Changes
/* XIX */
Իրականում այս տպարանից էր, որ դուրս եկան ֆլամանդերեն աստվածաշունչերը և տարածվեցին Բրաբանտում, Ֆլանդրիայում, Հոլանդիայում, Զելանդիայում, Ուտրեխտում, Նորդ֊Բրաբանտում, Օվեր֊Իսելում, Գերլանդում՝ մինչև այն օրը, երբ Սիմոնը դատապարտվեց գլխատման՝ վերջացնելով այդպես իր կյանքը Քրիստոսի ու արդարության համար։
===XX===
Մի անգամ Սիմոնն ասաց Ուլենշպիգելին․
― Լսի՛ր, եղբա՛յր, սրտո՞տ ես, թե չէ։
― Սրտոտ եմ, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― այնքան, որքան պետք է խարազանելու որևէ իսպանացու՝ շունչը փչելու աստիճան, սպանելու համար որևէ մարդասպանի, անշնչացնելու որևէ ջարդարարի։
― Կկարողանա՞ս համբերությամբ մնալ ծխնելույզի մեջ և լսել, թե ինչ է ասվում ցածի սենյակում, ― հարցրեց տպագրիչը։
― Աստծու շնորհիվ ունեմ ամուր կողեր և ճկուն ոտքեր, այնպես որ երկար կարող եմ կատվի պես մնալ այնտեղ, որտեղ ուզենամ։
― Համբերություն և հիշողություն ունե՞ս, ― հարցրեց Սիմոնը։
― Կլաասի աճյունը բախում է կրծքիս, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Դե՛, ուրեմն, լսի՛ր, ― ասաց տպագրիչը, ― կվերցնես այսպես ծալված այս խաղաթուղթը և կգնաս Դենդերմոնդե՝ բախելու երկու անգամ ուժեղ ու մեկ անգամ կամացուկ դուռն այն տան, որի արտաքին տեսքը նկարված է այստեղ։ Մեկը դուռը բաց կանի և քեզ կհարցնի՝ դո՞ւ ես ծխնելույզ մաքրողը․ կասես, որ ես նիհար եմ և իմ խաղաթուղթը չեմ կորցրել, և ցույց կտաս նրան։ Ապա, Թի՛լ, կանես այն, ինչ պետք է անես։ Սև ամպեր են կուտակվում Ֆլանդրիայի վրա։ Քեզ ցույց կտան մի ծխնելույզ՝ նախօրոք ավերված և պատրաստված․ այդտեղ կգտնես լավ կեռեր՝ ոտքերիդ համար, իսկ նստուկիդ համար՝ ամուր հենած մի փոքրիկ տախտակ։ Երբ դուռը բացողը քեզ ասի մտիր ծխնելույզը՝ կմտնես և սուսուփուս կմնաս այդտեղ։ Նշանավոր իշխաններ են հավաքվելու այդ սենյակում, քո պահմտած բուխարու առջև։ Դրանք են՝ Վիլհելմ Լռակյացը՝ Օրանժի դուքսը, Էգմոնտի, Հոորնի, Հոգգստրաատենի կոմսերը և Լյուդովիգ Նասաուն՝ Լռակյացի քաջարի եղբայրը։ Մենք՝ ռեֆորմատներս ուզում ենք իմանալ, թե մեր իշխաններն ի՛նչ են ուզում և ի՛նչ կարող են ձեռնարկել երկիրը փրկելու համար։
Այպիսով, ապրիլի մեկին Ուլենշպիգելն արեց այն, ինչ նրան պատվիրված էր և տեղավորվեց բուխարու ծխնելույզի մեջ։ Նա գոհունակություն զգաց՝ տեսնելով, որ ներքևում կրակ չէր վառվում, և մտածեց, որ ծուխ չլինելու դեպքում լսողությունն ավելի սուր կլինի։
Շուտով սրահի դուռը բացվեց և քամու հոսանքը պարուրեց նրան ու անցավ։ Բայց Ուլենշպիգելը համբերությամբ ընդունեց այդ քամին՝ ասելով, որ դա կթարմացնի իրեն՝ ուշադիր լինելու համար։
