Changes
/* Գլուխ երկրորդ. Խորհուրդ */
— Նրան ի՞նչ ես արել,— բացականչեց Ֆրոդոն: Նա խղճաց պանդոկի տիրոջը: — Նա մեզ մոտ բարեկամների պես ընդունեց և ամեն կերպ օգնեց:
— ՄԻ վախեցիր,— ժպտալով պատասխանեց Գանդալֆը: — Ես նրան նույնիսկ վախեցնել չհասցրի, որովհետև երբ դադարեց ցնցվելուց ու ինձ ասաց, որ դուք մեկնել եք Արագորնի հետ, ուրախությունից ինձ կորցրի:
— Պանդուխտի հե՞տ,— ուրախացած հարցրի ես:
— Նրա հետ,— մեղավոր շշնջաց Նարկիսը՝ մտածելով, որ ինձ ավելի է զայրացնելու: — Ախր ես նրանց ասել եմ, որ նա Պանդուխտն է: Բայց նրանք իրենց շատ տարօրինակ պահեցին... կամ ես կասեի՝ յուրօրինակ:
— Իմ սիրելի հիմարի՜կ... Իմ թանկագին ավանակ... — անկարող ինձ զսպել, գոռացի ես: — Ախր ես ամառվանից այս կողմ այսքան հաճելի լուր չեմ լսել, իմ անխելք Լավր... Այս գիշեր հանգիստ կքնեմ, երևի թե այս մի քանի ամսվա մեջ առաջին անգամ:
Ես գիշերեցի Նարկիսի պանդոկում ու շարունակ մտածում էի. ու՞ր էին անհետացել Նազգուլները, չէ՞ որ լեռնամոտցիները միայն երկուսին են տեսել: Սակայն գիշերը դրությունը պարզվեց: Հարավ-արևմուտքից ժամանեցին ևս հինգը: Նրանք տապալեցին արևմտյան դարպասն ու սուրացին գյուղի միջով, ճիշտ մրրկահողմի պես: Լեռնամոտցիները մինչև հիմա ահից ցնցվում են ու րոպե առ րոպե սպասում աշխարհի վերջին: Առավոտյան կողմ Հեծյալների հետևից ուղևորվեցի և ես:
Ես ժամանեցի Հոբիթստան ավելի ուշ, քան Նազգուլները, և իմ կարծիքով ահա թե ինչ էր տեղի ունեցել այնտեղ: Նազգուլների առաջնորդը երկու հեծյալների հետ մնացել էր հարավային սահմանի մոտի դարանում, երկուսը մեկնել էին Լեռնամոտ, իսկ չորսը սլացել էին Պարկուտ: Հետո, երբ ոչ ոքի չէին գտել ո՛չ Պարկուտում, ո՛չ Նապաստակի Բլուրներում, ստիպված էին եղել վերադառնալ հարավային սահման, և այդքան ժամանակ ճանապարհը չի հսկվել, ես չեմ խոսում Թշնամու լրտեսների մասին: Առաջնոդը հրամայել էր չորս Հեծյալներին կարճ ճանապարհով մեկնել հյուսիս-արևելք, իսկ ինքը սուրացել էր դեպի Արևմտյան Ուղի՝ հասկանալով, որ հոբիթները փախել են Հոբիթստանից:
Դե իսկ ես մեկնեցի դեպի Հողմակործ Ծառերի Լեռնաստորոտը, քանզի հասկացա, թե դեպի ուր կարող էր շարժվել Արագորնը, և երկրորդ օրն արդեն Զավերտի մոտ էի, բայց Թշնամու սպասավորներն ինձ կանխել էին: Մարտ ընդունելու վճռականություն նրանք չունեցան, և ես անարգել բարձրացա Զավերտ, սակայն մութը նրանց համարձակություն տվեց (ես սարին մոտեցա օրվա վերջին) և ստիպված եղա բավական չարչարվել մոլեգնած Նազգուլներին հետ մղելու համար. ես կարծում եմ, որ նույնիսկ ամպրոպի ժամանակ, երբ Զավերտի գլխին կայծակներ են փայլատակում, այդպես լուսավոր չի լինում, ինչպես այդ գիշեր:
