Changes
/* ԻԱ․ գլուխ */
― Գուցե և լավ է, Տրեդլս, այդ բոլորը, ― ասացի ես։ ― Քանի շատ առաջ քշեն մի անպետք ձի, այնքան նա շուտ կսատկի։
― Անտարակույս, ― ասաց Տրեդլսը։ ==ԻԲ․ գլուխ== Ճանապարհիս վրա լույս է շողում Անգլիա վերադառնալս երկու ամիս կլիներ, և Ծննդյան տոներն արդեն մոտ էին։ Ագնեսին շուտ֊շուտ տեսնում էի։ Որքան էլ գրական հռչակս թնդար և ջանքերս կրկնապատկելու խրախուսեր, Ագնեսի մի թեթև գովասանքն ավելի էր վրաս ազդում, քան ամբողջ հասարակության դրվատանքը։ Շաբաթը գոնե մի անգամ, երբեմն էլ ավելի հաճախ, գնում էի Կենտըրբրի ու երեկոն նրա մոտ անցկացնում։ Սովոր էի գիշերները ձիով ետ գալ, որովհետև հին թախիծս դարձյալ սկսել էր ինձ պաշարել, մանավանդ, երբ հրաժեշտ էի առնում Ագնեսից․ ես զգում էի, որ ավելի լավ է ձի նստած դաշտ ու ձոր չափչփել, քան ներսը փակված՝ անցյալի տխուր հիշատակներով մորմոքվել։ Եվ շատ այդպիսի գիշերներ ձիու թամբի վրա լուսացրի, հին վշտերս նորոգելով, որոնք այնքան ինձ հալածել էին երկարատև բացակայության միջոցին։ Սակայն ճշմարտությունն ավելի լավ հայտնած կլինեմ, եթե ասեմ, թե այդ վշտերի միայն արձագանքն էր հասնում ինձ։ Նրանք ինձ հետ հեռվից էին խոսում։ Ես նրանց մերժել էի, հեռու քշել, կամ թե կամավ մի այնպիսի դիրք բռնել, որից փախչել չէր կարելի։ Երբ իմ նոր երկն էի կարդում Ագնեսին, երբ նրա ուշադիր աչքերն էի դիտում, նրա լալն ու խնդալը լսում, հոգով֊սրտով այն երևակայական աշխարհի հետ ձուլվելը տեսնում, որի մեջ ես ինքս էլ ապրում էի, անդադար մտածում էի՝ ի՞նչ կլիներ իմ վիճակը, եթե․․․ բայց միայն մտածում, ինչպես որ Դորայի հետ պսակվելիս այն կատարյալ կնոջ մասին էի մտածել, որի նման կցանկանայի որ ամուսինս լիներ։ Իմ պարտքը դեպի Ագնեսը, դեպի նրա քույրական սերը, որ չէի կարող վրդովել առանց թշվառ անձնասիրության մի անուղղելի քայլ գործելու․ իմ հասունացած համոզումը, թե ես ինքս եմ իմ բախտն ավիրել, թե ես եմ Ագնեսին ստիպել, որ նա ինձ՝ իմ թելադրած զգացումը նվիրի, թե ուրեմն ես գանգատվելու իրավունք չունեմ, այլ պարտավոր եմ միայն լռելու ցավ կրել ― սրանք էին մտքերիս ու վշտերիս առարկան։ Սակայն ես նրան սիրում էի և այն հույսով ինձ սփոփում, թե գուցե կգա մի օր, մի ժամ, երբ հնարավորություն կունենամ պարզերես հայտնելու նրան գաղտնիքս, ― մի հեռավոր ժամ, երբ ամեն բան անցած կլինի, և ես նրան կասեմ․ «Ագնես, ահա այս էր հոգուս վիճակը, երբ հայրենիք վերադարձա։ Այժմ ծերացել եմ, բայց այն օրից ի վեր քեզ սիրելուց չեմ դադարել»։ Նրա ընթացքի ու վարմունքի մեջ դեպի ինձ ոչ մի փոփոխություն չէր նշմարվում։ Ինչ որ միշտ էր, նույնն էլ այժմ էր․ ոչ ավելի ոչ պակաս։ Վերադարձիս օրից սկսած տատս ու ես խուսափել էինք այս նյութի մասին խոսելուց, չնայելով, որ լռելու պայման չէինք դրել, և երկուսս էլ ներքին բերումով դրա մասին էինք մտածում՝ առանց խոսքերով արտահայտելու մեր միտքը։ Երբ մեր հին սովորության համեմատ՝ երեկոյան կրակի առջև նստած էինք լինում, մեր մտքերը բնականաբար այդ նյութի վրա էին ամփոփվում, և մենք այդ գիտեինք, կարծես թե իրար հետ ազատ խոսած լինեինք։ Այնուանենայնիվ, երկուսս էլ միշտ լռություն էինք պահպանում։ Ես հավաստի էի, որ նա իմ միտքը կարդացել է, գոնե մասամբ կարդացել հենց առաջին երեկոյան, շատ էլ լավ հասկանում է, թե ինչո՞ւ այդ միտքը մի որոշ կերպով չեմ հայտնում։ Ծննդյան տոները հասել էին, բայց Ագնեսը դեռ ոչ մի բան չէր ասել ինձ։ Արդյոք սրտիս վիճակը հասկացե՞լ էր և վախենում էր վշտացնել ինձ, մի անկեղծ խոստովանություն անելով։ Այս կասկածը չարաչար տանջում էր ինձ։ Եթե ենթադրությունս ուղիղ է, մտածում էի, ուրեմն բերած զոհս ոչինչ է, և ես պարտքս չեմ կատարել դեպի նա։ Եթե մեր միջև իրոք մի այդպիսի պատվար կար, պետք էր հաստատ ձեռքով իսկույն խորտակել։ Մի ցուրտ, խստաշունչ ձմռան օր էր ― օ՜հ, որքան այդ օրն ինձ հիշելի է։ Մի քանի ժամ առաջ ձյուն էր եկել, որ այժմ գետնի երեսին պինդ սառած էր։ Հյուսիսային քամին փոթորկվում էր իմ պատուհանից երևացող ծովի վրա։ Հիշում էի նրա շառաչելը Զվիցերիայի ձյունապատ լեռներում, որ այդպիսի ժամանակ ոչ մի մարդ չէր համարձակվի ոտք դնել, և մտածում, թե ո՞րն էր ավելի ամայի ― լեռների սառնակո՞ւյտը, թե անապատ օվկիանոսը։ ― Արդյոք դուրս գնալո՞ւ ես, Տրոտ, ― ասաց տատս սենյակիս դռնից ներս նայելով։ ― Այո՛, տատիկ, ձիով պիտի Կենտըրբրի գնամ․ իսկ և իսկ ձիով ման գալու եղանակ է։ ― Կուզենայի, որ ձիդ էլ այդպես մտածեր, ― ասաց տատս։ ― Բայց նա ականջները կախ է արել դռան առջև․ անշուշտ լավ կհամարեր ախոռում մնալ։ Ի դեպ կասեմ, որ տատս իմ ձիուն թույլ էր տալիս