Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Ավելացվել է 72 107 բայտ, 16:57, 2 Օգոստոսի 2015
/* V */
Թո՛ղ կործանվի այդ Անժուն։
</poem>
 
 
===VI===
 
 
Մայիսին, երբ Ֆլանդրիայի գյուղացիները գիշերը դանդաղ երեք հատ սև բակլա են նետում իրենց գլխի վերև ու հետև՝ զերծ մնալու համար հիվանդությունից ու մահից, Լամմեի վերքը նորից բացվեց։ Նա սաստիկ ջերմեց և խնդրեց, որ պառկեցնեն իրեն տախտակամածի վրա վանականի վանդակի դեմուդեմը։
 
Ուլենշպիգելը հաճությամբ համաձայնեց, բայց վախենալով, որ իր բարեկամը նոպայի մեջ կարող է ընկնել ծովը՝ նրան պինդ կապել տվեց մահճակալին։
 
Ուշքը վրա եղած ժամանակ Լամմեն շարունակ պատվիրում էր, որ վանականին չմոռանան․ և լեզու էր ցույց տալիս նրան։
 
Եվ վանականն ասում էր․
 
― Վիրավորում ես դու ինձ, գե՛ր մարդ։
 
― Ո՛չ, քեզ չաղացնում եմ, ― պատասխանում էր Լամմեն։
 
Փչում էր մեղմ քամի, գաղջ փայլում էր արևը։ Ջերմից տանջվող Լամմեն պինդ կապված էր մահճակալին, որպեսզի ցնորքի ընդոստումների միջոցին տախտակամածի վրայից ցած չցատկի, և կարծելով, որ դեռ խոհանոցումն է՝ ասում էր․
 
― Այս հնոցը բոցաշող է այսօր։ Շուտով դրախտահավեր կտեղան։ Ա՛յ կին, ծուղակներ դիր մեր այգում։ Գեղեցիկ ես դու այդպես՝ թևերդ մինչև արմունկները քշտած։ Բազուկդ ճերմակ է, ուզում եմ կծել, կծել շրթներով, որոնք թավշե ատամներ են։ Ո՞ւմն է այս գեղեցիկ մարմինը, ո՞ւմն են այդ գեղեցիկ ստինքները, որ ընդնշմարվում են նուրբ, սպիտակ քաթանե բլուզի տակից։ Իմն են, անուշի՛կ գանձ։ Ո՞վ աքլորի կատարից ու վառյակի հետույքներից տապակած կպատրաստի։ Մշկընկույզ շատ մի՛ գցիր, ջերմ կառաջացնի։ Սպիտակ սոուս, ուրց ու դափնի․ ո՞ւր են դեղնուցները։
 
Ապա նշան անելով Ուլենշպիգելին, որ ականջը մոտեցնի իր բերանին՝ կամացուկ ասաց․
 
― Շուտով երևի միս է տեղալու․ ես քեզ չորս դրախտահավ ավելի կպահեմ, քան մյուսներին։ Դու նավապետ ես, ինձ մի՛ դավաճանիր։
 
Հետո լսելով նավի կողերին մեղմիկ բախվող այլակների ճողփյունը՝ ավեկացրեց․
 
― Ապուրը եռում է, որդյա՛կ իմ, ապուրը եռում է։ Բայց ինչքան դանդաղ է արծածվում այս հնոցը։
 
Հենց որ միտքը պայծառանում էր՝ սկսում էր խոսել վանականի մասին․
 
― Ո՞ւր է նա․ ճարպն ավելանո՞ւմ է։
 
 
 
Եվ երբ տեսնում էր նրան՝ լեզու էր ցույց տալիս և ասում․
 
― Վեհ գործը կատարվում է․ ես գոհ եմ։
 
Մեկ օր էլ նա խնդրեց, որ մեծ կշեռքը բերեն հաստատեն նավի տախտակամածի վրա, մի նժարում դնեն իրեն, իսկ մյուսի մեջ՝ վանականին։ Հազիվ էին վանականին դրել նժարի մեջ, երբ Լամմեն նետի պես վեր սլացավ և խիստ ուրախ նայեց նրան։
 
― Նա ծանրաքա՜շ է․ ես մի թեթև ոգի եմ նրա համեմատությամբ, հիմա ծտի պես կթռչեմ օդում։ Ես մի նպատակ ունեմ․ վերցրեք դրան, որ կարողանամ իջնել․ հիմա կշռաքարեր դրեք, նորից նժարը դրեք նրան։ Ինչքա՞ն է քաշում։ Երեք հարյուր տասչորս ֆո՞ւնտ։ Իսկ ե՞ս։ Երկու հարյուր քսան։
 
 
===VII===
 
 
Հաջորդ գիշերը, լուսաբացի մոտ Ուլենշպիգելն արթնացավ Լամմեի աղաղակներից․
 
― Ուլենշպիգե՛լ, Ուլենշպիգե՛լ, հասի՜ր, մի՛ թող, որ կինը գնա։ Կտրեցե՜ք պարանները, կտրեցե՜ք պարանները։
 
Ուլենշպիգելը դուրս եկավ տախտակամած և ասաց․
 
― Ինչո՞ւ ես ճչում․ ոչինչ չեմ տեսնում։
 
― Նա՜ է, ― պատասխանեց Լամմեն, ― նա՜ է, իմ կի՜նը, այնտեղ, այն մակույկի մեջ, որ պտտվում է այդ նավի շուրջը, որտեղից լսվում էին երգեր և վինի նվագը։
 
Նելեն էր եկել տախտակամածը։
 
― Կտրի՛ր պարանները, Նելե՛, սիրելիս, ― ասաց Լամմեն։ ― Չե՞ս տեսնում, որ իմ վերքը լավացել է, նրա գողտրիկ ձեռքը բուժեց, այո, նա, նա։ Տեսնո՞ւմ ես նրան մակույկի մեջ կանգնած։ Լսո՞ւմ ես, դեռ երգում է։ Ե՛կ, սիրեցյա՛լս, եկ, մի՛ փախչիր քո խեղճ Լամմեից, որ այնքան մենակ է աշխարհում առանց քեզ։
 
Նելեն բռնեց նրա ձեռքը, շոշափեց դեմքը։
 
― Դեռ ջերմ ունի, ― ասաց։
 
― Կտրեցեք պարանները, ― ասաց Լամմեն, ― մի մակույկ տվեք ինձ։ Ես կենդանի եմ, ես երջանիկ եմ, առողջացել եմ։
 
Ուլենշպիգելը կտրեց պարանները․ Լամմեն դուրս ցատկեց մահճակալից սպիտակ կտավե վարտիքով, առանց բաճկոնակի, և սկսեց մակույկը ծովն իջեցնել։
 
― Տեսնում ես, ― ասաց Ուլենշպիգելը, ― աշխատելիս ձեռքերը անհամբերությունից դողում են։
 
Մակույկը պատրաստ էր․ Ուլենշպիգելը, Նելեն ու Լամմեն նստեցին մեջը մի թիավարի հետ և դիմեցին դեպի նավը, որ ծփում էր հեռվում, նավակայանում։
 
― Ինչ գեղեցիկ նավ է, ― ասաց Լամմեն՝ օգնելով թիավարին։
 
Առավոտյան զով երկնքի վրա, որ նորածագ արևի ճառագայթներից ասես ոսկեբյուրեղ էր ներկված, նավը ուրվագծում էր իր գոգը և պերճասլաց կայմերը։
 
Երբ Լամմեն թիավարում էր՝ Ուլենպիգելը հարցրեց․
 
― Դե հիմա ասա տեսնենք՝ ինչպե՞ս գտար նրան։
 
Լամմեն առանց կակազելու պատասխանեց․
 
― Ես քնած էի՝ արդեն լավ զգալով ինձ։ Հանկարծ մի խուլ աղմուկ լսվեց։ Փայտի մի կտոր դիպավ նավին։ Մակույկ էր։ Աղմուկի վրա մի նավաստի վազեց֊եկավ․ «Ո՞վ է այդ»։ Մի անուշիկ ձայն, նրա՜նը, որդյա՛կ իմ, նրա ձայնը, նրա քաղցր ձայնը․ «Բարեկամներ են»։ Ապա մի հաստ ձայն․ «Կեցցե՜ն գյոզերը»։ «Հովնաննա» նավի հրամանատարն ուզում է խոսել Լամմե Գուդզակի հետ»։ Նավաստին իջեցնում է կամրջակը։ Պայծառ լուսին էր։ Տեսա մարդկային մի կերպարանք բարձրացավ տախտակամածը․ ամուր ազդրեր, կլորիկ ծունկեր, լայն կոնք․ ասում եմ ինքս ինձ․ «կեղծ տղամարդ է»․ ապա զգացի, որ վարդի պես բացվեց ու դիպավ իմ երեսին ― նրա բերա՜նը, որդյա՛կ իմ, և լսեցի նրան, հասկանո՞ւմ ես, նրան, որ ծածկելով ինձ համբույրներով ու արցունքներով (դա հոտավետ ու հեղուկ կրակ էր, որ թափվում էր իմ մարմնի վրա), ասաց․ «Գիտեմ, որ վատ բան եմ անում, բայց քեզ սիրում եմ, ամուսի՛նս, ուխտ եմ արել աստծուն․ երդումս դրժում եմ, ամուսի՛նս, խե՜ղճ ամուսինս։ Հաճախ եմ եկել՝ առանց համարձակվելու քեզ մոտենալ․ վերջապես նավաստին թույլ տվեց․ ես դեղում էի քո վերքը, դու ինձ չէիր ճանաչում․ բայց ես քեզ առողջացրի, մի՛ բարկանար, ամուսի՛նս․ ես հետևել եմ քեզ, սակայն վախենում եմ․ նա այս նավի վրա է․ թող գնամ․ եթե ինձ տեսնի՝ կանիծի, և ես կվառվեմ հավիտենական կրակի մեջ»։ Նա լալով ու երջանիկ նորից համբուրեց ինձ և մեկնեց հակառակ իմ ցանկության, հակառակ իմ արցունքներին․ դու էլ ձեռք ու ոտքս կապել էիր, որդյա՛կ իմ, բայց հիմա․․․
 