Առավոտյան որոշեցի ճեղքելով հասնել Ազատք, բայց ոչ թե կարճ ճանապարհով, այլ շրջանցելով հյուսիսից: Փնտրել Ֆրոդոյին Հողմակործ Ծառերի Լեռնաստորոտում գիշերները Թշնամու սպասավորների հետ կռվելով, անօգուտ էր և ուղղակի հիմարություն. չէ՞ որ եթե ես հոբիթներին գտնեի, ապա հետապնդող Թշնամու ողջ ջոկատը իմ հետևից այստեղ կբերեի: Դրա համար էլ ամբողջ հույսս դրեցի Արագորնի վրա և բացահայտ կերպով շրջվեցի դեպի հյուսիս՝ ենթադրելով, որ գոնե մի քանի Նազգուլ անխուսափելիորեն կգան իմ հետքերով, իսկ ես մեծ շրջան գծելով նրանցից առաջ կանցնեմ, հյուսիսից կմտնեմ Ազատք և էլֆերի մի ուժեղ ջոկատի գլուխ անցած Թշնամու ջոկատը կմասնատեմ: Սակայն մի քանի օր հետո հետապնդողներից չորսն անհետացան ինչ-որ տեղ: Ինչպես հետո պարզվեց, մեկնել էին Գետանցում: Եվ այնուամենայնիվ ես մի քիչ օգնել եմ Արագորնին. նրա վրա միայն հինգ Նազգուլ է հարձակվել:
Իսկ ես Կատաղի գետի երկայնքով բարձրացա դեպի Թրոլյան սարահարթ և այնտեղ ստիպված եղա բաժանվել Լուսաչից, քանի որ այդ քարակույտերի մեջ նա անխուսափելիորեն ոտքերը կկոտրեր: Լուսաչը վերադարձավ իր տերերի մոտ, բայց բավական է մտքումս կանչեմ նրան, և որտեղ էլ լինեմ կհայտնվի ինձ մոտ: Զավերտի մարտից տասնչորս օր հետո վերջապես հասա Էլրոնդի տիրույթները և իմացա, որ այստեղ արդեն սպասում են հոբիթներին, իսկ երեք օր հետո Մատանու Պահապանը Գլորֆինդելի օգնությամբ հասավ Ռիվենդել:
Սրանով ավարտվում է իմ պատմությունը, թող ներեն ինձ հյուրերը և պատվարժան հյուրընկալը, որ այսքան երկար զբաղեցրի նրանց ուշադրությունը: Բայց, իմ կարծիքով, Մատանու Պահապանը պետք է բացարձակապես ստույգ իմանար, թե ինչու ժամանակին օգնություն չի ստացել, առավել ևս, որ օգնություն նրան խոստացել եմ ես՝ մեծ հրաշագործ Գանդալֆ Մոխրագույնս Իմաստուններից, որ առաջին անգամ դրժել է իր երդումը:
Եվ այսպես,— եզրափակեց իր խոսքը Գենդալֆը,— այժմ ձեզ հայտնի է Մատանու պատմությունը՝ ձուլելու օրվանից մինչև այս պահը: Բայց մենք դեռ ոչ մի քայլ չենք մոտեցել նպատակին: Քանզի մեզ հարկ է միասնաբար որոշել, թե ինչ ենք անելու Մատանին:
Հյուրրերն անշարժ ու լուռ նստած էին: Վերջապես լռությունը խզեց Էլրոնդը:
— Դու մեզ վշտալի պատմություն պատմեցիր, Գանդալֆ: Քանզի իմաստունները լիովին վստահում էին Սարումանին և նրան հայտնի են մեր բոլոր ծրագրերը: Քո պատմությունը մի ավելորդ անգամ հաստատեց, որ խորամուխ լինելով Թշնամու խարդախ մտահղացումների մեջ, ակամա ինքդ էլ համակվում ես նրա խարդախությամբ: Այդպիսի այլափոխումը, ավա՜ղ, նորություն չէ՝ հնում դա շատ անգամ է պատահել: Այնպես որ այսօրվա բոլոր պատմություններից ինձ հատկապես զարմացրեց կոլոտիկ Ֆրոդոյի քաջության ու տոկունության մասին պատմությունը: Ես մոտիկից գիտեմ միայն մեկ կոլոտիկի՝ Բիլբոյին, և այսօր ինձ պարզ դարձավ, որ նա այնքան էլ չի տարբերվում խաղաղ Հոբիթստանի իր համերկրացիներից: Ըստ երևույթին, այն ժամանակից ի վեր, ինչ ես գտնվել եմ Արևմուտքում, աշխարհում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել:
