, և նրանք գնացին վոկսալի ճանապարհով։
 
Ինձ այնպիսի կուրս առաջարկեցին, վոր յես սիրտ չարի և վերադարձա, վոր տատից հրահանգ ստանամ։
 
— Ա՜խ, ավազակներ,― գոռաց նա, ձեռքերը ծնկներին խփելով,― եհ, ի՞նչ արած։ Փոխի՛ր,― ճչաց նա վճռականորեն։― Սպասիր, կանչիր մոտս սեղանավորին։
 
— Թերևս գրասենյակի ծառայողներից մեկն ու մեկի՞ն, տատի։
 
— Ծառայող լինի, մեկ բան ե։ Ա՜խ, ավազակներ։
 
Ծառայողը համաձայնեց դուրս գալ, տեղեկանալով, վոր նրան կանչում ե մի ծեր, թուլացած կոմսուհի, վոր ման գալ չի կարող։ Տատը յերկար, ցասկոտ և բարձրաձայն կշտամբում եր նրան խարդախության համար և բազար եր անում հետը ռուսերենի, ֆրանսերենի և գերմաներենի խառնուրդով, իսկ յես ոգնում եյի թարգմանելու։ Լուրջ ծառայողը նայում եր մեզ յերկուսիս վրա և լռելյայն որորում գլուխը։ Տատին նա զննում եր նույնիսկ չափազանց սևեռուն հետաքրքրությամբ, վոր անգամ անքաղաքավարի յեր․ վերջապես նա սկսեց ժպտալ։
 
— Դե, կորի-գնա,― գոռաց տատը,― զխտվիր իմ փողով։ Փոխանկիր, Ալեքսեյ Իվանովիչ, ժամանակ չկա, թե չե ուրիշի մոտ կերթայինք...
 
— Ծառայողն ասում ե, վոր ուրիշները ավելի քիչ կտան։
 
Հաստատ չեմ հիշում այն ժամանակվա կուրսը, բայց սոսկալի կուրս եր։ Յես փոխանակեցի մինչև տասներկու հազար ֆլորին վոսկով և թղթադրամով, վերցրի հաշիվը և դուրս յեկա տատի մոտ։
 
— Դե՛, դե՛, դե՛։ Հաշվելու ժամանակը չե,― թափահարեց նա ձեռքերը,― շուտ, շուտ, շուտ։
 
— Յրբեք այդ անիծված zèro-յի վրա վեր չեմ գա, կարմրի վրա յել,― ասաց նա, մոտենալով վոկսալին։
 
Այս անգամ յես ամեն կերպ աշխատում եյի ներշնչել նրան, վոր քիչ-քիչ վեր գա, համոզելով, վոր շանսի շրջանառության մեջ միշտ ժամանակ կլինի նաև մեծ գումար վեր գալու։ Սակայն նա այնքան անհամբեր եր, վոր թեև սկզբում համաձայնում եր, բայց խաղի միջոցին նրա զսպելու հնարավորություն չեր լինում։ Հազիվ նա տասը, տասներկու ֆրիդրիխսդոր վեր գալով տանում եր, «ահա, ահա», սկսում եր հրել ինձ, «ահա, հո տարա՞նք, չորս հազար վեր յեկած լինեյինք տասի փոխարեն, մենք չորս հազար կտանեյինք, սա ի՞նչ ե վոր։ Դու յես մեղավորը, դո՛ւ»։
 
Յեվ ինչքան ել վատս գալիս եր նրա խաղին նայելիս, յես վերջապես վճռեցի լռել և վոչ մի խորհուրդ չտալ։
 
Հանկարծ մոտ թռավ Դե֊Գրիյեն, Նրանք յերեքն ել մոտ եյին. յես նկատեցի, վոր m-lle Blanche-ը կանգնած եր մոր հետ մեկուսի և սիրաբանում եր փոքրիկ իշխանի հետ։ Գեներալը բացահայտ կերպով աչքից ընկած եր, թեև պտտվում եր նրա շուրջը ամեն կերպ։ Խե՜դճ գեներալ։ Նա գունատվում եր, կարմրում, դողդողում և անգամ այլևս չեր հետևում տատի խաղին։ Blanche֊ը և փոքրիկ իշխանը, վերջապես դուրս յեկան։ Գեներալը վազեց նրանց հետևից։
 
— Madame, madame,― մեղրաձայն շշնջում եր Դե-Գրիյեն տատին, խցկվելով և հասնելով նրա ականջին։― Madame, այդպես վեր գալ չի լինի... վո՛չ, վո՛չ, չի լինի...,— նա աղճատում եր ռուսերենը ― չե։
 
— Ապա ինչպե՞ս։ Դե՛ սովորեցրու,― դարձավ նրան տատը։
 
Դե-Գրիյեն հանկարծ արագ֊արագ խոսեց ֆրանսերեն, սկսեց խորհուրդներ տալ, ասում եր, վոր պետք ե սպասել շանսին, սկսեց ինչ֊վոր թվեր հաշիվ անել...
 
