Changes
Վերջապես, մի եկամուտ էլ կար, որը թեև չէր հարստացնում կալանավորներին, սակայն մշտական էր և բարեշնորհ։ Ողորմությունն էր։ Մեր հասարակության բարձր դասը պատկերացում չունի, թե «թշվառականների» համար ինչպես են հոգում վաճառականները, քաղքենիները և համարյա ամբողջ ժողովուրդը։ Ողորմությունը լինում է համարյա անընդմեջ և համարյա միշտ՝ հացով, բլիթներով, կալաչներով, շատ ավելի սակավ՝ փողով։ Առանց այդ ողորմությունների, շատ տեղերում կալանավորների, հատկապես ենթադատների համար, ովքեր ավելի խիստ պայմաններում են, քան դատապարտվածները, չափից ավելի դժվար կլիներ։ Ողորմությունը կրոնավայել հավասար էր բաժանվում կալանավորների միջև։ Եթե չէր հերիքում բոլորին, կալաչները կտրատվում էին հավասար, երբեմն վեց մասի, և յուրաքանչյուրն անպայման ստանում էր իր բաԺինը։ Հիշում եմ, ինչպես առաջին անգամ դրամական ողորմություն ստացա։ Դա եղավ բանտ գալուց ոչ շատ ուշ։ Վերադառնում էի առավոտյան աշխատանքից մենակ, պահնորդի հետ։ Դիմացիցս անցան մայր ու աղջիկ, դստրիկը տասը տարեկան կլիներ, հրեշտակի պես սիրունիկ։ Մի անդամ արդեն տեսել էի նրանց։ Մայրը զինվորի այրի էր։ Ամուսինը՝ երիտասարդ զինվոր, դատի տակ էր եղել և վախճանվել հոսպիտալում, կալանավորական հիվանդասենյակում, այն ժամանակ երբ ես էլ էի հիվանդ պառկած այնտեղ։ Կինն ու դուստրը եկել էին հրաժեշտ տալու, երկուսն էլ ահավոր լալիս էին։ Ինձ տեսնելով, աղջնակը շառագունեց, ինչ֊որ բան շշնջաց մորը, որն իսկույն կանգ առավ, պայուսակի մեջ քառորդ կոպեկ գտավ ու տվեց դստերը։ Աղջնակը վազեց իմ ետևից. «Առ, թշվառական, վերցրու կոպեկը Քրիստոսի սիրուն»,— բղավում էր նա, առաջ վազելով ինձնից և կոպեկը ձեռքս խոթելով։ Ես վերցրի նրա կոպեկանոցը, և աղջնակը մոր մոտ գնաց միանգամայն գոհ։ Այդ քառորդ կոպեկանոցը երկար ժամանակ պահում էի մոտս։
=== Առաջին տպավորություններ ===
Ասելով սա, նա վեր ելավ ու հեռացավ սեղանից։ Մի քանի րոպե անց կատարվեցին նաև նրա խոսքերը։
=== Առաջին տպավորություններ ===
Հենց նոր էր գնացել Մ.֊ցկին (այն լեհը, որը խոսում էր ինձ հետ), կատարելապես հարբած Գազինը ներս ընկավ խոհանոց։
Հարբած կալանավոր, օրը ցերեկով, օրն էլ՝ սովորական, երբ բոլորը պարտավոր էին գործի գնալ, խիստ պետի առկայությամբ, որն ամեն րոպե կարող էր բանտ մտնել, կալանավորներին կառավարող և մշտապես բանտում գտնվող ենթասպայի առկայությամբ, պահապանների և վետերանների առկայությամբ՝ մի խոսքով, բոլոր այդ խոսակցություններով հանդերձ, վերջնականապես խճողեցին իմ մեջ ծնունդ առնող բոլոր ըմբռնումները կալանավորական նիստուկացի մասին։ Եվ բավական երկար վիճակվեց ինձ ապրել բանտում, մինչև, ինքս ինձ կպարզեի նման բոլոր փաստերը, որ այնքան հանելուկային էին ինձ համար բանտային առաջին օրերին։
Արդեն ասել եմ, որ կալանավորները միշտ սեփական գործն ունեին և որ այդ աշխատանքը տաժանակրային կյանքի բնական պահանջմունքն էր, որ բացի այդ պահանջմունքից, կալանավորն անասելի սիրում է փողը և գնահատում ամեն ինչից վեր, համարյա թե ազատությանր համահավասար, և որ արդեն սփոփված է, եթե փողը զնգզնգում է գրպանում։ Ընդհակառակը, նա վհատված է, տրտմած, անհանգիստ և հոգեպես ընկճված, եթե փող չունի, ու պատրաստ է այդժամ թե՛ գողության, թե՛ ինչի ասես, միայն որ փող ունենա։ Սակայն, չնայած, որ բանտում փողն այդքան թանկ բան էր, երբեք չէր կուտակվում ունեցող բախտավորի մոտ։ Նախ, դժվար էր պահելը, որ չգողանան կամ չխլեն։ Եթե մայորը, հանկարձակի խուզարկումների ժամանակ գտներ, տեղնուտեղը կվերցներ։ Գուցեև նա օգտագործում էր փողը՝ կալանավորական սնունդը լավացնելու համար, համեն այն դեպս, փողը նրա գրպանն էր գնում։ Բայց ամենից հաճախ փողը գողանում էին՝ ոչ մեկի վրա հույս դնել չէր կարելի։ Հետագայում մեզ մոտ գտան փողերը կատարյալ անվտանգության մեջ պահելու ձևը։ Փողերը պահ էին տրվում հնածիսական մի ծերունու, որին մեզ մոտ էին բերել ստարոգուբյան մեծ գյուղերից՝ նախկինում Վետկովցև․․․ Բայց չեմ կարող մի քանի խոսք չասել նրա մասին, թեև շեղվում եմ նյութից։
Վաթսուն տարեկան ծերուկ էր, փոքր֊մոքր, ալեհեր։ Նա սաստիկ զարմացրեց ինձ՝ առաջին հայացքից։ Այնքան նման չէր մյուս կալանավորներին, այնքան հանգիստ ու մեղմ բան կար նրա հայացքում, որ հիշում եմ, առանձնահատուկ մի հաճույքով էի նայում նրա ջինջ, հստակ աչքերին՝ եզերված մանրիկ, տարածվող կնճիռներով։ Հաճախ էի խոսում նրա հետ և իմ կյանքում հազվադեպ էի հանդիպել այդչափ բարի, վեհանձն արարածի։ Նրան աքսորել էին չափազանց կարևոր հանցանքի համար։ Ստարոգուբյան հնածիսականների մեջ սկսել էին երևան գալ դարձվորիկներ։ Կառավարությունն անչափ խրախուսում էր նրանց և բոլոր ջանքերը գործադրում՝ մյուս անհամաձայնների հետագա դարձի համար։ Ծերունին, մյուս ֆանատիկոսների հետ, վճռել էր «դիմակայել վասն հավատի», ինչպես արտահայտվեց նա։ Սկսեցին կառուցել միադավան եկեղեցի, ու նրանք հրկիզեցին դա։ Որպես հրահրիչներից մեկի, ծերունուն աքսորեցին տաժանակրության։ Ունևոր, առևտուր անող քաղքենի էր, տանն էր թողել կնոջը, զավակներին, սակայն պատրաստակամությամբ գնաց աքսոր, քանզի իր կուրացման մեջ դիտում էր դա որպես «տառապանք հանուն հավատի»։ Որոշ ժամանակ նրա հետ մնալով, ակամա հարց կտայիք ձեզ. ինչպե՞ս կարող էր այդ խոնարհ, մանկան նման հեզ մարդը խռովարար լինել։ Սի քանի անգամ խոսք բացեցի «հավատի մասին»։ Ոչինչ չէր զիջում իր համոզմունքներից, սակայն երբեք ոչ մի չարացածություն, ոչ մի ատելություն չկար նրա առարկությունների մեջ։ Այնինչ, եկեղեցի էր ավերել ու չէր ժխտում դա։ Թվում էր, թե ըստ իր համոզմունքների, արարքը և դրա համար ընդունած «տառապանքը» նա պիտի համարեր փառավոր գործ։ Բայց ինչքան էլ զննեցի, ինչքան էլ ուսումնասիրեցի նրան, սնափառության կամ հպարտության որևէ դրսևորում չնկատեցի նրա մեջ։ Բանտում կային ուրիշ հնածիսականներ ևս, մեծ մասամբ սիբիրցիներ։ Շատ զարգացած ժողովուրդ էր, խորամանկ մուժիկներ, արտակարգ տիրացուներ և տառակերներ, ինքնօրինակ դիալեկտիկներ, գոռոզ, մեծամիտ, նենգ ու ծայրաստիճան անհանդուրժող մարդիկ էին։ Միանգամայն ուրիշ մարդ էր ծերուկը։ Գուցեև նրանցից ավելի շատ կարդացած տիրացու, նա խուսափում էր վեճերից։ Վերին աստիճանի մարդամոտ բնավորություն ուներ։ Զվարթաբարո՝ հաճախ էր ծիծաղում, ոչ այն կոպիտ, ցինիկ ծիծաղով, որ հատուկ էր աքսորականներին, այլ զուլալ, մեղմիկ ծիծաղով, որի մեջ շատ էր մանկական պարզամտությունը և առանձնապես էր սազում նրա ալեհեր արտաքինին։ Գուցե ես սխալվում եմ, բայց թվում է, թե ծիծաղով կարելի է ճանաչել մարդուն, և եթե առաջին իսկ հանդիպումից ձեզ դուր է գալիս միանգամայն անծանոթ մարդկանցից մեկի ծիծաղը, ապա համարձակ ասեք, որ նա լավ մարդ է։ Ամբողջ բանտում ծերուկը ձեռք էր բերել համընդհանուր հարգանք, որից սնափառություն չէր սարքում ամենևին։ Կալանավորները նրան կոչում էին պապիկ և երբեք չէին նեղացնում։ Մասամբ հասկացա, թե ինչ ազդեցություն կարող էր նա ունենալ իր դավանակիցների վրա։ Սակայն, չնայած երևութական հաստատակամությանը, որով կրում էր իր տաժանակրությունը, նրա մեջ խորունկ, անդարմանելի թախիծ էր ամբարված, որը նա ջանում էր թաքցնել բոլորից։ Նրա հետ նույն բանտասենյակում էինք ապրում։ Մի անգամ, գիշերվա ժամը երեքին մոտ արթնացա և լսեցի մեղմ ու զուսպ լացի ձայն։ Ծերունին նստած էր վառարանի վրա (հենց այն, որի վրա նախկինում գիշերներն աղոթում էր շատ կարդացող և մայորին սպանել ցանկացող կալանավորը) և աղոթում էր իր ձեռագիր ավետարանով։ Արտասվում էր, լսեցի ինչպես է ժամանակ առ ժամանակ ասում. «Տեր Աստված, մի թող ինձ։ Տեր Աստված, ամուր պահիր հոգիս։ Իմ փոքրիկ զավակներ, իմ սիրելի զավակներ, էլ երբեք չենք հանդիպի»։ Չեմ կարող պատմել, թե ինչպես տրտմեցի։ Ահա թե ինչու կամաց-կամաց համարյա բոլոր կալանավորները սկսեցին նրան պահ տալ իրենց փողը։ Կալանավայրում գրեթե բոլորը գող էին, սակայն բոլորն էլ հանկարծ հավատացին, որ ծերունին ոչ մի կերպ չի կարող գողանալ։ Գիտեին, որ ինչ-որ տեղ է թաքցրել իրենց հանձնած փողերը, բայց այնպիսի մի ծածուկ տեղ, որ ոչ ոք չէր կարող գտնել։ Հետագայում ինձ ու լեհերից մի քանիսին բացատրեց իր գաղտնիքը։ Այրուտներից մեկում մի ոստ կար, որն ըստ երևույթին, ներաճել էր ծառին։ Սակայն դա տեղաշարժվում էր և ծառի բնի վրա խոշոր փոս գոյացնում։ Հենց այդտեղ էլ պապիկը թաքցնում էր փողը, հետո նորից տեղը դնում ոստը, այնպես որ ոչ ոք երբեք չէր կարող ոչինչ գտնել։
Սակայն ես շեղվեցի պատմածից։ Կանգ առա այնտեղ, թե ինչու կալանավորի գրպանում փողը երկար չէր մնում։ Սակայն փողը պահելու դժվարությունից բացի, այնքան տրտմություն կար բանտում, իսկ կալանավորն իր բնույթով այն աստիճան է ծարավ ազատության և վերջապես, իր սոցիալական դրությամբ այն աստիճան է թեթևամիտ և խառնիխուռն, որ բնականաբար, հանկարծ նրան գերում է «ամեն ինչը քամուն տալը», ամբողջ ունեցածով, աղմուկ-աղաղակով, որ գեթ մի րոպեով մոռանա իր թախիծը։ Տարօրինակ էր նույնիսկ նայելը, թե ինչպես է մեկը նրանցից աշխատում՝ մեջքը չուղղելով, երբեմն մի քանի ամիս շարունակ, սոսկ որպեսզի մեկ օրում լրիվ ցրիվ տա վաստակածը, մինչև վերջին կոպեկը, իսկ հետո նորից, մինչև նոր կերուխում, մի քանի ամիս տքնի գործի վրա։ Շատերը նրանցից սիրում էին նոր հագուստ֊կապուստ ձեռք բերել իրենց համար և անպայման ոչ-պաշտոնական բնույթի, ինչ֊որ սև, համազգեստին չբռնող շալվարներ, անթև բաճկոններ, գոտկատեղին ծալքերով կաֆտաններ։ Շատ էին օգտագործվում նաև չթե շապիկներ և պղնձյա ճարմանդով գոտիներ։ Հագնում էին տոն օրերին, և հագնվածն անպայման կանցներ բոլոր բանտասենյակներով՝ իրեն ցույց տալու արար-աշխարհին։ Լավ հագնվածի գոհունակությունը հասնում էր երեխայության, ասենք, շատ հարցերում էին կալանավորները կատարյալ երեխաներ։ Ճիշտ է, բոլոր այդ լավ իրերը մի տեսակ հանկարծակի չքանում էին ջիրոջ մոտից, երբեմն հենց նույն երեկոյան գրավ էին դրվում ու ծախվում համարյա թե ձրի։ Իմիջիայլոց, կերուխումը ծավալվում էր աստիճանաբար։ Հարմարվում էր կամ տոն օրերին, կամ քեֆ անողի անվանակոչությանը։ Կալանավոր-անվանակոաչիկը, առավոտյան արթնանալով, մոմ էր վառում սրբապատկերի առջև և աղոթում, հետո հագուկապը շտկում և իր համար ճաշ պատվիրում։ Գնում էին տավարի միս, ձուկ, սիբիրյան պելմեններ էին պատրաստվում։ Նա ուտում էր եզան պես, համարյա միշտ մենակ, հազվադեպ հրավիրելով ընկերներին՝ հաց կիսելու իր հետ։ Ապա հայտնվում էր նաև խմիչք․ անվանակոչիկը հարբում, ցեխ էր դառնում և անպայման շրջում բանտասենյակներում, ճոճվելով ու գայթելով, ջանալով ցույց տալ բոլորին, որ ինքը հարբած է, որ «քեֆ է քաշում», դրանով իսկ շահելով համընդհանուր հարգանք։ Ռուս ժողովրդի մեջ ամենուր, որոշակի համակրանք է զգացվում հարբած մարդու նկատմամբ, իսկ բանտում քեֆչիները նույնիսկ հարգանքի էին արժանանում։ Բանտային գինարբուքի մեջ յուրօրինակ արիիստոկրատականություն կար։ Կատարը տաքացնելով, կալանավորն անպայման նվագ էր վարձում։ Բանտում մի տխեղծ լեհ կար՝ փախած զինվորներից, շատ գարշելի, բայց ջութակ նվագել գիտեր և սովորաբար հետն էր լինում նվագարանը՝ իր ունեցած-չունեցածը։ Որևէ արհեստ չուներ, մեն-միակ գործն էր վարձվել քեֆ անողներից՝ ուրախ պարեղանակներ նվագելու։ Գործի անունն այն էր, որ անբաժան հետևի իր հարբած տիրոջը, բանտասենյակից բանտասենյակ և ամբողջ ուժով ճզճզացնի ջութակը։ Հաճախ ձանձրույթ, տրտմություն էր հայտնվում նրա դեմքին։ Սակայն «նվագի, փող ես առել» բղավոցը նրան ստիպում էր ճզճզացնել ու ճզճզացնել։ Կալանավորը, սկսելով գինարբուքը, հաստատ համոզված կարող էր լինել, որ եթե արդեն շատ հարբի, ապա անպայման կխնամեն իրեն, ժամանակին կպառկեցնեն քնելու, և միշտ մի տեղ կթաքցնեն՝ ղեկավարության հայտնվելուն պես, և այդ ամենը միանգամայն անշահախնդիր։ Իրենց կողմից՝ ենթասպան և կարգուկանոնի համար բանտում ապրող վետերանները նույնպես կարող էին միանգամայն հանգիստ լինել՝ հարբածը չէր կարող որևէ անկարգություն անել։ Նրան հետևում էր ամբողջ բանտասենյակը, և եթե աղմուկ֊աղաղակ աներ, կռիվ գցեր, տեղնուտեղը նրան կզսպեին, նույնիսկ պարզապես կկապկպեին։ Դրա համար էլ բանտային ստորին ղեկավարությունը հարբեցողությանը նայում էր մատների արանքով, չէր էլ ուզում նկատել։ Շատ լավ գիտեին, որ եթե խմիչք թույլ չտան, շատ ավելի վատ կլինի։ Բայց որտեղի՞ց էին խմիչքը ձեռք բերում։
Խմիչքը գնվում էր հենց բանտում, այսպես կոչված «պաչատեղերից»։ Մի քանի հոգի էին օղեվաճառները, և իրենց առևտուրն անում էին անընդմեջ ու հաջողությամբ, չնայած որ խմողներն ու «քեֆչիներն» ընդհանրապես շատ չէին, քանի որ գինարբուքը փող էր պահանջում, իսկ կալանավորական փողը՝ դժվար ձեռք բերվում։ Առևտուրն սկսվում, ընթանում և թույլատրվում էր բավական ինքնատիպ եղանակով։ Ոմն կալանավոր, ասենք, արհեստ չուներ ու չէր ուզում աշխատել (այդպիսիք լինում էին), բայց ուզում էր փող ունենալ, ընդ որում անհամբեր մարդ էր, ուզում էր շուտ հարստանալ։ Սկզբի համար մի քիչ փող ունենում էր, և վճռում էր խմիչք վաճառել. համարձակ ձեռնարկում էր, մեծ ռիսկ պահանջող։ Դրա համար կարելի էր մեջքը ծեծի տակ դնել և միանգամից զրկվել ապրանքից ու դրամագլխից։ Սակայն օղեվաճառը գնում էր դրան։ Սկզբում փող քիչ էր ունենում, ուստիև առաջին անգամ ինքն էր խմիչքը բանտ բերում և, անշուշտ, իրացնում շահեկան եղանակով։ Փորձը կրկնում էր երկրորդ, երրորդ անգամ, և եթե ղեկավարության ձեռքը չէր ընկնում, արագորեն ծավալում էր առևտուրը և սոսկ այդ ժամանակ հիմնում իսկական առուծախ՝ լայն հիմունքներով, դառնում էր ձեռնարկու, կապիտալիստ, գործակալներ և օգնականներ էր պահում, վտանգվում ավելի քիչ, իսկ հարստանում ավելի ու ավելի շատ։ Նրա փոխարեն վտանգվում էին օգնականները։
Բանտում միշտ շատ են մինչև վերջին կոպեկը մսխած, տանուլ տված, գիարբուքի վրա ծախսած մարդիկ արհեստ չունեցող, խեղճ ու ցնցոտիապատ, սակայն օժտված որոշակի համարձակությամբ և վճռականությամբ։ Այդպիսի մարդկանց, որպես կապիտալ, ամբողջական֊անվնաս է մնում սոսկ մեջքը՝ դեռևս կարող է ինչ֊որ բանի ծառայել, և հենց այդ վերջին կապիտալն էլ մսխած՝ քեֆչին վճռում է դնել շրջանառության մեջ։ Նա գնում է ձեռնարկուի մոտ և վարձվում՝ խմիչքը բանտ բերելու։ Հարուստ օղեվաճառն այդպիսի աշխատողներ մի քանիսն ունի։ Ինչ֊որ տեղ, բանտից անդի, գոյություն ունի այդպիսի մեկը՝ զինվորներից, քաղքենիներից, երբեմն նույնիսկ կին, որը ձեռնարկուի փողով և որոշ պարգևավճարով՝ համեմատաբար ոչ քիչ խմիչք է գնում պանդոկից և թաքցնում մի գաղտնի տեղ, ուր կալանավորները գործի են գալիս։ Համարյա միշտ մատակարարը սկզբից փորձում է խմիչքի որակը և խմածի տեղ ջուր ավելացնում անմարդկայնորեն։ Ուզում ես վերցրու, ուզում ես՝ չէ, կալանավորներին էլ չի կարելի չափից ավելի պահանջկոտ լինել, լավ է դեռ, որ գոնե փողը չի կորել և խմիչքը բերված է, ինչպիսին էլ լինի, միևնույն է՝ օղի է։ Այդ մատակարարի մոտ էլ գալիս են բանտի օղեվաճառի կողմից նախապես մատնանշած անցկացնողները, եզան աղիքներով։ Այդ աղիքները սկզբում լվացվում են, հետո լցվում ջրով, դրանով պահպանելով սկզբնական խոնավությունը և առաձգականությունը, որպեսզի ժամանակի ընթացքում հարմար լինի օղի լցնելու։ Աղիների մեջ օղի լցնելով, կալանավորը դրանք փաթաթում է մարմնին, հնարավորինս ամենածածուկ տեղերում։ Անշուշտ, այստեղ դրսևորվում է մաքսանենգի համակ ճարպկությունը, գողական ամբողջ խորամանկությունը։ Նրա պատիվը մասամբ խոցված է, նա պիտի խաբի թե՛ ուղեկցող, թե՛ ընդունող զինվորներին։ Նա խաբում է զինվորներին․ լավ գողի համար ուղեկցողը, երբեմն ինչ֊որ նորակոչիկ, աչքաթող է անում միշտ։ Իհարկե, ուղեկցողն ուսումնասիրվում է նախապես, բացի դրանից, հաշվի է առնվում նաև գործատեղը, ժամանակը։