Հոգոառներին մենք գիտենք շատ տարբեր անուններով, իսկ ներկա Հավերժական Անտառի մասին ավանդություններում անտառը հաճախ կոչվում է Անվերջ, քանզի դեռ վերջերս (վերջերս՝ իմ հասկացողությամբ), սկյուռը ծառից ծառ թռչկոտելով կարող էր այսօրվա Հոբիթստանից հասնել Մշուշապատ Լեռների մոտի Անտերունչ Հարթավայրը: Պատահել է, ճանապարհորդել եմ Հավերժական Անտառում և ի՜նչ սոսկալի բան ասես այնտեղ տեսել եմ: Իսկ Բոմբադիլին, եթե դա այն նույն տիրակալն է, ավելի ճիշտ Արգելյալ Երկրի Պահպանողը, որի հետ ճակատագիրը հանդիպեցրել է էլֆերին, երբ Միջերկիր աշխարհը դեռ ջահել էր ու հրաշագեղ, իսկ նա թվում էր զառամյալ ինչպես Ծովը, այսպես, ուրեմն, մենք նրան գիտեինք որպես Յարվեն Բեն-Ադար՝ Արգելյալ Հողերի Անխորթ Հայր: Թզուկները Յարվենին մեծարելով անվանում էին Ֆրոն, իսկ նումենորցիների հետնորդները՝ Օրալդ... Բայց գուցե ես իզու՞ր նրան Խորհուրդ չհրավիրեցի:
— Նա չէր գա,— խոսեց Գանդալֆը:
— Իսկ եթե, այնուամենայնիվ, նրան հրավեր ուղարկե՞նք կամ ուղղակի օգնություն խնդրե՞նք,— առաջարկեց Էրեսթորը: — Մանավանդ որ, որքան հասկացա, նա իշխանություն ունի նույնիսկ Թշնամու Մատանու վրա:
— Դու այնքան էլ ճիշտ չես հասկացել,— առարկեց Գանդալֆը: — Ավելի ճիշտ կլինի ասել այսպես. նրա վրա իշխանություն չունի Թշնամու Մատանին: Յարվենը ինքն է իր գլխի տերն ու տիրականը: Բայց նա չի կարող հրամայել Մատանուն և ոչ էլ կարող է ուրիշներին պաշտպանել Մատանուց: Նա մեկուսացել է իր Արգելյալ երկրում՝ գծելով միայն իրեն տեսանելի սահմաններ, և ինքն էլ հիմա երբեք այդ սահմաններից դուրս չի գալիս:
— Սակայն իր գծած սահմաններում նա առաջվա նման Երկրի Անսահման Տե՞րն է,— Գանդալֆին լսելուց հետո հարցրեց Էրեսթորը: — Ուրեմն, գուցե նա կվերցնի Մատանին պահպանելու:
— Իր սեփական ցանկությամբ չի վերցնի,— ասաց Գանդալֆը: — Իսկ եթե վերցնի էլ, իհարկե՝ Իմաստունների խնդրանքով, ապա դրան կվերաբերվի որպես մի անպետք խաղալիքի: Մի քանի օր հետո կմոռանա դրա մասին, իսկ հետո, որ ամենահավանականն է, ուղղակի դեն կնետի: Պատերազմի վախճանը նրան չի հետաքրքրում, և նա շատ անհուսալի պահապան կլիներ, ուրեմն նշանակում է Մատանին նրան վստահել չի կարելի:
— Բոլոր դեպքերում,— նկատեց Գլորֆինդելը,— դրանով մենք միայն կհետաձգեինք պարտության օրը: Յարվենը Ռիվենդելից հեռու է ապրում: Մենք չենք կարող Մատանին հասցնել այնտեղ, առանց նկատվելու Սև Տիրակալի լրտեսների կողմից: Ի դեպ, եթե նույնիսկ կարողանանք էլ, Սաուրոնը կիմանա, եթե ոչ հիմա, ապա՝ ուշ, թե որտեղ ենք պահում Համիշխանության Մատանին և իր ողջ զորությունը կթափի Յարվենի վրա: Այդ մենամարտում Յարվենը կդիմանա՞ արդյոք: Կասկածում եմ: Կարծում եմ, վերջիվերջո, երբ Լուսավոր Ուժերը կջախջախվեն, Յարվենը նույնպես կընկնի պայքարում՝ կգնա այս աշխարհից վերջինը, ինչպես հայտնվել է այստեղ ինչ-որ ժամանակ առաջինը, և Խավարի Վարագույրը կիջնի Միջերկրի վրա:
— Ես Յարվենին չգիտեմ,— միջամտեց Գելդորը,— չնայած, իհարկե, նրա մասին լսել եմ, բայց, իմ կարծիքով, Գլորֆինդելը բացարձակապես իրավացի է: Ուժը, որ ի վիճակի է ընդդիմանալ Թշնամուն, եթե այն իրոք գոյություն ունի, Յարվենի Արգելյալ Հզորության մեջ չէ թաքնված, չէ՞ որ Թշնամին, ինչպես հաճախ համոզվել ենք, իշխում է նույնիսկ կուսական բնության վրա: Ես կարծում եմ միայն էլֆերը՝ Առաջնածինները, կարող են հակահարված տալ Սաուրոնին: Արդ նրանք ուժ կունենա՞ն դրա համար:
— Իմ ուժը չի բավականացնի,— պատասխանեց Էլրոնդը:
— Թրանդուիլին էլ չի բավականցնի,— ասաց Լեգոլասը:
