Changes
/* XXV */
Եվ նա լալիս էր՝ մտածելով այն քաղցր օրերի մասին, երբ ինքն ու իր բարեկամ Ուլենշպիգելն էլ փնտրում էին «մայիսյան հարսին»։
===XXVI===
Իսկ Լամմեն և Ուլենշպիգելը տրտինգ տալով գնում էին՝ մի ոտքը էշի այս կողմը, մյուսն այն կողմը։
― Դե հիմա լսիր, Լամմե՛, ― ասաց Ուլենշպիգելը, ― Նիդեռլանդիայի ազնվականները նախանձելով Օրանժին՝ դավաճանեցին դաշնակիցների գործին, սրբազան միությանը, խիզախ համաձայնությանը, որ ստորագրված էր պապենական երկրի բարօրության համար։ Էգմոնտն ու Հոորնը նույնպես դավաճան եղան և իրենք էլ օգուտ չունեցան դրանից։ Բրեդերոդեն մահացած է, և այս պատերազմի մեջ մեզ այլ ոք չի մնում, եթե ոչ Բրաբանտի ու Ֆլանդրիայի խեղճ ժողովուրդը, որ օրինապահ ղեկավարների է սպասում առաջ շարժվելու համար․ բացի դրանից, որդյա՛կ իմ, մնում են կղզիները, Զելանդիայի կղզիները, նաև հյուսիսային Հոլանդիան, որի կառավարիչն իշխանն է․ իսկ ավելի հեռու, ծովում Էդեմի և Օստ֊Ֆիրսլանդիայի կոմս Էդգարը։
― Ավա՜ղ, ― ասաց Լամմեն, ― ես պարզ տեսնում եմ այդ․ մենք դեգերում ենք կախաղանի, անվամահի ու խարույկի միջև՝ քաղցից կիսամեռ, ծարավից հորանջելով, առանց հանգստության որևէ հույսի։
― Սա դեռ սկիզբն է, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Բարեհաճիր նկատի առնել, որ այժմ ամեն ինչ հաճույք է մեզ համար՝ սպանում ենք մեր թշնամիներին, ծաղրում ենք նրանց, մեր քսակները լիքն է ֆլորիններով․ կուշտ֊կուշտ ուտում ենք միս, խմում գինի, գարեջուր ու գինօղի։ Էլ ի՞նչ է քեզ պետք, փետրապա՛րկ։ Ուզում ես, որ մեր էշերը ծախենք ու ձի՞ գնենք։
― Զավակս, ձիու քայլը շատ հոգնեցուցիչ է իմ կազմվածքն ունեցող մարդու համար։
― Դու էլ նստիր գրաստիդ վրա այնպես, ինչպես գյուղացիներն են անում, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― և ոչ ոք չի ծիծաղի վրադ, քանի որ գյուղացու պես ես հագնված և ինձ պես սուր չես կրում, այլ միայն տեգ։<ref>Բառախաղ՝ epee ― սուր, epieu ― տեգ։ Մինչդեռ Լամմեն սոսկ մահակ ուներ։</re>
― Որդյա՛կ իմ, վստա՞հ ես, որ մեր անցաթղթերը կարող են մեզ ծառայել փոքր քաղաքներում, ― հարցրեց Լամմեն։
― Բայց չէ՞ որ ես ունեմ նաև քահանայի տված վկայականը՝ կարմիր կնքամոմե խոշոր, եկեղեցական կնիքը կախված մագաղաթի զույգ ծայրից․ հապա մեր խոստովանաթղթե՞րը։ Դքսի զինվորներն ու մարդորսները ոչինչ չեն կարող անել այսպիսի վկայականներով զինված մի երկու մարդու։ Իսկ սև համրիչնե՞րը, որ պետք է ծախենք։ Հիմա երկուսս էլ ռեյտար ենք՝ դու ֆլամանդացի, իսկ ես՝ գերմանացի, ճամփորդում ենք դքսի արտակարգ հրամանով, որպեսզի սուրբ բաներ վաճառելով՝ այս երկրի հերետիկոսներին վերադարձնենք կաթոլիկ եկեղեցու գիրկը։ Եվ այդպես մենք կմնտնենք ամեն տեղ՝ ազնվական սինյորների մոտ և հարուստ աբբայարանները։ Եվ նրանք մեզ յուղալի ապաստան կտան, իսկ մենք կիմանանք նրանց գաղտնիքները։ Պռոշներդ լպստի՛ր, անուշի՛կ բարեկամս։
― Որդյա՛կ իմ, ― ասաց Լամմեն, ― ուրեմն մենք լրտեսությո՞ւն ենք անում։
― Հանուն պատերազմի օրենքի ու կարգի, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Եթե նրանք իմանան երեք քարոզիչների դեպքը՝ մենք անկասկած կկորչենք, ― ասաց Լամմեն։
Ուլենշպիգելը երգեց․
<poem>
Դրոշիս վրա գրեցի «Ապրել»,
Ապրել ընդմիշտ լույսի տակ։
Առաջին մորթըս կաշի է,
Իսկ երկրորդը՝ ձիգ պողպատ։
</poem>
Բայց Լամմեն հառաչեց․
― Ես միայն մի մորթ ունեմ՝ խիստ փափուկ․ դաշույնի նվազագույն հարվածը կծակի անմիջապես։ Ավելի լավ կլիներ, եթե ձեռք զարկեինք մի օգտակար զբաղմունքի, քան թե այսպես սար ու ձոր ընկած՝ ենթարկվեինք ամեն պատահականության, որպեսզի ծառայենք այն բոլոր մեծ իշխաններին, որոնք թավշե սռնապաններ հագած՝ դրախտահավ են ուտում ոսկեզօծ սեղանների վրա։ Իսկ մեզ բաժին են ընկած հարվածները, վտանգները, մարտերը, անձրևը, կարկուտն ու ձյունը, թափառաշրջիկների աղքատիկ ապուրները։ Նրանց՝ պատվական երշիկներ, չաղ աքաղաղներ, որսի համեմված թռչուններ, ճարպակալած հյութեղ հավեր։
― Բերնիդ ջուրը հոսում է, անուշի՛կ բարեկամս, ― ասաց Ուլենշպիգելը։
― Ո՞ւր եք դուք՝ թարմ հացեր, ոսկեզօծ թխվածքներ, սքանչելի կրեմներ։ Բայց ո՞ւր ես դու, գողտրի՛կ կինս։
Ուլենշպիգելը պատասխանեց․
― Աճյունը բախում է սրտիս վրա և ինձ մղում մարտի։ Իսկ դու՝ հե՛զ գառնուկ, որ ոչ հորդ, ոչ էլ մորդ վրեժն ունես լուծելու, չես ուզում վրեժխնդիր լինել ոչ քո սիրեցյալի վշտի, ոչ էլ քո աղքատության համար, թո՛ղ ուրեմն, միայնակ գնամ ուր պարտավոր եմ, քանի որ պատերազմի դժվարությունները սարսափեցնում են քեզ։
― Միայնա՞կ, ― հարցրեց Լամմեն և կտրուկ կանգնեցրեց իր էշը, որ սկսեց կրծել ուղտափշի մի փունջ, որից այդ ճանապարհի վրա մեծ քանակությամբ կար։ Ուլենշպիգելի էշն էլ կանգ առավ և նմանապես սկսեց ճարակել։
― Միայնա՞կ, ― կրկնեց Լամմեն։ ― Բայց դու ինձ մենակ չես թողնի որդյա՛կ իմ, դա մեծ դաժանություն է։ Կինս կորցնելուց հետո ընկերո՞ջս էլ կորցնեմ․ չէ՛, անկարելի է։ Խոստանում եմ քեզ, այլևս չեմ տրտնջա։ Եվ քանի որ անհրաժեշտ է, ― և նա գլուխը հպարտությամբ բարձրացրեց, ― կգնաս գնդակի տարափի տակ, այո։ Եվ սրերի մեջ, այո, ընդառաջ այդ անարգ զինվորների, որոնք գայլի պես արյուն են խմում։ Եվ եթե մի օր մահացու հարված ստացած արնաշաղախ ընկնեմ քո ոտքերի մոտ, և եթե դու տեսնես իմ կնոջը՝ ասա՛ նրան, որ ես մեռա, որովհետև չկարողացա ապրել այս աշխարհում առանց որևէ մեկից սիրվելու։ Ոչ, չեմ կարող, որդյակ իմ Ուլենշպիգել։
Եվ Լամմեն լաց եղավ։ Եվ Ուլենշպիգելը խանդաղատեց այդ ազնիվ քաջությունը տեսնելով։
===XXVII===
Այդ միջոցին դուքսը իր բանակը երկու մասի բաժանելով՝ առաջ շարժեց մեկը դեպի Լյուքսեմբուրգի դքսությունը, մյուսը դեպի Նամյուռի մարքիզությունը։
― Դա ինձ համար ռազմական ինչ֊որ անծանոթ որոշում է, ― ասաց Ուլենշպիգելը, ― բայց մեկ է՝ վստահ գնանք դեպի Մաաստրիխտ։
Երբ նրանք գնում էին Մաասի երկայնքով, քաղաքի մոտերքում Լամմեն տեսավ, որ Ուլենշպիգելը ուշադրությամբ դիտում է այն բոլոր նավերը, որոնք լողում էին գետի վրա, և կանգ առավ նրանցից մեկի առաջ, որը առաջամսում շչակ ուներ։ Այդ շչակի վրա կար մի վահանակ, որի ավազագույն ֆոնի վրա ոսկե տառերով գրված էր J―H―S, որ է՝ տերն մեր Հիսուս Քիրստոս։
Ուլենշպիգելը նշան արեց Լամմեին, որ կանգ առնի, և սկսեց արտույտի պես ուրախ ճռվողել։
Նավի վրա մի մարդ երևաց, աքլորի ծուղրուղու կանչեց, ապա Ուլենշպիգելը մի նշան տվեց, այսինքն էշի պես սկսեց զռալ և ցույց տալ նավամատույցի վրա հավաքված ժողովրդին․ նավի մարդն սկսեց ավելի զարհուրելի զռոց գցել։ Ուլենշպիգելի և Լամմեի զույգ ավանակները ականջները պառկեցրին և ձայնակցեցին իրենց հարազատ երգին։
Անցնում էին կանայք, իսկ տղամարդիկ նավաձգության ձիերը հեծած էին գնում, երբ Ուլենշպիգելն ասաց Լամմեին․
― Այդ նավաստին ծիծաղում է մեզ ու մեր էշերի վրա։ Չգնա՞նք դրան մի լավ դնգստենք իր նավի վրա։
― Ավելի լավ է ինքը գա այստեղ, ― պատասխանեց Լամմեն։
Այդ ժամանակ մի կին միջամտեց․
― Եթե դուք չեք ուզում վերադառնալ բազուկներդ ջարդած, կողերդ փշրած, քիթ ու բերան տրորած՝ թողեք, որ այդ Ստերկե Պիրը<ref>Sterecke Pier՝ ֆլամանդական Ուժեղ Պետրոս։</ref> ուզածի չափ զռա։
― Ը՜֊հը՜, ը՜֊հը՜, ը՜֊հը՜, ― զռում էր նավաստին։
― Թողեք զռա, ― ասաց նույն կինը, ― անցած օրը մենք տեսանք նրան ուսերի վրա բարձրացրած մի սայլակ՝ մեջը գարեջրի ծանր տակառներ․ հետո էլ կանգնեցրեց մի ուրիշ սայլակ, որին լծված էր մի հուժկու ձի։ Այնտեղ, ― ասաց կինը՝ ցույց տալով Blauwe-Toren (Կապույտ Աշտարակ) պանդոկը, ― նա իր դանակով ծակեց ու քսան քայլ դեն շպրտեց տասներկու մատնաչափ հաստություն ունեցող մի կաղնե տակառ։
― Ը՜֊հը՜, ը՜֊հը՜֊, ը՜֊հը՜, ― շարունակում էր զռալ նավաստին, երբ տասներկու տարեկան մի տղա բարձրացավ նավի տախտակամածը ու սկսեց նույնպես զռալ։
Ուլենշպիգելը պատասխանեց․
― Մեզ չի զարմացնի քո Ուժեղ Պետրոսը։ Եթե նա Ստերկե Պիրն է, ապա մենք նրանից ավելին ենք․ ահա բարեկամս՝ Լամմեն, որ երկու նրա նմանին կարող է ուտել առանց զկրտալու։
― Ի՞նչ ես ասում, որդյա՛կս, ― հարցրեց Լամմեն։
