Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Ավելացվել է 14 186 բայտ, 07:15, 27 Հուլիսի 2015
/* XII */
Եվ հածում են Ֆլեսինգենի նավակայանում։
 
 
===XIII===
 
 
Այդտեղ նորից Լամմեի ուրախությունը վերադարձավ։ Նա հաճությամբ իջնում էր ցամաք և նապաստակի, եղնիկի ու դրախտահավի պես որսում էր եզներ, ոչխարներ, հավ ու ճիվ։
 
Եվ նա մենակ չէր անում այդ կազդուրիչ որսը։ Հաճելի էր այդ ժամանակ տեսնել որսորդների վերադարձը՝ Լամմեի գլխավորությամբ․ նրանք եղջյուրներից կապած քաշում էին խոշոր անասուններին, քշում մանրերին, ճիպոտով մղում սագերի երամը և կարթնաձողերից կախած՝ բերում հավ, վառյակ կռտած աքլոր՝ չնայած արգելքին։
 
Այնժամ խրախճանք էր սկսվում նավերի վրա։ Եվ Լամմեն ասում էր․
 
― Սոուսների հոտը երկինք է հասնում, և պարոն հրեշտակները հրճվանքով ասում են․ «Սա լավագույն միսն է»։
 
Երբ նրանք հածում էին՝ Լիսաբոնից եկավ մի առևտրական տորմիղ, որի հրամանատարը չգիտեր, թե Ֆլեսինգենն ընկել է գյոզերի ձեռքը։ Նրան հրամայում են խարիսխ գցել, ապա շրջապատում են։ Կեցցե՜ն գյոզերը։ Թմբուկ ու սրինգ նավագրոհի են կոչում։ Վաճառականներն ունեն թնդանոթ, տեգ, կացին ու հրահար։
 
Գյոզերի նավերից արկ ու գնադակ է տեղում։ Նրանց հրահարավորները ամրանալով մեծ կայմի շուրջը, փայտե հրակնատների հետևը՝ կրակում են անվրեպ, աներկյուղ։ Վաճառականները ճանճի պես ցած են թափվում։
 
― Հասե՛ք, ― ասում է Ուլենշպիգելը Լամմեին ու Նելեին, ― հասե՜ք։ Ահավասիկ համեմունքներ, գոհարներ, թանկարժեք հատիկներ, շաքար, մուշկ, մեխակ, հնդկապղպղեղ,<ref>Gingembre ― զանջաֆիլ։</ref> ռեալներ,<ref>դրամներ են։</ref> դուկատներ,<ref>Նույնպես դրամ՝ վրան ոչխարի պատկեր։</ref> փայլուն, ոսկե ոչխարներ։ Հինգ հարյուր հազար հատից ավել կլինի։ Իսպանացին կվճարի պատերազմի ծախսերը։ Խմե՜նք։ Երգենք գյոզերի պատարագը․ պատերազմ է։
 
Եվ Ուլենշպիգելն ու Լամմեն առյուծի պես վազում էին ամեն տեղ։ Նելեն սրինգ էր փչում՝ փայտե մի հրակնատի հետև ապստամբած։ Ամբողջ նավատորմը գրավվեց։
 
Սպանվածներին համրելուց հետո պարզվեց՝ հազար հոգի իսպանացիներից, երեք հարյուր՝ գյոզերից․ սրանց մեջ էր «Բրիլ» նավի խոհարարը։
 
Ուլենշպիգելը խնդրեց, որ իրեն թույլ տրվի խոսել Տրե֊Լոնի և նավաստիների առջև․ Տրե֊Լոնը հաճությամբ համաձայնեց։ Եվ նա այս ճառն ասաց․
 
― Տյար կապիտան և դուք՝ ախպերացուներ․ մենք այսօր ժառանգեցինք մեծաքանակ համեմունք, և ահա Լամմեն իր պատվական փորով․ նա կարծում է, որ այդտեղ պառկած խեղճ հանգուցյալը, աստված հոգին լուսավորի, բավական մեծ դոկտոր չէր տապակագիտության արվեստի մեջ։ Նշանակենք նրան հանգուցյալի տեղը․ նա ձեզ համար երկնային բորանիներ և դրախտային ապուրներ կեփի։
 
― Համաձայն ենք, ― ասացին Տրե֊Լոնը և մյուսները, ― Լամմեն կլինի նավի խոհարարը։ Նա կկրի փայտե մեծ քափկիրը՝ հեռացնելու համար իր սոուսների քափը։<ref>Անթարգմանելի բառախաղ․ mousse նշանակում է փրփուր, քափ և պատանի նավաստի։ Այստեղ երկու իմաստով էլ ասված է։</ref>
 