— Ես Սիրդան Քորաբելի մունետիկը չեմ,— քիչ լռելուց հետո ասաց Գելդորը,— բայց վախենում եմ, որ մենք էլ Թշնամու հարձակմանը չենք դիմանա:
— Իսկ Սև Տիրակալը մեզ միավորվելու հնարավորություն չի տա, և մեր հողերը կվերածվեն Սև Զորաց ծովով շրջապատված կղզյակների,— այդ դառը խոստովանություններն ամփոփեց Էլրոնդը:
— Մենք չենք կարողանա Մատանին ուժով պահպանել Թշնամուց,— խոսակցության մեջ մտավ Գլորֆինդելը,— դրա համար էլ երկու ելք ունենք. ուղարկել Ծովից այն կողմ կամ ոչնչացնել:
— Գանդալֆը մեկնեց մեզ,— առարկեց Էլրոնդը,— որ Մատանին կարելի է ոչնչացնել միայն Մորդորում, իսկ անդրծովյան բնակիչներն այն չեն ստանա: Մատանին պատկանում է Միջերկիր աշխարհին և նրան վիճակված չէ մեր աշխարհից հեռանալ:
— Ուրեմն Մատանին թող հանգչի Ծովի խորքերում,— առաջարկեց Գլորֆինդելը,— որպեսզի Սարումանի սուտը ճշմարտություն դառնա: Քանի ու այժմ բացարձակապես պարզ է, որ նախորդ Խորհրդում նա ստել է. նրան արդեն տոչորելիս է եղել համիշխանության ծարավը և, գիտենալով, որ Թշնամու Մատանին գտնվել է, դիտավորյալ Իմաստուններին մոլորության մեջ է գցել, իսկ Ծովի խորքերը հուսալի գերեզման են, և այնտեղ Մատանին կհանգչի առհավետ:
— Ցավոք, ճիշտ չես,— նրան ընդհատեց Գանդալֆը: — Ծովի խորքերը նույնպես բնակեցված են, իսկ Թշնամու համար ամեն տեղ էլ սպասավորներ կգտնվեն: Բայց գլխավորը՝ այնտեղ, որտեղ ջուր է, ժամանակի ընթացքում կարող է ցամաք գոյանալ, իսկ մենք՝ Միջերկրի Իմաստուններս, կոչված ենք վերջնականապես կնքելու Մատանու ճակատագիրը, ոչ թե մեկ տարվա, ոչ թե մահկանացուների մի քանի սերունդների, ոչ թե նույնիսկ մի քանի Դարաշրջանների համար, այլ՝ հավիտյանս հավիտենից:
— Եվ եթե Արգելյալ Երկրի ճանապարհը վտանգավոր է համարվում,— միջամտեց Գելդորը,— ապա ճանապարհը դեպի Ծով ավելի վտանգավոր է: Քանզի իմ փորձն ինձ հուշում է, որ Թշնամին մեզ կսպասի Արևմտյան Ուղու վրա, հենց հասկանա, թե որտեղ է պահվում Մատանին: Իսկ դա նրան կբացատրեն Նազգուլները, որոնց ձիերից զրկել են, և նրանք հետիոտն վերադարձել են տուն, բայց Սաուրոնը նրանց նոր ձիեր կտա՝ առավել տոկուն ու արագավազ, քան նախորդները: իսկ երբ Թշնամու զորագնդի գլուխ անցնեն Ինը Նազգուլները, Գոնդորը վերջնականապես կջախջախվի և, Թշնամին, ծովափով դեպի հյուսիս շարժվելով, էլֆերի արևմտյան բնակավայրերը կավերի...
— Չափազանց արագ լուծեցիք Գոնդորի հարցը,— զայրույթով առարկեց Գելդորին Բորոմիրը: — Այդքան էլ հեշտ չէ նրան ջախջախելը: Ես ասացի, որ մենք կռվում ենք մինչև վերջին ուժերը, սկայն նույնիսկ մեր վերջին ուժերը Թշնամու զորքերի ատամի բանը չեն:
— Ատամի բանը չեն առանց Նազգուլների,— ճշտեց Գելդորը: — Բայց Թշնամու համար պարտադիր չէ Գոնդորը նվաճելը. նա կարող է շրջանցող ուղիներ գտնել և, կտրելով ձեզ ամբողջ Միջերկրից, հիմնական ուժերը շարժել հյուսիս, իսկ մեր հյուսիս և արևմտյան սահմանների մոտ թողնել ուժեղ ջոկատներ:
— Բայց այդ դեպքում,— եզրափակեց Էրեսթորը,— մենք, ինչպես նոր ասաց Գլորֆինդելը, իսկապես միայն երկու ելք ունենք: Եվ երկուսն էլ փակուղու շատ նման: Ահա իսկապես անլուծելի խնդիր..
— Սակայն մենք պետք է լուծենք այն,— խոժոռ հանդարտությամբ խոսեց Էլրոնդը: — Ո՞ր ճանապարհն է մեզ ավելի անվտանգ թվում. արևմտյա՞նը՝ դեպի Ծով, թե՞ արևելյանը՝ դեպի Մորդոր: Արևմտյա՛նը: Բայց Թշնամին գերազանց գիտե, որ էլֆերը միշտ դեպի արևմուտք են նահանջել և անխուսափելիորեն այդ ճանապարհը ծուղակի մեջ կառնի: Ուրեմն մեր միակ հուսը, եթե դեռ հույս է մնացել, Թշնամու համար անսպասելի որոշումն է: Ճանապարհ դեպի Օրոդրուին՝ ահա մեր ճանապարհը: Մատանին պետք է հուրը նետվի:
Խորհրդի դահլիճը թաղվեց լռության մեջ: Դրսում ուրախ փայլում էր արևը, ափից ցած խաղաղ խոխոջում էր գետակը, բայց Ֆրոդոն զգաց, թե ինչպես վախը սառցե ճիրաններով սեղմեց իր սիրտը: Նրան թվաց, որ Բորոմիրը շարժվեց, ու հույսով նայեց գոնդորցուն: Վերջինս ցրված խաղում էր եղջերափողով ու մռայլվում: Հետո վճռական ասաց.
— Չեմ հասկանում, ինչի՞ց եք վախենում: Այո, Սարումանը դավաճան դուրս եկավ, բայց ձեզանից ոչ ոք նրան հիմար չի անվանում: Ինչու՞ եք կարծում, որ Թշնամու Մատանին կարելի է միայն պահել կամ ոչնչացնել: Քանի որ այն հայտնվել է մեզ մոտ, հարկավոր է ուղղել տիրոջ դեմ: Ազատ Աշխարհի ազատ դյուցազուններին Մատանին կօգնի խորտակելու Թշնամուն: Հենց դրանից էլ վախենում է նա: Գոնդորի ժողովրդին նվաճել հնարավոր չէ, բայց մեզ գլխովին կոտորած է սպառնում: Խիզախը շտապում է լրջորեն զինվել, երբ նրան վճռական մարտ է սպասում: Թող Մատանին մեր զենքը լինի, եթե դրա մեջ այդքան ահազդու զորություն է թաքնված...
— Լուսավոր Ուժերը,— առարկեց Էլրոնդը,— չեն կարող օգտագործել Համիշխանության Մատանին: Մեզ դա շատ լավ հայտնի է: Այն կռել է Սև Տիրակալը, որպեսզի իրականացնի իր սև մտահղացումները: Նրա մեջ վիթխարի հզորություն է թաքնված, Բորոմիր, այնպես որ տիրել Մատանուն կարող է միայն նա, ով օժտված է իսկապես մեծ զորությամբ: Բայց հզորների համար Մատանին ավելի վտանգավոր է: Հիշիր, Սարուման Ճերմակը հենց որոշեց տիրել Մատանուն, այլափոխվեց: Մենք գիտենք, որ եթե Իմաստուններից որևէ մեկը հաղթի Սաուրոնին Մատանու օգնությամբ, ապա անխուսափելիորեն կնստի նրա գահին և ինքը կայլափոխվի Սև Տիրակալի: Դա ևս մեկ կարևոր պատճառ է, որի համար Մատանին անհրաժեշտ է ոչնչացնել, որովհետև քանի դեռ այն գոյություն ունի, համիշխանության ձգտելու վտանգը սպառնում է նույնիսկ Իմաստուններին: Այլափոխվելը միշտ աննկատելի է սկսվում, Սաուրոն Սևը չարագործ չի ծնվել: Ես սարսափում եմ Թշնամու Մատանին պահպանության վերցնելուց: Եվ երբեք այն չեմ օգտագործի իմ մղած պայքարում:
— Ե՛ս էլ,— հաստատ ասաց Գանդալֆը:
Բորոմիրի աչքերում անվստահություն փայլեց, բայց հետո նա վշտամած գլուխը կախեց:
— Դե լավ,— խոսեց նա: — Ուրեմն մենք, գոնդորցի ռազմիկներս, պետք է հույսներս դնենք միայն սեփական զենքի վրա: Քանի դեռ Իմաստունները պահպանում են Մատանին, մենք կկասեցնենք Թշնամու զորքը: Եվ գուցե Էլենդիլի կոտրված սուրը Գոնդորի թշնամիների համար նզովք դառնա... Եթե նա, ով այն ժառանգել է, ժառանգել է ոչ միայն կոտրված սուրը:
— Կգա օրը,— ասաց Արագորնը,— երբ մենք դա կստուգենք մարտում:
— Հուսով եմ, այդ օրը շուտ կգա,— հոնքերը կիտելով նետեց Բորոմիրը: — Մենք օգնություն չենք խնդրում, բայց այն մեզ հարկավոր է: Եվս մեկ բան: Մեզ մեծ սատար կլինի այն համոզմունքը, որ Թշնամու դեմ կռվում ենք ո՛չ միայն մենք...