Տատը վոչինչ չեր հասկանում։ Նա անընդհատ դիմում եր ինձ, վոր յես թարգմանեմ․ մատը խփում եր սեղանին, ցույց եր տալիս․ վերջապես մատիտ վերցրեց և սկսեց թղթի վրա հաշիվ անել։ Տատի համբերությունը վերջապես հատավ։― Դե, կորիր, կորիր։ Դատարկ բաներ ես դուրս տալիս։ «Madame, madame» — իսկ ինքդ գործից գլուխ չես հանում, կորիր։
 
— Mais, madame,― ծլվլաց Դե֊Գրիյեն և նորից սկսեց բացատրել և ցույց տալ։ Շատ եր մեծ նրա մեջ ցանկությունը։
 
— Դե, վեր յեկ մի անգամ նրա ասածի պես,― հրամայեց ինձ տատը,― տեսնենք՝ գուցե իրոք դուրս ե գալիս։
 
Դե-Գրիյեյի ուզածն այն եր, վոր տատին մեծ գումարներից հետ պահի․ նա առաջարկում եր թվերի վրա վեր գալ զատ֊զատ և միասնաբար։ Յես նրա ցուցմունքով մեկական ֆրիդրիխսդոր վեր յեկա մի շարք կենտ թվերի վրա մինչև քսանը և հնգական թվերի խմբերի վրա տասներկուսից մինչև տասնութ և տասնութից մինչև քսանչորս։ Ընդամենը տասնվեց ֆրիդրիխսդոր վեր յեկա։
 
Անիվը պտտվեց։
 
— Zéro!― հայտարարեց կրուպյորը։ Մենք ամբողջ գումարը տանուլ տվինք։
 
— Ա՛յ քեզ ախմախ,― գոռաց տատը, դիմելով Դե-Գրիյեյին։― Ա՛յ դու գեշ ֆրանցուզիշկա։ Խորհուրդ կտա ե՜, ճիվաղը։ Գնա-կորիր։ Բան չի հասկանում և ներս ել ե խցկվում։
 
Սաստիկ վիրավորված Դե֊Գրիյեն թոթվեց ուսերը, արհամարհանքով նայեց տատին և հեռացավ։ Նա ինքն ել ամաչեց, վոր խառնվել եր․ չկարողացավ իրեն զսպել։
 
Մի ժամից հետո ինչ արինք-չարինք, ամեն ինչ տանուլ տվինք։
 
— Տուն,― գոչեց տատը։
 
Մինչև ծառուղին նա վոչ մի բառ չարտասանեց։ Ծառուղում և արդեն իսկ հյուրանոցի մոտ նա սկսեց բացականչություններ անել։
 
— Ի՜նչ հիմարն եմ, ի՜նչ ախմախը։ Ա՛յ դու քաֆթառ, քաֆթառ ախմախ։
 
Հենց վոր ներս մտանք կացարանը՝
 
— Թեյ տվեք,― գոռաց տատը,― և իսկույն ևեթ պատրաստություն տեսեք. գնում ենք։
 
— Ո՞ւր եք կամենում, նանի ջան, գնալ,― սկսեց Մարֆան։
 
— Քո՞ ինչ գործն ե։ Տեղդ գիտցիր։ Պոտապիչ, ամեն ինչ հավաքիր, վողջ բեռը։ Հետ ենք գնում, Մոսկվա։ Յես տասնհինգ հազար մանեթ քամուն տվի։
 
— Տասնհինգ հազա՜ր, նանի ջան։ Տե՜ր աստված։― Գոռաց Պոտապիչը, ձեռքերը զգացված թափ տալով, յերևի յենթադրելով, վոր դուր կգա։
 
— Դե՛, դե՛, հիմար։ Վնգստոցն սկսեց։ Լռիր։ Պատրաստություն տեսեք։ Հաշիվ, շուտ, շուտ։
 