Ասենք, կալանավորը վառարան սարքող է, բարձրանում է վառարանի վրա, ո՞վ կտեսնի, թե ինչ է անում այնտեղ։ Ուղեկցողը հո չի՞ մագլցելու ետևից։ Մոտենալով բանտին, բռի մեջ մետաղադրամ է պահում՝ տասնհինգ կամ քսան արծաթ կոպեկանոց, համենայն դեպս, և դարպասի մոտ սպասում է եֆրեյտորին։ Գործից վերադարձող ամեն կալանավորի պահախմբի եֆրեյտորը զննում է չորս կողմից և շոշափում, հետո միայն բացում դուռը։ Խմիչք անցկացնողը սովորաբար հույս ունի, թե կամաչեն շատ մանրակրկիտ տնտղել իր որոշ տեղերը։ Բայց երբեմն ծակամուտ եֆրեյտորն այդ տեղերին էլ է հասնում և շոշափում խմիչքի աղիքը։ Այդժամ մնում է վերջին միջոցը․ մաքսանենգը լուռ և ուղեկցողից ծածուկ եֆրեյտորի բուռն է խցկում ափի մեջ սեղմած կոպեկանոցը։ Պատահում է, որ ի հետևանք նման մանյովրի, նա բարեհաջող մտնում է բանտ և անցկացնում է օղին։ Իսկ երբ մանյովրը չի հաջողվում, այդժամ ստիպված վճարում է իր վերջին կապիտալով, այն է՝ մեջքով։ Զեկուցում են մայորին, կապիտալը ճիպտահարում, և ճիպտահարում են ցավագին, խմիչքը բռնագրավում են, և մաքսանենգն ամեն ինչ վերցնում է իր վրա՝ չմտանելով ձեռնարկուին, սակայն նկատի առնենք, ոչ որովհետև խորշում է մատնությունից, այլ սոսկ այն պատճառով, որ մատնությունը ձեռնտու չէ իրեն՝ բոլոր դեպքերում իրեն կծեծեին, ամբողջ սփոփանքը կլիներ այն, որ կճիպտհարեին երկուսին էլ։ Բայց ձեռնարկուն դեռևս պետք է նրան, թեև ըստ սովորության և նախնական պայմանավորվածությամբ, ձաղկված մեջքի համար մաքսանենգը ոչ մի կոպեկ չի ստանում ձեռնարկուից։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես մատնություններին, դրանք արտակարգ տարածված են։ Բանտում մատնիչը չի ենթարկվում նվազագույն ստորացման, զայրույթը նրա հանդեպ նույնիսկ անիմաստություն է։ Նրանից չեն խորշում, նրա հետ մտերմություն են անում, այնպես որ եթե սկսեիք բանտում ապացուցել մատնության համակ գարշելիությունը, ապա ձեզ ամենևին չէին հասկանա։ Այն կալանավորն ազնվականներից՝ այլասերված ու ստոր, ում հետ խզեցի բոլոր հարաբերությունները, մտերիմ էր մայորի սպասյակ Ֆեդկայի հետ և լրտեսություն էր անում նրա համար, իսկ նա կալանավորների մասին լսածը լրիվ հայտնում էր մայորին։ Մեզանում բոլորը գիտեին դա, և ոչ մեկի մտքով երբեք չանցավ պատժել, կամ գոնե նախատել սրիկային։
Սակայն ես շեղվեցի։ Իհարկե, պատահում է, որ խմիչքն անց է կացվում բարեհաջող, այդ ժամանակ ձեռնարկուն ընդունում է բերած աղիքները, դրանց դիմաց վճարելով, և սկսում է հաշվարկել։ Ըստ հաշվարկի պարզվում է, որ ապրանքն իր վրա շատ թանկ է նստում, ուստի և խոշոր շահույթի համար, նա մի անգամ էլ է վերալցնում, մի անգամ էլ ջուր ավելացնելով՝ համարյա կիսով չափ, և այդպիսով կատարելապես նախ ապատրաստված, սպասում է գնորդին։ Առաջին իսկ տոն օրը, երբեմն էլ սովորական օր, գնորդը կհայտնվի. բանտարկյալ է, լծկան եզի պես մի քանի ամիս աշխատած, մի քիչ փող խնայած՝ բոլորը խմելուն տալու, դրա համար նախապես որոշված օրվա ընթացքում։ Այդ օրը գալուց դեռ շատ առաջ, երազել է խեղճ աշխատավորը, գործի արանքում երջանիկ անուրջներով ու հմայքով սատար եղել նրա ոգուն՝ բանտային կյանքի տրտում առօրյայում։ Ի վերջո, լուսավոր օրվա այգաբացը հայտնվում է արևելքում, փողը կուտակված է, չեն խլել, չեն գողացել, և նա այդ փողը տանում է օղեվաճառին։ Վերջինս սկզբում նրան է տալիս հնարավորինս անխառն խմիչք, այն է՝ ընդամենը երկու անգամ ջուր խառնած։ Սակայն շշից լցնելուն զուգահեռ, խմածի տեղ իսկույն ջուր է ավելացվում։ Մի գավաթ օղու դիմաց վճարվում է հինգ, վեց անգամ ավելի, քան պանդոկում։ Կարելի է պատկերացնել, թե քանի նման գավաթ պիտի խմել և ինչքան վճարել դրա դիմաց՝ հարբելու համար։ Սակայն խմիչքից ետ վարժված լինելու և նախնական ինքնազսպման պատճառով, կալանավորը գինովանում է բավականին արագ և սովորաբար շարունակում է խմել այնքան ժամանակ, քանի դեռ չի մսխել ամբողջ փողը։ Այդժամ մեջտեղ են հանվում բոլոր նոր գնած իրերը՝ օղեվաճառը միաժամանակ վաշխառու է նաև։ Սկզբից նրան են անցնում նոր ձեռք բերված սեփական իրերը, հետո հերթը հասնում է հնոտիքին և վերջում՝ պետական իրերին։ Ամեն ինչ, մինչև վերջին լաթը խմելուն տալով, հարբեցողը պառկում է քնելու և հաջորդ օրը, արթնանալով անխուսափելի գլխացավով, օղեվաճառից ապարդյուն խնդրում է թեկուզև մի կում՝ խումհարից դուրս գալու համար։ Նա տխրությամբ է տանում ձախորդությունը և նույն օրն էլ գործի անցնում և նորից աշխատում մի քանի ամիս՝ առանց մեջքն ուղղելու, երազելով կերուխումի երջանիկ, հավերժի գիրկն անցած անվերադարձ օրը և կամաց֊կամաց գոտեպնդվելով, սպասում հաջորդ այդպիսի օրվան, որ դեռևս հեռու է, սակայն ի վերջո, գալու է իր հերթին։
