Changes
/* XLIII */
Եվ ձկնորսները ծիծաղում էին ու զվարճանում նրա հետ։
===XLIV===
Մյուս առավոտը ղողանջեց borgstorm կոչվող զանգակը՝ կանչելու համար դատավորին, ատենակալներին ու քարտուղարներին Vierschare֊ի դալարիքով ծածկված չորս նստարանի վրա, արդարադատության ծառի տակ, որ մի գեղեցիկ լորենի էր։ Շուրջ բոլոր հավաքված էր համայնքի ժողովուրդը։ Հարցաքննության միջոցին ձկնավաճառը չուզեց որևէ բան խոստովանել, երբ նույնիսկ ցույց տվին նրան երեք մատները, որ կտրել էր գուգազը, և որ պակասում էին նրա աջ ձեռքից։ Նա միայն մի բան էր ասում․
― Ես աղքատ եմ ու ծեր․ գթացեք ինձ։
Սակայն ժողովուրդը մռնչում էր ու ասում․
― Դու ծեր գայլ ես, երեխաներ սպանող։ Ո՛չ մի գթասրտություն, պարո՛նայք դատավորներ։
Կանայք ասում էին․
― Այդ սառն աչքերով մի՛ նայիր մեզ․ դու մարդ ես, և ոչ թե սատանա․ մենք քեզնից չենք վախենում։ Վայրա՛գ գազան, ավելի՛ վախկոտ, քան թե բույնի մեջ թռչնիկներին գզգզող կատուն․ դու սպանում էիր խեղճ աղջիկներին, որոնք ուզում էին ապրել իրենց անուշիկ կյանքն ամենայն ազնվությամբ։
― Թո՛ղ հատուցվի մարմանդ կրակի վրա, շիկացած աքցաններով, ― գոռում էր Տորիան։
Եվ չնայած համայնքի պահակազորքերին՝ կանայք գրգռում էին տղաներին քարեր նետել ձկնավաճառի վրա։ Եվ տղաները նետում էին հաճությամբ՝ հայ֊հույ անելով, երբ ամեն անգամ մեղադրյալը նայում էր նրանց, և շարունակ գոռում էին՝ Bloedzuyger` արյո՜ւն ծծող, Sla dood՝ սպանի՛ր, սպանի՛ր դրան։
Իսկ Տորիան անվերջ աղաղակում էր․
― Թո՛ղ հատուցի մարմանդ կրակի վրա, շիկացած աքցաններով․ թո՛ղ հատուցի։
Եվ ժողովուրդը մռնչում էր։
― Տեսեք, ― ասում էին կանայք, ― ինչպես է դողում երկնքում շողշողացող պայծառ արևի տակ, որ տաքացնում է նրա ալեհեր գլուխը և Տորիայի պատառոտած նրա դեմքը։
― Ցավից է դողում։
― Աստծու դատաստանն է։
― Ողբալի արտահայտությամբ է կանգնել։
― Նայեցեք դրա մարդասպան ձեռքերին, որ առջևից կապված են և թակարդի առաջացրած վերքերից արյուն են ծորում։
― Թո՛ղ հատուցի, թո՛ղ հատուցի, ― բղավում էր Տորիան։
Իսկ նա ողբաձայն ասաց․
― Ես աղքատ եմ, արձակեցեք ինձ։
Եվ ամեն ոք, մինչև իսկ դատավորները ծիծաղում էին նրան լսելիս։ Նա սկսեց կեղծավորաբար լաց լինել՝ ցանկանալով մեղմացնել նրանց, բայց կանայք ծիծաղում էին։
Նկատի առնելով, որ բավական նշաններ կան չարչարանքի համար, նա դատապարտվեց տանջանքի, մինչև որ խոստովանի, թե ինչպես էր սպանում, որտեղից էր գալիս, ո՛ւր են զոհերից կողոպտած իրերը և ո՛րտեղ է թաքցնում իր ոսկին։
Նրան տարան գեհենի սենյակը, հագցրին նոր, կաշվե խիստ նեղ սռնապաններ։ Դատավորը հարցրեց, թե այդ ինչպես էր սատանան ներշնչել նրան այդպիսի սև դիտավորություններ և այդքան զազրելի ոճրագործությունները։
― Սատանան ես եմ, ― պատասխանեց նա, ― իմ բնական էությունը։ ― Երբ փոքր երեխա էի, տգեղ արտաքինով, անընդունակ մարմնական բոլոր վարժություններին՝ ինձ ամեն ոք տխմարի տեղ էր դնում և շատ հաճախ ծեծում։ Ոչ տղաներն էին խղճում, ոչ աղջիկները։ Երիտասարդությանս շրջանում ոչ մի կին չէր ուզում ինձ՝ նույնիսկ երբ վճարում էի։ Այնժամ ես սկսեցի ատել կնոջից ծնված ամեն մի էակի։ Ահա թե ինչու մատնեցի Կլաասին, որին ամեն ոք սիրում էր։ Եվ ես սիրում էի միայն փողը, որ եղավ իմ ճերմակ կամ ոսկեզօծ սիրուհին։ Կլաասին սպանել տալով՝ ես հաճույք ու օգուտ էի ստանում։ Հետո ավելին ուզեցի՝ ապրել գայլի պես, ուստի երազեցի կծել։ Բրաբանտից անցնելիս տեսա այդտեղի գոֆրիեները և մտածեցի, որ դա կարող է մի լավ երկաթե երախ լինել ինձ համար։ Ինչո՞ւ չեմ բռնում ձեր վիզը, ո՜վ չարամիտ վագրեր, որ հրճվում եք ծերուկիս տանջանքը տեսնելով։ Ես ձեզ ավելի մեծ հաճույքով կկծեի, քան գուգազին ու աղջկանն արի, որովհետև երբ տեսա, որ այդ անուշիկ աղջիկը քնել է ավազի վրա, արևի տակ, փողի քսակը բռնած ձեռքին՝ սեր ու կարեկցություն զգացի․ բայց զգալով, որ շատ եմ ծեր ու չեմ կարող տիրանալ նրան՝ կծեցի․․․
Դատավորի հարցին, թե որտեղ է ապրում՝ ձկնավաճառը պատասխանեց․
― Ռամսկապելեում, որտեղից գնում են Բլանքենբերգե, Հեյստ, նույնիսկ մինչև Կնոկկե։ Կիրակիներն ու քերմեսի օրերը բրաբանտյան ձևի գոֆրիերը (վաֆլիներ) եմ շինում ահա այս գործիքով։ Սա միշտ էլ լավ մաքրված է ու յուղված։ Եվ այս օտարերկրյա նորույթը լավ ընդունվեց բոլոր գյուղերում։ Իսկ եթե ձեզ հաճո է ավելին իմանալ, թե ինչպես ոչ ոք չէր կարող ինձ ճանաչել, պետք է ասեմ ձեզ, որ ցերեկը շպարում էի դեմքս ու շեկ ներկում մազերս։ Գալով գայլի մորթին, որ դուք ցույց եք տալիս ձեր դժնի մատով, ինձ հարցաքննելիս, ապա պիտի ասեմ՝ ձեզ առ ոչինչ համարելով, որ դա մորթն է երկու գայլի, որ ես սպանել եմ Ռավեշոլի և Մալդեգեմի անտառներում։ Ինձ մնում էր միայն իրար կարել այդ մորթիները՝ որպեսզի ծածկվեմ դրանով։ Ես դա պահում էի Հեյստի ավազաթմբերից մեկում, արկղի մեջ․ այդտեղ են նաև իմ գողացած հագուստները, որպեսզի հետո հարմար առիթով ծախեմ։
― Մոտեցրեք դրան կրակին, ― ասաց դատավորը։
Դահիճը հնազանդվեց։