— Մերձագույն գնացքը ժամը իննը և կեսին ե մեկնում, տատի,― զեկուցեցի յես, վոր նրա փուքսը նստի։
 
― Հիմա քանի՞սն ե։
 
— Յոթ և կեսը։
 
— Ի՜նչ ափսոս։ Դեհ, միևնույն ե։ Ալեքսեյ Իվանովիչ, մի կոպեկ փող չունեմ։ Առ քեզ յերկու արժեթուղթ ել, գնա այնտեղ, փոխանակիր ինձ համար։ Թե չե ինչո՞վ ճամբա դուրս գամ։
 
Յես գնացի։ Կես ժամից հետո վերադառնալով հյուրանոց, յես մերոնց բոլորին ել գտա տատի մոտ։ Տեղեկանալով, վոր տատը մեկնում ե Մոսկվա, նրանք ապշել եյին, կարծես, ավելի, քան նրա տանուլ տվածից։ Ասենք՝ նրա գնալով փրկվում եր նրա կարողությունը, բայց ի՜նչ կլինի հիմա գեներալի հալը։ Ո՞վ կվճարի Դե֊Գրիյեյին։ M-lle Blanche-ը, հասկանալի բան ե, չի սպասի, մինչև վոր մեռնի տատը և անշուշտ կփախչի փոքրիկ իշխանի կամ թե վորևե ուրիշի հետ։ Նրանք կանգնել եյին տատի առջև, մխիթարում եյին նրան և համոզում։ Պոլինան դարձյալ չկար։ Տատը կատաղաբար գոռգոռում եր նրանց վրա։
 
— Ձեռք քաշեք, սատանաներ։ Ձեր ի՞նչ գործն ե։ Այս այծի մորո՞ւքն ինչ ե վրա տվել,― գոռում եր նա Դե-Գրիյեյի վրա.― իսկ քեզ, կիվկիվ, ի՞նչ ե պետք,― դարձավ նա m-lle Blanche-ին,― ինչ ես պտույտ-պտույտ գալիս։
 
— Diantre!— շշնջաց m-lle Blanche-ը, կատաղի փայլատակելով աչքերով, բայց հանկարծ խնդաց և դուրս յեկավ։
 
— Elle vivra cent ans!― գոռաց նա գեներալին դռնից դուրս գալու, միջոցին։
 
— Ա՜, դու հույսդ իմ մահվան վրա՞ յես դրել,― ծվաց՝ տատը գեներալին,― դուրս։ Դուրս արա դրանց բոլորին, Ալեքսեյ Իվանովիչ։ Ձեր ի՞նչ գործն ե։ Յես իմն եմ քամուն տվել, վոչ թե ձերը։
 
Գեներալն ուսերը թոթվեց, կծկվեց և դուրս յեկավ։ Դե-Գրիյեն հետևեց նրան։
 
— Կանչեցեք Պրասկովյային,― հրամայեց Մարֆային տատը։
 
Հինգ րոպեյից հետո Մարֆան վերադարձավ Պոլինայի հետ։ Այդ ամբողջ ժամանակամիջոցին Պոլինան նստած ե յեղել իր սենյակում յերեխաների հետ և կարծես դիտմամբ վճռել եր ամբողջ որը դուրս չգալ։ Նրա դեմքը լուրջ, տխուր և մտահոգ եր։
 
— Պրասկովյա,― սկսեց տատը,― ճի՞շտ ե, ինչ վոր յես նոր կողմնակի կերպով իմացա, վոր իբր թե այդ հիմարը, քո խորթ հայրն, ելի, ուզում ե ամուսնանալ այդ հիմար ֆրանսուհի֊անառակի հետ ― դերասանուհի յե, ինչ ե, թե ավելի վատ բան։ Ասա, ճի՞շտ ե։
 
— Յես հաստատ չգիտեմ,― պատասխանեց Պոլինան,― բայց, իրա, m-lle Blanche-ի խոսքերից, վոր հարկ չի համարում ծածկել, հետևցնում եմ...
 