Ինչ վերաբերում է օղեվաճառին, ապա հսկայական գումար ձեռքր գցելով, մի քանի տասնյակ ռուբլի, վերջին անգամ խմիչք է բերել տալիս և արդեն ջուր չի խառնում, որովհետև իր համար է դա։ Բավական է առևտուր անել, ժամանակն է, ինքն էլ տոնի։ Սկսվում է գինարբուքը, կերուխում, նվագ։ Միջոցները շատ են, մասնակից է դարձվում նույնիսկ բանտային մերձավոր, ստորին ղեկավարությունը։ Երբեմն գինարբուքը շարունակվում է մի քանի օր։ Իհարկե, նախապատրաստված խմիչքը շուտով խմվում է, այդժամ քեֆչին գնում է մյուս օղեվաճառների մոտ, որոնք արդեն սպասում են նրան և խմում այնքան ժամանակ, մինչև որ վերջին կոպեկն է տալիս խմելուն։ Ինչպես էլ պահպանեն կալանավորները քեֆ անողին, երբեմն նա կընկնի բարձրագույն իշխանության, մայորի կամ պահախմբի սպայի աչքին։ Նրան կտանեն կորդեգարդիա, կխլեն ամբողջ ունեցածը, եթե գտնեն մոտը, վերջում էլ կճիպտահարեն։ Իրեն տեղը բերելով, ետ կգա բանտ և մի քանի օր հետո նորից կանցնի օղեվաճառի արհեստին։ Քեֆչիներից ոմանք, իհարկե, հարուստները, երագում են նաև գեղեցիկ սեռի մասին։ Շատ փող վճարելով, երբեմն նրանք գողունի, աշխատանքի փոխարեն, բերդից հասնում են արվարձան, կաշառված պահնորդի ուղեկցությամբ։ Այնտեղ, մի որևէ մեկուսի տնակում, քաղաքի ամենածայրին, մեծ խրախճանք է սարքվում և մսխվում են իսկապես խոշոր գումարներ։ Փողի համա չեն խորշում նաև կալանավորից, իսկ պահնորդն ընտրվում է նախապես, գործի իմացությամբ։ Սովորաբար, նման պահնորդները բանտի ապագա թեկնածուներ են։ Ասենք, փողով ամեն ինչ կարելի է անել, և նման ճամփորդությունները համարյա միշտ գաղտնի են մնում։ Հարկ է ավելացնել, որ դրանք շատ հազվադեպ են լինում, դրա համար շատ փող է հարկավոր, և գեղեցիկ սեռի սիրահարները ապավինում են ուրիշ միջոցների, որոնք կատարելապես անվտանգ են։
Բանտային իմ կյանքի առաջին օրերից, մի ջահել կալանավոր՝ չափազանց սիրունիկ տղա էր, առանձնահատուկ ուշադրությունս հարուցեց։ Սիրոտկին էր ազգանունը։ Բավականաչափ հանելուկային անձնավորություն էր՝ շատ առումներով։ Ամենից առաջ ինձ ապշեցրեց նրա գեղեցիկ դեմքը։ Քսաներեք տարեկանից ավելի չէր լինի։ Գտնվում էր հատուկ բաժանմունքում, այսինքն անժամկետ էր, հետևաբար համարվում էր զինվորական ամենակարևոր հանցագործներից մեկը։ Հեզ ու խոնարհ, խոսում էր քիչ, ծիծաղում հազվադեպ։ Աչքերը երկնագույն էին, դիմագծերը՝ կանոնավոր, դեմքը՝ մաքուր, նուրբ, մազերը բաց խարտյաշ։ Նույնիսկ կիսախուզված գլուխը քիչ էր այլանդակում նրան, այնքան որ գեղեցկատես էր։ Ոչ մի արհեստ չուներ, սակայն փող գտնում էր, թեև քիչ, բայց հաճախ։ Նկատելիորեն ծույլ էր, փնթի էր հագնվում։ Մեկ-մեկ ուրիշը լավ կհագցներ նրան, երբեմն անգամ՝ կարմիր վերնաշապիկ, և Սիրոտկինը, ըստ երևույթին, ուրախ նոր հագուստով, կշրջեր սենյակներում՝ իրեն ցույց տալու։ Չէր խմում, թուղթ չէր խաղում, համարյա ոչ մեկի հետ չէր գժտվում։ Մեկ-մեկ կզբոսներ բանտասենյակների ետևում՝ ձեռքեր գրպաններում, խոնարհ, մտազբաղ։ Ինչի մասին կարող էր մտածել, պատկերացնելն անգամ դժվար էր։ Երբեմն ձայն կտայիր, հետաքրքրությունից ինչ֊որ բան կհարցնեիր, անմիթապես կպատասխաներ, այն էլ՝ հարգալից, ոչ կալանավորավարի, սակայն միշտ կարճ, առանց խոսակցությունը շարունակելու, ձեզ կնայեր տասնամյա երեխայի պես։ Ձեռքը փող ընկներ, իրեն անհրաժեշտ որևէ բան չէր գնի, բաճկոնը չէր տա կարկատելու, նոր սապոգներ ձեռք չէր բերի, այլ թխվածք, բլիթ կառներ և կուտեր՝ ճիշտ կարծես յոթը նոր էր լրացել։ «Էխ, Սիրոտկին, Սիրոտկին,— մեկ-մեկ ասում էին կալանավորները,— Սիոնի որբ ես էլի»։ Ոչ աշխատանքային ժամերին սովորաբար կթափառեր ուրիշ բանտասենյակներում, ուր համարյա բոլորն իրենց գործերով էին զբաղված, միայն ինքն անելիք չուներ։ Ինչ֊որ բան կասեին նրան, գրեթե միշտ ծաղրանքով (նրա և ընկերների վրա, համենայն դեպս, հաճախ էին ծիծաղում), իսկ նա, առանց մի բառ ասելու, կշրջվեր ու կգնար ուրիշ բանտասենյակ, իսկ երբեմն էլ, եթե շատ ծաղրի տային, կկարմրեր։ Հաճախ էի մտածում, ինչի համար է այս խոնարհ, պարզհոգի արարածը հայտնվել բանտում։ Մի անգամ, պառկած էի հիվանդանոցում, կալանավորական սենյակում։ Սիրոտկինն էլ էր հիվանդ ու պառկած էր կողքս։ Մի իրիկնամուտի խոսքի բռնվեցինք, նա ակամա ոգևորվեց և խոսքի հետ պատմեց ինձ, թե ինչպես իրեն տարան զինվորության, հրաժեշտ տալիս ինչպես էր լալիս մայրը և ինչ ծանր էր իր համար ռեկրուտությունը։ Ավելացրեց, որ ամենևին չէր կարողանում դիմանալ այդ կյանքին, որովհետե այնտեղ բոլորն այնքան էին զայրացած, խիստ, իսկ հրամանատարները համարյա միշտ դժգոհ էին իրենից...