― Ո՞ւր է քո ոսկին, ― նորից հարցրեց դատավորը։
― Թագավորն այդ երբեք չի իմանա, ― պատասխանեց ձկնավաճառը։
― Ավելի մոտիկից այրեցեք՝ բոցավառ ջահերով, ― կարգադրեց դատավորը։ ― Ավելի մոտեցրեք կրակին։
Դահիճը հնազանդվեց և ձկնավաճառը գոռաց․
― Ոչինչ չեմ ուզում ասել։ Արդեն շատ բան ասացի․ ինձ վառելու եք։ Ես ամենևին էլ կախարդ չեմ, ինչո՞ւ եք ինձ կրակին դեմ անում։ Ոտքերս վառելուց արյուն են ծորում։ Ոչինչ չեմ ասի։ Ինչո՞ւ ուրեմն ավելի եք մոտեցնում։ Ասում եմ, որ ոտքերիցս արյուն է գնում։ Այս սռնապանները շիկացած երկաթե կոշիկներ են։ Իմ ոսկի՞ն։ Դե լավ, իմ միակ բարեկամն այս աշխարհում գտնվում է․․․ հեռացրե՜ք կրակը․․․ գտնվում է Ռամսկապելեի իմ նկուղում, տուփի մեջ․․․ թողեք այդ ինձ։ Գթացե՜ք, ողորմացե՜ք, պարոնա՛յք դատավորներ․ անիծյալ դահիճ, ետ քաշի՛ր մոմերը․․․ Ավելի սաստիկ է վառում․․․ Գտնվում է կրկնակի հատակ ունեցող տուփի մեջ, որ փաթաթված է բրդով, որպեսզի խլացնի ձայնը, եթե տուփը թափահարեն։ Հիմա ես ամեն բան ասացի․ արձակեցեք ինձ։
Երբ նրան հեռացրին կրակի առջևից՝ նա չարախինդ ժպտաց։ Եվ երբ դատավորը հարցրեց դրա պատճառը՝ նա ասաց․
― Ազատվելու հրճվանքը։
― Ոչ ոք չի՞ խնդրել քեզ, որ թույլ տաս նայի քո ատամնավոր գոֆրիեն, ― հարցրեց դատավորը։
Կալանավորը պատասխանեց․
― Տեսնում էին, որ նման է բոլոր մյուսներին, բացի ծակծկված լինելուց․ իսկ այդ ծակերի մեջ պտուտակում էի երկաթե ատամներ, որ լուսաբացին հանում էի։ Գյուղացիները գերադասում են իմ վաֆլիները մյուս մարդկանց ծախածներից և անվանում են waefels knoopen՝ բրաբանտյան կոճակավոր վաֆլիներ, որովհետև ատամները հանելուց հետո դատարկ խոռոչները կոճականման փոքրիկ շրջանակներ են առաջացնում։
― Իսկ ե՞րբ էիր դրանով կծում դու խեղճ զոհերին, ― հարցրեց դատավորը։
― Եվ ցերեկ, և գիշեր։ Ցերեկը դեգերում էի ավազաբլուրների և մեծ ճանապարհների վրա՝ գոֆրիեն հետս, դարան մտած, մանավանդ շաբաթ օրերը՝ Բրյուգգեի տոնավաճառի օրը։ Եթե տեսնեի, որ անցնում է տխրադեմ մի գեղջուկ՝ թողնում էի անցներ, մտածելով, որ նրա ցավը քսակի տեղատվությունից է։ Բայց քայլում էի այն մարդու կողքով, որը քայլում էր ուրախ֊զվարթ․ և երբ նա ամենևին չէր սպասում կծում էի նրա վիզը ու վերցնում քսակը։ Եվ դա ոչ միայն բոլոր ավազաբլուրների վրա, այլև հարթավայրի բոլոր արահետներում ու ճանապարհների վրա։
Այնժամ դատավորը ասաց․
― Զղջա և աղոթիր աստծուն։
Բայց ձկնավաճառը աստվածանարգ խոսքերով պատասխանեց․