— Բավական ե,― յեռանդով ընդհատեց տատը,― ամեն ինչ հասկացա։ Յես միշտ այն կարծիքին եմ յեղել, վոր նրանից այդ սպասելի յե և միշտ ել նրան համարել եմ ամենադատարկ և թեթևամիտ մարդ։ Մեծություն ե ծախում, վոր գեներալ ե (գնդապետ ե յեղել, վոր գեներալություն ե ստացել պաշտոնաթող լինելու հանգամանքով) և թաշախուստ ե ծախում։ Յես, մայր իմ, ամեն ինչ գիտեմ, թե ինչպես եք դուք հեռագիր հեռագրի հետևից խփել Մոսկվա ― թե շո՞ւտ կմեկնի արդյոք պառավ տատն իր վոտները։ Ժառանգություն եյիք սպասում. առանց փողի այդ լիրբ աղջիկը, ի՞նչ եր անում ― de Cominges եր, ինչ եր,― իր տանը լաքեյ չի ընդունի նրա, նրա դնովի ատամներո՜վ։ Ասում են՝ նա ինքը փող ե դիզել, տոկոսով ե տալիս, արդար ճամբով վաստակած։ Յես, Պրասկովյա, քեզ չեմ մեղադրում․ դու չես հեռագիրներ խփողը. հինն ել չեմ մտաբերի։ Գիտեմ, վոր խասիաթդ գեշ ե — կրետ ես։ Խայթես ― կուռչի, բայց մեղքս գալիս ես, վորովհետև հանգուցյալ Կատերինային, քո մորը, սիրում եյի։ Դե, կուզե՞ս՝ թող այստեղ ամեն ինչ և յեկ հետս գնանք։ Ո՞ւր պիտի խցկվես․ համ ել անվայել ե, վոր հիմա նրանց հետ լինես։ Սպասիր՛,― ընդհատեց տատը Պոլինային, հենց վոր նա սկսեց պատասխանել,― յես դեռ չեմ ավարտել։ Քեզնից յես բան չեմ պահանջի։ Մոսկվա յես տուն ունեմ, ինքդ գիտես ― պալատ ե, գրավիր թեկուզ մի ամբողջ հարկ, շաբաթներով մոտս մի իջնիր, յեթե իմ բնավորությունը չսիրեցիր։ Դեհ, կուզե՞ս, թե չե։
 
— Թույլ տվեք առաջ հարցնեմ ձեզնից՝ մի՞թե դուք հիմա ուզում եք գնալ։
 
— Հանա՞ք եմ անում, ինչ ե, բարեկամ։ Ասացի և կերթամ։ Յես այսոր տասնհինգ հազար մանեթ տանուլ տվի յերիցս անիծած ձեր ռուլեթի խաղում։ Հինգ տարի առաջ խոստում եմ արել, Մոսկվայի մոտերքում փայտաշեն մի յեկեղեցի քարից վերաշինել, իսկ դրա փոխարեն փողն այստեղ փչացրի։ Հիմա, բարեկամս, կերթամ կառուցելու ― յեկեղեցին։
 
— Իսկ ջրե՞րը, տատի։ Չե՞ վոր դուք ջրեր խմելու յեք յեկել։
 
— Գլուխը քարը ջրերը։ Ինձ մի գրգռիր, Պրասկովյա․ դիտմա՞մբ ես ասում, ինչ ե։ Ասա՛, գալի՞ս ես, թե չե։
 
— Յես ձեզնից շատ և շատ շնորհակալ եմ, տատի,― զգացված սկսեց Պոլինան,― ապաստանի համար, վոր դուք ինձ առաջարկում եք։ Մասամբ դուք կռահել եք իմ վիճակը։ Յես այնքան շնորհակալ եմ ձեզնից, վոր, հավատացեք, կգամ ձեզ մոտ, թերևս նույնիսկ շուտով, իսկ հիմա պատճառներ կան․․․ կարևոր․․․ և սիրտ ել անել հիմա, այս րոպեյիս, չեմ կարող։ Յեթե դուք գեթ յերկու շաբաթ ել մնայիք․․․
 
— Կնշանակի՝ չես ուզում։
 
— Կնշանակի՝ չեմ կարող։ Բացի այդ, համենայն դեպս, յես չեմ կարող թողնել յեղբորս և քրոջս, իսկ վորովհետև․.. վորովհետև, իրոք կարող ե պատահել, վոր նրանք լքվածի պես մնան, ապա․․․ յեթե ինձ քորփաների հետ վերցնելու լինեք, տատի, ապա, իհարկե, կգամ ձեզ մոտ և, հավատացեք, արժանի դուրս կգամ դրան,― ավելացրեց նա տաք֊տաք,― իսկ առանց յերեխաների չեմ կարող, տատի։
 