Եվ այդ ամենի հետ թիակի հուժկու հարվածներ էր տալիս․ դա նման էր աղեղի պրկված լարին, որ նետը առաջ է մղում։
 
Ինչքան ավելի էին մոտենում նավին՝ Լամմեն ասում էր․
 
Ահա նա կանգնել է տախտակամածի վրա, վին է նվագում իմ գողտրիկ կինը՝ թուխ֊ոսկեգույն մազերով, թուխ աչքերով, տակավին թարմ այտերով, մերկ ու կլոր բազուկներով, ճերմակ ձեռքերով։ Թռի՛ր, մակո՛ւյկ, ալյակների վրայից։
 
Նավի կապիտանը տեսնելով մակույկի առաջանալը և Լամմեի դևի պես թիավարելը, տախտակամածից կամրջակ կախել տվեց։ Երբ Լամմեն մոտեցավ, մակույկից ոստնեց կամրջակի վրա և կատվի պես մագլցելով տախտակամածը վազեց դեպի իր կինը, որ հրճվանքից նվաղուն՝ գրեկեց նրան, համբուրեց, ասաց․
 
― Լամմե՛, մի՛ գա ինձ տանելու․ երդվել եմ ես աստծուն․ բայց քեզ սիրում եմ։ Օ՜, սիրելիդ իմ Լամմե՛։
 
― Կալելեն Հուիբրեխտսն է սա՝ սիրուն Կալեկենը, ― գոչեց Նելեն։
 
― Այո, ես եմ, ― ասաց նա, ― բայց ավա՜ղ, կեսօրն անցել է իմ գեղեցկության համար։
 
Եվ կարծես թե տխրություն իջավ նրա վրա։
 
― Ի՞նչ ես արել դու, ի՞նչ ես դարձել․ ինչո՞ւ թողիր ինձ, ինչո՞ւ հիմա էլ ուզում ես ինձ թողնել, ― հարցնում էր Լամմեն։
 
― Լսիր, ― ասաց կինը, ― մի՛ բարկանա․ ամեն ինչ ուզում եմ ասել քեզ․ իմանալով, որ բոլոր վանականները աստծու մարդիկ են՝ ես ապավինեցի դրանցից մեկին, որի անունը Բրոեր (եղբայր) Կոռնելիս Ադրիանսեն էր։
 
Այս խոսքը լսելուն պես Լամմեն գոչեց․
 
― Ի՞նչ, այդ անպիտան կեղծ֊բարեպա՞շտն է՝ կոյուղու բերանով, որ լեցուն է ամենայն աղտեղությամբ ու աղբով, և որ միմիայն ռեֆորմատների արյունը թափելուց էր խոսում․ ի՜նչ, ինկվիզիցիայի ու հրովարտակների այդ ջատագո՞վը։ Վա՜խ, ուրեմն այդ անպիտան թշվաչակա՜նն է․․․
 
― Մի՛ հայհոյիր աստծու մարդուն, ― ասաց Կալեկենը։
 
― Աստծու մա՜րդը, ― ասաց Լամմեն, ― ես ճանաչում եմ դրան․ դա կեղտի ու խայտառակության մարդ է։ Դժխե՜մ ճակատագիր, իմ գեղանի Կալեկենը այդ ցոփ վանականի ձեռքն ընկած։ Մի՛ մոտենար, կսպանեմ քեզ։ Եվ ես, որ այնքա՜ն սիրում էի նրան, խեղճ, խաբված սիրտս, որ համակ նրան էր պատկանում։ Հիմա ի՞նչ ես ասնում այստեղ, ինչո՞ւ էիր խնամում ինձ․ պետք է թողնեիր մեռնեմ։ Չքվի՛ր, այլևս չեմ ուզում քեզ տեսնել, հեռացիր, թե չէ քեզ ծովը կնետեմ։ Իմ դանա՜կը․․․
 
Իսկ Կալեկենը գրկելով նրան՝ ասաց․
 
― Լամմե՛, ամուսի՛նս, լաց մի՛ լինի․ ես այն չեմ, ինչ դու կարծում ես․ ես ամենևին չեմ պատկանել այդ վանականին։
 
― Ստում ես, ― ասաց Լամմեն լալով և միաժամանակ ատամները կրճտելով։ Վա՜խ, ես երբեք խանդոտ չեմ եղել, բայց հիմա եմ։ Տխուր կիրք, զայրույթ ու սեր, սպանելու և խեղդելու պահանջ։ Կորի՛ր, չէ՛, կա՛ց։ Այնքա՜ն բարի էի նրա նկատմամբ։ Սպանելու ցանկությունն է հիմա տիրակալել ինձ։ Դանա՜կս։ Օ՜, դա այրո՜ւմ է, լափում, կրծում․ դու ծիծաղում ես ինձ վրա։
 
Կալեկենը լալով, քնքշանքով ու հեզացած գրկում էր նրան։
 
― Այո, ― ասում էր Լամմեն, ― ես տխմար եմ իմ զայրույթի միջոցին․ այո, դու պահում էիր իմ պատիվը, այն պատիվը, որ հիմարաբար կախում են կնոջ կողերից։ Ուրեմն դրա համար էր, որ քո ամենաքաղցր ժպիտները երևան էիր բերում այն ժամանակ, երբ թույլտվություն էիր խնդրում ինձնից՝ բաեկամուհիներիդ հետ քարոզի գնալու․․․
 
― Թող խոսքս ասեմ, ― ասում էր կինը գրկելով նրան, ― թո՛ղ իսկույն ևեթ մեռնեմ, եթե սուտ եմ խոսում։
 
― Դե մեռիր, որովհետև սուտ ես ասելու։
 
― Ինձ լսիր։
 
― Ուզում ես խոսիր, ուզում ես մի՛ խոսիր․ ինձ համար մեկ է։
 
― Բրոեր Ադրիանսենը համարվում էր լավ քարոզիչ․ ես էլ գնում էի նրան լսելու․ նա եկեղեցական վիճակն ու ամուրիությունը շատ բարձր էր դասում բոլոր մյուս վիճակներից, որպես դրախտին արժանանալու ամենալավը հավատարիմների համար։ Նրա պերճախոսությունը մեծ էր ու հրայրքով լի․ բազմաթիվ պարկեշտ կանայք, մեկն էլ ես, մանավանդ մեծաթիվ այրի կանայք ու աղջիկներ, նրա պատճառով մտախռով եղան։ Ամուրիությունը լինելով խիստ կատարյալ վիճակ՝ նա մեզ պատվիրեց այդպես էլ մնալ․ մենք էլ ուխտ արինք այլևս երբեք չամուսնանալ․․․
 
― Անշուշտ միայն իր հետ, ― ասաց Լամմեն լալով։
 
― Լռիր, ― ասաց կինը բարկությամբ։
 
― Դե լավ, վերջացրու, դու ինձ այնպիսի ուժգին հարված հասցրիր, որ ես երբեք չեմ բուժվի։
 
― Կբուժվես, երբ ես ընդմիշտ կլինեմ կողքիդ, ― ասաց կինը և ուզեց գրկել ու համբուրել նրան, բայց նա հետ մղեց։
 