― Այն ինչ ճիշտ է, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― համեստություն մի՛ անի և ինձ մի՛ հակաճառի։ Այո, բարի՛ մարդիկ, շուտով կտեսնեք, թե ինչպես բազուկները գործի դնելով՝ կոչնչացնի այդ նշանավոր Ստերկե Պիրին։
Լռիր է՜, ― ասաց Լամմեն։
― Քո ուժը հանրածանոթ է, չես կարող թաքցնել։
― Ը՜֊հը՜, ― զռում էր նավաստին։ ― Ը՜֊հը՜, ― կրկնում էր տղան։
Հանկարծ Ուլենշպիգելը նորից գեղգեղաց արտույտի պես, խիստ թախծալի, և մարդիկ, կանայք ու օրավարձավ աշխատողները հիացած հարցրին․ թե ո՞րտեղ էր սովորել այդ երկնային դայլայլը։
― Դրախտում․ հենց հիմա այնտեղից եմ գալիս, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Ապա խոսքն ուղղելով այն մարդուն, որ չէր դադարում զռալ և ծաղրանքով մատնացույց անել իրեն, ասաց․
― Ինչո՞ւ ես մնում այդտեղ, նավիդ վրա, անպի՛տան։ Չե՞ս համարձակվում ցած իջնել և այստեղից ծաղրել մեզ ու մեր ավանականերին։
― Հը՛, չե՞ս համարձակվում, ― վրա բերեց Լամմեն։
― Ը՜֊հը՜, ը՜֊հը՜, ― շարունակում էր նավաստին։ ― Եկեք խնդրեմ իմ նավը, պարո՛ն իշացող էշեր։
― Արա այն, ինչ ես եմ անում, ― ասաց կամացուկ Ուլենշպիգելը Լամմեին։ Ապա դիմելով նավաստուն ավելացրեց․
― Եթե դու Ստերկե Պիրն ես, ես էլ Թիլ Ուլենշպիգելն եմ։ Այս երկուսն էլ մեր էշերն են՝ Եֆը և Յանը, որոնք քեզանից ավելի լավ կարող են զռալ, որովհետև դա նրանց բնական խոսելաձևն է։ Ինչ վերաբերում է քո վատ կցված տախտակների վրա բարձրանալուն՝ այդ մենք չենք անի։ Քո նավը նման է կճուճի․ ամեն անգամ, որ ալիքը առաջ է մղում նրան՝ նա հետ֊հետ է գնում, և շատ֊շատ կարող է առաջանալ միայն խեղցգետնի պես՝ կողքանց։
― Այո, այո, խեցգետնի պես, ― վրա բերեց Լամմեն։
Այնժամ նավաստին խոսքն ուղղեց Լամմեին․
― Այդ ի՞նչ ես մրթմրթում ատամների արանքից, ճենճի տի՛կ։
Լամմեն կատաղած պատասխանեց․
― Խայտառակ քրիստոնյա, ինչ ես ծիծաղում իմ պակասության վրա․ լավ իմացիր, որ իմ ճարպերը իմն են և առաջացել են լավ սնունդից, մինչդեռ դու, ժանգոտ հին մե՛խ, ապրում ես միմիայն նեխած տառեխով, մոմի պատրույգով, ձողաձկան մաշկով՝ եթե դատելու լինենք քո լղար մսերից, որ երևում են շալվարիդ ծակերից։
― Թունդ են իրար կպչելու, ― ասում էին մարդիկ, կանայք և օրավարձով աշխատողները՝ ուրախացած ու հետաքրքրասիրությամբ։
― Ը՜֊հը՜, ը՜֊հը՜, ― զռում էր նավաստին։
Լամմեն ուզեց իջնել իշուց՝ քար հավաքելու և նավաստուն խփելու համար։
― Քար մի՛ գցիր, ― ասաց Ուլենշպիգելը։
Նավաստին մի բան ասաց փոքրիկ տղային, որ իր կողքին, նավի վրա զռում էր։ Տղան նավի կողքից մի նավակ արձակեց և ձողի օգնությամբ, որ հմտորեն էր բանեցնում, հասավ ափը։ Երբ բոլորովին մոտեցավ, հպարտ կանգնելով նավակի մեջ՝ ասաց․
― Մեծավորս հարցնում է, թե համարձակվո՞ւմ եք գալ նավը և բռունցքի ու քացու կռիվ անել։ Այս հորեղբայրներն էլ վկա կլինեն։
― Համաձայն ենք, ― ասաց Ուլենշպիգելը մեծ արժանապատվությամբ։
― Ընդունում ենք մարտը, ― ասաց Լամմեն խիստ հպարտ։
Կեսօր էր․ ամբարտակների բանվորները, սալահատակողները, նավաշինարարները, նրանց կանայք, որ բերել էին իրենց ամուսինների օրապահիկը, երեխաները, որ գալիս էին տեսնելու, թե ինչպես են իրենց հայրերը կազդուրվում բակլայով կամ խաշած մսով, ամենքն էլ ծիծաղում էին, ծափ տալիս մոտալուտ գոտեմարտից հրճված, ուրախությամբ հուսալով, որ մարտնչողներից մեկն ու մեկի գլուխը կջարդվի կամ ջարդուփշուր եղած՝ գետը կշպրտվի ի հրճվանք իրենց։
― Որդյա՛կ իմ, ― ասաց կամացուկ Լամմեն, ― դա մեզ ջուրը կգցի։
― Թող գցի, ― ասաց Ուլենշպիգելը։
― Խոշոր մարդը վախենում է, ― ասում էր բանվորների բազմությունը։
Լամմեն, որ դեռ էշի վրա էր, շրջվեց նրանց կողմը և զայրագին նայեց նրանց․ բայց ամբոխը հայ֊հույ բարձրացրեց։
― Գնանք նավը, ― ասաց Լամմեն, ― կտեսնեն հիմա, թե ո՛վ է վախենում։
Դրա վրա նորից գոռգոռացին, և Ուլենշպիգելն ասաց․
― Գնանք նավը։
Էշերից իջնելով՝ նրանք սանձերը նետեցին պատանուն, որն սկսեց բարեկամաբար շոյել ավանակներին ու տանել այնտեղ, ուր ուղտափուշ էր տեսնում։
Հետո Ուլենշպիգելը վերցրեց նավաձողը, Լամմեին նստեցրեց մակույկը, շրջվեց դեպի նավը, ուր և պարանի օգնությամբ բարձրացավ, հետևից էլ Լամմեն՝ քրտնակալած ու հևասպառ։
Երբ արդեն նավի տախտակամածի վրա էին՝ Ուլենշպիգելը կռացավ իբր թե կոշիկների կապն ամրացնելու համար և մի քանի բառ ասաց նավաստուն, որը ժպտաց ու նայեց Լամմեին։ Հետո հազարավոր լուտանք ու հայհոյանք թափեց նրա գլխին՝ անվանելով անպետք արարած, հանցապարտ՝ ճարպով տռզած, բանտի թեկնածու, papeter՝ խավիծ ուտող և հարցրեց․
― Կե՛տ ձուկ, քանի՞ տոննա ճարպ կտաս՝ երբ քեզ մորթեն։
Հանկարծակի, առանց պատասխանելու, Լամմեն հարձակվեց նրա վրա կատաղած եզի պես, ցած գցեց և սկսեց ամենայն ուժգնությամբ հարվածել նրան, բայց ճարպակալած բազուկների թուլության պատճառով չէր կարողանում մեծ ցավ հասցնել նրան։ Նավաստին, ձևանալով հանդերձ, թե դիմադրում է, թողնում էր, որ ծեծի, և Ուլենշպիգելն ասում էր․ «Այս անպիտանը խմելու փողը կվճարի»։
Գետափից բազմությունը դիտում էր մենամարտը և ասում․ «Ո՞ւմ մտքից կանցներ որ այդ տռուզ մարդն այսպես ամեհի կլինի»։
Եվ նրանք ծափ էին տալիս, իսկ Լամմեն հարվածում էր անողոքաբար։ Նավաստին այլ բան չէր անում, եթե ոչ թաքցնում դեմքը։ Մեկ էլ տեսան, որ Լամմեն ծունկը սեղմել է Ստերկե Պիրի կրծքին, մի ձեռքով բռնել է կոկորդը և բարձրացրել մյուսը՝ խփելու համար։
― Գթություն խնդրի՛ր, ― գոչում էր նա մոլեգնած, թե չէ քեզ կխրեմ քո տաշտակի տախտակների արանքը։
Նավաստին հազաց՝ ցույց տալու համար, որ չի կարող գթություն խնդրել՝ ձեռքով շնորհ հայցեց։
Այնժամ տեսան Լամմեին, որ վեհանձնաբար բարձրացրեց իր թշնամուն․ նավաստին ոտքի կանգնեց և մեջքը դարձնելով հանդիսատեսներին՝ լեզու ցույց տվեց Ուլենշպիգելին, որ ծիծաղելուց պայթում էր՝ տեսնելով, թե ինչպես Լամմեն հպարտությամբ ցնցում է իր գլխարկի փետուրը և հաղթական երթևեկում էր նավի վրա։
Եվ գետափին խռնված մարդիկ ու կանայք, տղաներն ու աղջիկները որքան ուժ ունեին ծափահարում էին՝ ասելով․ « Կեցցե Ստերկե Պիրին հաղթողը, երկաթե մարդ է դա։ Տեսա՞ք ինչպես բռունցքով դնգստեց նրան, ինչպես գլխի հարվածով գցեց մեջքի վրա։ Հիմա արդեն կնստեն խմելու՝ ի նշան հաշտության։ Ստերկե Պիրն ահա նավամբարից դուրս է գալիս՝ գինի ու երշիկ վերցրած»։
Եվ իրոք, Ստերկե Պիրը դուրս է եկել՝ բերելով երկու գավ ու մի խոշոր փարչ Մաասի սպիտակ գինի։ Լամմեն ու նա հաշտվել էին։ Լամմեն չափազանց հրճված իր հաղթանակի, գինու ու երշիկների համար՝ հարցնում էր նրան, ցույց տալով երկաթե ծխնելույզը, որից սև, թանձր ծուխ էր ելնում, թե ի՛նչ խորտիկներ է պատրաստում այնտեղ՝ նավամբարում։
― Պատերազմի խորտիկներ, ― պատասխանեց Ստերկե Պիրը ժպտալով։
Օրավարձով աշխատողների, կանանց ու երեխաների բազմությունը աշխատավայրը կամ կացարանը վերադառնալու համար ցրվեց․ շատ չանցած բերնե բերան լուր տարածվեց, որ էշ հեծած մի գեր մարդ՝ ընկերակցությամբ նույնպես էշ հեծած մի փոքրիկ ուխտավորի՝ Սամսոնից ավելի ուժեղ է, ուստի պետք է զգուշանալ նրան բարկացնելուց։
Լամմեն խմում էր և հաղթականորեն հայում նավաստուն։
Նավաստին հանկարծ ասաց․
― Ձեր ավանակները ձանձրանում են այնտեղ։
Ապա նավը տանելով դեպի նավամատույցը՝ իջավ ցած, բռնեց մի էշի առջևի ու հետևի ոտքերից, և ինչպես Հիսուսն էր գառնուկը գրկել, գրկեց նրան ու դրեց նավի տախտակամածի վրա։ Հետո առանց հևալու նույն կերպ վարվելով մյուսի հետ՝ ասաց․
― Խմենք։
Պատանյակն էլ ցատկեց նավի տախտակամածը։
Եվ նրանք շարունակեցին խմել։ Լամմեն ապուշ կտրած չգիտեր, թե իրոք ի՞նքն էր՝ Դամմեի բնակիչը, որ ծեծլ էր այդ հուժկու մարդուն, և այլևս չէր համարձակվում նայել նրան, եթե ոչ գաղտագողի, առանց որևէ հաղթական հայացքի ու վախենալով, թե չլինի հանկարծ այդ մարդը ցանկություն ունենա բռնելու իրեն՝ ինչպես էշերին էր բռնել, և ողջ֊ողջ շպրտի Մաասը՝ ի գոհացումն պարտության ոխի։
Բայց նավաստին ժպտալով՝ ուրախ֊զվարթ հրավիրեց նրան դարձյալ խմել։ Լամմեն թոթափելով ահը՝ նորից սկսեց հաղթական վստահությամբ նայել նրան։
Իսկ նավաստին և Ուլենշպիգելը ծիծաղում էին։