— Դե, մի վսվսա (Պոլինան իսկի յել չեր վսվսում, և նա յերբեք լաց չեր լինում), ճուտերի համար ել տեղ կգտնվի․ հավաբունը մեծ ե. համ ել նրանց դպրոց գնալու ժամանակն ե։ Դե, հիմի չե՞ս գալիս։ Դե, Պրասկովյա, տե՜ս հա։ Բարի կցանկանայի քեզ, բայց ախր յես դիտեմ, ինչու դու չես գալի։ Յես ամեն ինչ գիտեմ, Պրասկովյա։ Այդ ֆրանցուզիշկան քո վերջը բարի չի անի։
 
Պոլինան շառագունեց։ Յես ե՛լ ցնցվեցի։ (Ամենքը գիտեն։ Մենակ յես, ուրեմն, վոչինչ չգիտեմ)։
 
― Դե, դե, քիթ ու մռութդ մի՛ կիտիր։ Ավել-պակաս ել չեմ խոսի։ Միայն տես հա, վոր վատ բան դուրս չգա, հասկանո՞ւմ ես։ Դու խելոք աղջիկ ես, մեղքս կգա։ Դե, բավական ե, ձեզ բոլորիդ տեսած չլինեյի՜։ Գնա, մնաս բարով։
 
— Յես, տատի, դեռ ճանապարհ կգցեմ ձեզ,― ասաց Պոլինան։
 
— Հարկավոր չի։ Մի խանգարիր։ Համ ել բոլորիցդ զահլաս գնացել ե։
 
Պոլինան համբուրեց տատի ձեռքը, բայց նա ձեռքը խլեց և ինքը համբուրեց նրա թուշը։
 
Անցնելով իմ կողքից, Պոլինան արագ նայեց վրաս և իսկույն աչքերը դարձրեց ինձնից։
 
— Դե, մնաս բարով դու ել, Ալեքսեյ Իվանովիչ։ Մի ժամ ե մնացել ընդամենը մինչև գնացքի մեկնելը։ Առ, վերցրու այս հիսուն վոսկին։
 
— Խորին շնորհակալություն, տատի, քաշվում եմ․․․
 
— Դե, դե,― գոռաց տատը և այն աստիճան յեռանդուն և ահեղ, վոր յես չհանդգնեցի հրաժարվել և ընդունեցի։
 
— Մոսկվայում, թե առանց պաշտոնի դես-դեն ընկած լինես — յեկ ինձ մոտ, մի տեղ կհանձնարարեմ։ Դե, կորի-գնա ։
 
Յես յեկա իմ համարը և պառկեցի մահճակալի վրա։ Կարծում եմ, վոր վես ժամ պառկած մնացի յերեսի վրա, ձեռներս գլխիս հետև գցած։ Աղետը պայթել եր և մտածելու նյութ ունեյի։ Վորոշեցի վաղը վճռականորեն խոսել Պոլինայի հետ։ Ա՜։ Ֆրանցո՞ւզիշկա։ Ուրեմն ճի՞շտ ե։ Բայց ի՞նչ կարող եր լինել նրանց միջև։ Պոլինան և Դե֊Գրիյեն։ Աստված իմ, ի՜նչ համադրություն։
 
Այդ ամենն ուղղակի անհավատալի յեր։ Հանկարծ յես կատաղությունից վեր թռա, վորպեսզի իսկույն ևեթ գնամ ― գտնեմ միստեր Աստլեյին և ինչ ել լինի հարկադրեմ, վոր խոսի։ Նա այստեղ ել, իհարկե, ինձնից ավելի գիտե։ Միստեր Աստլեյ ― ահա ինձ համար մի նոր առեղծված։
 
Սակայն հանկարծակի իմ դուռը բաղխեցին։ Նայեցի ― տեսնեմ՝ Պոտապիչն ե։
 
— Ալեքսեյ Իվանովիչ, տիրուհին կանչում ե։
 
— Ի՞նչ կա։ Գնո՞ւմ ե, ի՞նչ ե։ Մինչև գնացքի մեկնելը դեռ քսան րոպե կա։
 
— Անհանգիստ ե, հազիվ նստում ե տեղը։ «Շուտ, շուտ» ― այսինքն՝ ձեզ բերեմ, ի սեր քրիստոսի, միք ուշանա։
 
Յես իսկույն վազ տվի ներքև։ Տատին արդեն կորիդոր եյին դուրս բերել։ Նա ձեռքին քսակ ուներ։
 
