Changes

Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ

Ավելացվել է 18 810 բայտ, 11:21, 24 Փետրվարի 2015
/* զ) Բան ինչ՝ վասն տերերի ու ծառաների և վասն այնորիկ, թե հնարավոր է արդյոք, որ տերերն ու ծառաները փոխադարձաբար եղբայրանան ոգեպես */
==== զ) Բան ինչ՝ վասն տերերի ու ծառաների և վասն այնորիկ, թե հնարավոր է արդյոք, որ տերերն ու ծառաները փոխադարձաբար եղբայրանան ոգեպես ====
 
Աստված իմ, ո՞վ է ժխտում, որ ժողովուրդը ևս մեղքեր ունի։ Եվ ապականության հրդեհը տարածվում է նույնիսկ տեսանելիորեն, ժամ առ ժամ , վերևից է իջնում ներքև։ Ժողովրդի մեջ ևս սկիզբ է առնում մեկուսացման ախտը, կուլակներ և ցեցեր են առաջ գալիս։ Վաճառականն ավելի ու ավելի է տենչում հարգանք ու պատիվ ձեռք բերել, ձգտում է կրթյալ ցույց տալ իրեն՝ դույզն ինչ կրթություն չունենալով հանդերձ, և այդ իսկ նպատակով զազրելիորեն արհամարհում է հնավանդ սովորությունները և նույնիսկ ամաչում է դավանել հավատքն իր հայրերի։ Այցելում է իշխաններին, թեև ինքն ապականյալ գյուղացի է պարզապես։ Ժողովուրդը նեխում է հարբեցողության մեջ և արդեն չի կարողանում ձերբազատվել դրանից։ Ու որքա՜ն դաժանություն ընտանիքի, սեփական կնոջ, նույնիսկ երեխանրի նկատմամբ. և այդ ամբողջը՝ հարբեցողության հետևանքով։ Մինչև իսկ տասնամյա երեխաներ եմ տեսել գործարաններում՝ վտիտ, վատառողջ, կքած և արդեն ապականյալ։ Խեղդուկ աշխատանոց, մեքենաների ժխոր, օրնիբուն աշխատանք, անառակ խոսքեր ու խմիչք, խմիչք, իսկ ա՞յդ է պետք՝ դեռ այնքան փոքրի՜կ երեխայի հոգուն։ Արև է պետք նրան, մանկական խաղեր են պետք, պայծառ օրինակներ չորս կողմից և գոնե մի կաթիլ սեր նրա նկատմամբ։ Թող չլինի՛ այլևս այդ բանը, վանականնե՛ր, թող վե՛րջ գտնի տանջանքը երեխաների, ելեք ու քարոզեցե՛ք այդ, փութացե՛ք, փութացե՜ք։
 
