Changes
Իր նեղլիկ սենյակում Մարտինը քնում էր, սովորում, գրում, մտածում, տնտեսությամբ զբաղվում։ Սանդուղքին նայող միակ պատուհանի առաջ դրած էր մի խոհանոցային սեղան, որը ծառայում էր միաժամանակ և՛ իբրև գրասեղան, և՛ գրադարակ, և՛ գրամեքենայի սեղանիկ։ Հետևի պատին կպած մահճակալը գրավում էր սենյակի երկու երրորդը։ Սեղանի կողքին դրված էր զգեստի փոքրիկ պահարան, որը ինչպես երևում է, պատրաստել էին՝ ավելի շուտ եկամուտ ստանալու, քան գործածողի հարմարության համար․ նրա վրայի բարակ դրվագաթերթը բոլորովին կորացած էր։ Այդ պահարանը դրված էր մի անկյունում, իսկ մյուս անկյունում խոհանոցն էր՝ օճառի մի արկղ, որի վրա կար մի նավթավառ, իսկ մեջը պահվում էին ամանեղեն և խոհանոցային առարկաներ․ պատի վրա՝ դարակ մթերքի համար, դրա կողքին ջրի մի դույլ, սենյակում ջրի ծորակ չկար, և Մարտինը ստիպված էր խոհանոց գնալ ջրի համար։ Մարտինը մահճակալից վերև կախել էր հեծանիվը։ Սկզբում նա փորձեց պահել դա ներքևում, բայց երեխաները անմիջապես փչացրին կաուչուկի դողը, և հարկ եղավ անվտանգության համար հեծանիվը բերել սենյակ և առաստաղից կախել։
Մարտինը գիտեր շատ կերակուրներ, որոնք միաժամանակ և՛ սննդարար էին, և՛ էժան, իսկ նրա հզոր ստամոքսը մարսում էր ամեն բան։ Նրա հիմնական սնունդը բաղկացած էր սիսեռի ապուրից, կարտոֆիլից և դարչնագույն բակլայից՝ մեքսիկական եղանակով պատրաստված։ Օրական առնվազն մի անգամ նրա սեղանին լինում էր խաշած բրինձ՝ այնպես, ինչպես չէր կարող պատրաստել ոչ մի ամերիկացի տանտիկին։ Յուղի փոխարեն Մարտինն ուտում էր հաց ու եփած չիր, որը թարմ մրգից ավելի էժան էր։ Երբեմն նա այլազանություն էր մուծում իր ճաշի մեջ մի կտոր մսով կամ ոսկորներից պատրաստած ապուրով։ Օրական երկու անգամ նա սուրճ էր խմում առանց սերուցքի կամ կաթի, իսկ երեկոյան թեյ էր խմում և այդ երկու ըմպելիքներն էլ նա պատրաստում էր հիանալի։