― Այրի կանայք երդվեցին նրան նորից չամուսնանալ, ― ասաց Կալեկենը։
 
― Եվ Լամմեն իր խանդոտ երևակայությունից խելակորույս՝ լսում էր նրան։
 
Կալեկենը ամոթխած շարունակեց իր խոսքը․
 
― Որպես ապաշխարող նա ուզում էր ունենալ միմիայն գեղեցիկ ու մանկահասակ կանայք կամ աղջիկներ, իսկ մյուսներին ուղարկում էր իրենց խոստովանահոր մոտ։ Նախ բարեպաշտ կանանց միաբանություն հիմնեց՝ մեզնից բոլորիցս երդում առնելով, որ բացի իրենից ուրիշ խոստովանահայր չենք ընտրի։ Ես էլ երդվեցի։ Իմ ընկերուհիները, որ ինձնից ավելի ուսյալ էին, ինձ հարցրին, թե ուզո՞ւմ եմ դաստիարակվել սուրբ հնազանդության և ապաշխարության ոգով․ ես համաձայնեցի։ Նա Բրյուգգեումն էր, Քարտաշների գետափում, Մինորիտյան եղբայրների մենաստանի մոտ, մի տան մեջ, ուր ապրում էր Կալե դե Նաժաժ անունով մի կին, որը փոքր աղջիկներին կրթություն ու սնունդ էր տալիս՝ ամսական մեկ ոսկի կառոլուս ստանալով։ Բրոեր Կոռնելիսը կարող էր մտնել Կալե դե Նաժաժի տունը՝ առանց նկատվելու, թե դուրս է գալիս մենաստանից։ Ահա այդ տունն էի գնում ես, մի փոքրիկ սենյակ, որտեղ նա մենակ էր լինում։ Այդտեղ նա հրամայեց ինձ, որ ասեմ իմ բոլոր բնական և մարմնական հակումները․ նախ չէի համարձակվում, բայց ի վերջո զիջեցի և լալով ամեն ինչ ասացի։
 
― Ավա՜ղ, ― հեկեկաց Լամմեն, ― և այդ խոզ վանականն, այդպիսով, ընդունեց քո անուշիկ խոստովանությունը։
 
― Նա շարունակ ասում էր, ամուսի՛նս, և դա ճիշտ է, որ երկրային ամոթխածությունից վեր կա և երկնային ամոթխածություն, որով մենք աստծուն ենք մատուցում մեր աշխարհիկ ամոթանքի զոհը, որ այդպիսով հայտնում ենք մեր խոստովանահորը մեր բոլոր ծածուկ ցանկությունները, որից հետո արժանի ենք լինում ընդունելու սուրբ հնազանդությունն ու ապաշխարությունը։
 
Ի վերջո նա ստիպեց, որ մերկ կանգնեմ նրա առաջ, որպեսզի իմ մեղապարտ մարմնի վրա կրեմ իմ հանցանքների ամենաթեթև պատիժը։ Մի անգամ նա ինձ հարկադրեց հանվել և երբ ստիպված էի իջեցնել շապիկս՝ ուշաթափվեցի։ Նա ինձ սթափեցրեց զանազան աղերով ու սրվակներով։ «Այս անգամ այսքանը բավական է, աղջի՛կս, ասաց նա, կգաս երկու օրից և հետդ մի ձող կբերես»։ Դա երկար տևեց և ես ամենևին․․․ երդվում եմ աստուծո և բոլոր սրբերի առաջ․․․ Լամմե․․․ հասկացիր․․․ նայիր ինձ․․․ տես՝ խաբո՞ւմ եմ․ ես մնացի անպարտ ու հավատարիմ․․․ սիրում էի քեզ։
 
― Խե՜ղճ քնքուշ մարմին, ― ասաց Լամմեն։ ― Ամոթի բիծ կա քո ամուսնական զգեստի վրա։
 
― Լամմե՛, ― ասաց Կալեկենը, ― նա խոսում էր աստուծո և մեր սուրբ մոր՝ եկեղեցու անունից․ պարտավոր չէի՞ միթե անսալ նրան։ Ես քեզ միշտ էլ սիրում էի, բայց ահավոր երդումներով երդվել էի սուրբ կույսին հրաժարվել քեզնից․ սակայն թույլ գտնվեցի, թույլ գտնվեցի քո հանդեպ։ Հիշո՞ւմ ես Բրյուգգեի հյուրանոցը։ Ես Կալե Նաժաժի մոտ էի, երբ դու Ուլենշպիգելի հետ էշով անցար այնտեղից։ Ես հետևեցի քեզ․ բավական խոշոր գումար ունեի․ ինձ համար երբեք չէի ծախսում․ տեսա, որ քաղցած ես․ սիրտս մղվեց դեպի քեզ և կարեկցանքով ու սիրով համակվեցի։
 
― Որտե՞ղ է նա հիմա, ― հարցրեց Ուլենշպիգելը։
 
Կալեկենը պատասխանեց․
 
― Մագիստրատի հրամանով կատարված հարցաքննությունից և չար մարդկանց հետաքննությունից հետո Բրոեր Ադրիանսենն ստիպված եղավ հեռանալ Բրյուգգեից և ապաստանեց Անտվերպեն։ Այս նավի վրա ինձ ասացին, որ իմ մարդը գերի է բռնել նրան։
 
― Ի՜նչ, ― գոչեց Լամմեն, ― այդ վանականը, որին չաղացնում եմ, նա՞ ․․․
 
― Այո, ― պատասխանեց Կալեկենը դեմքը ծածկելով։
 
― Կացի՜ն, մի կացին տվե՜ք, ― գոռաց Լամմեն, ― որ դրան սպանեմ, աճուրդով ծախեմ այդ վավաշոտ այծի ճրագուն։ Շո՜ւտ․ վերադառնանք մեր նավը։ Մակո՜ւյկը, ո՞ւր է մակույկը։
 
― Խայտառակ դաժանություն է սպանել կամ վիրավորել որևէ գերու, ― ասաց Նելեն։
 
― Ահարկու հայացքով ես նայում ինձ․ կարգելե՞ս ուրեմն ինձ, ― ասաց Լամմեն։
 
― Այո, ― պատասխանեց Նելեն։
 
― Դե լավ․ ոչ մի վնաս չեմ հասցնի նրան․ միայն թույլ տուր նրան հանել տամ վանդակից։ Մակո՛ւյկը, ո՞ւր է մակույկը։
 
Եվ անմիջապես իջան։ Լամմեն եռանդագին թիավարում էր և միաժամանակ լաց լինում։
 
― Տխուր ես, Լամմե՛, ― ասաց Կալեկենը։
 
― Ոչ, գոհ եմ․ դու, իհարկե, ինձնից այլևս չե՞ս հեռանա։
 
― Երբե՛ ք։
 
― Ասում ես, որ անարատ ու հավատարիմ ես եղել․ չէ՞ որ, անուշի՛կս, այդ վանականի պատճառով մեր ամբողջ երջանկության մեջ թույն է լինելու, խանդի թույնը․․․ Հենց որ ես տխուր կամ ձանձրացած լինեմ՝ քեզ կտեսնեմ մերկացած, գեղեցիկ մարմինդ այդ պիղծ ձաղկանքին ենթարկած։ Մեր սիրո գարունն ինձ պատկանեց, իսկ ամառը՝ նրան․ աշունը գորշ կլինի, դրան շուտով կհաջորդի ձմեռը, որպեսզի թաղի իմ հավատարիմ սերը։
 
― Լա՞ց ես լինում, ― հարցրեց Կալեկենը։
 
― Այո, ինչ որ անցել է՝ այլևս չի վերադառնա։
 
Այնժամ Նելեն ասաց․
 
― Եթե Կալեկենը հավատարիմ է եղել, ապա լոկ այդ քո չար խոսքերի համար քեզ պետք է թողներ։
 
― Նա չի իմանում, թե որքա՜ն էի սիրում նրան, ― ասաց Կալեկենը։
 
― Ճի՞շտ ես ասում, ― գոչեց Լամմեն, ― ե՛կ անուշիկս, ե՛կ, կինս․ այլևս գորշ աշուն չկա, ոչ էլ գերեզմանափոր ձմեռ։
 
Եվ նա զվարթացավ․ և նրանք հասան նավը։
 
Ուլենշպիգելը վանդակի բանալիները հանձնեց Լամմեին, որը և բացեց․ նա ուզեց վանականի մի ականջը բռնած հանել նրան տախտակամածը, բայց չկարողացավ․ ուզեց կողքից հանել՝ նույնպես չկարողացավ։
 
Պետք է ամեն ինչ ջարդել․ կռտած աքլորը շատ չաղ է, ― ասաց նա։
 
Դրանից հետո վանականը դուրս եկավ այնտեղից՝ աչքերը լայն ու ապշած պտտեցնելով, զույգ ձեռքով փորը բռնած և նավի տակից անցած մի մեծ ալիքի պատճառով ընկնելով հետքույքի վրա։
 
Լամմեն դիմեց վանականին․
 
― Էլ «չաղ մարդ» կասե՞ս։ Դու ինձնից ավելի չաղ ես։ Ո՞վ քեզ օրական յոթ ճաշ կերակրեց․ ես։ Ինչի՞ց է, որ դու, բոռբռա՛ն, հիմա ավելի սուսիկ֊փուսիկ ես, ավելի մեղմ ես խեղճ գյոզերի հանդեպ։
 
Եվ խոսքը շարունակելով ասաց․
 
― Եթե մի տարի ևս մնաս վանդակի մեջ՝ այլևս չես կարողանա այդտեղից դուրս գալ․ թշերդ խոզի դոնդողի պես թրթռում են, երբ շարժվում ես․ այլևս չես գոռգոռում․ շուտով շնչել էլ չպիտի կարողանաս։
 