Սակայն կփրկի առաված Ռուսաստանը, քանզի ապականյալ է թեև ռամիկը և չի կարող արդեն հրաժարվել ժանտահոտ մեղքից, բայց այնուամենայնիվ գիտե, որ իր ժանտահոտ մեղքն անիծել է աստված, և որ ինքը վատ է վարվում, երբ մեղանչում է։ Այնպես որ ժողովուրդը մեր անդուլ հավատում է տակավին ճշմարտության, հավատում է աստուծո, արտասվում է բարեպաշտ խանդաղատանքով։ Այդպես չեն բարձր դասի մարդիկ։ Հետևելով գիտության, նրանք ուզում են իրենց բանականությամբ միայն արդարություն ստեղծել, բայց այլևս առանց Քրիստոսի, ինչպես առաջ, և արդեն հայտարարել են, թե չկա հանցագործություն, չկա մեղսագործություն։ Եվ իրոք, դա ճիշտ է ըստ նրանց մտածելակերպի. քանզի եթե աստված չունես, այլևս ի՞նչ հանցագործություն։ Եվրոպայում ժողովուրդն արդեն բռնի ուժ գործադրելով է ապստամբում հարուստների դեմ, և ժողովրդի առաջնորդներն ամենուրեք տանում են նրան արյուն թափելու և ուսուցանում են, թե արդար է ցասումը նրա։ Սակայն «անիծյալ է ցասումը նրանց, վասնզի լի է դաժանությամբ»։ Իսկ աստված կփրկի Ռուսաստանը, ինչպես փրկել է բազում անգամներ։ Ժողովրդից պիտի գա փրկությունը, հավատքից նրա ու խոնարհությունից։ Հայրեր և ուսուցիչնե՛ր, պահպանեցե՛ք հավատքը Ժողովրդի, լոկ երազանք չէ այդ. ամբողջ իմ կյանքում զարմացրել է ինձ վեհաշունչ և ճշմարիտ արժանապատվությունը մեր մեծ ժողովրդի, ինքս եմ տեսել, անձամբ կարող եմ վկայել, տեսել եմ ու զարմացել, տեսել եմ՝ հակառակ նույնիսկ մեր ժողովրդի չքավոր երևույթին ու նրա մեղքերի ապականության։ Ստրկամիտ չէ նա, և այն էլ երկու դար տևած ստրկությունից հետո։ Համարձակ է իր տեսքով ու վարվելակերպով, բայց առանց չարամիտ լինելու։ Ու վրեժխնդիր չէ նա, ու նախանձոտ չէ. «Դու ազնվազարմ ես, հարուստ, դու խելացի ես ու տաղանդավոր. թո՛ղ այդպես լինի, աստված օրհնի քեզ։ Հարգում եմ քեզ, բայց գիտեմ, որ ե՛ս էլ մարդ եմ։ Քեզ հարգում եմ առանց նախանձի և հենց դրանով էլ իմ մարդկային արժանապատվությունն եմ ի հայտ բերում քո առաջ»։ Հիրավի, եթե չեն ասում այսպես (որովհետև անկարող են դեռ այս բանն ասելու), ապա վարվում են այս ոգով, ինքս եմ տեսել, ինքս եմ զգացել, և, կհավատա՞ք, ինչքան ավելի աղքատ ու ստորադաս է ռուս մարդը մեր, այնքան ավելի նկատելի է նրա մեջ ճշմարտությունն այս վեհաշունչ, քանզի ժողովրդից դուրս եկած հարուստ կուլակներն ու ցեցերը մեծավ մասամբ ապականված են արդեն, և այստեղ շատ բան, շատ բան հետևանքն է մեր անփութության և անտարբերության։ Բայց կփրկի աստված իր ժողովրդին, վասնզի մեծ է Ռուսաստանն իր խոնարհությամբ։ Երազում եմ տեսնել և կարծես հստակորեն տեսնում եմ արդեն մեր ապագան. վասնզի պիտի Լինի այնպես, որ մինչև իսկ ամենից ավելի ապականյալ հարուստը մեր պիտի ամաչի ի վերջո աղքատների առաջ՝ իր հարստության համար, իսկ աղքատը, տեսնելով խոնարհությունն այդ պիտի հասկանա ու պիտի զիջի նրան ուրախությամբ և պիտի սիրալիր պատասխանի նրա բարեմույն ամոթահարության։ Հավատացեք, որ այդպես է լինելու վերջ ի վերջո. դեպի այդ բանն է տանում ընթացքն իրերի։ Մարդու հոգեկան արժանապատվության մեջ է լոկ հավասարությունը, և միայն մեզ մոտ պիտի այդքանը հասկանան։ Եթե եղբայրներ լինեն մարդիկ, կլինի նաև եղբայրություն, իսկ եղբայրության հաստատումից առաջ երբեք չեն կարող նրանք արդար բաժանում կատարել իրար միջև։ Պահպանենք պատկերը Քրիստոսի, և նա թանկագին ադամանդի նման պիտի փայլ արձակի համայն աշխարհին... Եղիցի՛, եղիցի՛։
 