― Տյա՛ր կապիտան, ախպերացուներ և բարեկամներ, ― ասաց Լամմեն, ― դուք տեսնում եք, որ հրճվանքից լաց եմ լինում, որովհետև այդպիսի մեծ պատվի արժանի չեմ։ Այնուամենայնիվ, քանի որ բարեհաճում եք դիմել ինձ, անարժանիս, ես ընդունում եմ տապակագիտության արվեստի վարպետի վսեմ պաշտոնը «Բրիլ» քաջահռչակ նավում, բայց խոնարհաբար խնդրելով ձեզ ինձ տալ խոհանոցի գերագույն հրամանատարի կոչումը, այնպես որ ձեր խոհարարապետը ես կլինեմ և կկարողանամ իրավունքով, օրենքով և ուժով արգելել որևէ մեկի՝ գալ ուտել ուրիշների բաժինը։
 
Տրե֊Լոնը և մյուսները գոչեցին․
 
― Կեցցե՛ս, Լամմե՛․ դու կունենաս իրավունք, օրենք և ուժ։
 
― Բայց մի ուրիշ բան էլ պիտի խոնարհաբար խնդրեմ ձեզնից, ― ասաց նա, ― ես գեր եմ, խոշոր և մարմնեղ․ խոր է իմ փորը, խոր է և իմ ստամոքսը։ Իմ խեղճ կինը ― աստված նրան վերադարձնի ինձ ― միշտ էլ ինձ երկու բաժին էր տալիս՝ փոխանակ մեկի։ Այդ շնորհն արեք ինձ։
 
Տրե֊Լոնը, Ուլենշպիգելը և նավաստիներն ասացին․
 
― Կստանաս երկու բաժին, Լամմե՛։
 
Եվ Լամմեն հանկարծ տխրելով ասաց․
 
― Կի՜նս, գողտրի՛կ, անուշիկ կինս, եթե քո բացակայության ժամանակ որևէ բան կարող է ինձ մխիթարել՝ դա այն է, որ իմ պաշտոնը կատարելիս հիշեմ մեր քաղցրիկ օթևանի քո երկնային խոհանոցը։
 
― Պետք է երդում տալ․ որդյա՛կ իմ, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Բերեք փայտե մեծ քափկիրը և պղնձե մեծ կաթսան։
 
― Երդվում եմ աստուծով, ― ասաց Լամմեն, ― որ ինձ օգնական լինի այս գործում, երդվում եմ հավատարիմ լինել տյար դը Լյումենին՝ մեր ազնիվ նավատորմի հրամանատար ծովակալին, և տյար Տրե֊Լոնին՝ փոխ֊ծովակալին և «Բրիլի» նավապետին․ երդվում եմ կարյացս չափով սնուցանել ըստ սովորաթյանց և ավանդույթների վաղեմի մեծ խոհարարների, որոնք խոհարարության վսեմ արվեստի մասին հիանալի, պատկերազարդ գրքեր են մեզ թողել ― մսով ու թռչուններով, որ կշնորհի մեզ բախտը, երդվում եմ սնուցանել վերոհիշյալ կապիտան տյար Տրե֊Լոնին, նրա տեղակալին, որ իմ բարեկամ Ուլենշպիգելն է, և ձեզ՝ գլխավոր նավաստուն, ուղղորդողին, օգնականին, գուգազներին, թնդանոթաձիգերին, տակառապետին, կապիտանի մանկլավիկին, վիրաբույժին, շեփորահարին և մյուս բոլոր նավաստիներին։ Եթե խորովածը շատ է արնալի, թռչնեղենը քիչ է կարմրացրած, եթե ապուրից անախորժ հոտ է գալիս, որ հակառակ է ամենայն լավ մարսողության, եթե սոուսների գոլորշին ձեզ չի մղում խուժելու խոհանոցը՝ հակառակ իմ ցանկությանն ու կամքին, ես կհրաժարվեմ իմ վսեմ պաշտոնից՝ այլևս ինձ անընդունակ համարելով գրավելու խոհարարական գահը։ Այսպիսով, օգնական լինի ինձ աստված այս ու այն կյանքում։
 
― Կեցցե՜ խոհարարապետը, խոհանոցի արքան, տապակածների կայսրը, ― գոչեցին նրանք։ ― Կիրակի օրերը երկուսի փոխարեն երեք բաժին թող ստանա։
 
Եվ Լամմեն դարձավ «Բրիլ» նավի խոհարարը։ Եվ երբ հյութեղ ապուրները եփվում էին կաթսաների մեջ՝ նա հպարտ կանգնում էր խոհանոցի դռան առաջ՝ գայիսոնի պես բռնած իր փայտե խոշոր քափկիրը։
 