նվիրական մարգագետնի վրայով անցնել, թեև էշերին դարձյալ զրկում էր այդ իրավունքից։ ― Փույթ չէ, տատիկ, նա շուտով կսթափվի, ― ասացի ես։ ― Գոնե նրա տերն, անշուշտ կսթափվի, ― նկատեց տատս, ― մտիկ անելով սեղանիս վրայի գրքերին։ ― Ա՜խ, որդյակ, չափից շատ ես աշխատում։ Առաջ գրքեր կարդալիս մտքովս էլ չէի անցկացրել, թե որքան դժվար է մի գիրք գրելը։ ― Երբեմն գիրք կարդալը ավելի դժվար է, սիրելի տատիկ։ ― Գրելը գոնե մի այնպիսի հրապույր ունի, որ ընթերցողին անհայտ է։ ― Այո՛, այո՛, ― ասաց տատս։ ― Փառք, գովասանք, համակրություն ստանալու տենչ և ո՞վ գիտե՝ էլ ինչ բաներ․ այնպես չէ՞։ Ինչ ասեմ ձեր խելքին։ Այդ ասելուն պես տատս ուսիս թեթև զարկեց և նստեց։ ― Մինչև այժմ մի նոր բան չիմացա՞ր, տատիկ, ― ասացի ես մոտենալով նրան, ― ․․․ մի նոր բան Ագնեսի սիրային հակման մասին։ Տատս անքթիթ նայեց ինձ և ասաց․ ― Կարծեմ մի բան իմացել եմ, Տրոտ։ ― Եվ առաջվա ենթադրությունդ հաստատվո՞ւմ է, ― հարցրի ես։ ― Կարծեմ, այո՛։ Եվ նա շարունակեց մի այնպիսի կասկածով, կարեկցությամբ ու գորովով վրաս նայել, որ ես դժվարացա զվարթերես երևալ նրան։ ― Եվ բանն այս է, Տրոտ, որ․․․ ― ասաց տատս։ ― Որ ի՞նչ։ ― Որ Ագնեսը, կարծեմ, մարդու է գնում։ ― Աստված նրան բախտ շնորհի, ― ասացի ես զվարթ սրտով։ ― Աստված օրհնի Ագնեսին, ― ասաց տատս։ ― Նրա մարդուն էլ աստված օրհնի։ ― Ամեն։ Այս ասելով ես տատիս մնաս բարով մաղթեցի, սադուղքից արագ ներքև իջա, ձին հեծա ու նույն րոպեին ճանապարհ ընկա։ Այժմ ավելի հիմք ունեի որոշումս կատարելու, քան առաջ։ Որքան լավ եմ մտաբերում այդ ձմեռվա արշավը․ ― հողմահար ձյունը ուղիղ երեսիս էր խփում, կոշտ ճանապարհի վրա տրոփող ձիուս սմբակները թնդում էին․ արագ պտտվող ձյունը դիզվում էր փոսերի մեջ․ խոտաբարձ սայլեր քաշող քրտնած ձիերը կանգ էին առնում բլուրների գլխին բոժոժները հնչեցնելով․ մթագույն հորիզոնի վրա տարածվել էին սարերի սպիտակ գագաթներն ու կողերը, որոնք կարծես կավճով գծված լիեին մի հսկայական քարետախտակի երեսին։ Ագնեսին մենակ գտա։ Նրա սանիկները տոնի պատճառով արձակված էին, և նա վառարանի մոտ մենակ կարդում էր։ Ներս մտնելս տեսնելուն պես նա գիրքը ցած դրեց և սովորական ողջյունից հետո ձեռագործը վերցնելով, պատուհանի խոռոչում նստեց։ Նրա մոտ նստեցի, և սկսեցինք զրուցել, թե ի՞նչ եմ անում, ե՞րբ կվերջացնեմ իմ երկը, որքա՞ն եմ առաջ գնացել վերջերս։ Ագնեսը շատ զվարթ էր և ծիծաղելով գուշակում էր, թե շուտով այնքան կհռչակվեմ, որ հասարակ բաների մասին հետս խոսելու հնալ էլ չի լինի։ ― Այդ պատճառով էլ, ― ասաց Ագնեսը, ― ինչպես տեսնում եք, շտապում եմ ժամանակից օգուտ քաղել և ձեզ հետ խոսել, քանի որ դեռ կարելի է։ Մինչ մտիկ էի անում նրա չքնաղ երեսին, որ ձեռագործի վրա էր կախված, նա գողտրիկ աչքերը բարձրացնելով նկատեց, որ ես դիտում եմ իրեն։ ― Այսօր շատ մտածկոտ եք երևում, Տրոտուդ։ ― Ասե՞մ, Ագնես, թե ինչ բանի մասին եմ մտածում։ Հենց դրա համար էլ եկել եմ։ Նա ձեռագործը մի կողմ դրեց, ինչպես սովոր էր անել, երբ մի կարևոր խնդիր էինք քննում, և ամբողջ ուշադրությունը վրաս ամփոփեց։ ― Ազնիվ Ագենս, մի՞թե դեպի ձեզ անկեղծ լինելս կասկածելի է ձեր աչքում։ ― Ամենևին, ― ասաց նա, ապշությամբ վրաս նայելով։ ― Հիշո՞ւմ եք, որ երբ հայրենիք ետ եկա, իսկույն փորձեցի պատմել ձեզ, թե որքան եմ ձեզ պարտական, սիրելի Ագնես, և որքան եմ ձեզ նվիրված։ ― Լավ եմ հիշում, ― հեզությամբ պատասխանեց Ագնեսը։ ― Դուք մի ինչ֊որ գաղտնիք ունեք։ Հայտնեցեք ինձ, սիրելի Ագնես։ Ագնեսը դողաց։ ― Անկարելի էր, որ վաղ թե ուշ չիմանայի․․․ թեև զարմանալի է, չէ՞ Ագնես, որ ուրիշից եմ իմանում, և ոչ թե ձեզանից․․․ թե մեկը կա, որին ձեր սիրո գանձը նվիրել եք։ Ինչո՞ւ եք ինձնից մի այդպիսի բան թաքցնում, որ այնքան կապված է ձեր բախտի հետ։ Եթե կարող եք ինձ հավատալ, ինչպես որ միշտ ասել եք, թույլ տվեք ինձ ձեր եղբայրը, ձեր ընկերը լինել, մանավանդ այդ դեպքում։ Նա մի աղերսական, համարյա թե կշտամբական հայացք նետեց իմ վրա ու վերկացավ․ բայց մի քանի շտապ քայլ անելուց հետո՝ ասես առանց իմանալու, թե ուր գնա, ձեռքերով երեսը ծածկեց և սկսեց այնպես հեկեկալ, որ ես մինչև սրտիս խորքը ցնցվեցի։ Բայց և այնպես նրա լացը սրտիս մեջ հուսո նման մի բան շարժեց։ Առանց իմ գիտության՝ նրա արտասուքը հիշողությանս մեջ հաստատված այն քաղցր ու տրտում ժպիտի հետ կապվեց, որ իմ հոգուն ավելի շատ խրախույս էր ազդել, քան թե երկյուղ կամ վիշտ։ ― Ագնե՜ս։ Քույրի՜կս։ Հոգյա՜կս։ Ի՞նչ արի ձեզ։ ― Թողե՛ք, Տրոտուդ, հեռանամ։ Փոքր֊ինչ տկար եմ, այլայլված եմ․․․ մի ուրիշ անգամ։ Ես ձեզ կգրեմ։ Այժմ հետս ոչ մի