Հայրեր և ուսուցիչնե՛ր, սրտաշարժ մի դեպք պատահեց ինձ տարիներ առաջ։ Իմ թափառումների ընթացքում, նահանգային Կ. քաղաքում հանկարծ հանդիպեցի իմ նախկին համհարզ Աֆանասիին, իսկ այն ժամանակ ութ տարի էր անցել արդեն մեր բաժանումից հետո։ Պատահաբար տեսավ նա ինձ շուկայում, ճանաչեց, վազելով մոտեցավ, և աստվա՛ծ իմ, որքա՛ն ուրախացավ, ուղղակի փարվեց ինձ. «Հա՛յր սուրբ, տե՛ր իմ, դո՞ւք եք, դո՞ւք։ Բայց իրո՞ք ձեզ եմ տեսնում»։ Իր տունը տարավ ինձ։ Բանակից հեռացել էր արդեն, ամուսնացել էր, և արդեն երկու փոքրիկ երեխա ուներ։ Կնոջ հետ իրենց ապրուստը ճարում էին մանրավաճառություն անելով շուկայում։ Աղքատիկ էր նրանց սենյակը, բայց կոկիկ ու զվարթ։ Նստեցրեց ինձ, ինքնաեռը դրեց, մարդ ուղարկեց կնոջը կանչելու, կարծես թե իմ հայտնվելը մի տեսակ տոն էր նրա համար։ Մոտս բերեց երեխաներին. «Օրհնեցե՛ք, հայր սուրբ»։— «Միթե ե՞ս պետք է օրհնեմ,— պատասխանեցի,— պարզ ու խոնարհ մի վանական եմ ես, նրանց համար կաղոթեմ առ աստված, իսկ քեզ համար, Աֆանասի Պավլովիչ, միշտ եմ աղոթում, այն օրից սկսյալ ամենայն օր, վասնզի քեզնից է, որ սկիզբ առավ այս ամբողջը»։ Եվ բացատրեցի նրան, որքան որ կարող էի։ Եվ ի՞նչ. մարդը նայում էր ինձ շարունակ ու չէր կարողանում պատկերացնել, որ ես, նախկին նրա տերը, սպա, այժմ այդպիսի տեսքով և այդպիսի հագուստով գտնվում եմ նրա առաջ. արտասվեց նույնիսկ։ «Ինչո՞ւ ես արտասվում,— ասացի նրան,— ավելի լավ է՝ ուրախացի՜ր ինձ համար սրտանց, սիրելի, անմոռանալի՛ բարեկամդ իմ, վասնզի բերկրալի ու պայծառ է իմ ուղին»։ Շատ բան չէր ասում, այլ շարունակ հառաչում էր և ինձ նայելով գլուխն էր շարժում գորովալից։ «Իսկ ո՞ւր ՝ ձեր հարստությունը»,— հարցրեց։ «Վանքին եմ նվիրել,— պատասխանեցի,— ու մենք ապրում ենք համակեցությամբ»։ Թեյից հետո սկսեցի հրաժեշտ տալ նրանց, և հանկարծ նա մի հիսուն կոպեկանոց հանձնեց ինձ որպես նվիրատվություն վանքի համար, իսկ մի ուրիշ հիսուն կոպեկանոց էլ, տեսնեմ, հապճեպորեն խցկում է ձեռքս, «Սա ձեզ,— ասում է, — ուխտավոր եք, ճամփա եք գնում, գուցե թե պետք լինի, հայր սուրբ»։ Ընդունեցի նրա հիսուն կոպեկը, խոնարհվեցի նրան ու կնոջը և դուրս եկա ուրախացած։ Ու մտածում էի ճանապարհին, «Ահա հիմա երկուքս էլ, թե՛ նա՝ իր տանը նստած, թե՛ ես՝ ճանապարհին քայլելով, հառաչում ենք անշուշտ և միաժամանակ ժպտում ուրախ, մեր սրտերը բերկրանքով լի, գլուխներս շարժելով ու հիշելով, թե ինչպես նորից հանդիպեցինք կամոքն աստուծո»։ Եվ այդ օրից հետո երբեք այլևս չեմ տեսել նրան։ Ես նրա տերն էի եղել, իսկ նա՝ իմ ծառան, իսկ այժմ, երբ մենք սիրով ու հոգեպարար խանդաղատանքով համբույր տվեցինք միմյանց, մարդկային մեծ միավորումը կատարվեց մեր միջև։ Շատ եմ խորհրդածել այս մասին, իսկ այժմ մտածում եմ այսպես, մի՞թե այնքան դժվար է ըմբռնել, թե այս մեծ ու պարզասիրտ միավորումը կարող է ամենուրեք ի կատար ածվել մեր ռուս մարդկանց միջև, երբ որ գա ժամանակը դրա։ Հավատում եմ, որ պիտի կատարվի այդ, և ժամանակը մոտ է։
 
Իսկ ծառաների վերաբերյալ ավելացնեմ հետևյալը, իմ երիտասարդության օրերին հաճախակի բարկանում էի ծառաների վրա՝ «Խոհարարուհին շատ տաք մատուցեց ճաշը, համհարզը հագուստս չի խոզանակել»։ Բայց հանկարծ լույսի նման ծագեց իմ մեջ սիրելի եղբորս այն միտքը, որ նրանից լսել էի իմ մանկության օրերին. «Իմ ամբողջ էությամբ արժանի՞ եմ արդյոք, որ ուրիշը ծառայի ինձ, իսկ ես, օգտվելով նրա աղքատ ու տգետ լինելուց, շարունակ հրամայեմ նրան»։ Եվ զարմանքով մտածեցի այդ նույն պահին, թե ամենապարզ ու ակնհայտ մտքերը որքա՜ն ուշ են հասնում մեր գիտակցության։ Անհնար է, որ ծառաներ չլինեն աշխարհում, բայց այնպես արա, որ քո ծառան ավելի ազատ լինի ոգեպես, քան եթե ծառա լիներ նա։ Եվ ինչո՞ւ չեմ կարող իմ ծառայի ծառան լինեչլ և այնպես անել, որ նա նույնիսկ տեսնի այդ բանը՝ առանց իմ կողմից որևէ հպարտության և նրա կողմից անվստահության։ Ինչո՞ւ իմ ծառան հարազատի պես չլինի ինձ համար, այնպես որ ի վերջո նրան ընդունեմ իմ ընտանիքի մեջ և ուրախանամ այդպես անելով։ Մինչև իսկ այժմ իրագործելի է այս բանը, բայց այսօր դա կծառայի մարդկանց ապագա հոյակապ միավորման, երբ մարդն այլևս ոչ թե ծառա պիտի փնտրի իր համար և ոչ թե պիտի ցանկանա ծառա դարձնել իր նման մարդկանց, ինչպես այժմ, այլ ընդհակառակն՝ ինքը իր ամբողջ էությամբ պիտի ձգտի ծառա դառնալ բոլորին, կատարելով պատվիրանն ավետարանի։ Ու մի՞թե երազ է այն, որ ի վերջո մարդն իր ուրախությունը գտնի լուսավորման ու գթասրտության արի գործեր կատարելու մեջ, և ոչ թե դաժան հաճույքների՝ որկրամոլության, անառակության, գոռոզության, սնապարծության և նախանձամտորեն իրար գերազանցելու, ինչպես այժմ։ Հաստատապես հավատում եմ, որ երազ չէ այդ, և որ մոտ է ժամանակը։ Ծիծաղում են ու հարցնում՝ ե՞րբ է գալու ժամանակն այդ և գալո՞ւ է արդյոք։ Իսկ ես մտածում եմ, որ մենք, օգնությամբ Քրիստոսի, ի կատար կածենք գործն այդ վսեմ։ Եվ որքա՜ն գաղափարներ են եղել երկրի վրա, մարդկային պատմության մեջ, գաղափարներ, որոնք մինչև իսկ տասը տարի առաջ աներևակայելի լինելով՝ հանկարծ ի հայտ են եկել, երբ հասել է խորհրդավոր ժամանակը դրանց, ու տարածվել են ամբողջ երկրի երեսին։ Այդպես և պիտի լինի մեզ մոտ, ու պիտի ճառագե աշխարհին ժողովուրդը մեր, և պիտի ասեն մարդիկ, «Քարն այն, որ մերժել էին հիմնադիրները, դարձավ անկյունաքարը կառույցի»։ Իսկ հեգնողներին կարող ենք հարց տալ. եթե երազ է ձգտումը մեր, ապա դուք ինքներդ ե՞րբ պիտի բարձրացնեք ձեր կառույցը և արդար գոյավիճակ ստեղծեք՝ լոկ բանականությամբ ձեր, առանց Քրիստոսի։ Եվ եթե պնդում էլ են նրանք, թե իրենք են, որ առաջ են գնում դեպի միավորումը մարդկանց, ապա նրանցից լոկ ամենապարզամիտներն են, որ ճշմարտապես հավատում են այդ բանին, այնպես որ նույնիսկ կարելի է զարմանալ այդ պարզամտության վրա։ Հիրավի, նրանք ավելի են հրապուրվում ցնորական երազանքներով, քան մենք։ Մտածում են արդար գոյավիճակ ստեղծել, բայց, մերժելով Քրիստոսին, ի վերջո արյամբ են ողողելու աշխարհը, վասնզի արյունն արյուն է բերում, և սուր բարձրացնողը սրով պիտի ընկնի։ Եվ եթե չլիներ խոստումը Քրիստոսի, այդպես էլ կբնաջնջեին իրար՝ մինչև վերջին երկու մարդն ի վերա երկրի։ Այս վերջին երկու մարդն ևս, անսալով իրենց հպարտության, չէին կարողանա զսպել միմյանց, այնպես որ վերջինը կոչնչացներ վերջընթերին, ապա և ինքնիրեն։ Եվ կկատարվեր այդպես, եթե չլիներ խոստումը Քրիստոսի, թե ի սեր խոնարհների ու հեզերի պիտի կարճեցվեն օրերն այդ։
 
Դեռ այն օրերին, երբ սպայական համազգեստը շարունակում էի հագնել իմ մենամարտից հետո, ծառաների մասին խոսեցի բարձրաշխարհիկ հասարակության մեջ, և հիշում եմ, որ բոլորը զարմացան իմ խոսքերի վրա. «Ինչ է,— ասացին,— բազմոցի վրա՞ նստեցնենք ծառային և թե՞յ մատուցենք նրան»։ Ու ես պատասխանեցի նրանց. «Իսկ ինչո՞ւ չանել և այդպես, թեկուզ երբեմն միայն»։ Բոլորը ծիծաղեցին հայնժամ։ Թեթևամիտ էր հարցը նրանց, իսկ պատասխանն իմ՝ տարտամ, բայց մտածում եմ, որ դրա մեջ որոշ ճշմարտություն կար։
==== է) Վասն աղոթքի, սիրո և այլ աշխարհների հետ հաղորդակցության ====
Վստահելի
1318
edits