Այդ միջոցին ավանակները ապշած, որ գտնվում են այնպիսի մի տախտակամածի վրա, որը ախոռային չէ, խոնարհել էին գլուխները, իջեցրել ականջները և սարսափից չէին համարձակվում խմել։ Նավաստին նրանց համար մի խուրձ առվույտ բերեց, որ տալիս էր իր նավը քաշող ձիերին, և որ ինքն էր գնել անձամբ, որպեսզի նավաքարշները չխաբեն իրեն՝ կերի գնից ավել վերցնեն։
Երբ էշերը տեսան խուրձը՝ երախներով սկսեցին աղոթքներ մրմնջալ ու տխրագին դիտել նավի տախտակամածը՝ սայթաքելու ահից չհամարձակվելով սմբակները շարժել։
Այնժամ նավավարն ասաց Լամմեին և Ուլենշպիգելին․
― Գնանք խոհանոց։
― Պատերազմի խոհանոց, ― ասաց Լամմեն անհանգիստ։
― Պատերազմի խոհանոց, բայց դու կարող ես առանց վախենալու իջնել այդտեղ, հաղթո՛ղդ իմ։
― Ամենևին էլ չեմ վախենում և հետևում եմ ձեզ, ― ասաց Լամմեն։
Պատանին կանգնեց ղեկի առաջ։
Իջնելիս ամենուրեք տեսան հացահատիկի, բակլայի, ոլոռի, գազարի և այլ բանջարեղենի պարկեր։
Այնժամ նավավարը բանալով մի փոքրիկ դարբնոցի դուռը՝ ասաց․
― Քանի որ դուք արիասիրտ մարդիկ եք և ճանաչում եք ազատ թռչունի՝ արտույտի դայլայլը և աքաղաղի մարտական ծուղրուղուն, հեզ աշխատողի՝ էշի զռոցը, ես ուզում եմ ձեզ ցույց տալ իմ պատերազմական խոհանոցը։ Այս փոքրիկ դարբնոցի նմանը կգտնեք Մաասի նավերի մեծ մասի մեջ։ Ոչ ոք չի կարող կասկածել այդ, որովհետև դա ծառայում է նավի երկաթեղենը նորոգելուն․ բայց այն, ինչ ամենքը չէ, դա որմնադարանների պարունակած գեղեցիկ բանջարներն են։
Եվ նավամբարի խորքը ծածկող մի քանի քար հետ մղելով՝ բարձրացրեց մի քանի տախտակ և այդտեղից հանեց հրահանի փողերի մի գեղեցիկ կապոց, ապա նորից դրեց տեղը, հետո ցույց տվեց նիզակի ծայրերը, գեղարդներ, սրի շեղբեր, գնդակի ու վառոդի տոպրակներ։
― Կեցցե՛ն գյոզերը, այստեղ կա և՛ բակլա, և՛ սոուս․ խզակոթերը ոչխարաճռներն են, սալաթը՝ գեղարդների ծայրերը, իսկ հրահանների փողերը՝ եզան սրունքներ՝ ազատության խաշի համար։ Կեցցե՛ն գյոզերը։ Ո՞ւր պետք է տանեմ այս սննդամաթերքը, ― հարցրեց նա Ուլենշպիգելին։
― Նիմեգ, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― ուր կմտնես քո նավով՝ էլ ավելի բարձած իսկական բանջարեղենով, որ քեզ կբերեն գյուղացիները, որոնց կվերցնես Էտսենում, Ստեֆանսվերտում և Ռուրմոնդեում։ Սրանք էլ կդայլայլեն արտույտի՝ ազատ մարդկանց թռչունի պես․ դու էլ կպատասխանես աքաղաղի մարտական ծուղրուծուով։ Կերթաս դոկտոր Պոնտուսի մոտ, որ ապրում է Նյուվե֊Վաալի մոտ․ կասես նրան, որ բանջարեղենով հանդերձ ես ժամանել և վախենում ես չորանան։ Երբ գյուղացիները կգնան շուկա՝ ծախելու բանջարեղենն այնքան թանկ, որ ոչ ոք չի գնի՝ նա քեզ կասի, թե ինչ պետք է անես զենքդ։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ նա կհրամայի անցնել, ոչ առանց վտանգի, Վահալով, Մաասով կամ Հռենոսով՝ բանջարեղենը փոխանակելով ծախու ուռկանների հետ, որպեսզի նավարկես Հառլինգենի ձկնորսական նավերի հետ, ուր արտույտի դայլայլը ճանաչող նավաստիներ շատ կան․ հետո նավարակելով գետափից Վադենի մոտով, կհասնես Լաուվերզեե, ուռկանները կփոխանակես երկաթի ու արճճի հետ, Մարկենի, Վլիլանդի կամ Ամելանդի տարազներ կտաս գյուղացիներին, մի քիչ կանգ կառնես ափերին՝ ձուկ որսալու համար, իսկ ձուկը ոչ թե կծախես, այլ աղ կդնես , որովհետև օրինական է՝ թարմ բան խմել, աղի բանով պատերազմել։
― Որ այդպես է՝ խմենք, ― ասաց նավավարը։
Եվ բարձրացան տախտակամածը։
Բայց Լամմեն համակված էր տխրությամբ։
― Պարո՛ն նավավար, ― ասաց նա հանկարծ, ― այստեղ, ձեր դարբնոցում այնպիսի թեժ կրակ կա, որ վստահ կարելի է ասել, թե լավագույն բորանին պետք է եփվեր այդտեղ։ Կոկորդս ապուրից փչացավ։
― Հիմա կթարմացնեմ քեզ, ― ասաց նավավարը։
Եվ քիչ հետո մատուցեց նրան յուղալի ապուր, որի մեջ աղած խոզապուխտի մի խոշոր կտոր էր եփել տվել։
Լամմեն մի քանի գդալ կուլ տալուց հետո ասաց նավավարին․
― Կոկորդս քերվում է, լեզուս վառվում․ սա ո՜ւր, բորանին ո՜ւր։
― Թարմ բան խմել, աղի բանով պատերազմել, այդպես է գրված, ― վրա բերեց Ուլենշպիգելը։
Այնժամ նավավարը լցրեց գավերն ու ասաց․
― Խմում եմ արտույտի՝ ազատության թռչնի կենացը։
― Խմում եմ ռազմի շեփորի՝ աքաղաղի կենացը, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Լամմեն ասաց․
― Խմում եմ կնոջս կենացը․ երբեք ծարավ չզգա՝ անուշիկ սիրեցյալս։
― Հյուսիսային ծովով կգնաս մինչև Էդմեն, ― ասաց Ուլենշպիգելը նավավարին։ ― Էդմենը մեզ համար ապաստան է։
― Ծովն ընդարձակ է, ― ասաց նավավարը։
― Ընդարձակ է մարտի համար, ― ասաց Ուլենշպիգելը։
― Աստված մեզ հետ է, ― ասաց նավավարը։
― Ո՞վ է ուրեմն մեզ դեմ, ― հարցրեց նա։
― Ե՞րբ եք մեկնում, ― հարցրեց նավավարը։
― Անմիջապես, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Բարի ճանապարհ և ուղեկից քամի։ Ահա ձեզ գնդակ ու վառոդ։
Եվ զույգ էշը գառնուկի պես վզին ու ուսերին դնելով՝ իջեցրեց հետո համբուրեց հյուրերին ու ճանապարհ դրեց։
Ուլենշպիգելն ու Լամմեն էշերը հեծան ու ճանապարհ ընկան դեպի Լիեժ։
― Որդյա՛կ իմ, ասաց Լամմեն ճանապարհը շարունակելով հանդերձ, ― ինչպե՞ս այդ մարդը, որ այդքա՜ն ուժեղ է, թողեց, որ այնքան սաստիկ դնգստեմ նրան։
― Նրա համար, որ սարսափը քեզնից առաջ ընկած գնա ամեն տեղ, ուր գնում ենք։ Դա մեզ համար ավելի լավ պահակախումբ է, քան քսան լանդսկնեխտը։ Սրանից հետո էլ ո՞վ կհամարձակվի դիպչել Լամմեին՝ հզոր, հաղթական Լամմեին, նմանը չունեցող ցլանման Լամմեին, որ գլխի լոկ մի հարվածով՝ ամենքի և յուրաքանչյուրի աչքի առաջ գետին գցեց Ստերկե Պիրին՝ Ուժեղ Պետրոսին, որ էշերը գառների պես բարձրացնում է և մի ուսով տանում է գարեջրի լիքը տակառներով սայլակը։ Արդեն ամեն ոք քեզ ճանաչում է այստեղ․ դու ահարկու Լամմեն ես, անպարտ Լամմեն, և ես քայլում եմ քո պաշտպանության հովանու տակ։ Ամեն ոք քեզ կճանաչի այս ճանապարհի վրա, որ մենք անցնելու ենք, ոչ ոք չի համարձակվի վատ աչքով նայելու քեզ, և ի տես մարդկային մեծ քաջության, դու քո ճանապարհին ամենուրեք կգտնես միայն խոնարհ ողջույններ, բարեմաղթություն, հարգանք ու պատկառանք՝ ուղղված քո ահարկու բռունցքի ուժին։
― Լավ ես խոսում, որդյա՛կ իմ, ― ասաց Լամմեն՝ ուղղվելով իր թամբի վրա։
― Եվ ճիշտ եմ խոսում, ― վրա բերեց Ուլենշպիգելը։ ― Տեսնո՞ւմ ես այս հետաքրքրասեր դեմքերը գյուղի հենց առաջին տներում։ Մատնացույց են անում Լամմեին՝ ահազդեցիկ հաղթողին։ Տեսնո՞ւմ ես այս մարդկանց, որ նախանձով նայում են քեզ, և այդ վտիտ վախկոտներին, որ հանում են իրենց գդակները։ Պատասխանի՛ր նրանց ողջյունին, Լամմե՛, գողտրի՛կս․ մի արհամարիր թույլ ժողովրդին։ Տե՛ս, երեխաները գիտեն քո անունը և ահով են կրկնում այն։
Եվ Լամմեն անցնում էր հպարտ՝ թագավորի պես ու ահյակ բարևներ սփռելով։ Եվ նրա քաջության լուրը շենից֊շեն, քաղաքից֊քաղաք հետևեց նրան մինչև Լիեժ, Շոքինե, լա֊Նյովիլ, Վեզեն և Մամյուռ, որից նրանք խուսափեցին երեք քարոզիչների պատճառով։
Այդպես նրանք երկար քայլեցին գետերի, ջրանցքների երկայնքովը։ Ամենուրեք արտույտի դայլայլին պատասխանում էր աքլորի ծուղրուղուն։ Եվ ամենուրեք ազատության գործի համար կռում է ու կոփում էին զենքեր, որոնք առափնյա նավերով ուղարկվում էին։
Եվ տակառների, արկղերի ու զամբյուղների մեջ զենքը թաքցրած՝ անցնում էին նրանք մաքսատներից։
Եվ միշտ էլ գտնվում էին բարի մարդիկ՝ դրանք ընդունելու և ապահով տեղում պահելու համար վառոդի ու գնդակների հետ, մինչև աստծու նշած ժամը։
Եվ Լամմեն ճամփորդելով Ուլենշպիգելի հետ՝ միշտ նախընթաց ունենալով իր հաղթական հռչակը՝ սկսեց ինքն էլ հավատալ իր մեծ ուժին, և դառնալով հպարտ ու ռազմատենչ, թողեց մորուքն աճի։ Եվ Ուլենշպիգելը նրան անվանեց Լամմե֊Առյուծ։
Բայց Լամմեն կայունություն չունեցավ այդ մտադրությունն իրագործելու մեջ․ նորածիլ մորուքի խտուտից չորրորդ օրը որոշումը փոխեց և ածելին սահեցնել տվեց իր հաղթական դեմքի վրայով, որը նորից երևաց Ուլենշպիգելին կլորիկ ու թմփլիկ, ինչպես արև, լավ սննդառության կրակից կարմրած։
Եվ այդպես էլ նրանք հասան Ստոքեմ։
===XXVIII===
Մութն ընկնելուն պես էշերը Ստոքեմում թողնելուց հետո նրանք մտան Անտվերպեն։