խոսք։ Աղաչում եմ, մի խոսեք։ ― Ագնես, ես չեմ կարող այդ դրության մեջ թողնել ձեզ ու մտածել, թե ես եմ դրա պատճառը։ Սիրելի աղջիկ, անգին ընկեր, որից ավելի թանկ բան այս աշխարհում ես չունեմ, եթե անբախտ եք, թույլ տվեք, որ ես էլ ձեր անբախտությանը մասնակցեմ։ Եթե մի խորհուրդ կամ օգնություն է հարկավոր ձեզ, թույլ տվեք, որ հասցնելու փորձ անեմ։ Եթե իրոք ձեր սիրտը որևէ բեռով ճնշված է, թույլ տվեք փորձեմ թեթևացնել այդ բեռը։ Ես ո՞ւմ համար եմ այժմ ապրում, Ագնես, եթե ոչ ձեզ համար։ ― Օ՜հ, գթացեք ինձ․․․ Ես լավ չեմ․․․ Մի ուրիշ անգամ․․․ Այդքանը միայն հասկացա նրա կցկտուր խոսքերից։ Մի՞թե դարձյալ սխալվում էի և կամ թե եսասիրոթյո՞ւնս էր, որ դրդում էր ինձ մոլորվել։ Թե, ընդհակառակն, այդ բոլորի մեջ մի հուսո նշույլ, մի այնպիսի ավետիք կար, որի մասին փոքր֊ինչ առաջ մտածել անգամ չէի հանդգնի։ ― Պիտի խոսեմ։ Ես չեմ կարող ձեզնից այսպես բաժանվել։ Ի սեր աստծո՝ այս բոլոր տարիներից հետո, այսքան դեպքերից հետո թող այլևս մեր միջև թյուրիմացություն չմնա։ Ասելիքս անկեղծ կասեմ։ Եթե դուք գեթ մի թեթև կասկած ունեք, թե ես կնախանձեմ այն մարդուն, որին բախտավոր պիտի անեք, թե ես չեմ կարողանա ձեր իսկ ընտրած արժանավոր պաշտպանի ձեռքում ձեզ տեսնել, թե չեմ կարողանա իմ հեռավոր անկյունից ձեր երկուսի երջանկության գոհ սրտով վկա լինել, ― այդ կասկածը փարատեցեք, որովհետև դա արդար չէ։ Կրած վշտերս զուր չէին։ Ձեր դասերը զուր չեն անցել։ Իմ զգացման մեջ դեպի ձեզ եսականություն չկա։ Այժմ Ագնեսը հանգիստ էր։ Փոքր֊ինչ հետո գունատ երեսը դեպի ինձ դարձրեց և թեպետ մեղմ ու կցկտուր, բայց լիովին պարզ ձայնով ասաց․ ― Տրոտուդ, ձեր ազնիվ ու մաքուր բարեկամությունը․․․ որի մասին իրոք երբեք չեմ կասկածել․․․ վրաս պարտք է դնում ասելու, թե սխալվում եք։ Անկարող եմ սրանից ավելի բան ասել։ Եթե այս տարիների ընթացքում երբեմն օգնության ու խորհրդի կարոտ եմ եղել, դրանք ինձ հասել են։ Եթե երբեմն դժբախտ եմ եղել, այդ զգացումն արդեն անցել է։ Եթե երբևէ սրտիս վրա մի բեռ եմ ունեցել, արդեն թեթևացել է։ Եթե ունեցել եմ մի գաղտնիք․․․ արդեն նոր չէ, և համենայն դեպս, ոչ թե այն․․․ որ դուք եք ենթադրում։ Ես չեմ կարող ո՛չ հայտնել այդ, ո՛չ էլ ուրիշին մասնակից անել։ Վաղուց արդեն դա իմն էր և միշտ իմը կմնա։ ― Ագնես։ Սպասեցեք։ Միայն մի վայրկյան։ Ուզում էր հեռանալ․ ես նրան բռնեցի ու մեջքը գրկեցի։ «Եթե այս տարիների ընթացքում»․․․ «Արդեն նոր չէ»․․․ Հոգուս մեջ նոր մտքեր ու հույսեր փոթորկվեցին, և կյանքիս բոլոր գույները զվարթացան։ ― Անգին Ագնես, իմ պաշտելիս, իմ հարգելիս․․․ ես քեզ հոգով֊սրտով սիրում եմ։ Այս առավոտ այստեղ գալիս կարծում էի, թե աշխարհումս ոչ մի ուժ այս խոստովանությունը չի կորզի ինձնից, կարծում էի, թե մինչև մեր երկուսիս ծերանալը սրտիս խորքում պահված կմնա։ Սակայն, Ագնես, եթե այժմ իմ մեջ մի նոր հույս ծագեց, թե կարող եմ այնուհետև մի ուրիշ անուն․․․ քրոջից տարբեր անուն տալ ձեզ։ ― Ագնես, առաջնորդս, ամենից լավ ապավենս։ Եթե ձեր մասին ավելի մտածած լինեիք, քան թե իմ, երբ մենք միասին այս տանն էինք աճում, իմ շրջմոլիկ երևակայությունը հարկավ ձեզնից չէր հեռանա։ Բայց դուք այնքան ինձնից լավ էիք, այնքան կարևոր ինձ համար՝ բոլոր մանկական խաղերիս ու վշտերիս մեջ, որ ամեն բանում ձեզ հավատալը, ամեն դեպքում ձեզ դիմելը ինձ համար երկրորդ բնություն էր դարձել, և այդ բնությունը առժամանակ փոխարինեց իմ առաջին, ավելի վսեմ ու ավելի լավ բնույան, որով ես ձեզ սիրում էի, ինչպես որ ահա հիմա եմ սիրում։ Այժմ էլ Ագնեսը լալիս էր, բայց նրա աչքերից հոսողը տրտմության արտասուք չէր, այլ խնդության։ Եվ ես ամուր գրկեցի նրան, ինչպես որ երբեք չէի գրկել, չէի էլ երազել գրկելու։ ― Երբ որ սիրում էի Դորային․․․ սրտանց սիրում, ինչպես որ դուք էլ լավ գիտեք․․․ ― Այո՛, այո՛, ― գոչեց Ագնեսը եռանդով։ ― Շատ ուրախ եմ, որ գիտեմ։ ― Դորային անգամ սիրելիս, սերս թերի կլիներ՝ առանց ձեր համակրության։ Այդ համակրությունը վայելում էի, և դրանով երջանկությունս լրանում էր։ Եվ երբ Դորային կորցրի, ինչ կդառնայի առանց ձեզ, Ագենս։ Եվ ես դեռ նրան գրկած էի, ավելի ամուր սեղմելով սրտիս․ նրա ձեռքն ուսիս վրա դողում էր և քաղցրիկ աչքերը արտասուքի միջից վրաս էին նայում։ ― Սիրում էի ձեզ, անգին Ագնես, երբ արտասահման գնացի։ Այնտեղ էլ շարունակում էի ձեզ սիրել։ Վերադարձա, և դարձյալ նույն սիրով լի եմ։ Եվ այժմ սկսեցի սրտիս ներքին մաքառումն ու վերջնական հետևանքը Ագնեսին պատմել։ Փորձեցի միանգամայն հոգիս բանալ և ոչ մի բան չծածկել։ Ջանացի պարզել, թե որքան էի աշխատել ավելի լավ ճանաչել նրան, նույնպես և ինձ․ թե ինչպես էի որոշել մինչև վերջը հնազանդ մնալ իբր թե անսխալ համոզմանս և այդ իսկ մտքով նրա մոտ եկել նույն օրը։ Եթե նա ինձ այնպես է սիրում (ասացի), որ պատրաստ է ամուսինս դառնալ, ապա ուրեմն այդ բախտին արժանանալու միակ պատճառը ոչ թե իմ արժանիքը կլինի, այլ երկար վշտով հասունացած՝ իմ ճշմարիտ, ամուր սերը։ Դա է, որ ինձ հարկադրեց ամեն բան խոստովանել։ Եվ այդ իսկ րոպեին, Ագնես, պայծառ աչքերիդ միջից մանուկ֊կնոջս ազնիվ ոգին էր վրաս նայում, հավանություն շնորհելով ինձ ու հրավիրելով քո մեջ գտնել ամենաքնքուշ հիշատակն այն Ծաղկի, որ թառամել էր կոկոնում։ ― Երջանիկ եմ, Տրոտուդ․․․ սիրտս այնպես լցված է․․․ բայց մի բան կա, որ պիտի ասեմ։ ― Ի՞նչ բան, հոգյակ։ Եվ նա ձեռքերն ուսիս դնելով, հանդարտ նայեց երեսիս։ ― Չե՞ս գուշակում, թե ի՞նչ է։ ― Ո՛չ, Ագնես։ Վախենում եմ բան գուշակել։ Ինքդ ասա, հոգյակ իմ։ ― Ես քեզ միշտ սիրել եմ։ Օ՜հ, մենք երջանիկ էինք, երջանիկ։ Մեր փորձանքներն անցել էին, և մենք միասին լալիս էինք, բայց ոչ թե նրանց հիշելուց, այլ այսպես իրար պատկանելու, այլևս երբեք չբաժանվելու բերկրանքից։ Այդ ձմռան երեկոյին դաշտ ելանք զբոսնելու։ Բնությունը կարծես թե դաշնակցում էր մեր սրտում տիրող երանավետ անդորրությանը։ Ջինջ երկնքում աստղիկներ սկսեսցին շողալ, և մենք նրանց նայելով, փառք էինք տալիս աստծուն, որ մեզ այս տենչալի հանգստյանն էր հասցրել։ Գիշերը որ իջավ արդեն կանգնած էինք հին պատուհանի խորշիկում։ Ագնեսը խաղաղ նայում էր լուսնին․ ես հետևում էի նրա հայացքին։ Այն ժամանակ մտքիս առջև մի շատ երկար ճանապարհ բացվեց, և ես տեսա մի լքյալ, անտեր պատառոտուն, հոգնած տղա, որ գալիս էր մի սիրտ գտնելու, մինչև անգամ այն սիրտը, որ այժմ իմի հետ միասին էր թնդում։ Հետևյալ օրը ընթրիքի դեմ, միասին երևացինք տատիս աչքին։ Պեգգոտին ասաց, թե տատիկը սենյակումս է, թե նա պարծանք է համարում միշտ ինձ համար մաքուր պահել այդ սենյակը։ Գտանք նրան վառարանի առջև նստած, ակնոցը քթին։ ― Աստված իմ, ասաց նա, մեր կողմն անշարժ նայելով։ ― Այդ ո՞ւմ ես տուն բերել, Տրոտ։ ― Ագնեսին, ― ասացի ես։ ― Որովհետև որոշել էինք շատ բան չասել սկզբում, տատս փոքր֊ինչ շփոթվեց։ «Ագնես» անունը լսելուն պես նա իմ վրա մի հուսալից ակնարկ նետեց, բայց տեսնելով, որ ես սովորականի պես հանգիստ եմ, ակնոցը զայրույթով հանեց ու նրանով քիթը շփեց։ Այնուամենայնիվ, նա Ագնեսին շատ սիրալիր ընդունեց, և բոլորս միասին լուսավոր սեղանատունն իջանք ընթրելու։ Տատս երկու֊երեք անգամ ակնոցը քթին դրեց ինձ նորից դիտելու, բայց այդքան անգամ էլ դժգոհ֊դժգոհ ներքև քաշեց ու նրանով քիթը շփեց, ի մեծ այլայլումն մր․Դիկի, որ լավ նշան չէր համարում այդ շարժումը։ ― Ի դեպ, տատիկ, ― ասացի ես ընթրիքից հետո, ― արդեն խոսել եմ Ագնեսի հետ այն ձեր ասած բանի մասին։ ― Եվ վատ ես արել, Տրոտ, որ տված խոսքդ չես պահել, ― ասաց տատս կարմրելով։ ― Հո չբարկացա՞ր, սիրելի տատիկ։ Հավաստի եմ՝ չես բարկանա, եթե իմանաս, որ Ագնեսը իր հակման մեջ անբախտ չէ։ ― Հիմար֊հիմար դուրս մի տուր, Տրոտ, ― գոչեց տատս։ Նրա դժգոհությունը սաստկացել էր․ ուրեմն լավ էր դրան միանգամից վերջ դնել։ Ես աջս Ագնեսին մեկնեցի, և մենք երկուսս էլ տատիս նստած բազկաթոռին մոտենալով, նրա առջև չոքեցինք։ Տատս մեր այդ դիրքը տեսնելուն պես ձեռքերն իրար զարկեց և ջղերի հարված ստացավ՝ առաջին ու մեկ ջղային հարվածը իր կյանքում, ինչքան որ ինձ հայտնի էր։ Ջղերի հարվածի հետ Պեգգոտին էլ հասավ։ Միևնույն րոպեին տատս սթափվեց, Պեգգոտիի վզովն ընկավ, նրան հիմար պառավ անվանեց ու ամբողջ ուժով նրան գրկեց։ Հետո գրկեց մր․ Դիկին (որ թեև այդ պատվից շատ գոհ էր, բայց և անչափ շվարած)․ հետո երկուսին էլ իր վարմունքի պատճառը հայտնեց։ Եվ մենք բոլորս ուրախացանք։ Ոչ մի ժամանակ ես հնար չունեցա իմանալու, թե արդյոք տատս, վերջին անգամ ինձ հետ խոսելիս, մի բարեմիտ խաբեությո՞ւն բանեցրեց, թե՞ իրոք հոգուս վիճակին անգետ էր։ «Իմ ասացծը միայն սա էր», կրկնում էր նա ինձ, «թե Ագնեսը պատրաստ է մարդու գնալ։ Դու ինքդ այժմ ինձնից ավելի լավ գիտես այդ»։ Ագնեսն ու ես երկու շաբաթից հետո ամուսնացանք։ Մեր համեստ հարսանիքին ներկա էին միայն Տրեդլսն ու Սոֆին, դոկտոր Ստրոնգն ու նրա կինը։ Մենք նրանց շատ ուրախ թողինք և նույն գիշերը կառք նստելով հեռացանք։ Ես գրկումս ամուր բռնել էի կյանքիս բոլոր սուրբ ներշնչումների աղբյուրը, նույն իսկ եսիս կենտրոնը, կյանքիս շրջանակը, իմ․․․ իմ, իմ կնոջը, որին սիրում էի ժայռի վրա հաստատված սիրով։ ― Սիրելի ամուսինս, ― ասաց Ագնեսը, ― այժմ, երբ կարող եմ քեզ այս