Հետո նա լսեց տյարք Օրանժի, Էգմոնտի և մյուսների ներս մտնելը։ Նրանք սկսեցին խոսել իրենց ունեցած երկյուղների, թագավորի բարկության և հարկերն ու ֆինանսները վատ կառավարելու մասին։ Նրանցից մեկը խոսում էր կծու շեշտով, մեծամտորեն ու հստակ․ դա Էգմոնտն էր։ Ուլենշպիգելը ճանաչեց նրան, ինչպես և ճանաչեց Հոոգստրաատենին՝ նրա խռպոտ ձայնից, Հոորնին՝ թավ ձայնից, կոմս Լյուդվիգ Նասաուին՝ նրա հաստատակամ ու ռազմատենչ խոսելուց, և Լռակյացին՝ բոլոր խոսքերը դանդաղ արտասանելուց, կարծես ամեն մի բառը կշեռքի վրա էր կշռում։
Կոմս Էգմոնտը հարցրեց, թե ինչո՞ւ են երկրորդ անգամ հավաքվել, քանի որ Հելեգաթում իրենք երկար ու բարակ որոշել էին իրենց անելիքը։
Հոորնը պատասխանեց․
― Ժամերն արագասահ են․ թագավորը բարկանում է, զգուշանանք ձգձգելուց։
Այնժամ խոսեց Լռակյացը․
― Երկիրը վտանգի մեջ է․ պետք է այն պաշտպանել օտարերկրյա բանակի հարձակման դեմ։
Էգմոնտը տաքանալով պատասխանեց, թե զարմանալի է գտնում, որ թագավորը՝ իր տերը, կարծում է, թե պետք է մի բանակ ուղարկել այստեղ, մինչդեռ ամեն ինչ խաղաղեցված է իշխանների, հատկապես իր հոգատարությամբ։
Բայց Լռակյացը առարկեց նրան․
― Ֆիլիպը Նիդեռլանդիայում ունի տասնչորս զորագունդ, որոնց բոլոր գուգազներն էլ հավատարիմ են նրա՛ն, ով հրամանատար էր Գրավլինում և Սեն֊Քանտենում։<ref>Խոսքը նույն Էգմոնտի մասին է, որ 1557―1558 թվականներին երկու անգամ Ֆիլիպ II֊ի զորքերի գլուխն անցած պարտության մատնեց ֆրանսիացիներին։</ref>
― Չեմ հասկանում։
― Իշխանը շարունակեց․
― Այլևս ոչինչ չեմ ավելացնում, բայց հիմա կկարդացվեն ձեզ և միացյալ իշխաններին ուղղված որոշ նամակներ, ամենից առաջ խեղճ ռազմագերի Մոնտինյիի նամակները։
Այդ նամակների մեջ տյար Մոնտինյին գրում էր․
«Արքան սաստիկ բարկացած է Նիդեռլանդիայում տեղի ունեցածից և պատեհ ժամին պատժելու է խռովությունների հանցավորներին»։
Այս խոսքի վրա կոմս Էգմոնտն ասաց, թե մրսում է, և որ լավ կլիներ մի թեժ օջախ վառեին։ Եվ բուխարին վառեցին, երբ երկու իշխանները խոսում էին նամակների վերաբերյալ։
Կրակը չարծածվեց ծխնելույզի մեջ եղած խիստ խոշոր խցանի պատճառով, և սենյակը լցվեց ծխով։
Այնժամ կոմս Հոոստրաատենը հազալով կարդաց Իսպանիայի դեսպան Ալավայի բռնված նամակները, որ հասցեագրված էին Նիդեռլանդիայի կառավարչուհուն։
― Դեսպանը գրում է, որ Նիդեռլանդիայում կատարված ամբողջ չարիքը երեք մարդու գործ է, այսինքն՝ պարոնայք Օրանժի, Էգմոնտի և Հոորնի։ Պետք է լավ դեմք ցույց տալ այդ իշխաններին, ― ասում է դեսպանը, ― և ասել նրանց, որ արքան կարծում է, թե այդ իշխանների ծառայությամբ միայն երկիրը հնազանդ վիճակում կպահի։ Ինչ վերաբերում է Մոնտինյիին և Բերգեսին, ապա նրանք գտնվում են այնտեղ, որտեղ պետք է լինեն։