Եվ Ուլենշպիգելն ասաց Լամմեին․
― Ահավասիկ մեծ ոստանը․ համայն աշխարհը այստեղ է դիզում իր հարստությունները՝ ոսկի, արծաթ, համեմունք, ոսկեզօծ կաշի, գոբելեններ, մահուդներ, թավշե, բրդե, մետաքսե գործվածքներ․ բակլա, ոլոռն, հացահատիկ, միս, ալյուր, աղած կաշի․ Լուվենի, Նամյուռի, Լյուքսեմբուրգի, Լիեժի գինիներ, Բրյուսելի ու Աերշոտի լանդվին, Բոլեյի գինիներ, որի այգիները Նամյուռի Բույսի դարպասի մոտ է, Հռենոսի, Իսպանիայի ու Պորտուգալիայի գինիներ․ Աէրշոտի չամչի օղի, որը նրանք անվանում են լանոլիում․ Բուրգունդիայի, մալվուազիե գինիներ և ուրիշ շատ տեսակներ։ Եվ նավամատույցները լիքն են ապրանքներով։
Հողի և մարդու աշխատանքի այս հարստությունները այս քաղաքն են քաշում աշխարհի ամենագեղեցիկ ծախու աղջիկներին։
― Երազկոտ ես դառնում, ― ասաց Լամմեն։
― Այդ աղջիկների մեջ կգտնեմ Յոթնյակը, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Ինձ ասված է․
Ավերածության, արյան ու արցունքի մեջ փնտրիր։
Անառակ աղջիկներից ավելի ավերածություն պատճառող բան կա՞։ Միթե խելացնոր դարձած խեղճ մարդիկ նրանց մոտ չե՞ն կորցնում իրենց սիրուն կառոլուսները՝ փայլուն ու զրնգուն, իրենց գոհարները, շղթաներն ու մատանիները, և նրանց մոտից վերադառնում անբաճկոն, քրջոտ ու կողոպտված, նույնիսկ առանց շապիկի։ Մինչդեռ նրանք ճարպակալում են իրենց կողոպուտից։ Ո՞ւր է այն կարմիր ու վճիտ արյունը, որ հոսում էր նրանց երակների մեջ։ Պրասայի<ref>Poireau ― կանաչի է՝ սավզի։</ref> հյութ է այժմ։ Եվ կամ թե նրանց քնքուշ ու գողտրիկ մարմինները վայելելու համար անողոքաբար չե՞ն կռվում իրար հետ դանակով, դաշույնով, սրով։ Դեղնած, արնածոր վիճակում տարվող դիակները սիրուց խենթացած թշվառների դիակներն են։ Երբ հայրը նշավակում է ու դաժանատեսիլ մնում նստած իր տեղը՝ որքա՜ն նրա ճերմակ մազերը ավելի ալեհեր ու ցից են թվում, որքա՜ն նրա աչքերը չոր, ուր վառվում է տղայի կորուստից առաջացած կսկիծը, և արցունքը չի ուզում ցայտել․ ինչպե՜ս է լուռումունջ և դիակի պես գույնը գցած մայրը լաց լինում, կարծես իր առաջ նա չի տեսնում այլ բան, եթե ոչ աշխարհի ցավերը, որ հոսեցնում են նրա արցունքը։ Այդ ամենի պատճառը անառակ աղջիկներն են, որոնք սիրում են լոկ իրենց ու փող, և իրենց ոսկեճամուկ գոտուն կապած պահում խորհող, աշխատող ու փիլիսոփայող աշխարհը։ Այո, այնտեղ է Յոթնյակը, և մենք, Լամմե՛, կգնանք աղջիկների մոտ։ Գուցե քո կինն էլ այնտեղ է․ դա կլինի ուռկանի զույգ որս։
― Համաձայն եմ, ― ասաց Լամմեն։
Հունիս ամիսն էր, ամռան վերջը, երբ արդեն կարմրացնում է շագանակենիների տերևները, երբ թռչնիկները երգում են ծառերի վրա, և երբ ամենափոքրիկ ճիճուն անգամ խոտի մեջ եղած տաքության համար հրճվանքից մրմնջում է։
Լամմեն դեգերում էր Անտվերպենի փողոցներով, Ուլենշպիգելի կողքին, գլուխը խոնարհած և մարմինը քարշ տալով ինչպես մի տուն։
― Լամմե՛, ― ասաց Ուլենշպիգելը, ― շատ ես տխուր։ Չգիտե՞ս միթե, որ ոչ մի բան այնքան չի վնասում մորթին, որքան դա։ Եթե շարունակ տխուր մտքերի մեջ ընկնես՝ մորթդ թոփ֊թոփ կկորցնես։ Եվ որքան սրամիտ բան կլինի՝ երբ քո մասին ասեն՝ Մաշված Լամմեն։
― Քաղցած եմ, ― ասաց Լամմեն։
― Գնանք ճաշենք, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Եվ միասին գնացին Հին Աստիճանները, որտեղ կերան choesel և խմեցին այնքան գարեջուր, որքան կարող էին տեղավորել։
Լամմեն այլևս չէր թնկթնկում։
Իսկ Ուլենշպիգելն ասում էր․
― Օրհնյալ եղիցի ընտիր գարեջուրը, որ հոգիդ արևաշող է դարձնում։ Այժմ ծիծաղում ես ու ցնցում փորդ։ Ինչպե՜ս եմ սիրում քեզ տեսնել այդ վիճակում, երբ աղիքներդ ցնծագին պարում են։
― Որդյա՛կ իմ, նրանք է՛լ ավելի ուժգին կպարեին, եթե կնոջս գտնելու բախտավորություն ունենայի։
― Գնանք փնտրենք նրան։
Եվ այդպես հասան նրանք Ստորին Շելդայի թաղամսը։
― Նայիր, ― ասաց Ուլենշպիգելը, ― այս ամբողջովին փայտաշեն տնակին, լայն բացված գեղեցիկ փեղկերին և փոքրիկ, ապակե շրջանակներին, ուշադրություն դարձրու այդ դեղին վարագույրներին ու կարմիր լապտերին։ Այնտեղ, որդյա՛կ իմ, չորս տակառ գորշ գարեջրի, uitzet<ref>Գինու տեսակ (ֆլամ․)։</ref>֊ի, կրկրուհի՝ հիսուն տարեկան կամ ավելի։ Նրա ապրած ամեն մեկ տարին ճարպի մի նոր շերտ է ավելացնում նրա վրա։ Տակառներից մեկի վրա մոմ է վառվում, մի լապտեր էլ կախված է առաստաղի հեծանից։ Այդտեղ և՛ լույս է լինում, և՛ խավար․ խավար՝ սիրո համար, լույս՝ վճարելու համար։
― Այդ հո սատանայի մայրապետների վանք է, իսկ այդ տիրուհին՝ նրա վանամայրը, ― ասաց Լամմեն։
― Այո, ― ասաց Ուլենշպիգելը, ― հենց այդ կինն է, որ հանուն տյար Բեհեղզեբուղի, վարում է տասնհինգ գեղեցիկ աղջիկների սիրային կյանքը, որոնք նրա մոտ գտնում են ապաստան ու սնունդ, բայց նրանց արգելված է այդտեղ քնել։
― Ծանո՞թ ես այդ վանքին, ― հարցրեց Լամմեն։
― Հիմա կգնամ այդտեղ կնոջդ փնտրելու։ Ե՛կ։
― Չէ։ Միտքս փոխեցի։ Մի՛ գնա այնտեղ։
― Ուրեմն պիտի թողնե՞ս, որ բարեկամդ միայնակ ենթարկվի այդ Աստարտեների թովչանքին։
― Թո՛ղ, ուրեմն, չգնա, ― ասաց Լամմեն։
― Իսկ եթե ստիպված է գնալ Յոթնյակը և քո կնոջը փնտրելու համա՞ր, ― առարկեց Ուլենշպիգելը։
― Ես գերադասում եմ քնել, ― ասաց Լամմեն։
― Դե՛, ուրեմն, եկ, ― ասաց Ուլենշպիգելը դուռը բանալով և Լամմեին ներս հրելով։ ― Տե՛ս, տիրուհին իր տակառների հետևն է՝ երկու մոմի միջև․ սրահն ընդարձակ է՝ կաղնեփայտե սևացած առաստաղով, ծխակալած հեծաններով, չորս կողմը նստարաններ, կաղ ոտքերով սեղաններ՝ ծանրաբեռնված բաժակներով, տկճորներով, սկահակներով, գավերով, թասերով, շշերով և կոնծաբանության այլ մեքենաներով։ Կենտրոնումն էլ սեղաններ ու աթոռներ կան, որոնց վրա գահակալում են լաթերը, այսինքն կանացի գլխանոցներ, ոսկեճամուկ գոտիներ, թավշե մուճակներ, պարկապզուկներ, սրինգներ, փողեր։ Անկյունում մի սանդուղք կա, որ տանում է վերևի հարկը։ Մի փոքրիկ, ճաղատ կուզիկ նվագում է կլավեսին, որ հաստատված է ապակե ոտքերի վրա, որոնց պատճառով էլ նվագարանի ձայնը դառնում է ճռինչ։ Պարի՛ր, ցմփո՛ր։ Տասնհինգ գեղեցիկ աղիճներ նստած են՝ ո՛րը սեղանի, ո՛րը աթոռի վրա՝ մի սրունքն այս կողմ, մյուսն այն կողմ, կռացած, ուղղված, կռթնած, պառկած մեջքի կամ կողքի վրա՝ ըստ իրենց ցանկության, սպիտակ, կարմիր հագուստներով, բազուկները մերկ, ինչպես և ուսերն ու լանջը՝ մինչև իրանի կեսը։ Ամեն տեսակ էլ կա դրանց մեջ․ ընտրի՛ր միայն։ Մոմերի լույսը շոյելով ոմանց խարտյաշ ծամերը՝ ստվերի մեջ է թողնում կապույտ աչքերը, որոնց միայն խոնավ կրակի փայլելն ես տեսնում։ Ոմանք էլ դիտելով առաստաղը՝ ջութակի հնչյունների տակ գերմանական որևէ բալլադ են հեծեծում։ Ոմանք էլ՝ թմփլիկ, թխլիկ, չաղ ու անպատկառ՝ լիք գավերով խմում են Ամբուազի գինի, ցույց տալիս իրենց կլորիկ, մինչ ուսերը մերկ բազուկները, կիսաբաց զգեստը, որից երևում են կրծքերի խնձորները, և առանց ամոթխածության խոսում են ամբողջ կոկորդով՝ մեկը մյուսից հետո կամ ամենքը միասին։ Լսի՛ր նրանց․
― Կորչի փողն այսօր․ մեզ սեր է այժմ պետք, սեր՝ մեր ընտրությամբ, ― ասում էին սիրուն աղջիկները, ― տղայի, պատանու և մեր հավանած մարդու սեր՝ անվճար։ ― Թո՛ղ նրանք, ում մեջ բնությունը դնում է այն առնական ուժը, որ արուներ է ծնեցնում, թո՛ղ գան մեզ մոտ, այստեղ, ի սեր աստծուն և մեզ։ ― Երեկ վճարովի օր էր, այսօր սիրելու օր է։ ― Ո՞վ է ուզում խմել մեր շրթներից․ նրանք գինուց դեռ թաց են։ Գինի ու համբույր՝ կատարյալ խրախճանք։ ― Գրո՜ղը տանի միայնակ ննջող այրիներին։ Մենք աղջիկ ենք։ Այսօր ողորմածության օր է։ Երիտասարդներին, ուժեղներին ու գեղեցիկներին կբացենք մենք մեր գիրկը։ Գինի լցրե՛ք։ ― Անուշի՛կս, սիրո ճակատամարտի համա՞ր է սիրտդ թմբկահարում կրծքիդ տակ։ Ինչպիսի՜ ճոճանակ․ համբուրյների ժամացույցն է դա։ Ե՞րբ կգան նրանք՝ լեցուն սրտերով, դատարկ քսակներով։ Մի՞թե չեն առնում փառավոր սիրահարվածների հոտը։ Ի՜նչ տարբերություն երիտասարդ գյոզի և պարոն մարկգրաֆի միջև։ Այն, որ պարոնը վճարում է ֆլորինով, իսկ ջահել գյոզը՝ գուրգուրանքով։ Կեցցե՜ն գյոզերը։ Ո՞վ է ուզում գնալ արթնացնել մեռյալներին։