անունը տալ, էլի քեզ մի բան ունեմ ասելու։ ― Ի՞նչ բան, հրեշտակ իմ։ ― Մի բան, որ ծագում է Դորայի մահվան գիշերից։ Նա քեզ խնդրե՞լ էր, որ ինձ իր մոտ կանչես։ ― Այո՛։ ― Այն գիշերը նա ինձ ասաց, թե մի բան է ավանդում ինձ։ Կարո՞ղ ես գուշակել թե ինչ։ Կարծում էի, թե կարող եմ, և այդ պատճառով ավելի ամուր գրկեցի կնոջս, որ սիրել էր ինձ այնքան երկար ժամանակից ի վեր։ ― Նա ինձ ասաց, թե մի վերջին խնդիր ունի և մի վերջին պարտք է դնում իմ վրա։ ― Եվ ի՞նչ պարտք․․․ ― Որ այս պարապ տեղը միայն ես բռնեմ։ Եվ Ագնեսը իր գլուխը կրծքիս դրեց ու լաց եղավ։ Ես էլ նրա հետ լաց եղա, թեև երկուսս էլ երջանիկ էինք։ ==ԻԳ․ գլուխ== Մի այցելու Ինչ որ մտքիս դրել էի պատմելու, համարյա թե պատմեցի, բայց դարձյալ մի նշանավոր դեպք կա, որ միշտ սիրով հիշում եմ։ Պետք է դա էլ արձանագրել, եթե ո՛չ հյուսած ոստյանիս մի թելի ծայրը դուրս կմնա։ Գրական համբավս ու նյութական կարողությունս առաջ էին գնացել․ ընտանեկան երջանկությունս կատարյալ էր․ արդեն տասը տարի է, որ բարեբախտ ամուսնական կյանք էի վարում։ Ագնեսն ու ես մի գարնան երեկո մեր Լոնդոնի տանը վառարանի մոտ նստած էինք, և մեր երեք մանուկները սենյակի մեջ խաղում էին, երբ սպասավորն ինձ իմաց տվեց, թե մի անծանոթ մարդ է եկել ինձ տեսնելու։ Հարցրել են նրան, գործո՞վ է եկել, և նա ասել է, թե ոչ, այլ եկել է միայն ինձ տեսնելու, այն էլ մի հեռավոր տեղից։ Սպասավորիս ասելով՝ մի ծեր մարդ էր և մշակի նման։ Այդ խորհրդավոր լուրը փոքր֊ինչ վրդովեց մանուկներին, որովհետև նրանց միտքը ձգեց մոր պատմած հեքիաթի սկիզբը, ուր մի չարասիրտ վհուկ էր երևալու։ Մեր տղաներից մեկը վտանգից ազատվելու համար գլուխը մոր գոգնոցի մեջ թաքցրեց, իսկ փոքրիկ Ագնեսը (անդրանիկը), տիկնիկը իր աթոռի վրա թողնելով, պատուհանի վարագույրի հետևը մտավ՝ այնտեղից ոսկեհեր գլուխը տնկելով՝ սպասելու, թե արդյոք ի՞նչ կպատահի։ ― Ներս հրավիրեցեք, ― ասացի ես։ Դուռը բացվելուն պես շեմքի վրա մի հուժկու, ալևոր մարդ երևաց։ Ագնեսիկը, եկվորի գրավիչ դեմքով քաջալերված՝ նրա կողմը վազեց, և մինչ ես նրա երեսը դիտելու վրա էի, կինս հանկած տեղից թռավ և ուրախ ձայնով աղաղակեց, թե մր․ Պեգգոտին է։ ― Այո՛, մր․ Պեգգոտին էր, այժմ շատ ալևոր, բայց կարմրայտ, ուժեղ, զվարթ ծերունի։ Մեր առաջին հուզումից հետո նա վառարանի մոտ նստեց ու մեր փոքրերին իր ծնկների վրա նստեցրեց։ Կրակի լույսը նրա դեմքին փայլ էր տալիս․ նա մի քաջառույգ, զորեղ, նույնիսկ սիրուն ծերունի էր, որի նմանը դեռ օրումս չէի տեսել։ ― Մաստր Դեվի․․․ ― ասաց նա։ Եվ հին բարեկամիս արտասանած հին անունը շատ քաղցր հնչեց ականջիս։ ― Ահա, մաստր Դեվի, աստված ինձ արժանի արեց էլի մի անգամ ձեզ տեսնելու, այն էլ ձեր պատվական կնոջ հետ։ Այս ի՞նչ ուրախալի րոպե է։ ― Իրավ, որ ուրախալի, հին բարեկամ, ― գոչեցի ես։ ― Եվ այս ինչ սիրուն երեխաներ են, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Ամեն մեկը մի ծաղիկ։ Չես կշտանա նայելուց։ Մաստր Դեվի, դուք այս փոքրից էլ փոքր էիք, երբ առաջին անգամ ձեզ տեսա։ Էմլին էլ մի պստլիկ բան էր, իսկ մեր խեղճ տղան․․․ աստված հոգին լուսավորի․․․ դեռ մի փոքրիկ գաճաճ էր, ուրիշ ոչինչ։ ― Ժամանակն ինձ ավելի է փոխել, քան թե ձեզ, մր․ Պեգգոտի, ― ասացի ես։ ― Բայց այս չար ձագուկները թող գնան քնեն։ Որտե՞ղ են ձեր հակերը, բարեկամ, իսկույն կասեմ, որ բերեն։ Ամբողջ Անգլիայում ամենից առաջ այս տան պարտքն է ձեզ ընդունել։ Առաջվա սև պայուսակը, որ այնքան ձեզ հետ միասին թափառել էր, էլի կա՞։ Թող բոլորն էլ մեր տունը բերեն։ Իսկ մենք, առժամանակ, մի֊մի բաժակ Յարմաութի գրոգ անուշ կանենք և տասը տարվա բաների մասին կխոսենք։ ― Մենա՞կ եք, ― հարցրեց Ագնեսը։ ― Այո՛, տիկին, ― ասաց մր․ Պեգգոտին, նրա ձեռքը համբուրելով, ― մեն֊մենակ։ Նստեցրինք նրան մեր միջև ու չգիտեինք, թե ինչպե՞ս փայփայենք։ Նրա վաղածանոթ ձայնին ականջ դնելիս, ինձ թվում էր, թե ծերունին դարձյալ շարունակում է թափառել ու թոռնիկին որոնել։ ― Այն ինքան ջուր պետք էր անցնել, որ մի քանի շաբաթով այստեղ գայի, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Բայց ջուրը, մանավանդ երբ աղի է, ինձ համար մի նոր բան չէ, և ահա ես ծովեր անցա, ձեզ տեսնելու արժանացա․․․ Տեսեք, ոտանավոր է, ― ասաց մր․ Պեգգոտին, ինքն էլ զարմացած իր գյուտից, ― բայց, հավատացեք, ինքն իրեն եղավ։ ― Եվ մտադիր եք այդ ջրերն ու ծովերը նորի՞ց այդպես շուտով անցնել, ― հարցրեց Ագնեսը։ ― Այո՛, տիկին, ― ասաց ալևորը։ ― Հենց մեկնելիս այդպես եմ խոստացել Էմլիին։ Ինքներդ տեսնում եք, որ տարիներն ինձ չեն ջահելացրել․ եթե այս անգամ չգայի, էլ երբեք չէի գա։ Բայց վաղուց սիրտս դեպի ձեզ էր քաշում, տիկին, շատ էի ուզում ձեր երջանիկ ընտանեկան կյանքը տեսնել։ Արդեն շատ եմ ծերացել։ Հիմի որ չգայի, ե՞րբ գայի։ Այնպես էր մտիկ անում մեզ, որ ասես նայելուց չէր կշտանում։ Ագնեսը ժպտալով ծերունու ճակատից ալիքների երկար փունջը հեռացրեց, որպեսզի նա ավելի լավ մեզ տեսնի։ ― Այժմ, մր․ Պեգգոտի, ― ասացի ես, ― ամեն բան պատմեցեք մեզ ձեր կյանքից։ ― Իսկապես պատմելու բան էլ չկա, մաստր Դեվի։ Հարստություն չենք դիզել, բայց մեր գործերը հաջող էին և հաջող են։ Պետք եղավ շատ աշխատել, քրտինք թափել։ Սկզբում բանը դժվար էր, հետո հեշտացավ։ Ոչխարներ բազմացրինք, եզ ու կովեր գնեցինք, դաշտ ու արտեր մշակեցինք, այս արինք, այն արինք, ու մեր ջանքերն աստված օրհնեց, ― ասաց մր․ Պեգգոտին և երկյուղածությամբ գլուխը կախեց։ ― Եվ այժմ մեր գործերը շատ լավ են։ Երբ մարդ սրտանց աշխատի, հաջողությունն ինքն իրան կգա։ ― Իսկ Էմլին ինչպե՞ս է, ― հարցրինք միասին Ագնեսն ու ես։ ― Գիշեր չի անցնի, տիկին, որ այնտեղ՝ մեր հեռավոր տնակում աղոթք անելիս ձեր անունը չհիշեր։ Մեր մեկնելու երեկոյան, այն արևի մայր մտնելու միջոցին, երբ մաստր Դեվին մեզ թողեց, Էմլին սաստիկ տխուր էր, և հավատացած եմ, որ եթե նա իմանար, ինչ որ մաստր Դեվին իմաստուն կերպով մեզնից թաքցրել էր, ― չէր դիմանա, կմեռներ․․․ Բայց նավի վրա խեղճ մարդիկ կային, հիվանդներ կային, և Էմլին սկսեց նրանց խնամել։ Երեխաներ էլ կային նավի վրա, նրանց էլ Էմլին իր հովանավորության տակ առավ։ Այսպես ուրիշների հետ զբաղվելով, ուրիշներին բարիք անելով, ինքն էլ քիչ֊քիչ իր վշտերից թեթևացավ։ ― Ե՞րբ լսեց նա խեղճ Հեմի մահվան գույժը, ― հարցրի ես։ ― Այդ գույժն առաջ ես առա, ու նրանից մի տարի ծածուկ պահեցի, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Այն ժամանակ մի լռիկ տեղ էինք ապրում, սիրուն֊սիրուն ծառերի միջև․ վարդի թփերը մեր տան կտրին էին հասնում։ Մի օր, մինչ ես արտում աշխատում էի, մեզ մոտ մի ուղևոր անգլիացի եկավ Նորֆոլկի՞ց, թե Սուֆոլկի՞ց, լավ չեմ հիշում․․․ մենք էլ նրան ընդունեցինք, կերակրեցինք, հարգեցինք։ Այդպես է մեր սովորությունը գաղութներում։ Օտարակնը մի հին լրագիր էր բերել իր հետ, որի մեջ այն մրրիկը մանրամասն նկարագրված էր։ Էմլին էլ բանի էությունը ահա այս թերթից իմացավ։ Երեկոյան, երբ տուն եկա, նա արդեն ամեն բան գիտեր։ Այդ խոսքերն ասելիս մր․ Պեգգոտին ձայնը մեղմացրեց, և նրա դեմքը լուրջ արտահայտություն ստացավ, որ ինձ այնքան ծանոթ էր։ ― Եվ այդ լուրը նրա վրա շա՞տ ազդեց, ― հարցրինք մենք։ ― Այո՛, շա՜տ, և ազդեցությունը գուցե այսօր էլ մնացել է, ― ասաց ծերունին, գլուխը շարժելով։ ― Բայց առանձնությունը նրա համար կարծեմ օգտակար է։ Գործ ասածդ անպակաս է ագարակում, միշտ պետք է հավերին նայել, ներսը դուրսը հավաքել, դրանով մարդուս վիշտն անցնում է։ Բայց, մաստր Դեվի, ― ասաց ալևորը տրտմությամբ, ― չեմ կարծում, որ ճանաչեիք Էմլիին, եթե այժմ տեսնեիք։ ― Մի՞թե այնքան փոխվել է։ ― Հավատացեք, չգիտեմ։ Ես ամեն օր նրան տեսնում եմ ու չեմ կարող նկատել, բայց երբեմն աչքիս փոխված է երևում։ Մարմինը թեթև ու նիհար է, ― շարունակեց մր․ Պեգգոտին, մտիկ անելով կրակին, ― այտերը գունատ, կապույտ աչքերը՝ տրտում, սիրուն գլուխը՝ փոքր֊ինչ կախ, ձայնը՝ հանդարտ, քայլերը՝ երկչոտ․․․ Այդպես է այժմ իմ Էմլին։ Լուռ դիտում էինք ծերունուն, մինչ նա ակնապիշ նայում էր կրակին։ ― Ոմանք կարծում են, ― ասաց նա, թե Էմլին մի անբախտ սեր է ունեցել․ ուրիշները, թե մահն է նրա պսակը քանդել։ Բայց բանի իսկությունը ոչ ոք չգիտի։ Նա կարող էր տասն անգամ մարդու գնալ, ուզողներ շատ կային․ «բայց չէ ապեր» ասում է նա «էլ ես մարդու չե՛մ գնա»։ Ինձ հետ միշտ զվարթ է, ուրիշների առջև զգույշ ու զգաստ։ Սիրում է հեռու տեղեր գնալ երեխաներին դաս տալու, հիվանդներին նայելու կամ թե հարսնացու աղջիկներին որևէ բանով օգնելու․ շատերին արդեն օգնել է, թեև ոչ մեկի հարսանիքին ինքը ներկա չի եղել։ Սրտանց սիրում է իր ապորը, համբերող է, մեծ ու փոքրին՝ սիրելի ու մանավանդ նրանց, ովքեր որ վշտակիր են, ― ահա այսպես է Էմլիս։ Ծերունին երեսը շփեց ու մի թեթև հոգոց հանելով, աչքերը կրակից շուռ տվեց։ ― Իսկ Մարթան դեռ ձեր մո՞տ է, ― հարցրի ես։ Մարթան հենց մեր գաղթելու երկրորդ տարին մարդու գնաց, մաստր Դեվի։ Մի ջահել մշակ, որ իր տիրոջ ագարակից սայլ նստած շուկա էր գնում մեր տան մոտով․․․ ճանապարհը ետ ու առաջ մի հինգ հարյուր մղոն կլինի․․․ հավանեց նրան և իսկույն ուզեց (մեր կողմերում կին ասածդ հազվագյուտ է)։ Մարթան խնդրում էր, որ իր ամբողջ պատմությունը ինչպես որ կա, տղային պատմեմ։ Պատմեցի։ Նրանք պսակվեցին և այժմ ապրում են իրենց սեփական ագարակում, մեր ագարակից չորս֊հինգ հարյուր մղոն հեռու, ուր բացի իրենց ձայնից ու թռչունների ծլվլոցից, ուրիշ ոչինչ չեն լսում։ ― Իսկ մրս․ Գըմի՞ջը, ― հարցրի ես։ Պետք է կարծել, որ այդ հարցը մի շատ զվարթ լարի դիպավ, որովհետև մր․ Պեգգոտին սաստիկ քրքջաց ու սկսեց իր ծնկները վերից վար շփել, ինչպես որ առաջ ուրախության րոպեներին սովոր էր անել Յարմաութի նավե տնակում։ ― Ինչ եք կարծում, նրան էլ ուզող գտնվեց, ― գոչեց մր․ Պեգգոտին։ ― Եթե մի նավի խոհարար, որ գաղթական է դարձել, իր աջն ու սիրտը մրս․ Գըմիջին առաջարկած չլինի, կախեցեք ինձ, մաստր Դեվի։ Սրանից ավել էլ ի՞նչ ասեմ։ Դեռ երբեք Ագնեսի այնքան զվարթ ծիծաղելը չէի տեսել։ Մր․ Պեգգոտիի անակնկալ ոգևորությունը նրան այնքան զվարճացրեց, որ չէր կարողանում ծիծղը բռնել, և որքան նա ավելի էր ծիծաղում, իմ ծիծաղն էլ շարժելով, այնքան էլ մր․ Պեգգոտին հափշտակվում էր ու ծնկներն ավելի ամուր շփում։ ― Ի՞նչ պատասխան տվեց մրս․ Գըմիջը, ― հարցրի ես, երբ որ փոքր֊ինչ հանգստացա։ ― Դժվար թե կարենաք այդ բանը գուշակել, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Փոխանակ պատասխանելու, ինչպես որ ընդունված է․ «Շնորհակալ եմ, պարոն, մեծ շնորհ եք անում ինձ, բայց այս հասակումս մտադիր չեմ կյանքիս վիճակը փոխել», ― մրս․ Գըմիջը ջրով լիքը դույլը վերցրեց ու խոհարարի գլխին հագցրեց։ Մարդն սկսեց չարաչար գոռալ ու կխեղդվեր, եթե ես վրա չհասնեի։ Մր․ Պեգգոտին նորից քրքրջաց․ մենք էլ նրան ընկերացանք։ ― Բայց պիտի ասեմ, ― շարունակեց նա, երեսի քրտինքը սրբելով, ― ինչ խոստում որ այդ պառավը մեզ տվել էր Անգլիայից մեկնելիս, այն ճիշտ կատարեց։ Այժմ աշխարհիս երեսին նրանից ավելի անձնվեր, նրանից հեզ, նրանից ազնիվ ու ջանասեր կին չեք գտնի։ Ոչ մի անգամ չլսեցի, որ տրտնջար ու փնթփնթար, թե անօգ է, մենակ է, և մինչև անգամ երբ նորեկ էինք գաղութում և ոչ մի ծանոթ չունեինք։ Իսկ ծերին գալով, հավատացեք, մաստր Դեվի, ոչ մի անգամ նրան չի հիշել, ինչ հեռացել է Անգլիայից։ ― Կցանկանայինք այժմ մր․ Միկաբրի մասին էլ բան լսել, ― ասացի ես։ ― Նա արդեն այստեղի բոլոր պարտքերը վճարել է․․․ մինչև անգամ Տրեդլսին տված մուրհակը, չէ՞, Ագնես։ Ուրեմն նրա գործերը հաջող կլինեն։ Կուզենայինք, սակայն, մի նոր բան իմանալ նրան մասին։ Մր․ Պեգգոտին մեղմ ժպտաց և իր աջը ծոցի գրպանը դնելով մի լավ ծալած ծրար դուրս բերեց ու միջից մեծ զգուշությամբ մի տարօրինակ լրագրի թերթիկ հանեց։ ― Իմացած եղեք, մաստր Դեվի, ― ասաց նա, ― որ մենք արդեն մեծ անտառը թողել ենք և Սիդլբեյ Հարբրում հաստատվել, որ քաղաքի պես մի բան է։ ― Իսկ առաջ մր․ Միկաբրն էլ ձե՞զ հետ էր։ ― Հարկավ, և երանի թե տեսնեիք՝ ինչ աշխատասեր էր։ Ես միշտ զարմացել եմ, մաստր Դեվի, որ նրա ճաղատ գլուխը չէր հալվում արևի տակ քրտնելիս։ Այժմ նա մեր դատավորն է։ ― Դատավո՞րը, ինչ եք ասում, ― գոչեցի ես։ Մր․ Պեգգոտին լրագրի մի անկյունը ցույց տվեց, և ես հետևյալը կարդացի «Port Middlebay Times»֊ում։ «Երեկ հյուրանոցի շքեզ դահլիճում տեղի ունեցավ մեր մեծանուն քաղաքակից և Միտլբեյ Հարբըրի ավագ դատավոր գերարգո Ուիլկինս Միկաբրի, Esguire<ref>Ըսքուայր ― ասպետների զինակից, պարոն, տեր։</ref> պատվին տրված հանդիսավոր հացկերույթը։ Դահլիճը հյուրերով լի էր։ Հաշված է, որ միայն մի սեղանի շուրջը ավելի քան քառասունութ պարոն ու տիկին էին նստած, բացի այն բազմությունից, որ սանդուղքի վրա ու նրբանցքի մեջ էր խռնվում։ Միդլբեյի հասարակության ամենից ընտիր, ամենից ազնիվ ու նուրբ մասը հավաքվել էր իր հարգանքը մատուցելու մեծահանճար ու ժողովրդական ջենտլմենին։ Կոչունքի գահերեցը դոկտոր Մելն էր (Պորտ Միդլբեյի միջնակարգ դպրոցի տեսուչ), և գերարգո հյուրը նրա աջ կողմն էր բազմած։ Սփռոցը հավաքելուց ու մեր ազգային Non Nobis֊ն երգելուց հետո (հարկ է ասել, որ այս օրհներգը հիանալի կերպով երգվեց, և քաղցր է մանավանդ հիշատակել, որ կրտսեր Ուիլկինս Միկաբրի Esguire զանգակի պես հնչող ձայնը բոլորին հիացրեց) կարգը հայրենասիրական բաժակներին հասավ, որոնք և ամենաջերմ հրճվանքով ընդունեցին։ Դոկտոր Մելը մի ոգեշունչ ճառ խոսեց՝ «Հարևշատության պանծալի հյուրի, որ քաղաքիս թագն ու զարդն է։ Թող նա իր բազմարդյունք գործերով մեր միջև այնքան փառավորվի, որ այլևս կարիք չզգա հեռանալու այս շրջանից»։ Այս կենացի հարուցած ոգևորությունն ու ցնծությունը նկարագրել անհնարին է։ Կեցցեների որոտմունքը օվկիանոսի ալիքների նման մեկ բարձրանում, մեկ իջնում էր։ Վերջապես ամեն բան լռեց, և ինքը՝ Ուիլկինս