― Սո՛ւս արա, չա՛ղ մարդ, ― ասում էր վանականը։
 
― Չաղ մա՞րդ, ― ասաց Լամմեն՝ մոլեգնելով, ― ես Լամմե Գուդզակ եմ, իսկ դու Բրոեր Դիկզակ, Վետզակ, Լյոգենզակ, Սլոկենզակ, Վուլպազակ՝ այսինքն եղբայր տռուզ պարկ, ճենճի պարկ, ստի պարկ, որկրամոլության պարկ, լրբության պարկ։ Չորս մատ ճարպ կա քո մորթի տակ, աչքերդ այլևս չեն երևում․ ես և Ուլենշպիգելը հեշտ կտեղավորվենք քո փորի տաճարում։ Դու ինձ անվանում ես ցմփոր․ ուզո՞ւմ ես մի հայելի տամ որովայնդ զննելու համար։ Ես եմ քեզ կերակրել, մսի ու ոսկորի հուշարձա՛ն։ Ես երդվել էի, որ դու ճարպ թքես և հետևիցդ ճենճի հետք թողնես՝ արևից հալչող մոմի պես։ Ասում են, որ կաթվածը յոթերորդ կզակից հետո է գալիս։ Հիմա հինգ ու կես ունես։
 
Ապա դիմելով գյոզերին՝ ասաց․
 
― Մի նայեցեք այս շվայտին․ սա եղբայր Կոռնելիս Ադրիանսեն֊Անպիտանսենն է՝ բրյուգգեցի․ նա մի նոր ամոթխածություն է քարոզել։ Նրա ճրագուն իր պատիժն է և իմ աշխատանքի արդյունքը։ Արդ, լսեցե՛ք ամենքդ էլ, նավաստինե՛ր և գուգազնե՛ր․ ես հեռանալու եմ ձեզնից, հեռանալու եմ քեզնից, Ուլենշպի՛գել, հեռանալու եմ և քեզնից, փոքրիկ Նելե, որպեսզի գնամ Ֆլեսինգեն, որտեղ կայք ունեմ, և ապրեմ իմ վերագտյալ խեղճ կնոջ հետ։ Ժամանակին դուք երդվեցիք ինձ շնորհել այն ամենը, ինչ ես կխնդրեմ ձեզնից․․․
 
― Գյոզի խոսքը խոսք է, ― ասացին նրանք։
 
― Ուրեմն, ― ասաց Լամմեն, ― մի նայեցեք այս ցոփին՝ բրյուգգեցի եղբայր Ադրիանսեն֊Անպիտանսենին․ ես երդվել եմ նրան մեռցնել ճարպից՝ ինչպես խոզի․ շինեցեք ավելի լայն մի վանդակ, ստիպեցեք նրան, որ օրական յոթի փոխարեն տասներկու ճաշ ուտի․ յուղալի ու քաղցր սնունդ տվեք նրան․ արդեն եզի նման է նա, այնպես արեք, որ դառնա փղի պես և կտեսնեք, թե ինչպես նա կլցնի վանդակը։
 
― Կչաղացնենք, ― ասացին գյոզերը։
 
― Իսկ հիմա, ― շարունակեց Լամմեն՝ դիմելով վանականին, ― քեզ էլ հրաժեշտ եմ տալիս, անպիտա՛ն, որին սնուցել եմ վանականորեն՝ փոխանակ կախաղան հանելու․ աճեցրու ճարպդ հանուն կաթվածի։
 
Ապա գրկելով Կալեկենին՝ ավելացրեց․
 
― Նայի՛ր, գռմռա կամ բառաչի՛ր, վերցնում եմ նրան քեզնից, այլևս նրան չես մտրակահարի։
 
Վանականը կատաղեց և ասաց Կալեկենին․
 
― Գնում ես, ուրեմն, մարմնապա՛շտ կին, դեպի անառակության անկողինը։ Այո, գնում ես՝ առանց կարեկցելու աստծու խոսքի խեղճ նահատակին, որ քեզ սովորեցրեց երկնային սուրբ ու երանելի հնազանդությունը։ Անիծյա՛լ լինես։ Թող ո՛չ մի քահանա քեզ չների, հողը այրի ոտքերդ, շաքարը քեզ աղ թվա, եզան միսը շան լեշ լինի, արևը քեզ համար սառույց լինի, իսկ ձյունը՝ դժոխքի հուր․ անիծյալ լինի քո բեղմնավորությունը, երեխաներդ ատելի լինեն, կապկի մարմին ունենան և խոզի գլուխ՝ իրենց փորից ավելի խոշոր․ թող տանջվես, լաս, հեծեծես թե՛ այս, թե՛ մյուս աշխարհում, դժոխքում, որ սպասում է քեզ, վառված ծծումբի ու կուպրի դժոխքում, որ քեզ նման էգերի համար է։ Դու մերժում ես իմ հայրական սերը, ուրեմն երիցս անիծյալ լինես սուրբ երրորդության կողմից, խոստովանությունը նզովք լինի քեզ համար, հաղորդը՝ մահացու թույն, և եկեղեցում լինելիս ամեն մի սալը բարձրանա քեզ ճխլելու և ասելու․ «Այս կինը պոռնիկ է, այս կինը անիծված է, այս կինը նզովված է»։
 
Իսկ Լամմեն ուրախ, հրճվանքից ցատկելով ասաց․
 
― Նա հավատարիմ է եղել, ինքն ասաց՝ վանականը․ կեցցե՜ Կալեկենը։
 
Բայց Կալեկենը լալով ու դողալով ասաց․
 
― Հանի՛ր, Լամմե՛, հանի՛ր այս անեծքն իմ վրայից։ Ես տեսնում եմ դժոխքը։ Հանեցե՜ք անեծքը։
 
― Հանի՛ր անեծքը, ― ասաց Լամմեն։
 
― Չե՛մ հանի, չա՛ղ մարդ, ― վրա բերեց վանականը։
 
Եվ գույնը գցած ու նվաղուն, ծնկաչոք ու ձեռքերը կցած աղերսում էր կինը Բրեոր Ադրիանսենին։
 
Եվ Լամմեն ասաց վանականին․
 
― Հանի՛ր անեծքդ, ապա թե ոչ կկախվես, և եթե պարանը քո ծանրության պատճառով կտրվի, այնքան անգամ կկախվես, մինչև որ շունչդ փչես։
 
― Կկախվես և կվերակախվես, ― գոչեցին գյոզերը։
 
― Դե գնա՛, ցո՛փ կին, քո ցմփոր մարդու հետ, ― ասաց վանականը Կալեկենին, ― գնա՛, հանում եմ իմ անեծքը, բայց աստծու և բոլոր սուրբերի աչքը վրադ կլինի։ Գնա այս չաղ մարդու հետ, գնա՛։
 
Եվ քրտնաթոր ու հևասպառ լռեց։
 
Հանկարծ Լամմեն աղաղակեց․
 
― Ուռչո՜ւմ է նա, ուռչո՜ւմ է։ Տեսնո՜ւմ եմ վեցերորդ կզակը․ յոթերորդին կաթվածահա՜ր կլինի։
 
― Իսկ հիմա, ― ասաց նա դիմելով գյոզերին, ― ես ձեզ հանձնում եմ աստծուն, քեզ՝ Ուլենշպիգե՛լ, աստծուն, ձեզ բոլորիդ՝ սիրելի՛ բարեկամներ, աստծուն, և քեզ, Նելե՛, աստծուն եմ հանձնարարում նաև ազատության սուրբ գործը․ դրա համար ես այլևս ոչինչ չեմ կարող անել։
 
Ապա ամենքի հետ ողջագուրվելով ու հրաժեշտ տալով՝ ասաց Կալեկենին․
 
― Ե՛կ, օրինական սիրո ժամը հնչեց։
 
Երբ նավակը սահում էր ջրի վրա՝ տանելով Լամմեին և նրա սիրեցյալին, կինն առջևը, Լամմեն հետևը նստած՝ բոլոր նավաստիները, գուգազները և պատանի ծովայինները գոչում էին «Երթաս բարո՜վ, եղբա՛յր, երթաս բարո՜վ, Լամմե՛, մնաս բարո՜վ, եղբա՛յր, եղբայր ու ընկեր»։
 
 
===VIII===
 
 
Այդ օրերին գլխավոր շտատների անդամները հավաքվեցին Հաագա՝ դատելու Իսպանիայի թագավոր, կոմս Ֆլանդրիայի, Հոլանդիայի և այլն՝ Ֆիլիպին, ըստ նրա հաստատած խարտիաների ու արտոնությունների։
 