Այսպես էին խոսում սիրավառ կյանք վարող բարի, աշխույժ ու զվարթ աղջիկները։
Բայց դրանց մեջ կային և ուրիշներ՝ նեղ դեմքով, ուսերով․ սրանք իրենց մարմինը դարձրել էին խնայողության կրպակ և գորշ֊գորշ կուտակում էին իրենց լղար մսի գինը։ Սրանք քրթմնջում էին իրար մեջ․
― Շատ անսիրտ բան է հրաժարվել վճարից այս հոգնեցուցիչ արհեստը բանեցնելով՝ ի սեր այդ անհեթեթ քմահաճույքների, որ դուրս են տալիս տղամարդկանց սիրահար այդ աղջիկները։ Եթե դրանք քմայքներ ունեն, մենք ամենևին չունենք և գերադասում ենք ծերության օրերը դրանց պես քարշ չգալ ցնցոտիներով, առուների մեջ, և ուզում ենք մեր վարձը, քանի որ ծախու ենք։ ― Գրողի ծո՛ցը ձրին։ Տղամարդիկ տգեղ են, գարշահոտ, կռվարար, շատակեր ու հարբեցող; Հենց նրանք են, որ վատ ճանապարհի են մղում խեղճ կանանց։
Սակայն ջահելներն ու գեղեցիկները չէին լսում այս խոսքերը և ամբողջովին անձնատուր եղած իրենց հաճույքին ու կոնծաբանությանը, ասում էին․
― Լսո՞ւմ եք, Աստվածածնի եկեղեցու զանգերը մեռելոց են ղողանջում։ Մենք հնո՛ց ենք։ Ո՞վ է ուզում գնալ արթնացնելու մեռյալներին։
Լամմեն միանգամից տեսնելով այդքան կին՝ թուխ ու խարտյաշ, թարմ ու թառամած՝ ամաչեց և աչքերը խոնարհելով գոչեց․
― Ուլենշպի՛գել, ո՞ւր ես դու։
― Վախճանվել է, բարեկա՛մս, ― ասաց մի չաղլիկ կին՝ բռնելով նրա թևը։
― Վախճանվե՞լ է, ― հարցրեց Լամմեն։
― Այո, ― ասաց կինը, ― երեք հարյուր տարի առաջ՝ Յակոբոս դը Կոստեր վան Մաարլանդի ընկերակցությամբ։<ref>Նիդեռլանդացի գրող Մաարլանդի գերեզմանը Դամմեում սխալմամբ համարել են Ուլենշպիգելինը։</ref>
― Բա՛ց թողեք թևս և մի՛ կճմթեք, ― ասաց Լամմեն։ ― Ուլենշպի՛գել, ո՞ւր ես։ Եկ փրկիր ընկերոջդ։ Իսկույն ևեթ կգնամ՝ եթե չթողնեք։
― Ոչ մի տեղ չես գնա, ― ասացին կանայք։
― Ուլենշպի՛գել, ― դարձյալ ասաց Լամմեն խեղճացած, ― ո՞ւր ես։ Տիկի՛ն, մազերս այդպես մի քաշեք, կեղծամ չի դա, ճիշտ եմ ասում։ Հասե՜ք, օգնությո՜ւն։ Մի՞թե ականջներս բավականաչափ կարմիր չեք գտնում, որ է՛լ ավելի եք արյուն հոսեցնում այնտեղ։ Այս կնիկն էլ հո շարունակ պլնթրակներ է տալիս ինձ։ Ցավացնում եք տիկի՛ն։ Ավա՜ղ, հիմա էլ մի բան են շփում դեմքիս։ Ո՞ւր է հայելին։ Փուռի բերանի պես սևացել եմ։ Սաստիկ կբարկանամ, եթե վերջ չտաք։ Վատ բան եք անում, որ այսպես չարչարում եք մի խեղճ մարդու։ Բա՛ց թողեք ինձ։ Երբ շալվարս այդպես քաշքշում եք մեկ ձախ, մեկ աջ, ամեն կողմ, ինձ էլ շաղգամի պես պտտեցնում եք՝ հո դրանից ավելի չե՞ք չաղանում։ Դե իհարկե կբարկանամ։
― Կբարկանա՜, ― ասում էին աղջիկները ծիծաղելով, ― կբարկանա՜ երանելին։ Ավելի լավ է ծիծաղես և մի սիրերգ երգես մեզ համար։
― Մի թակոցի երգ կերգեմ՝ եթե կուզեք, բայց թողեք ինձ։
― Ո՞ւմ ես սիրում դու այստեղ։
― Ոչ ոքի․ ոչ քեզ, ոչ էլ մյուսներին։ Գանգատ կտամ քաղաքապետին, նա էլ ձեզ մտրակել կտա։
― Ինչպե՜ս չէ, ― ասացին աղջիկները, ― մտրակե՜լ տա։ Իսկ եթե քեզ բռնի, համբուրենք այդ մտրակահարումից առաջ։
― Ի՞նձ։
― Քեզ, ― ասացին բոլորը միասին։
Եվ ահա գեղեցիկ ու տգեղ, թարմ ու թառամած, թխլիկ ու խարտյաշ աղջիկները հարձակվեցին Լամմեի վրա, գլխարկն ու թիկնոցը օդ նետեցին և սկսեցին շոյել, համբուրել երեսը, քիթը, կռնակը՝ ամենայն ուժով։
Տիրուհին ծիծաղում էր մոմերի միջև նստած։
― Հասե՛ք, ― գոչում էր Լամմեն, ― հասե՛ք․ Ուլենշպիգե՛լ, արի սրբիր֊ավելիր այս ամբողջ ոմնակը։ Թողեք․ պետք չունեմ ձեր համբույրենրին։ Ես ամուսնացած մարդ եմ, աստվա՛ծ վկա, և ամեն ինչ պահում եմ կնոջս համար։
― Ամուսնացա՞ծ․ բայց միայն քո կնոջ համար շատ ես դու՝ քո կազմվածքի տեր մա՜րդը։ Մի քիչ էլ մեզ տուր։ Հավատարիմ կինը լավ բան է, բայց հավատարիմ ամուսինը՝ կռտած աքաղաղ։ Աստված քո ճարն անի, հիմա ընտրությունդ արա, թե չէ մենք քեզ կմտրակահարենք։
― Չեմ անի, ― ասաց Լամմեն։
― Ընտրի՛ր։
Չեմ ընտրի։
― Ինձ չե՞ս ուզում, ― ասաց մի սիրուն, խարտյաշ աղջիկ, ― մի տես՝ անուշիկ եմ և սիրում եմ նրան, ով սիրում է ինձ։
― Թող ինձ, ― ասաց Լամմեն։
― Ինձ ուզո՞ւմ ես, ― ասաց մի գողտրիկ աղջիկ՝ սև ծամերով, թուխ աչքերով ու թուխ մորթով, կարծես ամբողջովին հրեշտակների ձեռքով կերտված։
― Սև գաթա չեմ սիրում ես, ― պատասխանեց Լամմեն։
― Իսկ ինձ չե՞ս վերցնի, ― ասաց մի խոշոր աղջիկ, համարյա ամբողջովին ծամերով ծածկված ճակատով, հաստ, կցված հոնքերով, խոշոր, թաց աչքերով, հաստ օձաձկան նմանող ու խիստ կարմիր շրթներով, կարմիր երեսով, վզով և ուսերով։
― Ամենևին չեմ սիրում թրծած աղյուս, ― ասաց Լամմեն։
― Ինձ ընտրիր, ― ասաց սկյուռի դնչիկով մի տասնվեց տարեկան աղջիկ։
― Կաղին կրծողներին չեմ սիրում, ― ասաց Լամմեն։
― Մտրակե՜լ, մտրակե՜լ նրան, ― գոչեցին աղջիկները։ ― Ինչո՞վ։ Լավ մտրակներով՝ ծայրերին չոր կաշե փունջ։ Մի փառավոր խարազանո՜ւմ։ Ամենապինդ մորթն անգամ չի դիմանա։ Մի տասը հատ բերեք՝ սայլապանի ու իշապանի խարազան։
― Օգնությո՜ւն, Ուլենշպիգե՛լ, ― գոչում էր Լամմեն՝ ամեն կողմ փնտրելով բարեկամին։
Մտրակները բերվեցին․ աղջիկներից երկուսը ձեռնամուխ եղան Լամմեի բաճկոնակը հանելուն։
― Ավա՜ղ, ― ասում էր նա, ― խեղճ ճարպս, որը կուտակելու համար այնքան նեղություն եմ քաշել, հիմա սրանք անկասկած կպոկեն իրենց սոսկալի մտրակներով։ Բայց անգութ կնիկարմատներ, իմ ճարպը ոչ մի օգուտ չի տա ձեզ, նույնիսկ սոուս պատրաստելու պետք չի գա։
― Մոմ կշինենք, ― պատասխանեցին աղջիկները։ Ի՜նչ վատ բան է ձրի լուսավորություն ունենալ։ Սրանից հետո ով որ ասի, թե մտրակից մոմ դուրս կգա, խենթ կհամարվի ամենքի կողմից։ Մենք էլ մինչ ի մահ կսկսենք գրազ գալ և ամեն անգամ կշահենք։ Մտրակները թաթախեցեք քացախի մեջ։ Հիմա բաճկոնակդ արդեն հանված է։ Սուրբ Հակոբի եկեղեցու ժամացույցը խփում է․ ժամը ինն է։ Իններորդ հարվածին եթե ընտրությունդ չանես կխփենք։
Լամմեն սիրտը դող՝ ասում էր․
― Խղճացե՛ք, ողորմացե՛ք ինձ․ ես երդվել եմ հավատարիմ լինել իմ խեղճ կնոջը, և կպահեմ այդ երդումը, թեև նա ինձ շատ տգեղ կերպով թողեց գնաց։ Ուլենշպիգել, անուշիկս, օգնության հասիր։
Բայց Ուլենշպիգելը չէր երևում։
― Մի նայեցեք, նայեցեք ինձ, ― ասում էր Լամմեն անառակ աղջիկներին, ― ահա ես ծնկաչոք, ձեր առաջ։ Սրանից ավելի նվաստ դիրք կարո՞ղ է լինել։ Միթե սա բավականաչափ չի նշանակում, որ ես հարգում եմ ձեր մեծ գեղեցկությունը՝ ինչպես սրբերի։ Երանի՜ նրան, ով ամուսնացած չէ և կարող է վայելել ձեր հրապույրն ու թովչանքը։ Դա անկասկած դրախտն է․ բայց խնդրում եմ ինձ չծեծեք։
Հանկարծ տիրուհին, որ նստած մնացել էր զույգ մոմերի մեջտեղ, ուժգին ձայնով և սպառնալի ասաց․
― Այ աղջիկնե՛ր, երդվում եմ իմ մեծ սատանայով, որ եթե մեկ րոպեի մեջ ծիծաղով ու քաղցրությամբ այս մարդուն բարի վախճանի չհասցնեք, այսինքն ձեր անկողինը չտանեք՝ ես կերթամ գիշերապահներին կանչելու, որպեսզի ամենքիդ էլ մի լավ մտրակի քաշեն նրա փոխարեն։ Դուք ամենևին արժանի չեք սիրատարփ աղջիկների անվան՝ եթե զուրն տեղն եք բերնի լրբություն անում, ձեռքի սանձարձակություն և հրացայտ հայացքներ արձակում արուներին զայրացնելու համար միայն, ինչպես լուսատիտիկների էգերն են անում, որոնք լապտեր ունեն սոսկ այդ գործի համար։ Եվ դուք անողոքաբար մտրակահար կարվեք ձեր տխմարության համար։
Այս խոսքերի վրա աղջիկներն սկսեցին դողալ, իսկ Լամմեն հրճվեց։
― Հապա՛, կանա՛յք, ― ասաց նա, ― մի ասեք տեսնեմ ի՞նչ լուր ունեք կապտացնող կաշեփոկերի աշխարհից։ Ես ինքս կգնամ պահակներին կանչելու։ Նրանք իրենց պարտականությունը կկատարեն, ես էլ կօգնեմ նրանց։ Մեծ հաճույք կլինի դա ինձ համար։
Բայց այդ միջոցին մի տասնհինգ տարեկան գողտրիկ աղջիկ նետվեց Լամմեի ծնկներին։
― Պարո՛ն, ― ասաց նա, ― ինչպես տեսնում եք՝ խոնարհաբար չոքել եմ ձեր առջև․ եթե մեզնից ոչ ոքի չընտրեք՝ ապա ես ծեծ եմ ուտելու ձեր պատճառով։ Եվ մեր տիրուհին, որ նստած է այնտեղ, ինձ գցել կտա մի զզվելի նկուղ, որ Շելդայի տակն է շինված և ջուրը պատից ծորում է, և որտեղ սև հացից բացի այլ ուտելիք չեմ ստանա։
― Իսկապե՞ս իմ պատճառով ծեծ է ուտելու, տիրուհի՛ խաթում, ― հարցրեց Լամմեն։
― Արյունլվա լինելու աստիճան, ― պատասխանեց տիրուհին։