«Օ՜, ― մտածում էր Ուլենշպիգելը, ― ես գերադասում եմ մխացող մի ծխնելույզ Ֆլանդրիայում, քան թե հովասուն բանտն Իսպանիայում, որովհետև պարանակեռեր են բուսնում նրա խոնավ պատերին»։
― Հիշյալ դեսպանն ավելացնում է, որ արքան Մադրիդ քաղաքում ասել է․ «Այն ամենի պատճառով, ինչ տեղի է ունեցել Նիդեռլանդիայում, նվազել է մեր արքայական համարումն ու ազդեցությունը, նվաստացված է աստվածապաշտությունը, և մենք ավելի շուտ կվտանգենք մեր բոլոր մյուս երկրները, քան թե անպատիժ կթողնենք մի այդպիսի ըմբոստություն։ Մենք որոշել էինք անձամբ երթալ Նիդեռլանդիա և պահանջել, որ ներկա լինեն պապն ու կայսրը։ Այժմյան չարիքի տակ ապագա բորօրությունն է պառկած։ Մենք Նիդեռլանդիան կենթարկենք մեր բացարձակ իշխանությանը և ըստ մեր ցանկության կձևավորենք այնտեղ պետություն, կրոն և կառավարություն։
«Ա՜խ, Ֆիլի՛պ թագավոր, ասում էր մտովի Ուլենշպիգելը, ― եթե ես կարողանայի իմ ձեռքով քեզ ձևավորե՜լ, իմ ֆլամանդական մահակի տակ պատվական ձևավորման կենթարկվեին քո ազդրերը, բազուկներն ու սրունքները, գլուխդ երկու գամով կամրացնեի կռնակիդ, որպեսզի այդ վիճակում նայելով այն գերեզմանոցին, որ թողնում ես քո հետևից, ուզածիդ չափ երգեիր քո բռնակալական վերափոխումների երգը»։
Գինի բերեցին։ Հոոգստրաատենը վեր կացավ ու ասաց․
― Խմում եմ մեր երկրի կենացը։
Ամենքն էլ հետևեցին նրան․ ապա նա գավը դնելով սեղանին՝ ավելացրեց․
― Չար ժամը հնչել է բելգիական ազնվականության համար։ Պետք է պաշտպանվելու միջոցների մասին մտածել։
Սպասելով պատասխանի՝ նա նայեց Էգմոնտին, որը ծպտուն չհանեց։
Խոսեց, սակայն, Լռակյացը․
― Մենք կդիմադրենք, եթե Էգմոնտը, որ երկու անգամ՝ Սեն֊Քանտենում և Գրավլինում դողացրեց Ֆրանսիային, որ լիակատար իշխաննություն ունի ֆլամանդական գուգազների վրա՝ ուզենա օգնության գալ մեզ և արգելել իսպանացուն մտնելու մեր երկիրը։
Տյար Էգմոնտը պատասխանեց․
― Ես շատ հարգալիր կարծիք ունեմ արքայի մասին, որպեսզի հավատամ, թե մենք հարկադրված կլինենք ապստամբության զենք բարձրացնել նրա դեմ։ Ովքեր նրա զայրույթից վախենում են՝ թող հեռանան։ Ես կմնամ, քանի որ առանց նրա օգնության ապրելու ոչ մի միջոց չունեմ։
― Ֆիլիպը կարող է անագորույն վրեժ լուծել, ― ասաց Լռակյացը։
― Ես վստահում եմ նրան, ― պատասխանեց Էգմոնտը։
― Ներառյալ և գլո՞ւխդ, ― հարցրեց Լյուդովիկ Նասաուն։
― Ներառյալ, ― պատասխանեց Էգմոնտը, ― գլուխս, մարմինս և անձնավորությունս, որ նրանն են։