― Աստված ինքն է, որ կամեցավ ես դառնամ այն, ինչ եմ։ Ես ամեն ինչ արի հակառակ ցանկությանս՝ դրդված բնության կամքից։ Չարագո՛րծ վագրեր, անարդարացի եք պատժելու ինձ։ Բայց մի՛ վառեք ինձ․․․ ես ամեն ինչ ակամա եմ արել․ գթացեք ինձ, ես խեղճ եմ ու ծեր, կմեռնեմ իմ վերքերից․ մի՛ վառեք ինձ։
Այնժամ նրան տարան Vierschare՝ Լորենու տակ, որպեսզի դատավճիռը կարդան ամբողջ հավաքված ժողովրդի առաջ։
Եվ որպես զարհուրելի մարդասպան, գող ու աստվածանարգ՝ նա դատապարտվեց լեզուն շիկացած երկաթով ծակվելու, աջ ձեռքը կտրելու և ողջ֊ողջ այրվելու մարմանդ կրակով՝ մինչև որ մահը վրա հասնի, համայնքի տան դարպասների առաջ։
Եվ Տորիան գոչեց․
― Արդարացի՜ է։ Նա հատուցում է։
Եվ ժողովուրդը գոռում էր․
― Lang leven de Heeren de wet՝ երկա՜ր կյա՜նք օրենքի պարոններին։
Նրան տարան բանտ և միս ու գինի տվին։ Եվ նա ուրախացավ՝ ասելով, որ մինչ այդ այդպես ոչ կերել էր, ոչ խմել, և թագավորը ժառանգելով իր ունեցվածքը՝ կարող էր մի վերջին ճաշ հրամցնել։
Եվ դառն ծիծաղում էր։
Հաջորդ օրը վաղ այգաբացին, երբ նրան տանում էին մահապատժի, նա տեսավ Ուլենշպիգելին՝ կանգնած խարույկի մոտ, և մատնացույց անելով նրան, գոչեց․
― Այդ, որ կանգնած է այդտեղ, ծերունի սպանող է և նմանապես պետք է մեռնի․ տասը տարի առաջ նա ինձ շպրտեց Դամմեի ջրանցքը, որովհետև ես մատնել էի նրա հորը։ Այդ խնդրում ես վարվեցի որպես նորին արքայական վսեմության հավատարիմ հպատակ։
Աստվածածնի եկեղեցու զանգերը մեռելոց էին ղողանջում։
― Նույնպես և քեզ համար են ղողանջում այս զանգերը, ― ասում էր նա Ուլենշպիգելին, ― դու կկախվես, քանի որ մարդ ես սպանել։
― Ձկնավաճառը ստում է, ― գոչեց ամբողջ ժողովուրդը, ― ստո՜ւմ է մարդասպան դահիճը։
Եվ Տորիան խելագարի պես ճչաց ու մի քար շպրտեղ նրան, որ վիրավորեց ճակատը։
― Եթե նա քեզ ջրահեղձ արած լիներ՝ դու կենդանի չէիր մնա և արյուն ծծող ճիվաղի պես չէիր հոշոտի իմ խեղճ աղջկան։
Եվ որովհետև Ուլենշպիգելը ձայն չէր հանում՝ Լամմեն ասաց․
― Որևէ մեկը տեսե՞լ է, որ նա ձկնավաճառին գցել է ջուրը։
Ուլենշպիգելը չպատասխանեց։
― Ոչ, ոչ, ― գոռաց ժողովուրդը, ― սուտ է ասում այդ դահիճը։
― Ոչ, չեմ ստում, ― գոչեց ձկնավաճառը, ― նա ինձ գցեց ջուրը, մինչդեռ ես աղաչում էի ներում շնորհել․ իբրև ապացույց ասեմ, որ ափին կապված մի մակույկով դուրս եկա ջրանցքից։ Թրջված ու դողդողալով՝ մեծ դժվարությամբ հասա իմ տխուր կացարանը։ Ջերմ ունեցա, ոչ ոք ինձ չէր խնամում և ես կարծում էի, թե կմեռնեմ։