Այնժամ Լամմեն զննելով աղջկան ասաց․
― Տեսնում եմ, որ թարմ ես, բուրումնավետ․ զգեստից դուրս եկած ուսդ նման է ճերմակ վարդի խոշոր թերթիկի։ Ես չեմ ուզում, որ այդ գեղեցիկ մորթը, որի տակ հոսում է այնքա՜ն երիտասարդ արյունը, խոշտանգվի մտրակի հարվածներից, ոչ էլ երիտասարդական կրակով շողշողացող այդ աչքերը արցունք թափեն հարվածների ցավից, ոչ էլ, իհարկե, բանտի սառնությունից դողդողա սիրո դիցուհու մարմինդ։ Հետևաբար ես գերադասում եմ ընտրել քեզ, քան թե իմանամ, որ ծեծ ես կերել։
Աղջիկը տարավ նրան։ Եվ այսպես Լամմեն մեղանչեց, ինչպես և ամբողջ կյանքում՝ հոգու բարությունից մղված։
Իսկ Ուլենշպիգելի առաջ կանգնել էր մի մարմնեղ, գեղեցիկ թուխ աղջիկ՝ գանգուր մազերով ՝ առանց մի բառ արտասանելու նայում էր նրան, խունջիկ֊մունջիկ անում ու ձևանում էր, թե չի ուզում նրան։
― Սիրիր ինձ, ― ասաց Ուլենշպիգելը։
― Սիրե՜մ քեզ, խենթո՛ւկ բարեկամ, դու այդ ուզում ես սոսկ քո ուզած ժամերիդ, ― ասաց աղջիկը։
― Թռչունը, որ սավառնում է մեր գլխավերևում, երգում է իր երգը ու անցնում։ Այդպես էլ ես, քացրի՛կս․ ուզո՞ւմ ես միասին երգենք։
― Այո, ծիծաղի ու արցունքի երգ։
Եվ աղջիկը փաթաթվեց Ուլենշպիգելի վզին։
Երբ Ուլենշպիգելն ու Լամմեն հաճույքից նվաղում էին իրենց անուշիկների գրկում՝ հանկարծ սրինգի ու թմբուկի նվագակցությամբ իրար հրելով, շտապելով, երգելով, սուլելով, աղաղակելով, ոռնալով, գոռգոռալով տուն մտան meesevanger-ների մի ուրախ ընկերություն․ այդպես են Անտվերպենում անվանում երաժշտահավեր բռնողներին։ Նրանք շալակել էին այդ փոքրիկ թռչուններով լեցուն պարկեր ու վանդակներ, ինչպես և նրանց այդ գործում օգնող բուերին, որոնք քթթում էին իրենց ոսկեգույն աչքերը լույսի տակ։
Թռչնաորսները տասը հոգի էին՝ խիստ կարմրած, գինուց ու գարեջրից փքված, գլուխներն օրորվում էին, երերուն ոտքերի վրա քարշ էին գալիս և գոռում այնպիսի խռպոտ ու բեկ֊բեկ ձայնով, որ սարսափահար աղջիկներին թվում էր, թե լսում են վայրի գազանների մռնչյունն անտառում և ոչ թե մարդկանց ձայնը բնակարանում։
Բայց քանի որ աղջիկները չէին դադարում ասել ու խոսել՝ մենակ կամ միասին․
― Ում սիրեմ՝ նրան կուզեմ։ Մենք նրանն ենք, ում հավանում ենք։ Վաղը ֆլորինով հարուստներին․ այսօր սիրով հարուստներին։
Թռչնորսները պատասխանեցին․
― Մենք ֆլորին ունենք, նմանատիպ և սեր․ ուրեմն և խելառ աղջիկները մեզ։ Ով հետ գնա՝ որձատ աքլոր է։ Այս աղջիկները երաժշտահավեր են, մենք էլ որսորդ։ Օգնության հասեք, բարի դքսի բրաբանտցինե՛ր։
Սակայն կանայք ծաղրելով ասում էին․
― Փո՜ւ, այլանդա՛կ ռեխներ, որ մտածում եք ուտել մեզ։ Օշարակը խոզերին չեն տա։ Մենք ընդունում ենք ո՛ւմ հավանում ենք, իսկ ձեզ բնավ չենք ուզում։ Ձեթի տակառնե՛ր, ճարպի տկե՛ր, բարակ մեխե՛ր, ժանգոտ շեղբե՛ր, ձեզնից քրտինքի ու ցեխի հոտ է փչում։ Թողեք կորե՛ք այստեղից, առանց մեր օգնության էլ դժոխքի բաժին կլինեք։
Բայց թռչնորսները առարկում էին․
― Գալլուհիներն<ref>Գալլեսը (կամ ավելի ճիշտ Ուելսը) Անգլիայի արևմտյան մասն է։</ref> այսօր նրբաճաշակ են։ Զզված տիկնա՛յք, դուք՝ իհարկե, կարող եք մեզ տալ այն, ինչ ծախում եք ամբողջ աշխարհին։
Իսկ կանայք ասում էին․
― Վաղը մենք շան պես ստրուկ կլինենք և ձեզ կընդունենք, այսօր ազատ կանայք ենք և մերժում ենք ձեզ։
― Բավական է խոսք֊զրույցը, ― գոչեցին թռչնորսները։ ― Ո՞վ է ծարավ։ Քաղենք խնձորները։
Եվ այդպես աղաղակելով հարձակվեցին աղջիկների վրա՝ առանց տարիքի ու գեղեցկության խտիրի։ Սիրուն աղջիկները, հաստատ մնալով իրենց որոշման, սկսեցին նրանց գլխին շպրտել աթոռ, գավեր, թասեր, բաժակներ, շշեր՝ որ կարկուտի պես նրանց վրա տեղացին՝ վիրավորելով, հոշոտելով, աչքերը կուրացնելով։
Աղմուկի վրա եկան Ուլնեշպիգելն ու Լամմեն՝ սանդուղքի գլխին թողնելով իրենց դողդողացող սիրուհիներին։ Երբ Ուլենշպիգելը տեսավ այդ կանանց վրա գրոհած մարդկանց՝ բակից մի ավել ճարեց, դեն գցեց ցախափունջը, մեկն էլ տվեց Լամմեին, և երկուսով սկսեցին անգթաբար հարվածել թշնամիներին։
Խաղը ծանր թվաց այս կերպ ծեծված հարբածներին․ նրանք մի րոպե կանգ առան, որից անմիջապես օգտվեցին վտիտ աղջիկները, որոնք ուզում էին ծախվել (և ոչ թե հանձնվել) նույնիսկ կամավոր սիրո այդ հանդիսավոր օրը՝ այն սիրո, որ բնությունն է ցանկանում։ Լորտուների պես նրանք սողոսկեցին վիրավորների արանքը, սկսեցին շոյել նրանց, կապել֊դեղել վերքերը, նրանց կենացը խմեցին Ամբուազի գինի և այնպես դատարկեցին նրանց քսակների ֆլորինները և մյուս փողերը, որ մի մեծ կոտրած ստակ էլ չմնաց նրանց։ Եվ որովհետև լույսերը հանգցնելու զանգերը հնչեցին՝ նրանց դուրս արեցին դռնից, որից Ուլենշպիգելն ու Լամմեն արդեն դուրս եկել ու ճանապարհ էին ընկել։
===XXIX===
Ուլենշպիգելն ու Լամմեն դիմում էին դեպի Գենտ և լուսաբացին հասան Լոկերեն։ Հողը մեծ տարածությամբ քրտնած էր ցողով․ ճերմակ ու սառնորակ գոլորշիները սողում էին մարգագետինների վրա։ Ուլենշպիգելն անցնելով մի դարբնոցի առջևից՝ դայլայլեց ազատության թռչունի՝ արտույտի պես։ Եվ անմիջապես մի գլուխ երևաց դարբնոցի դռան առաջ՝ հերաթափ ու սպիտակ և թույլ ձայնով մեկը նմանաբերեց աքաղաղի մարտական ծուղրուղուն։
Ուլենշպիգելն ասաց Լամմեին․
― Սա smitte<ref>Դարբին (ֆլամանդ․)։</ref> Վաստելեն է, որ ցերեկները կոփում է բահեր, բրիչներ, խոփեր․ որ տաք֊տաք ծեծում է երկաթը՝ եկեղեցու դասերին գեղեցիկ ճաղեր շինելու համար, և շատ հաճախ էլ գիշերը զենքեր է շինում ու սրում ազատ խղճի մարտիկների համար։ Այդ խաղից նա առողջ կերպարանք չի շահել, ընդհակառակը՝ ուրվականի պես դժգույն է, դատապարտվածի պես տխուր և այնքան նիհար, որ ոսկորները ծակում են նրա մաշկը։ Ամենևին քնած չի լինի, քանի որ անկասկած ամբողջ գիշերը բանել է։
― Ներս եկեք երկուսդ էլ, ― ասաց smittе Վաստելին, ― իսկ ձեր էշերը տարեք դեպի հետևի մարգագետինը։
Այդ անելուց հետո Լամմեն և Ուլենշպիգելը մտան դարբնոցը, smitte Վաստելին իջեցրեց իր տան նկուղը այն ամենը, ինչ պատրաստել էր գիշերվա ընթացքում՝ թրի սայրեր, նիզակի ծայրեր, ապա պատրաստեց ցերեկվա գործը բանվորների համար։
Անփայլ, մեկը աչքով նայելով Ուլենշպիգելին՝ ասաց․
― Ի՞նչ լուր ես բերել Լռակյացից․
Ուլենշպիգելը պատասխանեց․
― Իշխանը վտարված է Հոլանդիայից՝ իր բանակի հետ, վարձկան զորքի ստորության պատճառով, որոնք գոռում են Geld, Geld! (Փո՜ղ, փո՜ղ), երբ պետք է կռվել։ Այդտեղից էլ գնաց Ֆրանսիայի կողմերը՝ հավատարիմ գուգազների, իր եղբոր՝ կոմս Լյուդվիգի և Զույգ֊կամուրջների<ref>Deux-Ponts, որի գերմանական ձևը Ցվալ Բրոկեն։</ref> օգնելու Նավարայի թագավորին<ref>Հետագայում Հենրի IV, թագավոր Ֆրանսիայի (թագ․ 1589―1610), որ այդ ժամանակ հուգենոտ (բողոքական) էր։</ref> և հուգենոտներին․ այդտեղից անցավ Գերմանիա՝ Դիլենբուրգ, ուր բազմաթիվ հոլանդական փախստականներ միացել են նրան։ Դու պետք է ուղարկես նրան զենք ու հավաքած փողը, մենք էլ այդ միջոցին ծովի վրա կկատարենք ազատ մարդկանց գործը։
― Ինչ որ պետք է՝ կանեմ, ― ասաց smitte Վաստելեն, ― ունեմ զենք և ինը հազար ֆլորին։ Բայց դուք կարծեմ էշով եք եկել։
― Այո։
― Իսկ ճանապարհին չե՞ք իմացել երեք քարոզիչների լուրը, որոնց սպանել, կողոպտել ու գցել են Մաասի առափնյա ժայռերի խորշը։
― Այո, ― պատասխանեց Ուլենշպիգելը քաջավստահ, ― այդ երեք քարոզիչները դքսի լրտեսներն էին, վարձված մարդասպաններ՝ ազատության իշխանի կյանքին վերջ տալու նպատակով։ Երկուսով՝ Լամմեն ու ես դրանց ուղարկեցինք մյուս աշխարհը։ Նրանց փողը մեզ մոտ է, նմանապես և թղթերը։ Դրանից կվերցնենք այնքան, ինչքան պետք է մեր ճանապարհորդության համար, մնացածը կտանք իշխանին։
Եվ Ուլենշպիգելը բանալով իր և Լամմեի բաճկոնները, հանեց թղթեր ու մագաղաթներ։ Smitte Վաստելեն դրանք կարդալուց հետո ասաց․
― Սրանք պարունակում են ճակատամարտի ու դավադրության պլաններ։ Ես կհասցնեմ սրանք իշխանին, և նրան իմաց կտամ, որ Ուլենշպիգելն ու Լամմե Գուդզակը՝ նրա հավատարիմ թափառաշրջիկները, փրկել են իր ազնվազարմ կյանքը։ Ձեր էշերը ծախել կտամ, որպեսզի ձեր ավանակներից չճանաչեն ձեզ։
