Changes
/* Գլուխ երրորդ. Սև Դարպասը փակ է */
Գոլլումը սարդի պես սողաց դեպի խոռոչի եզրը, առանց գլուխը դուրս հանելու զգուշությամբ դուրս նայեց երկու քարերի արանքից և քարացավ՝ անշարժ, անձայն: Այդ ընթացքում ձայները սկսեցին հեռանալ, թուլանալ և վերջապես լռեցին: Մորանոնի պարսպի վրայից լսվեց եղջերափողի ձայնը: Գոլլումն անձայն վերադարձավ:
— Նորից մարդիկ են Մորդոր գնում,— ցածրաձայն ասաց նա,— սև դեմքերով մարդիկ: Մենք առաջ այդպիսի մարդկանց չենք տեսել, ոչ: Սմեագորլը չի տեսել այդպիսի դաժան մարդկանց: Նրանք սև աչքեր ունեն և երկար, սև մազեր, իսկ ականջներին՝ ոսկե օղակներ: Այո, այո, շատ ոսկի կա նրանց վրա, սիրուն ոսկի: Մի քանիսի այտերը կարմիր են ներկված: կարմիր թիկնոցներով, կարմիր դրոշներով, և նիզակների ծայրակալներն էլ են կարմիր: Իսկ վահանները կլոր են, դեղին ու սև, մեջտեղում՝ մեծ, սուր փշեր: Վատ մարդիկ են: Անմիջապես երևում է, որ չար են ու դաժան: Իսկ և իսկ օրքեր, միայն թե ավելի բարձրահասակ: Սմեագորլը կարծում է, որ նրանք հարավից են, Մեծ Գետի այն ծայրի երկրներից. նրանք հարավային ճանապարհով էին գալիս: Գնացին Սև Դարպասի կողմը, բայց հնարավոր է, որ նրանց հետևից էլի կգան: Անընդհատ մարդիկ են գնում Մորդոր: Մի օր նրանք բոլորը կհայտնվեն այնտեղ, և ոչ մեկ չի մնա:
— Իսկ նրանց հետ օլիֆանթներ չկա՞յին,— հետաքրքրվեց Սեմը, մոռանալով ամեն տեսակ վախ:
— Ոչ, ոչ մի օլիֆանտ էլ չկար... Իսկ ովքե՞ր են օլիֆանտները,— հարցրեց Գոլլումը:
Սեմը վեր կացավ, ձեռքերը դրեց մեջքին (նա միշտ այդպես էր անում, երբ «բանաստեղծություն էր ասում») և սկսեց.
<poem>
Ես գորշ եմ, ինչպես մուկը,
Եվ մեծ, ինչպես տունը:
Քիթս նման է օձի,
Իսկ ոտքերս սյուների:
Սիրում եմ խոտի վրա պառկել
Ու մեծ ծառեր տապալել:
Մեծ եղջյուրներ բերանիս
Ես գալիս եմ հարավից,
Ականջներով ծափ տալիս
Ցնցվում է հողը տակիս:
Թափառում եմ հազար տարի,
Թափառում եմ հարյուր դար,
Քնելու երբեք չեմ պառկում,
Ու ապրում եմ շատ երկար:
Օլիֆանտ եմ կոչվում ես,
Իմաստուն, հսկա և ծեր,
հարավում եմ ապրում ես,
Կենդանին եմ ամենամեծ:
Եթե մի անգամ ինձ տեսել ես՝
Կուզենաս տեսնել կրկին,
Եթե երբեք չես տեսել,
Չես հավատա, որ ես կամ:
Օլիֆանտ եմ ես կոչվում,
Եվ ես երբեք չեմ ստում:
</poem>
— Ահա այսպիսի բանաստեղծություն եմ լսել մեր Հոբիթստանում,— վերջացնելով, ասաց Սեմը: