Changes
/* X */
Վերքի տեղ նոր վերք։ Կեցցե՜ն գյոզերը։
</poem>
===XI===
Մի խավար գիշեր, երբ մրրիկը մռնչում էր ամպերի խոր անդունդներից, Ուլենշպիգելը Նելեի հետ կանգնած էր նավի տախտակամածի վրա։
― Մեր բոլոր լույսերը մարել են։ Մենք աղվեսներ ենք և գիշերով սպասում ենք իսպանական նավաճուվին, այսինքն քսաներկու իսպանական հարուստ նավերին, որոնց վրա շողշողում են լապտերները, որոնք նրանց համար չարաբախտության աստղեր կլինեն։ Եվ մենք գրոհում ենք նրանց վրա, ― ասաց Ուլենշպիգելը։
― Այս գիշերը կախարդների գիշեր է։ Գիշերը սև է դժոխքի երախի պես․ այս կայծակները փայլատակում են սատանայի ժպիտի պես․ մրրիկը խուլ մռնչում է հեռվում․ ամարները թռչում են սուր ճիչեր արձակելով․ ծովն արծաթե իժերի պես թավալում է իր ֆոսֆորափայլ կոհակները։ Թի՛լ, սիրելի՛ս, եկ գնանք ոգիների աշխարհը։ Կուլ տուր տեսիլքի դաղահատը․․․
― Կտեսնե՞մ Յոթնյակը, ջանի՛կս։
Եվ նրանք կուլ տվին տեսիլքի դեղահատը։
Եվ Նելեն գոցեց Ուլենշպիգելի աչքերը, իսկ Ուլենշպիգելը գոցեց Նելեի աչքերը։ Եվ քստմնելի պատկեր տեսան նրանք։
Երկինք, երկիր, ծով լի էին աշխատող, թափառող, ճամփորդող ու երազող մարդկանցով, կանանցով, երեխաներով։ Ծովն օրորում էր նրանց, երկիրը՝ դեսուդեն տանում։ Եվ նրանք վխտում էին ինչպես օձաձկները կողովի մեջ։
Յոթ մարդ ու կին երկնքի կենտրոնումն էին՝ գահերի վրա նստած, ճակատներին կապած մի փայլուն աստղ․ բայց իրենք այնքան տարտամ էին, որ Նելեն և Ուլենշպիգելը հստակ տեսնում էին միայն նրանց աստղերը։
Ծովը բարձրացավ, հասավ երկնքին՝ թավալելով իր փրփուրների մեջ անթիվ֊անհամար նավեր, որոնց կայմերն ու պարանները բախվում էին իրար, խճճվում, ջարդվում, փշրվում՝ նայած ալիքների հախուռն շարժումներին։ Ապա մի նավ հեռացավ մյուս բոլորից։ Նրա գոզը շիկացած երկաթից էր, ողնափայտը դանակի պես սուր պողպատից։ Երբ նա անցավ՝ ջուրը մռնչաց, տնքաց։ Նավի հետնամասում նստել էր Մահը և հռհռում էր․ մեկ ձեռքով բռնել էր իր գերանդին, մյուսով՝ մի մտրակ, որով խփում էր յոթ անձերին։ Մեկը մի վշտակոծ, նիհար, մեծամիտ ու լռակյաց մարդ էր․ մեկ ձեռքով բռնել էր գայիսոն, մյուսով՝ սուր։ Նրա կողքին, այծ հեծած, կանգնել էր մի կարմրադեմ աղջիկ՝ մերկալանջ, շրջազգեստը բաց և ժրահայաց։ Նա ցանկասիրաբար պարզվում էր դեպի ծեր հրեա, որ մեխեր էր հավաքում, և մի խոշոր, ուռած մարդ, որ ամեն անգամ ընկնում էր, երբ աղջիկը կանգնեցնում էր, իսկ մի նիհար ու կատաղած կին երկուսին էլ խփում էր։ Գեր մարդը ամենևին չէր փորձում հատուցել, ոչ էլ նրա կարմրերես ընկերուհին։ Նրանց միջև մի վանական երշիկ էր ուտում։ Գետնատարած մի կին օձի պես սողոսկում էր մյուսների միջև, կծում էր ծեր հրեային՝ ժանգոտ մեխերի համար, ուռած մարդուն՝ խիստ գոհ լինելու համար, կարմրաթշիկ կնոջը՝ աչքերի խոնավ փայլի համար, վանականին՝ երշիկների, և նիհար մարդուն՝ գայիսոնի համար։ Եվ քիչ հետո ամենքն էլ սկսեցին կռվել իրար հետ։
Երբ նրանք անցան՝ մարտը ահեղացավ ծովի վրա, երկնքում ու երկրում։ Արյուն անձրևեց։ Նավերը ջարդվեցին կացինների հարվածներից, հրահարներից ու թնդանոթներից։ Նրանց բեկորները թռչում էին օդ՝ վառոդի ծխի միջից։ Երկրի վրա բանակներն իրար էին բախվում արույրե պատերի պես։ Գյուղ, քաղաք, հունձք այրվում էին ճիչերի ու արցունքների հետ միախառնված։ Բարձրաբերձ զանգակատները, քարե ժանյակները կրակի միջից շրջագծում էին իրենց հպարտ ստվերապատկերը, ապա դղրդաձայն ընկնում արմատախիլ կաղնիների պես։ Սևադեմ ձիավորներ՝ մրջներամի պես ստվարաթիվ ու սեղմ՝ սուրը ձեռքին, ատրճանակը բռունցքի մեջ խփում էին մարդկանց, կանանց, երեխաներին։ Ոմանք ծակ էին բացում սառույցի մեջ և կենդանի ծերունիներին թաղում այդտեղ․ ուրիշներ էլ կտրտում էին կանանց ստինքները և պղպեղ ցանում տեղը․ ոմանք էլ բուխարիների մեջ կախում էին երեխաներին։ Ովքեր խփելուց հոգնել էին՝ բռնաբարում էին որևէ աղջիկ կամ կին, խմում էին, զառ խաղում և փլեցնելով ոսկու սյուները՝ իրենց կողոպուտի արդյունքը, խրում էին շեղջի մեջ արյունոտ մատները։
Աստղապսակ յոթ մարդիկ ճչում էին․
― Խղճացե՜ք թշվառ աշխարհին։
Եվ ուրվականները քրքջում էին։ Եվ նրանց ձայնը նման էր միասին ճչացող հազար ոսկրկուլների ձայնին։
― Լսո՞ւմ ես դրանց, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Սրանք խեղճ մարդկանց որսացող թռչուններն են, ապրում են պստիկ թռչուններով, որոնք բարի են ու պարզունակ։
Յոթ աստեղակիր մարդիկ գոռում էին․
― Սե՜ր, արդարությո՜ւն, կարեկցությո՜ւն։
Իսկ յոթ ուրվականները հռհռում էին։ Եվ նրանց ձայնը նման էր միասին ճչացող հազար ոսկրկուլների ձայնին։ Եվ Մահն իր մտրակով խարազանում էր նրանց։
Եվ նավն անցնում էր կոհակների վրայով՝ երկու կտոր անելով ամենայն նավ, մարդ, կին, երեխա։ Ծովի վրա թնդում էր «Գթությո՜ւն» կանչող զոհերի տրտունջը։
Եվ կարմիր նավն անցնում էր նրանց վրայից, մինչդեռ ուրվականները ծիծաղում, ճչում էին ոսկրկուլների պես։
Իսկ Մահը հռհռում էր՝ խմելով արնախառն ջուրը։
Երբ նավն անհետացավ մշուշի մեջ՝ ճակատամարտը դադարեց, յոթ աստղակիրները չքվեցին։
Եվ Ուլենշպիգելն ու Նելեն այլևս ոչինչ չտեսան, բացի սև երկնքից, ալեծուփ ծովից, փոսֆորափայլ ջրի վրա առաջացող մռայլ ամպերից և խիստ մոտիկ՝ կարմիր աստղերից։
Դրանք քսաներկու նավերի լապտերներն էին։ Ծովն ու որոտը խուլ մռնչում էին։
Եվ Ուլենշպիգելը կամացուկ հնչեցրեց Wacharm զանգը և գոչեց․
― Իսպանացի՜ն, իսպանացի՜ն․ Ֆլիսինգեն է դիմում նա։
Եվ գոչյունը կրկնեց ամբողջ նավատորմիղը։
Եվ Ուլենշպիգելն ասաց Նելեին․
― Մի գորշ վրան է տարածվում երկնքում ու ծովի վրա։ Լապտերները խիստ աղոտ են փայլում, լուսաբացն սկսվում է, քամին զովանում է, ալիքներն իրենց փրփուրը ցայտում են նավերի տախտակամածների վրայով, ուժգին անձրև է գալիս և շուտով դադարում, արևը ծագում է խնդուն՝ ոսկեզօծելով այլակների կատարները․ այդ քո ժպիտն է, Նելե՛, առավոտյան պես թարմ, ճառագայթի պես քնքուշ։
Քսաներկու նավերն անց են կենում։ Գյոզերի նավերի վրա թնդում են թմբուկները, ծլնգում են սրինգները, դը Լյումեն գոչում է․ «Հանո՛ւն իշխանի՝ ելե՛ք հետապնդման»․ փոխ֊ծովակալ Էվոնտ Պետերսեն Վորտը գոչում է․ «Հանո՜ւն Օրանժի իշխանի և տյար ծովակալի՝ ելե՛ք հետապնդության»։ Բոլոր նավերի՝ «Հովնաննայի», «Կարապի», «Աննա֊Մարիայի», «Գյոզի», «Մաքառումի», Էգմոնտի», «Հոորնի», «Վիլլեմ Զվեյհերի», «Վիլհելմ Լռակյացի» վրա բոլոր նավապետները գոռում էին․ Հանո՜ւն Օրանժի իշխանի և տյար ծովակալի՝ ելե՛ք հետապնդման»։
Հետապնդմա՜ն․ կեցցե՜ն գյոզերը, ― աղաղակում էին գուգազներն ու նավաստիները։
Տրե֊Լոնի<ref>Լողլողի։</ref> նավը, որի վրա են Լամմեն և Ուլենշպիգելը, և որ կոչվում է «Բրիլ», «Հովնաննայի», «Կարապի» և «Գյոզի» ուղեկցությամբ գրավում է չորս իսպանական նավ։ Գյոզերը ծովն են նետում այն ամնեը, ինչ իսպանական է, գերում են Նիդեռլանդիայի բնակիչներին, դատարկում են նավերը ձվի կճեպների պես և թողնում, որ անկայմ ու անառագաստ ծփան ծովածոցում։ Ապա հետապնդում են մյուս տասնութին։ Անտվերպենից եկող ուժեղ քամին է փչում, արագընթաց նավերի պատը կռանում է գետի ջրի մեջ՝ ուռած առագաստների ծանրության տակ, ինչպես վանականների երեսները խոհանոցներից եկող քամուց։ Իսպանական նավերն արագ են գնում, գյոզերը հետապնդում են նրանց մինչև Միդելբուրգի նավակայանը՝ ամրոցների կրակի տակ։ Այդտեղ արյունահեղ մարտ է սկսվում․ գյոզերը կացիններով խոյանում են նավերի տախտակամածների վրա, որ քիչ անց ծածկվում է կտրված բազուկներով, սրունքներով, որոնք մարտից հետո պետք է կողովներով ծովը նետել։ Ամրոցները կրակում են նրանց վրա․ նրանք ծիծաղում են և «Կեցցե՜ն գյոզերը» գոչելով վերցնում են իսպանական նավերից վառոդ, հրետանի, գնդակ ու ցորեն, դատարկելուց հետո վառում են ու գնում Ֆլեսինգեն՝ թողնելով դրանք նավակայանում՝ ծխակալած ու բացավառված։
Այդտեղից նրանք ջոկատներ կուղարկեն ճեղքելու Զելանդիայի և Հոլանդիայի ամբարտակները, օգնելու նոր նավեր շինելուն, հատկապես հարյուր քառասուն տաննանոց նավերը, որոնք մինչև քսան երկաթաձույլ թնդանոթ ունեն։
===XII===
Ձյունն իջնում է նավերի վրա։ Օդն սպիտակ է ամեն կողմ, և անընդհատ թափվում է ձյունը, թափվում սև ջրի մեջ ու հալչում։
Ձյունն իջնում է երկրի վրա։ Ամբողջովին սպիտակ են ճանապարհները, բոլորովին սպիտակ՝ տերևազուրկ ծառերի սև ուրվագծերը։ Ոչ մի շշուկ, բացի ժամը նշող Հաառլենի հեռավոր զանգերի հնչյունները և իր խեղդված ղողանջներն օդի մեջ արձակող զվարթ զանգակախումբը։
Զանգե՛ր, մի հնչեք․ զանգե՛ր, մի նվագեք ձեր պարզ ու քաղցրիկ եղանակները․ մոտենում է դոն Ֆրեդերիկը՝ արյունարբու դքսիկը։<ref>Խոսքը Ալբայի դքսի որդու մասին է։</ref> Նա քեզ վրա է
հարյուր իսպանացի հօդս են ցնդում։ Դա հավիտենական բոցերի ուղին չէ։ Օ՜, հրաշալի պար՝ մեր զանգերի արծաթյա հնչյունների, մեր զանգախմբի զվարթ երաժշտության նվագակցությամբ։
Նրանք չեն իմանում, որ իշխանը հոգում է մեր մասին, որ ամեն օր լավ պահպանված անցքերից մեզ են հասնում ցորենով, վառոդով բեռնված սահնակներ․ ցորենը մեզ համար, վառոդը՝ նրանց։ Ո՞ւր են նրանց վեց հարյուր գերմանացիները, որոնց սպանեցինք ու խեղդեցինք Հաառլեմի անտառում։ Ո՞ւր են տասնմեկ դրոշները, որ խլեցինք նրանցից, վեց հրանոթները և հիսուն եզները։ Մենք պարիսպների մի գոտի ունեինք, հիմա երկուսն ունենք։ Կանայք անգամ կռվում են, և Կենանը նրանց քաջարի զորամասի առաջնորդն է։ Եկե՛ք դահիճնե՛ր, քայլեցեք մեր փողոցներում․ երեխաներն իրենց փոքրիկ դանակներով կկտրեն ձեր ծունկերը։ Ղողանչեցե՛ք, զանգեր, զվարթ եղանակներդ նետի՛ր թանձր օդի մեջ, զանգախո՛ւմբ։
Բայց բախտը մեզ հետ չէ։ Գյոզերի տորմիղը ջարդված է լճում։ Ջարդված են նաև այն զորագնդերը, որ Օրանժն ուղարկել էր մեզ օգնության։ Սառնամանիք է, սաստիկ սառնամանիք։ Այլևս օգնություն չի գալիս։ Հետո հինգ ամիս շարունակ հազար հոգի տասը հազարի դեմ․ մենք դիմադրում ենք։ Հիմա պետք է բանակցել դահիճների հետ։ Որևէ բանակցություն կուզենա՞ լսել այդ արյունարբու դքսիկը, որ երդվել է մեզ սրի քաշել։ Դուրս հանենք բոլոր զինվորներին իրենց զենքերով․ նրանք կծակծկեն թշնամու ոհմակները։ Բայց կանայք դարպասների վրա են և վախենում են, որ քաղաքի պաշտպանությունը միայն իրենց կթողնեն։ Զանգե՛ր, այլևս մի՛ ղողանջեք․ զանգախումբ, այլևս օդ մի՛ նետիր զվարթ եղանակներդ։