Ուլենշպիգելը հարցրեց smitte Վաստելեին, թե Նամյուռի մագիստրատների դատարանը մարդորսեր չի՞ ոտքի հանել իրենց հետապնդելու համար։
― Ես քեզ կասեմ այն, ինչ գիտեմ, ― պատասխանեց Վաստելեն։ ― Մի նամյուռցի դարբին, որ կորովի ռեֆորմիստ է, անցած օրն անցավ այստեղից՝ պատրվակ բռնելով, թե կարիք ունի իմ օգնության՝ ճաղեր, տանիքի ձողեր և այլ երկաթեղեն հայթայթելու ու հաստատելու համար մի եկեղեցում, որ կառուցելու են լա֊Պլանտի մոտ։ Մագիստրատների դատարանի բարապանը նրան ասել է, որ իր մեծավորներն արդեն նիստի են հավաքված, և որ կանչված է մի պանդոկապան, որովհետև նա ապրում է սպանության վայրից մի քանի հարյուր գրկաչափ հեռու։ Երբ նրան հարցրել են՝ տեսել է թե ոչ մարդասպաններին կամ այնպիսիներին, որոնք կարող էին որպես մարդասպաններ կասկածվել՝ նա պատասխանել է․ «Ես տեսել եմ գեղջուկներ և գեղջկուհիներ իրենց էշերը հեծած ճամփորդելիս․ նրանք ինձնից խմիչք են խնդրել՝ մնալով էշերը հեծած կամ ինձ մոտ խմելու համար իջնելով՝ գարեջուր տղամարդկանց համար, մեղրաջուր՝ կանանց ու աղջիկների համար։ Ես տեսել եմ երկու քաջասիրտ գեղջուկ, որոնք խոսում էին Օրանժին մեկ ոտնաչափ կարճացնելու մասին»։ «Պողպատե քամի լինելիս, ― ասել է նա, ― ես ձեզ թաքուն կաջակցեմ, քանի որ լիազորություն ունեմ անելու»։ Նա խոսել է ու ազատ է արձակվել։ Այդ օրվանից հետո արդարադատության խորհուրդները, անկասկած, հրահանգներ ուղարկած կլինեն իրենց ստորադաս ատյաններին։ Պանդոկապանն ասում է, թե էշ հեծած գեղջուկներից ու գեղջկուհիներից զատ այլ ոք չի տեսել․ դրանից հետևում է, որ կսկսեն հետապնդել բոլոր նրանց, ում ավանակի վրա տեսնեն։ Մինչդեռ իշխանը կարիք ունի ձեզ, զավակներս։
― Ծախի՛ր էշերը, ― ասաց Ուլենշպիգելը, ― և նրանց գինը պահիր իշխանի գանձարանի համար։
Էշերը վաճառվեցին։
― Հիմա պետք է, որ դուք երկուսդ էլ ունենաք որևէ ազատ և համքարություններից անկախ արհեստ, ― ասաց Վաստելեն, ― թռչունի վանդակ ու մկան թակարդ կարո՞ղ ես շինել։
― Մի ժամանակ շինել եմ, ― ասաց Ուլենշպիգելը։
― Իսկ դո՞ւ, ― հարցրեց Վաստելեն Լամմեին։
― Ես էլ heetekoek֊ներ և oliekoek֊ներ կծախեմ, այսինքն ձեթի մեջ տապակած կարկանդակներ ու գնդիկներ։
― Դե հիմա եկեք իմ հետևից․ ահա ձեզ արդեն շինված վանդակներ ու թակարդներ․ սա էլ գործիքներ ու պղնձե լար ու ցանց՝ հները նորոգլեու և նորեր շինելու համար։ Իմ լրտեսներից մեկն է բերել դրանք։ Սա քեզ համար, Ուլենշպի՛գել։ Իսկ քեզ, Լամմե՛, ահա այս փոքրիկ կրակարանը և փուքսը․ ես քեզ կտամ ալյուր, յուղ ու ձեթ՝ heetekoek֊ներ ևoliekoek֊ներ պատրաստելու համար։
― Նա բոլորը կուտի, ― ասաց Ուլենշպիգելը։
― Ե՞րբ կսկսենք թխել, ― հարցրեց Լամմեն։
Վաստելեն պատասխանեց․
― Նախ մեկ կամ երկու գիշեր ինձ պետք է օգնեք․ ես չեմ կարող միայնակ ավարտել մի խոշոր գործ։
― Քաղցած եմ, ― ասաց Լամմեն, ― ուտելու բան կա՞ այստեղ։
― Հաց ու պանիր կա, ― ասաց Վաստելեն։
― Առանց կարագի՞, ― հարցրեց Լամմեն։
― Առանց կարագի, ― պատասխանեց Վաստելեն։
― Գարեջուր կան գինի չունե՞ս, ― հարցրեց Ուլենշպիգելը։
― Ես երբեք չեմ խմում, ― պատասխանեց դարբինը, ― բայց կգնամ «Հավալուսն» պանդոկը, որ հեռու չէ, բերելու՝ եթե ուզում եք։
― Այո, ― ասաց Լամմեն, ― խոզապուխտ էլ բերեք։
― Ինչ ուզեք կանեմ, ― ասաց Վաստելեն՝ խոր արհամարհանքով նայելով Լամմեին։
Այնուամենայնիվ նա բերեց կրկնակ֊գարեջուր և ապխտած խոզի զիստ։ Լամմեն՝ ուրախացած՝ կերավ հինգ մարդու չափ։ Հետո հարցրեց․
― Ե՞րբ պետք է գործի անցնենք։
― Այս գիշեր։ Կաց դարբնոցում և մի՛ վախենա իմ բանվորներից․ նրանք էլ քեզ պես ռեֆորմիստ են։
― Այդ լավ է, ― ասաց Լամմեն։
Երբ գիշերը հնչեց լույսերը հանգցնելու զանգը և դռները փակվեցին, Վեստելեն Ուլենշպիգելի և Լամմեի օգնությամբ իջավ նկուղը և դարբնոց բարձրացրեց զենքի ծանր փաթեթներ։
― Ահա քսան հրահան, որ պետք է նորոգել, ― ասաց նա, ― նիզակի երեսուն ծայր, որ պետք է կոփել և արճիճ՝ հազար հինգ հարյուր գնդակ թափելու համար։ Հիմա դուք ինձ կօգնեք։
― Զույգ ձեռքով, ― ասաց Ուելնշպիգելը, ― ինչո՞ւ չորսը չունեմ, որ չորսով օգնեմ քեզ։
― Լամմեն էլ մեզ կօգնի, ― ասաց Վաստելեն։
― Այո, ― ասաց Լամմեն խեղճ֊խեղճ՝ խմիչքից ու կերածից գլորվերլով։
― Դու արճիճը կհալես, ― ասաց Ուլենշպիգելը։
― Ես արճիճը կհալեմ, ― ասաց Լամմեն։
Լամմեն արճիճ հալելով և գնդակներ թափելով՝ ամեհի հայացքով նայում էր smitte Վաստելեին, որը նրան ստիպում էր սթափվել, երբ նա քունը տանելուց գլորվում էր։ Նա գնդակները թափում էր լռիկ զայրույթով՝ մեծ ցանկություն ունենալով հալած արճիճը լցնել դարբին Վաստելեի գլխին։ Բայց զսպեց իրեն։ Կեսգիշերվա մոտ, երբ նա համակված էր կատաղությամբ, ինչպես և ծայրահեղ հոգնությամբ, սկսեց ֆսֆսացող ձայնով հետևյալ խոսքերը բարբառել, մինչդեռ smitte Վաստելեն և Ուլենշպիգելը համբերությամբ կոփում֊սրում էին փողեր, հրահաններ ու նիզակի ծայրեր։
― Մի ասա տեսնենք ի՞նչ ես դու՝ հիմար, գունատ ու վտիտ, հավատում ես այս աշխարհի իշխանների ու մեծամեծների խոսքին և ծայրահեղ եռանդ թափելով՝ արհամարհում ես քո մարմինը, քո ազնվական մարմինը, որ թողնում ես կորչի թշվառության և զրկանքի մեջ։ Ամենևին էլ դրա համար չէ աստված այն ստեղծել տիկին բնության հետ։ Գիտե՞ս, արդյոք, որ մեր հոգին՝ կյանքի շունչը շնչելու համար կարիք ունի բակլայի, մսի, գարեջրի, գինու, խոզապուխտի, երշիկների ու հանգստի․ մինչդեռ դու ապրում ես հացով, ջրով ու անքուն գիշերներով։
― Որտեղի՞ց է այդ առատախոսությունը, ― հարցրեց Ուլենշպիգելը։
― Չի իմանում, թե ինչ է ասում, ― պատասխանեց տխրադեմ Վաստելեն։
Բայց Լամմեն բարկությամբ ասաց․
― Քեզնից շատ լավ գիտեմ։ Ես քեզ ասում եմ, որ մենք ցնդած ենք՝ ես էլ, դու էլ, Ուլենշպիգելն էլ, որ տրաքացնում ենք մեր աչքերը աշխարհիս այդ բոլոր իշխանների ու մեծամեծների համար, որոնք մի լավ կծիծաղեին մեզ վրա, եթե մեզ տեսնեին հոգնությունից տրաքելիս, ամենևին քուն չքաշվելիս՝ իրենց համար զենքեր փայլեցնելու և գնդակներ թափելու պատճառով։ Նրանք ֆրանսիական գինի կխմեն ոսկե թասերով և կռտած աքլորներ կուտեն գերմանական անագե սկուտեղների մեջ և ամենևին հարցուփորձ չեն անի, որ այն միջոցին, երբ մենք օդում փնտրում ենք աստված, որի շնորհից էլ հենց նրանք հզոր են, նրանց թշնամիները գերանդիներով կտրում են մեր սրունքները ու մեզ նետում մեռելների հորերը։ Այդ միջոցին նրանք, որ ո՛չ ռեֆորմիստ են, ո՛չ կալվինիստ, ո՛չ լյութերական, ո՛չ կաթոլիկ, այլ սկեպտիկ և ամբողջովին կասկածամիտ՝ կգնեն, կնվաճեն նախարարությունները, կուտեն վաճառականների, աբբաների ու վանքերի ունեցվածքը, կունենան ամեն ինչ՝ կույսեր, կանայք, անառակ աղջիկներ, և սեփական ոսկե թասերով կխմեն իրենց մշտատև խրախճանքի կենացը, մեր հավերժական տխմարությունների, հիմարությունների, իշությունների և յոթ մահացու մեղքերի կենացը, որ գործում են նրանք, ո՜վ smitte Վաստելե, քո խանդավառության հիմար քթի տակ։ Մի՛ նայիր դաշտերին, մարգագետիններին, նայիր հունձքերին, այգիներին, եզներին՝ հողից ստացվող այդ ոսկուն, նայիր անտառների երեներին, երկնքի թռչուններին, անմահական համով դրախտահավերին, նրբամիս տորդահավերին, վարազի գլխին, այծամի ճուռին, ամեն ինչ նրանց համար է՝ որսը, ձկնորսությունը, հողը, ծովը, ամե՛ն ինչ։ Մինչդեռ դու ապրում ես հացով ու ջրով, իսկ մենք հոգիներս փչում ենք այստեղ նրանց համար՝ առանց քնելու, առանց ուտելու ու խմելու։ Եվ երբ մեռնենք՝ նրանք մի քացի կհասցնեն մեր լեշին ու կասեն մեր մայրերին․ «Ուրիշ այսպիսիներ պատրաստեցեք, սրանք այլևս չեն կարող ծառայել»։
Ուլենշպիգելը ծիծաղում էր և ոչինչ չէր ասում, Լամմեն բարկությունից ֆսֆստում էր, իսկ Վաստելեն մեղմ ձայնով ասում․
― Թեթևամտորեն ես խոսում։ Ես չեմ ապրում խոզապուխտի համար։ Ազատության իշխանն էլ ինձ պես է անում։ Նա զոհաբերում է իր ունեցվածքը, հանգիստն ու երջանկությունը, որպեսզի Նիդեռլանդիայից վտարի դահիճներին ու բռնակալությունը։ Նրա պես արա և աշխատիր նիհարել։ Փորով չէ, որ փրկում են ժողովուրդներին, այլ խրոխտ քաջությամբ և անտրտունջ, մինչև մահը դիմացող հոգնությամբ։ Իսկ հիմա գնա պառկիր, եթե քունդ տանում է։