― Իսկ ինչպե՞ս վերջացավ,— հարցրի ես,— ինչպե՞ս ընկար այստեղ։ Այն էլ հատուկ բաժանմունք... Էխ, Սիրոտկին, Սիրոտկին։
― Ալեքսանդր Պետրովիչ, ախր ես ընդամենը մի տարի մնացի գումարտակում, իսկ այստեղ եկա այն պատճառով, որ Գրիգորի Պետրովիչին՝ իմ վաշտի հրամանատարին, սպանեցի։
― Սիրոտկին, լսել եմ դա, բայց չեմ հավատում։ Լավ, ո՞ւմ կարող էիր սպանել։
― Այդպես եղավ, Ալեքսանդր Պետրովիչ։ Ախր, շատ ծանր դարձավ ինձ համար։
― Իսկ ուրիշ ռեկրուտներն ինչպե՞ս են ապրում։ Անշուշտ, սկզբում դժվար է, իսկ հետո վարժվում են, և մեկ էլ տեսար, փառավոր զինվոր դուրս եկավ։ Պետք է մայրդ քեզ երես տված լինի, մինչև տասնյոթ տարեկանը կաթ ու բլիթով է կերակրել։
― Ճիշտ որ մայրս ինձ շատ էր սիրում։ Երբ ռեկրուտ գնացի, ինձնից հետո տեղաշոր ընկավ ու, լսել եմ, էլ վեր չկացավ... Ռեկրուտության վերջում շատ ծանր դարձավ ինձ։ Հրամանատարը չսիրեց, ամեն ինչի համար պատժում էր, բայց ախր, ինչի։ Բոլորին են թարկվում էի, ապրում կարգով, օղի֊մօղի չէի խմում, ոչ մեկից պարտք չէի անում, իսկ դա, Ալեքսանդր Պետրովիչ, վատ բան է, թե որ մարդս պարտք մնա մի բան։ Չորս կողմը բոլորն այնքան էին չարասիրտ, որ տեղ չկար լաց լինելու։ Մեկ-մեկ կմտնեի մի անկյուն ու լաց կլինեի այնտեղ։ Ահա և, մի անգամ ժամապահ էի կանգնած։ Արդեն գիշեր էր, ինձ Ժամապահ էին կարգել աբվախտի մոտ, զենքաշարի կողքին։ Աշուն էր, քամի և այնքան մութ, որ ոչինչ չէր երևում։ Ու այնքան զզվելի, զզվելի դարձավ ամեն բան։ Հրացանն իջեցրի, սվինը հանեցի, դրեցի կողքս, ձախ սապոգս հանեցի, փողը դեմ տվեցի կրծքիս, պառկեցի վրան ու ոտքիս բթամատով իջեցրի ձգանը։ Նայեցի փուստ էր տվել։ Զենքը զննեցի, կրականցքը մաքրեցի, նոր վառոդ լցրեցի, կայծքարը սրեցի ու նորից դեմ արեցի կրծքիս։ Եվ ի՞նչ, վառոդը բռնկվեց, իսկ կրակոց նորից չեղավ։ Այս ի՞նչ բան է մտածեցի։ Սապոգս հագա, սվինը տեղը դրեցի, լուռ գնում-գալիս էի։ Այստեղ էլ վճռեցի այդ գործն անել, ուր ուզում է լինի, մենակ թե ռեկրուտությունից դուրս։ Կես ժամ անց եկավ հրամանատարը, պահակակետերն էր ստուգում։ Ուղիղ վրա պրծավ. «Էդպես ժամապա՞հ կկանգնեն»։ Զենքն առա ձեռքս ու սվինը մինչև փողը խրեցի փորը։ Չորս հազարի տակով անցա, ու էստեղ, հատուկ բաժանմունք...
Նա չէր ստում։ Եվ էլ ինչի համար նրան պիտի ուղարկեին հատուկ բաժանմունք։ Սովորական հանցանքները պատժվում են շատ ավելի հեշտ։ Իմիջիայլոց, իր բոլոր ընկերներից միայն ինքն էր այդքան գեղեցկատես։ Ինչ վերաբերում է նրա նման մյուսներին, որոնք մեզ մոտ տասնհինգ հոգի էին, ապա տարօրինակ էր նրանց նայելն իսկ. միայն երկու-երեք դեմք կային դեռևս տանելի, իսկ մնացած բոլորը կախականջ, այլանդակ, փնթի, ոմանք նույնիսկ ալեհեր։ Եթե հանգամանքները թույլ տան, երբևէ, այդ խմբի մասին ավելի մանրամասն կասեմ։ Իսկ Սիրոտկինն ավելի հաճախ բարեկամություն էր անում Գազինի հետ, հենց նրա, ում առիթով էլ սկսեցի այս գլուխը, հիշեցնելով, որ նա հարբած ներս ընկավ խոհանոց, և որ դա խառնեց բանտային կյանքի իմ սկզբնական ըմբռնումները։
Զարհուրելի արարած էր այդ Գազինը։ Բոլորի վրա թողնում էր ահալի և տանջալի տպավորություն։ Ինձ միշտ թվում էր, որ նրանից կատաղած, հրեշավոր ոչ ոք չէր կարող լինել։ Տոբոլսկում ես տեսել էի իր ոճրագործություններով նշանավոր ավազակ Կամենևին, հետո տեսա մեղադրյալ կալանավոր Սոկոլովին՝ փախած զինվորներից էր, զարհուրելի մարդասպան։ Սակայն նրանցից ոչ մեկն ինձ վրա այդչափ նողկալի տպավորություն չէր թողել, որչափ Գազինը։ Երբեմն ինձ պատկերվում էր, թե իմ դիմաց տեսնում եմ վիթխարի, աժդահա մի սարգ, մարգու հասակի։ Թաթար էր, ահավոր ուժեղ, ամենքից ուժեղը բանտում, միջինից բարձրահասակ, հերկուլեսյան կազմվածքով, այլանդակ, անհամաչափ խոշոր գլխով։ Քայլում էր քիչ կորացած, նայում հոնքերի տակից։ Նրա մասին տարօրինակ լուրեր էին պտտվում բանտում. գիտեին, որ զինվորականներից է, բայց կալանավորներն իրար մեջ խոսում էին, չգիտեմ ճիշտ էր արդյոք, որ նա փախած է Ներչինսկից, Սիբիր է աքսորվել արդեն ոչ մեկ անգամ, փախել ոչ մեկ անգամ, փոխել է տնունը, վերջապես ընկել մեր բանտը, հատուկ բաժանմունք։ Նրա մասին պատմում էին նաև, որ նախկինում սիրում էր մորթել փոքր երեխաների, միայն և միայն հաճույքից․ երեխային կտաներ մի որևէ հարմար տեղ, սկզբից կվախեցներ, կչարչարեր, և արդեն վայելելով խեղճ փոքրիկ զոհի սարսափն ու սարսուռը, կմորթեր նրան սուսուփուս, դանդաղ, վայելումով։ Գուցեև դա հորինել էին, ի հետևանք ընդհանուր ծանր տպավորության, որ բոլորի վրա թողնում էր