Ահա հունիսը․ խոտերը հոտավետանում են, ցորենները ոսկեշողում են արևի տակ, թռչունները ճռվողում․ հինգ ամիս քաղցած էինք․ քաղաքը սգի մեջ է․ ամենքս էլ դուրս կգանք Հաառլեմից՝ հրացանավորների գլխավորությամբ ճանապարհ բանալու համար, կանայք, երեխաները և պաշտոնյաները հետևից՝ հետևազորի պաշտպանությամբ, որ հսկում է ճեղքվածքի վրա։ Ահա մի նամակ, մի նամակ արյունարբու դքսիկից։ Մա՛հ է նա ազդարարում։ Ոչ․ կյանք է շնորհում ամենքին, ով քաղաքում է։ Ո՜վ անսպասելի ողորմություն, գուցե և խաբեությո՞ւն։ Երգելո՞ւ ես նորից, զվարթ զանգախումբ։ Նրանք մտնում են քաղաք։
Ուլենշպիգելը, Լամմեն ու Նելեն հագել են գերմանական գուգազների համազգեստը և նրանց հետ՝ թվով վեց հարյուր հոգի՝ փակվել էին ավգուստինյան միաբանների մենաստանում։
― Մենք այսօր մեռնելու ենք, ― ասաց կամացուկ Ուլենշպիգելը Լամմեին։
Եվ սեղմեց իր կրծքին վախից դողդողացող Նելեի քնքուշ մարմինը։
― Ավա՝ղ, կինս․ նրան այլևս չեմ տեսնի, ― ասաց Լամմեն։ ― Բայց թերևս գերմանական գուգազի մեր համազգեստը փրկի մեր կյանքը։
Ուլենշպիգելը օրորեց գլուխը՝ ցույց տալու համար, որ ոչ մի ներման հույս չունի։
― Կողոպուտի աղմուկ չեմ լսում, ― ասաց Լամմեն։
Ուլենշպիգելը պատասխանեց․
― Ըստ համաձայնության՝ քաղաքացիները կողոպուտի ու կյանքի համար վճարելու են երկու հարյուր հիսուն հազար ֆլորին փրկագին, որից հարյուր հազարը տասներկու օրվա մեջ, մնացածը՝ երեք ամիս հետո։ Կանանց հրամայված է քաշվել եկեղեցիները։ Նրանք անկասկած կսկսեն կոտորածը։ Լսո՞ւմ ես կառափնարանները գամելու և կախաղաններ հաստատելու աղմուկը։
― Ա՜խ, մեռնելո՜ւ ենք, ― ասաց Նելեն, ― քաղցա՜ծ եմ։
― Այո, ― ասաց կամացուկ Լամմեն Ուլենշպիգելին, ― արյունարբու դքսիկն ասել է, որ քաղցած լինելով ավելի հլու կլինենք, երբ մեզ տանեն սպանելու։
― Քաղցա՜ծ եմ, ― ասաց Նելեն։
Երեկոյան զինվորներ եկան և հաց բաժանեցին՝ վեց հոգուն մի հատ։
― Երեք հարյուր վալոն զինվոր կախել են շուկայում, ― ասացին նրանք։ ― Շուտով ձեր հերթը կգա։ Միշտ էլ գյոզերի ու կախաղանի ամուսնություն է տեղի ունեցել։
Հաջորդ երեկոյան նրանք նորից եկան՝ բերելով մեկական հաց վեց հոգու համար։
― Չորս անվանի քաղաքացի գլխատել են, ― ասացին նրանք։ ― Երկու հարյուր քառասունինը զույգ֊զույգ կապել են և ծովն են շպրտել։ Այս տարի խեցգետինները չաղ կլինեն։ Դուք էլ մի լավ կերպարանք չունեք հուլիսի յոթից հետո, ինչ այստեղ եք։ Նրանք որկրամոլ են ու հարբեցող՝ Նիդեռլանդիայի բնակիչները․ իսկ մենք՝ իսպանացիներս, երկու թուզով ենք մեր ընթրիքն անում։
― Դրա համար է, ուրեմն, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― որ ամենուրեք՝ քաղաքացիների տներում դուք չորս ճաշ եք ուտում՝ մսից, թռչնեղենից, գինուց և անուշեղենից։ Ձեզ պետք է կաթ՝ ձեր mistacho-ների մարմինները լվալու և ձեր ձիերի սմբակները փափկացնելու համար։
Հունիսի տասնութին Նելեն ասաց․
― Ոտքերս թրջվել են․ այս ի՞նչ բան է։
― Արյո՛ւն, ― ասաց Ուլենշպիգելը։
Երեկոյան էլ գուգազները եկան և մեկական հաց տվին վեց հոգու։
― Ուր որ պարանը չի հերիքում՝ սուրն է գործ տեսնում, ― ասացին նրանք։ Երեք հարյուր գուգազ ու քսանյոթ քաղաքացի, որ ուզեցել էին փախչել քաղաքից, զբոսնում են հիմա դժոխքում՝ գլուխները ձեռքին։
Մյուս օրը արյունը նորից մուտք գործեց մենաստան․ գուգազներ հաց բերելու չեկան, այլ միայն գերիներին դիտելու և ասացին․
― Երեկ գլխատված հինգ հարյուր վալոնները, անգլիացիներն ու սկովտիացիները ավելի լավ կերպարանք ունեին։ Սրանք իհարկե քաղցած են, բայց ո՞վ քաղցից կմահանա, եթե ոչ գյոզը։
Եվ իսկապես, ամենքն էլ գույնը գցած, վտիտ, ցրտից ու տենդից դողում էին, ասես ուրվականներ լինեին։
Օգոստոսի տասնվեցին, երեկոյան ժամը հինգին ներս մտան գուգազները և ծիծաղելով հաց, պանիր ու գարեջուր տվին նրանց։ Լամմեն ասաց․
― Մահվան կերուխումն է սա։
Ժամը տասին չորս գումարտակ եկավ, կապիտանները բանալ տվին մենաստանի դռները և հրամայեցին գերիներին չորս֊չորս քայլել սրինգների ու թմբուկների հետևողությամբ՝ մինչև այնտեղ, ուր կկարգադրեն կանգ առնել։ Որոշ փողոցներ կարմիր էին։ Եվ նրանք քայլեցին դեպի կախաղանների դաշտը։
Արյան լճակներ էին երևում մարգագետիններում․ արյուն կար և պարիսպների շուրջը։ Ամեն կողմից ագռավների երամներ էին գալիս․ արևը թաքնվում էր գոլորշիների անկողնի մեջ․ երկինքը դեռ ջինջ էր, և նրա խորքերում ամոթխած զարթնում էին աստղերը։ Հանկարծ նրանք աղեկտուր ճիչեր լսեցին։
― Քաղաքից դուրս գտնվող Ֆույկե ամրոցի գյոզերն են վայնասուն բարձրացրել․ նրանք սովամահ են լինելու։
― Մենք էլ շուտով մեռնելու ենք, ― ասաց Նելեն և լաց եղավ։
― Աճյունը բախում է իմ սրտին, ― ասաց Ոլենշպիգելը։
― Ա՜խ, ― ասաց Լամմեն ֆլամանդերեն (ուղեկցող զինվորները չէին հասկանում այս խրոխտ լեզուն), ― ա՜խ, եթե կարողանայի բռնել այդ արյունարբու դքսին և ուտեցնել նրան՝ մինչև որ մաշկը տրաքեր՝ ամեն տեսակ պարան, կախաղան, նստարան, հենարան, տանջաքար․ եթե կարողանայի խմեցնել նրան իր թափած արյունը, որ նրա ճաքաց մորթից ու պատառոտված աղիքներից փայտ ու երկաթի կտորտանք ժայթքեր, բայց նա դեռ հոգին չփչեր, պոկեի նրա թունոտ սիրտը կրծքից և հում տայի նրան ուտեր։ Այնժամ, անկասկած, շունչը փչելով կգլորվեր ծծմբի վիհը, ուր սատանան կկարողանար անընդհատ ուտեցնել նրան դրանից։ Եվ այդպես անվախճան հավիտենականության ընթացքում։
― Ամե՜ն, ― ասացին Ուլենշպիգելն ու Նելեն։
― Ոչ։