Եվ գրագիրը խոսեց այսպես․
 
― Հայտնի է ամեն ոքի, որ որևէ երկրի իշխան հաստատված է աստծու կողմից որպես իր հպատակների ինքնակալ ու պետ, որպեսզի պաշտպանի նրանց և զերծ պահի ամենայն վիրավորանքից, ճնշումից ու բռնությունից, ինչպես որ հովիվը կարգված է պաշտպանելու ու պահպանելու իր ոչխարները։ Հայտնի է նաև, որ աստված հպատակներին չի ստեղծել նրա համար, որ ծառայեն իշխանի կարիքներին, հնազանդ լինեն նրան, ինչ էլ որ նա հրամայի՝ լինի դա բարի կամ պիղծ, արդար կամ անարդար գործ, և ոչ էլ ճորտի պես նրան ծառայելու համար։ Բայց իշխանը իշխան է իր հպատակների համար, առանց որոնց նա չի կարող լինել, որպեսզի կառավարի ըստ օրենքի և իրավունքի․ որպեսզի նեցուկ լինի նրանց ու սիրի, ինչպես հայրն իր որդիներին, հովիվն իր ոչխարներին՝ վտանգելով իր կյանքը նրանց պաշտպանելու համար․ իսկ եթե նա այդ չի անում՝ պետք է համարվի ոչ թե իշխան, այլ բռնապետ։ Ֆիլիպ արքան զորակոչելով, խաչակրաց արշավանքի և բանադրության հրովարտակներ արձակելով՝ մեզ վրա նետեց օտարերկրյա չորս բանակ։ Ինչպիսի՞ պատիժ պետք է նա կրի՝ ըստ մեր երկրի օրենքների ու սովորությունների։
 
― Թո՛ղ աստիճանազուրկ լինի, ― պատասխանեցին շտատերի անդամները։
 
― Ֆիլիպը չարադրժել է իր երդումները, մոռացել է այն ծառայությունները, որ մատուցել ենք նրան, այն հաղթանակները, որ տարել է մեր օգնությամբ։ Տեսնելով, որ հարուստ էինք՝ թույլ տվեց, որ իսպանական խորհրդի անդամները կողոպտեն մեզ, փրկագիններ կորզեն։
 
― Թո՛ղ աստիճանազուրկ լինի որպես ապերախտ ու ավազակ, ― վրա բերին շտատների անդամները։
 
― Ֆիլիպը, ― շարունակեց գրագիրը, ― երկրի ամենահարուստ քաղաքներում նշանակեց նոր եպիսկոպոսներ՝ օժտելով ու բարերարելով նրանց ամենախոշոր աբբայարանների ունեցվածքով․ դրանց աջակցությամբ էլ իսպանական ինկվիզիցիան մտցրեց մեր երկիրը։
 
― Թո՛ղ աստիճանազուրկ լինի նա որպես դահիճ, որպես ուրիշի ունեցվածքը վատնող, ― ասացին շտատների անդամները։
 
― Երկրի ազնվականները տեսնելով այդ բռնակալությունը՝ 1566 թվականին մատուցեցին մի աղերսագիր, որով խնդրում էին ինքնակալին չափավորել խստապահանջ հրովարտակները և հատկապես ինկվիզիցիային վերաբերողները։ Նա միշտ մերժեց։
 
― Թո՛ղ աստիճանազուրկ լինի նա որպես իր դաժանության մեջ համառած վագր, ― ասացին շտատների անդամները։
 
Գրագիրը շարունակեց․
 
Ֆիլիպը խստորեն կասկածվում է, որ իսպանական խորհրդի անդամների միջոցով հրահրել է սրբապատկերների փշրելը և եկեղեցական գանձարկղերի կողոպուտը, որպեսզի կարողանա ոճրագործության և անկարգությունների պատրվակով՝ օտարերկրյա բանակները մեզ վրա շարժել։
 
― Թո՛ղ աստիճանազուրկ լինի որպես մահվան գործիք, ― ասացին շտատների անդամները։
 
― Անտվերպենում Ֆիլիպը կոտորել տվեց բնակիչներին, տնտեսապես քայքայեց ֆլամանդական և օտարերկրացի վաճառականներին։ Նա և նրա իսպանական խորհուրդը ոմն Ռոդայի, որ նշանավոր խաբեբա է, գաղտնի հրահանգներով իրավունք են տվել հայտարարել իրեն որպես կողոպտիչների պարագլուխ, հնձել ավարը, օգտագործել նրա՝ Ֆիլիպ արքայի անունը, կեղծել նրա կնիքները և վարվել որպես նրա տեղակալ ու կառավարիչ։ Բռնված և այժմ մեր ձեռքը գտնվող արքայական նամակները ապացուցում են այդ փաստը։ Ամեն ինչ եղել է նրա համաձայնությամբ և իսպանական խորհրդի որոշմամբ։ Կարդացեք այդ նամակները, որոնց մեջ նա գովում է Անտվերպենի դեպքերը, խոստովանում է, որ դրանով նշանակալի ծառայություն է մատուցված իրեն, խոստանում է վարձատրել նրան, հորդորում է Ռոդային և մյուս իսպանացիներին ընթանալ այդ փառավոր ուղիով։
 
― Թո՛ղ աստիճանազրկվի նա որպես ավազակ, կողոպտիչ ու ջարդարար, ― պատասխանեցին շտատների անդամները։
 
― Մենք ուզում ենք միայն պահպանումը մեր արտոնությունների, ազնիվ ու ապահով խաղաղություն, չափավորված ազատություն՝ հատկապես կրոնի մասին, որ գլխավորապես վերաբերում է աստծուն և խղճին։ Իսկ Ֆիլիպից մենք այլ բան չենք ստացել, եթե ոչ խաբեական դաշնագրեր, որոնք ծառայել են նահանգների մեջ պառակտում սերմանելուն, որպեսզի դրանք իրար հետևից նվաճեն կողոպուտով, բռնագրավմամբ, մահապատիժներով, ինկվիզիցիայով, և վարվեն նրանց հետ այնպես, ինչպես Հնսկաստանի հետ։
 
― Թո՛ղ նա աստիճանազրկվի որպես երկրի բնաջնջումը մտորող մարդասպան, ― ասացին շտատների անդամները։
 
― Նա արյուն է հոսեցրել երկրում Ալբայի դքսի և նրա մարդորսների, Մեդինա֊Ցյոլիի, Ռեքուեսենսի, պետական և նահանգների խորհուրդների դավաճանների ձեռքով։ Նա պատվիրել է Դոն Ժուանին և Ալեքսանդր Ֆարնեզեին՝ Պարմի իշխանին, դաժան և արյունահեղ խստություն ցուցաբերել՝ ինչպես երևում է նրա բռնված նամակներից։ Նա իրավազրկեց Օրանժի իշխանին, երեք անգամ մարդասպան վարձեց՝ սպասելով իորրորդին, մեր երկրում դղյակներ ու ամրոցներ հիմնեց, մարդկանց ողջ֊ողջ այրել տվեց, կանանց ու աղջիկներին՝ ողջ֊ողջ թաղել, ժառանգեց նրանց ունեցվածքը, խեղդամահ արեց Մոնտինյիին, Բերգեսին և այլ սինյորների, չնայած տված արքայական խոսքին, սպանեց իր Կառլոս որդուն, թունավորեց Ասկոլիի իշխանին, որին կնության տվեց իր իսկ հղիացրած դոնյա Եֆրասիային, որպեսզի իշխանի ունեցվածքով հարստացնի ծնվելիք ապօրինի որդուն, մեր դեմ հրատարակեց մի հրովարտակ, որով մեզ բոլորիս դավաճան են հռչակում՝ անձն ու կայքը կորցրած, և կատարեց անմեղներին ու հանցավորներին իրար խառնելու ոճիրը, որ անլուր բան է քրիստոնյա մի երկրում։
 
― Թո՛ղ զրկվի նա բոլոր օրենքներից, իրավունքներից ու արտոնություններից, ― հայտարարեցին շտատների անդամները։
 
Եվ արքայի կնիքները ջարդուփշուր արվեցին։
 
Եվ արևը փայլում էր երկրի ու ծովի վրա՝ ոսկեզօծելով հասուն հասկերը, հասցնելով խաղողը, ամեն մի ալիքի վրա սփռելով մարգարիտներ՝ Նիդեռլանդիայի հարսի զարդարանքը՝ Ազատությունը։
 
Հետո Օրանժի իշխանը Դելֆտում եղած ժամանակ խփվեց չորրորդ մարդասպանի ձեռքով, կրծքին դիպած երեք գնդակով։ Եվ նա մեռավ՝ ըստ իր նշանաբանի․ «Հանդարտ՝ դաժան ալիքների մեջ»։
 
Նրա թշնամիներն ասացին, թե Ֆիլիպ արքայի գլխին խաղ խաղալու համար և հույս չունենալով իշխել հարավային կաթոլիկական Նիդեռլանդիայի վրա՝ նա գաղտնի դաշնագրով այդ ընծայել էր Նորին մեծ բարձրություն Անժուի դքսին։ Բայց սա ծնված չէր ծնունդ տալու մանուկ Բելգիային հանդերձ Ազատությամբ, որը արտասովոր սեր չի սիրում։
 
Եվ Ուլենշպիգելը Նելեի հետ հեռացավ նավատորմից։
 
Եվ Բելգիական հայրենիքը դավաճաններից կապկապված՝ հեծեծում էր լծի տակ։
 
 
===IX===
 
 
Այնժամ հասուն ցորենների ամիսն էր, օդը ծանր էր, քամին տաք․ հնձվոր տղամարդիկ ու կանայք կարող էին արտերում, ազատ երկնքի տակ գոհունակությամբ հնձել իրենց ցանած ցորենը։
 