Գազինը, բայց այդ բոլոր հորինվածքները մի տեսակ բռնում էին նրան, համապատասխան էին դեմքին։ Այնինչ, չհարբած, սովորական ժամանակ բանտում նա իրեն պահում էր շատ ողջամիտ, երբեք չէր վիճում ոչ մեկի հետ և խուսափում վեճերից, բայց կարծես թե այլոց հանդեպ արհամարհանքից, կարծես ավելի վեր համարելով մյուսներից։ Շատ քիչ կխոսեր և մի տեսակ կարծես կանխավ անմարդամոտ էր։ Բոլոր շարժումները դանդաղ էին, հանգիստ, ինքնավստահ։ Աչքերից երևում էր, որ ամենևին անխելք չէ և չափազանց խորամանկ, սակայն ծաղրամիտ֊հեգնական ու դաժան մի բան կար դեմքին և ժպիտի մեջ։ Խմիչքի առևտուր էր անում և ամենաունևոր օղեվաճառներից մեկն էր բանտում։ Սակայն տարվա մեջ մի երկու անգամ նրան էլ էր վիճակվում խմել֊հարբել, և հենց այդտեղ դրսևորվում էր նրա խառնվածքի համակ գազանությունը։ Հարբելով աստիճանաբար, նախ սկսում էր կպչել մարդկանցից՝ ծաղրուծանակով, ամենաչարամիտ, հաշվարկված և կարծես վաղօրոք նախապատրաստած, ի վերջո, հիմնավորապես հարբելով, ահավոր կատաղության էր հասնում, ճանկում դանակը և վրա պրծնում մարդկանց։ Կալանավորները, գիտենալով նրա զարհուրելի ուժը, փախչում ու թաքնվում էին նրանից, իսկ նա հարձակվում էր դեմն ելած ամեն մեկի վրա։ Բայց շուտով գտան նրա հախից դալու ձևը։ Նրա բանտասենյակից մի տասը հոգի հանկարծակի հարձակվում էին նրա վրա բոլորով ու սկսում ծեծել։ Այդ ծեծից ավելի դաժան ոչինչ պատկերացնել չէր լինի. խփում էին կրծքին, սրտատակին, փորին, խփում էին երկար ու շատ, դադարեցնում այն ժամանակ սոսկ, երբ նա կորցնում էր բոլոր զգացողություններն ու դառնում մեռելի պես։ Սիրտ չէին անի մեկ ուրիշին այդպես ծեծել՝ այդպես կնշանակեր սպանել, բայց միայն ոչ Գազինին։ Ծեծից հետո նրան միանգամայն անզգայացած, փաթաթում էին կիսամուշտակով ու տանում թախտաշարի վրա։ «Թող պառկի, հանգստանա»։ Եվ իսկապես, առավոտյան նա արթնանում էր համարյա ողջ և առողջ, լուռ ու մռայլ գնում աշխատանքի։ Եվ ամեն անգամ, երբ Գազինը հարբում էր, բանտում արդեն բոլորը գիտեին, որ նրա օրն անպայման ավարտվելու է ծեծուջարդով։ Ասենք, ինքն էլ դա գիտեր, բայց և այնպես խմում֊հարբում էր։ Այդպես շարունակվեց մի քանի տարի։ Ի վերջո, նկատեցի, որ Գազինն սկսել է չդիմանալ։ Սկսել էր տրտնջալ զանազան ցավերից, նկատելիորեն տկարանալ, ավելի ու ավելի հաճախ գնալ հոսպիտալ... «Բայց դե, կոտրվեց»,— իրար մեջ ասում էին կալանավորները։
Նա մտավ խոհանոց, նողկալի ջութակ ածող այն լեհին առած հետը, ում սովորաբար վարձում էին քեֆչիներն իրենց ուրախության կատարյալության համար, և կանգնեց խոհանոցի մեջտեղում, լուռ և ուշադիր զննելով բոլոր ներկաներին։ Բոլորը լուռ էին։ Ի վերջո, տեսնելով ինձ և իմ ընկերոջը, չարամտորեն և ծաղրաբար նայեց մեզ, ինքնագոհ ժպտաց, կարծես ինքն իրեն ինչ֊որ բան մտածեց և սաստիկ ճոճվելով, մոտեցավ մեր սեղանին։
― Թույլ տվեք հարցնել,— սկսեց նա (ռուսերեն խոսում էր),— այդ ի՞նչ եկամուտներով եք բարեհաճում այստեղ թեյախմություններ անել։
Ընկերոջս հետ լուռ հայացքներ փոխանակեցինք, հասկանալով, որ ավելի լավ է լռել և չպատասխանել։ Առաջին իսկ հակաճառությունից նա կընկներ կատաղության մեջ։
― Ուրեմն, փո՞ղ ունեք,— շարունակեց հարցաքննել։— Ուրեմն, ձեր փողը շատացել է, հա՞։ Բայց չլինի՞ տաժանակրության եք եկել, որ թեյախմություններ անեք։ Թեյ խմելո՞ւ եք եկել։ Դե, խոսեք, ես ձեր...
Բայց տեսնելով, որ վճռել ենք լռել ու չնկատել իրեն, նա շառագունեց և կատաղությունից սրսփաց։ Նրա կողքին, անկյունում, մի մեծ մատուցարան էր գրված, որի մեջ դարսում Էին կտրատած ամբողջ հացը, կալանավորների ճաշի կամ ընթրիքի համար։ Այնքան մեծ էր, որ մեջը տեղավորվում էր բանտի կեսի համար նախատեսված հացը, իսկ հիմա դատարկ էր։ Երկու ձեռքով ճանկեց ու բարձրացրեց մեր վրա։ Մի քիչ էլ, ու նա կփշրեր մեր գլուխները։ Չնայած, որ սպանությունը կամ սպանելու մտադրությունն արտակարգ անախորժություններ էր սպառնում ամբողջ բանտին. կսկսվեին հետաքննություններ, խուզարկումներ, խստությունների սաստկացում, այդ պատճառով էլ կալանավորներն ամբողջ ուժով ջանում էին չհասցնել նման ընգհանուր ծայրահեղությունների, չնայած դրան, հիմա բոլորը սսկվել և սպասում էին։ Ոչ մի բառ՝ ի պաշտպանություն մեզ։ Ոչ մի բղավոց Գազինի վրա, այդ աստիճան ուժեղ էր նրանց ատելությունր մեր հանդեպ։ Ըստ երևույթին, նրանց հաճույք էր պատճառում մեր վտանգավոր վիճակը... Բայց բանն ավարտվեց բարեհաջող. հենց ուզեց իջեցնել մատուցարանը, ինչ֊որ մեկը բղավեց միջանցքից.
― Գազին։ Օղին գողացել են...
Նա հատակին շպրտեց մատուցարանը և խելագարի պես դուրս թռավ խոհանոցից։
— Էհ, Աստված ազատեց,— իրար մեջ խոսում էին կալանավորները։ Եվ հետո, երկար ժամանակ ասում էին դա։
Հետագայում չկարողացա իմանալ, օղին գողանալու այդ լուրն իրակա՞ն էր, թե տեղին հորինված՝ մեզ ի փրկություն։
Երեկոյան, արդեն մթնով, բանտասենյակները կողպվելուց առաջ, ես զբոսնում էի այրուտների մոտ, ծանր թախիծ էր պարուրել հոգիս, ու հետագայում երբեք նման թախիծ չապրեցի բանտային ամբողջ կյանքիս ընթացքում։ Դժվար է դիմանալ բանտարկության առաջին օրվան, որտեղ էլ լինի՝ բանտում, թե մենախցում, թե տաժանակրության մեջ... Բայց հիշում եմ, որ ամենից շատ ինձ զբաղեցնում էր մի միտք, որն անդադար հետապնդում էր ինձ բանտային կյանքի ամբողջ ընթացքում՝ մասամբ անլուծելի մի միտք, որ անլուծելի է նաև հիմա ինձ համար․ միևնույն հանցանքի դիմաց պատժի անհավասարության միտքը։ Ճիշտ է, հանցանքն էլ չի կարելի համեմատել մեկը մյուսի հետ, անգամ մոտավորապես։
Օրինակ, թե մեկը, թե մյուսը մարդ են սպանել։ Ծանրութեթև են արվել երկու գործերի հանգամանքները, և թե մեկ, թե մյուս գործի համար ստացվել է համարյա նույն պատիժը։ Ասենք, մեկը մարդ է սպանել հենց այնպես, մի գլուխ սոխի համար. կանգնել է ճամփին, մորթել անցորդ մուժիկին, նրա մոտ եղած֊չեղածն էլ՝ մի գլուխ սոխ։ «Ոնց կլինի, այ հեր, ինձ ուղարկեցիր որսի, ես էլ մի մուժիկ մորթեցի ու մի հատիկ սոխի գլուխ գտա»։— «Անխելք, մի գլուխ սոխը կլինի մի կոպեկ։ Հարյուր հոգին հարյուր գլուխ, էդ էլ քեզ՝ մի ռուբլի» (բանտային ասք)։ Իսկ մյուսը սպանել է, վավշոտ բռնակալից պաշտպանելով հարսնացուի, քրոջ, աղջկա պատիվը։ Մեկը սպանել է թափառաշրջիկության բերումով, պաշարված մի ամբողջ գունդ հետապնդողներով, պաշտպանելով իր ազատությունը, կյանքը, հաճախ էլ քաղցած մահով մեռնելով։ Իսկ մյուսը մորթել է փոքր երեխաների՝ հենց մորթելու հաճույքից, իր ձեռքերի վրա նրանց տաք արյան զգացողությունից, վայելելով նրանց սարսափը, հենց դանակի տակ նրանց վերջին, աղավնու սարսուռը։ Եվ ի՞նչ։ Թե մեկը, թե մյուսն ընկնում են նույն տաժանավայրը։ Ճիշտ է, տրված պատիժների ժամկետների միջև ելևէջում կա։ Սակայն դրանք համեմատաբար շատ չեն, իսկ հանցագործության նույն տեսակների մեջ ելևէջումներն անհամար են։ Որքան բնույթ, նույնքան ելևէջում։ Բայց ընդունենք, թե անհնար է հաշտեցնել, հարթել այդ տարբերությունը հնարավոր չէ, թե յուրատեսակ անլուծելի խնդիր է դա՝ շրջանի քառանկյունություն՝ այդպես ենթադրենք։ Սակայն եթե նույնիսկ գոյություն չունենար այդ անհավասարությունր, նայեք մեկ ուրիշ տարբերության՝ պատժի բուն հետևանքների տարբերությունը... Ահա մեկը, որը բանտում սմքում է, հալչում մոմի պես, և ահա մեկ ուրիշը, որը մինչև բանտ ընկնելը չգիտեր անգամ, որ աշխարհում այդպիսի ուրախ֊զվարթ կյանք կա, կապը կտրած ընկերների այդչափ հաճելի ակումբ։ Այո, բանտ են դալիս նաև այդպիսիք։ Ահա օրինակ, մարդն ուսյալ է, զարգացած խղճով, գիտակցությամբ, սրտալի։ Սեփական սրտի ցավը սոսկ, ամեն կարգի պատիժներից առաջ, կսպանի նրան իր տառապանքներով։ Ինքն իրեն կդատապարտի իր հանցանքի համար՝ ամենախիստ օրենքից ավելի անխնա, անխղճորեն։ Իսկ ահա, մեկ ուրիշը նրա կողքին, որը նույնիսկ չի էլ մտածի ոչ մի անգամ իր կատարած հանցանքի մասին, ամբողջ տաժանակրության ընթացքում։ Անգամ իրավացի կհամարի իրեն։ Լինում են և այնպիսիք, որոնք դիտավորյալ հանցանք են գործում, որպեսզի միայն ընկնեն տաժանակրության մեջ, դրանով իսկ պրծնելով ազատության մեջ անհամեմատ ավելի տաժանակիր կյանքից։ Այնտեղ նա նսեմացման վերջին աստիճանին էր, կուշտ փորով երբեք չէր ուտում և իր գործատիրոջ համար բանում առավոտից գիշեր։ Իսկ տաժանավայրում գործն ավելի քիչ է, քան տանը, հացը՝ լիուլի, և այնպիսի մի բան, որպիսին չէր էլ տեսել տոն օրերին՝ տավարի միս, ողորմություններ են լինում, փող վաստակելու հնարավորություններ կան։ Հապա շրջապատը։ Ընկած֊ելած մարդիկ, ճարպիկ, ամեն բան գիտցող, և ահա նայում է նա իր րնկերներին հարգալից զարմանքով, դեռևս երբեք չէր տեսել նման ժողովուրդ։ Նրանց համարում է ամենավերին հասարակություն, որպիսին կարող է լինել աշխարհում։ Մի՞թե այդ երկուսի համար պատիժը միանման զգալի է։ Բայց, իմիջիայլոց, ի՞նչ կարիք կա զբաղվել անլուծելի հարցերով։ Թմբկազարկը նշանակում է, որ ժամանակն է բանտասենյակները գնալ։
=== Առաջին տպավորություններ ===
Մեր բանտասենյակի մնացած մասը կազմված էր չորս հնածիսականներից՝ ծերունիներ և տիրացուներ, որոնց մեջ էր նաև Ստարոդուբյան ավաններից մի ծերուկ, երկու-երեք մալոռուս, խոժոռ մարդիկ էին ու մի ջահել տաժանապարտ, նուրբ դեմքով և նուրբ քթով, քսաներեք տարեկան, որն արդեն ութը հոգի սպանել էր, դրամանենգների մի խմբակից, որոնցից մեկը մեր ամբողջ բանտասենյակի զվարճացնողն էր, և վերջապես, մի քանի մռայլադեմ, խոժոռ, գլուխները խուզված ու այլանդակված, լուռ ու քինոտ, ատելությամբ հոնքերի տակից չորսդին նայող անձնավորություններից, որոնք մտադիր էին այդպես նայել, խոժոռվել, լռել եւ ատելությանը տրվել երկար-երկար տարիներ՝ իրենց տաժանակրության ամբողջ պատժաժամկետների ընթացքում։ Այդ ամենը սոսկ ցոլաց-անցավ իմ առջևով, իմ նոր կյանքի այդ առաջին, տխրամած երեկոյան, ցոլաց ծուխ ու մրի արանքից, ուշունցի և անպատմելի ցինիզմի միջով, գարշահոտության մեջ, կալանդների զնգոցի նզովքների և անամոթ քրքիջի արանքներում։ Պառկեցի մերկ թախտաշարին, գլխիս տակ դնելով հագուստս (բարձ դեռևս չունեի), ծածկվեցի քուրքով, բայց երկար ժամանակ քնել չէի կարողանում, թեև ամբողջապես տանջահար էի և կոտրված այդ առաջին օրվա հրեշավոր ու անսպասելի բոլոր տպավորություններից։ Սակայն իմ նոր կյանքը սոսկ սկսվում էր։ Դեռես շատ բան էր սպասվում առջևում, ինչի մասին երբեք չէի մտածում, ինչ չէի էլ կանխագուշակում...
=== Առաջին ամիսը ===
=== Առաջին ամիսը ===