― Արևմուտքում տեսնում եմ հինգ մարդ և երկու կին՝ շուրջանակի նստած։ Մեկը ծիրանի է հագել և ոսկե թագ ունի գլխին։ Նա կարծես մյուսների (բոլորն էլ գջլոտ) պարագլուխն է։ Տեսնում եմ, արևելքից էլ յոթ հոգի են գալիս․ մեկը, որ ծիրանի է հագել, բայց թագ չունի, նրանց հրամանատարն է։ Եվ նրանք առաջանում են արևմուտքից եկողների դեմ։ Եվ իրար հետ կռվում են ամպերի մեջ։ Այժմ այլևս ոչինչ չեմ տեսնում։
― Յոթնյակը, ― ասաց Ուլենշպիգելը։
― Լսում եմ մեզ մոտիկ, սաղարթների միջից, հևքի նման մի ձայն, որ ասում է․
<poem>
::::::::Ռազմով ու հրով,
::::::::Տեգով ու սրով՝
::::::::::Փնտրի՛ր
::::::::Մահվան ու արյան մեջ,
::::::::Ավերի, արդունքի մեջ՝
:::::::::::Գտի՛ր։
</poem>
― Մեզնից տարբեր մարդիկ են ազատագրելու Ֆլանդրիայի երկիրը, ― վրա բերեց Ոլենշպիգելը։ ― Գիշերը սևանում է, գուգազները ջահեր են վառում։ Մենք մոտ ենք կախաղանների դաշտին։ Ո՜վ, սիրեցյալ ընկերուհիս, ինչո՞ւ հետևեցիր ինձ։ Այլևս ոչինչ չե՞ս լսում, Նելե՛։
― Լսում եմ, զենքերի շաչյուն ցորենի արտերում։ Եվ այնտեղ, մեր այս ճանապարհի վրա գերիշխող բլրակի վրա տեսնում եմ ջահերի կարմիր լույսի փայլերը պողպատի վրա։ Տեսնում եմ հրահարների պատրույգի վառված ծայրերը։ Լսո՞ւմ ես այս որոտը։ Տեսնո՞ւմ ես գնդակներից խոցված իսպանացիների ընկնելը։ Լսո՞ւմ ես «Կեցցե՜ն գյոզերը»։ Նրանք վազելով բարձրանում են արահետը՝ նիզակն առաջ պարզած․ կացինները ձեռքին իջնում են սարալանջից։ Կեցցե՜ն գյոզերը։
― Կեցցե՜ն գյոզերը, ― գոչեցին Լամմեն ու Ուլենշպիգելը։
― Տե՛ս, ― ասաց Նելեն, ― զինվորները մեզ, ահա, զենք են տալիս։ Վերցրո՛ւ, Լամմե՛, վերցրո՛ւ, սիրեցյա՛լս։ Կեցցե՜ն գյոզերը։
― Կեցցե՜ն գյոզերը, ― աղաղակում է գերիների ամբողջ խումբը։
― Հրահարներն անընդհատ կրակում են, ― ասաց Նելեն, ― ճանճի պես ընկնում են նրանք՝ ջահերի լույսով լուսավորված։ Կեցցե՜ն գյոզերը։
― Կեցցե՜ն գյոզերը, ― աղաղակում է փրկողների խումբը։
― Կեցցե՜ն գյոզերը, ― աղաղակում են Ուլենշպիգելը և գերիները։ ― Իսպանացիները երկաթե օղակի մեջ են։ Զա՛րկ, Ջարդի՛ր։ Այլևս ոչ ոք չի մնա ոտքի վրա։ Զա՛րկ, առանց խղճալու, անողոք է մարդը։ Իսկ հիմա ծլկենք ու հասնենք Էնքհյուզե։ Ո՞վ է ուզում դահիճների մահուդե ու մետաքսե հանդերձները։ Ամե՞նքն են վերցրել նրանց զենքերը։
― Ամե՜նքը, ամե՜նքը, ― գոչում են նրանք։ ― Կեցցե՜ն գյոզերը։
Եվ, իրոք, նավով գնում են դեպի Էնքհյուզե, ուր մնացին նրանց հետ ազատված գերմանացիները՝ քաղաքը պահպանելու համար։
Եվ Լամմեն, Նելեն, Ուլենշպիգելը նորից գտնում են իրենց նավերը։ Եվ նորից նրանք երգում են ազատ ծովի վրա՝ «Կեցցե՜ն գյոզերը»։
Եվ հածում են Ֆլեսինգենի նավակայանում։