Ֆրիսլանդիան, Դրենթը, Օվերսիլը, Գելդրը, Ուտրեխտը, Հյուսիսային Բրաբանտը, Հարավային Հոլանդիան, Վալխերենը, Հյուսիսային ու Հարավային Բավելանդը, Դուիվերլանդը և Սխովենը, որ կազմում են Զելանդիան, Հյուսիսային ծովի բոլոր ափերը Կնոկկեից մինչև Հելդեր, Տեքսել, Վիլանդ, Շիրմոնիկ֊Օգը՝ Շելդայից սկսած մինչև Օստ֊Էմսը շուտով ազատվելու էին իսպանական լծից․ Մորիսը՝ Լռակյացի որդին, շարունակում էր պատերազմը։
 
Ուլենշպիգելն ու Նելեն օժտված երիտասարդությամբ, ուժով ու գեղեցկությամբ, որովհետև Ֆլանդրիայի սերն ու ոգին երբեք չեն ծերանում, անխռով ապրում էին Նեեր աշտարակում՝ սպասելով, որ բազում դժնի փորձություններից հետո կարողանան գալ և ազատության քամին փչել Բելգիական հայրենիքի վրա։
 
Ուլենշպիգելը խնդրել էր իրեն նշանակել աշտարակի հրամանատար ու պահապան՝ ասելով, որ ունենալով արծվի աչքեր ու նապաստակի ականջներ՝ կարող էր տեսնել, թե իսպանացին չի՞ փորձի հայտնվել ազատված նահանգներում, և այնժամ կհնչեցնի wacharm֊մը, որ ֆլամանդերեն նշանակում է տագնապ։
 
Մագիստրատը նրա ուզածը կատարեց․ լավ ծառայության համար օրական մեկ ֆլորին էին տալիս նրան, երկու փարչ գարեջուր, բակլա, պանիր, պաքսիմատ և շաբաթական երեք ֆունտ տավարի միս։
 
Այսպիսով Ուլենշպիգելն ու Նելեն շատ լավ ապրում էին երկուսով հեռվից ուրախությամբ տեսնելով Զելանդիայի ազատ կղզիները ― մարգագետիններ, անտառներ, դղյակներ ու ամրոցներ, ծովափը պաշտպանող գյոզերի զինված նավերը։
 
Գիշերները շատ հաճախ բարձրանում էին աշտարակի ծայրը և նստելով հարթակին՝ զրուցում էին անագորույն ճակատամարտերից, անցած ու գալիք գեղեցիկ սերերից։ Այդտեղից նրանք տեսնում էին ծովը, որ այդ շոգ օրերին ափի վրա փաթաթում ու արձակում էր լուսավոր ալիքներ՝ հրեղեն ուրվականների պես նետելով դրանք կղզիների վրա։ Եվ Նելեն սարսափում էր տեսնելով հարթավայրերում<ref>Polder ― ծովից նվաճած ցածրադիր ու ճահճոտ տարածություններ Նիդեռլանդիայում՝ ամբարտակներով պաշտպանված։</ref> թափառիկ կրակներ, որոնք, ասում էր նա, խեղճ մեռելների հոգիներն են։ Եվ այդ բոլոր վայրերը պատերազմի դաշտեր էին եղել։
 
Երկու թափառիկ կրակ սլանում էին հարթավայրերից, վազում ամբարտակների երկայնքով, ապա վերադառնում հարթավայրերը՝ կարծես չուզելով լքել այն մարմինները, որոնցից դուրս էին եկել։
 
Մի գիշեր Նելեն ասաց Ուլենշպիգելին․
 
― Տե՛ս ինչքան շատ են դրանք Դրեյվելանդում և բարձրից են թռչում․ ամենից շատ թռչունների կղզիների կողմից են գալիս։ Ուզո՞ւմ ես այդտեղ գնալ, Թի՛լ։ Մենք բալասան կխմենք, և դա ցույց կտա մահկանացու աչքերին անտեսանելի բաները։
 
Ուլենշպիգելը պատասխանեց․
 
― Եթե դա այն բալասանն է, որ ինձ տարավ այն մեծ շաբաթահանդեսին, ապա ես դրան ավելի չեմ հավատում, քան մի ունայն երազի։
 
― Չպետք է բացասել դյութանքի ուժը, ― ասաց Նելեն։ ― Ե՛կ, Ուլենշպիգել։
 
― Կգամ։
 
― Մյուս օրը նա խնդրեց մագիստրոսին, որ մի սրատես ու հավատարիմ գուգազ փոխարինի իրեն՝ աշտարակը պահպանելու, շրջակայքին հետևելու համար։
 
Եվ Նելեի հետ գնաց դեպի թռչունների կղզիները։
 
Քայլելով դաշտերի ու ամբարտակների միջով՝ նրանք տեսան փոքրիկ, կանաչազարդ կղզյակներ, որոնց արանքով վազում էր ծովի ջուրը, իսկ մինչև ամբարտակները հասնող դալարագեղ բլրակների վրա՝ անթիվ քանակությամբ աղջկահավեր, ամարներ և ծովային ծիծեռնակներ, որոնք անշարժ կեցած իրենց մարմիններով բոլորովին սպիտակացնում էին կղզյակներր․ օդում թռչում էին հազարավոր այդպիսի թռչուններ։ Գետինը ծածկված էր բույներով։ Երբ Ուլենշպիգելը կռացավ ճանապարհից վերցնելու մի ձու՝ թևերը թափահարելով մոտեցավ և սուր ճիչ արձակեց մի ամար։ Այդ կոչի վրա հավաքվեց հարյուրից ավելի ամար՝ անձկությամբ ճվճվալով, սավառնելով Ուլենշպիգելի գլխի և մոտակա բույների վրա, բայց չհամարձակվելով մոտենալ նրան։
 
― Ուլենշպի՛գել, այս թռչունները խնդրում են խնայել իրենց ձվերը, ― ասաց Նելեն։
 
Ապա դողալով ավելացրեց․
 
― Վախենում եմ, արևն ահա մայր է մտնում, երկինքը ճերմակ է, աստղերը ծագում են․ ոգիների ժամն է սա։ Տե՛ս այդ կամիր, գետնաքեր գոլորշիները։ Թի՛լ, սիրելի՛ս, դժոխքի ո՞ր ճիվաղն է, որ այսպես երախը բաց է անում ամպի մեջ։ Նաիր Ֆիլիպսլանդի կողմը, ուր դահիճ արքան իր դաժան փառասիրության համար երկու անգամ այնքան խեղճ մարդիկ սպնել տվեց, տե՛ս ինչպես են պարում թափառիկ կրակները․ այս այն գիշերն է, երբ մարտում սպանված խեղճ մարդկանց հոգիները ելնում են քավարանի ցուրտ լիմբոսից, որպեսզի գան տաքանալու երկրի գաղջ օդում․ սա այն ժամն է, երբ դու կարող ես ամեն ինչ խնդրել Քրիստոսից, որ բարի կախարդների աստվածն է։
 
― Աճյունը բախում է սրտիս, ― ասաց Ուլենշպիգելը։ Իցի՜վ թե Քրիստոս կարողանար ցույց տալ այդ Յոթնյակը, որոնց քամուն տրված աճյունը կերջանկացներ Ֆլանդրիան և համայն աշխարհը։
 
― Անհավա՛տ մարդ, ― ասաց Նելեն, ― դու բալասանով կտեսնես դրանց։
 
― Գուցե, ― ասաց Ուլենշպիգելը՝ մատնացույց անելով Շնիկը, ― եթե որևէ ոգի իջնի այդ սառն աստղից։
 
Այդ շարժման վրա մի թափառիկ կրակ թռչկոտելով նրա շուրջը՝ փակչեց նրա մատին, և ինչքան ավելի էր նա ուզում պոկել դա, այնքան ավելի թափառիկը պինդ էր կառչում։
 
Նելեն ջանալով ազատել Ուլենշպիգելլին, նույնպես ձեռքի ծայրին թափառիկ կրակ ունեցավ։
 
Ուլենշպիգելը խփելով իր կրակին՝ ասաց․
 
― Պատասխանի՛ր, գյոզի հոգի ես դու, թե՞ իսպանացու։ Եթե գյոզի հոգի ես՝ գնա արքայություն․ իսկ եթե իսպանացու ես՝ վերադարձիր դժոխք, որտեղից եկել ես։
 
― Մի՛ անարգիր հոգիները, ― ասաց Նելեն, ― եթե անգամ դահիճներինը լինեն։
 
Եվ իր թափառիկ կրակը պարեցնելով մատի ծայրի վրա՝ ասաց․
 
― Թափառի՛կ, սիրալի՛ր թափառիկ, ի՞նչ լուրեր ես բերել հոգիների աշխարհից։ Ինչո՞վ են նրանք զբաղված այնտեղ։ Առանց բերանի ուտո՞ւմ են, խմո՞ւմ են, քանի որ դու էլ չունես, պստի՛կ թափառիկ, կամ թե մարդկային ձև են ընդունում նրանք միա՛յն օրհնյալ արքայության մեջ։
 
― Ինչպե՞ս կարող ես այդպես ժամավաճառ լինել, խոսելով այդ վշտակոծ կրակի հետ, որ ոչ ականջ ունի քեզ լսելու, ոչ էլ բերան՝ պատասխանելու համար։
 
Բայց Նելեն առանց լսելու նրան՝ ասում էր․
 
― Թափառի՛կ, պատասխանիր պարելով, որովհետև երեք անգամ հարցնելու եմ քեզ, մեկ անգամ աստծու, մեկ անգամ սուրբ կույսի, մեկ անգամ էլ նախնական ոգիների անունից, որոնք աստուծո և մարդկանց միջև բանբերություն են անում։
 
Այդպես էլ արեց և թափառիկը երեք անգամ պարեց։
 
Այնժամ Նելեն ասաց Ուլենշպիգելին․
 
― Հագուստներդ հանի՛ր, ես էլ նույնը կանեմ։ Ահա արծաթե տուփիկը․ դրա մեջ է տեսիլքի բալասանը։
 
― Ինձ համար մեկ է, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
 
Ապա հագուստները հանելով և օծվելով տեսիլքի բալասանով, կողք կողքի մերկ պառկեցին խոտի վրա։
 
Ճանճերը դժգոհ տզզում էին․ որոտը խուլ դղրդում էր ամպերի մեջ, որտեղ փայլատակում էր կայծակը․ լուսինը հազիվ էր կարողանում երկու ամպի միջև ցույց տալ իր մահիկի ոսկեղջյուրները։ Ուլենշպիգելի ու Նելեի թափառիկ կրակները թողին գնացին պարելու մարգագետնում մյուսների հետ։
 
Հանկարծ Նելեին ու նրա ընկերոջը բռնեց մի հսկայի ձեռքը և մանկական գնդակների պես նետեց օդը, նորից բռնեց, իրար վրա գլորեց, ճմլեց իր ձեռքերի մեջ, շպրտեց ջրափոսերի մեջ ու ծովային խոտերով ծածկված հանեց այտեղից։ Ապա ման ածելով այսպես տարածության մեջ՝ նա երգեց այնպիսի մի ձայնով, որից ահաբեկ արթնացան կղզու բոլոր ամարները։
 
 
<poem>
Այդ լղարիկ լվերը
Ուզում են շիլ աչքերով
Կարդալ մեր սուրբ տառերը,
Որ պահում ենք փականքով։
Կարդա՛, ոջի՛լ, սուրբ խոսքը,
Որ երկընքում ու երկրում
Յոթ գամի տակ է պահվում։
</poem>
 
 
Եվ, իսկապես, Ուլենշպիգելն ու Նելեն դալարիքի վրա, օդում և երկնքում տեսան յոթ թուջե, լուսավոր տախտակ, որոնք ամրացված էին յոթ բոցավառ գամով։ Տախտակների վրա գրված էր․
 
 
<poem>
Աղբի մեջ է ծլում սերմը։
Յոթը վատ է, բայց և լավ է։
Ադամանդն էլ ածուխից է։
Ուսուցիչները հիմար են,
Աշակերտները՝ իմաստուն։
Յոթը վատ է, բայց և լավ է։
</poem>
 
 
Եվ հսկան քայլում էր բոլոր թափառիկ կրակների ուղեկցությամբ, որոնք ճպուռների պես ոստոստելով՝ ասում էին․
 
 
<poem>
Ուշով նայեցեք, սա նըրանց պետն է,
Պապերի պապը, արքայից արքան․
Սա է Կեսարին արածել տանում,
Ուշով նայեցեք, սա լոկ փայտ է։
</poem>
 
 
Հանկարծ նրա դիմագծերն աղավաղվեցին, նա ավելի նիհար, տխուր ու խոշոր երևաց։ Մեկ ձեռքով նա բռնել էր մականը, մյուսով՝ մի սուր։ Նրա անունն էր Պարծենկոտություն։
 
Եվ Ուլենշպիգելին ու Նելեին շպրտելով գետնին՝ նա ասաց․
 
― Ես աստված եմ։
 
Հետո նրա կողքին, այծի վրա հեծած, երևաց մի կարմրաթշիկ աղջիկ՝ ստինքները մերկ, շրջազգեստը բաց և աչքերը աշխույժ։ Նրա անունը Անառակություն էր։ Այնժամ ամարի ձվերի կճեպներ հավաքելով՝ առաջացավ մի պառավ հրեուհի։ Նրա անունն էր Ընչաքաղցություն։ Այնուհետև մի անհագ ու որկրամոլ վանական, որ խփշտելով ուտում էր զանազան երշիկներ և անընդհատ ծամում էր մատակ խոզի պես, որի վրա էլ նստել էր․ Դա Որկրամոլությունն էր։ Հետո ոտքը քարշ տալով եկավ Ծուլությունը՝ գունատ և փքված, աչքը մարած։ Նրան քշում էր Զայրույթը՝ սուր ասեղներով ծակծկելով։ Ծուլությունը տխրագին ողբում էր, առատ արցունք թափում և հոգնությունից ոտքերը ծալում։ Ապա եկավ նիհար Նախանձը՝ օձի գլխով, գայլաձկան ատամներով, կծելով Ծուլությանը, որովհետև նա շատ էր անհոգ, Բարկությանը, որովհետև սա շատ էր աշխույժ, Որկրամոլությունը, որովհետև շատ էր հղփացած, Անառակությանը, որովհետև շատ էր կարմրերես, Ընչազաղցությանը՝ նրա կճեպների համար, Պարծենկոտությանը, որովհետև ծիրանի զգեստ ուներ ու թագ։ Եվ թափառիկ կրակները պարում էին նրա շուրջը։
 
Եվ առնական, կանացի, աղջկային ու մանկական լացակումած ձայնով ասացին հեծեծագին։
 
― Պարծենկոտությո՛ւն, փառասիրությա՛ն հայր, Զայրո՛ւյթ, դաժանությա՛ն աղբյուր, դուք մեզ սպանեցիք ռազմի դաշտերում, որպեսզի պահեք ձեր մականներն ու թագերը։ Նախա՛նձ, դու սաղմի մեջ ոչնչացրիր բազում վեհ ու օգտակար մտքեր․ մենք հալածված գյուտարարների ոգիներն ենք։ Ընչաքաղցությո՛ւն, սպանության քո՛ւյր և ընկերուհի, որ ծնեցիր Ներոն, Մեսալինա և Ֆիլիպ՝ թագավոր Իսպանիայի, դու գնում ես առաքինություն և վճարում ես ապականությամբ․ մենք մեռյալների հոգիներն ենք։ Ծուլությո՛ւն և Որկրամոլո՛ւթյուն, դուք կեղտոտում եք աշխարհը․ ձեզ պետք է սրբել այնտեղից․ մենք մեռյալների հոգիներն ենք։
 
Լսվեց մի ձայն, որ ասում էր․
 
 
<poem>
Աղբի մեջ է սերմը ծլում․
Յոթը վատ է, բայց և լավ է։
Ուսուցիչները հիմար են,
Աշակերտները՝ իմաստուն։
Ինչ կանի այս թափառիկ լուն,
Որ ունենա անծուխ աճյուն։
</poem>
 
 
Թափառիկ կրակները ասացին․
 
― Կրակը մենք ենք՝ հին արցունքների, ժողովրդի ցավերի վրիժառությունը․ վրիժառություն այն իշխաններից, որոնք մարդ են որսում իրենց հողերի վրա․ վրիժառություն անօգուտ մարտերի, բանտերում թափված արյան, խարույկի մատնված մարդկանց և ողջ֊ողջ թաղված կանանց ու աղջիկների համար․ վրիժառություն կաշկանդված ու արյունոտ անցյալի համար։ Կրակը մենք ենք․ մենք մեռյալների հոգիներն ենք։
 
Այս խոսքերի վրա Յոթը դարձան փայտե արձաններ՝ առանց իրենց առաջին ձևից որևէ բան կորցնելու։
 
Մի ձայն ասաց․
 
― Ուլենշպիգե՛լ, վառի՛ր փայտը։
 
Եվ Ուլենշպիգելը դառնալով դեպի թափառիկները՝ ասաց․
 
― Դուք, որ կրակ եք, կատարեցեք ձեր պաշտոնը։
 
Եվ թափառիկները խուռներամ շրջապատեցին Յոթին, որոնք վառվեցին, դարձան մոխիր։
 
Եվ արյան մի գետ հորդեց։
 
Մոխիրներից դուրս եկան յոթ այլ կերպարանքներ․ առաջինն ասաց․
 
― Իմ անունը Պարծենկոտություն էր, հիմա վեհ Հպարտություն է։
 
Մյուսներն էլ խոսեցին, և Ուլենշպիգելն ու Նելեն տեսան, որ Ընչաքաղցությունից դուրս եկավ Խնայողությունը, Զայրույթից՝ Աշխուժությունը, Որկրամոլությունից՝ Ախորժակը, Նախանձից՝ Մրցակցությունը, իսկ Ծուլությունից՝ բանաստեղծների և գիտնականների Անրջանքը։ Եվ այծի վրա նստած Անառակությունը դարձավ մի գեղեցիկ կին, որի անունը Սեր էր։
 