Եվ կիրակի օրերը նա ստանում էր երեք բաժին։
 
Երբ գյոզերը բախում էին ունենում թշնամու հետ, նա հաճությամբ մնում էր սոուսների իր լաբորատորիայում, բայց երբեմն դուրս էր գալիս տախտակամած՝ մի քանի հատ կրակելու, ապա անմիջապես իջնում էր հսկելու իր սոուսներին։
 
Եվ այսպես, լինելով հավատարիմ խոհարար ու խիզախ գուգազ, ամենքի սիրելին դարձավ։
 
Բայց ոչ ոք չպիտի մտներ նրա խոհանոցը, որովհետև այդժամ նա դառնում էր դև և իր փայտե շերեփի ծայրով ու կոթով անողոքաբար ծեծում էր։
 
 
===XIV===
 
 
Արևին ու անձրևին, ձյուն ու կարկուտին, ամառ թե ձմեռ սահում էին գյոզերի նավերը օվկիանոսի, Շելդայի վրա։
 
Բոլոր առագաստները պարզված են կարապների՝ սպիտակ ազատության կարապների պես։
 
Ազատության համար սպիտակ, մեծության համար կապույտ, իշխանի համար նարնջագույն ― ահա հպարտ նավերի դրոշը։
 
Բոլոր առագաստները պարզած, բոլոր առագաստները պարզած են խիզախ նավերի․ ալիքները զարկվում են նրանց, կոհակները ցողում են փրփուրով։
 
Անցնում են նրանք, վազում, թռչում գետի վրա՝ առագաստները ջրին հպելով, հյուսիսային քամուց քշվող ամպերի պես արագ՝ գյոզերի հպարտ նավերը։ Լսո՞ւմ եք ինչպես է նրանց ցռուկը ճեղքում ալիքը։ Ազատների՜ աստված։ Կեցցե՜ն գյոզերը։
 
Մեծ ու փոքր, լայն ու նեղ նավերը փոթորիկ պարունակող քամու պես, շանթով լեցուն ամպի պես սլանում են արագ։ Կեցցե՜ն գյոզերը։
 
Մեծ ու փոքր, լայն ու նեղ նավերը սահում են գետի վրա։ Հեծեծում են ճեղքված ալիքները, երբ շեշտակի գնում են նավերի դեմ, որոնց առաջամասի վրա ցցված է նրանց երկար հրանոթի մահաբեր կտուցը։ Կեցցե՜ն գյոզերը։
 
Բոլոր առագաստները պարզած, բոլոր առագաստները պարզած, քաջանո՛ւն նավեր, ալիքները զարկում են ձեզ, ցողում են փրփուրով։
 
Գիշեր ու ցերեկ, անձրևին, ձյուն ու կարկուտին գնում են նրանք։ Քրիստոսը ժպտում է նրանց ամպերի, արևի և աստղերի միջից։ Կեցցե՜ն գյոզերը։
 
 
===XV===
 
 
Արյունարբու արքան իմացավ նրանց հաղթանակները։ Մահն արդեն կրծում էր դահճին, նրա մարմինը լի էր որդերով։ Քայլում էր նա Վալադոլիդի միջանցքներում՝ ցավագար ու ահարկու, քարշ տալով ուռած ոտքերը և կապարե ոտքերը։ Նա երբեք չէր երգում՝ այդ դժնի բռնակալը։ Երբ լույսը բացվում էր՝ նա երբեք չէր ծիծաղում, և երբ արեգակը լուսավորում էր նրա կայսրությունը աստծու ժպիտի պես՝ նա ոչ մի հրճվանք չէր զգում սրտում։
 
Իսկ Ուլենշպիգելը, Լամմեն ու Նելեն երգում էին թռչունների պես․ վտանգում էին իրենց կաշին Ուլենշպիգելն ու Լամմեն, ճերմակ մորթը՝ Նելեն, ապրում էին օրավուր և գյոզերի հանգցրած մեկ խարույկից ավելի էին հրճվում, քան սևահոգի արքան մեկ քաղաք հրկիզելուց։
 
Այդ օրերին Վիլհելմ Լռակյացը՝ Օրանժի իշխանը, ծովակալի կոչումից զրկեց տյար Լյումե դը լա Մարկին՝ նրա ծայրահեղ դաժանությունների պատճառով, և նրա տեղը նշանակեց տյար Բոուվեն Էվոուստեն Վուրստին։ Նա ազդարարեց նաև, որ գյոզեր՝ գյուղացիներից վերցրած ցորենի համար վճարվելու է, վերադարձվելու է նրանցից բռնի գանձված պատերազմական տուգանքը և կաթոլիկներին, ինչպես և ամենքին, շնորհվելու է իրենց կրոնը պաշտելու ազատություն՝ առանց հալածանքի ու թշնամանքի։
Ադմին, Վստահելի
1876
edits