― Ստում ես, ― ասաց Լամմեն, ― ոչ ոք չի տեսել։
― Ո՛չ ոք, ոչ ոք չի տեսել, ― գոռաց Տորիան։ Կրակին հանձնեցեք այդ գազանին։ Մեռնելուց առաջ մի անմեղ զոհ էլ է ցանկանում կրակին մատնել։ Թո՛ղ հատուցի։ Սուտ է ասում։ Եթե արել ես՝ մի՛ խոստովանիր, Ուլենշպիգե՛լ։ Ոչ մի վկա չկա։ Թող հատուցի մարմանդ կրակի վրա, շիկացած աքցաններով։
― Սպանություն կատարե՞լ ես, ― հարցրեց դատավորը Ուլենշպիգելին։
Ուլենշպիգելը պատասխանեց․
― Ես գցել եմ ջուրը Կլաասին մատնողին ու սպանողին։ Հորս աճյունը բախում է սրտիս։
― Խոստովանում է, ― ասաց ձկնավաճառը, ― նա էլ կմեռնի։ Ո՞ւր է կախաղանը, ուզում եմ տեսնել։ Ո՞ւր է դահիճը՝ արդարադատության սուրը ձեռքին։ Մեռելոց զանգերը քեզ համար են ղողանջում, անպիտա՛ն ծերունասպան։
― Ես քեզ գցեցի ջուրը սպանելու համար․ աճյունը բախում էր սրտիս, ― ասաց Ուլենշպիգելը։
Իսկ բազմության մեջ կանայք ասում էին․
― Ինչո՞ւ խոստովանեցիր, Ուլենշպիգել։ Ոչ ոք չի տեսել, իսկ այժմ կմեռնես։
Եվ ձկնավաճառը ծիծաղում էր՝ քինախնդությունից ոստոստելով, թափահարելով կապված արյունոտ լաթերով ծածկված ձեռքերը։
― Կմեռնի՜ նա, երկրից կգնա դժոխքը պարանը վզին, որպես ստահակ, գող, խաբեբա։ Կմեռնի նա։ Արդարադատ է աստված։
― Նա չի մեռնի, ― ասաց դատավորը, ― տասը տարի անց սպանությունը չի կարող պատժվել Ֆլանդրիայում։ Ուլենշպիգելը վատ բան է արել, բայց մղվել է որդիական սիրուց։ Այդ գործով Ուլենշպիգելն ամենևին չի հետապնդվելու։
― Կեցցե՜ օրենքը, ― գոչեց ժողովուրդը։ ― Lang leven de wet!
Եկեղեցու զանգերը մեռելոց էին ղողանջում։ Եվ ձկնավաճառը կրճտացրեց իր ատամները, խոնարհեց գլուխը և թափեց իր առաջին արցունքը։
Եվ նրա ձեռքը կտրեցին ու լեզուն ծակեցին շիկացած երկաթով։ Ապա ողջ֊ողջ այրեցին մարմանդ կրակի վրա՝ համայնքի տան դարպասների առաջ։
Մեռնելու մոտ նա գոչեց․
― Թագավորն իմ ոսկուն չի տիրանա․ ես ստեցի․․․ Կատղա՛ծ վագրեր, ես կվերադառնամ ձեզ կծելու։
Եվ Տորիան աղաղակեց․
― Հատուցո՜ւմ է, հատուցո՜ւմ է։ Գալրվում են մարդասպանության շտապող նրա ձեռքերն ու ոտքերը։ Ճերմակ մազերը՝ բորենու մազերը վառվում են նրա գունատ դնչի վրա։ Հատոցո՜ւմ է նա, հատուցո՜ւմ է։
Եվ ձկնավաճառը գայլի պես ոռնալով մեռավ։
Եվ աստվածածնի եկեղեցու զանգերը մեռելոց էին ղողանջում։
Եվ Լամմեն ու Ուլենշպիգելը նորից հեծան իրենց էշերը։
Եվ վշտակոծ Նելեն մնաց Կատլինի մոտ, որը շարունակ կրկնում էր․
― Վերցրե՜ք կրակը․ գլուխս այրվում է․ վերադարձի՛ր, Հանսկե՛, անուշիկս։
==Գիրք չորրորդ==