Եվ թափառիկներն սկսեցին մի ուրախ շուրջպար կազմել նրանց շուրջը։
 
Այնժամ Ուլենշպիգելն ու Նելեն լսեցին հազարավոր թաքնված մարդկանց և կանանց ձայնը՝ հնչեղ ու քևքևուն։ Նրանք չխկչխկիկի նմանությամբ երգում էին․
 
 
<poem>
Երբ ցամաքի ու ծովի վրա
Փոխված Յոթնյակը իշխի,
Այնժամ, մարդի՛կ, ձեր խոնարհած
Ճակատն հըպարտ կուղըղվի։
Այդ կլինի ըսկիզբը վեհ՝
Երջանկության աշխարհի։
</poem>
 
 
Եվ Ուլենշպիգելն ասաց․
 
― Ոգիները ծիծաղում են մեզ վրա։
 
Եվ մի հուժկու ձեռք բռնեց Նելեին ու նետեց տարածության մեջ։
 
Եվ ոգիները երգեցին․
 
 
<poem>
Երբ որ հյուսիսը
Եվ մայրամուտը
Համբուրեն միմյանց՝
Այդ կլինի վախճանն
Ավերածության։
Այժմ փնտրիր գոտին։
</poem>
 
― Ավա՜ղ, ― ասաց Ուլենշպիգելը, ― հյուսիս, մայրամուտ և գոտի։ Շատ մութ եք խոսում, պարո՛ն ոգիներ։
 
Եվ ոգիները երգեցին․
 
 
<poem>
Հյուսիսը Նիդեռլանդն է,
Բելգիան՝ մայրամուտը,
Գոտին դաշինքն է,
Գոտին միությունը։
</poem>
 
 
Դուք բնավ անխելք չեք, պարո՛ն ոգիներ, ― ասաց Ուլենշպիգելը։
 
Ապա նրանք քևքևելով շարունակեցին երգել․
 
 
<poem>
Գոտին, ո՜վ խղճուկ,
Կլինի կապը վսեմ դաշինքի
Նիդեռլանդիայի և Բելգիայի։
 
Med raedt
En daedt,
Met doodt
En bloodt.
 
Դաշինք խորհրդի
Ու գործողության,
Մահվան ու արյան։
Թե այդպես լիներ՝
Չէր լինի Շելդան,
Խղճո՛ւկ,
Չէր լինի Շելդան։
</poem>
 
― Ավա՜ղ, ― ասաց Ուլենշպիգելը, ― այդպես է, ուրեմն, մեր խռովահույզ կյանքը՝ մարդկանց լաց և ճակատագրի ծիծաղ։
 
 
<poem>
Դաշինք մահվան ու արյան,
Չէր լինի Շելդան․<ref>Ակնարկը վերաբերում է Շելդայի գետաբերանին և այնտեղ կառուցված Անտվերպեն քաղաքին, որից օգտվելը եղել է վեճի առարկա Հոլանդիայի և Բելգիայի միջև։</ref>
</poem>
 
քեքևելով վրա բերին ոգիները։
 
Եվ մի հուժկու ձեռք բռնեց Ուլենշպիգելին ու շպրտեց տարածության մեջ։
 
 
===X===
 
 
Ընկնելուց հետո Նելեն շփեց աչքերը և ոչինչ չտեսավ բացի արևից, որ ծագում էր ոսկեզօծ գոլորշիների միջից։ Խոտերի ծայրերը նույնպես ամբողջովին ոսկեզօծ էին և ճառագայթներից դեղնել էին քնած ամարների փետուրները․ բայց շատ չանցած նրանք արթնացան։
 
Ապա Նելեն նայեց իրեն, տեսավ որ մերկ է և արագ֊արագ հագնվեց․ հետո տեսավ, որ Ուլենշպիգելն էլ մերկ է, և ծածկեց նրան։ Կարծելով, որ քնած է՝ ցնցեց նրան, բայց նա շարժվեց ոչ ավելի, քան մեռելը։ Նելեին երկյուղ պատեց․ « Չլինի բարեկամիս մեռցրի այդ տեսիլքի բալասանով, ― մտածեց նա։ ― Ես էլ եմ ուզում մեռնել։ Ա՛խ, Թի՛լ, արթնացի՛ր։ Նա սառն է մարմարի պես»։
 
Ուլենշպիգելը չէր արթնանում։ Անցավ երկու գիշեր ու մեկ ցերեկ, և Նելեն կսկծից տագնապահար՝ հսկեց իր բարեկամ Ուլենշպիգելին։
 
Երբ սկսվում էր երկրորդ օրը, Նելեն զանգի ձայն լսեց և տեսավ, որ բահը ուսին գալիս է մի գյուղացի։ Նրա հետևից մոմ բռնած գալիս էին մի բուրգոմիստր և երկու ատենակալ, Ստավենիսի քահանան և մի ժամկոչ, որ նրա վրա հովանոց էր բռնել։
 
Նրանք ասում էին, թե գնում են հաղորդություն տալու քաջարի Յակոբսենին, որ վախից դարձել էր գյոզ․ բայց վտանգն անցնելուն պես՝ վերադարձել էր մեռնելու կաթոլիկ սուրբ եկեղեցու գիրկը։
 
Շուտով նրանք դեմ֊դեմի եկան լացող Նելեի հետ և տեսան սիզախոտի վրա տարածված և հագուստներով ծածկված Ուլենշպիգելի մարմինը։ Նելեն ծունկ չոքեց։
 
― Աղջի՛կս, ― ասաց բուրգոմիստրը, ― ի՞նչ ես անում այդ մեռելի մոտ։
 
Չհամարձակվելով գլուխը բարձրացնել՝ նա պատասխանեց․
 
― Աղոթում եմ բարեկամիս համար, որ կարծես շանթահար ընկել է այստեղ։ Ես միայնակ եմ հիմա և ուզում եմ նույնպես մեռնել։
 
Այնժամ քահանան գոհունակությունից փնչալով՝ ասաց․
 
― Ուլենշպիգել գյոզը մեռե՜լ է․ փառավորյա՜լ լինի աստված։ Գեղջո՛ւկ, շտապ մի գերեզման փորիր։ Թաղելուց առաջ շորերը հանիր։
 
― Ոչ, ― ասաց Նելեն կանգնելով, ― նրա շորերը չպետք է հանել․ կմրսի հողի մեջ։
 
― Փորի՛ր փոսը, ― ասաց քահանան բահը բռնած գյուղացուն։
 
― Թո՛ղ փորի, ― ասաց Նելեն՝ հորդառատ արցունք թափելով, ― կրախառն ավազի մեջ ճիճու չկա, և նա անվթար ու գեղեցիկ կմնա, իմ սիրեցյալը։
 
Եվ խելացնոր կռացավ նա Ուլենշպիգելի մարմնի վրա, արտասվելով ու հեկեկալով համբուրեց նրան։
 
Բուրգոմիստրը, ատենակալները և գյուղացին խղճացին, բայց քահանան անդադար կրկնում էր հրճվանքով․
 
― Մեծ գյոզը մեռե՜լ է․ փառավորյա՜լ լինի աստված։
 
Հետո գյուղացին փորեց փոսը, Ուլենշպիգելին դրեց մեջը և ծածկեց ավազով։
 
Եվ քահանան թաղման աղոթքներ ասաց գերեզմանի վրա․ ամենքն էլ չոքեցին շուրջը։ Հանկարծ ավազի տակ մի մեծ խլրտում առաջացավ, և Ուլենշպիգելը փռշտալով և մազերի վրայից ավազը թափ տալով բռնեց քահանայի կոկորդը։
 
― Ինկվիզիտո՛ր, ― ասաց նա, դու ինձ ողջ֊ողջ դնում ես հողը, երբ ես քնած էի։ Ո՞ւր է Նելեն․ նրա՞ն էլ ես թաղել։ Ո՞վ ես դու։
 
Քահանան գոչեց․
 
― Մեծ գյոզը վերադառնո՜ւմ է այս աշխարհը։ Տե՜ր աստված, հոգիս առ։
 
Եվ փախավ, ինչպես եղնիկը շների առջևից։
 
Նելեն մոտեցավ Ուլենշպիգելին։
 
― Համբուրի՛ր ինձ, ջանիկս, ― ասաց Ուլենշպիգելը։
 
Ապա դարձյալ նայեց իր շուրջը․ երկու գյուղացիները փախել էին, ինչպես քահանան, և ավելի արագ վազելու համար գցել էին բահը, մոմն ու հովանոցը․ բուրգոմիստրը և ատենակալները սարսափից ականջները բռնած՝ տնքում էին խոտի վրա։
 
Ուլենշպիգելը գնաց այնտեղ և նրանց ասաց․
 
― Մի՞թե կարելի է թաղել Ուլենշպիգելին՝ հոգուն, Նելեին՝ սիրտը մայր Ֆլանդրիայի։ Նա էլ կարող է քնել, բայց մեռնել՝ երբեք։ Ե՛կ, Նելե՛։
 
Եվ նրա հետ ճանապարհ ընկավ՝ երգելով վեցերորդ երգը, բայց ոչ ոք չգիտե, թե ո՛րտեղ նա երգեց վերջինը։
թեստ
Ադմին, Վստահելի
1876
edits