― Ես քեզ պես կանեմ, բարեկամ հավատարիմ, ― ասաց Հոորնը։
― Պետք է կանխել և ոչ թե սպասել, ― ասաց Լռակյացը։
Այնժամ տյար Էգմոնտը զայրացկոտ ասաց․
― Ես Գրամոնում քսաներկու ռեֆորմատ կախել տվի։ Եթե քարոզները դադարեն, եթե պատկերակործանները պատժվեն՝ արքայի բարկությունը կմեղմանա։
― Կասկածելի հույսեր են դրանք, ― պատասխանեց Լռակյացը։
― Վստահությամբ զինվենք, ― ասաց Էգմոնտը։
― Վստահությամբ զինվենք, ― կրկնեց Հոորնը։
― Պողպատով պետք է զինվել, և ոչ թե վստահությամբ, ― վրա բերեց Հոոգստրատենը։
Դրա վրա Լռակյացը նշան արեց, թե ուզում է մեկնել։
― Երթաք բարով, անհո՛ղ իշխան, ― ասաց Էգմոնտը։
― Մնաք բարյավ, անգլուխ իշխան, ― պատասխանեց Լռակյացը։
Այնժամ Լյուդվիգ Նասաուն ասաց․
― Դահիճը ոչխարի համար է, փառքը՝ պապենական երկիրը փրկող զինվորի համար։
― Ես այդ ոչ կարող եմ, ոչ էլ ուզում եմ, ― ասաց Էգմոնտը։
«Զոհերի արյունը հետ է ցայտում պալատականների գլխին», ― մտածեց Ուլենշպիգելը։
Իշխանները ցրվեցին։
Ուլենշպիգելն իջավ ծխնելույզից և անմիջապես ճանապարհ ընկավ՝ լուր տանելու Պրաատին։ Սա ասաց․
― Էգմոնտը դավաճան է։ Աստված Օրանժի իշխանի հետ է։
Հապա դո՞ւքսը։ Դուքսը Բրյուսելումն է։ Հրաժեշտ տվեք ձեր ունեցվածքին, քաղաքացինե՛ր։
==Գիրք երրորդ==
===I===
Գնում է նա՝ Լռակյացը․ աստված է առաջնորդում նրան։
Երկու կոմսերն արդեն ձերբակալված են։ Ալբան մեղմ վերաբերմունք և ներում է խոստանում Լռակյացին՝ եթե նա ներկայանա իրեն։
Այդ լուրը լսելիս Ուլենշպիգելն ասաց Լամմեին․
― Սատանան տանի, դուքս Ալբան գլխավոր դատախազ Դյուբուայի պնդումով երեք անգամ տասնչորս օր ժամանակ է տվել Օրանժի իշխանին, նրա եղբայր Լյուդվիգին, Հոոգստրաատներին, վան դել Բերգին, Կուլեմբուրգին, Բրեդերոդեին և իշխանի մյուս բարեկամներին՝ ներկայանալ իրեն՝ խոստանալով արդար դատաստան և գթասրտություն։ Լսի՛ր, Լամմե՛․ մի օր, ամստերդամցի մի հրեա ասպարեզ կանչեց իր թշնամիներից մեկին՝ իջնել փողոց․ մարտակոչողը սալահատակի վրա էր, մարտակոչվողը պատուհանում․ «Հապա ցած իջիր, ― ասում էր մարտակոչողը մարտակոչվողին, ― բռունցքի մի այնպիսի հարված իջեցնեմ գլխիդ, որ գլուխդ մտնի կրծքիդ մեջ և դու կողերիդ միջից նայես, ինչպես գողը բանտի ճաղադռան արանքից»։ Մարտակոչվողը պատասխանեց․ «Հարյուրապատիկ ավելի էլ որ խոստանան՝ դարձյալ ցած չեմ գա։ Այսպես էլ Օրանժն ու մյուսները կարող են պատասխանել։
Եվ այդպես էլ արին․ հրաժարվեցին ներկայանալ։ Էգմոնտը ու Հոորնը չհետևեցին նրանց օրինակին։ Եվ պարտականության թերացումը արագացրեց աստծո դատաստանը՝ ի վնաս իրենց։