— Վստահ եղեք, որ դա այդպես է,— Բորոմիրին հանգիստ ասաց Էլրոնդը: — Միջերկրում շատ հզոր ուժեր կան, որոնց մասին Գոնդորի բնակիչները չգիտեն: Եվ նրանք բոլորը կռվում են ընդհանուր Թշնամու դեմ:
— Բայց լավ կլիներ,— միջամտեց Գլոինը,— եթե այդ տարանջատ ուժերը միավորվեին: Մյուս, ոչ այդքան վտանգավոր Մատանիները կարող էին օգնել մեզ Թշնամու դեմ կռվում: Դժբախտաբար, յոթը կորած են թզուկների համար... Չնայած Բալինը Քազադ-Դում գնալիս հույս ուներ, որ Թրորին պատկանող Մատանին կգտնի:
— Զու՜ր հույսեր,— խոսեց Գանդալֆը: — Մատանին փոխանցվել է նրա որդի Թրեյնին, բայց Թրորի թոռը՝ Թորինը, Մատանին չի ստացել՝ այն Թրեյնից խլել են Դուլ Գուլդուրում, և ես կարծում եմ, որ նրան լավ տանջած կլինեն:
— Անիծյա՜լ կախարդներ,— բացականչեց Գլոինը,— ե՞րբ ենք դրանցից վրեժ լուծելու,— հետո, մի քիչ լռելով, ավելացրեց.— Բայց Թշնամին հո չտիրացա՞վ այդ Երեքին... Էլֆերի Երեք Մոգական Մատանիներին: Ասում են, դրանք շատ հզոր Մատանիներ են: Չէ՞ որ դրանք էլ է Սաուրոնը կռել, բայց էլֆերի տիրակալները չեն վախենում դրանցից: Ուրեմն չի՞ կարելի դրանց օգնությամբ Թշնամուն սանձել:
— Մի՞թե չհասկացար,— թզուկ Գլոին,— երկար լռությունից հետո հարցրեց Էլրոնդը: — Թշնամին չի կռել Մատանիները: Նա դրանք նույնիսկ ոչ մի անգամ չի տեսել: Էլֆերի Մատանիները ենթարկյալ են միայն էլֆերին: Բայց դրանք մարտի դաշտում անուժ են: Դրանց օգնությամբ չի կարելի սպանել կամ սանձել: Դրանք օգնում են աշխարհը ճանաչել, բարիք գործել և խափանել չարը, որ ծնվել է Միջերկրի բնակիչների սրտերում, երբ այստեղ սկսվել են պատերազմները իշխանության համար: Այն ժամանակից ի վեր, ինչ Թշնամին զրկվել է Մատանուց, մեզ հաջողվել է ընդդիմանալ Չարին, բայց եթե նորից տիրանա Մատանուն, նրան հայտնի կդառնան մեր մտքերը: Եվ մենք կկորցնենք մեր ազատ կամքը, իսկ Մութ Ուժերն անպարտելի կդառնան, ինչին էլ հենց ձգտում է Թշնամին:
— Բայց ասա,— Էլրոնդին դիմեց Գլոինը,— քեզ հայտնի՞ է ինչպես կփոխվի աշխարհը, երբ Համիշխանության Մատանին անհետանա:
— Անհայտ է,— տխրությամբ պատասխանեց Էլրոնդը: — Ոմանք հույս ունեն, որ Երեք Մատանին, որոնց երբեք չի դիպել Թշնամին, կօգնեն բուժելու պատերազմից աշխարհին հասած արյունածոր վերքերը... Բայց վախենում եմ, որ այդ հույսերը չեն արդարանա: Ես կարծում եմ, որ Համիշխանության Մատանին ոչնչացնելով, մենք կոչնչացնենք նաև մյուսների զորությունը, և այս աշխարհի հրաշքները կպահպանվեն միայն անցյալի մասին հեքիաթային ավանդություններում...
— Սակայն էլֆերը,— խոսեց Գլորֆինդելը,— այնուամենայնիվ պատրաստ են Մատանին ոչնչացնելու, որպեսզի առհավետ ոչնչացնեն Թշնամուն:
— Ուրեմն ստացվում է,— եզրակացրեց Էրեսթորը,— որ մենք միայն մի ճանապարհ ունենք, և այն ակնհայտորեն ոչ մի տեղ չի տանում: Հրամեջ Լեռ մենք չենք հասնի: Էլրոնդն իմաստուն է, բոլորս այդ գիտենք, և դեպի հաղթանակ տանող միակ ճանապարհը ոչ ոք չի անվանի անխելամտության ճանապարհ... Բայց այդ ճանապարհն անհաղթահարելի է և մեզ անտարակույս պարտություն է սպասվում:
— Պարտությունն անխուսափելի է միայն նրա համար, ով վհատվել է նախապես,— առարկեց Գանդալֆը: — Ընդունել վտանգավոր ուղու անխուսափելիությունը, երբ մնացած բոլոր ճանապարհները փակ են՝ հենց սա է իսկական իմաստնությունը: Արշավանքը Մորդորի վրա խելացնորությու՞ն է թվում... Ուրեմն թող խելացնորությունը մեզ ծառայի որպես քողարկում, Թշնամու աչքերը փակող քող: Իհարկե, նրա չարամիտ իմաստնությունը ժխտել չես կարող, նա գիտե գուշակել հակառակորդի արարքները, բայց նրան տապակում է համիշխանության ծարավը, և նա միայն իրենով է չափում ուրիշներին: Նրա մտքով երբեք չի անցնի, որ կարելի է արհամարհել աշխարհին տիրելու հնարավորությունը, և Մորդոր արշավելու ու Մատանին ոչնչացնելու որոշումը նրան կմոլորեցնի:
— Ես էլ եմ այդպես կարծում,— խոսեց Էլրոնդը,— որ սկզբում նա չի հասկանա, թե ինչն ինչոց է: Մորդոր տանող ճանապարհը վտանգաշատ է, բայց հաղթանակ բերող միակ ուղին է: Իր տան մեջ Սաուրոնն ամենազոր է, այնպես որ նրան, ով ուղևորվում է Մորդոր, ո՛չ ուժը, ո՛չ իմաստնությունը առավելություն չեն տա: Գաղտնիքը՝ ահա թե այստեղ որն է ամենակարևորը, և գուցե այդ մեծ առաքելությունը տկարն ավելի լավ կատարի, քան ուժեղը, քանի որ ուժեղը սովոր չէ վտանգից թաքնվելու, և Թշնամու հետ մարտը նրան կործանման կհասցնի: Մեկ անգամ չէ, որ թույլերը վերափոխել են աշխարհը՝ արիաբար ու ազնվորեն իրենց պարտքը կատարելով, երբ ուժեղների ուժը չի բավականացրել:
— Ինձ համար ամեն ինչ հասկանալի է,— հանկարծ ասաց Բիլբոն,— կարող ես չշարունակել, պատվարժան Էլրոնդ: Ես եմ սկսել այդ չարաբաստիկ պատմությունը և իմ պարտքն ինձ կոչում է ավարտել այն: Ես շատ լավ էի ապրում էլֆերի մոտ, իսկ իմ աշխատությունը, ինչպես ինձ թվում էր, արդեն մոտ էր ավարտին: Ինձ թվում էր, որ շուտով ես կարող եմ գրել. ''«...Եվ այդ ժամանակվանից նա երջանիկ ապրեց մինչև իր կյանքի վերջը»:'' Ըստ իս, դա հիանալի վերջաբան էր, թեպետ դժվար է արտասովոր անվանել: Բայց այժմ այն, հավանաբար, կփոխվի կամ, լավագույն դեպքում՝ կհետաձգվի, որովհետև գիրքը կերկարի: Ափսո՜ս... Այսպես ուրեմն, ես ե՞րբ պետք է գնամ...
— Բորոմիրը զարմացած նայեց Բիլբոյին, սակայն զսպեց ակամա քմծիծաղը՝ նկատելով, որ Խորհրդի մյուս մասնակիցները հոբիթին լսում էին լրջորեն ու հարգալիր:
— Այո, բարեկամս,— խոսեց Գանդալֆը,— եթե դու սկսած լինեիր այս պատմությունը, ապա դու էլ կավարտեիր: Սակայն տարեգրին պետք է հայտնի լինի, որ մեկուսի պատմություն սկսել հնարավոր չէ. նույնիսկ ամենահզոր ու մեծագույն հերոսը կարող է սոսկ չնչին ներդրում կատարել աշխարհը փոխող պատմության մեջ: Պետք չէ հուզվել: Բոլորս հասկանում ենք, որ կատակի տակ դու թաքցրիր խիզախության պոռթկումը: բայց այդպիսի առաքելությունը քո ուժերից վեր է: Դու չես կարող Հրամեջ Լեռ հասնել: Իսկ գլխավորը՝ Մատանին հիմա նոր Պահապան ունի: Այնպես որ գրքի վերջաբանը մի փոխիր: Եվ պատրաստ եղիր գրելու շարունակությունը, երբ քաջորդիները վերադառնան տուն:
— Մի բան, որ քեզնից երբեք չէի լսել, դա հանգիստ ապրելու խորհուրդն էր,— թեթևացած, բայց ափսոսանքով բացականչեց Բիլբոն: — Քո նախկին խորհուրդները միշտ իմաստուն են եղել, վախենում եմ՝ հանկարծ այսօրվանը հիմար դուրս գա... Իսկ եթե լուրջ խոսենք ու անկեղծ, ապա ես ո՛չ ուժ ունեմ, ո՛չ էլ հաջողականություն, որպեսզի Մատանին նորից պահպանության վերցնեմ: Նրա չարագործ հզորությունն աճել է, իսկ ես ինձ ծեր ու թույլ եմ զգում: Բայց ասա, դու ու՞մ քաջորդիներ անվանեցիր...