— Ալեքսեյ Իվանովիչ, առաջ ընկիր, գնանք։
 
— Ո՞ւր, տատի։
 
— Մեռնեմ ել պիտի տանուլ տվածս հետ բերեմ։ Դե, մարշ, առանց հարց ու փորձի։ Այնտեղ մինչև կես գիշեր հո խաղո՞ւմ են։
 
Յես ապուշ կարեցի, բայց իսկույն վճռեցի։
 
— Կամքը ― ձերն ե, Անտոնիդա Վասիլևնա, չեմ գնա։
 
― Ա՞յդ ինչու։ Ա՞յդ ինչ բան ե։ Գժվե՞լ եք բոլորդ ել, ինչ ե։
 
— Կամքը ձերն ե, յես հետո ինքս կսկսեմ ինձ կշտամբել, չեմ ուզում։ Չեմ ուզում վոչ վկա լինել, վոչ մասնակից. ազատեցեք ինձ, Անտոնիդա Վասիլևնա։ Ահա ձեր հիսուն ֆրիդրիխսդորը հետ եմ տալիս․ մնաք բարով։
 
Յեվ յես ֆրիդրիխսդորների փաթթոցը դրի նրա քովի փոքրիկ սեղանի վրա, գլուխ տվի և գնացի։
 
― Ի՜նչ դատարկ բան,― գոռաց հետևիցս տատը,― մի յեկ, յես մենակ ել յերևի ճանապարհը կգտնեմ։ Պոտապիչ, յեկ հետս։ Դե բարձրացրեք, տարեք։
 
Միստեր Աստլեյին յես չգտա և տուն դարձա։ Ուշ գիշերով, արդեն ժամը մեկը կլիներ, յես տեղեկացա Պոատպիչից, թե ինչով եր վերջացել տատի որը։ Նա բոլորը տանուլ եր տվել, ինչ վոր յես նրա համար փոխանակել եյի, այսինքը՝ մեր փողով ելի տասը հազար ռուբլի։ Նրան կպել եր այն իսկ պոլյաչոկը, վորին նա յերկու ֆրիդրիխսդոր եր տվել, վորը և ղեկավարել եր նրա խաղը։ Սկզբից, մինչև, պոլյաչոկը, նա փորձել ե Պոտապիչին․ ստիպել ե վեր գալ, բայց շուտով քշել ե նրան. այստեղ ել պոլյաչոկը մոտ ե թռել։ Ասես դիտմամբ նա հասկանում եր ռուսերեն և նույնիսկ կիսատ-պռատ խոսում, յերեք լեզուներ խառնելով իրար, այնպես վոր նրանք կիսատ-պռատ հասկացնում եյին իրար։ Տատը շարունակ անխնա հայհոյում եր նրան և թեև վերջինս անընդհատ «սփռվում եր պանի վոտերի տակ», բայց «ի՜նչ համեմատություն ձեզ հետ, Ալեքսեյ Իվանովիչտ», պատմում եր Պոտապիչը։ «Զեզ հետ, նա ասես պարոնի հետ եր վարվում, իսկ նա ― յես ինքս իմ աչքերով տեսա, թող գետինը մտնեմ, հենց տեղն ու տեղը սեղանից գողանում եր։ Տատը նրան ինքը յերկու անգամ բռնեց և հայհոյում եր ամեն տեսակ հիշոցներով, մի խոսքով՝ նույնիսկ մի անգամ մազերից ել քաշեց, աստված վկա, սուտ չեմ ասում, այնպես վոր շուրջը մարդիկ ծիծաղում եյին։ Բոլորը տանուլ տվեց․ յեղած-չեղածը, ինչ վոր նրա համար փոխանակել եյիք։ Բերինք նրան այստեղ ― մենակ ջուր ուզեց խմելու, խաչակնքվեց և անկողին մտավ։ Տանջվել եր, ինչ ե, իսկույն քնեց։ Թող աստված հրեշտակային յերազներ առաքի։ Ո՜խ, այս արտասահմանը,― ավարտեց Պոտապիչը,― ասում եյի, վոր բարին չի լինելու։ Յեվ շուտով մեր Մոսկովը հասնեյինք։ Ինչե՜ր ասես մեր տանը չկա, Մոսկովում։ Պարտեզ, ծաղիկներ, վոր այստեղ չեն ել լինում, բույր, խնձորները հասնում են, լայնարձակություն,― չե՛, պե՜տք եր արաասահման գնալ։ Ո՜խ֊ո՜խ֊ո՜խ․․․»։
== Տասներեքերորդ գլուխ ==
Վստահելի
1318
edits