Բայց Լամմեն ամոթահար չհամաձայնեց։
Եվ երեքով զենքեր հղկեցին ու գնդակներ թափեցին մինչև առավոտ։ Եվ այդպես երեք օր։
Հետո գիշերով գնացին Գենտ՝ վանդակ ու թակարդ և oliekoek֊ներ ծախելու։
Նրանք կանգ առան Մյոլեստեում՝ ջրաղացների ավանում, որոնց կարմիր տանիքները երևում են ամեն կողմից, պայմանավորվեցին անջատ֊անջատ բանեցնել իրենց արհեստը, իսկ երեկոյան, լույսը հանգցնելու զանգից առաջ, հանդիպել իրար in de Zwaan` Կարապ պանդոկում։
Լամմեն դեգերում էր Գենտի փողոցներում՝ oliekoek֊ներ ծախելով, քիչ֊քիչ սիրելով այդ արհեստը, փնտրելով իր կնոջը, բազմաթիվ շշեր դատարկելով և անվերջ ուտելով։ Ուլենշպիգելը հանձնեց իշխանի նամակները բժշկության լիցենզենտ Յակոբ Սկուլապին, դերձակ Լիվեն Սմեթին, Յան դե Վուլֆշաագերին, ներկարար Ժիլլիս Կոորնին և աղյուսավաճառ Յան դե Ռոզեին, որոնք հանձնեցին նրան իրենց հավաքած դրամը իշխանի համար, ասացին, որ մի քանի օր էլ սպասի Գենտում ու շրջակայքում, որովհետև ուրիշ գումարներ էլ են տալու։
Այս մարդիկ հետագայում հերետիկոսության համար կախաղան հանվեցին Ժիբե֊Նյոֆում,<ref>Gibet-Neuf` նշանակում է նոր կախաղան, պետք է ենթադրել՝ տեղի անուն է։</ref> իսկ նրանց մարմինները թաղվեցին Կախաղանների դաշտում՝ Բրյուգգեի դարպասի մոտ։
===XXX===
Այդ միջոցին Սպելլե Շիկահեր ավագ դատավորը իր կարմիր ճիպոտով զինված՝ քաղաքից քաղաք էր վազում իր նիհար ձին հեծած և ամենուրեք շինել տալիս կառափնարաններ, վառում խարույկներ, փորել տալիս լայն փոսեր՝ ողջ֊ողջ թաղելու համար կանանց ու աղջիկներին։ Եվ նրանց ունեցվածքին տիրանում էր արքան։
Ուլենշպիգելը Լամմեի հետ Մյոլեստեումն էր, մի ծառի տակ նստած և տխուր֊տխուր էր։ Ցուրտ էր՝ չնայած հունիս ամիսն էր։ Գորշ ամպերով ծածկված երկնքից մանր կարկուտ էր մաղվում։
― Զավա՛կս, ― ասաց Լամմեն, ― չորս գիշեր է ահա առանց ամաչելու արկածների ու անառակ աղջիկների հետևից ես ընկել, գնում ես գիշերելու in de Zoeten Inval֊ում՝ «Քաղցի անկման» անառականոցում․ դու պիտի դառնաս ցուցանակի այն մարդը, որ առաջինն է գլխովին ընկնում մեղուների փեթակը։ Իզուր քեզ սպասում եմ ես de Zwaan֊ում և վատ բան եմ նշմարում քո այդ ցոփ կենցաղավարությունից։ Ինչո՞ւ առաքինաբար կին չես առնում։
― Լամմե՛, ― ասաց Ուլենշպիգելը, ― նա, ում համար մեկ կինը հավասար է բոլոր կանանց և որի համար բոլոր կանայք այդ մեկն են այն ազնիվ կռվում, որին սեր անունն են տալիս, չպետք է թեթևամտորեն արագ ընտրություն կատարի։
― Հապա Նելե՛ն, նրա մասին չե՞ս մտածում։
― Նելեն Դամմեում է, խիստ հեռու։
Երբ նրանք այդպես նստած զրուցում էին, և կարկուտը խիտ֊խիտ թափվում էր՝ անցավ մի դեռատի, սիրունիկ կին՝ գլուխն իր շրջազգեստով ծածկելով։
― Հը՛, ― ասաց աղջիկը, ― ծա՛կ երազատես, ի՞նչ ես անում այդտեղ։
― Երազում եմ այն կնոջ մասին, որ իր շրջազգեստը տանիք դարձներ գլխիս վրա՝ կարկուտի դեմ։
― Հենց այդ էլ գտել ես, ― ասաց կինը, ― վե՛ր կաց։
Եվ երբ Ուլենշպիգելը վեր կացավ ու գնաց դեպի կինը՝ Լամմեն ասաց․
― Նորի՞ց ինձ մենակ ես թողնելու։
― Այո․ բայց դու գնա in de Zwaan, մեկ կամ երկու ոչխարի ճուռ կեր, տասներկու գավ գարեջուր խմիր, որից հետո հանգիստ կքնես ու չես ձանձրանա։
― Այդպես էլ կանեմ, ― ասաց Լամմեն։
Ուլենշպիգելը մոտեցավ կնոջը։
Բարձրացրու շրջազգեստս մի կողմից, մյուս կողմից էլ ինքս կբարձրացնեմ, և վազենք։
― Ինչո՞ւ վազենք, ― հարցրեց Ուլենշպիգելը։
― Որովհետև, ― ասաց կինը, ― ուզում եմ փախչել Մյոլեստից․ ավագ դատավոր Սպելլեն երկու մարդորսի հետ եկել է այնտեղ և երդվել է մտրակահարել տալ այն բոլոր անառակ աղջիկներին, որոնք չեն ուզենա հինգ ֆլորին վճարել իրեն։ Ահա թե ինչու եմ վազում․ դու էլ վազիր և կաց ինձ հետ, որ ինձ պաշտպանես։
― Լամմե՛, ― գոռաց Ուլենշպիգելը, ― Սպելլեն Մյոլեստում է։ Գնա՛ Դեստեյբերգ՝ «Մոգերի աստղը»։
Եվ Լամմեն ապուշ կտրած վեր կացավ, զույգ ձեռքով բռնեց փորը և սկսեց վազել։
― Ո՞ւր է գնում այդ չաղ ճագարը, ― հարցրեց աղջիկը։
― Մի տեղ, ուր ես նրան կգտնեմ։
― Դե՛ վազենք, ― ասաց աղջիկը՝ անհամբեր զամբիկի պես դոփելով գետինը։
― Ես կուզենայի առաքինի լինել և չվազել։
― Այդ ի՞նչ է նշանակում, ― հարցրեց աղջիկը։
― Չաղ ճագարն ուզում է, որ ես հրաժարվեմ լավ գինուց, գարեջրից և կանանց թարմ մորթից։
Աղջիկը չար հայացքով նայեց նրան, ապա ասաց․
― Շունչդ կտրվում է․ պետք է հանգստանաս։
― Հանգստանա՞մ, բայց ոչ մի ապաստան չեմ տեսնում, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Քո ողջախոհությունը ծածկ կլինի քեզ, ― ասաց աղջիկը։
― Ես գերադասում եմ քո շրջազգեստը, ― ասաց նա։
― Իմ շրջազգեստն արժանի չէր լինի ծածկելու մի սուրբ մարդու, որպիսին դու ես ուզում լինել։ Հեռացի՛ր, որ ես մենակ վազեմ։
― Չգիտե՞ս միթե, որ շունն իր չորս թաթով ավելի արագ է գնում, քան մարդը երկուսով։ Ահա ինչու չորս թաթով մենք ավելի լավ կվազենք։
― Առաքինի մարդու համար շատ ես լեզվանի։
― Ճիշտ է։
― Բայց ես միշտ նկատել եմ, որ առաքինությունը մունջ, քնած, թանձրացած ու մսեղ հատկություն է, ― ասաց աղջիկը։ ― Դա մի դիմակ է ծածկելու համար թթու դեմքերը, թավշե վերարկու՝ քարե մարդու վրա։ Ես սիրում եմ նրանց, որոնց կրծքի տակ առնականության հրով վառված թեժ կրակարան կա, որը մղում է խիզախ և ուրախ արարքների։
― Հենց այդպես էր գեղեցիկ սատանուհին խոսում երանելի սուրբ Անտոնի հետ, ― ասաց Ուլենշպիգելը։
Ճանապարհից մի քսան քայլի վրա պանդոկ կար։
― Դու լավ խոսեցիր, ― ասաց Ուլենշպիգելը, ― հիմա էլ պետք է մի լավ խմել։
― Լեզուս դեռ չի չորացել, ― ասաց աղջիկը։
Եվ ներս մտան։ Մի սնդուկի վրա ննջել էր մի խոշոր տկճոր, որը կոչվում էր ցմփոր՝ իր լայն փորի պատճառով։
Ուլենշպիգելն ասաց տիրուհուն․
― Տեսնո՞ւմ ես այս ֆլորինը։
― Տեսնում եմ։
― Քանի՞ պատար կհանես սրանից, որպեսզի կրկնակ֊գարեջրով լցնես այն ցմփորը։
― Negen manneken֊ներով (ինը մարդուկով) պարտք֊պահանջ չեն ունենա։
Այսինքն ֆլանդրիական վեց ցեց,<ref>Դրամական մանր միավորների ժողովրդական անուններ։</ref> երկու ցեց էլ կավելանա։ Ինչ որ է, լցրո՛ւ։
Ուլենշպիգելը մի գավ լցրեց կնոջ համար, ապա հպարտ֊հպարտ վեր կենալով և բերանը դնելով ցմփորի ծորակին՝ ամբողջ գարեջուրը դատարկեց կոկորդը։ Սահանքի կարկաչաձայն էր լսվում այդ միջոցին։
Դրանից ապշած՝ աղջիկն ասաց․
― Այդ ինչպե՞ս այդ հսկայական տկճորը դատարկեցիր քո լղարիկ փորը։
Ուլենշպիգելն առանց պատասխանելու ասաց պանդոկի տիրուհուն․
― Մի խոզի ճուռ ու հաց բեր, և նորից լցրու տկճորը, որ ուտենք ու խմենք։
Եվ այդպես էլ արին։
Երբ աղջիկը կրծոտում էր խորոված խոզամաշկը՝ Ուլենշպիգելն այնպես անակնկալ բռնեց նրան, որ աղջիկն իսկույն ևեթ կարկամեց, դյութվեց ու ենթարկվեց։ Ապա դիմելով նրան ասաց․
― Այդ որտեղի՞ց հայտնվեցին ձեր առաքինության կողքին սպունգի այդ ծարավը, գայլի անոթությունը և սիրային հանդգնությունը։
Ուլենշպիգելը պատասխանեց․
― Հարյուր տեսակ մեղանչելուց հետո՝ երդվեցի, ինչպես գիտես, ապաշխարել։ Դա մի երկար ժամ տևեց։ Այդ ժամվա ընթացքում մտածելով իմ գալիք կյանքի մասին՝ ես տեսա ինձ, որ սնվում եմ ցամաք հացով, ծարավս հագեցնում անհամ ջրով, տխուր֊տրտում փախչում եմ սիրուց, չեմ համարձակվում ո՛չ շարժվել, ո՛չ փռշտալ՝ վախենալով մեղապարտ ձևով անելուց․ հարգված եմ ամենքից, կասկածվում եմ յուրաքանչյուրից, մենակ եմ բորոտի պես, տխուր՝ անտեր շան պես, և հիսնամյա մարտիրոսագրությունից հետո թշվառ մահկանացուս եմ կնքում մի խշտյակի վրա։ Ապաշխարությունը բավական երկար տևեց․ ուստի համբուրի՛ր ինձ, գողտրիկս, և միասին դուրս գանք քավարանից։
― Օ՜, ― ասաց աղջիկը՝ հաճությամբ հնազանդվելով, ― առաքինությունը մի հիանալի ցուցանակ է ձողի ծայրին տնկելու համար։
Ժամանակն աննկատ անցավ սիրային զվարճությունների մեջ։ Այնուամենայնիվ նրանք վեր կացան մեկնելու, որովհետև աղջիկը վախենում էր, որ իրենց հաճույքի միջոցին հանկարծ կցցվի ավագ դատավոր Սպելլեն իր մարդաորսերի հետ։
― Շրջազգեստդ քշտիր ուրեմն, ― ասաց Ուլենշպիգելը։
Եվ եղնիկների պես վազեցին նրանք դեպի Դեստելբերգ և գտան Լամմեին «Երեք մոգերի աստղ» պանդոկում ուտելիս։