— Նրանց, ովքեր Մատանին վերցրած կճանապարհվեն Մորդոր:
— Երեխայի տեղ մի դիր ինձ: Հատկապես ու՞մ նկատի ունեիր: Ըստ իս, այդ և միայն այդ պետք է որոշել այսօրվա Խորհրդում: Ես գիտեմ, էլֆերին հաց ու ջուր չտաս, միայն թե թողնես ինչքան ուզում են խոսեն, իսկ թզուկները վարժվել են զրկանքների դիմանալուն և կարող են շաբաթներով առանց սնունդ մնալ, բայց ես ի՜նչ, ընդամենը մի տարեց հոբիթ եմ և գլուխս արդեն սովից պտտվում է: Ուրեմն ասեք հիմա քաջորդիների անունները կամ ճաշի ընդմիջում անենք:
Բիլբոն վերջացրեց, և լռություն տիրեց: Հյուրերից ոչ ոք խոսք անգամ չասաց: Ֆրոդոն նայեց հավաքվածներին, բայց ոչ ոք աչքերը նրա վրա չբարձրացրեց: Բոլորը լուռ, իրենց սեփական մռայլ խոհերով տարված, նայում էին հատակին: Նրան սահմռկեցնող վախ պատեց, ու հանկարծ գիտակցեց, որ հիմա վեր կկենա ու ինքն իր համար դատավճիռ կկարդա: մի՞թե իրեն հանգստանալ չի կարելի, չի՞ կարելի խաղաղ ապրել Ազատքում: Այստեղ է Բիլբոն, այստեղ այնպե՜ս խաղաղ է...
— Ես պատրաստ եմ Մատանին տանելու,— ասաց նա,— թեպետ չգիտեմ, Մորդոր կհասնե՞մ, թե ոչ:
Էլրոնդը ուշադիր նայեց Ֆրոդոյին:
— Որքան ես հասկանում եմ,— ասաց նա,— հենց քեզ է վիճակված այդ անել, ու եթե դու չհասնես Մորդոր, ապա Խավարի Վարագույրը կիջնի Միջերկրի վրա: Խաղաղ Հոբիթստանի թույլ կոլոտիկներից է կախված այժմ Միջերկիր աշխարհի ճակատագիրը՝ նրանց առջև կընկնեն հզոր ամրոցները, իսկ Մեծերը կգան նրանցից խորհուրդ հարցնելու... Եթե բեռը, որ դու վերցնում ես քո ուսերին, իրականում ուժերիցդ վեր չլինի:
Քանզի դա ծանր բեռ է, Ֆրոդո: Այնքան ծանր, որ ոչ ոք իրավունք չունի ուրիշի ուսերին դնելու: Բայց այժմ, երբ ինքդ ընտրեցիր քո ճակատագիրը, ես կասեմ, որ ճիշտ ընտրություն ես կատարել:
— Բայց դուք հո նրան մենակ չե՞ք ուղարկի, չէ՞, տեր իմ Էլրոնդ,— հանկարծ ճչաց Սամը և, անկարող լինելով ինքն իրեն զսպել, դուրս թռավ թաքստոցից, ուր մտել էր Խորհրդի սկսվելուց առաջ և մինչև հիմա սուսիկ-փուսիկ նստած էր:
— Իհարկե ո՛չ,— պատասխանեց Էլրոնդը՝ ժպտալով տագնապահար Սամին: — Դու անպայման նրան կուղեկցես: Մի՞թե կարող ենք քեզ Ֆրոդոյից բաժանել, եթե դու համարձակություն ես ունեցել նրա հետևից նույնիսկ Իմաստունների գաղտնի Խորհուրդ թափանցել:
Սամը կարմրեց:
— Է՜հ, պարոն Ֆրոդո,— քրթմնջաց նա,— պետք չէր մեզ խրվել էս գործի մեջ... — հետո վշտաբեկ գլուխն օրորեց ու նորից նստեց հատակին:
=== Գլուխ երրորդ. Ճանապարհ դեպի հարավ ===
Երեկոյան հոբիթները հավաքվեցին Բիլբոյի մոտ՝ առանձին գաղտնի խորհրդակցության: Մերին ու Փինը վրդովվեցին, երբ իմացան Սամի արարքի մասին:
— Որտե՞ղ է արդարությունը,— զայրանում էր Փինը: — Այդ խաբեբային դահլիճից չեն վռնդել, անպատկառ ինքնակոչության համար շղթայակապ չեն արել, այլ մի բան էլ պարգևատրել են, և նա Ֆրոդոյի հետ կճանապարհվի: