Changes

Պահապանները

Ավելացվել է 15 776 բայտ, 10:05, 14 Հունիսի 2015
/* Գլուխ առաջին. Անսպասելի հանդիպումներ */
— Ուռ-ռա՜-ա՜ա,— տեղից ոստնելով գոռաց Փինը: — Ահա նա՝ մեր ազնվածին արյունակիցը... Կեցցե՜ Ֆրոդոն՝ Մատանու տիրակա՜լը...
— Զսպի՛ր քեզ, կոպտորեն նրան ընդհատեց Գանդալֆը, որ նստած էր ստվերաշատ պատշգամբի խորքում, այնպես որ Ֆրոդոն անմիջապես չնկատեց նրան: — Այս հովիտը չարի համար մատչելի չէ, և, այնուամենայնիվ, նրան այստեղ կոչելու հարկ չկա: Որպես Մատանիների Տիրակալ մեծարում են ոչ թե Ֆրոդոյին, այլ Մորդորում գտնվող Սև Դղյակի տիրոջը՝ նրա ստվերը նորից տարածվել է աշխարհի վրա: Հիմա մենք ապաստանել ենք հուսալի ամրոցում: Բայց և նրա շուրջն արդեն թանձրանում է խավարը: — Դե, սկսվեց,— փնթփնթաց Փինը: Ապա Ֆրոդոյին դիմելով, ավելացրեց: — Իսկ նա մեզ անդադար մխիթարում է: Ես գիտեմ, որ մենք պետք է զգոն լինենք: Բայց այս տանը համարյա հնարավոր չէ մտածել որևէ մռայլ կամ տխուր բանի մասին: Այստեղ ամբողջ օրը երգել եմ ուզում, միայն թե կարգին երգ չգիտեմ: — Ես էլ երգելու տրամադրություն ունեմ,— ուրախ ծիծաղելով նկատեց Ֆրոդոն: — Բայց սկզբում դեռ ուզում եմ ուտել ու խմել: — Դա այստեղ հեշտ գործ է,— նրան ասաց Փինը,— առավել ևս, որ քո հոտառությունը քեզ չի խաբել՝ կարողացել ես արթնանալ հենց ճաշի ժամին: — Ոչ թե ճաշի, այլ խրախճանքի,— ուղղեց նրան Մերին: — Հազիվ էր Գանդալֆը հանդիսավորությամբ հայտարարել, որ դու առողջանում ես, երբ սկսվեց նախապատրաստությունը. ես կարծում եմ, մեզ ճոխ խրախճանք է սպասում: — Նա չհասցրեց խոսքն ավարտել, երբ հնչեցին զանգակները՝ հյուրերին հրավիրելով տոնական սեղանին: Հյուրերը հավաքվեցին ճաշադահլիճ, որտեղ երկար սեղաններ էին դրված: Էլրոնդը նստեց մյուսներից առանձին, բարձր տեղում դրված սեղանի գլուխը, իսկ տանտիրոջ մոտ, իրար դիմաց տեղավորվեցին Գլորֆինդելն ու Գանդալֆը: Ֆրոդոն նայում էր նրանց ու չէր կարողանում հագենալ. չէ՞ որ Էլրոնդին՝ անհամար առասպելների հերոսին, տեսնում էր առաջին անգամ, իսկ Գլորֆինդելն ու Գանդալֆը, նույնիսկ Գանդալֆը, որին նա կարծես թե ճանաչում էր, Էլրոնդի կողքին վերստացել էին իրենց սեփական, իսկական կերպարը՝ անպարտելի ու փառաբանված դյուցազունների կերպարը: Գանդալֆը էլֆերից ցածրահասակ էր, բայց սպիտակ մորուքը, արծաթավուն մազերը, լայն թիկունքն ու ազնվազարմ կեցվածքը նրան թագավորական տեսք էին տալիս, իսկ ձյունաթույր հոնքերի տակից նայող աչքերը ժամանակի ընթացքում հանգած ածուխներ էին հիշեցնում, որոնք ցանկացած պահի կարող էին բռնկվել կուրացուցիչ, եթե ոչ մոխրացնող կրակով: Գլորֆինդելը՝ հզոր, բարձրահասակ ու բարեկազմ, ոսկոհուր վարսերով, թվում էր պատանի, սակայն խաղաղ իմաստնությամբ ներհուն, իսկ աչքերը ճառագում էին վճռական խիզախությամբ: Էլրոնդի դեմքից տարիքը չէր կռահվում. նա երևի շատ ավելի երիտասարդ կերևար, եթե դեմքին գրված չլիներ անհամար՝ և՛ ուրախ, և՛ տխուր իրադարձությունների փորձը: Նրա ալեհեր մազերի վրա առկայծում էր արծաթե թագը, իսկ խաժ, ասես պայծառ աղջամուղջ, աչքերում ցոլցլում էին անորսալի, պսպղուն կայծեր: Նա տեսքով իմաստուն էր, ինչպես հնամյա տիրակալ և հզոր, ինչպես հասուն, փորձված ռազմիկ: Եվ այդպես էլ կար, նա զորական-տիրակալ էր, Ազատքի այդ իսկական տերը: Էլրոնդի դիմաց, ամպահովանու տակի բազկաթոռում նստած էր փերու պես հրաշագեղ մի հյուր, բայց նրա կանացի քնքուշ դիմագծերից երևում էր կամ, ավելի ճիշտ, կռահվում էր, որ նա հյուր չէ, այլ Էլրոնդի ազգականուհին: Դեռատի՞ էր նա... Եվ այո՛, և ո՛չ: Ճերմակի շաղը չէր արծաթապատել նրա մազերը, իսկ մատաղ դեմքը ասես հենց նոր էր լվացվել ցողով, և նրա վճիտ խաժ աչքերը ճառագում էին վաղորդյան աստղերի ջինջ փայլով... Սակայն այնտեղ թաքնված էր հասուն իմաստնություն, որը միայն կյանքի փորձն է տալիս, ապրած տարիների փորձը: Նրա արծաթե թագաձև վարսակալի վրա մեղմորեն փայլում էին կլոր մարգարիտները, իսկ համեստ զգեստի օձիգի երկարությամբ ձգվում էր արծաթե նուրբ թելով ասեղնագործված տերևների հազիվ նշմարելի պսակը: Նա Էլրոնդի աղջիկն էր՝ Արվենը, որին շատ քիչ մահկանացուներ էին տեսել. հանձին նրա, ինչպես տարածված էր ժողովրդի մեջ, աշխարհ էր վերադարձել Լութիենի գեղեցկությունը, իսկ էլֆերը նրան տվել էին Անդոմիել անունը, նրանց համար նա իրիկնային աստղն էր: Անդոմիելը վերջերս էր վերադարձել Լորիենից՝ այնտեղ, լեռներից այն կողմ, անտառապատ հովտում ապրում էին նրա մոր հարազատները: Իսկ Էլրոնդի տղաները՝ Էլադանը և Էլրոհիրը, ճամփորդում էին ինչ-որ տեղ հեռավոր Հյուսիսում, որովհետև նրանք երդվել էին վրեժ լուծել իրենց մորը տանջողներից՝ հյուսիսային օրքերից: Անդոմիելի գեղեցկությունը ապշեցրել էր Ֆրոդոյին՝ նա դժվարությամբ էր հավատում, որ կենդանի արարածը կարող է այդպիսի շլացուցիչ գեղեցկության տեր լինել: Իսկ երբ իմացավ, որ իր համար տեղ է պատրաստված Էլրոնդի սեղանին, համարյա վախեցավ՝ նրան շփոթեցրեց այդքան մեծ պատիվը: Մի քանի բարձերով հատուկ բազկաթոռին նստած՝ նա մյուսներից ցածր չէր, բայց ինքն իրեն թվում էր պստլիկ ու իր նշանավոր սեղանակիցներին ոչ արժանի: Սակայն շուտով այդ զգացումն անցավ: Սեղանին տիրում էր անկաշկանդ ուրախություն, իսկ առատ ու զարմանալի համեղ ուտեստները նրա ախորժակին ներդաշնակ էին, այնպես որ նա գլխավորապես ափսեին էր նայում: Բայց սովը քիչ մարելով, նա գլուխը բարձրացրեց՝ հայացքով բարեկամներին փնտրելով: նրանք նստած էին հարևան սեղանին՝ և՛ նրա հավատարիմ Սամը, և՛ Փինը, և՛ Մերին: Ֆրոդոն հիշեց, թե ինչպես էին Սամին համոզում, որ նա այստեղ ոչ թե ծառա է, այլ պատվավոր հյուր՝ նա ուզում էր Ֆրոդոյին սպասարկել սեղանի շուրջ: Սակայն Պանդուխտին Ֆրոդոն չտեսավ: Ֆրոդոյից աջ մի թզուկ էր բազմած՝ արտակարգ երևելի ու շքեղ հագնված: Նրա երկսայր ճերմակ մորուքն իջնում էր կուրացուցիչ սպիտակություն ունեցող բաճկոնակի վրա՝ ծածկելով արծաթե գոտու ճարմանդը: Պարանոցից կախված հաստ ոսկե շղթայի մեջ շողշողում էին ադամանդները: Նկատելով, ու Ֆրոդոն իրեն է նայում, թզուկը շրջվեց դեպի նա ու ասաց. — Ողջ լինես ու զորանաս, հարգելի հոբիթ: — Նա բազկաթոռից վեր կացավ և խոնարհվելով ավելացրեց. — թզուկ Գլոին: Պատրաստ եմ ծառայելու,— իսկ հետո մի անգամ էլ խոնարհվեց: Ֆրոդոն զարմացավ, բայց իրեն չկորցրեց: Նա վեր կացավ և, ամենափոքր ուշադրություն անգամ չդարձնելով բազկաթոռից թափվող բարձերին, պատասխանեց. — Ֆրոդո Պարկինս: Պատրաստ ծառայելու և՛ քեզ, և՛ քո հարգելի ազգականներին: — Նա խոնարհվեց թզուկի առջև ու հետաքրքրությամբ հարցրեց. — Ասա, խնդրեմ, դու այն նույն Գլոինն ե՞ս, նշանավոր Թորին Կաղնեվահանի ուղեկի՞ցը: — Միանգամայն ճիշտ է,— հաստատեց թզուկը: Նա հատակից բարձրացրեց ընկած բարձերն ու Ֆրոդոյին օգնեց բազկաթոռին նստելու: — Ես քեզ նման հարց չեմ տալիս,— քաղաքավարի նկատեց նա,— ինձ արդեն հաղորդել են, որ դու բոլորի կողմից հարգված Բիլբո Պարկինսի ազգականն ու ժառանգորդն ես: Շնորհավորում եմ քեզ Ազատք ժամանելուդ առթիվ: — Շնորհակալ եմ,— անկեղծ ասաց Ֆրոդոն: — Ես լսել եմ, որ քեզ ու քո բոլոր ուղեկիցներին ճանապարհին տարօրինակ փորձություններ են հանդիպել... Տարօրինակ և սարսափելի,— ինքն իրեն ուղղեց թզուկը: — Կուզեի իմանալ, ի՞նչը կարող էր ստիպել չորս հոբիթի, ոչ թե մեկ, ինչպես ժամանակին Բիլբոն, այլ չորս հոբիթի, ճանապարհորդության դուրս գալ... Ի դեպ, գուցե ես շատ եմ պնդերես: Էլրոնդն ու Գանդալֆը ինձ հասկանալ տվեցին, որ չեն ցանկանում այդ մասին ընդարձակվել: — Նրանց իմաստնությունն ինձ մոտ կասկած չի հարուցում,— զգույշ, բայց քաղաքավարի պատասխանեց Ֆրոդոն: Նա վճռեց, որ նույնիսկ Էլրոնդի մոտ հյուրընկալվելիս Մատանու մասին հարկավոր է զգույշ խոսել. դե ինքն իսկի չէր էլ ուզում այդ մասին խոսել: — Պետք է խոստռովանեմ,— ավելացրեց նա,— որ ես էլ իմ հերթին կուզեի իմանալ, թե ինչու՞ բոլորի կողմից հարգված թզուկը այդպիսի երկար ու վտանգավոր ճանապարհորդություն է ձեռնարկել՝ լքելով Սարամիջի Թագավորության իր դղյակը: — Էլրոնդի ու Գանդալֆի իմաստուն լինելը կասկածից դուրս է,— քթի տակ ծիծաղելով ասաց Գլոինը: — Նրանք մտադիր են Խորհուրդ հրավիրել, և այնտեղ, ես այդպես եմ կարծում, մենք շատ բան կիմանանք: Իսկ հիմա... — Գլոինը նորից քթի տակ ծիծաղեց,— ավելի լավ չի՞ լինի որևէ ուրիշ բանի մասին խոսենք: Նրանք փոխըմբռնման հայացքներ փոխանակեցին և խոսակցություն սկսեցին իրենց հարազատ վայրերի մասին, որ չսպառվեց մինչև խնջույքի վերջը: Ավելի ճիշտ, հիմնականում խոսում էր Գլոինը, որովհետև լուրջ իրադարձությունները, ինչպես գտնում էր Ֆրոդոն, շրջանցում էին Հոբիթստանը (նա հաստատ որոշել էր Մատանու մասին չհիշատակել), իսկ թզուկը բավական բան ուներ պատմելու Խլուտի հյուսիսում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին: Նա Ֆրոդոյին տեղեկացրեց, որ Մշուշապատ Լեռների և Չարքանտառի միջև ընկած հողերի տերն է դարձել այժմ Գրիմբեորնը՝ Բեորնի որդին, և նրա լայնատարած տիրույթների սահմանները չեն կարող խախտել ոչ օրքերը, ոչ գայլդարձյակները: — Ես համոզված եմ,— աշխուժորեն պատմում էր Գլոինը,— որ Դեյլից Ազատք հին ճանապարհով կարելի է ապահով ճանապարհորդել միայն Գրիմբեորնի ռազմիկների շնորհիվ: Նրանք պահպանում են Լեռնանցքը և Ծանծաղուտը՝ Զառիվայրի մոտ: Բայց նրանց մաքսերը բարձր են և նրանք, առաջվա նման, թզուկներին չեն խնայում,— գլուխն օրորելով ավելացրեց Գլոինը: — Դրա փոխարեն նրանց մեջ դույզն իսկ նենգություն չկա, իսկ դա այսօր շատ արժե: Բայց բոլորից լավ մեզ վերաբերվում են Դեյլում, Լճափի թագավորությունը հիմնադրած մարդիկ: Այժմ այնտեղ կառավարում է Բարդ Նետաձիգի թոռը, Բեյնի ավագ որդին՝ Բրանդ թագավորը: Նա հմուտ կառավար է, և նրա թագավորությունը տարածվում է Երկար լճի Էսգարոթ քաղաքից մինչև հեռավոր հարավ ու արևելք: — Իսկ ինչպե՞ս է քո ժողովուրդը,— նրան հարցրեց Ֆրոդոն: — Մեզ մոտ բազում իրադարձություններ են տեղի ունեցել,— պատասխանեց Գլոինը,— և՛ լավ, և՛ վատ: Բայց լավը, պատկերացրեք, այնուամենայնիվ ավելի շատ է. մինչև այժմ մշտապես մեր բախտը բերել է: Թեպետ մենք էլ, հասկանալի է, զգում ենք չարագուշակ ամպի սև շունչը, որ կախվել է ողջ Միջերկրի վրա: Եթե ուզում ես, մեր մասին ավելի մանրամասն կպատմեմ քեզ: Բայց հենց հոգնես, իսկույն ընդհատիր ինձ: Թզուկին, ասում են, չես զսպի, երբ խոսում է իր դարբնոցից:
Վստահելի
1342
edits