Միկաբրը, Esguire, ոտքի ելավ անձամբ շնորհակալություն հայտնելու։ Ցավում ենք, որ մեր թերթի տակավին թերի միջոցները չեն ներում ամբողջապես տեղադրել մեր կորովաբան քաղաքակցի հոյակապ պերճաբանության ողորկ ու սահուն ոճերը։ Հերիք է ասել, որ նրա ճառը հռետորական արվեստի մի գլուխ գործոց էր։ Քաջարի սրտերն անգամ արտասուքով լցվեցին, երբ ատենախոսն, իր ասպարեզի սկզբնակետը հիշելով, ունկնդիր բազմության երիտասարդ անդամներին հորդոր կարդաց՝ խորշելով֊խորշել դրամական պարտքեր անելուց, որոնք, եթե չվճարվեն, ծովածածուկ խութերի նման մահ կսպառնան անզգույշներին։ Հետո կենացներ առաջարկեցին ի պատիվ դոկտոր Մելի, մրս․ Միկաբրի (որ մի շնորհալի պատասխան տվեց ավագ դռան մոտից, ուր նորափթիթ գեղեցկուհիները մի հարդագողի ծիր էին կազմել աթոռների վրա՝ ականատես լինելու և փայլ տալու այդ շքեղ տեսարանին)․ Մրս․ Ռիջըր Բեգսի (նախկին միս Միկաբր), Մրս․ Մելի, Ուիլկինս Միկաբրի, Esguire, կրտսեր (որ ամենքի ծիծաղը շարժեց իր սրամիտ նկատողությամբ, թե ճառ ասելու ձիրք չունենալով, պատրաստ է իսկույն իր շնորհակալությունն երգով հայտնել). մր․ Միկաբրի ընտանյոց (որ ավելորդ է ասել՝ քաջածանոթ է մեր երկրում), և այլն, և այլն։ Հանդեսի վերջը, ասես թե դյութական թովչությամբ, բոլոր սեղաններն անհետացան, և պարող զույգերի համար արձակ ասպարեզ բացվեց։ Մինչև արևի առաջին ճառագայթները Տերփսիքորի<ref>Պարի մուսա</ref> երկրպագուները խայտացին ու կայթեցին և նրանց մեջ ամենից ավելի աչքի ընկան Ուիլկինս Միկաբրը, Esguire, կրտսերը, և դոկտոր Մելի չորրորդ դուստր՝ չքնաղագեղ միս Հելենան»։ Մինչ ես առանձին ուրախությամբ դոկտոր Մելի անունն էի հիշում, այն թշվառ մր․ Մելի, որ երբեմն իմ վերակացուն էր և արտաքսված էր մր․ Կրիկլի դպրոցից, մր․ Պեգգոտին ինձ լրագրի մի ուրիշ մասը ցույց տվեց, ուր կարդացի։ «Հռչակավոր մատենագիր՝ Դավիթ Կոպպերֆիլդին, Esguire. Սիրելի պարոն․ Տարիներ են անցել այն օրից, երբ ես վերջին անգամ աչքովս տեսա այն դեմքը, որի գծերն այժմ արդեն քաջ ծանոթ են քաղաքակիրթ աշխարհի մեծագույն մասի երևակայության։ Սակայն, թեպետ անվանելի դեպքերի բերմամբ (որոնք իմ կամքից անկախ էին), երիտասարդությանս բարեկամի անմիջական ընկերությունից զրկվել եմ, բայց և այնպես, սիրելի սըր, չեմ դադարել անքթիթ աչքով հետևել նրա հանճարի վերասլաց թռիչքին։ Եվ թեպետ մենք՝«Բաժանված ենք որոտակոչ ծովերով» (Բերնս) ես միշտ վայելել եմ այն առատ ու ճոխ մտավորական սնունդը, որ նա շնորհում է բոլորիս»։ Հետևաբար, այս խորհրդավոր րոպեին, երբ Եվրոպա է մեկնում ձեզ ու ինձ շատ հարգելի մի անձ, չեմ կարող, ազնիվ սըր, թե իմ և թե, համարձակ կասեմ․ ամբողջ Պորտ Միդըլբեյի հասարակության կողմից, ջերմագույն շնորհակալություն շառաչել ձեզ այն վսեմ հաճույքների փոխարեն, որ վայելում ենք ձեր շնորհիվ։ Դե, սիրտ առեք, սիրելի սըր։ Անծանոթ չեք այս երկրում․ ձեր հանճարը այստեղ ևս գնահատված է։ Թեև հեռացել ենք Անգլիայից, այնուամենայնիվ ո՛չ անզգա ենք, ինչպես ոմանք ասում են, ո՛չ անտարբեր, ո՛չ էլ բթամիտ։ Շարունակեցեք սավառնել ձեր արծվի թևերով։ Պորտ Միդըլբեյի բնակիչները չպիտի դադարեն ցնծությամբ, հիացմամբ ու հոգեշահ զմայլանքով դիտակն ի վեր մտիկ անել ձեր օդաչու վերաթևմանը։ Երկրագնդիս այս մասից այսպես վերամբարձ դեպի ձեզ ուղղված աչքերի մեջ՝ հանապաղ արթուն կմնա, քանի որ ունենա կյանք ու լույս, և այլն աչքը, որ պատկանում է Ուիլկիսն Միկաբր Դատավորին»։ Թերթի բովանդակության մյուս մասերն էլ աչքի անցկացնելով նկատեցի, որ մր․ Միկաբրը նրա մշտական եռանդուն աշխատակիցն է։ Միևնույն համարում տպված էր նրա ուրիշ նամակը մի կամրջի շինության մասին․ այդտեղ էլ հայտարարված էր, թե շուտով պիտի լույս տեսնի, երկրորդ տպագրությամբ, նրա նամակների մի հատոր ժողովածուն՝ «կարևոր հավելվածներով հանդերձ»։ Եթե չեմ սխալվում, լրագրի առաջնորդող հոդվածն էլ նրա գրչի արգասիքն էր։ Քանի որ մր․ Պեգգոտին մեր հյուրն էր, շատ անգամ նրա հետ խոսակցություն ունեցանք մր․ Միկաբրի մասին։ Հյուրը մի ամսի չափ մեր տանը մնաց։ Նրա քույրն ու տատս Լոնդոն եկան նրան տեսնելու։ Ագնեսն ու ես նավի վրա հրաժեշտ առանք նրանից․ հավանական է, որ այդ հրժեշտը վերջինը լինի այս աշխարհում։ Սակայն դեռ մեկնելուց առաջ՝ նա ու ես Յարմաութի հանգստարանը գնացինք այն շիրիմը տեսնելու, որ կանգնեցնել էի տվել խեղճ Հեմի գերեզմանի վրա։ Մինչ ես մր․ Պեգգոտիի խնդրանքով արտագրում էի պարզ տապանագիրը, նա կռացավ, գերեզմանի ծաղիկներից մի փունջ քաղեց, մի բուռ էլ հող վերցրեց։ ― Էմլիի համար, ― ասաց նա, բոլորը միասին ծոցը դնելով։ ― Խոստացել եմ նրան, մաստր Դեվի։